Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 28 057 բայտ, 04:57, 27 Հուլիսի 2016
/* Գլուխ XXVI */
Անցած ամբողջ ժամանակի ընթացքում իմ լրագիրը ճանապարհորդում էր այդ վիթխարի սրահով մի խմբից անցնելով մյուսին և երջանիկ աչքն էլ միշտ ուղեկցում էր նրան։ Ես նստած էի անշարժ, արբեցած։ Այո, դա դրախտային երանություն էր։ Ես ճաշակեցի այն․․․ այլևս, երևի, ճաշակելու բախտ չեմ ունենա երբեք։
 
 
==Գլուխ XXVII==
 
Յանկին ու թագավորը ճանապարհորդում են ծպտյալ
 
 
Քնելուց առաջ ես թագավորին իմ հարկաբաժինը տարա, խուզեցի մազերը և ցույց տվեցի, թե ինչպես են հագնվում հասարակ մարդիկ։ Բարձր դասակարգերը իրենց մազերը խուզում էին ճակատի վրա և թողնում էին, որ նրանք ազատ աճեն ետևից ու թափվեն ուսերին, մինչդեռ հասարակ ժողովուրդը խուզում էր ճակատի, և ծոծրակի վրա, իսկ ստրուկները բնավ չէին խուզվում և թողնում էին, որպեսզի մազերը աճեն ինչպես կամենան։ Թագավորի գլխին կճուճ հագցրի և կտրեցի նրա տակից ցցված բոլոր խոպոպները։ Նրա մորուքն ու բեղերը նույնպես կարճացրի, թողնելով մի կես մատնաչափ միայն, ընդ որում ջանք չխնայեցի, որպեսզի խուզվածը հնարավորին չափ ապաշնորհ լիներ, և դա ինձ հաջողվեց։ Ծուռտիկ֊մուռտիկ բան ստացվեց․ ես նրան այլանդակել էի ինչպես պետք էր։ Իսկ երբ նա հագավ կոպիտ տրեխները ու դարչնագույն քաթանե երկար շապիկը, որը վզից մինչև թաթերն էր հասնում, թագավորության այդ ամենանրբագեղ տղամարդը դարձավ մի սովորական ու անհրապույր արարած։ Մենք հագնված ու խուզված էինք միատեսակ և կարող էինք մանր ֆերմերների կամ ֆերմաների կառավարիչների, հովիվների կամ կառապանների, կամ էլ, եթե կուզեք, գյուղական արհեստավորների տեղ անցնել, քանի որ նման հագուստ կրում էին բոլոր աղքատները, նրա դիմացկունության և էժանության պատճառով։ Ինձ այնպես չհասկանաք, թե այդ հագուստը իրոք էժան էր շատ աղքատ մարդու համար, ես պարզապես նկատի ունեմ, որ տղամարդու հագուստի համար առավել էժան կտավ չկար։ Կտավը տնայնագործ էր, ինչպես դուք, իհարկե, հասկանում եք։
 
Մենք աննկատելի դուրս սողոսկեցինք արշալույսից մի ժամ առաջ։ Մինչև արևը վեր կբարձրանար, մենք արդեն անցել էինք ութ֊տասը մղոն և հայտնվել մի սակավամարդ վայրում։ Մեջքիցս կախ տված պարկը բավականին ծանր էր․ այն լեցուն էր սննդամթերքով․․․ սննդամթերքով թագավորի համար, որը միայն աստիճանաբար կարող էր ընտելանալ գյուղական ուտեստը անվնաս ճաշակելուն։
 
Ճանապարհի մոտ մի հարմար տեղ գտա, նստեցրի թագավորին և մի քիչ ուտելիք տվեցի։ Ապա ասացի, թե պետք է ջուր փնտրեմ և գնացի։ Ճիշտն ասած, ես միայն ուզում էի առանձնանալ, նստել ու հանգստանալ։ Թագավորի ներկայությամբ ես միշտ ոտքի վրա էի լինում, նույնիսկ խորհրդի նիստերին, բացի այն հազվադեպ առիթներից, երբ նիստը մի քանի ժամ էր տևում, այդպիսի դեպքերում ինձ թույլատրվում էր նստել առանց մեջքի փոքրիկ աթոռի վրա, որը նման էր շուռ տված փողրակի և նույնքան հանգստավետ էր, որքան ատամնացավը։ Ես չէի ուզում խախտել այդ սովորությունը միանգամից, այլ մտադիր էի վարժեցնել թագավորին աստիճանաբար։ Միևնույնն է, օտար մարդկանց ներկայությամբ մենք ստիպված պետք է լինենք երկուսով էլ նստելու, թե չէ մարդիկ ուշադրություն կդարձնեն։ Բայց իմ կողմից բոլորովին ճիշտ քաղաքականություն չէր լինի այժմ նրա հետ հավասար֊հավասար խաղալ, երբ դրա անհրաժեշտությունը չկար։
 
Ջուր գտա մի երեք հարյուր յարդի վրա և արդեն հանգստացել էի մի քսան րոպե, երբ հանկարծ ձայներ լսեցի։ «Անհանգստանալու բան չկա, ― մտածեցի ես, ― դրանք աշխատանքի գնացող գյուղացիներ են, այլապես ով կարթնանար այսքան վաղ»։ Բայց մի քանի րոպե անց ճանապարհի անկյունադարձի ետևից դուրս եկան ձիեր հեծած լավ հագնված երևելի մարդիկ, ծառաների և բեռնված ջորիների ուղեկցությամբ։ Ես ոտքի ցատկեցի և գնդակի նման սուրացի թփուտների միջով։ Վախենում էի, որ այդ մարդիկ թագավորի մոտ կլինեն ավելի շուտ, քան ես կհասցնեմ։ Բայց հուսահատությունը, ինչպես գիտեք, մարդուն թևեր է տալիս, և ես առաջ մղվեցի, շունչ առա ու թռա։ Ես հասցրի։ Եվ ճիշտ ու ճիշտ ժամանակին։
 
― Ներեցեք, տեր արքա, բայց այժմ պաշտոնականության ժամանակը չէ։ Վեր կացեք, ինչ֊որ երևելի մարդիկ են մերձենում։
 
― Ի՞նչ կա որ, թող գան։
 
― Բայց, տեր իմ, չի կարելի, որ նրանք ձեզ նստած տեսնեն։ Վեր կացեք և կանգնեցեք խոնարհ դիրքով, մինչև որ նրանք անցնեն։ Չէ որ դուք գյուղացի եք, սա մի մոռացեք։
 
― Ճիշտ է։ Ես մոռացել էի այդ, այնքան որ սուզվել էի գալլերի դեմ վիթխարի պատերազմի նախագծերի մեջ։ ― Նա ոտքի կանգնեց, բայց դանդաղ, ոչ այնպես, ինչպես նման պարագաներում կշտապեր անել գյուղացին։ ― Դու այնպես անսպասելի վրա հասար և քշեցիր վեհ երազը, որը․․․
 
― Խոնարհ տեսք, տեր իմ արքա, շուտ։ Ցած պահեք գլուխը։ Էլի։ Առավել։ Հակեցեք։
 
Նա բարեխիղճ կերպով ջանում էր, բայց արդյունքը քիչ էր ստացվում։ Նրա մեջ նույնքան խոնարհություն կար, որքան Պիզայի վար ընկնող աշտարակի։ Ուրիշ բան ասել հնարավոր չէ։ Իսկապես, հեզ ու խոնարհ դիրքը նրան այնքան վատ հաջողվեց, որ բոլոր հեծյալների դեմքերը զարմանքից հերթով մռայլվեցին և վերջից գնացող մի շքեղատես ծառա բարձրացրեց իր մտրակը, բայց ես ժամանակին մոտ թռա և հարվածը ինձ վրա ընդունեցի։ Կոպիտ քրքիջի բռնկումի ներքո, ես շշուկով համոզում էի թագավորին ուշադրություն չդարձնել դրան։ Մեծագույն դժվարությամբ զսպեց իրեն․ նա այնպես էր նայում այդ հեծյալներին, կարծես ահա, ուր որ է, պիտի կուլ տա նրանց։ Ես ասացի․
 
― Մեր արկածները հենց սկզբից վերջ կգտնեին։ Մենք անզեն ենք և ոչինչ չենք կարող անել այդ զինված հրոսակախմբի դեմ։ Եթե ուզում ենք, որ մեր մտահղացումը իրականանա, պետք է ոչ միայն գյուղացու տեսք ունենանք, այլև վարվենք գյուղացու նման։
 
― Ասածդ իմաստուն է, քեզ առարկել չի կարելի։ Ուրեմն, առաջ, սըր Տնօրեն։ Ես հաշվի կառնեմ և կաշխատեմ այդպես վարվել, որքան հնարավոր է։
 
Նա պահեց իր խոսքը։ Ջանում էր, որքան կարող էր, բայց դարձյալ այն չէր։ Եթե դուք երբևէ տեսել եք շարժուն, անզգույշ, հանդուգն երեխայի, որը օրն ի բուն մի չարաճճիությունից մյուսին է անցնում, ու նրա մտահոգված մայրիկին, որը նրանից ոչ մի քայլ չի հեռանում, վախենալով՝ չլինի թե երեխան ջուրն ընկնի խեղդվի, կամ էլ վար գլորվի, վիզը կոտրի, ուրեմն տեսել եք թագավորին ու ինձ։
 
Եթե կարողանայի նախագուշակել, թե դեռ ինչեր են գալու մեր գլխին, ես, հավանաբար, կասեի․ «Ոչ։ Եթե մեկն ու մեկը ուզում է իր հացը վաստակել, թագավորին գյուղացու տեղ անցկացնելով, խնդրեմ, թող այս գործը ինքը վերցնի, իսկ ես ավելի լավ է որևէ գազանանոց տեղից֊տեղ փոխադրեմ, դա գոնե առավել անվտանգ է»։ Առաջին երեք օրը ես նրան նույնիսկ թույլ չէի տալիս տները մտնել։ Սկզբում ստիպված էինք ամայի ճանապարհները նախընտրել և օգտվել միայն այնպիսի իջևանատներից, որտեղ այնքան էլ շատ չեն տնտղում մարդկանց։ Այո, նա ջանում էր, բայց ի՛նչ օգուտ։ Գործը դրանից բնավ էլ չէր շահում։
 
Նա մշտապես ինձ երկյուղ էր պատճառում իր բոլորովին անսպասելի օյիններով, ամենաանհարմար տեղերում։ Երկրորդ օրվա երեկոյան դեմ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց նա, ― հանկարծ փեշի տակից մի դաշույն հանեց։
 
― Աստված իմ, տեր արքա, դա որտեղի՞ց ճարեցիք։
 
― Մաքսանենգից վերցրի, երեկ երեկոյան, իջևանատանը։
 
― Գրողը տանի, ինչի՞ համար եք առել։
 
― Մենք խուսափեցինք շատ վտանգներից խորամանկության օգնությամբ, քո խորամանկության, բայց ես մտածեցի, որ վատ չէր լինի զենք ունենալ․ իսկ թե որ հանկարծ քո խորամանկությունը դժվար պահին դավաճանի՞ քեզ։
 
― Բայց մեր հանգամանքի մարդկանց արգելված է զենք կրել։ Ի՞նչ կասի լորդը, այո, կամ էլ որևէ ուրիշ մարդ, գյուղացու մոտ դաշույն տեսնելով։
 
Բարեբախտաբար, շուրջը ոչ ոք չկար։ Ես նրան համոզեցի դեն նետել դաշույնը, իսկ այդ բանը անելը ավելի հեշտ չէր, քան համոզել երեխային դուրս նետել նոր, խայտաբղետ խաղալիքը, որով նա կարող էր իրեն սպանել։ Մենք լուռ քայլում էինք կողք֊կողքի և մտորում։ Վերջապես թագավորն ասաց․
 
― Եթե քեզ հայտնի է, որ ես մտադիր եմ որևէ վտանգավոր բան անելու, ինչո՞ւ նախապես չես զգուշացնում, որպեսզի ես կարողանամ հրաժարվել իմ ծրագրից։
 
Այդ հարցը շշմեցրեց ինձ։ Ես չգիտեի ինչպես պատասխանեմ և դրա համար էլ վերջ ի վերջո տվեցի ամենաբնական պատասխանը։
 
― Բայց, տեր իմ, ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե դուք ինչ եք մտադրվել անելու։
 
Թագավորը ապշած կանգ առավ և աչքերը հառեց ինձ։
 
― Ես կարծում էի, թե դու Մերլինից մեծ ես, և իրոք կախարդության մեջ դու նրան գերազանցեցիր։ Բայց գուշակությունը ավելի կարևոր է, քան կախարդությունը։ Մերլինը գուշակ է։
 
Տեսա, որ սայթաքել եմ։ Պետք է հետ նվաճեի կորցրածս հողը։ Խոր մտորումներից հետո ես զգույշ ծրագիր մշակեցի ու ասացի․
 
― Տեր իմ, դուք ինձ սխալ հասկացաք։ Ես կբացատրեմ։ Գոյություն ունի երկու կարգի գուշակություն։ Մեկը աստվածային պարգև է մոտակա դեպքերը կանխագուշակելու, մյուսը աստվածային պարգև է հարյուրամյակներ առաջ կանխագուշակելու։ Ձեր կարծիքով, դրանցից ո՞րն է ավելի զորավոր պարգև։
 
― Օ, իհարկե երկրորդը։
 
― Ճիշտ է։ Իսկ Մերլինը ունի՞ այն։
 
― Մասամբ ունի։ Նա քսան տարի առաջ կանխագուշակել էր իմ ծնունդը և, որ ես թագավոր պիտի լինեմ։
 
― Իսկ թե հետո ինչ պետք է լինի, նա նույնպես կանխագուշակե՞լ է։
 
― Ոչ, նա նույնիսկ չի փորձել։
 
― Դա, ըստ երևույթին, նրա հնարավորությունների սահմանն է։ Ամեն մի գուշակ ունի իր սահմանը։ Որոշ մեծ գուշակների սահմանը հարյուր տարի է։
 
Այդպիսի թիվը, ըստ իս, շատ չէ։
 
― Գոյություն են ունեցել երկու առավել մեծ գուշակներ, որոնց սահմանը եղել է չորս հարյուր և վեց հարյուր տարի, և մեկը, որի սահմանը մոտենում էր յոթ հարյուր քսանի։
 
― Աստված իմ, ի՜նչ հրաշալի բան։
 
― Բայց իմ համեմատ նրանք ի՜նչ են որ։ Պարզ ոչնչություն։
 
― Ի՞նչ։ Ուրեմն դու կարող ես առաջ նայել ժամանակի այդպիսի երկար տևողության վրայով, ինչպիսին․․․
 
― Յոթ հարյուր տարի՞ն է։ Տեր արքա, արծվի հայացքի նման իմ կանխագուշակող աչքը թափանցում է և հստակ տեսնում այս աշխարհի ապագան տասներեք և կես դար հետո։
 
Աստված իմ, տեսնել էր պետք, թե ինչպես չռվեցին նրա աչքերը ու ճակատը թռան։ Ծերուկ Մերլինը հողին էր հավասարեցված։ Այդ մարդկանց հետ գործ ունենալիս ոչ մի ապացույցի կարիք չես ունենում, նրանք հավատում են խոսքիդ։ Երբեք ոչ մի մարդ չտեսա, որ կասկածի տակ առներ մերկապարանոց հայտարարությունդ։
 
― Ես կարող եմ գործի դնել գուշակության երկու եղանակն էլ, ― շարունակեցի ես, ― մոտական, և հեռուն տանողը, դրա համար ինձ միայն անհրաժեշտ է փոխանցում կատարել։ Բայց սովորաբար ես հեռու ապագան եմ գուշակում, որովհետև մյուսով զբաղվելը ցածր է իմ արժանապատվությունից։ Դա հարմար է Մերլինի կարգի կարճ պոչավոր գուշակների համար, ինչպես մենք նրանց կոչում ենք մեր մասնագիտության մեջ։ Իհարկե, երբեմն֊երբեմն ժամանցի համար փոքր գուշակություններ էլ եմ անում, բայց ոչ հաճախ։ Դուք, հավանաբար, հիշում եք, որքան խոսք ու զրույց եղավ այն առիթով, որ ես ձեր՝ Սրբության Հովիտ գալուց երկու֊երեք օր առաջ գուշակել էի ժամանումի ճիշտ օրն ու ժամը։
 
― Իհարկե, հիշում եմ։
 
― Կանխագուշակել ձեր ժամանումը ինձ համար քառասուն անգամ հեշտ կլիներ, և ես կարող էի հազար անգամ ավելի մանրամասնություններ հայտնել, եթե այն տեղի ունենար ոչ թե երկու֊երեք օրից, այլ հինգ հարյուրամյակ հետո։
 
― Ի՜նչ տարօրինակ ու զարմանալի բան։
 
― Այո, փորձառու մասնագետի համար միշտ ավելի հեշտ է կանխագուշակել հինգ հարյուր տարի առաջ, քան հինգ հարյուր վայրկյան։
 
― Բայց, կարծես, բանական դատելով, պետք է որ ճիշտ հակառակը լիներ։ Պետք է որ մոտական գուշակելը հինգ հարյուր անգամ ավելի հեշտ լիներ, քան հեռավորը, քանզի մոտական այնքան մոտ է, որ սովորական մարդն էլ կարող էր գուշակել։ Պետք է խոստովանել, որ գուշակության օրենքը հակասում է հավանականությանը, ամենատարօրինակ կերպով դժվարինը՝ հեշտ և հեշտը դժվարին դարձնելով։
 
Այո, նա խելոք գլուխ ուներ։ Նույնիսկ գեղջկական գլխարկը այդ չէր կարող թաքցնել։ Ուզում եք սուզարգել քաշեք գլխին, միևնույն է, երբ նա գործի էր գցում ուղեղը, անմիջապես երևում էր, որ դա թագավորական գլուխ է։
 
Այժմ ինձ համար նոր գործ բացվեց և հոգսերով էլ բավականին լեցուն։ Թագավորը այնպիսի ագահությամբ էր ուզում իմանալ այն ամենը, ինչ պատահելու էր առաջիկա տասներեք դարերում, որ, կարծես, ինքը ակնկալում էր ապրել այդ ժամանակ։ Ես կաշվիցս դուրս էի գալիս, աշխատելով գոհացում տալ նրան։ Առաջներում էլ պատահել էր, որ սայթաքեի, բայց երբեք ավելի ապուշ քայլ չէի արել, քան այժմ, ձգտելով գուշակի դեր խաղալ։ Ասենք, դա իր լավ կողմերն էլ ուներ։ Գուշակին ուղեղ պետք չէ։ Առօրյա կյանքում ուղեղը, իհարկե, կարող է նրան պետք գալ, բայց իր մասնագիտության մեջ նա առանց ուղեղի էլ լավ յոլա կգնա։ Գուշակությունը աշխարհիս ամենահանգիստ մասնագիտությունն է։ Եթե գուշակության ոգին ձեր վրա է գալիս, դուք վերցնում եք ձեր բանականությունը, դնում որևէ սառը տեղ, որպեսզի չփչանա և քանդում եք ձեր լեզվի կապերը։ Լեզուն աշխատում է ինքն իրեն, առանց բանականության մասնակցության և արդյունքը, խնդրեմ, գուշակությունն է։
 
Ամեն օր թափառական ասպետներ էին պատահում, և նրանց տեսնելիս թագավորի մեջ զարթնում էր մարտական ոգին։ Եթե ես նրան ամեն անգամ ճանապարհից դուրս չքաշեի, նա անպատճառ կմոռանար իր ներկա վիճակը և որևէ անպատշաճ բան կասեր։ Կանգնում էր ու աչքերը չռում նրանց վրա։ Հպարտ կրակ էր բոցկլտում նրա հայացքի մեջ, քթախոռոչները ուռչում էին, ասես մարտական ձի լիներ․ տեսնում էի, որ նա մահու չափ կռվել է ուզում։ Բայց երրորդ օրվա կեսօրին մոտ, ես կանգ առա, որպեսզի նախազգուշական որոշ միջոցներ ձեռնարկեի, որոնց մասին դեռ երկու օր առաջ էի մտածել, երբ մտրակի հարված կերա։ Հաճույքով յոլա կգնայի առանց այդ միջոցների, այնքան որ տհաճ էին դրանք, բայց պատահարը ինձ նորից հիշեցրեց դրանց մասին․ անհոգ առաջ էի գնում, գուշակություններ անում, լեզուս աշխատում էր, ուղեղս հանգստանում և հանկարծ ոտքս կպավ մի ծառարմատի, ես գայթեցի և երեսնիվայր փռվեցի գետնին։ Վախից այնպես էի գունատվել, որ մի պահ լեզուս կապվել էր։ Ապա զգուշությամբ վեր կացա, բացեցի պարկս։ Այնտեղ մի փոքրիկ արկղի մեջ, բրդով փաթաթված դինամիտային ռումբ կար։ Ճանապարհի համար դա օգտակար իր էր․ գուցե, կգար ժամանակը, երբ ես դրանով արժեքավոր հրաշք կգործեի, բայց մեջքին նման բանը անընդհատ քարշ տալը ջղայնացնում էր ինձ, իսկ այն թագավորին տալ ես չէի ուզում։ Պետք էր կամ դուրս նետել ռումբը, կամ էլ որևէ անվտանգ միջոց գտնել նրա ընկերակցությամբ ճանապարհը շարունակելու համար։ Ես հանեցի այն, գրպանս դրեցի և ճիշտ այդ պահին տեսա դեպի մեզ եկող երկու ասպետների։ Թագավորը կանգ առավ հպարտ, ինչպես արձանը, և աչքերը հառեց նրանց վրա, իհարկե, նա նորից մոռացել էր իր վիճակը, և մինչև ես կզգուշացնեի, նա ինքը ակամայից մի կողմ ցատկեց։ Նա ենթադրում էր, թե ասպետները ճանապարհ կտան մեզ։ Ճանապարհ կտան, որպեսզի չճզմեն ոտքով քայլող կեղտոտ գյուղացուն։ Մի՞թե ինքը երբևէ ճանապարհ է տվել նման դեպքերում և մի՞թե գյուղացին նրան տեսնելիս չի շտապել հեռու քաշվել։ Եվ ոչ միայն գյուղացին, այլև ազնվազարմ ասպետը։ Ասպետները ոչ մի ուշադրություն չդարձրին թագավորի վրա, նա ինքը պետք է զգույշ լիներ, և եթե մի կողմ չցատկեր, ապա ոտնատակ կտային նրան ու դեռ քահ֊քահ կծիծաղեին այդ առթիվ։
 
Թագավորը կատաղեց և իր արքայական կատաղության մեջ նրանց գլխին թափեց ամենակծու հիշոցները։ Ասպետները արդեն հասցրել էին փոքր֊ինչ հեռանալ։ Նրանք կանգ առան մեծապես զարմացած, շրջվեցին թամբերի վրա, կարծես մտածելով՝ արժե՞ արդյոք մեզ նման աղտեղությունների հետ գլուխ դնել։ Ապա դարձրին ձիերը և սուրացին մեզ վրա։ Ակնթարթ իսկ կորցնել չէր կարելի։ Ես վազեցի նրանց ընդառաջ և այնպիսի մի մազերը բիզ֊բիզ կանգնեցնող, հոգին տեղահան անող տասներեք հարկանոց հայհոյանք տվեցի, որի համեմատ թագավորի հիշոցները պարզապես խղճուկ էին ու էժանագին։ Այդ հայհոյանքը ես փոխ էի առել տասնիններորդ դարից, որտեղ սույն գործը շատ լավ հիմքերի վրա է դրված։ Թափ առած ասպետները չկարողացան անմիջապես կանգ առնել։ Նրանք արդեն համարյա թագավորի մոտ էին, բայց կատաղությունից ստիպեցին ծառս կանգնել ձիերին, դարձրին նրանց գլուխները և սլացան ինձ վրա։ Ես նրանցից մի յոթանասուն յարդ հեռու էի և սկսեցի բարձրանալ ճանապարհամերձ գլաքարը։ Ինձնից մի երեսուն յարդ հեռու նրանք միանգամից առաջ պարզեցին երկար նիզակները, ցած հակեցին սաղավարտակիր գլուխները, այնպես որ միայն ձիերի վզի մազացցունքն էր երևում, և այդ ամբողջ շողշողուն զանգվածը վրա տվեց դեպի ինձ։ Երբ մեր միջև մնում էր ընդամենը մի տասնհինգ յարդ, ես նշան բռնեցի ու նետեցի ռումբը, որը գետնին դիպավ ճիշտ ձիերի մռութների առաջ։
 
Այո, դա փառավոր տեսարան էր, շատ փառավոր՝ նայելու համար։ Կարծես շոգենավի պայթյուն լիներ Միսիսիպիի վրա։ Հետո ամբողջ տասնհինգ րոպե մենք կանգնած էինք ասպետների, մետաղի և ձիու մսի միկրոսկոպիկ մասնիկներից բաղկացած անձրևների տակ։ Ասում եմ մենք, որովհետև թագավորը անմիջապես միացավ ինձ, հենց որ շունչ առավ։ Ասպետների գտնված տեղում փոս էր առաջացել, որը, ինչպես ես կանխատեսում էի, առաջիկա մի քանի տարվա գործ էր բացել գյուղացիների համար․ իհարկե, միտքս այն է, որ նրանք չեն կարողանա բացատրել այդ փոսի ծագումը, իսկ փոսը հողով լցնելը դժվար չի լինի, քանի որ այդ պատիվը բաժին կընկնի ընտրյալ փոքրամասնությանը՝ տեղական սինյորի գյուղացիներին, որոնց ոչինչ չես վճարի։
 
Թագավորին ինքս բացատրեցի։ Ես ասացի, որ փոսը փորված է դինամիտային ռումբով։ Այդ բացատրությունը նրան վնաս տալ չէր կարող, որովհետև նա մնաց նույն գիտելիքների մակարդակին, ինչ մակարդակ ուներ մինչև սույն բացատրությունը։ Նրա աչքերում դա մի նոր հիանալի հրաշք էր, նոր ջախջախիչ հարված՝ Մերլինի վարկին։ Ես հարմար նկատեցի բացատրել, որ նման հրաշքները շատ հազվադեպ են լինում և դրանք արարչագործել կարելի է միայն նպաստավոր մթնոլորտային պայմաններում, այլապես նա ամեն հարմար առիթով կստիպեր ինձ կրկնելու հրաշքը, իսկ այդ հնարավոր չէր, որովհետև ես այլևս ռումբ չունեի։
 
Ադմին, Վստահելի
1876
edits