Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 23 477 բայտ, 11:32, 26 Հուլիսի 2016
/* Գլուխ XXV */
Ես չէի կասկածում, որ բոլոր արքայազունները գունդ կմտնեն, հետևաբար բոլոր գոյություն ունեցող ֆոնդերը կվերացվեն, իսկ բոլոր նորածիններին գնդում գրել կտան նախապես, սրանում էլ ես չէի կասկածում։ Եվս մի երկու ամիս և թագավորական գունդ կոչվող ծիծաղելի անհեթեթությունը դադարելով գոյություն ունենալուց, տեղ կգրավի անցյալի զարմանք հարուցող բաների կողքին։
 
 
==Գլուխ XXVI==
 
Առաջին լրագիրը
 
 
Երբ ես հայտնեցի թագավորին, թե մտադիր եմ հասարակ մարդու հագուստով թափառելու մեկնել, որպեսզի մոտիկից ծանոթանամ ժողովրդի կյանքին, նա վայրկյանապես բռնկվեց այդ ծրագրի թարմությամբ և հայտարարեց, որ մեկնելու է թափառելու ինձ հետ, և որ աշխարհիս երեսին ոչ մի բան նրան ետ չի պահի։ Այ, հենց հիմա ամեն ինչ ձգելու է ու ճանապարհ ընկնելու․ դա ամենասքանչելի գաղափարն է, որ վերջին բազմաթիվ օրերի ընթացքում անցել է իր գլխով։ Նա ուզում էր անմիջապես մեկնել, բայց ես համոզեցի, որ այդպես չի կարելի։ Նա արդեն նշանակել էր գեղձախտից բուժման ժամկետը, իսկ նման հարցերում խաբելը լավ չէր, մանավանդ, որ խոսքը գնում էր միայն մեկ գիշերով հետաձգելու մասին։ Բացի այդ ես ենթադրում էի, թե նա պետք է զգուշացնի թագուհուն իր առաջիկա մեկնման առթիվ։ Երբ ասացի այդ, նա մթագնեց ու վշտացավ։ Ես զղջացի, որ խոսք էի բացել թագուհու մասին, մանավանդ, երբ նա թախծոտ պատասխանեց․
 
― Դու մոռանում էս, որ Լանսելոտը մնում է այստեղ։ Իսկ երբ Լանսելոտը այստեղ է, թագուհին չի նկատում ո՛չ թագավորի մեկնումը, ո՛չ էլ ժամանումը։
 
Ես, իհարկե, անմիջապես փոխեցի նյութը։ Այո, Գինեվրը գեղեցկուհի էր, բան չունեմ ասելու, բայց շատ թեթևսոլիկ։ Ես, իհարկե, երբեք քիթս այդ հարցերի մեջ չեմ խոթել, դրանք պարզապես իմ գործը չէին, բայց ինձ դուր չէր գալիս նրա վարքը և ես չեմ ամաչում այդ մասին ասել։ Քանի՜ քանի՜ անգամ նա ինձ հարցրել է․ «Սըր Տնօրեն, դուք արդյոք չե՞ք տեսել սըր Լանսելոտին»։ Իսկ եթե երբևէ նա հարցրել էր թագավորի մասին, ես, հավանաբար, մոտերքում չեմ եղել։
 
Գեղձախտը բուժելու համար միանգամայն տանելի պայմաններ էին ստեղծել, ամեն ինչ կոկիկ էր ու պատկառազդու։ Թագավորը նստել էր գահի վրա, ամպհովանու ներքո, նրա շուրջը շարվել էին հոգևորկանները իրենց լրիվ հանդերձանքով։ Երևացող տեղում կանգնած էր Մերլինը, որ խաբեբա հեքիմների ցեղի մի ճգնավոր էր և ներկայացնում էր հիվանդներին։ Հատակին, ընդհուպ մինչև դռները նստած և պառկած էին վառ լույսով ողողված հիվանդները։ Այդ ամբողջը կարծես բեմի վրա լիներ և միտումնավոր սարքած, թեպետ ոչ ոք միտումնավոր ոչինչ չէր սարքել։ Հիվանդները ութ հարյուր հոգի էին։ Աշխատանքը դանդաղ էր ընթանում։ Այն ինձ համար մեծ հետաքրքրություն չէր ներկայացնում, որովհետև նախկինում էլ նման արարողություններ տեսել էի, այնպես որ շուտով ձանձրացա, բայց վայելչությունը ստիպում էր տեղումս մնալ մինչև վերջ։ Բուժումը հիմնվում էր այն բանի վրա, որ նման ամբոխի մեջ միշտ էլ շատ մարդիկ էին գտնվում, որոնք երևակայում էին, թե իրենք հիվանդ են, ինչպես նաև այնպիսի մարդիկ, որոնք հիվանդ էին ձևանում, որպեսզի արժանանան թագավորի ձեռքի հպումի անմահ պատվին, կամ էլ ստանալ ստակը, որը հանձնում էր թագավորը այդ հպումի պահին։ Ստակը ոսկի էր և մոտավորապես մեկ երրորդ դոլարի արժեք ուներ։ Եթե նկատի ունենանք, թե այդ ժամանակաշրջանում և այդ երկրում որքան օգտաշատ հիվանդություն էր գեղձախտը բոլոր նրանց համար, ովքեր դեռ ողջ էին, դուք կհասկանաք, թե գանձարանին որքան թանկ էին նստում այդ ամենամյա բուժումները և, թե ինչպես էր գանձարանը քերթում հարկատուների կաշին այդ ծախսը փակելու համար։ Ես ինքս ինձ որոշեցի բուժել գանձարանը գեղձախտից։ Քամելոտից մեկնելուց մեկ շաբաթ առաջ ես գանձարանում ետ պահեցի այդ նպատակին հատկացված գումարի վեց յոթերորդ մասը և կարգադրեցի, որպեսզի մնացած մեկ յոթերորդը վերածվի հինգցենտանոց նիկելյա ստակների, որոնք հանձնեցի գեղձախտի դեպարտամենտի վարիչին յուրաքանչյուր հիվանդին ոսկու փոխարեն մեկական այդպիսի ստակ տալու համար։ Նիկելը այնքան էլ շատ չէր, բայց հույս ունեի, որ կբավարարի։ Որպես կանոն, ես կողմնակից չեմ դրամի կեղծմանը։ Բայց տվյալ դեպքում, ըստ իս, ամաչելու հարկ չկար, քանի որ վերջին հաշվով խոսքը գնում էր նվերի մասին։ Եթե որևէ բան ես նվիրում, կարող ես ուզածիդ չափ ջուր խառնել նրան, ես միշտ էլ այդպես եմ վարվում։ Շրջանառության մեջ գտնվող ոսկյա և արծաթյա հին դրամները մեծ մասամբ անհայտ ծագումի էին․ պատահում էին նույնիսկ հռոմեական ստակներ։ Բոլոր այդ դրամները խորդուբորդ էին և ոչ ավելի կլոր, քան լուսինը իր բոլորումից մեկ շաբաթ հետո․ նրանք ոչ թե ձուլված էին, այլ կռանված և այնպես էին քերվել օգտագործումից, որ նրանց վրայի սովորական ճանկռտվածքի նմանվող փորագրությունները պարզապես անընթեռնելի էին դարձել։ Ես էլ միտք արի, որ հստակ, վառ, նոր նիկելյա ստակները՝ մի երեսին թագավորին բավականին նման դիմապատկերով, մյուսին՝ Գինեվրի, և մեկ էլ որևէ բարեպաշտ մակագրությամբ, ընդունակ կլինեն գեղձախտից բուժել ծանրակշիռ ոսկյա դրամից ոչ պակաս հաջողությամբ և նույնիսկ ավելի դուր կգան գեղձախտավորներին։ Ի վերջո, պարզվեց, որ ես ճշմարիտ էի։ Հիվանդների այս խմբի վրա մենք առաջին անգամ կատարեցինք այս փորձը, և այն անցավ փառավոր կերպով։ Բավականին տնտեսում ստացվեց։ Ահա, խնդրեմ, տեսեք թվերը։ 800 հիվանդներից թագավորը շնորհ արեց դիպչելու 700֊ին, նախկին սակագնով դա պետությանը կնստեր 240 դոլար, նոր սակագնով մենք վճարեցինք ընդամենը 35, և միայն մի գործողության վրա տնտեսեցինք 200 դոլարից ավելի։ Այս հեղաշրջումի ամբողջ նշանակությունը ըմբռնելու համար, նկատի առեք խնդրեմ, նաև ուրիշ թվեր։ Ազգային կառավարության տարեկան ծախսը հավասար է երկրի ամբողջ բնակչության (եթե յուրաքանչյուր բնակչին ընդունենք հասուն տղամարդու տեղ) միջին եռօրյա աշխատավարձին։ Դիցուք, ազգը բաղկացած է 60.000.000 մարդուց և մեկ բնակչի ամենօրյա միջին աշխատավարձը կազմում է 2 դոլար, ուրեմն եռօրյա ընդհանուր աշխատավարձը հավասար կլինի 360.000.000. դոլարի։ Սա էլ հենց այն գումարն է, որով կարելի է վճարել կառավարության տարվա ծախսերը։ Իմ օրերին և իմ երկրում այդ գումարը պետությունը հավաքում է մաքսերի օգնությամբ, իսկ քաղաքացիներն էլ երևակայում էին, թե ապրանք ներմուծող օտարերկրացիներն են վճարում, ու այդ միտքը նրանց համար մխիթարիչ էր, բայց իրականում վճարը կատարում էր ինքը՝ ամերիկյան ժողովուրդը, և սույն գումարը այնքան ճշգրիտ կերպով էր հավասարապես բաժանված ամերիկացիների վրա, որ և հարյուր միլիոնի կարողության տերը և սևագործ բանվորի կրծքի երեխան վճարում էին նույնքան ― 6 դոլար։ Ավելի մեծ հավասարություն, ըստ իս, հնարավոր չէր։ Բայց այստեղ Իռլանդիան և Շոտլանդիան հարկատում էին Արթուրին, և Բրիտանական կղզիների բնակչության ընդհանուր թիվը մոտենում էր 1.000.000֊ի։ Արհեստավորը օրեկան երեք ցենտ էր վաստակում, չհաշված նրա սնունդը։ Հետևաբար ազգային կառավարության ծախսերը տարեկան կազմում էին 90.000 դոլար, կամ օրեկան 250 հիսուն դոլար։ Այսպիսով գեղձախտից բուժման օրը ոսկին նիկելով փոխարինելով, ես ոչ միայն ոչ ոքի չվշտացրի, ոչ ոքի չհիասթափեցրի, այլև, ընդհակառակն, հաճույք պատճառեցի բոլոր շահագրգռված անձանց և գանձարանում պահեցի այդ օրվա բոլոր պետական ծախսերի չորս հինգերորդ մասը, որ իմ ժամանակների Ամերիկայում 800.000 հազար դոլար կկազմեր։ Այս փոխանակումը կատարելիս, ես ղեկավարվում էի շատ հեռավոր աղբյուրից քաղած իմաստնությամբ՝ իմ մանկական օրերի իմաստնությամբ, քանի որ իսկական պետական գործիչը չի կարող խորշել իմաստնությունից, որքան էլ ցածր ծագում ունենա նա։ Մանկությանս օրերին ես միշտ խնայում էի դրամները, որոնք պարտավոր էի նետել միսիոներների սափորների մեջ վայրենիների համար, դրանց փոխարեն կոճակներ նետելով։ Կոճակները անհասկացող վայրենիներին նույնքան ձեռք կտային, որքան դրամները․ բոլորը երջանիկ կմնային և ոչ ոք չէր վնասվի։
 
Մերլինը առաջինն էր ընդունում հիվանդներին։ Նա ստուգում էր յուրաքանչյուր թեկնածուին․ եթե թեկնածուն չէր բռնում քննությունը, նրան քշում էին, իսկ եթե բռնում էր, նրան մոտեցնում էին թագավորին։ Քահանան արտաբերում էր․ «Դիր ձեռքդ ի վերա սորա և բժշկյա գնա»։ Իսկ այդ ժամանակ թագավորը աղոթքների ընթերցանության ներքո դիպչում էր վերքերին։ Դրանով էլ սահմանափակվում էր բուժումը։ Ապա թագավորը հիվանդի վզովն էր անցկացնում նիկելյա ստակը ու արձակում նրան։ Դե, ի՞նչ եք կարծում, հիվանդը բուժվում էր, թե ոչ։ Անկասկած, բուժվում էր։ Ուզածդ խաբկանքը կարող է բուժել, եթե հիվանդը վստահ հավատում է դրան։ Աստոլատի մոտերքը մի մատուռ կար, որը կառուցվել էր այն տեղում, որտեղ մի անգամ սուրբ կույսը հայտնվել էր սագեր արածացնող փոքրիկ աղջնակին (աղջնակը ինքն էր այդ մասին պատմել)․ մատուռի մեջ այդ դեպքը պատկերող նկար էին կախել, այնպիսի նկար, որ թվում էր, թե հիվանդի համար վտանգավոր է նրան մոտ գնալը, սակայն ընդհակառակն, ամեն տարի հազարավոր հաշմանդամ ու հիվանդ էին գալիս այդ նկարի առջև աղոթելու և վերադառնում էին բուժված, և նույնիսկ առողջ մարդիկ նայում էին նրան, ու չէին մեռնում։ Իհարկե, երբ ինձ պատմեցին այդ մասին, ես չհավատացի, բայց երբ գնացի այնտեղ ու տեսա սեփական աչքերովս, ստիպված էի համաձայնվել։ Ես ինքս եմ տեսել բուժման պահերը, և դրանք իսկական հրաշք բուժումներ էին, այլ ոչ թե կասկածելի։ Ես տեսել եմ, թե ինչպես հաշմանդամները, որոնց տարիներ շարունակ հանդիպել եմ Քամելոտի շրջակայքում անթացուպերի վրա, եկել են, աղոթել նկարի առջև, ապա դեն նետել անթացուպերը և գնացել առանց կաղալու։ Լավագույն ապացույցը այդ մատուռի մոտ թափված անթացուպերի կույտերն էին։
 
Որոշ տեղերում բուժողները ներգործում էին ուղղակի հիվանդի երևակայության վրա, բուժում նրան, առանց որևէ բառ արտասանելու։ Ուրիշ տեղերում մասնագետները հիվանդներին մի սենյակի մեջ էին հավաքում, աղոթում նրանց համար, դիմում նրանց հավատին, և այդ հիվանդները թողնում էին սենյակը բուժված։ Եթե երբևէ մի թագավորի հանդիպեք, որը չի կարողանում գեղձախտ բուժել, ապա վստահ եղեք, որ նրա գահին սատարող ամենաարժեքավոր նախապաշարումը, նրա իշխանության աստվածային ծագման հավատը այլևս կորած է։ Պատանեկությանս տարիներին Անգլիայի միապետները դադարել էին հիսունից քառասունհինգ դեպքում դրական արդյունքի հասնել։
 
Այդպես երեք ժամ շարունակ ծոր էր տալիս քահանան, բարի թագավորը դիպչում էր վերքերին, իսկ հիվանդ ամբոխը բնավ չէր պակասում, և այդ ամենը ինձ անասելի ձանձրացրել էր։ Նստած էի բաց պատուհանի մոտ, թագավորական ամպհովանուց ոչ հեռու։ Արդեն հինգ հարյուրերորդ հիվանդն է մոտենում թագավորին, ցուցադրելով իր զզվելի վերքերը, և հինգ հարյուրերորդ անգամ հնչում էին «Դիր ձեռք ի վերա սրա և բժշկյա գնա․․․» բառերը, և հանկարծ պատուհանի մյուս կողմում զնգաց սրնգի նման հատուկ մանկական ձայնը, որը հուզեց իմ հոգին և անմիջապես փոխադրեց ինձ տասներեք հարյուրամյակ առաջ․
 
― Քամելոտի «Օվսաննա շաբաթաթերթ» և «Գրական հրաբուխ»։ Վերջին համարը։ Միայն երկու ցենտ։ Լրիվ տեղեկություններ Սրբության Հովտի մեծագործ հրաշքից։
 
Ժամանել էր թագավորական առավել մեծը՝ լրագրավաճառ տղան։ Բայց ամբողջ այդ բազմաժխոր ամբոխի մեջ ես միակն էի, որ հասկանում էի, թե ինչ է նշանակում այդ վեհաշուք ժամանակը, և գիտեի, թե ինչ պետք է բերի աշխարհին այդ կայսերական մոգը։
 
Ես պատուհանից դուրս նետեցի մի նեկելյա ստակ և ստացա լրագիրը։ Լրագրավաճառը, բոլոր լրագրավաճառների Ադամը, կորավ անկյունադարձի ետևում, որպեսզի դրամը մանրի․ մինչև այսօր էլ նա չի վերադարձել։ Աննկարագրելիորեն հաճելի էր նորից լրագիր տեսնելը, բայց, խոստովանում եմ, ես ցնցվեցի, երբ հայացքս սահեց առաջին էջի խորագրի վրայով։ Այնքան երկար էի ապրել հեզության, խոնարհության, ստորաքարշության վարակիչ մթնոլորտում, որ սառը դող անցավ մեջքովս, երբ կարդացի․
 
:::<b>Մեծ իրադարձություններ Սրբության հովտում</b>
 
:::::::<b>Ջրմուղը խցանված է</b>
 
::<b>Ծերուկ Մերլինը իր արվեստը ցուցադրեց, բայց ձախողվեց</b>
 
:::::::<b>Իսկ տնորենը մի փորձից հաջողացրեց</b>
 
<b>Հրաշագործ ջրհորը խցանազերծվեց դժոխային կրակների սարսափազդու պայթունների</b>
::::::::::<b>ծխի ու ամպրոպի մեջ</b>
 
:::::::::<b>Ամբղջ կկվաստանը ապշած է</b>
 
::::::::::<b>Անզուգական հրաշք</b>
 
Եվ այլն և այլն։ Պիտի ընդունեմ, որ չափազանց ճռճռան էին։ Կար ժամանակ, երբ նման խորագրերը ինձ դուր էին գալիս և ես նրանցում ոչ մի վատ բան չէի տեսնում, բայց այժմ դրանք ծակում էին աչքս։ Դա մի փառավոր արկանզասյան լրագրություն էր, բայց սա Արկանզասը չէր։ Ավելին, նախավերջին տողի մեջ նպատակ էր դրված վիրավորելու ճգնավորներին, իսկ դա կարող էր մեզ զրկել նրանց ազդերից։ Եվ առհասարակ, թերթի ամբողջ ոճը թեթևամիտ էր ու լեզվանի։ Ըստ երևույթին, առանց այդ նկատելու, ես բավականին փոխվել էի։ Ինձ վրա տհաճ տպավորություն էին գործում մանր֊մունր խայթոցները, որոնք կյանքիս առաջին շրջանում ինձ պարզապես նրբագեղ լեզվական դարձվածքներ կթվային։ Դուր չեկան նաև հետևյալ կարգի թղթակցությունները, որոնց թիվը լրագրում բավականին շատ էր․
 
:::::Տեղական ծուխ ու մոխիր
 
::Անցյալ շաբաթ, սըր ԲալմորալՄերվելիսի
:խոհանոցից հարավ, ճահճուտի մոտ, սըր
:Լանսելոտը անսպասելի հանդիպեց ծերունի
:Ագրիվան իռլանդացի թագավորին։ Ի գիտություն այրերին։
 
::Հաջորդ ամսի սկզբներին N 3 արշավախումբը
:ճանապարհվում է փնտրելու սըր Սագրամոր
:Ցանկալիին։ Այն ղեկավարում է Կարմիր
:Մարգագետինների հայտնի ասպետը։ Նրան
:ուղեկցում է Պերսանս Ինդցին, որը լավ է իմանում
:գործը, խելոք է ու սիրլիր, ինչպես նաև սըր
:Պալամիդ Սարացինը, որը նույնպես վրիպողներից չէ։ Այս տղաները գիտեին, որ գործի են գնում :և ոչ թե քեֆի։
 
::«Օվսաննայի» ընթերցողները ցավով իմանում են,
:որ գեղեցկատես և ամենքին հայտնի սըր Չարոլե
:Դալլացին, որը չորս շաբաթ ապրեց քաղաքում
:«Ցուլ և Ձիալեզու» իջևանատանը և նվաճեց բոլոր
:սրտերը իր հղկված շարժումներով և նրբագեղ
:զրուցներով, օրերս մեկնում է տուն։ Նորից մեզ
:մոտ արի, Չարլի։
 
::Անցյալ երկուշաբթի կախարդության հովտի եզ֊
:րին, Հանգուցավոր Բիր հսկայի հետ մարտում
:զոհված Քորնուոլի հերցոգի որդի հանգուցյալ սըր
:Դամանսի թաղումը իր ձեռքն է վերցրել ազնիվ և գործունյա Մեմբլը՝ դագաղագործների
:արքայազնը, որը փառք է վաստակել վերջին պարտքը տալու անգերազանցելի հմտությամբ։
:Փորձեցեք նրան։
 
::«Օվսաննայի» ամբողջ գրասենյակը, խմբագրից
:մինչև վերջին տպագրիչը, իր սրտագին շնորհա֊
:կալությունն է հայտնում Պալատի Լորդ
:Սենեկապետի երրորդ Օգնականին այնքան
:բարձր որակի մի քանի պնակ պաղպաղակի
:համար, որը ճաշակողների աչքերը
:երախտագիտությունից խոնավացան։ Մենք
:պարտքի տակ չենք մնա։ Երբ վարչությունը
:ուզենա մի ցանկալի անուն գտնել առաջքաշման
:համար, «Օվսաննան» հաճույքով կասի իր խոսքը։
 
::Օրիորդ Իրեն Դյուփլեփը՝ հարավային Աստոլատից
:հյուրընկալվում է իր հեռու, «Անասնավաճառների
:Հանդիպման» ամենքին հայտնի տիրոջ մոտ։ Լյարդի
:փողոց։ Քամելոտ։
 
::Բերքեր կրտսերը՝ փքոցներ նորոգող, նորից
:տանն է և շատ է կատարելագործվել իր արհեստի
:մեջ, արձակուրդի ժամանակ աշխատելով շրջակա
:դարբնոցներում։ Տես նրա ազդը։
 
Ադմին, Վստահելի
1876
edits