Changes

Պահապանները

Ավելացվել է 10 181 բայտ, 16:42, 25 Հունիսի 2016
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
Հանկարծ Արագորնը հապշտապ վեր թռավ: Նա հեռվում վիթխարի թռչուն տեսավ, որը թռչում էր հարավ-արևելք:
 
— Լսե՜ք, Լեգոլա՜ս,— ձայն տվեղ էլֆին,— քո կարծիքով սա արծիվ չէ՞:
 
— Արծիվ է,— վերև նայելով ասաց էլֆը: — Կուզեի իմանալ, նա այստեղ ի՞նչ է անում: Չէ՞ որ արծիվները միայն սարերում են բնադրում: Գետամերձը դեռ լեռ չէ:
 
— Մինչև մութն ընկնելը տեղներիցս չենք շարժվի,— վճռականորեն հայտարարեց Արագորնը Պահապաններին:
 
Գիշերվա կողմ արևելյան քամին հանդարտվեց: Անդուինի վրա անթափանց խավար իջավ: Նվաղուն լուսինը հազիվ էր լուսավորում, և մշուշում խավար փայլփլում էին աստղերը: Սամը տարակուսանքով զննում էր լուսինը:
 
— Տարօրինակ բան է,— ասաց նա Ֆրոդոյին: — Լուսինը կասես թե ամեն տեղ էլ նույնն է՝ ինչ էստեղ, ինչ Խլուտում, ինչ մեզ մոտ, Հոբիթստանում: Իսկ ա՜յ, դուրս է գալիս, որ Լորիենում ուրիշ լուսին է, իրենց սեփականն է, կամ էլ ես ժամանակը խառնել եմ: Հիշու՞մ եք, երբ մենք էլֆերի մոտ էինք և առաջին գիշերը քնեցինք դելոնի վրա, լուսինը պակասում էր՝ եղջյուրները աջ, ու մնում էր ապրելու շաբաթից ոչ ավելի: Հա, իսկ հիմա մենք Լորիենից դուրս ենք եկել և յոթ օր նավարկել ենք, ու երեկ նայում եմ՝ երկինք է մագլցում ջահել լուսինը, նոր ծնված, եղջյուրները՝ ձախ: Ուրեմն դուրս է գալիս, ժամանակը տեղում կանգնա՞ծ էր... Հո մենք երեսուն օր չե՞նք մնացել էլֆերի մոտ...
 
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով, էլֆերը ժամանակի վրա չեն իշխում, նշանակում է՝ այն Լորիենում, այնուամենայնիվ, ընթանում է, բայց և ժամանակն էլ առայժմ դեռ իշխանություն չունի էլֆերի վրա, դրա համար էլ Լորիենում այն չես նկատում: Նեինի Տիրուհու զորությունը մեծ է...
 
— Լորիենի սահմաններից դուրս Նեինի մասին չի կարելի խոսել նույնիսկ ամենամոտիկ բարեկամների, նույնիսկ ինձ հետ... — ընհատեց Արագորնը: Նա անհանգիստ հայացք գցեց ափ, սակայն տագնապալի ոչինչ չնկատեց և Սամին նայելով, կարճ բացատրեց. — մինչ մենք ապրում էինք Օրհնյալ Երկրում, լուսինը բոլորեց, նորից ծնվեց ու կրկին բոլորեց: Ժամանակը չես կանգնեցնի: Երեսուն օր մենք հյուր եղանք էլֆերի մոտ: Միջերկիրը կաշկանդող ձմեռը վերջանում է: Սկսվում է վերջին հույսի գարունը: — Արագորնը լռեց և մոտեցավ մակույկներին: — Նավարկելու ժամանակն է,— բարձր ասաց նա: — Սա գիշերային վերջին անցումն է, այստեղից հետո գետի հունը չգիտեմ: Հոսանքն ի վար մեզ կհանդիպի Սարն-Ջեբիրը՝ համընդհանուր լեզվով, սահանքը, որտեղ գիշերով մենք անպայման կջարդվենք: Իսկ ցերեկը, լույսով, նորից կանգ կառնենք, որ մերձափնյա արահետներով շրջանցենք այն: Բայց մինչև բարձրավանդակ այստեղից մի հարյուր լիգ կլինի, ոչ պակաս: Այստեղ էլ հարկավոր է զգուշությամբ նավարկել ժայռի կամ կղզու բախվելուց խուսափելու համար: Այդ պատճառով էլ միշտ իմ հետևից եկեք:
 
Սամին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքը շլացնում էր աչքերը: Սամը ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերից անց էր. անտեսանելի ափերի մոտ ժայռերի մեջ խուլ աղմկում էր ջուրը, գետը գնալով արագահոս էր դառնում: Հանկարծ Սամը ճչաց՝ առջևում Պահապանների ճանապարհը փակելով, արևմտյան ափից մինչև գետի կենտրոն քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, մակույկները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին:
 
— Գիշերը այդտեղով չենք անցնի,— գոռաց Բորոմիրը՝ փորձելով շրջվել: — Իսկ եթե դրանից հետո սահանքն է սկսվում, ապա բոլորս կույր կատվի ձագերի պես կխեղդվենք...
 
— Հարկավոր է նավարկել դեպի արևմտյան ափ... — կտրուկ շրջվելով գոռաց Արագորնը:
 
Ջիմլին ու Լեգոլասը նույնպես շրջվեցին:
 
Արագորնը ծանր հակվեց թիերի վրա:
 
— Հաշիվներիս մեջ սխալվեցի,— ասաց Ֆրոդոյին: — Ըստ երևույթին, մենք մոտեցել են Սարն-Ջեբիրին: Անդուինն ավելի արագ է հոսում, քան ես կարծում էի:
 
Ճամփորդները դժվարությամբ էին թիավարում, հոսանքին հակառակ: Մակույկները դանդաղ լողում էին առաջ: Բայց ջուրը շարունակ նրանց աջ ափ էր քշում, որը չարագույժ ու սև էր թվում:
 
— Ձախ, ավելի ձախ... կարող ենք խրվել ծանծաղուտն ու շրջվել,— գոռաց Բորոմիրը:
 
Ֆրոդոն զգաց, որ մակույկի տակը ճանկռոտում են ափամերձ ծանծաղուտի քարերը: Իսկ հետո գետի խուլ մռնչոցի մեջ սուր սուլոց լսվեց, և ափից ճամփորդների վրա նետեր թռան: Մեկը ծակեց Արագորնի կնգուղը՝ բարեբախտաբար, հետքագետն այդ ժամանակ կռացել էր, մյուսը կտցեց Ֆրոդոյին և զրնգալով ետ թռավ միթրիլե օղազրահից, երրորդը ճեղքեց Մերիի թին: Սամին թվում էր, որ ինքը տեսնում է նետաձիգների սև ուրվագծերը մուգ ժայռերի վրա: Արևելյան ափը շատ մոտիկ էր:
 
— Իրչե՜րը...— էլֆերեն գոռաց Լեգոլասը:
 
— Օրքե՜րը,— տագնապահար բացականչեց Ջիմլին:
 
— Գոլլումի ձեռքի գործն է,— քրթմնջաց Սամը,— դրանց ուրիշ բերող չկա: — Թող սատկի այդ երիցս անիծյալ չարագործը... Անդուինն էլ է դրանց կողմից՝ մի գլուխ քաշում է արևելյան ափ...
 
Պահապանները որքան ուժ ունեին թիավարում էին: Նետերը թռչում էին նրանց գլխավերևով, մեկ-մեկ էլ խուլ ճողփյունով ջուրն էին պատռում: Սակայն հարձակում չեղավ: Օրքերը մթության մեջ հիանալի տեսնում են, բայց Պահապանների փրկեցին լորիենյան թիկնոցները, թե չէ նրանց վիճակը վատ կլիներ:
 
Մակույկները դանդաղ առաջ էին շարժվում: Շուտով հոսանքի ճնշումը թուլացավ: Պահապանները թիավարեցին դեպի գետի կենտրոն, և աջակողմյան ժայռերը կուլ գնացին մթությանը: Նրանք կտրուկ շրջվեցին ձախ, գետը հատեցին և նավարկելով ափին մոտ, թփուտների ճյուղերի տակ քողարկվելով, շունչ առան ու թիերը թողեցին:
 
Լեգոլասը կապարճից նետը հանեց, աստիճանանման ժայռեով քիչ բարձրացավ վերև, աղեղը ձգեց ու նայեց ափից այն կողմ: Սակայն ոչինչ զանազանել չկարողացավ: Օրքերի ճիչերն աստիճանաբար լռեցին: Ֆրոդոն ներքևից նայեց էլֆին: Գիշերային երկնքում աստղերն իրար աչքով էին անում, բայց հարավից սև ամպեր էին բարձրանում, և աստղերը մեկը մյուսի հետևից խամրում էին:
 
Հանկարծ ճամփորդներին սարսափ պատեց:
 
— Ով Էլբերեթ Գիլթոնիել,— գլուխը ետ գցելով շշնջաց Լեգոլասը:
 
Հարավից շարժվող ամպերից առաջ անցնելով, ճամփորդներին էր մոտենում մի թևավոր, հեքիաթային վիշապի պես վիթխարի ստվեր: Անդուինի հետևից ուրախ վայնասուն լսվեց:
 
Ֆրոդոն սահմռկեցուցիչ սարսափից քարացավ և հանկարծ հիշեց սառը դաշույնը, որ Զավերտում փայլատակեց իր աչքերի առջև: Նա ուժահատ կծկվեց ու աչքերը փակեց:
Վստահելի
1342
edits