Changes
/* Գլուխ քսաներեքերորդ։ Դրյուրի-Լեյնում */
== Գլուխ քսաներեքերորդ։ Դրյուրի-Լեյնում ==
— Հիմա կսկսեք հասկանալ,— ասաց Անտեսանելի Մարդը,— թե ինչքան աննպաստ դրության մեջ էի․ պատսպարան չունեի, հագուստ չունեի։ Հագնվել կնշանակեր հրաժարվել իմ բոլոր առավելություններից, ինչ֊որ տարօրինակ ու ահռելի բան դառնալ։ Ես ծոմ էի պահում, քանի որ ուտելը, չյուրացված նյութերով լցվելը կնշանակեր նորից այլանդակորեն տեսանելի դառնալ։
― Երբեք չէի մտածել այդ մասին,— ասաց Քեմփը։
― Ոչ էլ ես։ Իսկ ձյունն ինձ զգուշացրել էր, թե ուրիշ վտանգներ էլ կան։ Չէի կարող դուրս գնալ ձյան տակ, այլապես ձյունը վրաս կնստեր ու կմատներ ինձ։ Անձրևն ինձ կդարձներ ջրե մի ուրվագիծ, մարդկային պսպղուն մակերես, պղպջակ։ Իսկ մառախո՞ւղը․․․ Մառախուղի մեջ ես կդառնայի էլ ավելի աղոտ մի պղպջակ, մակերես, մարդկային մի լպրծուն նշույլ։ Հետո, երբ լոնդոնյան եղանակով փողոց էի դուրս գալիս, բումբերիս վրա ցեխ էր հավաքվում, իսկ մաշկիս վրա՝ օդում ծփացող մուրն ու ածխափոշին։ Չգիտեի՝ ինչքան ժամանակ էր պետք մինչև այդ պատճառով ևս տեսանելի կդառնայի։ Բայց պարզ երևում էր՝ դա երկար չէր քաշի։
Համենայն դեպս ոչ Լոնդոնում։
Գրեյթ֊Փորթլենդ֊Սթրիթի կողմերը գտնվող խուլ անկյունները գնացի և ինձ գտա այն փողոցի ծայրում, որտեղ առաջ ապրում էի։ Իմ տան մոտերքը չգնացի, որովհետև ճանապարհի կեսին, իմ հրդեհած տան ծխացող ավերակների դիմաց, բազմություն էր հավաքվել։ Իմ անմիջական խնդիրը հագուստ ճարելն էր։ Հետո չգիտեի՝ ինչ էի անելու դեմքս։ Եվ ահա տեսա մեկն այն փոքրիկ խանութներից, որտեղ ամեն ինչ վաճառում են — թերթեր, քաղցրեղեններ, խաղալիքներ, գրենական պիտույք, ծննդյան ծառի ուշացած զարդարանքներ և այլն․ այնտեղ ցուցադրված էին մեծ թվով դիմակներ ու քթեր։ Գլխի ընկա, թե խնդիրը լուծված է։ Մի ակնթարթում տեսա բռնվելիք ընթացքս։ Ես շուռ եկա, բայց այլևս աննպատակ չէի․ բանուկ ճանապարհներից խուսափելու համար, դարձդարձիկ ուղիներով Սթրենդի հյուսիսում գտնվող խուլ փողոցները գնացի։ Հիշում էի, թե այդ թաղամասում ինչ֊որ տեղ թատերադերձակների մի քանի խանութներ կան։
Օրը ցուրտ էր․ դեպի հյուսիս տանող փողոցներով պաղ քամի էր փչում։ Ես արագ էի քայլում, որպեսզի ոչ ոք չհրմըշտեր ինձ։ Ամեն մի անցում վտանգավոր էր, և ամեն մի անցորդի վրա պետք էր աչալուրջ հսկել։ Մի մարդ, որի կողքով անցնում էի Բեդֆորդ֊Սթրիթի ծայրում, հանկարծ իմ կողմը դարձավ ու վրաս նետվեց, ինձ շպրտելով ճանապարհի մեջտեղը, ուր քիչ էր մնում անցնող հենսըմի անիվների տակ ընկնեի։ Շուրջս եղող կառապանները վճռեցին, թե մարդն ինչ֊որ նոպա էր ունեցել։ Այս պատահարն այնքան ընկճեց ինձ, որ Քովենթ֊Գարդըն շուկան գնացի և շնչասպառ ու դողահար նստեցի մանուշակների վաճառասեղանի մոտ։ Տեսա, որ հարբուխս կրկնվել էր․ քիչ անց ստիպվեցի հեռանալ այնտեղից, որպեսզի փռշտոցներս որևէ մեկի ուշադրությունը չգրավեին։
Ի վերջո հասա իմ որոնումների առարկային․ Դրյուրի֊Լեյնի նրբանցքներից մեկում, ճանճերի կեղտի մեջ կորած մի փնթի խանութ էր։ Ցուցափեղկում լցված էին թատերական զգեստներ, կեղծ ակնեղեն, կեղծամներ, հողաթափեր, դոմինոներ և թատերական լուսանկարներ։ Խանութը հնամենի էր, ցածլիկ ու մթին, իսկ վերևը բարձրանում էր չորսհարկանի տունը՝ խավար ու դժնյա։ Պատուհանից նայեցի և խանութում ոչ ոքի չտեսնելով ներս մտա։ Դռան բացվելուն պես ինչ֊որ զանգ սկսեց զրնգալ։ Դուռը բաց թողեցի և դատարկ մանեքենի կողքով անցնելով հեցահայելու ետևը մի անկյունում կանգնեցի։ Մոտավորապես մի րոպե ոչ ոք չեկավ։ Ապա ինչ֊որ սենյակից ծանր ոտնաձայներ լսվեցին և խանութում մի մարդ երևաց։
Պարզ ու հստակ որոշել էի իմ անելիքը։ Մտադիր էի տունը խցկվել, թաքնվել վերնահարկում և պատեհ առիթին սպասել, իսկ երբ ամեն ինչ կհանդարտվեր, լույս աշխարհ բերել կեղծամ, դիմակ, ակնոց ու կոստյում և հետո երևրալ մարդկանց մեջ, գուցե մի քիչ այլանդակ, բայց և այնպես ադամորդու կերպարանքով։ Ի միջի այլոց, այսպիսով կկարողանայի կողոպտել տան մեջ ձեռքիս տակ եկող դրամը։ Ներս մտնողը կարճլիկ, լղար ու կուզիկ մարդ էր, թավ հոնքեր ուներ, երկար բազուկներ և շատ կարճ ու թեք սրունքներ։ Ըստ երևույթին ընդհատել էի տանտիրոջ ճաշը։ Նա ակնապիշ շուրջը նայեց սպասողական արտահայտությամբ, որ տեղի տվեց զարմանքի և ապա՝ բարկության, երբ տեսավ, թե սենյակը դատարկ է։ «Գրողը տանի այդ լակոտներին»— մռլտաց նա, ապա դուրս գնաց և աջ ու ձախ նայեց։ Մի րոպե անց ետ եկավ, ջղայնացած՝ քացով տվեց դռանը և մրթմրթալով իր բնակարանը վերադարձավ։
Առաջ անցա, որ հետևեմ ծերուկին, բայց սա շարժվելուս շշուկը լսելով, քարացած կանգ առավ։ Ես էլ կանգ առա, հանկարծակիի գալով նրա լսողության սրությունից։ Ապա երեսիս չրխկացրեց տան դուռը։
Վարանած կանգ առա։ Հանկարծ լսեցի, որ արագ ոտնաձայները վերադառնում էին․ դուռը նորից բացվեց։ Նա շեմքում կանգնեց ու խանութի չորս կողմը նայեց, դեռևս որոշ կասկածներ ունեցողի արտահայտությամբ։ Ինքնիրեն մրթմրրթալով, ծերուկը զննեց վաճառասեղանի ետևը և աչքի անցկացրեց խանութի կահույքը։ Ապա տարակուսած կանգ առավ։ Նա բաց էր թողել տան դուռը, և ես ներքին սենյակը խցկվեցի։
Տարօրինակ խցիկ էր, խեղճուկրակ կահավորված, անկյունում խոշոր դիմակների մի կույտ։ Սեղանին տեսա նրա ուշացած նախաճաշը։ Ինձ համար, Քեմփ, ահռելիորեն ջղայնացուցիչ էր ստիպված լինել հոտոտել նրա սուրճը և աչալուրջ սպասել, մինչև նա կգար ու կշարունակեր ուտելը։ Հետո նրա ուտելու ձևն ինձ վրդովում էր։ Երեք դռներ էին բացվում սենյակում, մեկը վերնահարկ էր տանում, մյուսը՝ ներքնահարկ, բայց բոլորն էլ փակ էին։ Չէի կարող սենյակից դուրս գալ, այնքան ժամանակ, քանի նա այնտեղ էր, ոչ էլ կարող էի ամենաթեթև շարժումն անել, որովհետև չափից դուրս զգոն էր. իսկ իմ թիկունքում փչում էր միջանցուկ քամին։ Երկու անգամ ես ճիշտ ժամանակին խեղդեցի փռշտոցս։
Իմ ապրումների զգայացունց հանգամանքը նորություն էր ու հետաքրքրական, բայց և այնպես անտանելի հոգնած ու բարկացած էի ես, նախքան մարդուկը կվերջացներ նախաճաշը։ Բայց ի վերջո կշտացավ, պնակները տեղավորեց սև թիթեղե մատուցարանի վրա, թեյամանի կողքին և բոլոր փշրանքները հավաքելով մանանեխի արատներով զարդարված սփռոցի վրա, այդ ամենը հետը վերցրած, դուրս եկավ։ Բեռան պատճառով չկարողացավ ետևից փակել դուռը, ինչպես ակներևաբար ուզում էր։ Կյանքումս չեմ տեսել դուռ փակելու այսքան մոլի մարդու։ Նրա հետքերով գնացի ներքնահարկի կեղտոտ խոհանոցն ու լվացարանը։ Բավարարություն ունեցա դիտելու, թե նա ինչպես էր լվանում պնակները։ Հետո տեսնելով, թե այնտեղ մնալուս մեջ ոչ մի իմաստ չկար և կղմինդրե հատակը սառեցնում էր ոտքերս, վերնահարկ վերադարձա և նստեցի բուխարու կողքին զետեղված բազկաթոռին։ Կրակը հանգչելու վրա էր և ես, երկար֊բարակ չմտածելով, ածուխ գցեցի վրան։ Աղմուկի վրա ծերուկն իսկույն վեր թռավ և աչքերից կրակ ժայթքելով կանգնեց։ Նա չորս կողմը զննեց ու մազ մնաց դիպչեր ինձ։ Բայց նույնիսկ այդ քննությունը հազիվ թե բավարարեց նրան․ ուստի շեմքին կանգնեց ու մի վերջին անգամ էլ աչքի անցկացրեց սենյակը և ցած իջավ։
Փոքրիկ հյուրասենյակում սպասեցի մի ամբողջ դար, ի վերջո եկավ ու բաց արեց վերնահարկի դուռը։ Ես հազիվ կարողացա խցկվել նրա ետևից։
Սանդուղքի վրա հանկարծ կանգ առավ․ մազ մնաց զարնվեի նրան։ Գլուխը ետ դարձրած կանգնեց և ուղիղ դեմքիս նայելով ականջ դրեց․ «Պատրաստ եմ երդում ուտել․․․»— գոչեց նա։ Երկար մազմզոտ ձեռքով ճմկթեց ստորին շրթունքը և նայվածքը սանդուղքով վեր ու վար սահեցրեց։ Ապա ինչ֊որ քրթմնջաց ու վերնահարկ բարձրացավ։
Հազիվ էր ձեռքը բռնակին տարել, երբ դարձյալ կանգ առավ՝ շփոթված բարկության արտահայտությունը դեմքին։ Նա որսում էր իմ շարժումների ամենաթույլ խշշոցը։ Բացահայտ էր, մարդը սատանին վայել սուր լսողություն ուներ։ Հանկարծ կատաղություն եկավ վրան։ «Եթե այս տանը որևէ մեկը կա»— գոռաց նա լուտանքներ տեղալով, բայց սպառնալիքը կիսատ թողեց։ Ապա ձեռքը գրպանը տարավ, փնտրածը չգտավ և աղմկելով ու սայթաքելով կողքովս ցած թռավ կռվարար աքլորի պես։ Բայց ես չհետևեցի նրան։ Սանդուղքի գլխին նստած, վերադարձին սպասեցի։
Քիչ անց ծերուկը նորից հայտնվեց։ Շարունակ քրթմնջալով, նա բաց արեց սենյակի դուռը և ես ներս չմտած՝ դուռն երեսիս չրխկացրեց։
Որոշեցի հետախուզել տունը և ինչքան հնարավոր էր անձայն, որոշ ժամանակ այդ գործով զբաղվեցի։ Հնամենի ու խարխլած տուն էր, այնքան խոնավ որ ձեղնահարկում պաստառը պատերից պոկվում էր և ամեն կողմ առնետներ էին վխտում։ Դռների բռնակներից ոմանք այնքան կիպ էին, որ վախենում էի դարձնել։ Իմ աչքի անցկացրած սենյակներից մի քանիսը կահավորված չէին, մյուսներում թափթփված էին թատերական հնոտի կահույքներ, որոնք, ըստ երևույթին, երկրորդ ձեռքից էին գնված։ Ննջարանին կից սենյակում, հին հագուստների մի կույտ գտա։ Սկսեցի խառնշտել այդ բոլորը և այնքան տարվեցի, որ նորից մոռացա, թե ինչքան սուր էին տանտիրոջս ականջները։ Լսեցի գաղտագողի մի ոտնաձայն և ճիշտ ժամանակին գլուխս բարձրացնելով տեսա, որ նա ակնապիշ նայում էր տակնուվրա եղած կույտին և ձեռքում հնամենի մի ատրճանակ էր բռնել։ Բոլորովին անշարժ կանգնել էի, մինչ նա բերանաբաց ու կասկածոտ՝ չռել էր աչքերը։ «Երևի կինս էր»,— դանդաղ մռլտաց ծերուկը։― «Գրո՛ղը տանի նրան»։
Անշշուկ փակեց դուռը․ իսկույն լսեցի կողպեքի չրխկոցը, հետո էլ հեռացող ոտնաձայն երր։ Անդր ադարձա, թե ար դե լափակված էի։ Մի պահ դլուխս կորցրի* դոնից պատուհանի կողմը գնացի ու ետ դարձա և այլայլված կանգ առա։ Բարկության մի նոպա եկավ վրաս։ Բայց որոշեցի նախ և առաջ ղննւել հագուստները և ահա առաջին իսկ շարժումովս ցած գլորեցի վերին դարակի դեղը։ Այս աղմուկի վրա նա վերադարձավ, ավելի չարաշուք քան երբեք։ Այս անդամ ի սկսող ես դիպավ ինձ, ապշահար ետ ցատկեց և բերանաբաց կանգնեց սենյակի մեշտ եղը։
Բայց շուտով մի քիչ հանդարտ վեց։ «Առնետներն են» — ասաց կիսաձայն, մատները շրթներին տանելով։ Ակներևաբար մի քիչ վախեցել էր։ Անշշուկ սենյակից դուրս սպրդեցի, բայց հատակի տախտակներից մեկը ճռռաց։ Եվ ահա դժոխքի ծնունդ այդ անասունը ատրճանակը ձեռքում, սկսեց սենյակից սենյակ գնալ և դուռ դռան ետևից կողպել, գրպանելով բանալիներր։ Երբ գլխի ընկա, թե ինչ էր անում, կատաղության նոպաս բռնեց, չէի կարող զսպել ինձ և հարմար առիթին սպասել։ Այլևս գիտեի, որ նա տան մեջ մեն֊մենակ էր, ուստի առանց երկար֊բարակ մտածելու, գլխին հասցրի։
― Գլխին հասցրի՞ք,— բացականչեց Քեմփը։
― Այո՛, շշմեցրի ծերուկին, մինչ նա աստիճաններով ցած կիջներ։ Թիկունքից հարվածեցի հարթակի վրա գտնվող աթոռակով։ Նա սանդուղքով ցած գլորվեց, հին կոշիկներով լիքը պարկի պես։
― Բայց․․․ Լսե՛ք, մարդկային ամենատարրա կանսկզբունքներր․․․
— Շատ լավ են միմիայն հասարակ մարդկանց համար։ Խնդիրն այն էր, Քե՛մփ, ես պետք էր ծպտված դուրս գայի այդ տնից, և այնպես, որ նա ինձ չտեսներ։ Ուրիշ ճար չգտա։ Ապա բերանը փակեցի Լյուդովիկոս Տասնչորսերորդի ժամանակաշրջանի մի կամզոլով և սավանի մեջ կապկպեցի։
― Սավանի մեջ կապկպեցի՞ք...
― Մի տեսակ կապոց դարձրի նրան։ Ապուշին վախեցնելու և լռեցնելու միակ հնարքն էր դա. այդ կապոցի միջից դուրս գալը միայն սատանին է տրված, չէ՞ որ գլուխը հեռու էր կապերից։ Սիրելիդ իմ Քեմփ, կարիք չկա, որ այդպես նստեք և աչքներդ վրաս չռեք, ասես մարդասպան լինեմ։ Ես ստիպված էի այդպես վարվել։ Ի վերջո նա ատրճանակ ուներ։ Եվ եթե տեսներ ինձ, կկարողանար նկարագրել իմ արտաքինը։
― Բայց և այնպես,— ասաց Քեմփը,— Անգլիայում և այն էլ մեր օրերում․․․ Եվ հետո մարդն իր սեփական տան մեջ էր, իսկ դո՜ւք․․․ Դե դուք կողոպտում էիք․․․
― Կողոպտում էի՞։ Գրո՛ղը տանի։ Դուք դեռ ինձ գող էլ կկոչեք։ Հուսով եմ, Քե՛մփ, այնքան հիմար չեք լինի, որ հին երգով պար գաք։ Չե՞ք հասկանում իմ դրությունը։
― Այո՛, բայց նրանն էլ եմ հասկանում,— պատասխանեց Քեմփը։
Անտեսանելի Մարդը ընդոստ վեր կացավ։
― Ի՞նչ եք ուզում ասել․․․
Քեմփի դեմքը մի քիչ խստացավ։ Նա ինչ֊որ բան էր ասելու, բայց զսպեց իրեն։
― Ինձ թվում է՝ վերջ ի վերջո,— ասաց նա հանկարծ փոխելով շեշտը,— դուք ստիպված էիք այդպես վարվել։ Ձեր դրությունն անել էր։ Բայց և այնպես․․․
― Իհարկե անել էր իմ դրությունը, դժոխային էր իմ դրությունը։ Եվ հենց այդ ծերուկը կատաղեցրեց ինձ, ամբողջ տան մեջ ետևիցս ընկնելով․ ատրճանակը ձեռքում հիմարաբար ման էր գալիս՝ կողպելով ու բացելով դռները։ Պարզապես հոգիս բերանս բերեց։ Դուք ինձ չեք մեղադրում, չէ՞, դուք մեղադրո՞ւմ եք ինձ։
― Երբե՛ք, ես ոչ ոքի չեմ մեղադրում,— պատասխանեց Քեմփը։― Դա արդեն հնացած ձև է։ Հետո ի՞նչ արեցիք։
― Ես քաղցած էի։ Ներքնահարկում մի ամբողջ բոքոն գտա և մի քիչ էլ կծվահամ պանիր, որ ավելի քան բավական էր ինձ կշտացնելու համար։ Ապա մի քիչ ջրախառն բրենդի խմեցի և բարձրացա իմ հանպատրաստից կապոցի մոտ։ Նա շատ հանգիստ պառկել էր։ Հետո անցա հին հագուստների սենյակը, որ փողոցին էր նայում։ Պատուհանները ծածկող ժանյակե վարագույլձները կեղտից սրճագույն էին դարձել։ Մոտեցա և վարագույրների բացվածքներից դուրս նայեցի․ պայծառ եղանակ էր, շլացուցիչ կերպով պայծառ, ճիշտ հակառակը՝ իմ այցելած չարաշուք տան խավար ստվերին։ Փողոցում աշխույժ երթևեկություն կար — մրգասայլեր, մի հենսըմ, արկղների մի ամբողջ կույտ փոխադրող մի քառանիվ և ձկնավաճառի սայլակը։ Աչքերս շաղվեցին և ես դարձա մթնշաղի մեջ թաղված դարակներին։ Ջղագրգռությունս դարձյալ տեղի էր տալիս իմ դրության պարզ ու հստակ հասկացողությանը։ Ամբողջ սենյակը բռնել էր բենզինի հոտը, որ ըստ երևույթին գործածել էին հագուստները մաքրելիս։
Սկսեցի իրար ետևից խուզարկել սենյակները։ Պարզ երևվում էր, որ կուզիկը վերջերս մեն֊մենակ էր ապրել այդ տանը։ Տարօրինա՜կ մարդ․․․ Ամեն ինչ, որ կարող էր ինձ պետք գալ, հավաքեցի այն սենյակում, որտեղ պահվում էին հագուստները, իսկ հետո մանրակրկիտ ընտրություն կատարեցի։ Գտա ձեռքի մի պայուսակ, որ կարող էր շատ պիտանի լինել ինձ, ինչպես նաև պուդրի, կարմիր շպար և ինչ֊որ կպչուն սպեղանի։
Մտադրել էի ներկ ու պուդրի քսել դեմքիս և մարմնիս բոլոր այն մասերին, որոնք պետք էր երևային, որպեսզի տեսանելի դառնայի, բայց անպատեհությունն այն էր, որ բևեկնիի յուղի և ուրիշ նյութերի ինչպես նաև բավականաչափ Ժամանակի պետք պիտի ունենայի, նախքան կկարողանայի նորից աներևութանալ։ Ի վերջո ճարեցի ավելի լավ տեսակի մի դիմակ, ճիշտ է՝ մի քիչ ծիծաղաշարժ, բայց ոչ այնքան, որքան մարդկային շատ դեմքեր, ինչպես նաև սև ակնոց, ալեխառն այտամորուքներ և կեղծամ։ Սպիտակեղեն չգտա, բայց հետո կարող էի գնել․ առժամապես փաթաթվեցի քաթանե դոմինոներով և սպիտակ քաշմիրե շարֆերով։ Գուլպա չկարողացա գտնել, բայց կուզիկի կոշիկները ոտքովս էին․ լայն էին, բայց գործս տեսնում էին։ Խանութում գտնվող գրասեղանում երեք սովերեն և մոտ երեսուն շիլինգի չափ արծաթ փող, իսկ ներքին սենյակում՝ կողպված պահարանը ջարդելով ութը ֆունտ ոսկեդրամ գտա։ Այլևս կազմ ու պատրաստ էի դարձյալ մարդկանց մեջ մտնելու։
Հետո տարօրինակ մի վարանում ունեցա։ Արդյոք իմ արտաքինը իսկապես մարդավայե՞լ էր։ Ինքս ինձ աչքի անցկացրի ննջարանի հայելու մեջ, ամեն մի տեսանկյունից զննելով, տեսնելու թե որևէ բան բաց չէի՞ թողել։ Բայց, ինչպես երևում էր, ամեն ինչ կարգին էր։ Թատերական չափանիշով ծիծաղաշարժ էի, բեմի վայել մի չքավոր, բայց իհարկե քիչ թե շատ տանելի կերպարանք ունեի։ Ինքս ինձ վստահություն ներշնչելով, հայելին խանութ տարա և անկյունում տեղավորված հեցահայելու առաջ բոլոր կողմերից զննեցի ինձ։
Մի քանի րոպեում սրտապնդվեցի, բացեցի դուռը և փողոց դուրս եկա, թողնելով, որ մարդուկը քեֆն ուզած ժամանակ դուրս գա սավանի միջից։ Հինգ րոպեում տասնյակ խաչմերուկներով անցա։ Ոչ ոք նկատելի մի ուշադրություն չէր դարձնում վրաս։ Թվում էր՝ հաղթահարել էի վերջին դժվարությունս։
Դարձյալ լռեց Անտեսանելի Մարդը։
― Եվ դուք կուզիկին իր բախտի՞ն թողեցիք,— հարցրեց Քեմփը։
― Այո՛,— պատասխանեց Անտեսանելի Մարդը։— Ոչ էլ լսեցի, թե ի վերջո ինչ եղավ։ Երևի կապերը քանդեց կամ էլ գալարվելով դուրս ընկավ։ Հանգույցները բավական ամուր էին։
Նա լռեց և պատուհանին մոտենալով դուրս նայեց։
― Իսկ ի՞նչ պատահեց, երբ Սթրենդ գնացիք։
― Դե դարձյալ հիասթափություն․․․ Կարծում էի՝ չարչարանքներս վերջ էին գտել։ Կարծում էի՝ կարող էի անպատիժ անել ամեն ինչ, որ ուզում էի, միայն թե գաղտնիքս պահեի։ Այդպես էի կարծում։ Ինչ էլ անեի, արածս ինչ հետևանքներ էլ ունենար, մեկ չէ՞ր ինձ համար։ Բավական էր դեն շպրտեի հագուստներս և չքանայի։ Ոչ ոք չէր կարողանա բռնել ինձ։ Հանդիպած տեղս կարող էի դրամ վերցնել։ Եվ ահա որոշեցի ինքս ինձ պատվել մի հոյակապ խնջույքով, ապա տեղավորվել մի լավ հյուրանոցում և ձեռք բերել ինձ համար անհրաժեշտ ունեցվածքը։ Զարմանալիորեն ինքնավստահ էի․․․ Մի ճաշարան գնացի և սկսեցի ճաշ պատվիրել, երբ հանկարծ գլխի ընկա, որ եթե անտեսանելի դեմքս բաց չանեի, չէի կարողանա ուտել։ Վերջացրի պատվերս, մատուցողին ասացի, թե տասը րոպեից կվերադառնամ ու ջղագրգռված դուրս եկա։ Չգիտեմ, երբևէ սովահար վիճակում այդպես հիասթափվե՞լ եք։
— Ո՛չ այդ կերպ,— պատասխանեց Քեմփը,— բայց կարող եմ պատկերացնել․․․
― Ես պատրաստ էի սպանել այդ տխմարներին։ Ի վերջո, համով մի ճաշի համար զգացած քաղցից ուժասպառ, մի ուրիշ ճաշարան գնացի և առանձին սենյակ պահանջեցի։ «Դեմքս այլանդակվել է» — ասացի ես,— «ծանր վերքերից»։ Հետաքրքրությամբ ինձ նայեցին, բայց իհարկե, դա նրանց չէր վերաբերում, և այսպես, վերջապես ճաշեցի։ Սպասարկումն այնքան էլ լավ չէր, բայց և այնպես բավարարեց ինձ։ Երբ մի լավ կշտացա, շատ հանգիստ վայելեցի սիգարս, աշխատելով գործունեության ծրագիր կազմել։ Իսկ դրսում մի ձյունամրրիկ էր սկսվել։
Ինչքան մտածեցի այդ մասին, Քե՛մփ, այնքան ավելի համոզվեցի, թե խիստ անօգնական ու անհեթեթ է անտեսանելի մարդու վիճակը ցուրտ ու խոնավ կլիմայում, խճողված ու քաղաքակիրթ քաղաքում։ Նախքան այս խելագար փորձարկությունն անելս, երազել էի հազար ու մի առավելությունների մասին։ Այդ օրը ամեն ինչից հիասթպփվեցի։ Մեկ առ մեկ մտաբերեցի այն ամենը, որ ցանկալի են մարդու համար։ Կասկած չկա, անտեսանելիությունը հնարավոր է դարձնում ձեռք բերել դրանք, բայց անհնար է դարձնում վայելել, երբ արդեն ձեռք են բերված։ Փառասիրությո՜ւն․․․ Ի՞նչ իմաստ ունի որևէ դիրքի համար քո հպարտությունը, երբ չես կարող երևալ այնտեղ։ Ի՞նչ իմաստ ունի կնոջ սերը, երբ նրա անունը Դալիլա է լինելու։ Ինձ չի հետաքրքրել քաղաքականությունը, ոչ էլ կասկածելի ժողովրդականությունը և կամ բարեգործությունն ու սպորտը։ Էլ ինչ էր մնում ինձ։ Եվ ասե՜լ, թե սրա համար ես դարձել էի սքողված մի գաղտնիք, մարդկային մի ծաղրանկար, բարուրված Ու կապկպված։
Նա կանգ առավ, կեցվածքից երևում էր, որ պատուհանից դուրս՝ չորս կողմն էր պտտեցնում նա յվածքը։
― Բայց ինչպե՞ս ընկաք Այպինգ,— հարցվեց Քեմփը, որ ճիգ էր թափում անընդհատ խոսեցնել հյուրին։
― Աշխատելու գնացի այնտեղ։ Մի հույս ունեի, դեռևս տարտամ մի միտք։ Հիմա էլ ունեմ, բայց արդեն լրիվ հասունացել է։ Վերադարձի ճանապարհը գտնելն էր դա, հինը վերականգնելը, երբ ուզենայի, երբ ավարտեի այն ամենն ինչ ուզում էի անել անտեսանելի վիճակում։ Եվ հիմա գլխավորապես հենց այդ մասին եմ ուզում խոսել ձեզ հետ։
― Ուղղակի Այպի՞նգ գնացիք։
― Այո։ Ես ստացա նշումների երեք հատորներս և չեկի գրքույկս, սպիտակեղեն և ուրիշ անհրաժեշտ իրեր։ Պատվեր տվեցի միտքս իրագործելու անհրաժեշտ քիմիական նյութերի համար (ձեզ ցույց կտամ հաշվումներս, հենց որ ձեռք բերեմ գրքերս) և հետո ճանապարհ ընկա։ Աստվա՜ծ իմ, տակավին հիշում եմ ձյունամրրիկը և իմ քաշած անիծած տանջանքը, երբ փորձում էի քիթս փրկել ձյան տակ թրջվելու վտանգից։
― Ի վերջո,— հարեց Քեմփը,— նախանցյալ օր, երբ ձեզ հայտնաբերեցին, թերթերից դատելով, մի քիչ...
― Այո՛, մի քիչ․․․ Այդ հիմարի գլուխ ոստիկանի հաշիվը մաքրեցի՞, թե չէ։
― Ո՛չ,— պատասխանեց Քեմփը։― Ասում են՝ լավանում է։
― Բախտը բանել է։ Ես կարգին կատաղեցի այդ հիմարների դեմ։ Ինչո՞ւ ինձ հանգիստ չէին թողնում։ Իսկ այդ բռի նպարավաճա՞ռը...
― Ո՛չ մի մահ չի նախատեսվում,— ասաց Քեմփը։
― Իմ թափառաջրջիկի մասին ոչինչ չգիտեմ,— ասաց Անտեսանելի Մարդը տհաճ ծիծաղով։— Երկինքը վկա, Քեմփ, դուք չգիտեք՝ ինչ բան է կատաղությունը։ Տարիներով աշխատե՜լ, ծրագրեր ու դավեր մշակե՜լ, իսկ հետո ինչ֊որ անբան ու անմիտ մի ապուշ քո ճամփան կտրի՜․․․ Աշխարհի երեսին ստեղծված բոլոր տեսակի տխմար արարածները ուղարկվեցին խանգարելու ինձ։ Եթե այսպես շարունակվի, բոլորովին կգազազեմ ու կսկսեմ հնձել դրանց։ Առանց այդ էլ գործս հազարապատիկ դժվարացրին։
― Ինչ խոսք, որ ջղայնացուցիչ է,— ասաց Քեմփը սառնորեն։
== Գլուխ քսանչորսերորդ։ Ձախողված ծրագիրը ==