Changes

Վեսլի Ջեքսոնի արկածները

Ավելացվել է 55 895 բայտ, 21:15, 27 Դեկտեմբերի 2016
/* Ծանոթագրություններ */
Է՜հ, իսկ հետո չգիտեմ ինչ պատահեց, որովհետև լացս եկավ։ Ինձ ու ինձ, մտքումս չէի լաց լինում, էն որ արտասուքներդ կուլ ես տալիս, քեզ զսպում։ Էն որ ամեն ինչ ներս են գցում ու քիչ է մնում խեղդվես։ Չէ, լացս իսկականից դրի, բայց նախօրոք շենքից դուրս եկա ու գնացի դաշտ, ուր մի քանի ծառ կար, ու ինձ մարդ չէր տեսնի։
 
 
==Գլուխ երեսուներկուերորդ==
<br>Վեսլին ծով արտասուք է թափում, հերթով ամեն ինչի համար, հոնգուր֊հոնգուր լալիս</br>
 
Սկզբում լացս եկավ, որ ես գրող եմ, որ էլ ճա՞րս ինչ, ոչինչ չեմ կարող անել, բայց քիչ հետո լաց եղա ամեն բանի համար, ինչ որ մեկնումեկի աչքից երբևէ արտասուք է բերել։ Լաց եղա, թե մարդիկ ինչու պիտի լինեն այլանդակ, երբ ընդհակառակը՝ պիտի էնքան գեղեցիկ լինեին, որ հողի տակի պստիկ կենդանիները դուրս գային գետնի երես ու թաքուն նրանց նայեին։ Լաց եղա թաքուն նայող էդ պստիկ կենդանիների համար։ Լաց եղա մայրիկի համար, որ երկար տարիներ հայրիկից բաժանված էր, բայց նույնն էր մնացել․ էլի նրա սիրած աղջիկն էր ու առաջվա պես սիրում էր նրան։ Լաց եղա իմ եղբայր Վիրջիլի համար, որ լուսանկարում ինձ նման մեծ էր, ու դեմքից երևում էր, որ շատ բան գիտի, բայց աղմուկ չի բարձրացնում․ իսկական տղամարդ է, ինձանից լավը։ Պարզ ու ընկերավարի նայում է նկարից, չի քաշվում մոր հետ էդքան մտերիմ լինելուց, ոչ էլ հայրիկի հանդեպ խորթություն է զգում, չնայած նոր է հանդիպել նրան։ Կանգնել է էնտեղ՝ Էլ Պասոյի արևոտ երկնքի տակ, կանգնել իր համար՝ պարզ ու հասարակ։ Լաց եղա Նիլ քեռուս համար, որ չեմ ճանաչում նրան, իսկ նա, խնդրեմ, գյուղատնտեսական պիտույքների առևտրով է զբաղված ու ամեն տեսակ ձեռնարկներ է վաճառում, թե տրակտորը ոնց պիտի աշխատացնել, վարուցանք երբ պիտի անել, երբ բերքը հավաքել ու էլի հազար ու մի բան, ինչ հարկավոր է իմանալ։ Ես լաց եղա հայրիկի համար, որ էդքան փառավոր մարդ է ու էդքան խելառ՝ կարծում է ինքը վատն է, լավը չի, ինչ է՝ դրա մեջ քիչ թե շատ ճշմարտություն կա, իսկ ամբողջ ճշմարտությունը չգիտի։ Է, հա՛, ասենք թե հայրիկը լավը չէր, բայց իր կարծիքով ինչքա՞ն լավը պիտի լիներ։ Մարդ ինչքա՞ն լավը կարող է լինել։ Եթե ոչ մեկին վնաս չես տալիս ու չես ուզում տալ, էլ հնարավո՞ր է դրանից լավը լինել։ Ես լաց եղա Մեգիի համար, որ հոգացել է հայրիկի մասին ու իմ կողքին էնքան անհարմար էր զգում՝ քիչ էր մնացել սառածի տեղ դնեի։ Լաց եղա էն կնոջ համար, որ ձյան տակ «Վալենսիան» երգելով՝ դիմացս դուրս եկավ։ Լաց եղա կարպրալի համար, որ մատնեց ինձ, չնայած նույն հեշտությամբ կարող էր չմատնել։ Լաց եղա մեր վաշտի հրամանատարի համար, որ կարճլիկ ոտքերով թփթփացնում էր նստարանի տակ։ Լաց եղա ճապոնացի տղայի համար, որ նստում էր մահճակալիս մոտ, երբ ես հիվանդ պառկած էի հոսպիտալում, լաց եղա սևամորթ տղայի համար, որի կողքին ես էի գնում նստում, ու երեք փոքրիկ սմքած նարինջները նորից միտքս ընկան, ու դրանց համար էլ լաց եղա, փորձում էի հիշել, թե նարինջները վերջը ինչ արի․․․ կարծեմ «Հյուսիսային» մեծ հյուրանոցի բուխարիկի վրա մացին․․․ երևի Վիկտոր Տոսկան էլ վերցրել էր, դեն գցել։ Հիշեցի Ջիմ Քըրբիին՝ լրագրողին, ու լաց եղա նրա համար, ախր նա ստիպեց գնդապետին ինձ ու Հարի Քուքին ինքնաթիռով ուղարկել Այլասկա, ու քանի եկել հասել էի Այլասկա, լաց եղա Դեն Քոլինզի համար, որ էսկիմոսի նման չէր, տեսքից հասարակ պանդոկապան էր։ Լաց եղա Կակալակովիչի համար, որ Լու Մարիաչչիից էնքան թուքումուր կերավ ինչ է՝ ազատ ժամին սեռական հարաբերություններ է ունեցել, լաց եղա Լուի համար, որ ամեն շաբաթ ինձ թող էր ուղարկում, ու ես որոշել էի պարտքիս տակից դուրս գալ, մի քիչ էլ արցունք թափեցի, որ էդ ամբողջ փողը անպայման հետ տամ։ Լաց եղա Հարի Քուքի համար, որ հեռու֊հեռավոր Միսուրիում իր երգն էր երգում։ «Ա՛խ, թե ճար լիներ ձեռքիս, չէիր ծերանա, սիրելիս․․․»․ երևի իր չսիրած սպաներից մեկի մոտ էր երգում, ու լացս էդ սպայի վրա էլ եկավ․ որովհետև գրողը տանի, ի՞նչ էր իրեն երևակայում։ Ախր ճիշտը որ վերցնենք, նրա եղածն ի՞նչ էր, գրողը տանի։ Մի սովորական փսլնքոտ, դրա նմաններն ինչքան ասես կան, խելքները թռցնում են, որ ուսադիրների վրա մի բարալիկ, ոսկե զոլ ունեն․ աստիճանի գիժ են։ Ես լաց եղա Նիք Քալիի համար, որ երգում էր․ «Քեզնից բացի, տեր աստված, չունեմ ուրիշ ապավեն․․․»․ տեսնես ո՞նց է Նիքը։ Լաց եղա էն տղայի համար, որ իր փոքրիկ մեքենայով վերադառնում էր տուն՝ կնոջ մոտ, իսկ ես էդ գիշեր ժամապահ կանգնած՝ նախանձում էի նրան, թե ինչ ազատ է, իր գլխի տերը ու աշխարհում ոչ ոք նրան չի խանգարում։ Լաց եղա էն աստղի համար, որ դուրս եկավ երկնքում՝ ինձ իմաց տալու, թե պատերազմում չեմ սպանվելու։ Լաց եղա շան քոթոթի համար, որ հաչում, կլանչում էր գնդապետի վրա ինչ է՝ սա պրեզիդենտի տնազն էր անում ու դեմոկրատներին անպատվում։ Լաց եղա գնդապետի, պրեզիդենտի ու դեմոկրատների համար, էդ բոլոր հասուն տղամարդկանց, որ իրենց օրանգուտանգների հոտի պես են պահում, ամեն համագումարի պրեզիդենտության նույն թեկնածուի օգտին քվեարկում։ Լաց եղա էն մարդկանց համար, ովքեր անընդհատ հույսեր են փայփայում, թե նույն թեկնածուի փոխարեն վերջապես, իրենց կառաջադրեն, բայց նրանց երբեք էլ չեն առաջադրում, ու սրանք ոնց որ եկել էին, էդպես էլ հետ են դառնում տուն՝ կնոջ ու երեխեքի մոտ, երևի պարզապես մի քիչ ավելի սրտնեղած, բայց միշտ հարգալից էն մարդու նկատմամբ, որին նորից են առաջադրել․ «մեր մեծ պրեզիդենտը»․ կա֊չկա էսպես են անունը տալիս։ Հետո, մեկ էլ տեսնեմ՝ խոտերի միջով մի պառավ, հալումաշ կատու է գողեգող գալիս, էն անտեր կատուներից, որ դաշտում միշտ էլ աչքովդ են ընկնում․ իր արևին դարան մտած՝ ծիտ էր որսում, այնինչ չորս կողմը՝ քանի մղոնի վրա, ծտի հետք էլ չկար, իսկ սա մազաթափ պոչը ցից արած՝ հո հուզմունքից չէ՜ր դողում, դե, ես էլ լաց եղա նրա ու իր պոչի համար, նայեցի դեսուդեն, տեսնեմ մոտերքում գոնե մի ծիտ չկա՞, որ կատուն բռնի՝ ծտի համար էլ լաց լինեմ, բայց ծիտ չէր երևում․ պառաված կատուն ուղղակի վարժություն էր անում, նրա համար դա մարմնամարզության պես բան էր կամ էլ ցնդել էր։ Հետո հայացքս ընկավ հետս տարած հանդեսին․ «Նյու ռիփաբլիքն» էր, Ջո Ֆոքսոհլի ասելով հենց էստեղ էր ժամանակին տպվել երբևէ գրված ամենահանճարեղ բանաստեղծությունը՝ Ջեյմս Ջոյսի «Ecce puer»֊ը, էնպես որ դա էլ օրակարգի մեջ մտցրի ու լաց եղա «Նյու ռիփաբլիք»֊ի, հետո էլ՝ Ջո Ֆոքսհոլի, պոեզիայի, երբևէ գրված ամենահանճարեղ բանաստեղծության ու Ջեյմս Ջոյսի համար, բայց մտքիցս դուրս չէր գալիս, թե ինչ է մնացել, գիտեի, որ շատ բաների համար դեռ լաց չեմ եղել ու անցա Վուդրո Վիլսոնին<ref>Թոմաս Վուդրո Վիլսոն (1856-1924) ― ԱՄՆ֊ի 28֊րդ պրեզիդենտը (1913-21), Դեմոկրատական կուսակցությունից։</ref> և Ազգերի լիգային<ref>1919 թ․ հիմնադրված միջազգային կազմակերպություն, որն ըստ կանոնադրության կոչված էր ամրապնդելու «խաղաղությունն ու անվտանգությունը» և ժողովուրդներին համագործակցությունը, բայց իրականում ծառայում էր իմպերիալիստական տերությունների շահերին։ 1939 թ․ փաստորեն դադարել է գոյություն ունենալուց, պաշտոնապես լուծարքի ենթարկվել՝ 1946֊ին։</ref>, որովհետև Կլեմանսոն<ref>Ժորժ Կլիմենսո (1841-1929)― Ֆրանսիայի պրեմիեր֊մինիստրը 1906-09, 1917-20ն թթ․։</ref> թքել էր նրա երեսին, իսկ լիգան մատը մատին էլ չէր խփում։ Պատկերացրեք, թե մեկը կանգնել է, թքում է մի ուրիշի երեսին, իսկ սրա ուզածն էր աշխարհը գոնե մի քիչ լավը դարձնել ու էլ ի՞նչ անի, ստիպված վերադառնում է տուն, սիրտը կոտրված, որովհետև հավատացել է թե կարող է աշխարհն ավելի լավը դարձնել, էն էլ քիչ է երեսին թքում են, դեռ կոնգրեսն էլ հրաժարվում է հետն աշխատելուց։ Ես լաց եղա Քալվին Քուլիջի<ref>Քալվին Քուլիջ (1872-1933)― ԱՄՆ֊ի 30֊րդ պրեզիդենտը (1923-29), Հանրապետական կուսակցությունից։</ref> համար, որ կյանքում մի մրջյուն էլ չէր տրորել։ Դե, քանի որ մեծ մարդկանցից էի բռնել, գիետի, աչքերս ծով էլ դառնան, արտասուքս հերիք չի անի, դրա համար էլ որոշեցի բոլորին հերթի դնել ու նախ և առաջ քաղաքական մեծ գործիչների վրա լաց լինել։ Բեն Ֆրանքլինից սկսեցի, բայց սա միշտ էլ էնքան հաջողակ ու երջանիկ էր եղել, որ մենակ նրա մեռնելու համար պիտի լաց լինեի․ ախր մի երեք տարի էլ կարող էր ապրել ու ռադիոյի գյուտն անել։ Ֆրանքլինից հետո անցա Պատրիկ Հենրիին,<ref>Պատրիկ Հենրի (1736-99)― Ամերիկյան հեղափոխության դարաշրջանի քաղաքական գործիչ, որը հռչակված էր իր ճառերով։ Նրա «Կամ ազատությո՛ւն տվեք, կամ մա՛հ» լոզունգը ԱՄՆ֊ի Անկախության պատերազմի հանրահայտ նշանաբանն էր։</ref> լաց եղա, որ ասել է․ «Կամ ազատություն տվեք, կամ մահ», որովհետև մինչև հիմա էլ կարծես ոչ ոք կարգին չգիտի, թե նա ինչ ստացավ։ Եթե հաշվի առնենք, որ մինչև օրս բոլորն ազատություն են պահանջում, ուրեմն էլ ո՞նց նա տեղնուտեղը չընկավ ու մեռավ։ Ո՞նց պատահեց, որ մի երկու օրից վեր կացավ ու նոր ճառ արտասանեց, էս անգամ էլ ուրիշ երկընտրանք առաջ քաշեց․ կարծես «Կամ փող տվեք, կամ կին»։ Հետո մտքովս անցավ, թե էսքան քաղաքական գործիչներն էլ են ինձ հերիք ու սկսեցի լաց լինել Էդգար Ալըն Պոյի համար, որ տխուր ու մենակ է ապրել, անընդհատ առեղծվածային հանելուկներով լի արտասովոր պատմություններ հնարել ու դրա հետ մեկտեղ ջահել աղջիկներին սրտակեղեք ոտանավորներ ձոնել։ Մտածեցի մի գրողի համար էլ լաց լինեմ, հետո նոր կանցնեմ հանցագործներին, ու Հենրի Ուորդսուորթ Լոնգֆելոյին ընտրեցի, որովհետև «Հայավաթի երգը» նա է գրել, ու մի լացուկոծ դրի, մի լացուկո՜ծ դրի, ախր ատում եմ «Հայավաթը»։ Դե որ բանը հնդկացիներին էր հասել, չէի կարող առիթը ձեռքիցս փախցնել ու մի քանի կաթիլ արտասուք չթափել էն հնդկացի գեղեցկուհու<ref>Խոսքը չիկագոմինի ցեղի առաջնորդի դստեր՝ Պոկահոնտասի մասին է, որի անունը առաջին անգամ հիշատակել է տարեգիր Ջոն Սմիթը 1608 թ․, իսկ «Վերջինիայի համընդհանուր պատմության» մեջ (1624)՝ նկարագրել իր ռոմանտիկ արկածը «հնդկացիների արքայադստեր» հետ։ Այս հմայիչ վայրենուհու կերպարը ամերիկյան գրականություն է մտել որպես կանացի անձնուրաց սիրո խորհրդանիշ։</ref> համար, որին նավապետ Ջոն Սմիթն<ref>Ջոն Սմիթ (1580-1631)― անգլիացի ծովագնաց, Նոր աշխարհի առաջին գաղութաբնակներից մեկը, ով հետազոտել է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան ծովեզերքը (1614)։ Նրա գրչին են պատկանում ամերիկյան գրականության անդրանիկ տպագիր երկերը, որտեղ գեղարվեստական շնչով ներկայացված են եվրոպացի գաղութաբնակների և տեղաբնակ հնդկացիների կյանքն ու կենցաղը։</ref> իր հարսնացուի տեղը դրեց, բայց աղջկա անունը ոչ մի կերպ չհիշեցի, է՛հ, նրա համար էլ էդպես անանուն լաց եղա։ Հետո գնացքներ թալանող Ջեսի Ջեյմսի համար լաց եղա, որովհետև ալան֊թալանը վերջիվերջո ձենտու չի, մեկ է՝ ավարդ ում էլ տանես տաս, վաղ թե ուշ գնդակի բաժին կդառնաս, եթե հանցագործության ճամփա ես բռնել։ Հետո Դոլթոն եղբայրների համար լաց եղա, բայց միտքս էլ նշանավոր հանցագործներ չեկան, բացի վերջերս անուն հանած մի քանի նորելուկներից, ես էլ լաց եղա տասը տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում բռնված էն տղայի համար, որը մի խեղճուկրակ, կեղտոտ խոճկոր էր գողացել։ Հիշեցի նրա ասածը, թե ուղղակի ուզեցել է տանը մի կենդանի պահել, փայփայել ու մի քիչ էլ արտասուք թափեցի, որովհետև էստեղ մեծ տարբերություն կար, իսկ հետո հոնգուր֊հոնգուր լաց եղա, որ էդ տարբերությունը ոչ ոք չի զգացել։ Քիչ անց, հեռվից հեռու, երեք համազգեստավոր, կարճ ու հաստլիկ կին աչքիս ընկան, Վիկտոր Տոսկայի ասած՝ փչացածներից․ նրանք համաքայլ գալիս էին փողոցով․ իսկը փոքրիկ զինվորներ, կարծես իրենք էլ էին մյուսների պես կռվի մասնակից, ու ես լաց եղա նրանց համար, որ կարճ ու հաստլիկ են, որ զինվորական համազգեստ են հգաել, ու բոլորը համոզված են, թե սրանց արածը շատ սազական է իրենց, բայց կարգին աղջիկներին չի սազում Մեգիի նման դրանով զբաղվել, ինչ որ ի բնե, էսպես թե էնպես, աղջիկներին վիճակված է անել, ու էս հաստլիկներն էլ դա բանուգործ էին սարքել․ կամ ջղերն էին գրգռված, կամ գլուխներն էին կորցրել, կամ էլ պատերազմն էր վրաներն ազդել, ու նրանք ուղղակի փորձում էին ինչքան հնարավոր է, գոնե սպայական կազմով սահմանափակվել։ Իսկ հենց տեսա, թե երեքն էլ ոնց են պատվի առնում, արցունքները հեղեղի պես թափվեցին աչքերիցս, որովհետև նրանք կապիկություն չէին անում, չէ, էնպես էին պատիվ տալիս, ասես պատերազմում հաղթանակ տանելը հենց դրանից է կախված։ Հետո ինձ թվաց, թե փոքր ազգությունների համար էլ արժի լաց լինել․ ախր փոքր ազգը հույսն ինչի՞ վրա դներ։ Ու ես լաց եղա Իսլանդիայի համար,― կղզիաբնակ ժողովուրդներից էի սկսել,― լաց եղա Իռլանդիայի, հետո՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, հետո՝ Տասմանիայի, Մադագասկարի, հետո՝ Խաղաղ օվկիանսի բոլոր մանր կղզիների, հետո՝ Ճավայի, Կուբայի, հետո՝ Հաիթիի, Կիպրոսի, հետո վերջապես Էլիս Այլենդի համար․ դե ախր ինչի՞, ինչի՞ վրա հույս դնեն էս կղզիների ժողովուրդները։ Հետո էլ եվրոպական մայրցամաքի փոքր ազգերով տարվեցի, լաց եղա Հունաստանի, Ալբանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի ու մյուս երկրների համար․ ախր նրանց բա՞նն ինչ պիտի լիներ։ Քիչ հետո էլ սկսեցի գիտության համար լաց լինել, որովհետև դժվար թե մի ուրիշը դրա համար արտասուք թափեր, ու ես լաց եղա իրենց մենության մատնած էն բոլոր մարդկանց համար, որ աչքները չեն կտրում մանրադիտակից՝ փորձելով հայտնաբերել իմացությանը մատչելի ամեն ինչ։ Հետո լաց եղա մանրադիտակով երևացող մասնիկների համար, որովհետև աշխարհում ամեն ինչ էդ մասնիկներից է կազմված, և թռչկոտող մոլեկուլի համար լաց լինելն էնքան բնական է ու կարևոր, ինչքան ուզածդ թռչկոտող բանի համար։ Դե, հետո էլ, քանի որ ամենամանր մասնիկներին էի հասել, մտածեցի ամենամեծ բաների համար էլ լաց լինեմ ու արտասուք թափեցի ամբողջ տիեզերքի, նրա բոլոր անհայտ գաղտնիքների, ժամանակի և լույսի բոլոր միլիոնավոր տարիների համար, ու դրանք իմ թափած ամենամխիթարական արցունքներն էին։
 
Քիչ անց վերջ տվի լացիս, քիթս մաքրեցի ու նորից կարդացի «Նյու ռիփաբլիքում» տպված նամակը, որ ես էի գրել, բայց էլ լացս չեկավ, որովհետև հասկացա․ ի վերջո, մեկ է՝ գրող եմ, թե չէ։
 
Ուրեմն՝ արդեն գրող էի ու ծով արտասուք թափելուց բացի, ոչ մի բանով չէի տարբերվում առաջվանից, մենակ թե սիրտս ցավում էր Վուդրո Վիլսոնի համար, որ նրա գործը էդպես ձախ գնաց։
 
==Գլուխ երեսուներեքերորդ==
<br>Վեսլին «Նյու ռիփաբլիքում» կարդում է հորն ուղղված իր նամակը</br>
 
Էն իրիկուն փոքրիկ հյուրանոցի նախասրահում, այ, թե ինչ էի գրել հայրիկին, ու հենց սա էր տպված «Նյու իփաբլիք»֊ում։
 
«Բեռնարդ Ջեքսոնին
 
Թեև չգիտեմ որտեղ ես ու նամակս քեզ կհասնի, թե չէ, բայց որոշեցի գրել քեզ, որովհետև եթե դու փորձանքի մեջ ես, իմացիր, որ ես էլ եմ։ Երբեք չեմ զգացել, թե քո հանդեպ պիտի նվիրվածություն ունենամ, հպարտանամ քեզնով կամ դրա պես մի բան, որ լլավ որդիները պետք է զգան իրենց հայրերի նկատմամբ։ Դու իմ հայրն ես, իսկ ես՝ քո որդին և վերջ․ լավն ու վատը էլ կարևոր չի։ Երևի որոշ մարդիկ քեզ թուլամորթ են համարում, որ սովորությանդ պես մեկ֊մեկ գլուխդ առնում ես կորչում, այ, հիմիկվա նման, ու քեզ խմելուն տալիս՝ թեկուզ ինչի համար էլ հեռաած լինես։ Բայց ես բոլորովին էլ չեմ կարծում, թե դու թուլամորթ ես, որ էդպես ես անում։ Իմ կարծիքով, ամեն մի արածդ քեզ համար բնական անհրաժեշտություն է։
 
Ուրեմն էլ ինչո՞ւմ եմ քեզ գրում։ Գրում եմ, որովհետև կարծես եկել է ժամանակը, որ քո փոխարեն գոնե ե՛ս փորձեմ կյանքի ճիշտ ճանապարհը բռնել․ հիշո՞ւմ ես, դու էիր վերջերս ասում, թե հույսդ ինձ վրա է։ Նախորդ պատերազմում քեզ էնքան բան է պատահել, որ ես չեմ էլ կարող գուշակել, որովհեև ոչ մի մարդ էլ չի կարող գուշակել, թե ուրիշի գլխով ինչ է անցել֊դարձել, եթե նույնիսկ էդ ուրիշի որդին է։ Բայց պատմածներիցդ գիտեմ, որ ամենավատ բանը մարմնիդ չի պատահել։ Ֆիզիկապես դու դեռ շատ ու շատ տղամարդկանցից ուժեղ ես։ Ամենավատը քեզ է պատահել, քեզ․ ոչ թե մարմնիդ, ոչ թե ջղերիդ, ոչ թե ուղեղիդ, ոչ թե սրտիդ, ոչ թե հոգուդ, այլ քեզ, քո «ես»֊ին։ Գիտեմ, դու զգացել ես, որ պատերազմը քեզ ոտնակոխ է արել ու մինչև հիմա էլ որպես մարդ անհատ քեզ անարգված ես զգում։ Գիտեմ, հենց մտածում ես թե ես էլ պիտի անցնեմ նույն բանի միջով, ահը սիրտդ է ընկնում, որովհետև հույսդ ինձ վրա ես դրել, որ գոնե ես պարզապես դուրս գամ՝ իմ տեղն էլ քոնն էլ։ Հույս ունես, թե տղա կունենամ, որ կիսատ թողածս շարունակի, ու իմ հույսն էլ է դա։ Ասում էիր՝ պատերազմում ձգտել ես ողջ մնալ մեն մի նպատակով․ որ տեսնես ինձ։ Դե ուրեմն ուզում եմ իմանաս, ես էլ եմ որոշել ձեռքիցս եկածն անել, որ ողջ մնամ ու տեսնեմ որդուս։ Գիտեմ, ցնցված չես լինի, եթե ասեմ, որ որոշումս ինձ ֆիզիկապես վախկոտ է դարձնում, որովհետև դա ճիշտ է։ Մի օր հարազատ որդուս տեսնելու համար ես պատրաստ եմ իմ հոժար կամքով էդպիսի վախկոտ լինել։ Ֆիզիկական վախկոտության միտքը բանակի տղերքի մեծ մասն ահ ու սարսափի է մատնում, բայց ինձ չի վախեցնում։ Ես իրոք կսկեի վախենալ, եթե հանկարծ պարզեի, թե չեմ ուզում կամ չեմ կարող հստակ հասկանալ, որ հանգամանքների բերումով ու ինչ֊ինչ պատճառներով իրավունք ունեմ կամավոր մեռնելուց հրաժարվել։ Ես ոչ մի դեպքում չեմ ուզում սպանվել, չէ՛, ոչ մի գնով։ Ազնիվ խոսք, իմ կարծիքով, թեկուզ քաղաքակրթությունը, ինչպես ասում են, բնաջնջվի, պետքս էլ չի լինի, մենակ թե ես ողջ մնամ։ Աստված վկա, իմ կարծիքով, քաղաքակրթությունը հենց ես եմ։ Գրողը տանի, շատ պե՞տքս է, թե ինչ֊որ բան է կործանվում, եթ եկործանովողը ես չեմ։ Համոզված եմ, որ բանակում ամեն ազնիվ մարդ հոգու խորքում նույնն է մտածում։ Գիտեմ, ես առանց տատանվելու գլուխս մահի կտայի, ասենք՝ ճշմարտության կամ արդար գործի համար, բայց չեմ կարծում, թե սպանելով՝ քաղաքակրթությունը փրկելուն օգնեմ։ Իմ կարծիքով սա մեծ հիմարություն կլիներ։ Եթե քաղաքակրթությունը փրկելու համար ես պիտի զոհվեմ, ուրեմն ամենքն էլ թող ինձ հետ զոհվեն։ Բայց քանի որ դա անհնարին է, ուրեմն թող ողջ մնամ, իսկ քաղաքակրթությունը կործանվում է՝ կործանվի, կամ էլ թող էնպիսի հասարակարգ հաստատեն, որը քեզ, ինձ հետո էլ իմ որդուն չստիպի գնալ ու սպանվել։
 
Քեզ համար լավ օրեր են եկել․ էս բոլորն արդեն հետևում ես թողել, ու ես ուրախ եմ, որ էդպես է։ Իսկ իմ գլխին նոր են սև օրեր եկել, ընկել եմ թակարդը։ Միևնույն մսաղացը, որ մի ժամանակ քեզ ճանկել է, ճզմելով քամել ու դեն շպրտել, հիմա էլ ինձ է ճանկել ու մտադիր է նույնն անել կամ ավելի վատը, բայց ես մտադիր չեմ նրան կուլ գնալ, եթե իհարկե, հնարը գտնեմ։ Դու որդի ունես, դա գուցե մի բան նշանակում է, իսկ ես իմը չունեմ ու շատ եմ ուզում ունենալ։ Ասում էիր՝ աշխարհում ոչ մի տեղ չկա, որ մարդ կարենա ապրել ու իր երեխաներին մեծացնել․ արար աշխարհն էդ մսաղացի բերանն է ընկել ու ազատվելու ճամփա չի գտնում։ Իմ կարծիքով, իրավացի ես, հայրիկ։ Ես ու դու էնքան փող չունենք, որ մեր սեփական աշխարհը գնենք, ցանկապատով առանձնացնենք ու մեզ համար ապրենք։ Թե բավական փող ունենայինք, մեր սեփական պետությունը կստեղծեինք, մեր սեփական կառավարությունը կհիմնավորեինք ու կբավարարեինք մեր երկու ակր հողով ու երկու սենթանոց, էժան մշակույթով, բայց կարծում եմ՝ լավ է, որ փող չունենք, որովհետև ոչ մեկի փողն էլ դրան չի հերիքի, իսկ եթե ոչ ոք դա չի կարող անել, անօգուտ է, որ մենք դրանով զբաղվենք։ Ուրեմն ի՞նչ անենք։ Ո՞նց ապրենք, որ մեր ուզածին հասնենք։ Այսինքն՝ ասածիդ պես, էլ ո՞նց մարդ արարած դառնանք, եթե հանգամանքները պարզապես չեն ներում։ Է՛հ, չգիտեմ ինչ ես մտածում, բայց եթե իրոք մտքումդ դրել ես, որ ես քո ավելի լավ տեսակը լինեմ, ուրեմն իմ կարծիքով, պիտի մսաղացից փրկվելու և մարդ առնալու հնարը գտնեմ, անկախ նրանից, թե հանգամանքները ոնց կդասավորվեն։
 
Երնեկ հիմա էստեղ լինեիր, ու ես էս զառանցանքները գրելու փոխարեն հետդ մի երկու բաժակ խմեի։ Հիմա արդեն գիտեմ, թե ինչու․․․»։
 
Նամակումս էսքանն էի գրել, ու հենց էսքանն էլ «Նյու ռիփաբլիքում» տպված էր։
 
==Գլուխ երեսունչորսերորդ==
<br>Վեսլին վերադառնում է Նյու Յորք և հանդիպում Վիկտոր Տոսկային, որը նոր է Ռոչեսթրից եկել՝ իր փիլիսոփայությամբ․ նվերով ու որոշ գրառումներով</br>
 
Օրը բացվեց՝ բարին հետը․ գրողը, Ջո Ֆոքսհոլն ու ես վերադարձանք Նյու Յորք։ Երկու֊երեք օրից Վիկտոր Տոսկան էլ հետ եկավ Ռոչեսթրի լուսանկարչական վերանորոգման դպրոցից ու հարցրեց, թե սարքելու ապարատ֊բան չունե՞մ։ Ասաց՝ իրեն սովորեցրել են բարդ ապարատների պարզ նորոգումն ու արզ ապարատների բրադ նորոգումը, բայց չի հասկանում, թե ինչու են էդ հիմարությունները գլուխը լցրել, եթե իրեն իրոք հետաքրքրողը յոգերի ուսմունքն է․ դե, ես էստեղ գլխի ընկա, որ կա֊չկա մի քանի բաժակ կոնծել է, ու հենց էդպես էլ դուրս եկավ։
 
Նա պատմեց, թե Ռոչեսթրում մի տղայի հետ է ծանոթացել, որը Հարվարդի համալսարանն է ավարտել ու տարված է կյանքի գաղտնիքները պարզելով։ Հասարակ շարքային է, բայց դա չի խանգարել, որ ազատ ժամանակ յոգի տարբեր դիրքերով նստի ու փորձի դպրոցի մյուս տղերքին էլ իր իմացած գաղտնիքները սովորեցնել։ Վիկտորի ասելով, ինքն ավելի շատ յոգերի ուսմունքն էր յուրացրել, քան լուսանկարչական ապարատների վերանորոգումը։ Ասում էր՝ էդ տղան իրեն հասկացրել է, թե ապարատները անցավոր բաներ են՝ էսօր կան, վաղը չկան, իսկ յոգերի ուսմունքը միշտ կա ու կմնա։ Նա ունևոր ընտանիքից է եղել, ազգանունը՝ Օլսոն։ Վիկտորը պատմում էր, որ Բոստոնում են ապրում, բայց Օլսոնը միտք ունի պատերազմից հետո գնալ Հնդկաստան՝ իր ուսումնասիրությունները շարունակելու։ Նա պնդելիս է եղել, թե մի օր անպայման կյանքի մասին իսկական ճշմարտությունը կիմանա։ Ասել է՝ պատերազմի վերջանալուն պես՝ կապերը խզելու է Ամերիկայի հետ, որովհետև Ամերիկան շատ հարուստ ու հզոր է իր համար։ Ասել է՝ իրեն ճշմարտությունն է հետաքրքրում, ոչ թե փողը։ Հավասարակշռությունն է գրավում, ոչ թե հզորությունը։
 
Դե, ես ու Վիկտորը նամակով պայմանավորվել էինք էլի «Հյուսիսային» մեծ հյուրանոցի մեր նախկին տեղը վերցնել, որովհետև մեզ համար սա հարազատ տան պես մի բան էր դարձել ու էդպես էլ արինք։ Վիկտորը Կենտրոնական կայարանից ուղիղ հյուրանոց եկավ, հո չէր գժվել իրիկվա տասին կայազոր ներկայանար։ Հյուրանոցի ամբողջ ճանապարհին հենց շշից խմել էր, հետո էլ շիշը ինձ տվեց։ Մեկումեջ էդ յոգից՝ Օլսոնից էր պատմում ու անընդհատ երգում։ «Ինձ ասում են սիրունիկ․․․»։ Քիչ անց ուսապարկում ինչ ուներ֊չուներ՝ սենյակով մեկ շաղ տված էր։
 
― Քեզ նվեր եմ բերել,― ասաց։― Չկարծես, թե վեց շաբաթով կգնամ ու առանց նվերի հետ կգամ։ Բայց այ քեզ փորձանք․ մոռացել եմ՝ որտեղ եմ խցկել, սպասիր յոգի դիրքով հատակին նստեմ, հավասարակշռությունս մի քիչ տեղը գա, որ կարենամ հիշել, թե ուր եմ դրել․ սա միշտ օգնում է։ Էդ Օլսոնը մի օր մարդկությանը կփրկի։
 
Ես էնքան ուրախ էի Նյու Յորք վերադառնալուս համար, էնքան հաճելի էր նորից Վիկտորին տեսնել, մանավանդ էդպես գլուխը տաքացած, ասի․
 
― Ինչի՞ց է մարդկությանը փրկելու։
 
Դե, պարզ է, հենց էդպես, իմիջիայլոց հարցրի, բայց Վիկտորը կարծես դրան էր սպասում, հրճվանքից փայլեց էդ հարցիս համար։
 
― Ինչց է մարդկությանը փրկելո՞ւ,― ասաց։― Մենակության զգացումից, այ թե ինչից։ Շիշը տուր, դու էլ ի՛նձ փրկիր մենակությունից, հա՞։
 
Վիկտորը մի մեծ կում արեց շշի բերանից։ Օսլոնի սովորեցրած յոգի դիրքերից մեկով բազմել էր հատակին։ Ոտքերը խաչել էր տակը, մեջքն ուղիղ պահել ու անընդհատ ավելի ու ավելի էր ձգվում։
 
― Մենակություն, մենակություն,― ասաց։― Ախր նվերդ էստեղ մոտերքում էր։ Գիտեմ, որ տեսնես, շատ կուրախանաս։
 
Քիչ հետո էլ ասաց, թե արդեն հավասարակշռությունը լրիվ տեղն եկավ, կարծես թե գիտի նվերն ուր է դրել, վեր կացավ ու սկսեց ուսապարկից դուրս թափած ունեցած֊չունեցածը քրքրել։ Նվերն էդպես էլ չգտավ, բայց «Նյու ռիփաբլիքի» մի օրինակ հանեց ու հայրիկին գրած նամակիս էջը բացեց։
 
― Օլսոնն ասում է, որ դու մեծ մարդ ես,― վրա բերեց նա։― Էս ամսագիրը ինքն է ինձ ցույց տվել։ Ասում է՝ էնպիսի գործ ես գրել, որ սա էլ կօգնի մարդկությանը փրկելուն։ Համարյա տասն անգամ կարդացել եմ, ու իմ կարծիքով, Օլսոնը ճիշտ է ասում։ Դե, ամեն ինչ խելքիս չի հասնում, բայց հորդ գրած էս նամակի մեջ հաստատ մի բան կա։ Նվերդ էստեղ մոտերքում պիտի լինի։ Յոգերի ուսմունքի շնորհիվ հավասարակշռությունս արդեն տեղն եկավ, հիմա մի վայրկյանում կգտնեմ։
 
Բայց նա էլի ուրիշ բան գտավ, թե՝
 
― Գիտե՞ս, ընկերդ որ մեծ մարդ է, թեկուզ կյանքի գաղտնիքներից գլուխ չի հանում, ուզես֊չուզես, պիտի դու էլ մեծ մարդ դառնաս․․․ դե, ես էլ մի քիչ գրել֊մրել եմ, էս է, առ նայիր։
 
Նա հյուրանոցային նամակաթղթի մի թերթիկ մեկնեց։
 
― Շատ չի,― ասաց,― բայց իմ կարծիքով, մի բան ստացվել է։ Գիշերվա մեծ մասն անցավ, մինչև գրեցի։ Դու երևի սա փիլիսոփայական առակ համարես։
 
Կարդա, կտեսնես։
 
Դե, Վիկտորի գրածը կարդացի։ Ուղղակի հոյակապ էր, բայց մտքովս երբեք չէր անցնի, թե նա ընդունակ է նման տողեր գրել․ այ, լավ իմացեք, ոչ մեկի մասին ճիշտը չես կարող ասել, մեկ էլ տեսար՝ թափ տվեց իրեն ու էնպիսի բան արեց, որ շշմած մնացիր։
 
Թղթի վերևում գրել էր․ «Վիկտոր Տոսկայի նոթերը․ գրի առավ Վիկտոր Տոսկան»։ Սրա տակ նշված էր․ «Մասն առաջին»։
 
Հետո սա էր գրված․
 
«Մի օր մեկն ասաց՝ ուզում եմ քեզ ընկերոջս հետ ծանոթացնել, ու ես նրա հետ ծանոթացա, բայց նա մի տեսակ տարօրինակ էր։ Մյուս օրը նկատեցի, որ աչքեր չունի»։
 
― Հը՛, ո՞նց է, հավանեցի՞ր։
 
― Շատ հետաքրքիր է։
 
― էս տողերի մեջ ինչ֊որ կարևոր իմաստ կա,― ասաց Վիկտորը,― որովհետև ահագին ժամանակ ծախսեցի գրելու վրա։ Դե իհարկե, առաջին անգամ էի գրելու փորձ անում։ Դժվար թե ինձանից քեզ նման գրող դուրս գա։ Սա ինձ համար ժամանցի պես բան է․ մենակություն, այ թե որն է իմ իսկական գործը։ Բայց մեկ֊մեկ մի քիչ գրել֊մրելը ոչ ոքի էլ վնաս չի տա։ Ըհը՛, էս էլ նվերդ։
 
Տեղը տեղին փաթաթված էր։ Թելը կտրեցի, փաթեթը բաց արի ու ստվարաթղթե տուփի կափարիչը վերցրի։ Ներսում ճապոնացի տղայի տված երեք նարիջներն էին։ Ավելի էին սմքել ու փոքրացել, բայց ինչ լավ է րնորից նրինջները տեսնել, ինչ ուրախ էի, որ էդպիսի ընկեր ունեմ․ երեք սմքած, փոքրիկ նարինջ ինձ համար պահել էր։
 
― Գիտեի, որ նվերը սրտովդ կլինի,― ասաց Վիկտորը։
 
― Հա, շատ ուրախ եմ, որ սրանք պահել ես ինձ համար։ Ո՞նց չի հասնում։
 
― Հո հիմար չեմ,― ասաց Վիկտորը։― Ուրեմն խելքս էդքան է՞լ չի հասնում։
 
― Ի՞նչ կարծիքի ես, արժի՞ գրելս շարունակեմ։
 
― Բա իհարկե,― ասի։
 
― Դու որտե՞ղ ես էդպես գրել սովորել,― ասաց Վիկտորը։― Առաջին անգամ որ քեզ տեսա, մտածեցի, թե անխելքի մեկն ես։ Իսկ ես աչքիս շատ խելոք էի երևում։ Ինչ է, դպրոցո՞ւմ ես էդքան սովորել։ Արի գնանք, մի բան խմենք։
 
==Գլուխ երեսունհինգերորդ==
<br>Վիկտոր Տոսկան Վեսլիին համոզում է սիրո մասին գրել, զանգում է Սան Ֆրանցիսկո՝ սիրած աղջկան, ու մի վարդ առնում</br>
 
Տաքսի նստեցինք, որ էն բարը գնանք, ուր ընկերուհուս հետ ծանոթացել էի․ շատ դուրեկան տեղ էր։ Բացի դրանից, կարող է իռլանդացի ծերուկն էնտեղ լիներ։ Դե, երևի սիրտս ուզում էր էնպիսի տեղ գնանք, որ ծանոթ մարդ տեսնեմ։ Նույնիսկ հույս ունեի, թե միգուցե ընկերուհս էլ մտնի մի բաժակ խմելու․ հետաքրքիր կլիներ նորից բարում հանդիպեինք։ Է՜հ, ուր էր, իռլանդացի ծերուկը չկար ու էդպես էլ չերևաց, ոչ էլ կինը երևաց, բայց ես ու Վիկտորը կարգին քեֆ արինք, մի լավ կոնծեցինք, հետո նա թե՝
 
― Ջեքսոն, ոնց որ տեսնում եմ, պիտի սիրածիս Նյու Յորք կանչեմ․․․ կարոտից մեռնում եմ։
 
Նա գնաց հեռախոսի խցիկի կողմը ու քիչ անց հետ եկավ, բարմենին խնդրեց, որ տասը դոլարանոց մանրի։ Համարյա գիշերվա մեկն էր, բայց Սան Ֆրանցիսկոյում հազիվ իրիկնադեմ լիներ։ Կարծում էի, թե հեռու տեղ զանգած շատ մարդկանց նման կսկսի բղղավել լսափողի մեջ, բայց նա ցածր ու հանգիստ էր խոսում։ Յոթ֊ութ րոպե հետո դուրս եկավ խցիկից, բարի կանգնակի մոտ նստեց ու նախքան մի խոսք ասելը, կիսատ թողած վիսկիի կրկնակի բաժինը լրիվ դատարկեց։
 
― Սիրո մասին գրիր,― ասաց,― Միակ կարևոր բանը սերն է։ Անընդհատ կրկնիր․ «Սիրում եմ, սիրում»։ Բոլորին պատմիր, ցավդ տանեմ, Ջեքսոն, սիրո մասին պատմիր։ Ուրիշ բաներից մի խոսիր։ Անվերջ սիրուց պատմիր։ Միակ կարևոր պատմությունը դա է։ Փողը հեչ է, հանցագործությունն էլ է հեչ, պատերազմն էլ է հեչ, ինչ կա չկա՝ հեչ է․ միակ կարևոր բանը սերն է։ Ուրեմն սիրո մասին պատմիր։
 
Հասկանում էի, թե նա ինչքան է սիրահարված ու գիտեի՝ սերն ինչ է անում մարդուն։ Սերը կարող է ամեն մեկին էլ մեծ մարդ դարձնել։ Ուրիշ ոչ մի բան չի կարող, իսկ սերը կարող է։ Հասկանում էի, թե սիրահարված չլինելն ինչ վատ է։
 
― Գալի՞ս է Նյու Յորք։
 
Ինձ պատասխանելու տեղ նա նորից գնաց հեռախոսի մոտ։ Էլի մի ութ֊ինը րոպեից եկավ ու ասաց․
 
― Գալիս է։ Հետը նորից խոսացի։ Հիմա էլ՝ տալերեն։ Էն անգամ մոռացա իտալերեն խոսել, հիմա՛ խոսեցի։ Ինչ որ ասելու էի իտալերեն ասի։ Հա՛ հետն իտալերեն խոսեցի։ Մոր հետ էլ իտալերեն խոսեցի։ Իմ մոր հետ էլ իտալերեն խոսեցի։ Ասին՝ մի ամսից կգան, բայց ես ասի՝ չէ, նրանք թե՝ դե լավ, մի շաբաթից, բայց ես էլի ասի՝ չէ, վերջը նրանք թե՝ «Ե՞րբ ես ուզում գանք»։ Ես էլ ասի․ «Հենց էս իրիկուն եկեք»։ Սիրածս լացը դրեց, ասում է․ «Լավ, լավ, հիմա կպատրաստվենք ու հենց առաջին գնացքով կգանք»։ Էնպես որ սիրո մասին գրիր։ Անընդհատ սիրուց պատմիր։ Առանց սիրո շատ տխուր է։ Խոստացիր, որ սիրո մասին կգրես։ Տեսքիդ նայելիս, կարծում էի անխելքի մեկն ես։ Խոստացիր, որ մենակ սիրո երգը կերգես։ Խոստանո՞ւմ ես։
 
― Իհարկե,― ասի։
 
― Ազնիվ խոսք։
 
― Ըհը։
 
― Չիմանաս հենց էնպես լեզվիս եմ տալիս,― ասաց Վիկտորը։― Չիմանաս հարբած եմ, լեզվիս եմ տալիս։ Ես ընտանիքում եմ ծնվել, մեծացել, ընտանիքո՛ւմ։ Սիրուց բացի, մենք ուրիշ բան չենք տեսել։ Իմ տեղն ընտանիքն է, ոչ թե բանակը։ Մի ժամանակ եղբայրս կողքիս էր, բայց սխալմամբ էր էդպես պատահել, ու նրանք իրենց սխալն ուղղեցին։ Լավ չի, որ եղբայրները նույն վաշտում լինեն։ Գիտե՞ս ինչի։ Եղբայրները իրար հասկանում են։ Եղբայրները միշտ եղբայրներ են ու դա հասկանում են։ Մայրերն ու հայրերը, եղբայրներն ու քույրերը, քեռիներն ու մորաքույրները, զարմիկներն ու զարմուհիները՝ բոլորն էլ դա հասկանում են։ Ամեն մեկն էլ պիտի ընտանիք ունենա, ամեն մեկն էլ պիտի սիրի։ Դու պետք է խոստանաս ինձ, Ջեքսոն, որովհետև ես ու դու էլ ենք եղբայրներ։ Ես նարինջները պահել էի քեզ համար, չէ՞։ Դու իտալացի չես, իռլանդացի ես կամ չգիտեմ ինչ, բայց ես ու դու եղբայրներ ենք։ Դոմինիկը սա հասկացել էր․ քեզ անխելքի տեղ չէր դնում։ Ես էի էդպես մտածում․ տգիտությունից․ քիչ եմ դպրոց գնացել։ Բայց Դոմինիկը հասկանում էր։ Ինձ ասել է։ Իտալերեն ասաց։ «Նա քո եղբայրն է,― ասաց։― Չմոռանաս»։ Ես բոլոր նամակներդ ստացել եմ։ Բոլորը պահում եմ։ Գիտեմ քեզ, գիտեմ՝ ով ես։ Դու ամեն ինչ կհասկանաս, հենց որ սկսես յոգերով հետաքրքրվել։ Խոստանո՞ւմ ես։
 
Դե, Վիկտորը լավ հարբած էր, իսկ հարբածները շատ ավելին են ասում, քան բառերով ասվածն է։ Վստահ չէի, թե Վիկտոր Տոսկայի ասածները ճիշտ հասկացա, բայց իմ կարծիքով, համարյա հասկանում էի։ Իմ կարծիքով, նրա ասելիքը սա էր․ «Երբ իմ սիրած աղջիկը խոսք տվեց, որ տեղնուտեղը կպատրաստվեն ու հենց առաջին գնացքով կգան, գիտեր՝ ինչի համար․ պատճառը․․․ դե, դու էլ պատճառը գիտես․․․ ինչ արած, դրանից փրկություն չկա, ախր պատճառը․․․ է՛հ, պատճառի մասին ո՞ւմ է հաճելի մտածել։ Մենք եղբայրներ ենք, դրա համար էլ քեզ ասում եմ․ պատճառը սա է՝ ինձ շուտով կսպանեն։ Ես վախեցած չեմ, ոչ էլ հարբած, որ էսպես եմ ասում․ գիտեմ՝ ինչի համար են սիրածս աղջիկը, նրա մայրն ու իմ մայրը Նյու Յորքի ճամփան բռնում։ Աչքեր չունեցող մարդը․․․ դե, նրան ի՞նչ կա, նա բան չգիտի, սեր չի տեսել, բայց ես աչքեր ունեմ ու տեսել եմ սերը, իսկ եթե աչքեր ունես, տեսել ես սերնու պատճառն էլ գիտես, եթե անտեր պատճառը գիտես․․․ դե ուրեմն ժամանակը թռչում է, պիտի սերդ գնացք նստեցնես, պիտի նրան շտապեցնես, քիչ ժամանակ է մնում, էլ աչքերիդ շատ բան չի մնում տեսնելու, սերը պիտի շտապի, ժամանակ չկա, որովհետև գիտես, գիտես, չես ուզում իմանալ, բայց գիտես, գիտես»։
 
― Խոստանո՞ւմ ես,― կրկնում էր նա։― Դու հասկանում ես ինչից եմ խոսում, տեսնում եմ, հասկանում ես։ Հիմա նույնիսկ տեսքից անխելք չես երևում։ Գիտեմ հասկանում ես։ Խոսք տուր եղբորդ։ Բոլորին սիրուց պատմիր։ Սրա մասին էլ երբեք չենք խոսելու, բայց դու պետք է խոստանաս, մտքումդ պահես, որ խոստացել ես ու խոսքիդ տերը լինես։ Եղբորդ համար պիտի խոսքիդ տերը լինես։ Արի իրար ձեռք սեղմենք ու վերջ, հետո էլի մեր քեֆին կխմենք։
 
― Կաշխատեմ,― ասի, ու մենք իրար ձեռք սեղմեցինք։
 
Հետո Վիկտորը թե՝
 
― Գիտեմ, դու ասածդ կանես։
 
Համարյա բարը փակելու ժամն էր, դե մի֊մի բաժակ էլ պատվիրեցինք։ Մեկմեկու կենաց խմեցինք, բայց առանց խոսքի։ Պարզապես բաժակ բաժակի խփեցինք ու միանգամից, մինչև վերջ գլխներիս քաշեցինք, հետո էլ Վիկտորը կոկորդ պատռելով՝ սկսեց իր երգը երգել, ասես արար աշխարհի ամենաբախտավոր մադրն էր։
 
Է՛հ, բարմենն էլ շա՜տ իմանար ինչ է կատարվում։ Բան չէր հասկանում։ Ուղղակի կարծում էր, թե երկու ջահել խմել, հարբել են իր բարում։ Ի՞նչ կար դրա մեջ, նա վրաներս ուշք էլ չէր դարձնում, իսկ երբ վեր կացանք գնալու, ժպտալով ասաց․
 
― Բարի գիշեր, տղերք, էլի համեցեք։
 
Էս խոսքերի վրա Վիկտորը իր երգն ընդհատեց, ու աչքերը հառեց բարմենի երեսին, բայց ես գիտեի՝ ինչ է մտածում։ Նա անփույթ շարժումով ծերուկին ձեռքով արեց, կարծես զինվորական համազգեստով չլիներ։
 
― Առայժմ,― ասաց։
 
Առանց գլուխը շրջելու հայացքը պտտեցրեց բարում, հետո մոտեցավ հեռախոսի խցիկին, փաթաթվեց, փորձեց գրկել, բայց դե իհարկե, ձեռքերը չհասան, որ գրկի։ Մի քիչ մնաց էդպես։ Հետո էլ ոչ մի տեղ չնայեց, ուղիղ դուրս եկավ բարից։
 
Մինչև տուն՝ ամբողջ ճանապարհը ոտքով գնացինք, բայց նա ասածին հաստատ մնաց, նախկին խոսակցությունն էլ չշարունակեց, անընդհատ երգում էր։ 57֊րդ փողոցում, 4֊րդ պողոտայի մոտերքը մի պառավ հանդիպեց՝ ձեռքին երեք վարդ։ Հենց լսեց, որ Վիկտորը երգում է, մոտեցավ նրան, դե, գիշեր֊ցերեկ փողոցներն ընկած վարդ ծախող պառավները լավ գիտեն․ ով երգում է, վարդ էլ կառնի։ Նա վարդերը դեմ արեց Վիկտորին։
 
― Աստված քեզ երկար արև տա, տղաս,― ասաց։― Իմ մի տղան էլ է բանակում, մեկն էլ նավատորմում է, էն մեկն էլ՝ ծովային հետևակում։ Աստված քեզ երկար արև տա, տղաս, փորձանքից հեռու մնա։
 
Էն մի բուռ, քրջոտ, մուրացիկ պառավներից էր, որ շատերը տեսնում են թե չէ, սրտները վեր է թռնում կամ ճամփան թեքում են, բայց Վիկտորը նայեց պառավին, ձեռքերը տարածեց ու գրկեց սրան, պառավն էլ գլուխը դրեց նրա ուսին, ու Վիկտորն ասաց․
 
― Ա՜խ, մամա, մամա։
 
Նա համբուրեց պառավին, նախ՝ մի այտը, հետո՝ մյուսը, իսկ պառավը անընդհատ կրկնում էր․
 
― Աստված քեզ երկար արև տա, տղաս։
 
Վիկտորը մի վարդ վերցրեց, ձեռքն ինչքան փող ընկավ, բռով հանեց գրպանից և մի կույտ արծաթ ու թուղթ փող տվեց պառավին։ Հետո հապճեպ անցանք, իսկ պառավը դեռ մեր հետևից կրկնում էր։
 
― Աստված քեզ երկար արև տա, տղաս։
 
Մի գիշերային սրճարան մտանք, ասինք սուրճ խմենք։ Վիկտորը հայացքը չէր կտրում վարդից, հա հոտ էր քաշում։
 
― Դու երեք հատ նարինջ ունես,― ասաց,― բայց հիմա ես էլ բան ունեմ։ Այ, էս վարդը։ Մեկը վերցրի, որովհետև սիրտդ երբեք էլ շատ վարդ չի ուզում, միշտ մեկն է ուզում, միակը։ Արդեն ես էլ պահելու բան ունեմ, աչքիս լույսի պես պիտի պահպանեմ։ Էնքան կպահեմ, քանի դեռ ինձ չեն․․․ Նարինջները մի օր կփչանան, էս վարդն էլ է արդեն համարյա թառամել, բայց մեկ է՝ կպահեմ։ Էգուց իրիկունն ի՞նչ ենք անելու։
 
― Մի լավ կխմենք։
 
― Ապրես։
 
― Էլի կգնանք նույն բարն ու․․․
 
Հանկարծ հասկացա, թե ինչ եմ դուրս տալիս ու ձայնս կտրեցի։
 
Վիկտորը նայեց ինձ ու գլուխն օրորեք։
 
― Ավելի լավ է գնանք թատրոն կամ մի ուրիշ տեղ,― ասաց։
 
― Ճիշտ է։
==Ծանոթագրություններ==
<references>