Changes
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
=== Գլուխ իներորդ. Մեծ Գետը ===
Ֆրոդոն արթնացավ անտառի բացատում: Նա խնամքով փաթաթված էր վերմակով, բայց զգում էր, որ այնուամենայնիվ քիչ մրսած է: Սկսվում էր պաղ, գորշ առավոտը: Բացատը շրջապատված էր բարձր ծառերով, իսկ ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին օջախ էր վառել: Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ որ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին էլ սպասում հասնել: Այդպիսով նրանք ուժեր չէին ծախսում, և Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Միայն հետևում էր, որ լողան ամբողջ իրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում էին, Սև Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէր լինի: Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին ընդհուպ մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ոչ թռչուն ու գազան, ոչ ծառ կամ թուփ, կամ գոնե ժայռեր, որ աչքդ հանգստանա: Ճամփորդները մոտեցան Գորշ հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև գետամերձ բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, ստորգետնյա բոսոր կրա՞կն էր խանձել, թե սև մորեխն էր սրբել, չգիտեր նույնիսկ Արագորնը Դրանք ի սկզբանե անտի մեռյալ ու ամայի են եղել: Արևմտյան ափը, նույնպես անծառ, ծածկված էր խիտ եղեգնուտով, որի մանուշակագույն-սև ավելները տխուր ու խուլ խշշում էին քամուց: Երբ եղեգնի պատն ընհատվում էր, Ֆրոդոն տեսնում էր դրանց հետևում հեոռավոր անտառի շերտը և Մշուշապատ Լեռնաշղթայի սանդղաձև ուրվագծերը: Եղեգնուտում դայլայլում էին թռչունները, երբեմն գետի վրայով բադեր էին թռչում, իսկ մեկ անգամ ճամփորդները նույնիսկ կարապներ նկատեցին: — Կարապնե՜ր,— բացականչեց Սամը,— ինչ մեծ են... — Ու սև,— մռայլ ավելացրեց Արագորնը: — Ի՜նչ պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ էլ չի լինում: