Changes
/* Գլուխ XXIV */
Ինչևէ, իմ կողմից ճիշտ քաղաքականություն չէր լինի՝ թույլ տալ թագավորին ժամանել հանկարծակի, առանց որևէ հանդիսավորության և փառահեղության։ Դրա համար ես էլ ուխտավորներից մի թափոր կազմեցի, թափորի մեջ մտցնելով նաև մի քանի ճգնավորների, որոնց նախապես ծուխ էի տվել ու դուրս քշել իրենց որջերից։ Ահա միայն այսքանը։ Վանահոր լեզուն կապ ընկավ կատաղության ու ստորացումի զգացումից, երբ ես նրան պատշգամբ տարա ու ցույց տվեցի, թե ինչպես է պետության վեհապետը մուտք գործում վանք, թե ինչպես նրան ոչ մի ամենաետին վանական իսկ չի դիմավորում, թե որքան ամայի ու մեռյալ է շուրջը, և նույնիսկ զանգերը լռում են, իրենց ղողանջներով չուրախացնելով վեհապետի հոգին։ Նա միայն մի հայացք նետեց ու գլխապատառ ցած վազեց։ Մի րոպե անց զանգերը մոլեգին դմբդմբում էին, իսկ վանքի շինություններից դուրս էին վազում վանականներն ու կուսանները սրբազան թափոր կազմելով։ Սույն թափորին միացավ նաև իմ մրցակից մոգը, որը վանահոր կարգադրությամբ հեծել էր փայտի վրա։ Նրա վարկը այլևս ցեխի մեջ էր, իսկ իմս նորից փայլփլում էր երկնքում։ Այո, մարդը կարող է այսպիսի երկրում էլ բարձր պահել իր առևտրական մակնիշի վարկը, բայց դրա համար պետք է անընդհատ տքնի, անընդհատ պետք է լարված լինի ու երբեք ձեռնածալ չնստի։
==Գլուխ XXV==
Մրցակցական քննություն
Երբ թագավորը ճանապարհորդում էր օդափոխության համար, կամ էլ այցելում որևէ հեռավոր ազնվականի, նրան սնանկացնելու նպատակով, ապա արքունական աստիճանավորների մի ամբողջ ոհմակ ուղեկցում էր իր վեհապետին։ Այդպիսին էր ժամանակի սովորությունը։ Այս անգամ էլ թագավորի հետ ժամանեց պատասխանատու հանձնաժողովը, որին հանձնարարված էր քննություններ ընդունել բանակում սպայական պաշտոնների հավակնող թեկնածուներից, քանի որ այդ հանձնաժողովը այստեղ էլ կարող էր աշխատել նույնքան հաջող, որքան տանը։ Եվ, թեպետ, այս ճանապարհորդությունը թագավորը ձեռնարկել էր որպես հաճելի մի ժամանց, նա ինքն էլ շարունակում էր զբաղվել գործերով։ Ինչպես միշտ, նա պայքարում էր չարիքի դեմ։ Ամեն առավոտ նստում էր դարպասների մեջ և վճիռներ արձակում, քանի որ ինքն էր ամբողջ թագավորության գերագույն դատավորը։
Իր դատավարական պարտականությունները նա կատարում էր փայլուն կերպով։ Իմաստուն և մարդասեր դատավոր էր, և, ըստ երևույթին, ջանք չէր խնայում արդարացի լուծելու գործերը, իհարկե, իր հասկացողության չափով։ Իսկ այս վերապահումը շատ բան է նշանակում։ Նրա վճիռները հաճախ կրում էին դաստիարակությամբ ներարկված սնահավատությունների կնիքը։ Երբ վեճը գնում էր ազնվականի և ավելի ստորին խավերից սերած մարդու միջև, թագավորի համակրանքը կամա թե ակամա առաջին դասակարգի կողմն էր լինում։ Ուրիշ կերպ չէր էլ կարող։ Ամբողջ աշխարհին է հայտնի, որ ստրկությունը բթացնում է ստրկատերերի բարոյական զգացումը, իսկ ազնվականությունը նույն ստրկատերերի հրոսախումբն է, միայն ուրիշ անվան տակ։ Սա վիրավորական է հնչում, բայց, այնուամենայնիվ, պետք չէ որևէ մեկին վիրավորի, նույնիսկ նաև ազնվականին, եթե, իհարկե, փաստը ինքը վիրավորական չթվա, քանի որ ես միայն արձանագրում եմ փաստը։ Չէ որ մեզ վանում է ստրկության <b>էությունն</b> ինքը, այլ ոչ թե անվանումը։ Բավական է լսել, թե ինչպես է խոսում ազնվականը ավելի ստորին դասակարգերի մասին, որպեսզի նրա ոճի մեջ զգաք միայն աննշան չափով մեղմացված իսկական ստրկատիրոջը, իսկ ստրկատիրական ոճի ետև թաքնված է ստրկատիրական ոգին ու բթացած զգացմունքը։ Երկու դեպքում էլ պատճառը նույնն է՝ հարստահարիչի հին, արմատական սովորությունը՝ իրեն ավելի բարձր տեսակի արարած համարելու։ Թագավորի դատավճիռները հաճախ անարդարացի էին, բայց դրանում մեղավորը նրա դաստիարակությունն էր, նրա բնական և անփոխարինելի համակրանքները։ Նա դատավոր լինելու պիտանի չէր, ինչպես սովի տարին քաղցած երեխաներին կաթ բաժանելու գործում պիտանի լինել չի կարող մայրը․ նրա հարազատ երեխաները անպատճառ ավելին կստանային, քան մյուսները։
Մի անգամ թագավորին խրթին ու հետաքրքրիր գործ հանդիպեց։ Մի որբ, երիտասարդ աղջիկ, որ բավականին ընդարձակ կալվածի տեր էր, ամուսնացել էր ընչազուրկ մի երիտասարդի հետ։ Աղջկա կալվածը ավատական կախման մեջ էր եկեղեցուց։ Տեղական թեմի եպիսկոպոսը, ազնվական ընտանիքի մի ամբարտավան զավակ, պահանջում էր սեփականացնել աղջկա կալվածը այն հիման վրա, որ նա ամուսնացել էր գաղտնի և դրանով զրկել եկեղեցուն, որպես սինյորի, իր անկապտելի իրավունքներից մեկից, այսպես կոչված «սինյորի իրավունքից»։ Այդ իրավունքին ենթարկվելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքում օրենքը սեփականազրկում էր մեղավորին։ Աղջկա պաշտպանականը այսպիսին էր․ սինյորի իշխանությունը տվյալ դեպքում ներկայացնում էր եպիսկոպոսը, իսկ օրենքը ասում է, որ հիշյալ իրավունքը անփոխանցելի է, կամ էլ ոչ ոքի կողմից, իսկ մինչդեռ մի ուրիշ, ծագումով ավելի հին և հենց եկեղեցու կողմից սահմանված օրենք խստագույնս արգելում է եպիսկոպոսին օգտվել այդպիսի իրավունքից։ Այո, խրթին գործ էր։
Այդ գործը ինձ վերհիշել տվեց պատանեկությանս օրերին կարդացած մի պատմություն այն մասին, թե ինչպես լոնդոնյան օլդերմենները խորամանկ հնարքով փող էին հավաքում Մենշըն Հաուզի կառուցման համար։ Անգլիական ծեսով հաղորդագրություն չընդունող անձը չի կարող իր թեկնածությունը դնել Լոնդոնի շերիֆի պաշտոնի համար։ Այսպիսով, այլադավանները չէին կարող թեկնածու լինել, իսկ եթե նույնիսկ երբևէ ընտրվեին, չէին կարող ծառայել։ Օլդերմենները, որոնք, անկասկած, ծպտյալ յանկիներ էին, այսպիսի խորամանկ հնարքի դիմեցին․ նրանք օրենք հաջողացրին, ըստ որի 400 ֆունտ տուգանք էր դրվում ամեն անձի վրա, ով հրաժարվում էր իր թեկնածությունը առաջադրել շերիֆության համար, և 600 ֆունտով տուգանվում էր յուրաքանչյուր ոք, ով շերիֆ ընտրվելուց հետո հրաժարվում էր ծառայել։ Ապա նրանք գործի անցան և մեկը մյուսի ետևից բավականին թվով այլադավաններ ընտրեցին, մինչև որ կուտակվեց 15.000 ֆունտ ստեռլինգի տուգանքային մի կլոր գումար։ Եվ ահա մինչև օրս էլ վեր է խոյանում վեհապանծ Մենշըն Հաուսը, որպեսզի ամոթից կարմրատակող քաղաքացիներին մշտապես հիշեցնի այն վաղուց անցած ու ողբալի օրը, երբ յանկիների մի ոհմակ Լոնդոն էր թափանցել ու նման կարգի օյիններ սարքել, որոնց շնորհիվ նրանց ազգը այժմ այդպիսի բացառիկ զազրելի համբավ ունի աշխարհիս բոլոր ազնիվ մարդկանց աչքում։
Ինձ թվում էր, թե աղջիկն իրավացի է, բայց եպիսկոպոսն էլ յուրովի իրավացի էր։ Պարզապես չէի պատկերացնում, թե ինչպես է թագավորը դուրս գալու դրա տակից։ Բայց նա դուրս եկավ։ Ահա, թե նա ինչպես դատեց․
― Այստեղ ոչ մի դժվարություն էլ չկա, այնքան հեշտ է, որ երեխան էլ կվճռեր։ Եթե հարսնացուն, ինչպես նրա պարտքն էր պահանջում, նախատեսվող ամուսնության մասին ժամանակին հայտներ եպիսկոպոսին, որը նրա ավատական սինյորն է, տիրակալը ու պաշտպանը, ապա նա ոչ մի վնաս չէր կրի, քանզի հիշյալ եպիսկոպոսը կարող էր թույլտվություն ստանալ վանահորից։ Նման թույլտվությունը եպիսկոպոսին ժամանակավորապես դարձնում է ունակ ի կատար ածելու իր հիշյալ իրավունքը, իսկ աղջկա ունեցվածքը կմնար իրեն։ Հարսնացուն մեղավոր է իր առաջին պարտքը չկատարելու մեջ, դրանով իսկ մեղավոր է մնացած բոլորում, քանզի նա, ով պարանից կառչելիս, այն կտրում է իր բռնած տեղից վեր, անպատճառ վար կընկնի․ որքան էլ որ փորձի համոզել, թե պարանի մնացած մասը ամուր է, այդ նրան չի փրկի կործանումից։ Այս կնոջ գործը արմատից անիրավի է։ Դատարանը վճռում է նրա ամբողջ ունեցվածքը, մինչև վերջին ֆարտինգը տալ վերոհիշյալ լորդ֊եպիսկոպոսին և աղջկա վրա դնել դատական ծախսերը։ Հաջորդը։
Այսպիսի ողբերգական վախճան ունեցավ այդ գեղեցիկ մեղրամիսը։ Խե՜ղճ նորապսակներ։ Նրանք ապրել են ամուսնության երեք ամիսները երանության և հարստության մեջ։ Նրանք լավ հագնված էին, զարդարված թանկարժեք իրերով՝ իրենց աստիճանի մարդկանց համար շքեղության մասին օրենքի ընձեռած սահմաններում։ Եվ աղջիկը, որ ճոխ հագուստների մեջ լալիս էր տղայի ուսին, և տղան, որ փորձում էր նրան մխիթարել հուսահատության երաժշտության վերածված բառերով, նրանք երկուսն էլ դատարանից ընդարձակ աշխարհ ոտք դրեցին որպես անտուն, անօթևան ու սոված մարդիկ։ Ճանապարհի եզրին նստած վերջին աղքատն իսկ ավելի ընչազուրկ չէր, քան նրանք։
Էհ, թագավորը լուծեց այդ խրթին գործը, իհարկե, ի բավարարություն եկեղեցու և ազնվականության։ Կարելի է որքան ուզեք փայլուն և ճշմարտանման փաստարկներ բերել հօգուտ միապետության, բայց փաստը մնում է փաստ, որ այնտեղ, որտեղ պետության յուրաքանչյուր մարդ ձայնի իրավունք ունի, վայրենի օրենքները անհնարին են։ Արթուր թագավորի ժողովուրդը, անշուշտ, խղճուկ հումք էր հանրապետության համար, որովհետև շատ ու շատ երկար տարիներ էր նա ապրել միապետության ստորացուցիչ լծի տակ, բայց, այնուամենայնիվ, նույնիսկ այս ժողովուրդը այնքան խելք կունենար, որպեսզի չեղյալ աներ քիչ առաջ թագավորի կողմից կիրառված օրենքը, եթե այդ կախված լիներ ազատ ու ընդհանուր քվեարկությունից։ Կա մի բոլորովին անիմաստ արտահայտություն, որը հաճախակի օգտագործումից կարծես իմաստ և նշանակություն է ստացել, ես նկատի ունեմ «ընդունակ է ինքնակառավարման» արտահայտությունը, որը բերում են մերթ այս, մերթ այն ժողովրդի վերաբերյալ, ընդսմին ենթադրվում է, թե կա, կամ եղել է, կամ կարող է լինել ինքնակառավարման անընդունակ ժողովուրդ, ժողովուրդ, որը ընդունակ չէ կառավարելու իրեն այնպես, ինչպես նրան կառավարում են կամ կարող են կառավարել որոշ ինքնակոչ մասնագետներ։ Բոլոր ազգերի լավագույն ուղեղները բոլոր դարերում սերվել են ժողովրդից, ժողովրդական քուրայից և ոչ երբեք արտոնյալ դասակարգերից, հետևաբար, անկախ այն բանից՝ բարձր է, թե ցածր տվյալ ժողովրդի ընդհանուր մակարդակը, նրա տաղանդները թաքնված են անհայտ ընչազուրկների ծոցում, իսկ դրանց թիվն անչափ շատ է և չի լինի այնպիսի օր, երբ ժողովրդի ընդերքում չգտնվեն մարդիկ, որոնք ընդունակ լինեն նրան օգնելու ինքնակառավարման գործում։ Իսկ սրանից էլ հետևում է, որ նույնիսկ ամենալավ, ամենաազատ ու լուսավորյալ միապետությունը չի կարող ժողովրդին տալ այն, ինչին նա կհասներ, եթե ինքն իրեն կառավարելիս լիներ, առավել ևս դա վերաբերում է անազատ և ոչ լուսավորյալ միապետություններին։
Ես բնավ չէի սպասում, որ Արթուր թագավորը այդպես կշտապեր մշտական բանակ ստեղծելու հարցում։ Չէի ենթադրում, որ նա կզբաղվի այդ գործով իմ բացակայությամբ և դրա համար էլ չէի նախապատրաստել այն պահանջները, որոնք անհրաժեշտ էր ներկայացնել սպայական պաշտոնի ձգտող անձանց։ Միայն ի միջի այլոց ասել էի, որ թեկնածուներին անհրաժեշտ է սուր և խիստ քննության ենթարկել և ինքս իմ մեջ մտադիր էի ռազմական գիտելիքների այնպիսի հարցաթերթիկ պատրաստել, որ իմ վեստ֊փոյնթականներից բացի ոչ ոք չկարողանար պատասխանել։ Ափսոս, որ քննությունների ծրագիրը չէի մշակել մինչև իմ մեկնումը․ մշտական բանակի ստեղծման միտքը այնպես էր գրավել թագավորին, որ նա չէր կարողացել սպասել և, անհապաղ, ինքն էր գործին կպել ու քննությունների մի այնպիսի ծրագիր էր կազմել, որպիսին կարողացել էր։
Ես անհամբեր էի տեսնելու այդ ծրագիրը և ապացուցելու, թե որքան ավելի լավ պետք է լիներ այն մեկը, որը ինքս էի ուզում կազմել քննիչ հանձնաժողովի համար։ Ես այդ մասին զգուշությամբ ակնարկեցի թագավորին և անմիջապես բոցավառեցի նրա հետաքրքրասիրությունը։ Երբ հանձնաժողովը տեղեր գրավեց, ես ներս մտա թագավորի ետևից, իսկ մեզնից հետո եկան թեկնածուները։ Սրանցից մեկը իմ մի փայլուն երիտասարդ վեստ֊փոյնթական էր, որը եկել էր ակադեմիայի երկու պրոֆեսորների ուղեկցությամբ։
Երբ տեսա հանձնաժողովը, չգիտեի լաց լինեմ, թե ծիծաղեմ։ Նախագահը մի աստիճանավոր էր, որը հետագա դարերին հայտնի էր որպես արարողապետ։ Մյուս երկու անդամները նրա դեպարտամենտում բաժանմունքի գլխավորներ էին․ բոլոր երեքն էլ, հարկավ, տերտերներ։ Չէ որ արքունի բոլոր գրել ու կարդալ իմացող աստիճանավորները տերտերներ էին։
Որպես իմ նկատմամբ հարգանքի նշան, իմ թեկնածուին կանչեցին առաջինը, և հանձնաժողովի նախագահը պաշտոնական հանդիսավորությամբ սկսեց հարցեր տալ․
― Անո՞ւնդ։
― Մալ֊իզ։
― Որդի՞ն։
― Ուեբստերի։
― Ուեբստե՛ր․․․ Ուեբստե՜ր․․․ Հըմ․․․ Ես․․․ Իմ հիշողությունը չի կարողանում․․․ այդպիսի անուն։ Հանգամա՞նքը։
― Ջուլհակ։
― Ջուլհա՞կ։ Տեր, դու փրկես զմեզ ի չարէ։
Թագավորը ցնցվել էր մինչև հոգու խորքը, հանձնաժողովի անդամներից մեկը ուշագնաց եղավ, մյուսն էլ, կարծես, ահա ուր որ է պիտի ընկներ։
Նախագահը ուշքի եկավ և զայրացած ճչաց․
― Բա՛վ է։ Դո՛ւրս։
Բայց ես դիմեցի թագավորին։ Ես աղաչեցի նրան թույլ տալ իմ թեկնածուին մասնակցել քննություններին։ Թագավորը համաձայնում էր, բայց այդքան երևելի անձերից բաղկացած հանձնաժողովը նույնքան աղաչագին խնդրում էր ազատել իրեն ջուլհակի որդուն քննելու ստորացումից։ Ես հասկանում էի, որ նրանք, միևնույնն է, քննել չեն կարող, քանի որ իրենք արդեն ոչինչ չգիտեն և այդ պատճառով էլ միացա նրանց խնդրանքին, և թագավորը այդ պարտավորությունը դրեց իմ պրոֆեսորների վրա։ Նախապես գրատախտակ էի պատրաստել, ես կարգադրեցի այն բերել, ու կրկեսային ներկայացումը սկսվեց։ Պարզապես հաճելի էր լսել, թե ինչպես էր պատանին շարադրում ռազմական գիտությունը, ինչպես էր մանրամասնությամբ պատմում ճակատամարտերի ու պաշարումների, մատակարարման ու զորքերի տեղաշարժերի, ականների և հակաականների, առանձին զորամասերի և խոշոր միավորումների տակտիկայի և ստրատեգիայի, ազդանշանային ծառայության, հետևակի, հեծելազորի, պաշարողական հրանոթների, դաշտային հրանոթների, ատրճանակների մասին, իսկ այդ հիմարները լսում էին և ոչ մի բառ չէին հասկանում։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես էր նա գրատախտակի վրա կավիճով մաթեմատիկական դժվարագույն հավասարումներ նկարում, որոնք կարող էին խճճել հրեշտակներին անգամ, որքան հեշտ ու հանգիստ պատմում էր խավարումների, գիսաստղերի, արևակայությունների, աստղային համակարգությունների, կեսօրվա ժամանակի, քնելու ժամանակի և ամպերից վեր ու ամպերից ցած եղած այն ամենի մասին, որ օգտակար է թշնամուն քամելու ու տանջահար անելու համար, ստիպելով նրան դառնորեն զղջալ ձեզ վրա անխոհեմ հարձակվելու առթիվ։ Եվ երբ նա վերջապես ավարտեց ու, զինվորական ձևով պատվի առնելով, մի կողմ կանգնեց, ես հպարտությամբ գրկեցի նրան, իսկ մնացած բոլորը շշմած էին, ոչնչացած նայում էին նրա վրա հարբածի նման։ Ես վճռեցի, որ գործը շահել ենք և ձայների մեծամասնությունը մեր օգտին կլինի։
Կրթությունը վիթխարի բան է։ Սա նույն այն տգետ պատանին էր, որին Վեստ֊փոյնթ ընդունելուց առաջ ես հարց էի տվել․ «Եթե ավագ սպայի ձին ճակատամարտի դաշտում սպանվում է, նա ի՞նչ պետք է անի», իսկ նա միամիտ պատասխանել էր․ «Վեր կենա և շորերը թափ տա»։
Հաջորդը կանչեցին երիտասարդ ազնվականներից մեկին։ Ես վճռեցի ինքս նրան փոքր֊ինչ քննել և հարցրեցի․
― Ձերդ լորդությունը կարդալ գիտի՞։
Նրա դեմքը զայրույթից կարմրատակեց, և նա կրակոտ ասաց․ ― Դուք ինձ տիրացուի՞ տեղ եք դրել։ Երակներիս մեջ հոսող արյունը չի հանդուրժի․․․
― Պատասխանեք հարցին։
Նա զսպեց իր զայրույթը և ասա․
― Ո՛չ։
― Իսկ գրե՞լ։
Նա նորից ուզում էր փրփրել, բայց ես ասացի․
― Խնդրում եմ միայն հարցերին պատասխանել և ավելորդ մեկնաբանություններ չանել։ Ձեզ այստեղ չեն կանչել, որպեսզի ցուցադրեք ձեր արյունն ու ծագումը, նման բան թույլ չենք տա։ Գրել գիրե՞ք։
― Ոչ։
― Իսկ բազմապատկման աղյուսակը գիտե՞ք։
― Չեմ հասկանում, թե ինչ եք հարցնում։
― Որքա՞ն կանի ինն անգամ վեցը։
― Դա գաղտնիք է, որ թաքնված է ինձանից, քանզի կյանքումս դեռ երբեք կարիք չեմ ունեցել իմանալու այդ գաղտնիքը, և կարիք չունենալով, չեմ իմացել։
― Եթե A֊ն B֊ին յուրաքանչյուր բուշելը երկու պենս արժողությամբ մի տակառ սոխ է զիջել, փոխանակելով այն չորս պենսի արժողության մի ոչխարի և մեկ պենսի արժողության մի շան հետ, իսկ C֊ն գործարքի իրականացումից առաջ սպանել է շանը, քանի որ սա կծել էր նրան, սխալմամբ ընդունելով D֊ի տեղ, որքա՞ն է պարտք B֊ն A֊ին, և ո՞վ է պարտավոր վճարել շան համար, C֊ն, թե՞ D֊ն, ո՞ւմ պետք է բաժին ընկնի A֊ին, ապա նա, արդյո՞ք պիտի բավարարվի շան արժեքը կազմող մեկ պենսով, թե՞ իրավունք ունի լրացուցիչ վճար պահանջելու այն հնարավոր եկամուտի փոխարեն, որը կարող էր նրան բելեր շունը, իր սեփականությունը դառնալուց հետո։
― Արդարև, աշխարհը յուր խորհուրդով կատարվող իմաստագույն և անքննելի աստվածային նախախնամությունը մարդուն երբեք նման հարցեր չէր առաջարկի, որոնց միակ նպատակն է շփոթեցնել և մթագնել գիտակցությունը։ Ահա թե ինչու, խնդրում եմ ձեզ․ թողնել շանը, սոխին և տարօրինակ ու անաստված անուններով այդ մարդկանց, որպեսզի իրենք առանց իմ օգնության դուրս գան այդ զարմանալի և խղճահարության արժանի դժվարություններից, քանզի, եթե ես փորձեի նրանց օգնել, առավել կխճճեի ամբողջ գործը և, շատ հավանական է, ինքս էլ չէի կարողանա վերապրել այն հուսաբեկությունը, որի մեջ կձգեի նրանց։
― Ի՞նչ գիտեք ձգողականության և կենտրոնաձիգության օրենքների մասին։
― Եթե նման օրենքներ գոյություն ունեն, ուրեմն նորին վեհափառություն թագավորը հրատարակել է դրանք, երբ ես տարեսկզբին հիվանդ պառկած եմ եղել և դրանց մասին ոչինչ լսել չէի կարող։
― Ի՞նչ գիտեք լուսագիտության վերաբերյալ։
― Ես գիտեմ գավառների կուսակալների, ամրոցների սենեկապետների, կոմսությունների շերիֆների, գիտեմ նաև տարբեր ուրիշ պաշտոնների և պատվավոր աստիճանների մասին, բայց նրա մասին, ում դուք մեծարում եք Լուսագիտություն անունով, երբեք չեմ լսել, հավանաբար դա նոր տոն է։
― Այո, այս երկրում։
Պատկերացրեք միայն, որ այդպիսի փափկամորթը ծայրագույն ինքնահավանությամբ սպայական աստիճան ստանալու համար հայտ է ներկայացնում։ Նրա ընդունակությունները գուցե միայն կբավարարեն այն բանի համար, որպեսզի մեքենագրել սովորեր, թեպետ այստեղ էլ նրան կխանգարեին քերականության և կետադրության ասպարեզում նորամուծությունների հակումները։ Եվ, այնուամենայնիվ, տարօրինակ է, թե ինչու որևէ քիչ թե շատ լուրջ գործի նկատմամբ այսպիսի անճարակության առկայության դեպքում, նա չի զբաղվում մեքենագրությամբ։ Ասենք, եթե նա մեքենագրող դեռ չի դարձել, այդ նշանակում է, որ նա ապագայում էլ չի դառնա։ Մի փոքր էլ տանջելուց հետո, ես նրան հանձնեցի իմ պրոֆեսորների ձեռքը, որոնք նրան հիմնովին թափ տվեցին, աշխատելով պարզել, թե ինչ է իմանում ռազմական գործից, և, իհարկե, կատարյալ դատարկություն հայտնաբերեցին նրա ներսը։ Իր դարաշրջանի ռազմական արվեստից որոշ բան գիտեր, ինչպես՝ օրինակ, թփուտների մեջ քարշ գալը՝ մարդակերներ փնտրելով, մրցախաղերի ժամանակ տեղի ունեցող ցլամարտերի մասին ու նման փուչ բաներ, բայց ամբողջ մնացածում նա տգետ էր և անօգնական։ Նրանից հետո մի ուրիշ ազնվատոհմիկ պատանի կանչեցինք և պարզվեց, որ սա նախորդի երկվորյակն է, նրան չի զիջում ո՛չ տգիտության, ո՛չ էլ անճարակության մեջ։ Ես երկուսին էլ հանձնեցի հանձնաժողովի նախագահին, լիովին համոզված լինելով, որ նրանց ճաշը եփած է։ Եվ հանձնաժողովը նրանց նորից քննեց։
― Ձեր անո՞ւնը, բարի եղեք։
― Պերտիպոլ, հայրս՝ սըր Պետրիպոլ, բարոն Ածիկի։
― Պա՞պը։
― Նույնպես սըր Պերտիպոլ, բարոն Ածիկի։
― Նախապա՞պը։
― Նույն անունը և նույն տիտղոսը։
― Նախանախապա՞պը։
― Մենք չենք ունեցել, հարգարժան սըր, մեր տոհմը այդքան հին չէ։
― Նշանակություն չունի։ Եղած չորս սերունդները լիովին բավարարում են հիմնական պայմանը։
― Ի՞նչ պայման են բավարարում, ― հարցրեցի ես։
― Այն պայմանը, որ պահանջում է չորս սերնդի երևելի տոհմաբանություն, այլապես թեկնածուն ընդունելի չէ։
― Ուրեմն նա, որի թիկունքին երևելի նախնիների չորս սերունդ չկա, չի կարող լինել բանակային լեյտենատ, այո՞։
― Ոչ մի դեպքում, ոչ լեյտենանտ, ոչ էլ ուրիշ սպա։
― Օ՜, ահա թե ինչ։ Զարմանալի է։ Իսկ ի՞նչ իմաստ կա նման պահանջի մեջ։
― Ինչ իմա՞ստ։ Համարձակ հարց է, ազնվափայլ սըր և Տնօրեն, որովհետև այդ նշանակում է վիճարկել իմաստնությունը մեր սուրբ մայր եկեղեցու։
― Ինչպե՞ս թե։
― Որովհետև միշտ նոր եղանակով է եկեղեցին ի շարս սրբոց դասում։ Ըստ եկեղեցու կանոնի սրբացվել կարող է միայն նա, որ յուր մահկանացուն կնքել է այնքան վաղուց, որ նրանից հետո չորս սերունդ է փոխվել։
― Հասկանում եմ, հասկանում․․․ Այո, նույն բանն է։ Եվ զարմանալի։ Մի դեպքում մարդու նախնիների չորս սերունդը տգիտությամբ ու աղտոտությամբ զմռսված ապրել է մեռելի նման, և դա իրավունք է տալիս նրան իր անզոր ձեռքերի մեջ վերցնելու մարդկանց բախտն ու վիշտը, հրամանատար կարգելով նրանց գլխին․ ուրիշ դեպքում մարդը մեռած պառկած է գետնի տակ, որդերը անուշ են անում նրա մարմինը չորս սերունդների ընթացքում, և դա իրավունք է տալիս նրան հրամանատար կարգվելու երկնային ռազմաճակատում։ Եվ նորին թագավորական վեհափառությունը հավանությո՞ւն է տալիս այդ տարօրինակ օրենքին։
Թագավորն ասաց․
― Ճիշտն ասած, ես դրա մեջ տարօրինակ ոչինչ չեմ տեսնում։ Բոլոր պատվավոր և եկամտաբեր պաշտոնները, բնական իրավունքի զորությամբ, պատկանում են ազնվական արյան տեր անձանց։ Բանակի սպայական պաշտոնները նույնպես նրանց սեփականությունն են և իրավամբ նրանց կհասնեին առանց այդ օրենքի էլ։ Օրենքը միայն սահմանագիծ է նշում։ Նա մերժում է այն անձանց, որոնց տոհմաբանությունը հին ծագում չունի, քանզի, եթե սպայական պաշտոնները գրավեն ոչ երևելի ծագումով մարդիկ, ոչ ոք այլևս այդ պաշտոնների նկատմամբ հարգանք չի դրսևորի, երևելի մարդիկ պարզապես երես կթեքեն ու զզվանքով կհրաժարվեն նման պաշտոններ ընդունելուց։ Ես արժանի կլինեի դատապարտության, եթե նման դժբախտություն թույլ տայի։ Դուք կարող եք դա թույլ տալ, քանզի ձեր իշխանությունը բնածին իշխանություն չէ, բայց եթե նույն բանը անի թագավորը, նրան չեն հասկանա, խելագար կհայտարարեն ու կանիծեն։
― Ես հանձնվում եմ։ Շարունակեցեք, սըր նախագահ։
Նախագահը շարունակեց։
― Հանուն գահի և տերության ի՞նչ փառավոր սխրագործությամբ է ձեր մեծ տոհմի հիմնադիրը բարձրացել մինչև բրիտանական ազնվականի սրբազան կոչումը։
― Նա գարեջրատուն է կառուցել։
― Տեր արքա, հանձնաժողովը սույն թեկնածուին գտնում է հարմար և միանգամայն արժանի սպայական պաշտոնին, բայց վերջնական որոշումը հետաձգում է մինչև նրա մրցակցի քննումը։
Մրցակիցը առաջ եկավ և հեշտությամբ ապացուցեց իր ազնվականության չորս սերունդները։ Այդպես, իսկ ո՞ւմ ռազմական որակավորումն է բարձր։
Մրցակիցը մի կողմ կանգնեց, և շարունակեց սըր Պերտիպոլի լրացուցիչ քննությունը։
― Ի՞նչ ծագում ուներ ձեր տոհմի հիմնադիր կինը։
― Նա սերում էր շատ բարեկեցիկ, բայց ոչ ազնվական հողատերերի ընտանիքից։ Նա գեղեցկատես էր, մաքուր, գթասիրտ և իր կյանքը ապրեց այնպես անբիծ, որ նրան իրավամբ կարելի է երկրի ամենաերևելի կանանց շարքը դասել։
― Բավական է։ Մի կողմ կանգնեցեք։
Նախագահը նորից կանչեց մրցակից ազնվականին ու հարցրեց․
― Ի՞նչ տիտղոս և ծագում ուներ ձեր նախանախատատը, որը եղել է ձեր տոհմի հիմնադրի կողակիցը։
― Նա եղել է թագավորի սիրուհի և այդ փայլուն դիրքին է հասել առանց որևէ կողմնակի օգնության, բացառապես շնորհիվ իր անձնական հատկանիշների, բարձրանալով կեղտաջրերի առվակից, որի մեջ էլ ծնվել էր։
― Ա՛հ, այ սա իսկական ազնվականություն է․ ձեր երակների մեջ թագավորական արյուն է հոսում։ Լեյտենանտի աստիճանը ձերն է, ազնվափայլ սըր։ Մի արհամարհեք այն, դա առաջին համեստ քայլն է, որը առաջնորդելու է դեպի ձեր բարձր ծագումին ավելի արժանի մեծարանքների։
Ես ցած էի գլորվել ստորացման անհատակ անդունդը։ Հույս ունեի հեշտ ու շլացուցիչ հաղթանակի, և ահա թե ինչով վերջացավ։
Ամաչում էի նայել իմ խեղճ, խայտառակված աշակերտի երեսին։ Ես ասացի նրան, որպեսզի տուն գնա և համբերությամբ զինվի, քանի որ սա վերջը չէր։
Մասնավոր խոսակցություն ունեցա թագավորի հետ և մի առաջարկություն արեցի։ Ես խոստովանեցի, որ նա միանգամայն ճիշտ է վարվել այդ գնդի մեջ միայն ազնվականներ նշանակելով, ավելի իմաստուն քայլ հնարավոր չէր։ Վատ չէր լինի այդ գնդում սպաներ նշանակել ևս մի հինգ հարյուր ազնվականի կամ էլ սպայական աստիճան շնորհել թագավորական բոլոր երևակայելի մարդկանց ու նրանց ազգականներին։ Վնաս չունի, եթե գնդում հինգ անգամ ավելի սպա լինի, քան զինվոր։ Թող դա փայլուն գունդ լինի, ընդհանուրի նախանձը շարժող գունդ, նորին վեհափառության սեփական գունդը, թող նա կռվի ինչպես ուզում է, թող պատերազմի ժամանակ գա ու գնա սեփական կամքով, բոլորովին անկախ, ոչ ոքի չենթարկվելով։ Բոլոր ազնվականները մեծագույն հաճույքով կծառայեն այդ գնդում և միանգամայն երջանիկ ու գոհ կլինեն։ Իսկ մեր մշտական բանակի մյուս զորամասերը մենք կարող ենք ստեղծել ավելի հասարակ հումքից և այնտեղ սպաներ կնշանակենք անտոհմիկ մարդկանց, հաշվի առնելով բացառաբար նրանց ռազմական գիտելիքները։ Այդ գունդը խստագույն կարգապահություն կպահպանի, չի օգտվի ազնվական արտոնություններից և մշտապես զբաղված կլինի ուսուցումով և վարժանքներով։ Իսկ նորին վեհափառության սեփական գունդը, հոգնելու կամ էլ պարզապես օդափոխության կարգով զանազան հսկաների ու մարդակերների ետևից որսի գնալու ցանկության դեպքում, կարող էր այդ խնդրով զբաղվել առանց որևէ երկյուղի, իմանալով, որ գործը մնում է վստահելի ձեռքերի մեջ և պիտի ընթանա, ինչպես միշտ։ Թագավորը հիացել էր իմ գաղափարից։
Նրա հիացմունքը ինձ մի ուրիշ արժեքավոր միտք հուշեց։ Ինձ թվաց, թե վերջապես կհաջողվի լուծել մի հին և շատ խրթին թնճուկ։ Բանը այն է, որ պենդրագոնների<ref>Պենդրագոն՝ վիշապի գլուխ, Արթուր թագավորի նոր մականունը։</ref> թագավորական տան բոլոր անդամները աչքի էին ընկնում երկարակեցությամբ ու բեղնությամբ։ Երբ նրանցից որևէ մեկը երեխա էր ունենում, իսկ դա անչափ հաճախ էր պատահում, ամբողջ ազգը խելահեղորեն ցնծում էր՝ խոսքով և խորապես վշտանում՝ հոգեպես։ Ցնծությունը կասկածելի էր, իսկ վիշտը՝ միանգամայն անկեղծ, քանի որ թագավորական տան նոր անդամի ծնունդին արքայական ֆոնդի համար նոր հանգանակություն էր հետևում։ Թագավորական տան անդամների ցուցակը շատ երկար էր, մշտապես ընդարձակվելով, նա ծանր բեռ էր դառնում պետական գանձարանի վրա և վտանգ ստեղծում թագի իսկ գոյության համար։ Արթուրը, սակայն ոչ մի կերպ չէր հավատում վերջինին և նույնիսկ լսել անգամ չէր ուզում, երբ ես արքայական ֆոնդերի փոխարինման տարբեր նախագծեր էի առաջարկում։ Եթե ինձ հաջողվեր համոզել նրան գոնե երբեմն֊երբեմն օգնել հեռավոր ազգականներին սեփական գրպանի հաշվին, դա գերազանց տպավորություն կգործեր ժողովրդի վրա, բայց ո՞ւմ կասես, նա այդ մասին լսել անգամ չէր ուզում։ Արքայական ֆոնդի նկատմամբ նրա տածած հարգանքի մեջ ինչ֊որ կրոնական բան կար, նա այդ ֆոնդին նայում էր որպես սրբազան եկամուտի և միշտ անմիջապես կատաղում էր, երբ որևէ մեկը հարձակում էր գործում այդ պատվարժան հաստատության վրա։ Երբ ես զգուշությամբ ակնարկում էի, որ Անգլիայում չկա այլևս ուրիշ հարգարժան ընտանիք, որը համաձայներ ստորացնել իրեն, գլխարկը մուրացկանության մեկնելով (ահա թե մինչև ուր էր հասնում), նա միշտ ընդմիջում էր ինձ առաջին իսկ բառից, ընդսմին բավականին չոր ու կտրուկ եղանակով։
Բայց այստեղ ինձ թվաց, թե ահա վերջապես առիթը ներկայացել է։ Այդ փայլուն գունդը ես որոշեցի կազմել միայն սպաներից, ոչ մի շարքային զինվոր։ Գնդի կեսը բաղկացած կլինի ազնվականներից, որոնք կստանան բոլոր աստիճանները, ընդհուպ մինչև գեներալ մայոր, կծառայեն անվճար ու դեռ իրենք կհոգան բոլոր ծախսերը, և իհարկե, նրանք շատ երջանիկ կլինեն դրա համար, իմանալով, որ գնդի մյուս կեսը բաղկացած է բացառապես արքայազուններից։ Այդ արքայզունները կստանան գեներալ լեյտենանտից մինչև ֆելդմարշալ ներառյալ բոլոր աստիճանները, գրպանը կդնեն չաղլիկ ռոճիկներ, կհագնվեն և կսնվեն պետական միջոցների հաշվին։ Ավելին, և սա հավանականն էր, որոշում կձևակերպվեր, որ արքայազուններից նրանք, ովքեր կհամաձայնեն ծառայել այս գնդում, ստանալու են խլացուցիչ շքեղ, սահմռկեցուցիչ տիտղոս (որը ես հույս ունեի շուտով հայտնագործել) և այդ տիտղոսով կոչվելու իրավունքը ամբողջ Անգլիայում պիտի վերապահվեր միայն նրանց։ Վերջապես բոլոր արքայազունների առջև հարց կծագեր կամ գունդ մտնել, ստանալ շքեղագույն տիտղոսը ու հրաժարվել թագավորական ֆոնդից, կամ պահպանել իրենց իրավունքը այդ ֆոնդի նկատմամբ, բայց գունդ չմտնել և մնալ առանց տիտղոսի։ Բայց այ թե ինչն էր ամենից լավ․ և այդ արքայազունները, հազիվ լույս աշխարհ եկած, լավ ռոճիկ կստանային ու բարձր տիտղոս։
Ես չէի կասկածում, որ բոլոր արքայազունները գունդ կմտնեն, հետևաբար բոլոր գոյություն ունեցող ֆոնդերը կվերացվեն, իսկ բոլոր նորածիններին գնդում գրել կտան նախապես, սրանում էլ ես չէի կասկածում։ Եվս մի երկու ամիս և թագավորական գունդ կոչվող ծիծաղելի անհեթեթությունը դադարելով գոյություն ունենալուց, տեղ կգրավի անցյալի զարմանք հարուցող բաների կողքին։