Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 77 974 բայտ, 07:32, 4 Հունվարի 2017
Ամփոփենք ընտանեցրած կենդանիների ցեղերի և մշակովի բույսերի ծագման վերաբերյալ արդյունքները։ Փոփոխված կիսապայմանները չափազանց կարևոր են, որովհետև առաջ են բերում փոփոխականություն, ազդելով կազմվածքի վրա կամ անմիջականորեն, կամ անուղղակիորեն վերարտադրողական սիստեմի միջոցով։ Անհավանական է, որ փոփոխականությունը անխուսափելիորեն հատուկ է օրգանիզմներին ամեն տեսակի պայմաններում։ Ժառանգականության և նախկին հատկանիշներին վերադառնալու ձգտման ավելի մեծ կամ փոքր ուժը որոշում է փոփոխությունների կայունությունը, ամրությունը։ Փոփոխականությունը ղեկավարվում է շատ անհայտ օրենքներով, որոնցից հարաբերակցական (կապակցական) աճը ամենակարևորն է հանդիսանում։ Երևույթի որոշ մասը, բայց մենք չգիտենք թե որքանը, կարելի է վերագրել կենսապայմանների որոշակի ներգործությանը։ Որոշ, գուցե և զգալի ազդեցություն էլ կարելի է վերագրել օրգանների վարժեցմանը և ոչ վարժեցմանը։ Այսպիսով՝ վերջնական արդյունքը չափազանց բարդ է լինում։ Որոշ դեպքերում սկզբնական զանազան տեսակների խաչաձևումը, ըստ երևույթին, կարևոր դեր է կատարել մեր ընտանի ցեղերի առաջացման գործում։ Եթե տվյալ երկրում արդեն առաջացել են մի քանի ցեղեր, նրանց պատահական, ժամանակ առ ժամանակ կրկնվող խաչաձևումը, կապված ընտրության հետ, անկասկած զգալի չափով նպաստել է նոր ենթացեղերի առաջանալուն. սակայն խաչաձևման նշանակությունը զգալիորեն չափազանցվել է ինչպես կենդանիների, այնպես էլ սերմերով բուծվող բույսերի վերաբերմամբ։ Այն բույսերի վերաբերմամբ, որոնք ժամանակ առ ժամանակ բուծվում են մատներով կամ պատվաստով, խաչաձևման նշանակությունը հսկայական է, որովհետև մշակողը այդ դեպքում կարող է ուշադրություն չդարձնել հիբրիդների և խառնացեղերի ծայրահեղ փոփոխականության և հիբրիդների անպտղության վրա, բայց սերմերով չբազմացող բույսերը մեզ համար հետաքրքրություն չեն ներկայացնում, որովհետև նրանց գոյությունը միայն ժամանակավոր է։ Սակայն փոփոխության ամենակարևոր, գերակշռող պայմանը, ըստ երևույթին, եղել է ընտրության կուտակվող ներգործությունը, որը կիրառվել է մեթոդիկորեն ու արագ կամ անգիտակցական ու դանդաղ, բայց դրա փոխարեն ավելի ներգործող արդյունքներով։
 
 
==ԳԼՈՒԽ II։ ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ==
 
<FONT SIZE="-1">ՓՈՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ։— ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐ։— ԼԱՅՆՈՐԵՆ ՏԱՐԱԲՆԱԿՎԱԾ, ՏԱՐԱԾՎԱԾ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։— ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ, ՔԱՆ ՓՈՔՐ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ։— ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻՆ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ։— ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ։</FONT>
 
Նախքան նախորդ գլխում մշակված ընդհանուր հիմունքները բնական վիճակում գտնվող օրգանիզմների վերաբերմամբ կիրառելը, մենք պետք է դեռ համառոտակի քննարկենք այն հարցը, թե նրանք արդյոք ենթակա՞ են փոփոխականության։ Այդ թեմայի պատշաճ շարադրման համար կպահանջվեր բերել չոր փաստերի մի երկար ցանկ, բայց ես այդ կթողնեմ մի այլ, հետագա աշխատության համար։ Այստեղ ես չեմ քննարկի նաև այն տարբեր սահմանումները, որ առաջարկվել են «տեսակ» տերմինի համար։ Ոչ մի սահմանում չի բավարարել բոլոր բնախույզներին. բայց յուրաքանչյուր բնախույզ աղոտ կերպով ըմբռնում է, թե նա տեսակ ասելով ինչ է հասկանում։ Ընդհանրապես այդ տերմինի տակ հասկացվում է առանձին արարչագործական ակտի մի անհայտ տարր։ «Տարատեսակ» տերմինը նույնպես դժվարությամբ է ենթարկվում սահմանման, բայց այստեղ գրեթե միշտ հասկացվում է ծագման ընդհանուր լինելը, թեև այդ միայն շատ հազվադեպ է ապացուցվում։ Մենք ունենք նաև, այսպես կոչված, այլանդակություններ, բայց նրանք աստիճանաբար անցնում են տարատեսակների։ Ես կարծում եմ, այլանդակություն համարում են կառուցվածքում մի զգալի շեղում, որը սովորաբար վնասակար է կամ անօգուտ տեսակի համար։ Մի քանի հեղինակներ գործածում են «վարիացիա» բառը որպես տեխնիկական տերմին և դրանով հասկանում այնպիսի շեղում, որը առաջանում է կյանքի ֆիզիկական պայմանների ազդեցությունից. այդ իմաստով «վարիացիաները» ժառանգական չեն համարվում, բայց ո՞վ կերաշխավորի, որ Բալթիկ ծովի անուշահամ ջրերում խեցիների գաճաճ ձևերը կամ ալպիական բույսերի նույնպիսի ձևերը, կամ հյուսիսային կենդանիների թանձր մորթին որոշ դեպքերում չեն ժառանգվի գոնե մի քանի սերունդներում։ Իսկ այդ դեպքում, ես կարծում եմ, այդ ձևերը կանվանվեին տարատեսակներ։
 
Կասկածելի է, որ կառուցվածքում այդպիսի հանկարծական և մեծ շեղումները, որոնք երբեմն նկատվում են մեր ընտանի ցեղերի, մանավանդ բույսերի մեջ, կարողանային մշտապես բազմանալ բնական վիճակում։ Օրգանական էակի համարյա յուրաքանչյուր մաս այնքան հիանալի կերպով է հարմարված կենսապայմանների ամբողջությանը, որ նրա հանկարծական առաջանալը այդքան կատարյալ ձևով նույնքան անհավանական է թվում, որքան անհավանական այն ենթադրությունը, թե մարդը միանգամից հնարել է ամենակատարյալ ձևի որևէ բարդ մեխանիզմ։ Ընտանի կենդանիների մեջ երբեմն առաջանում են այլանդակություններ, որոնք նմանվում են իրենց հետ բոլորովին նմանություն չունեցող այլ կենդանիների նորմալ կառուցվածքին։ Այսպես, երբեմն ծնվում են խոզեր, որոնք ունենում են կնճիթի նման մի բան, և եթե նույն սեռի որևէ բնական տեսակ ունենար կնճիթ, ապա կարելի էր եզրակացնել, որ այդ կնճիթը սկզբնապես երևացել է որպես այլանդակություն, բայց մինչև այժմ, չնայած իմ մանրազնին որոնումներին, ինձ դեռ չի հաջողվել գտնել այնպիսի այլանդակությունների առաջացման մի դեպք, որոնք նման են մերձավոր ձևերի նորմալ կառուցվածքին, մինչդեռ միայն այդպիսի դեպքերը կարող էին ուղղակի առնչություն ունենալ քննարկվող հարցի հետ։ Եթե նման այլանդակությունները բնական վիճակում առաջանային էլ և նույնիսկ կարողանային վերարտադրվել (որը ամենևին էլ միշտ չի պատահում), ապա քանի որ նրանք հազվագյուտ և բոլորովին մեկուսացած դեպքեր են, նրանց պահպանումը հնարավոր կլիներ միայն բացառապես բարենպաստ հանգամանքներում։ Բացի դրանից, առաջին և հաջորդ սերունդներում նրանք կխաչաձևվեին սովորական ձևի հետ, և նրանց աննորմալ բնույթը համարյա անխուսափելիորեն կչքանար։ Սակայն հաջորդ գլուխներից մեկում ես կվերադառնամ պատահական եզակի փոփոխության պահպանման և ամրացման փաստերի քննարկությանը։
 
===ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
 
Այն բազմաթիվ և աննշան տարբերությունները, որոնք երևան են գալիս անկասկած կամ հավանորեն ընդհանուր ծնողներից առաջացած սերնդում և դիտվում են միևնույն սահմանափակ վայրում ապրող ու միևնույն տեսակին պատկանող անհատների մոտ, կարող են անվանվել անհատական։ Ոչ ոք, իհարկե, չի կարող պնդել, թե միևնույն տեսակի բոլոր անհատները ձուլված են, կարծես թե, մի կաղապարով։ Այդ անհատական տարբերությունները մեզ համար չափազանց կարևոր են, որովհետև նրանք հաճախ ժառանգական են, որի մեջ անշուշտ ամեն ոք առիթ է ունեցել համոզվելու. նրանք բնական ընտրությանը նյութ են ընձեռում ներգործելու և կուտակելու համար, այնպես, ինչպես որ մարդը իր ընտանի արտադրանքներում կուտակում է անհատական տարբերությունները ուզած ուղղությամբ։ Այդ անհատական տարբերությունները սովորաբար վերաբերում են այն մասերին, որոնք բնախույզների կողմից էական չեն համարվում. բայց ես կարող էի բերել փաստերի մի երկար շարան ապացուցելու համար այն, որ այն մասերը, որոնք պետք է էական համարել, միևնույնն է ֆիզիոլոգիական կամ կարգաբանական տեսակետից, նույնպես երբեմն փոփոխվում են միևնույն տեսակի անհատների մոտ։ Ես համողված եմ, որ ամենափորձված բնախույզը կզարմանար կառուցվածքի նույնիսկ ամենաէական մասերի փոփոխականության դեպքերի բազմության վրա, դեպքեր, որոնք հաստատված են լավ հեղինակությունների կողմից և որոնք ինձ հաջողվել է հավաքել երկար տարիների ընթացքում։ Չպետք է մոռանալ, որ սիստեմատիկայի մասնագետները առանձին հաճությամբ չեն դիմավորում էական հատկանիշներում երևացած փոփոխականության օրինակներին և որ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք մանրազնին կերպով կուսումնասիրեն և կհամեմատեն ներքին և էական օրգանները միևնույն տեսակի բազմաթիվ անհատների վրա։ Ոչ ոք, իհարկե, չէր սպասում, որ միջատի գլխավոր նյարդերի ճյուղավորումը կենտրոնական մեծ հանգույցից հենց դուրս գալու տեղում կարող էր փոփոխություններ տալ միևնույն տեսակի ներկայացուցիչների մոտ։ Կարելի էր ենթադրել, որ այդ կարգի տարբերությունները կատարվում են միայն դանդաղորեն և աստիճանաբար, բայց և այնպես սըր. Դ. Լեբբոկը Coccus-ի մոտ այդ գլխավոր նյարդերի փոփոխականությունը ցույց է տվել այնպիսի չափերով, որոնք նմանվում են ծառերի ճյուղավորության պատահական ձևերին։ Կարելի է նաև ավելացնել, որ այդ փիլիսոփա բնախույզը ցույց է տվել, որ մի քանի միջատների թրթուրների մկանները ևս բնավ աչքի չեն.ընկնում միաձևությամբ։ Հեղինակները երբեմն պտտվում են սխալ շրջանում, պնդելով՝ թե էական օրգանները երբեք չեն փոփոխվում որովհետև իրենք էական են համարում (ինչպես մի քանի բնախույզեր ազնվաբար խոստովանում են) այն օրգանները, որոնք չեն փոփոխվում, կանգնելով նման տեսակետի վրա, իհարկե անհնարին է գտնել էական մասի փոփոխության որևէ դեպք, բայց ամեն մի այլ տեսակետից մոտենալով՝ դրա համար շատ օրինակներ կգտնվեն։
 
Կա մի հանգամանք, որը կապի մեջ է գտնվում անհատական տարբերությունների հետ և չափազանց առեղծվածային է. ես նկատի ունեմ, այսպես կոչված, «պոլիմորֆ» սեռերի կամ «պրոտեյներ» սեռերի գոյությունը, որոնց մեջ տեսակները անսահման չափերով փոփոխական են։ Հազիվ թե գտնվեն գեթ երկու բնախույզներ, որոնք այդ ձևերից շատերի վերաբերմամբ կարողանային համաձայնության գալ, թե արդյոք դրանք պետք է համարել տեսակնե՞ր, թե տարատեսակներ։ Այդպիսի ձների թվում կարելի է դասել բույսերից Rubus-ը, Rosa-ն և Hieracium-ը և միջատների ու ձեռնաոտանի կակղամորթների (Brachiopoda) մի քանի սեռերը։ Պոլիմորֆ սեռերի մեծամասնության մեջ որոշ տեսակներ ունեն կայուն և որոշակի հատկանիշներ։ Այն սեռերը, որոնք պոլիմորֆ են մի երկրում, փոքրիկ բացառությամբ պոլիմորֆ են նաև այլ երկրներում. դատելով ըստ Brachiopoda-ի խեցիների՝ նույնը վերաբերում է նաև նախորդ դարաշրջանների բնակչությանը։ Այս փաստերը չափազանց առեղծվածային են, որովհետև հավանորեն ստիպում են ենթադրելու, որ այդպիսի փոփոխականությունը կախված չէ գոյության պայմաններից։ Ես համամիտ եմ ենթադրելու, որ այլ պոլիմորֆ սեռերից գոնե մի քանիսում մենք ունենք այնպիսի փոփոխականության օրինակներ, որը տեսակի համար ոչ օգտակար է և ոչ էլ վնասակար և այդ պատճառով բնական ընտրության կողմից աջակցություն չի ստացել և չի ամրացվել, ինչպես այդ կպարզվի հետագա շարադրանքից։
 
Միևնույն տեսակին պատկանող անհատները, ինչպես հայտնի է ամենքին, հաճախ փոփոխականությունից անկախ մեծ տարբերություններ են ունենում իրենց կառուցվածքում, ինչպես օրինակ, զանազան կենդանիների երկու սեռերի մոտ, միջատների ամուլ էգերի և աշխատավորների երկու կամ երեք կաստաների մոտ և ցածրակարգ կենդանիներից շատերի մոտ անզարգացած կամ թրթուրային վիճակում։ Դիմորֆիզմի և տրիմորֆիզմի դեպքեր հայտնի են նաև կենդանիների և բույսերի մոտ։ Այսպես, օրինակ, միստր Ուոլլեսը վերջերս ուշադրություն է դարձրել այդ երևույթի վրա և ցույց է տվել, որ Մալայան արշիպելագի թիթեռների որոշ տեսակների իգական անհատները անփոփոխ կանոնավորությամբ հանդես են գալիս երկու կամ երեք խիստ տարբերվող ձևերի տեսքով, որոնք միմյանց հետ չեն շաղկապված միջանկյալ տարատեսակներով։ Ֆրից Մյուլլերը նկարագրել է միանգամայն նման, բայց ավելի ևս զարմանալի դեպքեր բրազիլիական մի քանի խեցեմորթների արուների վերաբերմամբ. այսպես, օրինակ, տանաիսի արուները միշտ հանդիպում են երկու միմյանցից խիստ տարբերվող ձևերով. մեկն ունի ուժեղ և զանազան ձևի չանչեր, մյուսի շոշափուկները ավելի առատորեն ծածկված են հոտառական մազիկներով։ Թեև այս դեպքերի մեծամասնության մեջ բույսերի կամ կենդանիների տվյալ երկու կամ երեք ձևերն այժմ միմյանց հետ շաղկապված չեն միջանկյալ աստիճաններով, բայց և այնպես նրանք մի ժամանակ հավանորեն վերջինների միջոցով կապված են եղել։ Այսպես, օրինակ, միստր Ուոլլեսը նկարագրում է թիթեռի մի հայտնի տեսակ, որը մի կղզու վրա ներկայացնում է մի ամբողջ շարք տարատեսակներ, որոնք միջանկյալ օղակներով կապակցված են իրար հետ, իսկ այդ շարքի ծայրային անդամները չափազանց, նման են Մալայան արշիպելագի այլ մասում ապրող մի մերձավոր դիմորֆ տեսակի երկու ձևերին։ Ճիշտ այդպես էլ մրջյունների մոտ աշխատավորների մի քանի կաստաներ սովորաբար բոլորովին տարբերվում են միմյանցից, բայց որոշ դեպքերում, ինչպես մենք կտեսնենք հետագայում, կաստան!։րր իրար հետ կապված են շատ աստիճանական անցումներով։ Նույնը նկատել եմ նաև ես մի քանի դիմորֆ բույսերի մոտ։ Իհարկե, առաջին հայացքից չի կարելի չզարմանալ այն փաստի վրա, որ միևնույն էգ թիթեռը արտադրում է երեք տարբեր իգական և մեկ արական ձև, կամ թե մեկ հերմաֆրոդիտ բույսը միևնույն տուփիկում տալիս է երեք տարբեր իգական և երեք կամ նույնիսկ վեց տարբեր արական ձևի սերմեր։ Այնուամենայնիվ սրանք ամենասովորական երևույթի ավելի ցայտուն դեպքերն են, այսինքն այն երևույթի, որի դեպքում մի էգ ծնում է երկու սեռի անհատներ, որոնք երբեմն ամենազարմանալի կերպով տարբերվում են իրարից։
 
===ԿԱՍԿԱԾԵԼԻ ՏԵՍԱԿՆԵՐ===
 
Այն ձևերը, որոնք մեծ չափով օժտված են տեսակների հատկություններով, բայց այնքան նման են այլ ձևերի կամ այնպես սերտորեն են կապված նրանց հետ միջանկյալ օղակներով, որ բնախույզները չեն սիրում նրանց ճանաչել որպես ինքնուրույն տեսակներ, մեզ համար առանձնապես կարևորեն շատ տեսակետներից։ Մենք ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ այդ կասկածելի և միմյանց հետ սերտ կերպով կապակցված ձևերից շատերը երկար ժամանակի ընթացքում պահպանում են իրենց հատկանիշների անփոփոխությունը, նույնքան երկար ժամանակ, որքան մենք կարող ենք դատել, ինչպես այդ տեղի ունի լավ, իսկական տեսակների մոտ։ Գործնականում ամեն անգամ, երբ բնախույզը ի վիճակի է լինում որևէ երկու ձև իրար հետ կապակցելու միջանկյալ օղակներով, նա դրանցից մեկը ճանաչում է որպես մյուսի տարատեսակ, համարելով ամենից ավելի սովորականը, իսկ երբեմն էլ միայն ավելի առաջ նկարագրվածը որպես տեսակ, իսկ մյուսը՝ որպես տարատեսակ։ Բայց կան դեպքեր, որոնք ես այստեղ չեմ թվի, երբ մեծ դժվարություն է առաջանում որոշելու համար այն հարցը, թե արդյոք մենք իրավունք ունե՞նք մի որևէ ձև համարել մյուսի տարատեսակը, թեկուզ և նրանք սերտ կերպով կապակցված լինեն միջանկյալ օղակներով, նույնիսկ միշտ չէ, որ հաջողվում է այդ դժվարություններն անցնել սովորական եղանակով՝ ընդունելով միջանկյալ օղակները որպես խառնացեղեր։ Բայց բազմաթիվ դեպքերում մի ձև մյուսի տարատեսակն է համարվում ոչ այն պատճառով, որ միջանկյալ օղակները իրոք գտնված են, այլ այն պատճառով, որ դիտողը անալոգիայի հիման վրա եզրակացնում է, որ նրանք որևէ տեղ գոյություն ունեն կամ կարող էին մի ժամանակ գոյություն ունենալ,— այստեղ անշուշտ լայն ասպարեզ է բացվում կասկածների և կռահումների համար։
 
Այստեղից հետևում է, որ որևէ ձև որպես տեսակ կամ տարատեսակ ընդունելու հարցը որոշելիս միակ ղեկավարող սկզբունքը հանդիսանում է ճիշտ դատողություն և մեծ փորձառություն ունեցող բնախույզների կարծիքը։ Այնուամենայնիվ շատ դեպքում հարցը որոշվում է բնախույզների ձայների մեծամասնությամբ, որովհետև քիչ կճարվեն ցայտուն կերպով արտահայտված և լավ հայտնի տարատեսակներ, որոնք գոնե մի քանի իրազեկ դատավորների կողմից ընդունված չլինեին որպես ինքնուրույն տեսակներ։
 
Որ այդպիսի կասկածելի տարատեսակները այնքան էլ սակավաթիվ չեն, հազիվ թե կարելի է վիճարկել։ Համեմատեցեք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների բուսականության մասին զանազան բուսաբանների կազմած աշխատությունները և դուք կզարմանաք այն ձևերի թվի վրա, որոնք մի բուսաբան համարում է որպես լավ տեսակներ, իսկ մյուսը միայն որպես տարատեսակ։ Միստր Հ. Կ. Ուոտսոնը, որին ես շատ երախտապարտ եմ զանազան տեսակետներից ինձ ցույց տված օգնության համար, ինձ համար նշել է բրիտանական 182 բույսեր, որոնք սովորաբար համարվում են տարատեսակներ, բայց նրանք բոլորը շատ բուսաբանների կողմից համարվել են տեսակներ։ Այդ ցուցակը կազմելիս նրա մեջ նա չէր մտցրել շատ տարատեսակներ, որոնք այնուամենայնիվ մի քանի բուսաբանների կողմից ճանաչված են որպես տեսակներ և բոլորովին բաց էր թողել մի քանի չափազանց պոլիմորֆ սեռեր։ Բաբինգտոնը ամենապոլիմորֆ ձևեր պարունակող սեռերում դասում է 251 տեսակ, իսկ Բենտամը՝ ընդամենը 112,— ուրեմն տարբերությունն է 139 կասկածելի ձև։ Յուրաքանչյուր ձագածնության համար զուգավորվող և զգալիորեն շարժուն կենդանիների մեջ կասկածելի ձևերը, որոնք մի կենդանաբանի կողմից համարվում են տեսակներ, իսկ մյուսի կողից տարատեսակներ, հազվադեպ են հանդիպում միևնույն երկրի սահմաններում, բայց հազվագյուտ չեն մեկը մյուսից անջատված շրջաններում։ Ինչքան շատ թռչուններ և միջատներ, որոնք հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում ու քիչ են տարբերվում միմյանցից, մի ականավոր բնախույզի կողմից համարվել են անկասկածելի տեսակներ, իսկ մյուսի կողմից՝ տարատեսակներ, կամ, ինչպես հաճախ գերադասում են ասել, աշխարհագրական ցեղեր։ Միստր Ուոլլեսը մի քանի արժեքավոր հետազոտություններում, որոնք նվիրված են Մեծ Մալայան արշիպելագում ապրող կենդանիներին և հատկապես թիթեռներին, նշում է, որ նրանց կարելի է դասավորել չորս անվան տակ, այն է՝ փոփոխվող ձևեր, տեղական ձևեր, աշխարհագրական ցեղեր, կամ ենթատեսակներ և իսկական փոխարինող տեսակներ։ Առաջինները կամ փոփոխվող ձևերը շատ փոփոխական են միևնույն կղզու սահմաններում։ Տեղական ձևերը համեմատաբար կայուն են և տարբեր են յուրաքանչյուր առանձին կղզու համար, բայց եթե համեմատենք բոլոր առանձին կղզիներում բնակվողները իրար հետ, ապա տարբերություններն այնքան փոքր են լինում և աստիճանական, որ անհնարին է նրանց որոշել ու նկարագրել, թեև միևնույն ժամանակ ծայրային ձևերը բավականաչափ տարբերվում են միմյանցից։ Աշխարհագրական ցեղերը, կամ ենթատեսակները, ներկայացնում են լիակատար որոշված ու մեկուսացած տեղական ձևեր, բայց որովհետև նրանք իրարից չեն տարբերվում ցայտուն և կարևոր հատկանիշներով, «ուստի հարցը լուծելու համար, թե նրանցից որոնք պետք է համարել տեսակներ և որոնք տարատեսակներ, ուրիշ չափանիշ չկա, բացի անձնական կարծիքից»։ Վերջապես, փոխարինող տեսակները յուրաքանչյուր կղզու բնության տնտեսության մեջ գրավում են նույն տեղերը, ինչ որ տեղական ձևերը, կամ ենթատեսակները, բայց քանի որ նրանց միջև եղած տարբերության աստիճանը գերազանցում է տեղական ձևերի կամ ենթատեսակների միջև եղած տարբերության աստիճանին, ուստի բնախույզները նրանց համարյա միշտ համարում են իսկական տեսակներ։ Այնուամենայնիվ, անհնարին է առաջարկել մի ճշգրիտ չափանիշ փոփոխվող ձևերը, տեղական ձևերը, ենթատեսակները և փոխարինող տեսակները միմյանցից տարբերելու համար։
 
Շատ տարիներ առաջ, համեմատելով կամ դիտելով, ինչպես ուրիշները համեմատել էին, Գալապագոս արշիպելագի մեկը մյուսից մոտիկ գտնվող կղզիների թռչունները միմյանց հետ և Ամերիկայի մայր ցամաքի թռչունների հետ, ես չափազանց զարմացել էի, թե ինչքան անորոշ ու կամայական է տեսակի և տարատեսակի միջև տարբերությունը։ Մադեյրա կղզու փոքրիկ կղզյակների խմբի վրա կան շատ միջատներ, որոնք Ուոլլաստոնի հիանալի աշխատության մեջ նշվում են որպես տարատեսակներ, բայց որոնց շատ միջատաբաններ կհամարեին ինքնուրույն տեսակներ։ Նույնիսկ Իռլանդիան ունի մի քանի կենդանիներ, որոնք այժմ բոլորի կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, բայց նրանք շատ կենդանաբանների կողմից համարվել են տեսակներ։ Մի քանի փորձված թռչնաբաններ մեծ բրիտանական կարմիր մայրահավը համարում են նորվեգիական մի տեսակի խիստ արտահայտված ցեղը, մինչդեռ մեծամասնությունը նրան համարում է անկասկածելի տեսակ, որը հատուկ է միայն Մեծ Բրիտանիային։ Երկու կասկածելի ձևերի հայրենիքների տեղի միջև եղած մեծ հեռավորությունը շատ բնախույզների դրդում է համարելու դրանք որպես ինքնուրույն տեսակներ, բայց հաճախ հարց է ծագել, թե ինչպիսի՞ հեռավորությունը պետք է համարել բավարար, եթե հեռավորությունը Ամերիկայի և Եվրոպայի միջև բավարար է, այդ դեպքում կարելի՞ է արդյոք այդպիսին համարել Եվրոպայից մինչև Ազորյան կղզիները, մինչև Մադեյրա կամ մինչև Կանարյան կղզիները, կամ այդ, փոքրիկ արշիպելագների զանազան կղզյակների միջև եղած հեռավորությունը։
 
Միստր Բ. Դ. Ուելշը, որը հայտնի միջատաբան է Միացյալ Նահանգներում, նկարագրել է այն, ինչ նա անվանում է ֆիտոֆագ տեսակներ և ֆիտոֆագ տարատեսակներ։ Բույսերով սնվող միջատների մեծամասնությունը ապրում է բացառապես մեկ բուսատեսակի կամ բուսախմբի վրա, մյուսները սնվում են առանց խտրության բազմաթիվ բուսատեսակներով, սակայն չդրսևորելով դրա հետևանքով առաջացող փոփոխություններ։ Բայց և այնպես մի քանի դեպքերում զանազան բույսերի վրա հանդիպող միջատները, ըստ մ-ր Ուելշի դիտողությունների կամ թրթուրի, կամ հասուն վիճակում, կամ թե՛ մեկ և թե՛ մյուս վիճակում միասին ցուցաբերում են գույնի, մեծության կամ իրենց արտաթորումների հատկությունների աննշան, բայց հաստատուն տարբերություններ։ Որոշ դեպքերում միայն արուները, այլ դեպքերում թե արուները և թե էգերը ցուցաբերել են այդ աննշան տարբերությունները։ Երբ տարբերությունները շատ թե քիչ խիստ կերպով են արտահայտվում և ընդգրկում են երկու սեռերը և բոլոր հասակները, այդ դեպքում բոլոր միջատաբաններն այդ ձևերը համարում են լավ տեսակներ։ Բայց ոչ մի դիտող հանձն չի առնի որոշել ուրիշի համար, նույնիսկ այն դեպքում, եթե ինքն իրեն համար նա կարողանար այդ անել, թե այդ ֆիտոֆագ ձևերից որոնք պիտի համարել տեսակներ, որոնք՝ տարատեսակներ։ Միստր Ուելշը տարատեսակներ է համարում այն ձևերը, որոնք կարելի է ենթադրել, պահպանել են ազատ կերպով խաչաձևվելու ընդունակությունը, իսկ նրանք, որոնք ըստ երևույթին կորցրել են այդ ընդունակությունը, համարում է տեսակներ։ Քանի որ տարբերությունները կախված են նրանից, որ միջատները երկար ժամանակ սնվել են տարբեր բույսերով, ապա հազիվ թե կարելի է սպասել, որ այժմ կարելի լիներ գտնել նրանց կապակցող ձևերը։ Այսպիսով բնախույզը զրկվում է ինքնուրույն ձևը տեսակ կամ տարատեսակ համարելու իր լավագույն չափանիշից։ Անպայման նույնն է պատահում նաև իրար մոտիկ նմանություն ունեցող օրգանիզմների հետ, որոնք ապրում են տարբեր մայր ցամաքների կամ կղզիների վրա։ Իսկ երբ, ընդհակառակը, կենդանին կամ բույսը տարածված են միևնույն մայր ցամաքի վրա կամ ապրում են նույն արշիպելագի կղզիների վրա և զանազան շրջաններում ներկայացնում են տարբեր ձևեր, ապա միշտ ավելի հավանական է, որ կգտնվեն այն միջանկյալ օղակները, որոնք միմյանց հետ կկապեն սահմանային ձևերը, և վերջիններս կդառնան տարատեսակներ։
 
Մի քանի, թեև սակավաթիվ բնախույզներ պնդում են, թե կենդանիները երբեք չեն ներկայացնում տարատեսակներ, բայց դրա փոխարեն այդ նույն բնախույզներն ամենափոքր տարբերությանը տալիս են տեսակային նշանակություն, իսկ երբ միևնույն ձևը հանդիպում է երկու մեկը մյուսից հեռավոր երկրներում կամ երկրաբանական տարբեր ֆորմացիաներում, նրանք հետևեցնում են, որ ընդհանուր արտաքինի տակ թաքնված են երկու տեսակներ։ Ուրեմն՝ «տեսակ» տերմինը և դառնում է անօգուտ վերացական հասկացողություն, որը նշում է կամ նկատի է ունենում առանձին ստեղծագործական մի գործողություն։ Կասկածից դուրս է, որ շատ ձևեր, որոնք բարձր հեղինակություն ունեցող դատավորների կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, այն աստիճան նման են տեսակներին, որ ոչ պակաս հեղինակավոր դատավորների կողմից համարվել են տեսակներ։ Բայց այդ հարցի քննարկությունը, թե արդյոք պետք է նրանց տեսակներ կամ տարատեսակներ անվանել, քանի դեռ գոյություն չունի այդ տերմինների համար մի հանրաճանաչ սահմանում, դա կնշանակե իզուր տեղը շաղակրատել։
 
Այդ խիստ արտահայտված տարատեսակներից կամ կասկածելի տեսակներից շատերը արժանի են ուշադրության, որովհետև աշխարհագրական տարածման համանման վարիացիաների, հիբրիդիզմի և այլ բնագավառներից վերցված հետաքրքրական կշռադատումների շարաններ են առաջադրվել նրանց տաքսոնոմիկ կարգը սահմանելու փորձերում, սակայն տեղի սղությունը թույլ չի տալիս ինձ երկար խոսել այդ նյութի մասին։ Ավելի ուշադիր հետազոտությունը շատ դեպքերում, անկասկած, բնախույզներին կբերի համաձայնության այն հարցում, թե ինչ տեղ պիտի հատկացվի կասկածելի ձևերին։ Սակայն պետք է նկատել, որ հենց ամենալավ ուսումնասիրված երկրներում նրանք ամենամեծ քանակությամբ են հանդիպում։ Ինձ շարունակ զարմացրել է այն փաստը, որ եթե բնական վիճակում որևէ կենդանի կամ բույս շատ օգտակար է մարդուն կամ որևիցե պատճառով գրավում է նրա հատուկ ուշադրությունը, ապա գրեթե անպայման հանդիպում են նշումներ նրանց տարատեսակների մասին։ Բացի դրանից, մի քանի գիտնականներ այդ տարատեսակները պիտի տարատեսակներ համարեն։ Նայեցեք կաղնուն, թե ինչքան նա մանրազնին կերպով է ուսումնասիրվել. բայց և այնպես մի գերմանացի բուսաբան դյուժինից ավելի տեսակներ է հորինել այն ձևերից, որոնք համարյա բոլոր մյուս բուսաբանների կողմից ճանաչվում են որպես տարատեսակներ, իսկ Անգլիայում կարելի է բերել շատ հեղինակավոր բուսաբանների և գործնականորեն իրազեկ մարդկանց վկայությունը ինչպես հօգուտ այն բանի, որ կաղնու երկու ձևերը (Quercus sessiliflora և pedunculata) ինքնուրույն տեսակներ են, այնպես էլ հօգուտ այն բանի, որ նրանք միայն տարատեսակներ են։
 
Այստեղ ես կհիշատակեմ Ա. դը-Կանդոլի վերջերս լույս տեսած հիանալի աշխատության մասին, որը վերաբերում է ամբողջ աշխարհի կաղնիներին։ Ոչ ոք, իհարկե, երբեք ավելի առատ նյութ չի ունեցել տեսակները սահմանելու համար և մեծ նախանձախնդրությամբ ու խորաթափանցությամբ չի մշակել այն։ Նա ամենից առաջ մանրամասնորեն թվարկում է կառուցվածքի այն գծերը, որոնք զանազան տեսակների մոտ փոփոխվում են և որոշում է թվերով, թե որքան հաճախ են հանդիպում այդ փոփոխությունները։ Նա նշում է դյուժինից ավելի հատկանիշներ, որոնք կարող են փոփոխվել նույնիսկ միևնույն ճյուղի վրա, երբեմն կախված տարիքից կամ զարգացման աստիճանից, երբեմն էլ առանց որևէ նկատելի պատճառի։ Այդ հատկությունները, իհարկե, տեսակային նշանակություն չունեն, բայց նրանք, ինչպես եզրափակում է Ազա-Գրեյը այդ մեմուարին նվիրված հոդվածում, սովորաբար մտնում են տեսակային բնութագրերի կազմի մեջ։ Դը-Կանդոլն այնուհետև պարզաբանում է, որ ինքը տեսակներ է անվանում միայն այն ձևերը, որոնք տարբերվում են միմյանցից միևնույն ծառի վրա երբեք չփոփոխվող և միջանկյալ աստիճաններ երբեք չցուցաբերող հատկանիշներով։ Այդքան աշխատանքների արգասիքը հանդիսացող մանրազնին քննարկությունից հետո նա ամփոփումներ է անում այսպիսի խիստ արտահայտություններով։ «Սխալվում են նրանք, ովքեր շարունակում են կրկնել, թե մեր տեսակների մեծամասնությունը հատուկ կերպով սահմանազատված է մեկը մյուսից և որ կասկածելի տեսակները չնչին փոքրամասնություն են կազմում։ Դա կարող էր ճիշտ թվալ, քանի դեռ մի որևիցե սեռ բավականաչափ հայտնի չէր, իսկ նրա տեսակները, որ սահմանվել էին սակավաթիվ անհատների հիման վրա, ունեին, այսպես ասած, ժամանակավոր բնույթ։ Բայց հենց որ մեր տեղեկություններն սկսում են ընդարձակվել, միջանկյալ ձևերը մեկը մյուսի հետևից երևան են գալիս, իսկ դրանց հետ միասին աճում են նաև կասկածները տեսակի սահմանների վերաբերմամբ»։ Նա այնուհետև ավելացնում է, որ հատկապես ամենալավ հայտնի տեսակներն են ունենում մեծ թվով բնական տարատեսակներ և կիսատարատեսակներ։ Այսպես, Quercus robur-ը ունի քսանութ տարատեսակ. նրանք բոլորը բացառությամբ վեցի, խմբավորվում են երեք ենթատեսակների՝ Q. pedunculata-ի, sessiliflora-ի և pubescens-ի շուրջը։ Այդ երեք ենթատեսակները միացնող ձևերը համեմատաբար սակավաթիվ են, և եթե, ինչպես դարձյալ նկատում է Ազա-Գրեյը, այդ կապակցող ձևերը, որոնք այժմ հազվագյուտ են, վերջնականապես անհետանային, ապա այդ երեք ենթատեսակը կընկնեին նույն փոխհարաբերության մեջ, ինչպիսի փոխհարաբերության մեջ են գտնվում այն հինգ կամ վեց ժամանակավորապես սահմանված տեսակները, որ սերտ կերպով խմբված են տիպիկ Quercus robur-ի շուրջը։ Եզրափակման մեջ դը-Կանդոլն ընդունում է, որ այն 300 տեսակներից, որոնք պիտի թվարկվեին իր Prodromus-ի մեջ որպես կաղնու ընտանիքին պատկանողներ, առնվազն երկու երրորդը միայն ժամանակավոր նախնական տեսակներ են, այսինքն դեռ լիովին չեն բավարարում իսկական տեսակի վերոհիշյալ սահմանմանը։ Պետք է ավելացնել, որ դը-Կանդոլն այլևս չի հավատում, որ տեսակները անշարժ են ստեղծված, և գալիս է այն եզրակացության, որ նրանց ծագման միասնականության տեսությունն ավելի բնական է «և ավելի է համապատասխանում հնէաբանության, բույսերի և կենդանիների աշխարհագրության, անատոմիայի և դասակարգության հայտնի փաստերին»։
 
Երբ երիտասարդ բնախույզը սկսում է ուսումնասիրել իրեն բոլորովին անծանոթ օրգանիզմների մի խումբ, նա սկզբում տարակուսանքի մեջ է գտնվում, թե ինչպիսի տարբերությունները համարի որպես տեսակային, ինչպիսիները՝ տարատեսակային, որովհետև ոչինչ չգիտե այդ խմբին հատուկ փոփոխությունների չափերի և որակի մասին, իսկ դա առնվազն ցույց է տալիս, թե տարատեսակները որքան սովորական են։ Բայց եթե նա սահմանափակել է իր ուշադրությունը միայն մի որևէ դասով, մեկ երկրի սահմաններում, այդ դեպքում նա շուտով կգա որոշ եզրակացության կասկածելի ձևերի մեծամասնության մասին։ Սկզբում նա կհակվի բազմաթիվ տեսակներ սահմանելու կողմը, որովհետև աղավնիների և հավերի վերևում հիշված սիրահարների նման նա կզարմանա հետազոտվող ձևերի փոփոխականության չափերի վրա, չունենալով դեռ բավարար տեղեկություններ այլ խմբերում և այլ երկրներում երևան եկող համանման փոփոխությունների մասին, տեղեկություններ, որոնք կարող էին ուղղել նրա առաջին տպավորությունները։ Ընդարձակելով իր դիտումների սահմանները, նա կհանդիպի մեծ թվով դժվարին դեպքերի, որովհետև կհանդիպի ավելի բազմաթիվ միմյանց հետ մոտիկ ձևերի։ Եթե նրա դիտողությունները ավելի ևս կընդարձակվեն, վերջապես նա կվարժվի այդ կասկածելի դեպքերից գլուխ հանել, բայց այդ հետևանքին կհասնի նա միայն այն գնով, երբ կընդունի, որ ձևերը մեծ չափերով փոփոխական են, իսկ այդ եզրակացության արդարացիությունն իր հերթին կվիճարկվի այլ բնախույզների կողմից։ Իսկ եթե նա առիթ կունենա ուսումնասիրելու մերձավոր ձևեր, որոնք ստացված են ներկայումս իրար ոչ սահմանակից երկրներից, ընդ որում նա չի կարող նույնիսկ սպասել, որ կգտնի միջանկյալ օղակները, նա ստիպված կլինի հիմնվել համարյա ամբողջապես անալոգիաների վրա, և նրա դժվարությունները կհասնեն իրենց գագաթնակետին։
 
Անշուշտ մինչև այժմ դեռ չի հաջողվել որոշակի սահմանագիծ անցկացնել տեսակների և ենթատեսակների, այսինքն՝ այնպիսի ձևերի միջև, որոնք մի քանի բնախույզների կարծիքով մոտենում են տեսակներին, բայց լիովին չեն հասնում այդ աստիճանին, կամ ենթատեսակների և ակնհայտ տարատեսակների միջև, կամ վերջապես, թույլ տարատեսակների և անհատական տարբերությունների միջև։ Այդ տարբերությունները հարակցվում են մեկը մյուսին, աննշմարելի կերպով միաձուլվելով՝ կազմում են մի անընդհատ շարք, իսկ ամեն մի շարք մեր մտքի վրա իսկական անցման տպավորություն է թողնում։
 
Դրա հիման վրա անհատական տարբերությունները, որոնք թեև քիչ հետաքրքիր են սիստեմատիկայի համար, ես համարում եմ մեզ համար չափազանց կարևոր՝ որպես տարատեսակներ առաջանալու առաջին քայլեր, որոնք այնքան աննշան են, որ նրանց մասին, ինչպես սովորաբար կարծում են, չարժե անգամ հիշատակել բնապատմական գրվածքներում։ Այն տարատեսակները, որոնք ավելի արտահայտված են ու հաստատուն, ես համարում եմ որպես քայլեր դեպի ավելի խիստ արտահայտված ու հաստատուն տարատեսակները, իսկ այս վերջինները՝ որպես քայլեր դեպի ենթատեսակները և տեսակները։ Տարբերության մեկ աստիճանից մյուսին անցումը շատ դեպքերում տեղի է ունեցել շնորհիվ հենց օրգանիզմի առանձնահատկությունների և զանազան ֆիզիկական պայմանների, որոնց նա երկար ժամանակ ենթարկվել է, բայց հարմարումների բնույթ կրող ամենից ավելի էական հատկանիշների վերաբերմամբ մի աստիճանից մյուսին անցումը կարելի է վստահորեն վերագրել բնական ընտրություն կուտակող ներգործությանը, ինչպես այդ կպարզաբանվի հետագա շարադրանքում, ինչպես նաև օրգանների վարժեցմանը և ոչ վարժեցմանը։ Պարզ կերպով արտահայտված տարատեսակը այդ պատճառով կարող է անվանվել նոր գոյացող տեսակ, թե որքան ճիշտ է այգ հետևությունը, կարելի կլինի դատել միայն այն փաստերի և կշռադատումների հիման վրա, որոնք շարադրված են այս ամբողջ աշխատության մեջ։
 
Անհրաժեշտություն չկա ենթադրելու, որ բոլոր տարատեսակները կամ սկզբնավորվող տեսակները հասնում են տեսակների աստիճանի։ Նրանք կարող են մահաջնջվել կամ կարող են պահպանվել շատ երկար ժամանակաշրջանների ընթացքում տարատեսակի աստիճանի վրա, ինչպես այդ ցույց է տվել Ուոլլաստոնը Մադեյրայի վրա անուշահամ ջրերի մի քանի բրածո խեցիների տարատեսակների վերաբերմամբ և Գաստոն դե-Սապորտը բույսերի վերաբերմամբ։ Եթե տարատեսակը այնպիսի ծաղկման աստիճանի հասներ, որ թվով գերազանցեր ծնողական ձևին, այն ժամանակ նա կդառնար տեսակ, իսկ տեսակը կդառնար տարատեսակ, կամ նա կարող էր դուրս մղել և բոլորովին փոխարինել ծնողական տեսակային ձևին, կամ վերջապես, երկուսն էլ կարող էին միաժամանակ գոյություն ունենալ և համարվել ինքնուրույն տեսակներ։ Բայց մենք այդ հարցին կվերադառնանք հետագա շարադրանքում։
 
Ամբողջ ասվածից պարզ է, որ «տեսակ» տերմինը ես համարում եմ միանգամայն կամայական, հորինված իրար նման ու մերձավոր անհատների մի խումբ նշելու հարմարության համար և էականապես չի տարբերվում «տարատեսակ» տերմինից, որով նշվում են իրենց հատկանիշներով ավելի քիչ տարբերվող և տատանվող ձևերը։ Այդպես էլ «տարատեսակ» տերմինը անհատական տարբերությունների վերաբերմամբ կիրառվում է կամայականորեն և միայն հարմարության համար<ref>Դարվինի այդ եզրակացությունը բոլորովին սխալ է։ «Տեսակ» տերմինը բնության մեջ համապատասխանում է կենդանի նյութի գոյության որոշակի ձևերի միջև եղած իրական որակական տարբերությանը, որը չի հանգում զուտ քանակական տարբերությունների, որոնցով զանազանվում են տարատեսակները տեսակի ներսում։ Այդ ապացուցված է նաև աղավնիների ցեղերի մասին տրված դարվինյան վերլուծությամբ։ Տե՛ս նաև «Հատկանիշների տարամիտումը» գլուխ 4, էջ 199։— ''Խմբ.։''</ref>։
 
===ԼԱՅՆ ՏԱՐԱԲՆԱԿՎԱԾ, ՏԱՐԱԾՎԱԾ Եվ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ===
 
Առաջնորդվելով տեսական նկատառումներով, ես կարծում էի, թե ամենից ավելի փոփոխական տեսակների բնույթին և փոխհարաբերություններին վերաբերող հետաքրքիր տվյալներ կարելի կլինի ստանալ, եթե կազմեի մի քանի լավ մշակված ֆլորաների բոլոր տարատեսակների ցուցակները։ Առաջին հայացքից խնդիրը շատ պարզ էր թվում, բայց Հ. Կ. Ուոտսոնը, որին ես շատ պարտական եմ այդ գործում տված նրա արժեքավոր ցուցումների և օգնության համար, շուտով համոզեց ինձ, որ դա կապված է մեծ դժվարությունների հետ. նույն իմաստով և ավելի վճռականորեն հետո արտահայտվեց նաև դոկտոր Հուկերը։ Ուստի՝ այդ դժվարությունների քննարկումը և փոփոխական տեսակների հարաբերական թիվը ցույց տվող ցուցակները հետաձգում եմ մինչև հետագա աշխատությունս։ Դոկտոր Հուկերը թույլ է տալիս ինձ ավելացնելու, որ մանրազնին կերպով կարդալով իմ ձեռագիրը և աչքի անցկացնելով աղյուսակները, հետևյալ եզրակացությունները նա համարում է միանգամայն բավարար չափով հիմնավորված։ Բայց այդ ամբողջ հարցը, որ այնտեղ շարադրված է անխուսափելի համառոտությամբ, բավական խրթին է ներկայացվում. բացի դրանից, անկարելի էր խույս տալ «գոյության կռվի», «հատկանիշների տարամիտման» վրա վկայակոչումներ անելուց, որոնց պարզաբանությունը տրվելու է առաջիկայում։
 
Ալֆոնս դը-Կանդոլը և ուրիշներ ցույց են տվել, որ լայնորեն տարաբնակված բույսերը սովորաբար ունենում են տարատեսակներ, այդ կարելի է սպասել, որովհետև նրանք ենթարկվում են ֆիզիկական բազմազան պայմանների ներգործությանը և մրցության մեջ են մտնում կենդանի էակների զանազան խմբերի հետ (իսկ այդ հանգամանքը, ինչպես հետո կտեսնենք, ոչ ավելի պակաս, եթե դեռ ոչ ավելի, կարևոր է)։ Բայց իմ աղյուսակները դրանից ավելի են ցույց տալիս. նրանք ցույց են տալիս, որ ամեն մի սահմանափակ մարզում ամենասովորական տեսակները, այսինքն՝ ամենամեծ թվով անհատներ ունեցողները, և այն տեսակները, որոնք ամենալայն տարածում ունեն իրենց մարզում (այս պայմանը բոլորովին տարբեր է լայն տարաբնակությունից, իսկ որոշ իմաստով նաև տեսակի սովորականությունից), ավելի հաճախ առաջացնում են բավականաչափ ցայտուն տարատեսակներ, որոնց կարելի է մտցնել բուսաբանական աշխատությունների մեջ։ Ուրեմն՝ հենց այն տեսակները, որոնք ամենից ավելի ծաղկած են. կամ, ինչպես կարելի է նրանց անվանել, տիրապետող են, նրանք, որոնք լայնորեն տարաբնակված են, ամենից ավելի լայնորեն տարածված են իրենց մարզում և անհատներով ամենից հարուստ են, ամենից ավելի հաճախ սկիզբ են տալիս պարզ արտահայտված տարատեսակների, կամ, իմ տեսակետով, սաղմնային տեսակների։ Եվ այդ գուցե կարելի էր նախատեսել, քանի որ տարատեսակները հաստատվելու համար, ըստ անհրաժեշտության, պետք է դիմանային երկրի մյուս բնակիչների դեմ մղվող կռվին, ուստի այն տեսակները, որոնք արդեն տիրապետող են, ամենից ավելի հավանական է, որ առաջացնեն սերունդ, որը թեև փոքր ինչ տարբեր է, բայց և այնպես ժառանգել է իր նախնիներից այն առավելությունները, որոնց շնորհիվ ապահովվել է նրանց տիրապետությունը իրենց հայրենակիցների վրա։ Խոսելով տիրապետող ձևերի մասին, ես հասկանում եմ միայն այն ձևերը, որոնք փոխադարձ մրցության մեջ են գտնվում, և առանձնապես միևնույն սեռի կամ դասի ներկայացուցիչները, որոնք միանման կենսակերպ են վարում։ Անհատների թվի կամ այն բանի նկատմամբ, որը ես անվանում եմ տեսակի սովորականություն, համեմատությունը վերաբերում է միայն միևնույն խմբի անդամներին։ Որևէ բարձրակարգ բույս կարող է համարվել տիրապետող, եթե նրա անհատները ավելի բազմաթիվ և ավելի տարածված են երկրում, քան նույն երկրում և գրեթե նույն պայմաններում ապրող մյուս բույսերը։ Այդպիսի բույսը ավելի նվազ տիրապետող չի լինի, եթե նրա կողքին ջրում ապրող որևէ խոզաջրիմուռ (conferva) կամ որևէ մակաբույծ սունկ լինում են անհամար մեծ թվով և ավելի ևս լայն տարածված։ Բայց եթե խոզաջրիմուռը կամ մակաբույծ սունկը նշված իմաստով գերազանցում են իրենց մերձավոր ձևերին, այդ դեպքում նրանք տիրապետող կշինեն իրենց դասի սահմաններում։
 
===ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ, ՔԱՆ ՓՈՔՐ ՍԵՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ===
 
Եթե որևէ երկրի բուսականության մեջ նկարագրված բույսերը երկու հավասար խմբում այնպես դասավորենք, որ մի խմբի մեջ մտնեն մեծ սեռերի (այսինքն՝ շատ տեսակներ պարունակող սեռերի) ներկայացուցիչները, իսկ մյուսում՝ փոքր սեռերի ներկայացուցիչները, ապա առաջինում կլինեն մեծ թվով սովորական և լայն տարածված կամ տիրապետող տեսակներ։ Դա կարելի էր նախատեսել. հենց այն փաստը, որ մեկ սեռի բազմաթիվ տեսակները ապրում են որոշ երկրում, արդեն ցույց է տալիս, որ այդ երկրի անօրգանական կամ օրգանական պայմաններում կա ինչ-որ բարենպաստ բան այդ սեռի համար, իսկ այստեղից մենք իրավունք ունենք սպասելու, որ մեծ սեռերի տեսակների մեջ կհանդիպենք համեմատաբար ավելի մեծ թվով տիրապետող տեսակների։ Բայց այնքան շատ կան պատճառներ, որոնք կարող են քողարկել այդ հետևանքը, և ինձ զարմացնում է, որ իմ աղյուսակներում մեծամասնությունը, թեև աննշան, դրսևորվել է մեծ սեռերի օգտին։ Կանգ կառնեմ միայն երկու պատճառների վրա, որոնք կարող են քողարկել այդ հետևանքները։ Անուշահամ ջրերի և աղուտների բույսերը սովորաբար լայն կերպով տարաբնակված են և աչքի են ընկնում մեծ տարածվածությամբ իրենց մարզի սահմաններում. ըստ երևույթին դա կապված է նրանց բնակավայրի հետ և քիչ կամ ոչ մի սերտ կապ չունի այն սեռի մեծության հետ, որին նրանք պատկանում են։ Ցածր կազմվածք ունեցող բույսերը նույնպես սովորաբար անհամեմատ ավելի լայնորեն են տարածված, քան բարձր կազմվածքով բույսերը, այստեղ ևս, իհարկե, սերտ կապ գոյություն չունի սեռի մեծության հետ։ Ստորակարգ բույսերի լայն տարաբնակման պատճառը մենք կքննարկենք աշխարհագրական տարածման վերաբերյալ գլխում։
 
Տեսակները դիտելով որպես միայն ավելի խիստ նկատելի և որոշակի դարձած տարատեսակներ, ես եկա այն ենթադրության, որ յուրաքանչյուր երկրում մեծ սեռերի տեսակները պետք է ավելի հաճախ տան տարատեսակներ, քան փոքր սեռերի տեսակները, որովհետև ամենուրեք, որտեղ արդեն առաջացել են մերձավոր շատ տեսակներ (այսինքն միևնույն սեռի տեսակների այնտեղ պետք է, որպես ընդհանուր կանոն, դեռ շարունակվի նոր տարատեսակների կամ սաղմնային տեսակների առաջացումը։ Որտեղ մեծ թվով մեծահասակ ծառեր են աճում, այնտեղ մենք սպասում ենք գտնել նաև մեծ թվով նոր աճող ծառեր։ Որտեղ փոփոխականության միջոցով միևնույն սեռի դատ տեսակներ են առաջացել, այնտեղ հանգամանքները բարենպաստ են եղել և, կարելի է սպասել, շարունակում են նպաստել այդ փոփոխականությանը։ Մյուս կողմից, եթե տեսակների վրա նայենք որպես առանձին արարչագործական ակտերի վրա, այդ դեպքում ոչ մի հիմք չկա սպասելու, որ տարատեսակները ավելի բազմաթիվ լինեն տեսակներով հարուստ խմբում, քան նրանցով աղքատ խմբում։
 
Այդ ենթադրությունը ստուգելու համար ես տասներկու երկրների բույսեր և երկու մարզի կարծրաթև միջատներ դասավորեցի երկու գրեթե հավասար խմբերում՝ մեծ սեռերի տեսակները մի կողմ, փոքր սեռերի տեսակները մյուս կողմ, և անփոփոխ դուրս եկավ այն կանոնը, որ տարատեսակներ պարունակող տեսակների հարաբերական մեծ թիվը մեծ սեռերի օգտին էր, այլ ոչ թե փոքր սեռերի օգտին։ Բացի դրանից, մեծ սեռերի տեսակները, եթե միայն նրանք տալիս են տարատեսակներ, մշտապես ավելի շատ տարատեuակներ են ներկայացնում, քան փոքր սեռերի տեսակները։ Այս երկու արդյունքներն ստացվում են նաև մի քիչ այլ կերպ խմբավորելիս, այսինքն երբ մեկից մինչև չորս տեսակներ պարունակող ամենափոքր սեռերը ոչ ամբողջապես են մտցված աղյուսակների մեջ։ Այդ փաստերի իմաստը շատ պարզ է, եթե ընդունենք, որ տեսակները միայն խիստ արտահայտված և հաստատուն տարատեսակներ են, ամենուրեք, որտեղ շատ տեսակներ են առաջացել, կամ եթե կարելի է այսպես արտահայտվել, ամենուրեք, որտեղ տեսակների պատրաստումը հաջող է ընթացել, մենք ընդհանրապես պետք է այդ պատրաստումը դեռ տեսնենք գործողության մեջ, մանավանդ որ ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նոր տեսակների պատրաստման այդ պրոցեսը պետք է շատ դանդաղ կատարվի։ Եվ այդ կշռադատությունը արդարանում է, եթե միայն տարատեսակները համարենք սաղմնային տեսակներ, որովհետև իմ աղյուսակները պարզորոշ կերպով հաստատում են այն ընդհանուր կանոնը, որ յուրաքանչյուր սեռում, որի մեջ շատ տեսակներ են առաջացել, այդ տեսակները ներկայացնում են միջինից ավելի բարձր թվով տարատեսակներ կամ սաղմնային տեսակներ։ Դրանից չի հետևում, որ բոլոր մեծ սեռերը այժմ շարունակում են խիստ փոփոխվել կամ ոչ մի փոքր սեռ չի փոփոխվում և չի մեծանում. այդպիսի փաստը ճակատագրական կլիներ իմ տեսության համար, որովհետև երկրաբանությունը լիակատար պարզությամբ պատմում է, որ փոքր սեռերը ժամանակի ընթացքում աճել, դարձել են մեծ, իսկ մեծ սեռերը հաճախ հասել են առավելագույն զարգացման և հետո թեքվել են դեպի անկում և անհետացել։ Մեզ հարկավոր է միայն ցույց տալ, որ այնտեղ, որտեղ մեկ սեռի սահմաններում առաջացել են շատ տեսակներ, միջին հաշվով վերցրած, նրանք դեռ շարունակում են առաջանալ, իսկ դա, իհարկե, ճիշտ է դուրս գալիս։
 
===ՄԵԾ ՍԵՌԵՐԻ ՇԱՏ ՏԵՍԱԿՆԵՐ ՆՄԱՆ ԵՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՅՆ ԲԱՆՈՎ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՄՈՏԻԿ, ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՆՄԱՆ ԱԶԳԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ՈՒՆԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՈՒՄ===
 
Կան ուշադրության արժանի այլ հարաբերություններ մեծ սեռերի տեսակների և նրանց տարատեսակների միջև, որոնք մտցված են ցուցակների մեջ։ Մենք տեսանք, որ տեսակը խիստ արտահայտված տարատեսակից տարբերելու համար չկա մի անսխալական չափանիշ։ Երբ երկու կասկածելի ձևերի միջև միջանկյալ օղակներ գտնված չեն, բնախույզներն ստիպված են իրենց եզրակացություններում ղեկավարվել այդ ձևերի միջև եղած տարբերության չափերով և լուծել այն հարցը, թե բավակա՞ն է արդյոք տարբերության այդ չափը նրանցից մեկին կամ երկուսին էլ տեսակի աստիճանի վրա բարձրացնելու համար։ Ուրեմն տարբերության չափերը շատ կարևոր չափանիշ են հանդիսանում լուծելու համար այն հարցը, թե պե՞տք է արդյոք երկու ձևերը համարել տեսակներ կամ տարատեսակներ։ Բայց Ֆրիսը բույսերի վերաբերմամբ, իսկ Ուեստվուդը միջատների վերաբերմամբ արդեն նշել են, որ մեծ սեռերի մեջ տեսակների միջև տարբերության չափերը չափազանց փոքր են։ Ես աշխատել եմ նրանց եզրակացությունը ենթարկել թվական ստուգման միջին մեծություններ հանելու միջոցով, և իմ ստացած շատ անկատար արդյունքների սահմաններում այդ կանոնը հաստատվել է։ Ես դիմել եմ նաև մի քանի խոհուն և փորձված դիտողների, և գործը ուշադրությամբ քննարկելուց հետո նրանք համաձայն են այդ եզրակացությանը։ Հետևաբար, այդ տեսակետից մեծ սեռերի տեսակները ավելի նմանվում են տարատեսակներին, քան փոքր սեռերի տեսակները։ Կամ, ուրիշ խոսքով, մեծ սեռերում, որոնց մեջ տարատեսակների կամ սաղմնային տեսակների պատրաստումը արտահայտվում է միջինից ավելի բարձր թվով, արդեն պատրաստված տեսակներից շատերը որոշ չափով դեռ նման են տարատեսակների, որովհետև նրանց միջև եղած տարբերությունների չափերը սովորականներից ավելի փոքր են։
 
Բացի դրանից, մեծ սեռերի տեսակները մեկը մյուսին հարաբերում են այնպես, ինչպես մի տեսակի տարատեսակները միմյանց։ Ոչ մի բնախույզ չի կարող պնդել, որ մի սեռի բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են միանման չափով։ Նրանց սովորաբար կարելի է բաժանել ենթասեռերի, կամ հատվածների, կամ այլ ավելի մանր խմբերի։ Ինչպես միանգամայն ճիշտ է նկատում Ֆրիսը, տեսակների փոքր խմբերը սովորաբար արբանյակների պես խմբավորվում են ուրիշ տեսակների շուրջը։ Իսկ ի՞նչ են տարատեսակները, եթե ոչ ձևերի խմբեր, որոնք ոչ միանման մոտիկություն ունեն միմյանց հետ և համախմբված են այլ ձևերի՝ իրենց նախածնող տեսակների շուրջը։ Անտարակույս մի շատ կարևոր տարբերություն գոյություն ունի տարատեսակների և տեսակների միջև, այն է՝ տարատեսակների տարբերության չափերը ինչպես իրար հետ, այնպես էլ նախածնողական տեսակային ձևի հետ համեմատած ավելի քիչ են, քան նույն սեռի տեսակների միջև եղած տարբերությունները, բայց երբ խոսք կլինի այն բանի մասին, որ ես անվանում եմ հատկանիշների տարամիտում, մենք կտեսնենք, թե ինչով է այդ բացատրվում և ինչպես տարատեսակների միջև եղած փոքրիկ տարբերությունները ձգտում են մեծանալ, դառնալ զգալի տարբերություններ տեսակների միջև։
 
Մի նկատառում ես արժանի է ուշադրության։ Տարատեսակները սովորաբար ունենում են տարածման շատ սահմանափակ շրջաններ։ Այդ դրույթն ըստ էության ծեծված ճշմարտությունից ավելի չէ, այսինքն ինքնըստինքյան ակնհայտ է, որովհետև այն դեպքում, եթե դուրս գար, որ տարատեսակն ավելի լայն տարածում ունի, քան նրա ենթադրյալ նախածնողական տեսակը, նրանք կփոխանակեին իրենց անունները։ Բայց հիմք կա մտածելու, որ այն տեսակները, որոնք շատ մոտ են այլ տեսակների և դրանով էլ նման են տարատեսակների, հաճախ ունենում են շատ սահմանափակ տարածում։ Այդպես, օրինակ, Հ. Կ. Ուոտսոնը հիանալի կազմված բույսերի Լոնդոնյան ցուցակում (4-րդ հրատարակություն) ինձ համար նշել է 63 բույս, որոնք այնտեղ հաշվվում են որպես տեսակներ, բայց նրա կարծիքով, նրանք այնքան մոտ են մյուս տեսակներին, որ կասկած են հարուցում իրենց ինքնուրույնության մասին. այդ կասկածելի 63 տեսակները, միջին թվով, գրավում են 6,9 այն մարզերի, որոնց վրա բաժանել է միստր Ուոտսոնը Մեծ Բրիտանիան։ Սույն ցուցակում բերված են 53 հանրաճանաչ տարատեսակներ. և այդ տարատեսակները տարածված են, 7,7 մարզերում, մինչդեռ այն տեսակները, որոնց պատկանում են այդ տարատեսակները, տարածված են 14,3 մարզերում։ Այսպիսով, հանրաճանաչ տարատեսակները միջին հաշվով ունեն համարյա նույնպիսի սահմանափակ տարածում, ինչպիսին ունեն միմյանց հետ մոտիկ ձևերը, որոնց նշել էր Ուոտսոնը ինձ համար որպես կասկածելի տեսակներ, բայց նրանք համարյա բոլոր անգլիական բուսաբանների կողմից ճանաչված են որպես իսկական, լավ տեսակներ։
 
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
 
Ուրեմն՝ տարատեսակը տեսակներից այլ կերպ չի կարելի զանազանել, եթե ոչ, նախ՝ հայտնաբերելով նրանց շաղկապող միջանկյալ ձևերը և երկրորդ ապացուցելով մի ինչ-որ անորոշ չափի տարբերության առկայությունը, որովհետև միմյանցից քիչ տարբերվող ձևերը սովորաբար համարվում են տարատեսակներ, թեկուզև նրանց չի կարելի անմիջականորեն կապել միմյանց հետ։ Սակայն տարբերությունների չափը, որ անհրաժեշտ է համարվում երկու ձևեր տեսակների աստիճանի բարձրացնելու համար, չի կարելի որոշել։ Այն սեռերը, որոնք պարունակում են տվյալ երկրի համար միջինից բարձր թվով տեսակներ, այդ տեսակներն էլ տալիս են միջինից ավելի բարձր թվով տարատեսակներ։ Մեծ սեռերում տեսակները ներկայացնում են ավելի մերձավոր, բայց ազգակցության անհավասարաչափ աստիճաններ և համախմբված են այլ տեսակների շուրջը։ Այն տեսակները, որոնք կապված են այլ տեսակների հետ շատ մոտ ազգակցությամբ, սովորաբար ունենում են սահմանափակ տարածում։ Այս բոլոր տեսակետներից մեծ սեռերի տեսակները ցուցաբերում են մոտիկ համանմանություն տարատեսակների հետ։ Եվ այդ համանմանությունները միանգամայն հասկանալի են, եթե տեսակները առաջացել են այսպես, որ իրենք առաջ եղել են տարատեսակներ, բայց վերջնականապես անբացատրելի են, եթե տեսակներն իրենցից ներկայացնում են առանձին ստեղծագործական ակտեր։
 
Մենք տեսանք նաև այն, որ յուրաքանչյուր դասի սահմաններում մեծ սեռերի հենց ամենից ավելի բարգավաճող և տիրապետող տեսակները առաջացնում են միջին հաշվով ամենամեծ քանակությամբ տարատեսակներ, իսկ տարատեսակները, ինչպես կտեսնենք հետագայում, ձգտում են դառնալ նոր առանձին տեսակներ։ Այսպիսով, մեծ սեռերը ձգտում են է՛լ ավելի մեծանալու, և ամբողջ բնության մեջ նկատվում է, որ կյանքի այժմյան տիրապետող ձևերը ձգտում են է՛լ ավելի տիրապետող դառնալ, իրենցից հետո, թողնելով բազմաթիվ փոփոխված ու տիրապետող հետնորդներ։ Սակայն խոշոր սեռերը մի ճանապարհով, որը կբացատրվի հետագայում, ձգտում են բաժանվել փոքրերի։ Այս կերպով էլ ամբողջ աշխարհում ամենուրեք կյանքի ձևերը բաժանվում են խմբերի, որոնք ենթակա են այլ խմբերի։
Վստահելի
1396
edits