Changes
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
Ֆրոդոն սահմռկեցուցիչ սարսափից քարացավ և հանկարծ հիշեց սառը դաշույնը, որ Զավերտում փայլատակեց իր աչքերի առջև: Նա ուժահատ կծկվեց ու աչքերը փակեց:
Լորիենյան աղեղի լարը զրնգաց: Նետը սուլոցով երկինք խոյացավ: Թևավոր ստվերը ջղաձգորեն և խռպոտ ճչոցով անհետացավ Անդուինի այն կողմում: Երկնքում նորից աստղերը փայլեցին: Արևելյան ափին վայնասունը լռեց: Սև լռությունը ոչինչ չէր վրդովվում: Հանգստանալուց հետո Պահապանները վերցրին թիերն ու դանդաղ նավարկեցին հոսանքն ի վեր: Շուտով մի նեղ նեղուց հանդիպեց: Նրանք մտան նեղուցը, մոտեցան ափին ու որոշեցին մինչև լուսաբաց մնալ այստեղ: Նույնիսկ ամենափոքրիկ խարույկը նրանց կմատներ օրքերին, դրա համար էլ բավարարվեցին էլֆական բլիթներով:
— Օրհնյալ լինես, լորիենյան աղեղ և չարքանտառային էլֆի անվրեպ աչք... — բլիթները ծամելուց հետո բացականչեց Ջիմլին: — Դա հիանալի նետահարում էր, բարեկամս...
— Ես այդպես էլ չհասկացա, թե ում նշան բռնեցի,— դողը զսպելով ասաց Լեգոլասը:
— Ես էլ չհասկացա, թե ով է թռչում դեպի մեզ, բայց ինձ մոտակա հանդիպումը չէր ուրախացնում,— խոստովանեց Ջիմլին: — Չգիտես ինչու, հանկարծ Մորիան հիշեցի... — Թզուկը զգուշավոր շուրջը նայեց,— և Բալրոգին,— փսփսալով վերջացրեց նա:
— Դա Բալրոգը չէր,— առարկեց Ֆրոդոն, որ դեռ չէր հասցրել սարսափից ուշքի գալ,— այլ մեկ ուրիշը, Բալրոգը շիկացած ամպի է նման: Իսկ նա, որին Լեգոլասը նետահարեց... շնչեց ինձ վրա... — Ֆրոդոն դողդողալով կուչ եկավ,— գերեզմանային պաղ փչեց: Եվ ինձ թվաց... — հոբիթը պապանձվեց ու այլևս չշարունակեց:
— Ի՞նչ թվաց քեզ,— մակույկի կողի վրայով դեպի Արագորնի մակույկը թեքվելով, հարցրեց Բորոմիրը:
— Դե միայն թվաց,— խուսափեց Ֆրոդոն,— այնպես որ այդ մասին խոսելու հարկ չկա: Իսկ այ օրքերը ընկճվեցին, երբ Լեգոլասը խոցեց նրանց դաշնակցին:
— Ընկճվեցին ու կատաղեցին,— ճշտեց Արագորնը: — Բայց մենք, ցավոք, նրանց մտահղացումները չգիտենք: Համենայն դեպս պատրաստվենք մարտի: Այս գիշեր քնել չենք կարողանա:
Համր ձգվում էին գիշերային ժամերը: Հեռվում միալար աղմկում էր սահանքը: Գետից այն կողմ թշնամական լռություն էր ծվարում: Հարավից եկող թանձր ամպերը թաց ծածկոցի նման իջել էին Անդուինի վրա: Անդուինի խավարը տաք էր ու խոնավ: Ճյուղերին, մթության մեջ աղոտ փայլելով, կախվել էին մանր կաթիլների ուլունքաշարերը:
Երբ արևելքում լույսը բացվեց, ամպերի արանքից քամվող գորշ առավոտը խոնջացած ճամփորդների աչքին բացեց տխուր ու տարօրինակ կերպով մեղմացած մի աշխարհ՝ ոչ խիստ ուրվագծեր, ոչ մութ ստվերներ, միայն կիսաթափանցիկ սպիտակավուն մառախուղ: Արևելյան ափը չէր երևում:
— Մառախուղ չեմ սիրում,— քրթմնջաց Սամը: — Բայց մեկ էլ տեսնում ես մառախուղն էլ պետք եկավ: Կարող է պատահել, օրքերը հիմա մեզ չգտնե՞ն:
— Գուցե և չգտնեն,— ասաց Արագորնը: — Եթե մենք կարողանանք գտնել արահետը, որ ափով շրջանցենք Սարն-Ջեբիրը:
— Իսկ մեր ինչի՞ն են հարկավոր գետն ու գետամերձ արահետները,— խառնվեց Բորոմիրը: — Հասել է էլֆական կճեպները դեն նետելու ժամանակը: — Գլխի շարժումով գոնդորցին ցույց տվեց մակույկները: — Քանի որ հասել ենք մինչև սահանքը, հարկավոր է արդեն գնալ դեպի արևմուտք, շրջանցելով Բոլոնը, իսկ հետո թեքվել հարավ և անցնել Մաքրանտառի միջով:
— Դա Մինաս Թիրիթի ճանապարհն է,— ասաց Արագորնը: — Իսկ մենք դեռ չենք որոշել ուր գնալ: Բայց գլխավորը, շարժվելով Բոլոնյան ճահճուտով՝ ճշգրիտ չիմանալով, թե որտեղից պետք է թեքվել հարավ, շատ ավելի վտանգավոր է, քա գետով նավարկելը: Չէ՞ որ դու չգիտես արևելյան Մուստանգրիմը: Իսկ գետով գնալիս ճանապարհից չենք շեղվի:
— Հենց որ գետի վրայի մշուշը ցրվի, մեզ կջարդեն,— առարկեց Բորոմիրը: — Իսկ եթե նույնիսկ մենք օրքերից հեռանանք ու հասնենք Ժայռոտ, հետո ի՞նչ... Կցատկենք Ցիցքարի վրայով ու կթեքվենք ճահիճնե՞րը...
— Ցիցքարը ափով կշրջանցենք,— ասաց Արագորնը: — Եվ միաժամանակ արդեն կտեսնենք: Մոռացե՞լ ես, թե պարզապես չես ուզում հիշել նումենորցիների հին պահակային կետերը՝ Ամոն-Վեդարը և Ամոն-Սլոուշը: Գուցե շրջակա հողերը դիտելով, վերջապես կորոշե՞նք ուր գնալ:
Բորոմիրը երկար վիճեց Արագորնի հետ: Սակայն համոզված լինելով, որ Ֆրոդոն ու մյուսները որոշել են գնալ գետի երկայնքով, ասաց.
— Գոնդորցիները սովոր չեն այլ կողմ թեքվելու, երբ նրանց բարեկամներին դժվար ճանապարհ է սպասում: Ես ձեզ կօգնեմ մակույկները տանել, Հետո ձեզ հետ միասին կիջնեմ Ժայռոտ, թեպետ օրքերի պատճառով դա շատ վտանգավոր է: Բայց հետո անմիջապես կգնամ արևմուտք՝ մենակ, եթե ուղեկիցներ ունենալու արժանի չեմ:
Ներքևում մշուշը թեթևակի ցրվեց: Որոշված էր, որ Արագորնն ու Լեգոլասը գնալու են ափամերձ արահետը փնտրելու:
— Մինչև օրքերի հայտնվելը,— ասաց Արագորնը,— ճամփորդները հաճախ էին իջնում Անդուինով, և ինձ թվում է, արահետը գտնելը դժվար չէ: Բլրասարը միշտ էլ շրջանցել են ափով:
— Ինչ օրքերն սկսել են թափառել Անդուինի մոտերքում, գետով հյուսիսից հարավ անցնել համարյա անհնարին է,— նախազգուշացրեց Բորոմիրը: — Եվ որքան հարավ, այնքան Անդուինը վտանգավոր է դառնում:
— Դեպի հարավ բոլոր ճանապարհներն են վտանգավոր,— հանգիստ պատասխանեց նրան Արագորնը: — Մեզ սպասեցեք այստեղ մինչև վաղը առավոտ: Եթե այդ ժամանակ չվերադառնանք, առաջնորդ ընտրեք և անմիջապես հեռացեք:
Ընկճող տագնապով էին ճամփորդները նայում, թե ինչպես են մշուշում ծածկվում Լեգոլասն ու Արագորնը: Սակայն նրանց տագնապը, պարզվեց, իզուր էր: Հետախույզները երկու ժամ հետո վերադարձան:
— Ամեն ինչ կարգին է,— ցած իջնելով ասաց Արագորնը: — Ափից մի քիչ բարձր մի արահետ է ձգվում, որը Բլրասարից տանում է կառանատեղ: Մեզ հարկավոր կլինի քայլել մոտ մեկուկես լիգ: Մեկ լիգ ծանծաղուտի երկարությամբ և կեսն էլ մինչև այստեղ հասնելը: Հարավային կառանատեղից հետո գետն արագահոս է, բայց խութեր ու ծանծաղ տեղեր արդեն չկան: Իսկ հյուսիսային կառանատեղը, որտեղից սկսվում է արահետը, բավական հեռու է և երկար պետք է նավարկեն այնտեղ հասնելու համար: Այնպես որ այստեղ պետք է դուրս գանք: Գլխավորը՝ մակույկներն արահետ դուրս քաշելն է, ափն այստեղ, ինչպես տեսնում եք, գիրթ է ու ժայռոտ:
— Դժվար է լինելու,— փնթփնթաց Բորոմիրը:
— Բայց գլուխ կհանենք,— ասաց Արագորնը:
— Իհարկե կհանենք,— բացականչեց Ջիմլին:
Մակույկներն ափ հանելը շատ հոգնեցրեց Ճամփորդներին: Սկզբում արահետ հանեցին բեռը, հանգստանալուց հետո անցան մակույկներին, որոնք զարմանալիորեն թեթև էին: Թե ի՞նչ փայտից էին դրանք պատրաստված, Լեգոլասը չգիտեր, իսկ մնացածներն՝ առավել ևս չգիտեին, ամուր փայտը համարյա կշիռ չուներ, այնպես որ բեռնաթափված մակույկը կարող էին արահետով տանել նույնիսկ Փինն ու Մերին: Սակայն մակույկներն արահետ քարշ տալ առանց Բորոմիրի, երևի, չհաջողվեր: Փշրվող ժայռեր, քարաքոսի սողացող ցողուններով ծածկված ելուստներ, հագուստից կառչող մոշի թփերի տակ գտնվող ծերպեր, սառցասառն առվակներ, անհատակ ջրհորներ՝ այսպիսի տեղանքով վերելքը մակույկները շալակած փոքրիկ ճամփորդների համար անհնարին էր: Նույնիսկ Արագորնն ու Բորոմիրը հազիվ էին հաղթահարում այդ դժվարին վերելքը, բայց մակույկներն արահետ հանվեցին, և այնուհետև գործն արագ առաջ գնաց:
Արահետների աջ կողմում զիգզագ խորխորատներով ժայռերի ուղղաձիգ պատն էր, իսկ ձախից մռնչում էր անտեսանելի սահանքի ատամներից մաղվող գետը: Երբեմն արահետի վրա վերևից գլորված քարեր էին հանդիպում, երբեմն՝ հեղեղատներ, բայց սրանք անցնելը հեշտ էր: Շուտով արահետը թաքվեց ձախ և իջավ բնական գետնախորշում գտնվող կառանարան: Գետի երկարությամբ ձգվող հետյոտն ճանապարհը վերջացավ, շարունակության վրա անմատչելի ժայռերով կուտակումներ էին: Այդ ճանապարհը Պահապաններն անցան երկու անգամ և ամեն ինչ տեղափոխեցին:
Կամաց մութն սկսեց ընկնել. ճամփորդները հոգնած ու տրտում նստեցին քարե կառանատեղին: Օրը մեռնում էր, հեռվում միապաղաղ ոռնում էր Սարն-Ջեբիրը՝ ճամփորդների վրա ծանր քուն բերելով:
— Ահա և հասանք,— ասաց Բորոմիրը: — Սակայն այսօր նավարկել չենք կարող: Բոլորս էլ լավ քնելու կարիք ունենք:
— Ճիշտ է,— գոնդորցու հետ համաձայնեց Արագորնը: — Բայց երկար քնել չի հաջողվի, քանի որ երկուական ենք հերթապահելու. երեք ժամ քուն և մեկ ժամ հսկել: Եթե մառախուղը մինչև առավոտ մնա, հնարավոր է, խույս կտանք թշնամուց:
Գիշերը ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, միայն առավոտյան կողմ թեթև անձրև մաղեց: Լուսադեմին Պահապանները ճանապարհ ընկան: Մշուշի ծածկոցը մի փոքր նոսրացել էր. ճամփորդները սեղմվել էին արևմտյան ափին, որ կաթնագույն մեգի մեջ մոխրագույն էր երևում: Մի երեք ժամ հետո անձրև սկսեց կաթկթալ, ու շուտով գարնանային հեղեղ թափվեց: Որպեսզի մակույկները չսուզվեն, ծածկեցին նուրբ անջրանցիկ կաշվե գոգնոցներով, բայց նավարկելը շարունակեցին համարյա կուրորեն: Հեղեղը պատռեց մառախուղի վարագույր ու արագ դադարեց: Երկինքը պարզվեց: Մութ ամպերը լողացին հյուսիս Գետամերձ բարձրավանդակի ատամնավոր բլրաշարքերը երկու կողմից սեղմել էին Անդուինը. հոսանքը ճամփորդներին սրընթաց քշում էր ափի երկարությամբ. շրջվել ու թիավարել հոսանքին հակառակ՝ հիմա նրանք, հավանաբար, չէին կարող:
Ֆրոդոն տագնապահար նայում էր առաջ: Պահապանները մոտենում էին աղոտ կերպով մարդկային կերպարանք հիշեցնող վիթխարի ժայռերի: Բարձր, հզոր, չարագույժ-ահարկու՝ դրանք նմանվում էին գետի ստորին հոսանքները թշնամիներից պահպանող քարե ռազմիկների: Ճամփորդները պետք է նավարկեին դրանց արանքով:
— Սրանք Քարե Հսկաներն են,— ասաց Արագորնը,— նումենորյան թագավորության մեծ դյուցազնունները: — Եվ բարձր գոռաց մյուս Պահապաններին: — Հետևեք ինձ... սահանքում պահեք ձեզ... Որքան կարելի է իրարից հեռու մնացեք...
Քարե Հսկաներն արդեն մոտ էին: Դրանք հարյուամյակների փոթորիկների ընթացքում պահպանել էին իրենց արարիչներից ստացած վեհաշուք տեսքը: Համր, բայց ահազդու, հին, բայց հզոր, ժամանակից ճաճքված սաղավարտներով, քիչ կկոցած աչքերով նայում էին հյուսիս, նախազգուշաբար ձախ ձեռքը բարձրացրած վերև և աջ ձեռքում մարտական տապարը սեղմած: Առասպեռական թագավորության վեհանիսստ ժամապահները Ֆրոդոյին ակնածալի ահ էին ներշնչում, և նա աչքերը բարձրացրեց դեպի Հսկաները, երբ դրանց ստվերը ծածկել էր ճամփորդներին: Նույնիսկ Բորոմիրը գլուխն իջեցրեց անցյալի հսկա պահակների արանքում կատաղորեն պարող մակույկում:
Ուղղաձիգ, երկինք խոյացող ժայռերը սրընթաց անցնում էին Պահակների կողքով, սև, ալիքավոր հայելու նման ջուրը խլացուցիչ թնդում էր, մթնշաղ էր ու սարսռալի, պաղ քամին թափանցում էր մինչև ոսկորները: Ֆրոդոն սեղմվեց դողդողացող Սամին, ականջ դնելով նրա կերկերուն քրթմնջոցին. « Եթե կենդանի մնացի... Էլ երբեք... ոչ մի գնով... մոտ էլ չեմ գա... հեռվից էլ չեմ նայի...»:
— Մի՛ վախեցեք...— հանկարծ հնչեց մի տարօրինակ ձայն:
Ֆրոդոն հետ նայեց ու տեսավ Պանդուխտին, սակայն իսկույն չճանաչեց, որովհետև նրա առջև կանգնած էր ոչ թե Պանդուխտը՝ վայրի Խլուտի հոգնած թափառականը, այլ գեղատեսիլ, երիտասարդ ու հզոր դյուցազնը: Անսասան ու հպարտ, բարձրապահ գլխով ու թիկնոցի անփութորեն հետ գցած կնգուղով: Անդուինի կատաղի սահանքը սանձահարող լորիենյան մակույկում կանգնած էր նա՝ արքան, որ վերադառնում է իր տերությունը:
— Մի՛ վախեցեք,— ձայնը հանգիստ էր ու հնչեղ: Գետի մռնչոցը այն չէր խլացնում: — Երկար տարիներ երազում էի տեսնել Քարե Հսկաներին՝ Իսիլդուրին և Անարիոնին: Իրենց ժառանգ Էլեսար Էլֆացուն՝ Էլենդիլի հարստության Արաթհորնի որդուն՝ նրանք կօգնեն սահանքը հաղթահարելու: Մի՛ վախեցեք, այստեղ մեզ վտանգ չի սպառնում:
Կիրճը, որով նավարկում էին Պահապանները, արագորեն նեղանալով շրջվում էր արևմուտք. սեղմված հոսանքի միաձայն թնդյունը բազմապատիկ ուժեղանում էր խուլ արձագանքից, որոտացող մթնշաղը թանձր կապտում էր... Բայց ահա առջևում թույլ լույս շողաց, կիրճի պատերն անսպասելիորեն հեռացան, և Պահապանները դուրս եկան մի խաղաղ լիճ: Դժգույն, քամուց սառած, ծվատված ամպերի նոսր փետուրներով, փոքրիկ մասերի կտրտված երկինքը արտացոլվում էր ջրում: Արևը բավական ցած էր իջել: Ձվաձև լճի ժայռակոփ ափերին հզոր կաղնիներ էին, փոթորկից ծռմռված ճյուղերը սառն ու խոնավ փայլփլում էին արևից: Հեռվում, լճի հարավային ծայրամասում թեք ափին երեք սար էր բարձրանում. մեջտողի սարը երկու կողմից ողողում էր գետը:
— Դա Թոլ Բրանդիրն է,— ասաց Արագորնը, Պահապանների ցույց տալով կենտրոնի սարը,— իսկ ձախ և աջ կողմերում նումենորցիների հին պահակակետերն են՝ Ամոն Սլոուշ և Ամոն Վեդար, (համընդհանուր լեզվով Ուկն և Ակն): Ժամանակին այնտեղ ժամապահները դիտում ու լսում էին՝ թշնամի չի՞ մոտենում արդյոք: Բայց ասում են, Թոլ Բրանդիր կղզու ափերի ոչ մարդ է ոտք դրել, ոչ գազան... Իսկ կղզուց այն կողմ նունհավետ մոլեգնում է Ռերոսը:
Դանդաղ դեպի հարավ լողալով, Պահապանները հաց կերան և մի քիչ հանգստացան: Իսկ հետո նորից թիերը վերցրին ձեռքները: Ցածր արևը աղոտ կարմիր էր, հարավում մթին էր տալիս Ժայռոտի վիթխարի զանգվածը և հստակ լսվում էր Ցիցքարի մռունչը:
Երբ ճամփորդները մոտեցան կղզուն՝ արդեն մթնել էր:
Վերջանում էր Մեծ Գետով նրանց ճանապարհորդության տասներորդ օրը: Խլուտի հողերը մնացին հետևում: Առավոտյան դեռ պետք է որոշեին՝ շարժվել դեպի արևմու՞տք, թե արևելք:
=== Գլուխ տասը. Պառակտում ===
Արագորնը աջ վտակով տարավ նրանց: Ակնի և վտակի միջև մարգագետին էր ընկած: Հեռավոր հողերը սուզված էին խավարի մեջ: Արագորնը շրջվեց ու թիավարեց ափ:
— Ես երբեք չեմ լսել,— ասաց նա ուղեկիցներին,— որ Ակնի մոտակայքում օրքեր երևացած լինեն: Սակայն միևնույնն է, մեզ ժամապահ պետք է:
Պահապանները մակույկները ափ հանեցին, փաթաթվեցին վերմակների մեջ և անմիջապես քնեցին: Գիշերը տագնապալի ոչինչ տեղի չունեցավ: Յուրաքանչյուր ժամապահ մեկ ժամ էր հերթապահում: Գոլլումը կամ օրքերը մինչև լուսաբաց չերևացին: Եթե Գոլլումը շարունակում էր հետևել Ջոկատին, ապա երևի մի տեղ սուսուփուս թաքնված էր: Բայց Արագորնի քունն անհանգիստ էր ու տագնապալի: Լուսադեմին նա վեր կացավ ու գնաց Ֆրոդոյի մոտ, որը հենց նոր փոխարինել էր Սամին:
— Մինչև հերթապահության դեռ շատ կա,— նրան ասաց հոբիթը,— ինչու՞ չես քնում:
— Ինքս էլ չգիտեմ,— պատասխանեց Արագորնը: — Ինչ-որ զգացում քունս խանգարում է: Բե՛ր մի նայենք քո Ջարդողին: