Changes
/* Գլուխ XXVII */
Թագավորին ինքս բացատրեցի։ Ես ասացի, որ փոսը փորված է դինամիտային ռումբով։ Այդ բացատրությունը նրան վնաս տալ չէր կարող, որովհետև նա մնաց նույն գիտելիքների մակարդակին, ինչ մակարդակ ուներ մինչև սույն բացատրությունը։ Նրա աչքերում դա մի նոր հիանալի հրաշք էր, նոր ջախջախիչ հարված՝ Մերլինի վարկին։ Ես հարմար նկատեցի բացատրել, որ նման հրաշքները շատ հազվադեպ են լինում և դրանք արարչագործել կարելի է միայն նպաստավոր մթնոլորտային պայմաններում, այլապես նա ամեն հարմար առիթով կստիպեր ինձ կրկնելու հրաշքը, իսկ այդ հնարավոր չէր, որովհետև ես այլևս ռումբ չունեի։
==Գլուխ XXVIII==
Թագավորի վարժեցումը
Չորրորդ օրվա առավոտյան, երբ դեռ արևը նոր էր ծագում, և մենք արդեն մի ամբողջ ժամ քայլել էինք աղջամուղջի զովի մեջ, ես մի վճռի հանգեցի․ թագավորին պետք է վարժել, այլևս այդպես շարունակել չի կարելի, նրան պետք է ձեռքս հավաքեմ ու բարեխիղճ կերպով վարժեմ, այլապես մենք չենք կարող ոչ մի տուն մտնել․ ամենավերջին կատուն իսկ տեղն ու տեղը կհասկանա, որ այդ գյուղացին դիմակահանդեսի շորերով է։ Ես նրան առաջարկեցի դադար առնել և ասացի․
― Տեր արքա, ձեր հագուստը միանգամայն հարմար է և կասկած չի հարուցում, բայց ձեր հագուտի և վարլելակերպի միջև աչք ծակող հակադրություն կա։ Ռազմական կեցվածքը, տիրական շարժ ու ձևը, ― ո՛չ, դրանք պիտանի չեն։ Դուք ձեզ անչափ ուղղաձիգ եք պահում, ձեր հայացքը շատ հանդուգն է։ Թագավորական հոգսերը ուսեր չեն կռացնում, չեն սովորեցնում կախել ծնոտը, չեն ստիպում ոտքի առջև նայել, սրտի մեջ ահ ու կասկած չեն ցանում, որոնք մարդու գլուխը ցած են հակում, իսկ քայլվածքը անվստահ դարձնում։ Ոչ անվազարմ մարդու հավիտենական դառը հոգսերն են, որ նրան ստիպում են վարժվել նման բաների։ Եվ դուք էլ պետք է դրան վարժվեք․ դուք պետք է ձևացնեք թշվառություն, դժվախտության, ստորացման վիրավորանքների խարանը և շատ ուրիշ հակամարդկային բաներ, որոնք անմարդկայնացնում են մարդուն և դարձնում նրան նվիրված, հլու֊հնազանդ, տիրոջ աչքը ուրախացնող իր։ Այլապես մանկիկներն անգամ գլխի կընկնեն, որ մենք դիմակավորված ենք և մեր մտահղացումը փուլ կգա, կտոր֊կտոր կլինի մեր մտած առաջին իսկ խրճիթում։ Խնդրում եմ, փորձեցեք քայլել այսպես։
Թագավորը ուշադիր հետևեց ինձ ու փորձեց կապկել։
― Վատ չէ, բոլորովին վատ չէ։ Ծնոտը մի փոքր ցած, խնդրեմ, ահա, լավ է։ Ձեր աչքերը շատ վեր են նայում, խնդրեմ, հորիզոնին մի նայեք, նայեք գետնին՝ տասը քայլից ոչ ավելի։ Ահա, այժմ ավելի լավ է։ Մի րոպե, խնդրեմ, ձեր քայլվածքը շատ ինքնավստահ է, շատ վճռական։ Քայլեցեք ոչ հաստատ, երերուն։ Խնդրեմ, նայեցեք ինձ․ ահա թե ինչպես պետք է քայլել․․․ Այժմ, կարծես դուք ըմբռնում եք միտքս․․․ այո, նման մի բան․․․ Այ, հիմա վատ չէ։ Բայց։ Ինչ֊որ բան, այնուամենայնիվ, պակասում է, ինքս էլ չգիտեմ, թե ինչ։ Խնդրեմ, քայլեցեք մի երեսուն յարդ, որպեսզի կարողանամ հեռվից դիտել ձեզ․․․ Գլուխը ճիշտ եք պահում, արագությունը՝ ճիշտ, ուսերը՝ ճիշտ, հայացքը՝ ճիշտ, ծնոտը՝ ճիշտ, կեցվածքը՝ ճիշտ, ամեն ինչ՝ ճիշտ։ Բայց ամեն ինչ իրար հետ՝ սխալ։ Արդյունքը չի հաշվեկշռվում։ Քայլեցեք մի քիչ էլ, խնդրեմ․․․ այժմ, կարծես սկսում եմ հասկանալ։ Այո, գլխի ընկա։ Գիտե՞ք, պակասում է իսկական վստահությունը, ահա թե ինչ։ Ստացվում է սիրողական ներկայացում, տեխնիկական մանրամասնությունները մինչև մազաչափը ճիշտ են մշակված, թվում էր, թե պատրանքը լրիվ պետք է լիներ, բայց հենց պատրանքը չկար։
― Ուրեմն ի՞նչ անենք։
― Թույլ տվեք մտածել․․․ Դեռ առարկայական ոչինչ մտքովս չի անցնում։ Ճիշտն ասած, այստեղ օգնել կարող է միայն պրակտիկան։ Այստեղ էլ հենց շատ հարմար է՝ արմատներ ու քարաշատ գետին։ Հեշտությամբ կարելի է կոտրել վեհապանծ քայլվածքը։ Շուրջը դաշտ է և միայն մի հեռավոր խրճիթ, որտեղից ոչինչ չի երևում, ուրեմն և մեզ ոչ ոք չի ընդմիջի։ Լավ կլիներ ճանապարհից դուրս գայինք և ամբողջ օրը վարժումին տրամադրեինք, տեր իմ։
Նրան մի փոքր վարժելուց հետո, ես ասացի․
― Իսկ այժմ, տեր արքա, պատկերացրեք, որ մենք կանգնած են այն խրճիթի դռան առջև և մեզ հանդիպում է ամբողջ ընտանիքը։ Շարունակեցեք, խնդրեմ, դիմեցեք տան գլխավորին։
Թագավորը ակամայից ուղղվեց և սառցային դաժանությամբ արտաբերեց․
― Ստամբակ, աթոռ բեր, և ուտլիք մատուցիր ինձ։
― Ահ, ձերդ վեհափառություն, այդպես չի կարելի։
― Ինչո՞ւ ոչ։
― Այդ մարդիկ մեկը մյուսին ստամբակ չեն կոչում։
― Մի՞թե։
― Այդպես նրանց կոչում են միայն ավելի բարձր խավի մարդիկ։
― Այդ դեպքում ես նորից կփորձեմ։ Ես նրան կասեմ․ «ճորտ»։
― Ոչ֊ոչ, չէ որ նա կարող է ազատ մարդ լինել։
― Ախ այդպես։ Այդ դեպքում ես նրան կանվանեմ «բարի մարդ»։
― Դա հարմար է, ձեռդ վեհափայլություն, բայց ավելի լավ կլինի, եթե դուք նրան կոչեք․ «բարեկամ», կամ «եղբայր»։
― Եղբա՞յր։ Այդպիսի կեղտաջրի՞ն։
― Բայց չէ՞ որ մենք ձևացնում ենք, թե մենք էլ իրեն հավասար ենք։
― Դու իրավացի ես։ Ես նրան կասեմ․ «Եղբայր, աթոռ բեր ինձ և ուտելու բան տուր»։ Այդպես լա՞վ է։
― Ոչ բոլորովին, ոչ բոլորովին լավ։ Դուք խնդրում եք միայն ձեզ համար, այլ ոչ թե մեզ՝ երկուսիս․ ուտելիքն էլ աթոռն էլ մեկի համար։
Թագավորը ինձ նայեց շփոթված ու զարմացած, նա այնքան էլ շուտ ըմբռնող չէր, նրա գլուխը դանդաղ էր աշխատում։ Նա կարող էր ընկալել նոր գաղափարը, բայց ոչ անմիջապես, այլ հատիկ առ հատիկ։
― Մի՞թե քեզ էլ է աթոռ պետք։ Մի՞թե դու կնստեիր։
― Եթե ես չնստեի, այդ մարդը կնկատեր, որ մենք միայն երևութապես ենք հավասար ձևանում, և խաղում ենք այդ դերը շատ վատ։
― Արդարացի է խոսքդ։ Որքա՜ն զարմանալի բան է ճշմարտությունը, ինչպիսի անակնկալ ձևով էլ այն հայտնված լինի։ Այո, նա պարտավոր է աթոռներ և ուտելիք դուրս բերել երկուսիս համար և լվացվելու աման ու անձեռոցիկ սպասարկելիս, լինել նույն չափով հարգալիր ինչպես մեկի, այնպես էլ մյուսի նկատմամբ։
― Բայց, այնուամենայնիվ, պարզաբանման կարոտ մի մանրուք կա։ Նա պարտավոր չէ որևէ բան դուրս բերելու, մենք պետք է ներս մտնենք, ներս՝ կեղտի և հավանաբար ուրիշ զզվանքի մեջ, և սեղան նստենք նրա ընտանիքի հետ, և պիտի ուտենք այն, ինչ մատուցեն և ինչպես մատուցեն, և պիտի պահենք մեզ ինչպես հավասարը֊հավասարի հետ, եթե միայն տանտերը ստրուկ չէ։ Իսկ լվացվելու աման ու անձեռոցիկ առհասարակ չի լինի, անկախ այն բանից, թե ով կլինի տանտերը՝ ազատ մարդ, թե ստրուկ։ Խնդրում եմ, տեր արքա, նորից քայլեցեք։ Այդպես․․․ հիմա ավելի լավ է․․․ առավել լավ։ Բայց, այնուամենայնիվ, ոչ բոլորովին լավ։ Ձեր ուսերը չեն կռանում, երբեք օղազրահից պակաս պատվական բեռ չեն կրել իրենց վրա։
― Տուր ինձ քո պարկը։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ ասել է անպատվաբեր բեռ։ ― Ծանրությունը չէ, որ կռացնում է ուսերը, այլ անպատվաբերությունը։ Օղազրահը ծանր է, բայց պատվական է, և այն կրող մարդը ուղիղ է մնում․․․ Ո՛չ, մի վիճիր, մի՛ առարկիր։ Տուր պարկը։ Մեջքիս գցիր։
Այժմ արդեն, պարկը մեջքին, թագավորը վերջապես բոլորովին նման չէր թագավորի։ Մինչև վերջ համառ մնացին նրա ուսերը․ նրանք չէին կռանում, իսկ թե որ կռանում էլ էին, ապա բոլորովին անբնական ձևով։ Շարունակելով վարժեցումը ես ուղղում և ղեկավարում էի նրան։
― Պատկերացրեք, որ դուք պարտքերի մեջ թաղվել եք, որ ձեզ տանջում են անգութ պարտատերերը, դուք գործազուրկ եք․․․ այսինքն, ասենք թե դուք դարբին եք և ձեզ հեռացրել են աշխատանքից, ձեր կինը հիվանդ է, իսկ երեխաները լաց են լինում, որովհետև սոված են․․․
Եվ այլն, և այլն։ Ես ստիպում էի նրան պատկերել ամենատարբեր դժբախտություններից ու նեղություններից տառապող մարդկանց։ Բայց, աստված իմ, նրա համար դրանք միայն բառեր էին, ոչինչ չասող բառեր, կարծես թե ոչ թե խոսած լինեի, այլ պարզապես սուլած։ Բառերը ոչինչ չէին նշանակում, եթե ինքներդ ձեր կաշվի վրա չեք զգացել այն տառապանքը, որը բառերն են ուզում արտահայտել։ Խելքի տոպրակներ կան, որոնք սիրում են գիտակի տեսքով ու ներողամտությամբ խոսել․ «աշխատավոր դասակարգերի» մասին և հանգստացնում են իրենց այն բանով, թե մտավոր աշխատանքը շատ ավելի ծանր է ֆիզիկականից և իրավամբ շատ ավելի բարձր է վարձատրվում։ Նրանք իսկապես էլ այդպես են կարծում, քանի որ ծանոթ են միայն մտավոր աշխատանքին, իսկ ֆիզիկական աշխատանք երբեք չեն փորձել։ Բայց ես ճաշակել եմ երկուսն էլ, և տիեզերքիս բոլոր փողերն էլ եթե տան, չեմ համաձայնի երեսուն օր շարունակ աշխատել բահով, բայց հաճույքով կանեմ նույնիսկ ամենածանր մտավոր աշխատանքը համարյա անվճար․․․ և գոհ կլինեմ։
Մտավոր «աշխատանքը» ճիշտ չի անվանված․ դա հաճույք է, զվարճություն և հենց իր մեջ է պարունակում մեծագույն պարգևը։ Ամենացածր վարձատրվող ճարտարապետը, ինժեները, գեներալը, գրողը, քանդակագործը, նկարիչը, դասախոսը, փաստաբանը, օրենսդիրը, դերասանը, քարոզիչը, երգիչը աշխատելիս երանություն են զգում ինչպես դրախտում։ Իսկ ի՞նչ ասել երաժշտի մասին, որը ջութակի աղեղը ձեռքին նստում է մեծ նվագախմբի կենտրոնում, երբ նրա շուրջը ծորում են աստվածային հնչյունների հրահոսուն շիթերը։ Նա էլ, իհարկե, աշխատում է, եթե ուզում եք դա աշխատանք կոչել, բայց ճիշտն ասած այդպիսի անվանումը ծաղր ու ծանակ է աշխատանք հասկացողության իսկ նկատմամբ։ Աշխատանքի օրենքը ծայրահեղորեն անարդարացի է, բայց նա այդպիսին է ստեղծվել և այլևս փոխել հնարավոր չէ․ որքան շատ հաճույք է ստանում աշխատողը աշխատանքից, այնքան ավելի շատ փող են նրան վճարում այդ աշխատանքի համար։ Նման կարգի օրենքին են ենթարկվում նաև այնպիսի բացահայտ խաբեբայական իրավիճակները, ինչպիսին են ժառանգական ավագանիությունը և թագավորական իշխանությունը։