Changes
/* Արդյոք աշխարհը ստեղծվել է մարդու համար */
:::::::::::::::::::<b>Չիկագոյի «Ինտերիոր» (երից)</b>
Թվում է, թե ես միակ գիտնականն ու աստվածաբանն եմ, որ դեռ չեմ արտահայտել իմ կարծիքը չափազանց կարևոր այդ հարցի վերաբերյալ՝ արդյոք, աշխարհը ստեղծվել է մարդո՞ւ համար, թե ոչ։ Զգում եմ, որ ժամանակն է իմ տեսակետը շարադրելու։
Ես համարյա թե բաժանում եմ մնացածների հայացքները։ Նրանք գտնում են, թե աշխարհը ստեղծվել է մարդու համար, իսկ ես այն կարծիքին եմ, որ այն գուցե ստեղծվել է մարդու համար։ Նրանք բերում են հիմնականում աստղաբաշխական ապացույցներ, որ աշխարհը ստեղծվել է մարդու համար, իսկ ես գտնում եմ, որ դրանք ընդամենը վկայություններ են, այլ ոչ թե ապացույցներ, որ աշխարհը ստեղծվել է մարդու համար։ Առայժմ վաղ է դատավճիռ կայացնել, քանի որ մեզ հայտնի են ոչ բոլոր տվյալները։ Իսկ երբ այդ բոլոր տվյալները հավաքվեն, դրանք, ենթադրում եմ, կապացուցեն, որ աշխարհը ստեղծվել է մարդու համար, բայց մենք չպետք է շտապենք, մենք պետք է համբերությամբ սպասենք, մինչև այդ բոլոր տվյալները հավաքվեն։
Առայժմ, որքանով կարելի է դատել, աստղաբաշխությունը մեր կողմն է։ Պարոն Ուոլեսը միանգամայն պարզ ցույց տվեց այդ։ Նա պարզ ցույց տվեց երկու բան՝ որ աշխարհը ստեղծվել է մարդու համար, որպեսզի այն, պատկերացրեք, հավասարակշռվի։ Աստղաբաշխական տեսակետից հարցը լուծված է անդառնալիորեն։
Այժմ նայենք հարցին երկրաբանության տեսակետից։ Այ այստեղ ոչ բոլոր տվյալներն են հավաքված։ Դրանք ստացվում են ամեն օր, ամեն ժամ, անընդհատ, բայց ինքնին հասկանալի է, որ երկրաբանական դանդաղկոտությամբ ու զգուշությամբ, որ մենք չպետք է կորցնենք մեր համբերությունը, չպետք է հուզվենք, մենք պետք է հանգստություն պահպանենք և սպասենք։ Որքան էլ հուզվենք, դա երկրաբանությանը չի ստիպի շտապել, ոչինչ չի կարող երկրաբանությանը ստիպել, որ նա շտապի։
Քիչ ժամանակ չի պահանջվում մարդուն հարմար աշխարհ ստեղծելու համար։ Այդպիսի բաները մեկ օրում չեն կատարվում։ Հռչակավոր գիտնականներից ոմանք, հանգամանորեն վերլուծելով բոլոր երկրաբանական տվյալները, հանգել են այն եզրակացության, որ մեր աշխարհը սարսափելիորեն հին է, և նրանք, ըստ երևույթին, իրավացի են, թեև լորդ Քելվինը չի բաժանում նրանց կարծիքը։ Նա կողմնակից է զգույշ, պահպանողական տեսակետի, աշխատում է խուսափել ռիսկից և ենթադրում է, թե աշխարհն այնքան էլ հին չէ, ինչպես նրանք կարծում են։ Քանի որ լորդ Քելվինը խոշորագույն հեղինակություն է ներկայումս ապրող գիտնականների մեջ, ըստ իս, պետք է ընդունենք նրա տեսակետը։ Նա չի ընդունում, որ մեր աշխարհը հարյուր միլիոն տարեկանից ավելի է։ Նա գտնում է, որ այն հարյուր միլիոն տարեկան է, բայց ոչ ավելի։ Լայելը այն կարծիքին է, որ մարդկությունը երևան է եկել 31000 տարի սրանից առաջ։ Հերբերտ Սպենսերը պնդում է, թե այն երևան է եկել 32000 տարի սրանից առաջ։ Լորդ Քելվինը համամիտ է Սպենսերի հետ։
Հիանալի է։ Այս թվերի համաձայն 99968000 տարի է պահանջվել, որպեսզի աշխարհը ստեղծվեր մարդու համար, թեև Արարիչը, անկասկած, տառապում էր անհամբերությունից՝ օր առաջ տեսնելու այն և հիանալու նրանով։ Բայց այդչափ մեծ ձեռնարկումը հարկավոր էր իրականացնել հանգամանորեն, խնամքով և տրամաբանորեն։ Արարիչը նախատել էր, որ մարդուն հարկավոր կլինի ոստրե։ Այդ պատճառով էլ նախ ոստրեի ստեղծման նախապատրաստություն կատարվեց։ Բայց չէ՞ որ ոստրեն չէր կարելի ստեղծել դատարկ տեղում, հարկավոր էր նախ ստեղծել նրա նախնուն։ Իսկ դա այդպես արագ չի արվում։ Նախ անհրաժեշտ է ստեղծել հսկայական քանակությամբ բազմապիսի անողնաշարավորներ՝ բելեմնիտներ, տրիլոբիտներ, կարմելիտներ ու ճիզվիտներ և նման այլ մանրուքներ, իսկ հետո դրանք նետել նախնական օվկիանոս՝ տամկանալու համար, նստել ու սպասել, թե դրանից ինչ կստացվի։ Մի քանիսը միայն հիասթափություն կբերեն՝ բելեմնիտները, շթաքարերը և այլն, դրանցից ոչինչ դուրս չի գա․ այդ փորձի համար պահանջվող տասնինը միլիոն տարի անց դրանք կմեռնեն ու կդառնան բրածոներ։ Սակայն ամեն բան չէ, որ կորսված կլինի, որովհետև ճիզվիտները կհասնեն վերջնակետին ու աստիճանաբար զարգանալով, կվերածվեն սիֆոնֆորների, լուսակիրների ու ճենապակու։ Եվ մինչ այս, մինչ այն, մի հզոր դարագլուխը փոխարինում է մյուսին, ազոյան ու քեմբրյան դարաշրջանները նախասկզբնկան օվկիանոսներում կուտակում են իրենց վեհանիստ լեռները, և ահա, վերջ ի վերջո, նվաճվել է առաջին մեծ աստիճանը աշխարհը մարդու համար նախապատրաստելու գործում՝ ստեղծված է ոստրեն։ Դժվար է ենթադրել, թե ոստրեն ընդունակ է դատելու գիտնականներից շատ ավելի տրամաբանորեն, ուստի և կարելի է անտարակուսելի համարել, որ այդ ոստրեն տեղն ու տեղը եզրակացրեց, թե իբր այդ բոլոր տասնինը միլիոն տարիները եղել են հենց իր ստեղծման նախապատրաստությունը։ Դե, ուրիշ էլ ինչ կարելի է սպասել ոստրերից։ Չէ՞ որ դա առավել ինքնագոհ արարածն է աշխարհում, եթե չհաշվենք մարդուն։ Համենայն դեպս, այդ ոստրեն չէր կարող այն վաղ դարաշրջանում գիտենալ, որ ինքը ծրագրի փուլերից սոսկ մեկն է և որ այդ ծրագիրը բնավ նրանով չի ավարտվում։
Ոստրերի ստեղծումից հետո աշխարհը մարդու համար նախապատրաստելու գործում հերթի դրվեց ձուկը։ Ձուկը և ածուխը՝ այն խորովելու համար։ Եվ ահա, ձկան բուծման համար ստեղծվեցին հնադարյան սիլուրիական ծովերը, և նույն ժամանակ սկսվեց կարմիր ավազաքարից ութսուն հազար ոտնաչափ բարձրությամբ հնադարյան լեռների, այսպես ասած, մառանների կերտման մեծ աշխատանքը՝ քարացուկները պահելու համար։ Առանց այս վերջինների ոչ մի կերպ չէր կարելի յոլա գնալ, որովհետև առջևում նորից կային անվերջ անհաջողություններ, անվերջանալի անհետացումներ, միլիոնավոր անհետացումներ, և ավելի էժան կնստեր ու գլխացավանքն էլ պակաս կլիներ, եթե քարացուկները պահվեին ժայռերի մեջ, փոխանակ դրանց հաշվառումը կատարելու գրասենյակային մատյաններում։ Դե, իհարկե, կարճ ժամանակում չես ստեղծի ածխի հանքաշերտեր և ութսուն հազար ուղղահայաց ոտնաչափ հնադարյան կարմիր ավազաքար․ ո՛չ, դրա համար պահանջվեց քսան միլիոն տարի։ Նախ, որ ածխի հանքաշերտի ստեղծումը վերին աստիճանի դանդաղ, հոգնեցուցիչ և տաղտկալի գործ է։ Անհրաժեշտ է լինում ճահիճներում աճեցնել ծառանման ձարխոտերի, եղեգի, ձիագու և դրանց նման այլ ծառատեսակների հսկայական անտառներ, այնուհետև անհրաժեշտ է լինում այդ անտառները ջրածածկ անել և թողնել, որ ջրի տակ նեխեն ու քայքայվեն, դրանից հետո գետերի ընթացքն ուղղել դրանց վրա, որպեսզի դրանք ծածկվեն տիղմի մի քանի շերտով, իսկ այդ տիղմին հարկավոր է ժամանակ տալ, որ կարծրանա ու քարի վերածվի․ այնուհետև հարկ է լինում վերևից աճեցնել էլի մեկ անտառ, հետո այն ջրածածկ անել, վրայից պատել տիղմի ևս մեկ շերտով ու սպասել, որ կարծրանա․ հետո դարձյալ անտառ ու դարձյալ կարծրացող տիղմ, այդպես՝ շերտ առ շերտ երեք մղոն հաստությամբ․ այո, ածխահանքերի ճիշտ գոյացումը տանջալիորեն երկարատև գործ է։
Այդ գործողությունները տխրորեն ձգվում են միլիոնավոր տարիներ, իսկ ձկան աճը այդ միջոցին նվազում ու դադարում է, այնպես որ տանջալից է դառնում։ Այ, դուք մեկ ոստրեից տասը հազար տեսակի ձուկ աճեցրիք, իսկ հետո նայեցիք ու տեսաք, որ մնացել են միայն քարացուկներ ու բրածոներ, կենդանի մնացել ու զարգանում են միայն մի զույգ գանոիդներ և, գուցե, մի հինգ֊վեց հատ էլ աստղակերպեր, որոնցով անգամ կատուն չի գայթակղվի։
Բայց դա ոչինչ․ առջևում դեռ շատ ժամանակ կա, և դրանք կկարողանան զարգանալ ու դառնալ մի ընտիր ճաշատեսակ, նախքան կհայտնվի մարդը, որպեսզի դրանք ուտի։ Նույնիսկ գանիոդի վրա էլ այդ տեսակետից կարելի է հույս դնել, եթե չպահանջվի այն ճաշակել ավելի վաղ, քան վաթսուն միլիոն տարի հետո։
Այդ ժամանակ պալեոզյան դարաշրջանին հատկացված ժամկետն սպառվել էր, և հարկ եղավ անցնել աշխարհը մարդու համար նախապատրաստելու հաջորդ փուլին՝ բացել մեզոզոյան դարաշրջանը և ստեղծել սողուններ, որովհետև մարդուն հարկավոր կլինեին սողունները՝ ոչ դրանով սնվելու, այլ դրանցից զարգանալու համար։ Քանի որ դա ծրագրի ամենակարևոր մասն էր, դրա համար ժամանակ չխնայեցին և տրամադրեցին ամբողջ երեսուն միլիոն տարի։ Եվ ի՜նչ հրաշքներ սկսվեցին այդտեղ։ Ողջ մնացած գանոիդներից, աստղակերպերից և ալկալոիդներից դանդաղ, համառ ու ջանադիր աճեցման շնորհիվ առաջացան վիթխարի մողեսներ, որոնք սովորություն ունեին այն հեռավոր դարերում թափառելու թեժ գոլորշիներով պատած երկրագնդի վրա՝ իրենց օձային գլուխը քառասուն ոտնաչափ վեր ցցած և գետնի վրայով քարշ տալով վաթսուն ոտնաչափ երկարությամբ մարմինը, որի ետևից հազիվ հասնում էր կատաղորեն թափահարվող պոչը։ Հիմա, ավաղ, դրանց հետքն էլ չի մնացել, դրանք բոլորը բնաջնջվել են, բացառությամբ մի բուռ արկանզավրերի՝ Արկանզաս քաղաքի քաղաքացիների, որոնք մեր միջավայրում տառապում են տխուր միայնակության մեջ, նետված ժամանակի ամենահեռավոր սահմանները։
Այո, պահանջվեցին երեսուն միլիոն տարի և քսան միլիոն ամեն տեսակ սողուններ, որպեսզի ստացվեր մի այնպիսի բան, որը բավականաչափ երկար դիմանար, զարգանար ու դառնար մի ուրիշ բան, ծրագրի իրականացումն առաջ մղելով ևս մի քայլով։
Եվ ահա իր ամբողջ աննկարագրելի վեհությամբ ու գեղեցկությամբ աշխարհ եկավ պտերոդակտիլը, և ամբողջ Բնությունը հասկացավ, որ կայնոզոյան շեմքը մնացել է ետևում և սկսվում է նոր դարաշրջան, երկրագունդը մարդու համար նախապատրաստելու մի նոր փուլ։ Գուցե պտերոդակտիլը երևակայում էր, թե այդ երեսուն միլիոն տարիները ծախսվել են իրեն նախապատրաստելու համար․ չէ՞ որ պտերոդակտիլը ընդունակ էր երևակայելու ամեն տեսակ հիմարություն, բայց նա սխալվում էր։ Նախապատրաստությունները կատարվում էին հանուն մարդու։ Անկասկած, պտերոդակտիլը իր վրա գրավեց ընդհանուրի ուշադրությունը, որովհետև ամենաանդիտողականներն իսկ կարող էին նկատել, որ նրա մեջ կան թռչունի սաղմեր։ Դա այդպես էլ եղավ։ Բացի դրանից, նաև կաթնասունի սաղմեր, միայն թե դրանք զարգանում էին ոչ միանգամից։ Բայց մի բան պտերոդակտիլից չես խլի՝ գեղատեսիլությամբ նա իր ժամանակաշրջանի իսկական զարդն էր․ ուներ թևեր, ուներ ատամներ, ամբողջությամբ ասես լավ օսլայած էր, և առհասարակ մի հիանալի խառնուրդ էր, ծովային հետևակի կիպկլինգյան զինվորի անչափ հեռավոր նախագուշակի նման մի բան։
<poem>
Սակրավոր նրան չես կոչի, ու նավաստի էլ չէ նա իհարկե․
Մի ինչ֊որ հիմարավուն արուէգ՝ զինվոր, ու նաև ծովային։
</poem>
Այդ պահից սկսած ու դարձյալ մոտավորապես երեսուն միլիոն տարի նախապատրաստությունները շատ արագ էին ընթանում։ Պտերոդակտիլից առաջացավ թռչունը, թռչունից՝ կենգուրուն, կենգուրուներից՝ մյուս պարկավորները, դրանցից՝ մաստոդոնտը, մեգատերիաները, վիթխարի համրուկը, իռլանդական որմզդեղնը և բոլոր մյուս արարածները, որոնց կարելի է օգտագործել օգտակար, ուսանելի քարացուկներ պատրաստելու համար։ Բայց այստեղ սկսվեց առաջին մեծ սառցապատումը, և նրանք բոլորը նահանջեցին դրա առջև, կամրջով անցան Բերինգի նեղուցը, ցրվեցին ամբողջ Եվրոպայում ու Ասիայում և սատկեցին։ Բոլորը, բացառությամբ քչերի, որոնք պետք է շարունակեին հետագա նախապատրաստությունը։ Վեց սառցային շրջան, որոնցից յուրաքանչյուրին հաջորդում էր երկու միլիոն տարի ընդմիջում, այդ խեղճ որբուկներին քշում էին ամբողջ երկրագնդով մեկ, կլիմայից կլիմա, բևեռների արևադարձային տապից դեպի հասարակածի արկտիկական ցրտերը, իսկ այնտեղից՝ ետ, ու կրկին ետ, այնպես որ նրանք երբեք չգիտեին, թե վաղը ինչ եղանակ կլինի, իսկ հենց որ նրանք որևէ տեղում հարմարվում էին, ամբողջ մայրցամաքը փլվում էր նրանց ոտքերի տակ՝ առանց ամենափոքր իսկ զգուշացման, և նրանք հարկադրված էին լինում շտապ կերպով ձկների հետ փախանակել տեղերը և մեծ դժվարությամբ, մինչև ոսկորները թրջված, հասնել այնտեղ, ուր առաջ ծովեր էին։ Իսկ երբ ամեն ինչ կարծես թե խաղաղվում էր, սկսում էր գործել հրաբուխը, որը նրանց այրելով, դուրս էր մղում այն վայրերից, ուր նրանք հենց նոր էին հիմնավորվել։ Այդպիսի անկանոն, նյարդային կյանք նրանք վարում էին քսանհինգ միլիոն տարի, մեկ թպրտալով ջրում, մեկ թափառելով ցամաքում ու շարունակ զարմանալով, թե ինչի համար է այդ բոլորն արվում, որովհետև նրանք, իհարկե, չէին կասկածում, որ այդ ամենն արվում է, որպեսզի աշխարհը նախապատրաստվի մարդու համար, և որ այն ուրիշ ձևով նախապատրաստել չի կարելի, այլապես մարդու գալստյան ժամանակ աշխարհը չի լինի բավականաչափ հարմար ու ներդաշնակ։
Վերջապես, երևան եկավ կապիկը, և անմիջապես բոլորը տեսան, որ մինչև մարդը արդեն շատ մոտ է։ Դա այդպես էլ ստացվեց։ Կապիկը զարգանում էր մոտ հինգ միլիոն տարի, իսկ հետո փոխակերպվեց մարդու, եթե դատենք արտաքին տեսքից։
Այսպիսին է մարդու երևան գալու պատմությունը։ Նա գոյություն ունի 32000 տարի։ Այն, որ անհրաժեշտ է եղել հարյուր միլիոն տարի, որպեսզի աշխարհը նախապատրաստվեր մարդու համար, անհերքելի ապացույց է, որ դա հենց այն է, ինչի համար աշխարհը նախապատրաստում էին։ Կարծում եմ, որ դա այդպես է։ Ասենք, չգիտեմ։ Եթե, օրինակ, Էյֆելյան աշտարակը խորհրդանշեր աշխարհի տարիքը, ապա այն պսակող սայրի ներկաքսուքը կխորհրդանշեր մարդու բաժինը այս տարիքի մեջ, և ամեն ոք անմիջապես կտեսներ, որ աշտարակը կառուցվել է հենց այդ ներկաքսուքի համար։ Այսինքն, ես ենթադրում եմ, որ դա իսկույն երևում է, իսկ այնպես՝ չգիտեմ։