Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 21 666 բայտ, 11:11, 4 Հուլիսի 2016
/* Գլուխ քսաներկուերորդ։ Ունիվերմագում */
== Գլուխ քսաներկուերորդ։ Ունիվերմագում ==
 
— Եվ այսպես, հունվարին, երբ չորս կողմս օդում ձյունամրրիկի հոտն էր փչում, բավական էր ձյունն իջներ վրաս՝ իսկույն կմատներ ինձ։ Ուժասպառ, մրսած, ցավատանջ, աննկարագրելիորեն ընկճված ու դեռևս կիսով չափ միայն համոզված, թե անտեսանելի եմ, ես սկսեցի այս նոր կյանքը, որին դատապարտել էի ինքս ինձ։ Ապաստարան չունեի, ոչ էլ ապարատներ ունեի այլևս, կամ էլ աշխարհի երեսին որևէ մեկը, որին կարողանայի սիրտս բանալ։ Գաղտնիքս որևէ մեկին բանալը կնշանակեր ոտքով-ձեռքով ուրիշին անձնատուր լինել, ամենքի համար մի ցուցանք դառնալ։ Այսուհանդերձ գրեթե մտադրվել էի դիմել որևէ անցորդի և ինքս ինձ հանձնել նրա ողորմածությանը։ Բայց ես շատ պարզ պատկերացնում էի, թե ինչ սարսափ էր ազդելու և ինչպիսի բիրտ անգթություն էր հարուցելու նման փորձը։ Եվ այդպես էլ, փողոցում ո՛չ մի ծրագիր չմշակեցի։ Միակ նպատակս էր ձյունից պատսպարվել, հագնվել ու տաքանալ։ Հետո կարելի էր ծրագրերի մասին մտածել։ Բայց նույնիսկ ինձ՝ Անտեսանելի Մարդուս համար, անառիկ էին լոնդոնյան տների շարքերը՝ իրենց կողպեքներով, սողնակներով ու նիգերով։
 
Միայն մի բան պարզ ու հստակ տեսնում էի իմ առաջ. պատսպարան չունենալով՝ ենթարկվելու էի գիշերային ձյունամրրիկի ցրտին ու մյուս տանջանքներին։
 
Եվ հանկարծ ուղեղումս մի փայլուն միտք ծագեց։ Գոուըր֊Սթրիթից Թոթենհեմ֊Քորթ֊Ռոդ տանող փողոցներից մեկը մտա և ինքս ինձ գտա «Omnium» վաճառատան առաջ, որտեղ կարելի է գնել ամեն ինչ՝ միս, նպարեղեն, սպիտակեղեն, կահույք, հագուստեղեն ու մինչև իսկ յուղանկարներ — խանութների ոլորապտույտ, հսկա հավաքածու, քան թե մի խանութ․ դե գիտեք ինչպիսին է։ Կարծում էի՝ դուռը բաց կգտնեմ, բայց փակ էր։ Մինչ կանգնել էի լայն շքամուտքր առաջ, մի կառք մոտեցավ և համազգեստավոր մի մարդ (գիտեք ինչպիսին է լինում, գլխարկի հովարին «Omnium» գրված), լայն բաց արեց դուռը։ Մի կերպ ներս խցկվեցի և երբ անցա առաջին դահլիճով, (դա այն բաժինն էր, որտեղ ժապավեն, ձեռնոց, գուլպա և նմանօրինակ բաներ էին ծախում) մտա ավելի ընդարձակ մի հարկաբաժին, որտեղ զբոսանքների հատուկ զամբյուղներ և ոզորահյուս կահույքներ կային։
 
Այսուհանդերձ՝ այնտեղ ինձ ապահով չզգացի․ մարդիկ դես ու դեն էին գնում և ես անհանգիստ դեգերում էի, մինչև որ վերնահարկում ընկա մի մեծ բաժանմունք, որտեղ հարյուրներով մահճակալներ կային, իսկ այս բոլորից դենը, ի վերջո մի հանգստավայր գտա բրդյա ծալված ներքնակների հսկա կույտի մեջ։ Շենքն արդեն լուսավորված էր և հաճելիորեն տաքացված, և ես որոշեցի մնալ իմ ապաստարանում, աչալուրջ հսկելով գործակատարների և հաճախորդների երկու֊երեք խմբերի, որոնք մինչև վաճառատան փակվելու ժամը թափառում էին դես ու դեն։ Հետո կկարողանամ, մտածում էի ես, կողոպտել ուտելեղենի և հագուստեղենի բաժինները և ծպտված՝ գաղտագողի ման գալ վաճառատանը, զննել այնտեղ եղած֊չեղածը ու թերևս քնել անկողիններից մեկի վրա։ Այս ծրագիրս ինձ իրագործելի թվաց։ Ուզում էի հագուստներ ճարել ու թեև փաթաթված, բայց կասկած չհարուցող կերպարանք ընդունել, դրամ ձեռք բերել և հետո ստանալ փոստային գրասենյակում ինձ սպասող գրքերս ու ծանրոցներս, մի տեղ բնակարան վարձել և ծրագրեր մշակել, լիուլի օգտվելու համար այն առավելություններից, որոնք դեռևս կարծում էի, անտեսանելիությունս տալիս էր ինձ ուրիշ մարդկանց հանդեպ։
 
Վաճառատունը փակելու ժամը շուտ հասավ։ Հազիվ մի ժամ էր անցել այն պահից, երբ տեղավորվել էի ներքնակների վրա և ահա՛, տեսա, որ վարագույրները ցած էին իջեցվում և հաճախորդները դուրս էին հրավիրվում։ Իսկ հետո մի խումբ ժիր երիտասարդներ սկսեցին ուշագրավ արագությամբ դասավորել վաճառասեղանների վրա թափված ապրանքները։ Երբ բազմությունն սկսեց նոսրանալ, թողեցի որջս և զդույշ խցկվեցի վաճառատան ավելի մարդաշատ բաժանմունքները։ Իսկապես զարմացել էի, տեսնելով, թե երիտասարդ տղամարդիկ ու կանայք ինչքան արագ էին հավաքում ցերեկը վաճառքի համար ցուցադրված ապրանքները։ Բոլոր տուփերը, կախված գործվածքեղենը, ժանյակների երիզները, նպարեղենի բաժնի քաղցրեղենի տուփերը, ցուցադրված ամեն կարգի իրեր ցած էին բերվում, ծալվում ու նետվում կոկիկ արկղները, իսկ այն ամենն ինչ հնարավոր չէր ցած բերել կամ մի կողմ դնեի ծածկում էին պարուսինի նման ինչ-որ կոշտ լաթերով։ Ի վերջո բոլոր աթոռները կուտակվեցին վաճառասեղանների վրա, հատակին ոչինչ չմնաց։ Հենց որ այս երիտասարդներից և երիտասարդուհիներից որևէ մեկը վերջացնում էր գործը, անմիջապես ուղղվում էր դեպի դուռը, այնպիսի մի ոգևորված արտահայտությամբ, որ մինչ այդ երբեք չէի նշմարել որևէ գործակատարի դեմքին։ Հետո եկան մեծ թվով պատանիներ, որոնք սղոցուք էին շաղ տալիս և դույլեր ու ավելներ էին բերում։ Հարկ եղավ խույս տալ նրանցից, բայց դարձյալ սղոցուքը դաղեց բումբերս։ Խանձարուրված, մթնեցված բաժանմունքներում թափառելիս որոշ ժամանակ լսում էի ավելների քստքստոցը։ Ի վերջո, վաճառատան փակվելուց մի ժամ կամ մի քիչ ավելի անց՝ լսեցի դռների կողպվելու աղմուկը։ Լռություն տիրեց վաճառատանը, և ես ինձ գտա ընդարձակ բաժանմունքների, սրահների և ցուցասենյակների լաբիրինթոսում, մեն֊մենակ։ Ոչ մի շշուկ չէր լսվում։ Հիշում եմ՝ մի անկյունում, Թոթընհեմ-Ռոդի մուտքերից մեկի մոտով անցնելիս՝ լսեցի անցորդների կրունկների դոփյունը։
 
Նախ և առաջ ուղղվեցի այն բաժանմունքը, որտեղ գուլպաներ և ձեռնոցներ էի տեսել։ Մութ էր․ դժոխային չարչարանքով սկսեցի լուցկի փնտրել, որ ի վերջո գտա մի փոքրիկ գրասեղանի վերջին գզրոցում։ Հետո հարկ եղավ մի մոմ ճարել։ Ստիպված էի պատռել փաթեթներն ու խառնշտել տուփերն ու գղրոցները, բայց ի վերջո գտա փնտրածս։ Տուփին կպցված պիտակի վրա գրված էր՝ բրդյա վարտիք, բրդյա բաճկոնակ։ Հետո՝ գուլպաներ, մի հաստ շարֆ։ Վերջը անցա զդեստների բաժանմունքը և ճարեցի մի տաբատ, փափուկ թիկնոց, վերարկու և դեպի ներքև դարձված եզրերով գլխարկ, կղերականների դրած տեսակից։ Նորից զգացի, թե մարդ եմ, և հաջորդ մտածմունքս ուտելիք ճարելն եղավ։
 
Վերնահարկում խորտկարան կար․ այնտեղ սառը միս գտա։ Սրճամանում դեռևս սուրճ կար, և ես գազը վառեցի ու տաքացրի սուրճը։ Կարճ ասած՝ այնքան էլ վատ չդասավորեցի կյանքս։ Հետո, վաճառատան մեջ դես ու դեն թափառեցի ասվյակներ փնտրելով, բայց ստիպվեցի բավարարվել փետուրե վերմակով, և ի վերջո ընկա նպարեղենի բաժանմունքը, որտեղ գտա չտեսնված մեծ քանակությամբ շոկոլադ և շաքարոտված մրգեր, որոնք, ի վնաս ինձ, համարյա ամբողջությամբ մաքրազարդեցի, վերջն էլ բուրգունդյան սպիտակ գինի կոնծեցի։ Դրա կողքին խաղալիքների բաժանմունքն էր, և ես մի փայլուն միտք հղացա։ Արվեստական քթեր գտա, գիտեք, չէ՞, այդ դրածո քթերը, և իսկույն մտածեցի մուգ գույնի ակնոցների մասին։ Բայց «Omnium»֊ը ակնոցների բաժանմունք չուներ։ Քիթս իհարկե շատ էր զբաղեցրել ինձ, և ես սկզբում մտածել էի գրիմ անել։ Բայց այս գյուտս մտածել տվեց կեղծամների, դիմակների և այլնի մասին։ Ի վերջո քուն մտա փետուրե վերմակների կույտի վրա, որտեղ շատ տաքուկ էր և հանգստավետ։
 
Նախքան քնելս ես ունեցա ամենահաճելի մտորումները, որ երբևէ զբաղեցրել էին միտքս մեծ փոփոխությունից ի վեր։ Ֆիզիկական անդորրություն էի զգում և դա անդրադառնում էր մտքիս վրա։ Մտածում էի, թե առավոտյան կկարողանամ աննկատելի դուրս սպրդել իմ վրայի հագուստներով․ իմ վերցրած սպիտակ շարֆով կփաթաթեմ գլուխս, գրպանած դրամովս ակնոց և անհրաժեշտ ուրիշ իրեր կգնեմ և կամբողջացնեմ ծպտումս։ Եվ ահա՛ վերջին մի քանի օրվա դեպքերի շուրջը դարձող, խառնիխուռն և անհեթեթ երազների մեջ մխրճվեցի։ Տեսա գեղջուկ, հրեա տանտիրոջս, որ գոռգոռում էր իր սենյակներում․ տեսա նրա ապշահար զավակներին և խորշոմած պառավի ծռմռված դեմքը, իր կատվի մասին հարցուփորձ անելիս։ Ես նորից վերապրեցի այն տարօրինակ զգացողությունը, որ ունեցել էի լաթի աներևութանալը դիտելիս, մինչև որ գնացի֊տեսա հողմահար բլրալանջը, որտեղ ֆսֆսացնող ծերունի կղերականը հորս բաց գերեզմանի վրա մռլտում էր․ «Հո՛ղ էիր, հող դարձիր»։
 
― Դո՛ւ էլ,— գոչեց մի ձայն, և հանկարծ սկսեցին ինձ քարշ տալ դեպի գերեզմանը։ Ես ընդդիմացա, ճչացի, սգավորներին աղաչեցի, բայց նրանք քարսրտորեն հետևեցին թաղման արարողությանը․ ծերունի կղերականն էլ բնավ չդադարեց քրթմնջալ ու ֆսֆսալ ամբողջ ծիսակատարությունը։ Գլխի ընկա, թե անտեսանելի և անլսելի էի, թե գերակշիռ ուժեր հաղթահարել էին ինձ։ Իզո՛ւր ընդդիմացա․ ինձ գերեզման գլորեցին և դագաղը դղրդաց, երբ վրան ընկա։ Խճաքարերը բահերով գլխիս թափվեցին։ Ո՛չ ոք կարևորություն չէր տալիս ինձ, ո՛չ ոք չէր նկատում իմ գոյությունը։ Ես ջղաձգորեն թպրտացի և զարթնեցի։
 
Լոնդոնյան աղոտ արշալույսը ծագել էր, վաճառատունը լցվել էր պաղ ու գորշ լույսով, որ վարագույրների եզրերից ներս էր սողոսկում։ Ես նստեցի և բավական ժամանակ չէի կարողանում պատկերացնել, թե սա ինչ բնակարան է, որտեղ լցվել են վաճառասեղաններ, ոլորված ապրանքների դեզեր, վերմակների և բարձերի կույտեր, երկաթե սյուներ․․․ Հետո, երբ հիշեցի ամեն ինչ, խոսակցության ձայներ լսեցի։
 
Քիչ անց, հեռվում ինչ-որ բաժանմունքի ավելի լուսավոր մասում, որտեղ վարագույրներն արդեն բարձրացվել էին, տեսա իմ կողմն եկող երկու մարդկանց․ իմ իրարանցման հանած աղմուկը նրանց ուշադրությունն էր գրավել։ Երևի նկատել էին շտապ, բայց հանգիստ հեռացող մի կերպարանք։ «Ո՞վ կա այդտեղ»— գոռաց մեկր,— «Է՛յ, դու, կա՛ց»,— բղավեց մյուսը։ Ես անկյունը շրջվեցի և դեմ առա անգլուխ մի կերպարանքի, դուք այդ մի՛ մոռանաք — տասնհինգ տարեկան մի լղարիկ պատանու։ Նա աղաղակեց և ես ցած գլորեցի նրան, մի ուրիշ անկյուն էլ դարձա և ասես ներշնչումով, նետվեցի մի վաճառասեղանի ետևը։ Մի ակնթարթում լսեցի վազող ոտքերի դոփյունը և մարդկանց գոռում-գոչյունը․ «Բոլոր աշխատակիցներդ վազե՛ք դեպի դռները», ոմանք հարցնում էին՝ ի՞նչ էր պատահել, կամ էլ իրար խորհուրդ էին տալիս, թե ինչպես պետք էր բռնել ինձ։
 
Մահու չափ վախեցած՝ պառկել էի հատակին։ Ինչքան էլ տարօրինակ թվա, այդ պահին բնավ մտքովս չանցավ հանել հագուստներս, ինչպես պետք է արած լինեի։ Երևի որոշել էի հագնված ծլկել վաճառատնից և հենց այդ միտքն էր ղեկավարում ինձ։ Եվ ահա հանկարծ վաճառասեղանների մեջտեղի երկար անցքով մեկ, մի աղաղակ լսվեց․ «Այստե՜ղ է, այստե՜ղ․․․»։
 
Ես վեր թռա, վաճառասեղանի վրայից մի աթոռ խլեցի և թավագլոր շպրտեցի գոռգոռացող հիմարի գլխին, ապա շուռ եկա, անկյունը դառնալիս մի ուրիշ մարդու դեմ առա, մի հարվածով ետ մղեցի նրան և աստիճաններով վեր խոյացա։ Իսկ մարդը, որ ոտքերի վրա ամուր կանգնել էր, սկսեց հայհո՜ւյ կանչել և աստիճաններով վեր՝ կրնկակոխ հասավ իմ ետևից։ Աստիճանների գլխին կուտակվել էին վառ գույներով ամաններ, ինչպե՞ս են կոչվում դրանք․․․
 
― Գեղարվեստական վազաներ,— թելադրեց Քեմփը։
 
— Այդ է, որ կա, գեղարվեստական վազաներ էին։ Լավ ուրեմն, վերին աստիճանի վրա շուռ եկա, վերցրի դիզված վազաներից մեկը և ջարդեցի նրա տխմար գլխին, երբ նա վրաս էր նետվում։ Վազաների կույտը թավալգլոր փուլ եկավ, և ես ամեն կողմից աղաղակներ ու վավզողների ոտնաձայներ լսեցի։ Խելագարի պես նետվեցի խորտկարանի կողմը, իսկ այնտեղ խոհարարի պես սպիտակ հագած մի մարդ կար։ Այս անգամ նա սկսեց հալածել ինձ։ Հուսահատական ճիգով մի կողմ նետվեցի և ինձ գտա լամպերի ու երկաթեղեն ապրանքների բաժանմունքում։ Ես անցա վաճառասեղանի ետևը և իմ խոհարարին սպասեցի, իսկ երբ նա ինձ հալածողների գլուխն անցած դիմացս տնկվեց, մի խոշոր լամպով հասցրի նրան։ Գունդուկծիկ ցած գլորվեց մարդը, իսկ ես կուչ եկա վաճառասեղանի ետև և սկսեցի, ինչքան հնարավոր էր արագ քաշել֊հանել հագուստներս։ Թիկնոց, բաճկոն, տաբատ ու կոշիկ հանելը հեշտ եղավ, բայց բրդե բաճկոնակը կպչում է ինչպես սեփական մաշկը։ Մոտեցող մարդկանց ոտնաձայնը լսեցի, իսկ իմ խոհարարը հանգիստ պառկել էր վաճառասեղանի մյուս ծայրում, շշմել էր կամ էլ վախից լեզուն կապ էր ընկել։ Պետք էր նորից ծլկեի, ինչպես փայտի դեզի տա կից քշված ճագարը։
 
«Ոստիկա՛ն, ա՛յս կողմ»— գոռաց ինչ-որ մեկը։ Նորից ինձ գտա մահճակալների պահեստում և զգեստապահարանների մի ամբողջ անտառի ծայրում, դրանց մեջտեղը նետվեցի, պառկեցի հատակին, անվերջանալի գալարումներից հետո ազատվեցի իմ բաճկոնակից և նորից ազատ մարդ դարձա։ Վախեցած կանգնել էի ու հևում էի, երբ ոստիկանն ու երեք գործակատարներ անկյունը դարձան։ Նրանք նետվեցին բաճկոնակի ու վարտիքի վրա և չանթեցին տաբատը։ «Ավարը դեն է գցում» — ասաց երիտասարդներից մեկը։ «Այս կողմերը պետք է լինի»։
 
Այդուհանդերձ ինձ չգտան։
 
Դիտեցի, թե ինչպես բավական ժամանակ փնտրում էին ինձ և անիծեցի չար բախտս, որ կորցրել էի հագուստներս։ Ապա գնացի խորտկարան, խմեցի այնտեղ գտնված մի քիչ կաթը և բուխարու առաջ նստած, սկսեցի մտածել իմ դրության մասին։
 
Քիչ անց երկու գործակատարներ եկան և սկսեցին տաքացած՝ խենթուխելառ զրուցել անցած-դարձածի մասին։ Խիստ չափազանցված մի պատմություն լսեցի իմ պատճառած վնասների մասին՝ ու ամեն տեսակ գուշակություններ, թե արդյոք որտե՞ղ եմ։ Հետո դարձյալ սկսեցի ծրագրեր կազմել։ Հիմա, որ ամեն ոք աչալուրջ էր, անհաղթահարելիորեն դժվար էր որևէ ավար դուրս հանել վաճառատնից։ Պահեստ իջա, որպեսզի տեսնեի, թh որևէ հնարավորություն կա՞ր մի ծանրոց պատրաստելու և հասցեագրելու, բայց վերահսկողության սիստեմից գլուխ հանել չկարողացա։
 
Տեսնելով, որ ձյունն իջնելիս հալվել էր և եղանակը նախորդ օրվանից պայծառ էր ու տաք, ժամը տասնմեկի մոտերքը վճռեցի, որ Ունիվերմագի վրա հույս դնել չէր լինի և դուրս եկա, ջղագրգռված, քանի որ ոչ մի հաջողություն չէի ունենում։ Իսկ իմ ապագա գործունեության մասին ուղեղումս եղած ծրագրերը շատ տարտամ էին։
== Գլուխ քսաներեքերորդ։ Դրյուրի-Լեյնում ==
Վստահելի
83
edits