Changes
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
— Ի՜նչ պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ էլ չի լինում:
— Մի՞թե սա հարավ է,— արձագանքեց Արագորնը: — Անդուինի ստորին հոսանքի շրջակայքում ու ծովափին արդեն ծառերը ծաղկելու ժամանակն է, իմ կարծիքով, այնտեղ տաք է և ուրախ, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Իսկ մենք դեռևս միջին գոտում ենք՝ Մուստանգրիմի դքսության հյուսիսային սահմանի մոտ, որն անցնում է Բյուրեղիկ գետով, և ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Այստեղ հիմա ձյուն է կարող է գալ: Մուստանգրիմի հողերը հռչակված են իրենց բերրիությամբ և առաջներում խիստ բնակեցված էին, իսկ այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին նորից սկսել են գայլդարձյակներ երևալ: Իսկ նրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ և, ասում են, ներխուժում են նույնիսկ մուստանգրիմցիների մոտ:
Սամն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե իսկ հիմա, բաց տարածությունում իրեն բացարձակապես անպաշտպան էր զգում:
Անդուինը կտրուկ թեքվեց հարավ: Ափերը դանդաղ հետ լողացին: Արևելքում բլուրներն ասես տափակեցին, արևմտյան ափը փոխվեց կոշտ խոտի փնջերով ծածկված հարթավայրի: Անդուինը լայնահուն ու ծանծաղ դարձավ: Արևելյան քամին չոր էր ու պաղ:
Ճամփորդները համարյա իրար հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն ծաղկուն Լորիենն էր հիշում՝ պայծառ արևն ու թափանցիկ հորդառատ անձրևները, ոսկի անտառներն ու արծաթե գետերը: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել, նա տեսնում էր ամառվա գիշեր, երկնագույն եղևնիների ստվերով պատված դաշտեր, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Ջիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի, մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի: Մերին ու Փինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկից ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թավարում էր Արագորնի մակույկի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Սամը մտածում էր, որ բարեբախտաբար անվտանգ այս նավարկության տնթացքում խիստ կհոգնի պարապությունից: Մակույկում կծկված ու վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Արագորնը թիերը նրան չէր վստահում, երբ ստիպված էին լինում ծանծաղուտներով անցնել:
Վերջանում էր նրանց նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սամը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից դուրս գալ ու ոտքի տակ ամուր գետինն զգալ: Հանկարծ նա ուղղվեց, աչքերը տրորեց ու երկար նայեց մակույկների հետևից լողացող մեծ գերանին: Հետո նրա հայացքը սահեց ափով ու նորից սկսեց ննջել:
… Այդ գիշեր նրանք իջան Գետի արևմտյան ափից քիչ հեռու գտնվող կղզյակը:
Ընթրիքից հետո, վերմակի մեջ տաքուկ փաթաթվելով, Սամը ննջող Ֆրոդոյին ասաց.
— Էսօր, հանգստից էդպես մի երկու ժամ առաջ աչքիս ինչ-որ անհասկանալի բան երևաց... Իսկ այ հիմա մտածում եմ, կարող է բոլորովին էլ չի երևացել, այլ ճիշտ է եղել:
— Վերջապես, թվացե՞լ է, թե չի թվացել,— հարցրեց Ֆրոդոն, իմանալով, որ Սամը, միևնույնն է, չի խաղաղվի, մինչև իր պատմությունը չպատմի: — Դե կարգին պատմի՛ր, ի՞նչ ես տեսել:
— Գերան,— խորհրդավոր շշնջաց Սամը: — Բայց դե ոչ սովորական գերան, այլ կենդանի ու աչքերով:
— Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում:
— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սամը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Ջիմլիի մակույկի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ քստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ այդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ, էս ինչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանտ նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ խփել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, որ ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ինչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերը ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Լորիենում մագլցում էր մեր դելոնը: Այն ժամանակ Հելդարն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Ո՞նց չէ, հիշում եմ,— պատասխանեց Սամը: — Եվ ձեր մորեղբոր պատմածներն եմ հիշում: Եվ, իմ կարծիքով, գիտեմ, թե ով է մեզ հետապնդում: Գոլլումը, անիծված լինի դա...
— Ես էլ եմ այդպես կարծում,— արձագանքեց Ֆրոդոն: — Երևի Չարքանտառից է փախել ու կարողացել գալ մեր հետքերով: Իսկ հիմա էլ հետևում է:
— Երևի՛,— տիրոջ հետ համաձայնեց Սամը,— ուրեմն մեզ հարկավոր է խիստ զգույշ լինել... Թե չէ էդ լպրծուն չարագործի թաթերը չեն դողա, գաղտնի կգա ու կխեղդի մեզ: Հիմա արդեն չարժե Պանդուխտին արթնացնել: Դուք էլ քնեք, իսկ ես կհսկեմ: Էդ նրա համար, որ մակույկում ես միայն բեռ եմ, ցերեկն էլ քունս վատ չեմ առնի:
— Բեռ-դիտորդ,— քմծիծաղեց Ֆրոդոն: — Լավ, ուրեմն դու կհսկես մինչև կեսգիշեր, իսկ հետո անպայման ինձ կարթնացնես՝ եթե ավելի շուտ ոչինչ տեղի չունենա:
Կեսգիշերին Սամը արթնացրեց տիրոջը և զեկուցեց, որ տագնապալի ոչինչ չի նկատել:
— Կարծես թե ինչ-որ բան ճլմփաց գետում, իսկ հետո ափին էլ ինչ-որ բան խշխշաց, բայց թե դա, կարծում եմ, քամին էր ու ալիքները:
Ֆրոդոն նստեց ու փսթսթվեց վերմակի մեջ:
Պահապանները քնած էին, ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր գնում, հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ մակույկի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: Մակույկի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց մակույկի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ երկու փայլուն աչք, նույնիսկ եկվորի շունչը լսեց, վեր թռավ, պատյանից հանեց թուրը... Նայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը:
— Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին:
— Գոլլումը,— կարճ պատասխանեց Ֆրոդոն:
— Ուրեմն դու նրա մասին գիտե՞ս,— զարմացավ Արագորնը: — Նա մեր հետքերով գալիս էր Մորիայի քարաձավներում: Իսկ հիմա կպել է գերանին ու հետևում է մեզ: Փորձել եմ բռնել, բայց ոչինչ չի ստացվել. աքիսի նման ճարպիկ է ու օձաձկան պես լպրծուն: Ուրեմն պետք է նրանից հեռու լողալ, որովհետև ազատ վիճակում նա շատ վտանգավոր է. և ինքն է ընդունակ թիկունքից սպանել և հարկավոր դեպքում թշնամիների կարող է բերել:
Այդ գիշեր Գոլլումն այլևս չերևաց: Ցերեկը ճամփորդները հանգստացան կղզյակում, իսկ երեկոյան նորից ճանապարհ ընկան: Այժմ առավոտները քնելուց առաջ միշտ ժամապահ էին նշանակում: Բայց ոչ մի ժամապահ Գոլլումին չտեսավ: Գուցե նա չէր մոտենում ճամփորդներին, գուցե պարզապես հետ էր մնացել: Պահապանները նավարկում էին առաջվանից արագ և մինչև ութերորդ գիշերը առանց որևէ իրադարձության: Եղանակը սառն էր ու ամպամած, քամին մշտապես հարավից էր փչում: Երեկոյան կողմ երկինքը մի քիչ պարզվեց, իսկ ամպերի արանքներից աղոտ երևաց լուսնի արծաթե մահիկը:
Ժայռերի վրա շատ թռչուններ էին պտտվում. ամպերի շղարշով ծածկված արևը լողաց բոսոր ժայռերի հետևը: Ափամերձ ժայռերի տակ պառկած Արագորնը ցրված նայում էր երկնքին ու մտորում, թե Գոլլումը կարո՞ղ էր Ջոկատի մասին հաղորդած լինել Թշնամու ծառաներին: Պահապանները պատրաստվում էին մակույկները նստել:
Հանկարծ Արագորնը հապշտապ վեր թռավ: Նա հեռվում վիթխարի թռչուն տեսավ, որը թռչում էր հարավ-արևելք: