Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 156 783 բայտ, 06:44, 4 Մարտի 2017
Նա, ով կարծում է, թե որևէ հին ձև ինչ որ ներքին ձգտման կամ ուժի շնորհիվ փոփոխվել է հանկարծակի կերպով, օրինակ՝ ստացել է թևեր, պետք է հակառակ ամեն մի անալոգիայի ընդունի, որ այդ փոփոխությունը միաժամանակ ընդգրկել է մեծ թվով անհատներ։ Անհնարին է ժխտել, որ կազմվածքի նման հանկարծակի և խոր փոփոխությունները խիստ կերպով հակասում են այն բանին, ինչ որ իրականում տեղի է ունեցել տեսակների մեծամասնության վերաբերմամբ։ Նա այնուհետև ստիպված կլիներ ընդունելու, որ կազմվածքի բազմաթիվ գծերը, որոնք հիանալի կերպով հարմարված են միևնույն էակի մյուս մասերին և նրան շրջապատող պայմաններին, նույնպես հանկարծակի են առաջացել, և այդ բարդ ու հրաշալի փոխադարձ հարմարումների համար նա ի վիճակի չի լինի առաջարկելու որևէ բացատրության գեթ նշույլն անգամ։ նա ստիպված կլինի ընդունելու, որ այդ խոր հանկարծական փոփոխությունները իրենց ներգործության ամենափոքր հետքն անգամ չեն թողել սաղմի վրա։ Ընդունել այդ բոլորը, ինձ թվում է, կնշանակեր անցնել հրաշքների բնագավառը, լքելով գիտության բնագավառը։
 
 
==ԳԼՈՒԽ VIII։ ԲՆԱԶԴ==
 
<FONT SIZE="-1">ԲՆԱԶԴՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ՆՐԱՆՑԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԾԱԳՄԱՄԲ։— ԲՆԱԶԴՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ։— ԽՈՏԵՐԻ ԼՎԻՃՆԵՐԸ ԵՎ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ։— ԲՆԱԶԴՆԵՐԸ ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՆ։ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՆԱԶԴՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԾԱԳՈՒՄԸ։— ԿԿՎԻ, MOLOTHRUS-Ի, ՋԱՅԼԱՄԻ ԵՎ ՄԱԿԱԲՈՒԾԱՅԻՆ ՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԲՆԱԶԴՆԵՐԸ։ ՍՏՐԿԱՏԵՐ ՄՐՋՅՈՒՆՆԵՐ։— ՄԵՂՈՒՆ, ՆՐԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԲՆԱԶԴԸ։— ԲՆԱԶԴԻ ԵՎ ԿԱԶՄՎԱԾՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ, ՈՐ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԼԻՆԵՆ։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԶԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈԻՄ։— ԱՆՍԵՌ ԿԱՄ ԱՆՊՏՈՒՂ ՄԻՋԱՏՆԵՐ։— ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ։</FONT>
 
Շատ բնազդներ այնքան զարմանալի են, որ նրանց զարգացումը հավանորեն ընթերցողին կթվա մի դժվարություն, որը կբավարարի իմ ամբողջ տեսությունը խորտակելու համար։ Ես այստեղ կարող եմ կանխապես ասել, որ մտավոր ընդունակությունների ծագման հարցով չեմ զբաղվում, ինչպես որ չեմ զբաղվել նաև բուն կյանքի ծագման հարցով։ Մեզ վերաբերում է միայն միևնույն դասին պատկանող կենդանիների բնազդների և այլ մտավոր ընդունակությունների բազմազանությունը։
 
Ես չպիտի փորձեմ տալ բնազդի որևէ սահմանում։ Հեշտ կլիներ ցույց տալ, որ այդ անվան տակ սովորաբար հասկանում են տարբեր մտավոր գործողություններ, բայց յուրաքանչյուր ոք հասկանում է, թե ինչ են ուզում ասել, երբ խոսում են, որ բնազդն ստիպում է կկուին կատարելու իր թռիչքները և ձու ածելու այլ թռչունների բներում։ Մի այնպիսի գործողություն, որը մենք կարող ենք կատարել միայն որոշ փորձառությունից հետո, եթե կատարում է կենդանին, հատկապես շատ մատաղ հասակում՝ առանց նախնական փորձառության, կամ կատարում են միանման ձևով շատ անհատներ՝ առանց գիտենալու, թե ինչ նպատակի համար է կատարվում այն, սովորաբար անվանում են բնազդ։ Բայց ես կարող էի ցույց տալ, որ այդ սահմանումներից ոչ մեկն էլ ընդհանուր չէ։ Ըմբռնողության կամ դատողության մի փոքրիկ մաս, ինչպես արտահայտվում է Պ. Հուբերը, հաճախ նկատվում է բնության սանդուխքի նույնիսկ ցածր աստիճանների վրա կանգնած կենդանիների մոտ։
 
Ֆրեդերիկ Կյուվյեն և հին մետաֆիզիկներից էլի մի քանիսը բնազդը համեմատել են սովորության հետ։ Ես կարծում եմ, որ այդ համեմատությունը ճիշտ պատկերացում է տալիս բնազդական գործողության մեջ արտահայտվող մտավոր վիճակի բնույթի մասին, բայց ոչ միշտ նրա ծագման մասին։ Սովորական շատ շարժումներ մենք կատարում ենք բոլորովին անգիտակցաբար և հաճախ նույնիսկ ուղղակի հակառակ գիտակցական ցանկության, բայց կարող են փոփոխվել կամքի կամ դատողության մասնակցությամբ։ Որոշ սովորություններ հաճախ զուգորդվում են մյուսների հետ, կապված են լինում մերթ որոշ ժամանակաշրջանի և մերթ օրգանիզմի որոշ դրության հետ։ Երբ ձեռք են բերված, նրանք մնում են անփոփոխ ամբողջ կյանքի ընթացքում։ Կարելի է մատնանշել նմանության նաև այլ գծեր բնազդների և սովորությունների միջև։ Ինչպես լավ ծանոթ եղանակի կրկնության ժամանակ, այնպես էլ բնազդական գործողության ժամանակ մի վարմունքը հետևում է մյուսին որոշ չափով ռիթմիկ կերպով, եթե որևէ մեկին ընդհատում են երգելիս կամ մի անգիր արած բան կրկնելիս, նա սովորաբար ստիպված է լինում ետ դառնալու, որպեսզի ձեռք բերի մտածողության սովորական ընթացքը. նույնն է դիտել Պ. Հուբերը շատ բարդ բոժոժ հյուսող թրթուրի վերաբերմամբ։ Եթե նա վերցրել է բոժոժի կառուցումը, ասենք թե, մինչև վեցերորդ ստադիան հասցրած թրթուրին և տեղափոխել նրան միայն մինչև երրորդ ստադիան հասցրած բոժոժի մեջ, այդ դեպքում թրթուրը պարզապես նորից հյուսել է կառուցման չորրորդ, հինգերորդ և վեցերորդ ստադիաները։ Բայց երբ թրթուրը վերցրել է, օրինակ, երրորդ ստադիայի բոժոժից ու տեղափոխել վեցերորդ ստադիային հասցրած բոժոժի մեջ, այնպես որ նրա աշխատանքի մեծ մասն արդեն կատարված էր, այդ դեպքում նա փոխանակ դրանում որևէ թեթևություն գտնելու, ընկել է շատ մեծ դժվարության մեջ, և աշխատանքը վերջացնելու համար ստիպված է եղել սկսելու երրորդ ստադիայից, որի վրա նրան կանգնեցրել էին, և այդտեղից էլ փորձել է ավարտել գրեթե արդեն վերջացրած աշխատանքը։
 
Եթե մենք ենթադրենք, որ մի որևէ սովորական գործողություն դառնում է ժառանգական, իսկ ապացուցել կարելի է, որ երբեմն իրոք այդպես էլ լինում է, այդ դեպքում այն նմանությունը, որ սկզբում կար սովորության և բնազդի միջև, հասնում է դժվար տարբերելիության աստիճանին մոտ։ Եթե երեք տարեկան Մոցարտն սկսեր դաշնամուր նվագել ոչ թե զարմանայի փոքրիկ պրակտիկայից հետո, այլ բոլորովին առանց պրակտիկայի, այդ դեպքում իրավացի կլիներ ասել, որ նա այդ անում է բնազդաբար։ Բայց մեծ սխալ կլիներ կարծել, որ բնազդների մեծ մասը կարող է ծագում առնել մի սերնդի սովորությունից և ժառանգաբար փոխանցվել հաջորդ սերունդներին։ Առանց դժվարության կարելի է ապացուցել, որ այն բնազդներից ամենազարմանալիները, որոնց հետ մենք գործ ունենք, այն է՝ մեղուների և մրջյուններից շատերի բնազդները, չէին կարող ձեռք բերվել այդպիսի ճանապարհով։
 
Բոլորն ընդունում են, որ բնազդները տեսակի բարեկեցության համար նրա գոյության ներկա պայմաններում նույնքան կարևոր են, որքան որ նրա կառուցվածքի առանձնահատկությունները։ Կենսապայմանների փոփոխության դեպքում հնարավոր է, որ բնազդի մեջ տեղի ունեցող թույլ փոփոխությունները կարող են օգտակար լինել տեսակի համար և եթե կարելի է ապացուցել, որ բնազդները թեկուզ թույլ չափով փոփոխվում են, այդ դեպքում ես դժվարություն չեմ տեսնում ընդունելու այն, որ բնական ընտրությունը պահպանելով ու շարունակ կուտակելով բնազդների մեջ կատարվող շեղումները, կարող է դրանք զարգացնել մինչև ուզած աստիճանի օգտակարության։ Այսպես են ծագել, ինչպես ես կարծում եմ, ամենաբարդ և զարմանալի բնազդները։ Ինչպես որ կառուցվածքում փոփոխությունները առաջանում ու զարգանում են գործածությունից կամ սովորությունից և թուլանում կամ անհետանում են անգործածությունից, ճիշտ այդպես, չեմ կասկածում, եղել է նաև բնազդների հետ։ Բայց ես կարծում եմ, որ սովորության ներգործությունը շատ դեպքերում երկրորդական նշանակություն ունի համեմատած այն փոփոխությունների բնական ընտրության հետ, որոնք կարելի է անվանել բնազդների պատահական փոփոխություններ, այսինքն փոփոխություններ, որ առաջանում են հենց նույն անհայտ պատճառներից, որոնցով պայմանավորված են նաև թույլ շեղումները մարմնի կառուցվածքում։
 
Բարդ բնազդներից հազիվ թե որևէ մեկը կարող է զարգանալ բնական ազդեցությամբ այլ կերպ, քան թույլ, բայց օգտակար շեղումների դանդաղ ու աստիճանական կուտակման միջոցով։ Հետևաբար, ինչպես որ օրգանական առանձնահատկությունների դեպքում՝ մենք պետք է բնության մեջ գտնենք ոչ թե աստիճանական անցումներ, որոնց միջոցով զարգացել է յուրաքանչյուր բարդ բնազդ,— իսկ այդ կարելի էր հետազոտել յուրաքանչյուր տեսակի միայն ուղղակի նախնիների շարքի մեջ,— այլ պետք է գտնենք որոշ ցուցումներ այդ աստիճանականության նկատմամբ հետնորդների կողմնական գծերում կամ գոնե պետք է ապացուցենք, որ որոշ աստիճանականություն հնարավոր է, և այդ մենք իսկապես կարող ենք ապացուցել։ Ուշադրության առնելով այն, որ Եվրոպայից ու Հյուսիսային Ամերիկայից դուրս կենդանիների բնազդները շատ քիչ են ուսումնասիրված, իսկ մահաջնջված տեսակների բնազդները մեզ բոլորովին անհայտ են, ես զարմացել էի, թե ինչքան շատ կարելի է գտնել դեպի բարդ բնազդները տանող աստիճանական անցումներ։ Բնազդի մեջ փոփոխությունները երբեմն կարող են հեշտանալ նրանով, որ միևնույն տեսակն իր կյանքի զանազան շրջանների ընթացքում, տարվա զանազան եղանակներին, գտնվելով գոյության զանազան պայմաններում և այլն, ունենում է տարբեր բնազդներ, այդպիսի դեպքում բնական ընտրությունը կարող է պահպանել երբեմն այս, երբեմն էլ մի այլ բնազդ։ Եվ միևնույն տեսակի մոտ բնազդի բազմազանության նման դեպքեր, ինչպես կարելի է ապացուցել, բնության մեջ իրոք գոյություն ունեն։
 
Այնուհետև ճիշտ այնպես, ինչպես որ օրգանիզմի կառուցվածքի դեպքում և իմ տեսության համաձայն՝ յուրաքանչյուր տեսակի բնազդը օգտակար է հենց իրեն, բայց որքան մենք կարող ենք դատել, երբեք չի զարգանում ուրիշների համար նրանից առաջացող օգուտի պատճառով։ Ինձ հայտնի այդպիսի ամենաբնորոշ օրինակներից մեկը, երբ կենդանին կատարում է գործողություն, որն ըստ երևույթին օգտակար է միայն մի ուրիշի համար, ներկայացնում են խոտային լվիճները, որոնք, ինչպես այդ առաջին անգամ նկատել է Հուբերը, կամավոր կերպով քաղցր արտաթորանք են տալիս մրջյուններին, որ նրանք այդ անում են կամավոր կերպով, ապացուցվում է հետևյալ փաստերով։ Թրթնջուկի տերևի վրա նստած մոտավորապես մի դյուժին լվիճներից ես հեռացրի մրջյուններին և մի քանի ժամ շարունակ մրջյուններին չէի թողնում նրանց այցելելու։ Ես համոզվեցի, որ այդ ժամանակն անցնելուց հետո լվիճները նեղվում են, որ իրենց քաղցր պարունակությունը չեն արտաթորում։ Որոշ ժամանակ ես նրանց զննում էի խոշորացույցով, բայց նրանցից ոչ մեկը չէր արտաթորում. այնուհետև մազով դիպչում և խուտուտ էի ածում, աշխատելով ըստ հնարավորության անել այդ այնպես, ինչպես անում են մրջյուններն իրենց բողկուկներով, բայց և այնպես ոչ մեկը չարտաթորեց։ Դրանից հետո ես նրանց մոտ թողեցի մի մրջյուն և նրա արագ շարժումներից իսկույն երևաց, որ նա լավ գիտե, թե ինչ հարուստ նախիր է գտել, այնուհետև նա սկսեց իր բողկուկներով շոյել նախ մեկ, հետո մյուս լվիճի որովայնը և նրանցից յուրաքանչյուրը հենց որ զգում էր բողկուկների հպումը, իսկույն բարձրացնում էր իր որովայնը և արտաթորում հեղուկ քաղցր նյութի կաթիլ, որը ագահաբար լափում էր մրջյունը։ Նույնիսկ բոլորովին մատղաշ լվիճները իրենց պահում էին ճիշտ նույն ձևով, ապացուցելով, որ այդ գործողությունը նրանց մոտ բնազդային է, այլ ոչ թե փորձի արդյունք։ Հուբերի դիտումներից հայտնի է, որ լվիճները անբարյացակամություն չեն տածում դեպի մրջյունները, բայց եթե վերջիններս չկան, լվիճները, վերջապես, հարկադրված են լինում բաց թողնել իրենց արտաթորանքը առանց մրջյունների։ Քանի որ այդ արտաթորանքը չափազանց կպչուն է, ապա կասկած չկա, որ նրա հեռացումը լվիճների համար ձեռնտու է. իսկ այստեղից էլ հավանական է այն, որ նրանք այն արտաթորում են ոչ բացառապես մրջյունների օգտին։ Այսպիսով, թեև ապացույց չկա, որ մի որևէ կենդանի կատարի մի գործողություն, որը բացառապես օգտակար է մի այլ տեսակի համար, սակայն յուրաքանչյուրը ձգտում է ուրիշների բնազդներից օգուտ քաղել ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուրն օգտագործում են մի այլ տեսակի կառուցվածքի նույնիսկ մանը թերությունները։ Հետևաբար, որոշ բնազդներ բացարձակորեն կատարյալ չի կարելի համարել, բայց քանի որ այդ և նման մյուս կետերի վերաբերյալ մանրամասնություններն անհրաժեշտ չեն, ուստի այստեղ նրանց վրա կարելի է կանգ չառնել։
 
Քանի որ բնական վիճակում բնազդների փոփոխելիության որոշ աստիճանը և այդպիսի վարիացիաների ժառանգական փոխանցումը անհրաժեշտ են նրա համար, որպեսզի բնական ընտրությունը կարողանա ներգործել նրանց վրա, ուստի այդ հաստատելու համար պետք էր բերել հնարավորին չափ շատ օրինակներ, բայց տեղի սղությունը ինձ խանգարում է այդ անել։ Ես միայն կարող եմ վավերացնել, որ բնազդներն անշուշտ փոփոխվում են, օրինակ, թափառելու բնազդը կարող է փոփոխվել ինչպես թափառումների չափերի և ուղղությունների, այնպես էլ այդ ընդունակության կորստի տեսակետից։ Ճիշտ նույնն է նաև թռչունների բների հետ, որոնք մասամբ փոխվում են՝ կախված նրանք համար ընտրված տեղից, թռչունների ապրած երկրի բնույթից ու ջերմաստիճանից, մասամբ էլ մեզ բոլորովին անհայտ պատճառներից. Օդյուբոնը բերել է Հյուսիսային և Հարավային Միացյալ նահանգներում միևնույն տեսակի բների կառուցվածքում եղած տարբերության մի քանի ուշագրավ դեպքեր։ Սակայն եթե բնազդը կարող է փոփոխվել, այդ դեպքում կարելի է հարցնել, թե ինչո՞ւ նա մեղուներին չի տալիս «որևէ այլ նյութից օգտվելու հմտություն, երբ մեղրամոմ չկա»։ Բայց ուրիշ ի՞նչ բնական նյութ կարող են գործածել մեղուները։ Նրանք կարող են գործադրել, ինչպես ես տեսել եմ, պնդացած մեղրամոմը կինաբարի հետ խառը և փափուկը՝ ճարպի հետ խառը։ Անդրյու Նայտը դիտել է, որ իր մեղուները փոխանակ աշխատասիրութամբ մոմ հավաքելու, գործ են ածել մեղրամոմի և սկիպիդարի խառնուրդ, որով քսված էին պլոկված կեղևով ծառերը։ Վերջերս ապացուցվել է, որ մեղուները փոխանակ ծաղկափոշի հավաքելու, սիրով օգտվում են բոլորովին այլ նյութերից, այն է՝ վարսակի ալյուրից։ Որևէ որոշակի թշնամուց վախենալը, ի հարկե, բնազդական հատկություն է, ինչպես այղ կարելի է տեսնել թռչունների ձագերի վրա, բայց այն պահպանվում է փորձով և նույն թշնամուց այլ կենդանիների վախը դիտելով։ Մարդուց վախենալը ձեռք է բերվում դանդաղորեն, ինչպես ես այդ ցույց եմ տվել մի այլ տեղում անմարդաբնակ կղզիների վրա բնակվող զանազան կենդանիների վերաբերմամբ, և դրա օրինակը մենք տեսնում ենք նույնիսկ Անգլիայում, որտեղ մեր բոլոր խոշոր թռչունները փոքրերի համեմատությամբ ավելի վայրենի են, որովհետև խոշորներին ուժեղ կերպով հալածում են մարդիկ։ Խոշոր թռչունների ավելի մեծ վայրենությունը մենք կարող ենք հանգիստ կերպով վերագրել այդ պատճառին, որովհետև անմարդաբնակ կղզիների վրա խոշոր թռչունները փոքրերից ավելի վախկոտ չեն, և կաչաղակը, որն այնքան զգույշ է Անգլիայում, նույնքան էլ վստահացող է Նորվեգիայում, ինչքան գորշ ագռավը Եգիպտոսում։
 
Որ միևնույն տեսակին պատկանող վայրի վիճակում ծնված կենդանիների մտավոր հատկությունները շատ ուժեղ կերպով տարբերվում են, կարելի է ապացուցել շատ փաստերով։ Ճիշտ այդպես էլ կարելի է վայրի կենդանիների պատահական ու զարմանալի սովորությունների շատ օրինակներ բերել, որոնք տեսակի համար օգտակար լինելու դեպքում կարող էին բնական ընտրության միջոցով նոր բնազդների սկիզբ տալ։ Բայց ես լավ գիտեմ, որ այդպիսի անապացույց պնդումները, առանց փաստերի մանրամասն շարադրման, քիչ տպավորություն են թողնում ընթերցողի մտքի վրա, և կարող եմ միայն կրկնել իմ հավաստիացումը, որ ես չեմ խոսում՝ չունենալով ծանրակշիռ ապացույցներ։
 
===ՍՈՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲՆԱԶԴԻ ԺԱՌԱՆԳՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄՈՏ===
 
Բնազդի ժառանգական փոփոխությունների հնարավորությունը կամ նույնիսկ հավանականությունը բնական պայմաններում կարող է հաստատվել ընտանի կենդանիներին վերաբերող մի քանի դեպքերի համառոտ ակնարկով։ Այսպիսով, մենք կկարողանանք ծանոթանալ այն մասնակցությանը, որ ունեցել են սովորությունը և այսպես կոչված պատահ ական շեղումների ընտրությունը մեր ընտանի կենդանիների մտավոր հատկությունների փոփոխության ժամանակ։ հայտնի է, թե ինչքան ուժեղ կերպով են տարբերվում ընտանի կենդանիներն իրենց մտավոր հատկություններով։ Այսպես, օրինակ, որոշ կատուներ ծնվելու օրից բռնում են մեծամկներ, մյուսները՝ մկներ, և այդ հակումները ժառանգաբար փոխանցվում են։ Մի կատու, ըստ մ-ր Ս. Ջոնի վկայության, միշտ թռչուն էր բերում տուն, մյուսը՝ նապաստակներ կամ ճագարներ, երրորդը որս էր անում ճահճուտ հողամասում և համարյա ամեն գիշեր որսում էր անտառակտցարներ և մորեկտցարներ։ Կարելի է բերել որոշ տրամադրությունների կամ ժամանակաշրջանների հետ կապ ունեցող զանազան ձևի հակումների, ճաշակների և վերին աստիճանի զարմանալի տարօրինակությունների ժառանգական փոխանցման բազմաթիվ հետաքրքրական ու անկասկածելի դեպքեր։ Բայց կանգ առնենք շան ձագերի լավ հայտնի դեպքի վրա. ոչ մի կասկած չկա, որ երիտասարդ պոյնտերները (ես ինքս եմ տեսել այդ ապշեցուցիչ օրինակը) երբեմն կարողանում են կաց անել և նույնիսկ ավելի լավ, քան ուրիշ շներ հենց առաջին անգամից, երբ նրանք դուրս են գալիս որսի, որսորդական շները, անկասկած, որոշ չափով ժառանգում են վարժեցումները, ոչխարապահ շները փոխանակ ոչխարներին դեմ հանդիման դուրս գալու, ժառանգում են հոտի շուրջը վազելու սովորություն։ Ես չեմ կարող ընդունել, որ այդ գործողությունները գրեթե միանման ձևով, առանց որևէ նախնական փորձի, ընդունակ են կատարելս բոլոր մատղաշ անհատները, ըստ որում յուրաքանչյուր շան ձագ դրանք կատարում է մեծ բավականությամբ և առանց գիտենալու, թե ինչի է հանգում այդ, որովհետև նույնքան քիչ է հասկանում, որ ինքը օգնում է տիրոջը, ինչքան որ կաղամբաթիթեռը գիտե, թե ինչու նա իր ձվերն ածում է կաղամբի տերևի վրա,— ես չեմ կարող ընդունել, որ այդ գործողությունները էապես տարբերվում են իսկական բնազդայիններից։ Եթե մենք տեսնենք, թե ինչպես մի երիտասարդ և անվարժ գայլ, որսի հոտն զգալով, կանգ է առնում մեխվածի պես և հետո դանդաղորեն առանձին քայլվածքով գաղտագողի շարժվում է առաջ, մինչդեռ մի ուրիշը փոխանակ հարձակվելու եղջերուների հոտի վրա, վազում է նրա շուրջը, որպեսզի քշի դեպի մեկուսի մի տեղ, մենք վստահությամբ կարող ենք այդ գործողություններն անվանել բնազդական։ Ընտանի բնազդները, ինչպես կարելի է անվանել նրանց, ի հարկե, անհամեմատ ավելի քիչ կայուն են, քան բնականները, բայց նրանք ենթակա են անհամեմատ ավելի պակաս դաժան ընտրության և փոխանցվել են անհամեմատ ավելի կարճ ժամանակաշրջանի ընթացքում, գոյության նվազ կայուն պայմաններում։
 
Թե ինչքան ուժեղ. է այդ ընտանի բնազդների, սովորությունների և հակումների ժառանգական փոխանցումը և ինչքան հետաքրքրական ձևով խառնվում են նրանք միմյանց հետ, կարելի է տեսնել զանազան ցեղերի շները խաչաձևելիս։ Հայտնի է, որ բուլդոգի հետ խաչաձևումը զարգացնում է համարձակություն և համառություն բարակի շատ սերունդների մեջ. բարակի հետ խաչաձևումը զարգացրել է հովվական շների մի ամբողջ ընտանիքում նապաստակներ որսալու ձգտում։ Այդ ընտանի բնազդները, փոխանցվելով խաչաձևման ժամանակ, նմանվում են բնական բնազդներին, որոնք նույնպես հետաքրքիր ձևով խառնվում են միմյանց հետ և երկար ժամանակի ընթացքում պահպանում են ծնողներից յուրաքանչյուրի բնազդների հետքերը։ Օրինակ, Լերուան նկարագրում է մի շուն, որի նախապապը գայլ է եղել և որը պահպանել էր իր վայրենի արյան հետքերը միայն նրանով, որ երբեք, ուղիղ գծով չէր գնում տիրոջ մոտ, երբ նա կանչում էր նրան։
 
Ընտանի բնազդները երբեմն դիտվում են որպես այնպիսի գործողություններ, որոնք ժառանգական են դարձել միայն տևական բռնի կերպով պատվաստված սովորությունների հետևանքով, բայց այդ ճիշտ չէ։ Ոչ ոք չէր մտածի, ասենք, հավանորեն չէր էլ կարողանա սովորեցնել թուրմանին գլխկոնձի տալ օդում, մի շարժում, որը, ինչպես ես կարող եմ հաստատել, կատարում են նաև երիտասարդ թռչունները, որոնք երբեք չեն տեսել գլխկոնձի տվող աղավնի։ Մենք կարող ենք կարծել, որ որևէ աղավնի այդ տարօրինակ սովորության նկատմամբ հակում է ցուցաբերել, և լավագույն անհատների երկարատև ընտրությունը հաջորդական սերունդների շարքում թուրմաններին դարձրել է այնպես, ինչպես մենք նրանց տեսնում ենք այժմ։ Գլազգոյի մոտերքը կան թուրմաններ, որոնք, ինչպես ես լսել եմ մ-ր Բրենտից, առանց գլխկոնձի տալու 18 դյույմ չեն կարող բարձրանալ։ Կարելի է կասկածել, որ որևէ մեկը մտածեր սովորեցնել շանը կաց անելու, եթե մի որևէ շուն դրա նկատմամբ բնածին հակում չցուցաբերեր, բայց հայտնի է, որ առիթ ներկայանալիս այդ ընդունակությունն ինքն իրեն երևան է գալիս, ինչպես որ ինքս նկատել եմ մի զտարյուն տերյերի վրա։ Կացը, ինչպես կարծում են շատերը, հավանորեն ներկայացնում է որսի վրա հարձակվելու պատրաստվող կենդանու միայն տևական կանգառ։ Եթե մի անգամ երևան է եկել կացի հակումը, ապա, այդ ընդունակության ուժեղ զարգացման հետևանքների սիստեմատիկ ընտրությունը և ժառանգական փոխանցումը հաջորդ սերունդներում կարող էին արագ կերպով ավարտել գործը, անգիտակցական ընտրությունը միշտ մասնակցում է այդ գործին, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է, առանց հոգ տանելու ցեղի բարելավման մասին, ձեռք բերել այնպիսի շներ, որոնք դիմացկուն են և ամենալավ ձևով են անում կաց։ Մյուս կողմից, որոշ դեպքերում բավական էր միայն սովորությունը, հազիվ թե մի այլ կենդանու ավելի դժվար լինի վարժեցնել, քան երիտասարդ վայրենի ճագարին, և հազիվ թե մի այլ կենդանի ավելի ձեռնասուն կլինի, քան ընտելացրած երիտասարդ ճագարը. բայց ես դժվարությամբ կարող եմ ենթադրել, որ ընտանի ճագարները երբևիցե ընտրության նյութ են դարձել միայն իրենց հեզության համար և այդ պատճառով գոնե նրանց ժառանգական փոփոխության ավելի մեծ մասը՝ սկսած ծայրահեղ վայրենությունից մինչև ընտելացրած վիճակի ծայրահեղ աստիճանը մենք պետք է վերագրենք սովորությանը և անազատ դրության մեջ երկարատև պահվածքին։
 
Բնական բնազդները կորչում են ընտանեցման ազդեցության ներքո. դրա մի հիանալի օրինակը մենք կարող ենք տեսնել այն հավերի վրա, որոնք շատ հազվադեպ կամ նույնիսկ երբեք թուխս չեն նստում, այսինքն երբեք չեն ուզում նստել ձվերի վրա։ Շատ երևույթների միայն ամենօրեությունը մեզ խանգարում է նկատելու, թե ինչ աստիճանի և ինչքան խոր կերպով փոփոխվել են մեր ընտանի կենդանիների մտավոր ընդունակությունները։ Հազիվ թե կարելի է կասկածել այն բանում։ որ մարդու հետ շների կապվածությունը դարձել է բնազդային։ Բոլոր գայլերը, աղվեսները, չախկալները, և կատվազգիների զանազան տեսակները, ընտելանալով, այնուամենայնիվ սիրում են հարձակվել ընտանի թռչունների, ոչխարների ու խոզերի վրա, և հենց այդ սովորությունը անուղղելի եղավ այն շների մեջ, որոնք մատաղ հասակում բերված են այնպիսի երկրներից, ինչպիսիներն են Հրո երկիրը և Ավստրալիան, որտեղ վայրենիները չեն պահում ընտանի կենդանիներ։ Մյուս կողմից, ինչքան հազվագյուտ դեպքում մեր ընտելացրած շներին նույնիսկ ամենավաղ հասակում պահանջվում է զսպել, որ նրանք չհարձակվեն ընտանի թռչունների, ոչխարների և խոզերի վրա։ Կասկած չկա, որ առիթ ներկայանալիս նրանք այդպիսի հարձակումներ գործում են, բայց այդ ժամանակ նրանց ծեծում են, իսկ եթե այդ չի օգնում, այղ դեպքում նրանց ոչնչացնում են. այսպիսով, սովորությունը և մի որոշ չափի ընտրությունը հավանորեն միասին ժառանգականության օգնությամբ մասնակցել են մեր շների ընտելացմանը։ Մյուս կողմից, հավի ձագերը սովորության ազդեցության տակ բոլորովին կորցրել են շնից ու կատվից վախ զգալը, որն անկասկած սկզբում նրանց մեջ եղել է բնազդային, որովհետև, ինչպես ինձ հաղորդել է կապիտան Հյոտոնր, Gallus bankiva-ի ճտերը, որոնք Հնդկաստանում են դուրս եկել թխսկան հավի տակ, սկզբում չափազանց վայրենի են լինում։ Նույնն են նաև փասիանի ձագերը, որ դուրս են եկել Անգլիայում թխսկան հավի տակ։ Այդ չի նշանակում, որ ճտերն ընդհանրապես կորցրել են վախի զգացումը, այլ միայն շներից ու կատուներից վախենալու զգացումը, որովհետև երբ մայրը նրանց նախազգուշացնում է վտանգի մասին, նրանք (մանավանդ հնդուհավի ճտերը) մոր տակից փախչում են ու թաքնվում շուրջը բուսնող խոտերի կամ թփուտների մեջ. այդ հավանորեն արվում է բնազդաբար, որպեսզի մորը հնարավորություն տրվի թռչելու, որը մենք տեսնում ենք հավազգի ընտանիքի վայրի թռչունների մեջ: Բայց այդ բնազդը, որ պահպանում են մեր թռչունների ճտերը, անօգուտ է դարձել ընտանեցման ազդեցության տակ, որովհետև հավն իր թևերը չգործածելու հետևանքով գրեթե իսպառ կորցրել է թռչելու ընդունակությունը։
 
Այստեղից մենք կարող ենք եզրակացնել, որ ընտանեցման ազդեցության տակ ձեռք են բերվել որոշ բնազդներ, իսկ բնականները կորցվել են, մասամբ սովորության հետևանքով, մասամբ շնորհիվ այն հանգամանքի, որ մարդը մի շարք հաջորդական սերունդներում ընտրել և ուժեղացրել է այնպիսի յուրահատուկ մտավոր հակումներ ու շարժումներ, որոնք զարգանում են այն պատճառներից, որոնց մենք մեր անտեղյակության պատճառով անվանում ենք պատահական։ Որոշ դեպքերում միայն առաջացրած սովորությունը բավական էր նրա համար, որպեսզի կատարվեն մտավոր ընդունակությունների ժառանգական փոփոխություններ, այլ դեպքերում առաջացրած սովորությունը նշանակություն չի ունեցել և բոլորը եղել է ինչպես սիստեմատիկ, այնպես էլ անգիտակցական ընտրության արդյունք, բայց շատ դեպքերում սովորությունը և ընտրությունը հավանորեն ընթացել են ձեռք ձեռքի տված։
 
===ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԲՆԱԶԴՆԵՐ===
 
Ծանոթանալով մի քանի օրինակների, գուցե մենք ավելի լավ կըմբռնենք բնազդների փոփոխությունը բնական վիճակում ընտրության ազդեցության տակ։ Ես կընտրեմ միայն երեքը, այն է՝ այն բնազդը, որ կկուին ստիպում է ուրիշների բներում ձու ածել, որոշ մրջյունների ստրկատիրական բնազդը և մեղուների շինարարական ընդունակությունները։ Երկու վերջին բնազդները սովորաբար բնախույզները միանգամայն արդարացիորեն համարում են մեզ հայտնի բնազդներից ամենազարմանալիները։
 
''Կկուի բնազդները։'' Մի քանի բնախույզներ կարծում են, թե կկուի բնազդի անմիջական պատճառն այն է, որ նա ամեն որ ձու չի ածում, այլ միշտ երկու կամ երեքօրյա ընդմիջումներով. ուստի՝ եթե հա շիներ իր սեփական բունը և ինքը թուխս նստեր, այդ դեպքում կամ առաջին ածած ձվերը մի որոշ ժամանակ կմնային չթխսված, կամ միևնույն բնում կլինեին թե ձվեր և թե զանազան հասակի ձագեր։ Այդ դեպքում ձու ածելու և թխսելու ժամանակաշրջանը անհարիր կերպով մեծ կլիներ, մանավանդ որ կկուն շատ վաղ է չվում, և առաջին դուրս եկած ձագին հավանորեն միայն արուն պիտի կերակրեր։ Սակայն ամերիկական կկուն գտնվում է հենց այդ դրության մեջ, որովհետև նա իր սեփական բունն է շինում և ունենում է միևնույն ժամանակ թե ձվեր և թե ձվից հաջորդականորեն դուրս եկած ձագեր։ Ոմանք պնդել են, մյուսները ժխտել են, որ ամերիկական կկուն ուրիշների բներում պատահաբար է ածում ձվեր, բայց ես վերջերս լսել եմ այովացի դ-ր Մերրելից, որ նա մի անգամ Իլլինոիսում գտել է կապույտ ճայի (Garrulus cristatus) բնում մատղաշ ճայի հետ միասին մատղաշ կկու, և որովհետև երկու թռչնակներն էլ համարյա փետրավորված էին, ուստի այս դեպքում թռչուններին որոշելու մեջ սխալ չէր կարող լինել։ Ես կարող էի այդպիսի թռչունների մի քանի օրինակներ ևս բերել, որոնք պատահականորեն ածում են իրենց ձվերն ուրիշների բներում։ Այժմ ենթադրենք, թե մեր եվրոպական կկուի հեռավոր նախահայրը ունեցել է ամերիկական կկուի սովորությունը և պատահականորեն ձու է ածել ուրիշի բնում։ Եթե այդ պատահական հանգամանքի շնորհիվ ծեր թռչունը օգուտ է ձեռք բերել նրանով, որ կարողացել է ավելի վաղ չվել կամ օգտվել է մի այլ ձևով, կամ եթե մատղաշ թռչնակը դարձել է ավելի ամրակազմ, մի այլ թռչնատեսակի խաբված բնազդի հետևանքով գտնվելով ավելի բարենպաստ պայմաններում, քան եթե սնուցվեր իր մոր կողմից, որը չափազանց ծանրաբեռնված է միաժամանակյա հոգսերով ձվերի և զանազան հասակի ձագերի մասին, այդ դեպքում թե ծեր թռչունները և թե սնուցված ձագերը կգտնվեին բարենպաստ դրության մեջ։ Իսկ անալոգիան մեգ հարկադրում է ընդունել, որ այդ ձևով սնուցված ձագերը ժառանգականության միջոցով կարողացել են յուրացնել իրենց մոր պատահական ու շեղվող սովորությունը, կարողացել են իրենց հերթին ձվեր ածել ուրիշների բներում և դրա շնորհիվ հաջողությամբ մեծացնել ձագեր։ Այդպիսի երկարատև պրոցեսի միջոցով, ես կարծում եմ, մեր կկուի յուրահատուկ բնազդը կարող էր դառնալ բնածին։ Վերջերս Ադոլֆ Մյուլլերը նույնպես բավարար ապացույց է բերել, որ կկուն երբեմն ձվերն ածում է լերկ գետնի վրա, թուխս է նստում և սնուցում է ձագերին։ Այդպիսի հազվագյուտ դեպքը հավանորեն ներկայացնում է վերադարձ դեպի բնակալության վաղուց կորցրած բնազդը։
 
Ինձ դիտողություն են արել, որ ես ուշադրություն չեմ դարձրել կկուի մի քանի բնազդների և նրա կառուցվածքներում եղած հարմարումների վրա, որոնք, ինչպես ասում են, անպայման գտնվում են որոշ հարաբերակցության մեջ։ Սակայն տեսական կշռադատությունները մի բնազդի առթիվ, որը մեզ հայտնի է բացառապես մի տեսակի մոտ, համենայն դեպս անօգուտ են, որովհետև մենք դրա համար ղեկավարող տվյալներ չենք գտնում։ Մինչև վերջին ժամանակները հայտնի էին միայն եվրոպական և ամերիկական ոչ պարազիտային կկուի բնազդները. այժմ, ըստ մ-ր Ռեմզեի դիտումների, մենք տեղեկություններ ունենք ավստրալիական երեք տեսակների մասին, որոնք ձու են ածում այլ թռչունների բներում։ Պետք է ուշադրություն դարձնել երեք հանգամանքի վրա։ Առաջինն այն է, որ սովորական կկուն, հազվագյուտ բացառությամբ, մի բնում մեկական ձու է ածում, որի հետևանքով նրա խոշոր և շատակեր ձագը առատ կեր է ստանում։ Երկրորդը՝ որ նրա ձվերը զարմանալի կերպով փոքր են, դաշտային արտուտի ձվերից ոչ ավելի մեծ, մի թռչունի, որը չորս անգամ ավելի փոքր է կկուից։ Որ ձվերի փոքրությունը իրոք ներկայացնում է հարմարեցման երևույթ, մենք կարող ենք տեսնել նրանից, որ ամերիկական ոչ պարազիտային կկուն ածում է խոշոր ձվեր։ Երրորդը, որ մատղաշ կկուն ձվից դուրս գալուց հետո շատ չանցած ունենում է բնազդ, ուժ և յուրահատուկ կառուցված մեջք, որպեսզի դուրս նետի իր խորթ եղբայրներին, որոնք հետո ոչնչանում են սովից ու ցրտից։ Եվ այդ անվերապահորեն կոչվում է բարերար հարմարում, որի հետևանքով մատղաշ կկուն ստանում է բավարար կեր, իսկ նրա խորթ եղբայրները դեռ զգայունակություն ձեռք չբերած ոչրն-յանում են։
 
Այժմ դառնանք ավստրալիական տեսակներին, թեև այս թռչունները սովորաբար մեկական ձու են ածում բնում, բայց հազվադեպ չէ միևնույն բնում երկու և նույնիսկ երեք ձու գտնելը։ Բրոնզագույն կկուի ձվերն իրենց մեծությամբ զգալիորեն տատանվում են, ունենալով ութից մինչև տասը գծաչափ երկարություն։ Եթե տեսակի համար ձեռնտու լիներ ավելի ևս փոքր չափերի ձվեր ածել, քան նա ածում է այժմ նրա համար, որպեսզի ձագերն ավելի շուտ դուրս գան ձվից (որովհետև ապացուցված է, որ ձվերի մեծության և նրանց թխսելու տևողության միջև գոյություն ունի հարաբերակցություն), այդ դեպքում դժվարություն չկա ընդունելու այնպիսի ցեղի կամ տեսակի առաջացման հնարավորությունը, որը կածեր ավելի ու ավելի մանր ձվեր, որովհետև ավելի հուսալի կլիներ նրանց վրա թուխս նստել և խնամել։ Մ-ր Ռեմզեյը նկատում է, որ ավստրալիական երկու կկուներ, ձվերը բաց բնում ածելիս, բացահայտ գերադասություն են տալիս իրենց սեփական ձվերին գույնով նմանվող ձվեր ունեցող բներին։ Եվրոպական տեսակը նկատելի կերպով հակում է ցուցաբերում դեպի այդպիսի բնազդը, բայց հաճախ նաև շեղվում է դրանից, ինչպես այդ երևում է նրանից, որ նա իր բաց գույնի, դժգույն ձվերն ածում է կանաչակապույտ գույնով ձվեր ունեցող շիկահավի բներում։ Եթե մեր կկուն անպայման դրսևորեր մատնանշված բնազդը, ապա այդ բնազդը անշուշտ կդասվեր նրանց շարքը, որոնց վերաբերմամբ ընդունվում է, որ նրանք բոլորը միաժամանակ են ձեռք բերվել։ Ավստրալիական բրոնզագույն կկուի ձվերը, ըստ մ-ր Ռեմզեյի խոսքերի, գույնով արտասովոր կերպով փոփոխական են. այդ պատճառով բնական ընտրությունը կարող էր զարգացնել և ամրացնել նրանց մեջ ամեն մի բարենպաստ փոփոխություն ինչպես այդ ուղղությամբ, այնպես էլ մեծության տեսակետից։
 
Եվրոպական կկուի ձագերն իրենց ընդունող ծնողների ձագերին բնից դուրս են նետում ձվից դուրս գալուց հետո երեք օրվա ընթացքում, իսկ քանի որ կկուի ձագն այդ հասակում խիստ անօգնական է, ուստի մ-ր Գուլդը սկզբում հակվել է կարծելու, որ ձագերին դուրս նետելու գործողությունը կատարում են հենց իրենց ընդունող ծնողները։ Բայց այժմ նա վստահելի վկայություն է ստացել, որ իրոք տեսել են, թե ինչպես մատղաշ կկուն, որը թեև կույր է և գլուխը բարձրացնելու ընդունակ չէ, ինքն է դուրս նետում իր խորթ եղբայրներին։ Դիտողը նրանցից մեկին նորից է դրել բնի մեջ, և նրան այնտեղից նորից դուրս են նետել։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես կարող էր զարգանալ այդպիսի տարօրինակ ու զզվելի մի բնազդ, ապա այն դեպքում, եթե մատղաշ կկուի համար շատ կարևոր էր,— ինչպես որ հավանորեն կա իրականում,— ծնվելուց հետո շուտով ստանալ հնարավորին չափ ավելի շատ սնունդ, ես առանձին դժվարություն չեմ տեսնում այն բանում, որ կկուն աստիճանաբար մի շարք հաջորդական սերունդներում ձեռք է բերել կույր ցանկություն, ուժ և կառուցվածք, որոնք անհրաժեշտ են ձագերին դուրս նետելու գործողությունը կատարելու համար, որովհետև այդպիսի սովորությունների և անհրաժեշտ կառուցվածքի ամենալավ զարգացում ունեցող մատղաշ կկուները կարող էին ամենից ավելի հեշտությամբ մեծանալ։ Այդ բնածին բնազդը ձեռք բերելու համար առաջին քայլը կարող էր լինել մատղաշ թռչունների մի մասի բոլորովին չնախամտածված անհանգստությունը, երբ նրանք մեծացել և ավելի ամրակազմ էին դարձել, իսկ հետո այդ սովորությունը կարող էր զարգանալ և անցնել ավելի վաղ հասակին։ Դա ինձ համար ավելի մեծ դժվարություն չի ներկայացնում, քան այն, որ ձվից դեռ դուրս չեկած ճուտը ձեռք է բերել կեղևը ծակելու բնազդ, կամ այն, որ օձի ձագը իր վերին ծնոտի վրա, ըստ Օուենի դիտողության, ունի ժամանակավոր սուր ատամ ձվի ամուր կեղևը պատռելու համար։ Ուստի՝ եթե օրգանիզմի յուրաքանչյուր մասը ենթակա է անհատական տատանումների ամեն մի հասակում և վարիացիաները հակում ունեն համապատասխան կամ ավելի վաղ հասակում ժառանգաբար փոխանցվելու,— սրանք դրույթներ են, որոնք չի կարելի ժխտել,— այդ դեպքում երիտասարդ անհատի բնազդները և կառուցվածքը կարող են աստիճանաբար փոփոխվել, ինչպես չափահաս անհատ ինը, այս երկու բացատրությունները պետք է կամ պահպանվեն կամ ընկնեն բնական ընտրության ամբողջ տեսության հետ միասին։
 
Ամերիկական թռչունների մի շատ յուրահատուկ սեռի Molothrus-ի մի քանի տեսակները, որոնք մոտ են մեր սարյակներին, կկուի նման ունեն պարազիտային սովորություններ և իրենց բնազդների կատարելության աստիճանի մեջ ներկայացնում են հետաքրքրական հաջորդականություն։ Molothrus badius-ի երկու սեռն էլ, ինչպես այդ հաստատում է գերազանց դիտող մ-ր Հուդզոնը, երբեմն ապրում են խառը երամներով, երբեմն էլ զույգերով։ Երբեմն նրանք սեփական բուն են շինում, երբեմն էր գրավում են որևէ այլ թռչունի պատկանող բուն և այդ դեպքում դուրս են նետում օտար ձագերին։ Որոշ դեպքերում նրանք ձու են ածում իրենց գրաված բնում, այլ դեպքերում դրա համար բնի գագաթին սարքում են մի բավական տարօրինակ կառուցում։ Սովորաբար այդ թռչուններն իրենց ձվերի վրա իրենք են թուխս նստում և իրենք էլ սնուցում են իրենց ձագերին, բայց մ-ր Հուդզոնն ասում է, որ ամենայն հավանականությամբ, նրանք երբեմն են պարազիտություն անում, որովհետև նա տեսել է այդ տեսակի երիտասարդ թռչուններ, որոնք գնում են այլ տեսակների չափահաս թռչունների հետևից, ըստ որում նրանք ճիչերով պահանջում էին իրենց համար կեր։ Molothrus-ի մի այլ տեսակի՝ M. bonariensis-ի մոտ պարազիտային սովորությունները անհամեմատ ավելի մեծ չափով են զարգացած, քան առաջինի մոտ, բայց դեռ ամենևին կատարելագործված չեն։ Որքան ինձ հայտնի է, այդ թռչունը միշտ ուրիշների բներում է ձու ածում, բայց ուշագրավ է այն, որ երբեմն մի քանի թռչուններ միասին սկսում են շինել կոպիտ անկանոն մի բուն, տեղավորելով այն զարմանալի մի անհաջող տեղում, օրինակ մեծ տատասկափշի վրա։ Սակայն, որքան մ-ր Հուդզոնը կարողացել է համոզվել, նրանք երբեք չեն ավարտում իրենց այդպիսի բունը։ Հաճախ նրանք օտար բնում այնքան շատ (15-ից մինչև 20) ձու են ածում, որ այդ ձվերից հավանորեն միայն շատ քչերի կամ նույնիսկ ոչ մեկի վրա թուխս չեն նստում։ Բացի դրանից, նրանք սովորություն ունեն գրաված բնի ձվերը կտցահարելով ծակել անկախ այն բանից, թե նրանք պատկանում են իրենց սեփական տեսակին կամ ընդունող ծնողներին։ Վերջապես, նրանք գետին են նետում շատ ձվեր, որոնք այնտեղ էլ ոչնչանում են։ Երրորդ տեսակը՝ հյուսիս-ամերիկական M. pecoris-ը ձեռք է բերել նույնքան կատարելագործված բնազդներ, ինչքան կկուն, և օտար բնում մեկ ձվից ավելի երբեք չի ածում, որի հետևանքով մատղաշ թռչունի սնուցում ր բոլորովին ապահովված է լինում։ Հուդզոնը էվոլյուցիայի վճռական հակառակորդ է, բայց թվում է, թե նա այնքան զարմացել է Molothus bonariensis-ի անկատար բնազդներից, որ բերում է իմ խոսքերը, հարցնելով. «Արդյոք չպե՞տք է մենք այդ սովորությունները համարենք ոչ թե որպես հատկապես ի վերուստ առաքված կամ ստեղծված բնազդներ, այլ որպես փոքրիկ հետևանքներ, որոնք բխում են մի ընդհանուր օրենքից, այն է՝ աստիճանական անցման օրենքից»։
 
Ինչպես արդեն նկատված է, զանազան թռչուններ երբեմն ձվեր են ածում այլ թռչունների բներում։ Այդ սովորությունը բավական սովորական է հավազգիների մեջ և որոշ լույս է սփռում ջայլամի յուրահատուկ բնազդի վրա։ Այդ ընտանիքում մի քանի էգեր, միանալով միասին, սկզբում քիչ ձու են ածում մի բնում, հետո՝ մյուսում, իսկ ձվերի վրա նստում են արուները։ Այդ բնազդը հավանորեն առաջացել է նրանից, որ էգերը շատ ձու են ածել, բայց կկուի նման երկու կամ երեք օրվա ընդմիջումներով։ Սակայն ամերիկական ջայլամի մոտ, ինչպես և Molothrus bonariensis-ի մոտ, այդ բնազդը կատարելության դեռ չի հասել, և այդ պատճառով այդ թռչունի ձվերը զարմանալի մեծ քանակությամբ ցրված են հարթությունների վրա, այնպես որ ես մի օրվա ընթացքում հավաքելիս գտել եմ քսանից ոչ պակաս կորցված ու փչացած ձվեր։
 
Շատ մեղուներ պարազիտություն անողներ են, շարունակ իրենց ձվերը դնում են այլ մեղուների բներում։ Այս դեպքն ավելի ևս ուշագրավ է, քան կկուի պարազիտությունը, որովհետև այդ մեղուների մոտ, նրանց պարազիտային սովորություններից կախված, փոփոխվել է ոչ միայն բնազդը, այլև կառուցվածքը, նրանք չունեն ծաղկափոշի հավաքելու ապարատ, մինչդեռ այն անհրաժեշտ կլիներ, եթե նրանք իրենք կերի պաշար հավաքեին իրենց սերնդի համար։ Sphegidae-ի (պիծակների նման միջատներ) մի քանի տեսակներ նմանապես պարազիտություն են անում, և մ-ր Ֆաբրը վերջերս բերել է լավ ապացույց հաստատելու համար այն, որ թեև Tachites nigra-ն սովորաբար իր սեփական բներն է շինում, դրանք օժտելով կաթվածահար արված որսով իր թրթուրների համար, սակայն եթե գտնում է մի ուրիշ սֆեքսի համարյա պատրաստի, պաշարներ ունեցող բնիկ, այդ դեպքում օգտվում է ավարից և դառնում է պարազիտ։ Այս դեպքում էլ, ինչպես որ Molothrusրի կամ կկուի վերաբերմամբ, ես դժվարություն չեմ տեսնում, որպեսզի բնական ընտրությունը պատահական սովորությունը դարձներ մշտական, եթե նա օգտակար է տեսակի համար և եթե այն մի շատը, որի բունը և կերի պաշարը այդպիսի դավաճանական ձևով բռնագրավված են, չի մահաջնջվի դրանից։
 
''Ստրկատիրական բնազդ։'' Այս ուշագրավ բնազդն առաջին անգամ հայտնագործել է Formica (Polyerges) rufescens-ի մոտ Պյոտր Հուբերը, որը էլ ավելի լավ դիտող էր, քան նրա հռչակավոր հայրը։ Մրջյունը, որի մասին խոսվում է, լիակատար կախման մեջ է գտնվում իր ստրուկներից. առանց նրանց օգնության այս տեսակը հավանորեն կմահաջնջվեր մի տարվա ընթացքում։ Արուները և պտղաբերող էգերը բոլորովին չեն աշխատում, իսկ աշխատավորները կամ ամուլ էգերը, լինելով շատ եռանդուն և արի ստրուկներ բռնելիս, ուրիշ ոչինչ չեն անում։ Նրանք անընդունակ են իրենց համար մրջնանոց կառուցելու կամ կերակրելու իրենց թրթուրներին։ Երբ գտնում են, որ հին բունը անբավարար է, և նրանք հարկադրված են տեղափոխվելու, ապա այդ տեղափոխությունը կատարում են ստրուկները, որոնք իրենց տերերին տանում են ծնոտների մեջ բռնած։ Տերերն այնքան անօգնական են, որ երբ Հուբերը նրանցից մոտավորապես 30 հատ փակել է առանց ստրուկների, բայց առատությամբ տալով սիրած կերը և նրանց մոտ դնելով թրթուրներ և բոժոժներ, որպեսզի նրանք ստիպվեն գործելու, նրանք չեն արել, չեն կարողացել նույնիսկ կերակրվել և նրանցից շատերը սովամահ են եղել։ Այն ժամանակ Հուբերը նրանց մոտ թողել է մի ստրուկ (F. fusca), վերջինս իսկույն անցել է գործի, կերակրել ու փրկել ողջ մնացածներին, պատրաստել է մի քանի բջիջներ, հոգ է տարել թրթուրների մասին և ամեն ինչ կարգի է բերել։ Ի՞նչը կարող է այդ ստույգ փաստերից ավելի զարմ անալի լիներ Եթե մենք չգիտենայինք ոչ մի ուրիշ ստրկատեր մրջյուն, ապա բոլորովին անհուսալի կլիներ քննարկել, թե ինչպես կարող էր զարգանալ մի այդքան զարմանալի բնազդ։
 
Մի այլ տեսակ՝ Formica sanguinea-ն որպես ստրկատեր մրջյուն առաջին անգամ հայտնի է դարձել նույնպես շնորհիվ Պ. Հուբերի։ Այս տեսակը հանդիպում է Անգլիայի հարավային մասերում, և նրա կենսակերպը ուսումնասիրել է Բրիտանական թանգարանի կողմից մ-ր Ֆ. Սմիտը, որին ես շատ պարտական եմ ինչպես այդ, այնպես էլ այլ փաստերի մասին ինձ հաղորդածի համար։ Լիովին վստահելով Հուբերի և Սմիտի վկայություններին, ես այնուամենայնիվ թերահավատությամբ վերաբերվեցի տվյալ դեպքին, որովհետև հասկանալի է, որ յուրաքանչյուրին ներելի են նրա կասկածները մի այդպիսի անսովոր բնազդի գոյության մասին, ինչպիսին է ստրկատիրական բնազդը։ Այդ պատճառով ես այստեղ կհաղորդեմ իմ կատարած դիտումները որոշ մանրամասնություններով։ Ես բաց եմ արել Formica sanguinea-ի տասնևչորս բուն և բոլորի մեջ գտել եմ մի քանի ստրուկներ։ Ստրկացրած տեսակի (P. fusca) արուներն ու պտղաբերող էգերը գտնվել են միայն իրենց սեփական բներում և երբեք չեն նկատվել F. Sanguinea-ի բներում։ Ստրուկները սև են և երկու անգամ ավելի մանր են իրենց կարմրագույն տերերից, այնպես որ արտաքին տեսքով մեկի և մյուսի տարբերությունը շատ մեծ է։ Եթե մրջնանոցն անհանգստացված է թույլ լափով, ապա որոշ դեպքերում ստրուկները դուրս են վազում և նույնպես, ինչպես և տերերը, խիստ գրգռված են լինում, պաշտպանելով բունը, իսկ եթե մրջնանոցը շատ խիստ է վնասված, այնպես որ թրթուրներն ու բոժոժները դուրս են մնում, այդ դեպքում ստրուկները տերերի հետ միասին եռանդուն կերպով աշխատում են, որպեսզի նրանց տեղափոխեն անվտանգ տեղ։ Այստեղից պարզ է, որ ստրուկներն իրենց զգում են ինչպես բոլորովին սեփական տանը։ Երեք տարի անընդհատ հունիսի և հուլիսի ընթացքում ես ժամերով դիտել եմ զանազան բներ Սուրրեյում և Սուսսեքսում և երբեք ստրուկներին չեմ տեսել ել ու մուտ անելիս։ Որովհետև այդ ամիսներին ստրուկները շատ սակավաթիվ են, ուստի ես կարծում էի, որ նրանք կարող են այլ կերպ վարվել, երբ ավելի բազմաթիվ են լինում, բայց մ-ր Սմիտը ինձ հաղորդում է, որ մայիսի, հունիսի և օգոստոսի ընթացքում, ինչպես Սուրրեյում, այնպես էլ Հեմպշիրում նա դիտել է բները օրվա տարբեր ժամերին և երբեք չի տեսել, որ ստրուկները մտնեին բները կամ նրանցից դուրս գային, թեև օգոստոսին նրանք խիստ բազմաթիվ են։ Այստեղից էլ նա նրանց համարում է բացառապես տնային ստրուկներ։ Իսկ տերերին, ընդհակառակը, շարունակ կարելի է տեսնել, երբ նրանք բնի համար բերում են նյութեր կամ բազմապիսի կեր։ Սակայն 1860 թվականի հուլիսին հանդիպել եմ անսովոր կերպով մեծ քանակությամբ ստրուկներ ունեցող մի համայնքի և դիտել եմ, թե ինչպես նրանցից մի քանիսը տերերի հետ միասին թողեցին բունը և գնացին միասին մի ճանապարհի երկարությամբ դեպի 25 յարդ հեռավորության վրա կանգնած շոտլանդական սոճին, որի վրա նրանք բարձրանում էին հավանորեն լվիճներ ու զատիկներ որոնելու համար։ Ըստ Հուբերի, որը հնարավորություն է ունեցել երկարատև դիտումներ կատարելու, ստրուկները Շվեյցարիայում սովորաբար տերերի հետ միասին են աշխատում բունը շինելու ժամանակ, բայց առավոտյան ու երեկոյան միայն նրանք են բաց անում և փակում մուտքի անցքերը, նրանց գլխավոր պարտականությունը, ինչպես հաստատում է Հուբերը, լվիճներ որոնելն է։ Տերերի և ստրուկների կենսակերպի միջև եղած տարբերությունը երկու երկրներում հավանորեն կախված նրանից, որ Շվեյցարիայում ավելի մեծ քանակությամբ ստրուկներ են որսվում, քան Անգլիայում։
 
Մի անգամ ինձ հաջողվեց դիտել F. sanguinea-ի տեղափոխությունը մի մրջնանոցից մյուսը, ընդ որում չափազանց հետաքրքրական էր տեսնել, թե ինչպես տերերը հոգատարությամբ տեղափոխում էին ստրուկներին իրենց ծնոտներում բռնած՝ փոխանակ իրենք փոխադրված լինելու ստրուկների կողմից, ինչպես որ F. rufescens-ի մոտ է։ Մի ուրիշ անգամ իմ ուշադրությունը գրավեցին երկու տասնյակ ստրկատերեր, որոնք միևնույն տեղում վազվզում էին ակնհայտորեն ոչ կեր որոնելու համար, նրանք հարձակվում էին, իսկ նրանց վռնդում էին ստրկացրած տեսակի (F. fusca) անկախ գաղութից։ Այդ ժամանակ երբեմն F. fusca-ի երեք անհատներ միանգամից կպչում էին F. sanguinea-ի մի ստրկատիրոջ ոտքերին, իսկ վերջինս անողոք կերպով սպանում էր իր փոքրիկ հակառակորդներին և նրանց դիակները որպես կեր տանում էր իր բունը, որ գտնվում էր քսանևինը յարդ հեռավորության վրա. բայց նրանց թույլ չտվեցին տիրանալու ոչ մի հարսնյակի ստրուկներ դարձնելու համար։ Այն ժամանակ ես վերցրեցի F. fusca-ի մի ուրիշ մրջնանոցից փոքր քանակությամբ հարսնյակներ և դրեցի մարտի տեղին մոտ մի հարթակի վրա. բռնակալները ագահաբար վրա պրծան և հափշտակեցին նրանց, հավանորեն երևակայելով, որ իրենք այսպես թե այնպես հաղթեցին վերջին մարտում։
 
Միևնույն ժամանակ ես նույն տեղում դրեցի մի այլ տեսակի՝ F. flava-ի մի քանի հարսնյակներ այդ փոքրիկ դեղնագույն մրջյունի մի քանի անհատների հետ միասին, որոնք դեռ կպած էին իրենց բնից պոկած մասնիկներին։ Այս տեսակը, թեև հազվադեպ, երբեմն նույնպես ենթարկվում է ստրկացման, ինչպես այդ նկարագրել է Սմիտը։ Չնայած իր չնչին մեծությանը, դեղին մրջյուններն աչքի են ընկնում արիությամբ, և ես տեսել եմ, որ նրանք կատաղի կերպով հարձակվել են այլ մրջյունների վրա։ Մի անգամ, ի զարմանս իմ, ես գտա F. flava-ի մի անկախ գաղութ ստրկատիրական F. sanguinea տեսակի բնից ցած, քարի տակ, և երբ ես պատահաբար վնասեցի երկու բները, փոքրիկ մրջյունները զարմանալի արիությամբ հարձակվեցին իրենց խոշոր հարևանների վրա։ Ինձ հետաքրքիր է համոզվել, թե արդյոք F. sanguinea-ի տարբերում է F. fusca-ի հարսնյակները, որոնց սովորաբար նրանք ստրկացնում են, փոքրիկ ու կատաղի F. flava-ի հարսնյակներից, որոնց նրանք միայն հազվադեպ են ստրկացնում, և ակնհայտ եղավ, որ նրանք իսկույն տարբերեցին նրանց։ Մենք տեսանք, որ նրանք եռանդուն ու արագ կերպով հափշտակեցին F. fusca-ի հարսնյակներին, բայց շատ վախեցան, երբ հանդիպեցին F. flava-ի հարսնյակներին կամ բնից պոկված հողակտորներին և փութով փախչում էին հեռու, սակայն մոտավորապես քառորդ ժամից հետո քիչ ժամանակ անց, երբ բոլոր դեղին մրջյունները հեռացել էին, նրանք արիությամբ զինվեցին ու հարսնյակներին տիրացան։
 
Մի անգամ երեկոյան ես այցելեցի F. sanguinea-ի մի այլ համայնք և գտա, որ մեծ քանակությամբ այդ մրջյունները տուն են վերադառնում և մտնում բունը, իրենց հետ բերելով F. fusca-ի դիակներ (դա ցույց էր տալիս, որ իմ դիտածս տեղափոխություն չէր) և բազմաթիվ հարսնյակներ։ Ես հետևեցի ավարով բեռնավորված այդ մրջյունների երկար շղթային համարյա 40 յարդի վրա՝ մինչև հավամրգենու խիտ թփուտը, որտեղից դուրս եկավ F. sanguinea-ի վերջին մրջյունը, որը մի հարսնյակ էր տանում, բայց ինձ չհաջողվեց հավամրգենու խիտ թփուտում գտնել ավերված բունը, թեև նա պետք է բոլորովին մոտ լիներ, որովհետև F. fusca-ի երկու կամ երեք անհատներ մեծ հուզմունքով վազվզում էին շուրջը, և նրանցից մեկը այդ տեսակի մի հարսնյակ բերանում անշարժ կերպով տեղավորվել էր հավամրգենու ճյուղի գագաթին, իրենով մարմնավորվելով այն հուսահատությունը, որ առաջացրել է նրանց տան ավերումը։
 
Այդպիսիք են ստրկատիրական զարմանալի բնազդին վերաբերող փաստերը, որոնք, ասենք, իմ կողմից հաստատման կարիք չունեն։ Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպիսի հակադրություն են ներկայացնում F. sanguinea-ի բնազդական սովորությունները մայր ցամաքի F. rufescens-ի սովորությունների համեմատությամբ։ Վերջինս ինքը բուն չի շինում, չի տեղափոխվում, կեր չի հավաքում ոչ իրեն համար, ոչ էլ մատղաշների համար և չի կարող ինքը կերակրվել, այլ կախված է իր բազմաթիվ ստրուկներից։ Մյուս կողմից, Formica sanguinea-ն ունի անհամեմատ ավելի քիչ ստրուկներ, իսկ ամառվա սկզբին նույնիսկ չափազանց քիչ. տերերն իրենք են որոշում, թե երբ և որտեղ պետք է կառուցվի նոր բնակարանը, և տեղափոխվելու ժամանակ տանում են իրենց ստրուկներին։ Ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ Անգլիայում բացառապես ստրուկների վրա է ընկնում, ինչպես ինձ թվում է, թրթուրների հոգսը, իսկ տերերը միայն արշավանքներ են կատարում ստրուկներ բռնելու համար։ Շվեյցարիայում ստրուկներն ու տերերը միասին են աշխատում, հավաքելով ու բերելով նյութեր բնի համար, թե՛ ստրուկները և թե՛ տերերը, բայց գերադասորեն առաջինները, պահպանում ու կթում են, եթե կարելի է այդպես ասել, լվիճներին. նրանք երկուսն էլ հավաքում են կեր համայնքի համար։ Անգլիայում սովորաբար միայն տերերն են դուրս գալիս բնից շինարարական նյութ և ինչպես իրենց կերը, այնպես էլ ստրուկների ու թրթուրների կերը հավաքելու համար։ Այսպիսով, Անգլիայում տերերն իրենց ստրուկներից ավելի քիչ են սպասարկություն ստանում, քան Շվեյցարիայում։
 
Ես կռահումներով չեմ տարվի, թե ինչպես է զարգացել F. sangllinea-ի բնազդը։ Բայց քանի որ ստրկատիրական բնազդ չունեցող մրջյունները, ինչպես ես նկատել եմ, հափշտակում են այլ տեսակի հարսնյակներին, եթե վերջիններս թափված են իրենց բների մոտ, ապա հնարավոր է, որ սկզբում կերի համար հափշտակված այդպիսի հարսնյակները կարող էին զարգանալ ու դառնալ չափահաս միջատներ, իսկ այդ ձևով առանց դիտավորության սնուցված օտար մրջյունները հետևեին իրենց սեփական բնազդներին և անեին այն, ինչ կարող էին։ Եթե նրանց ներկայությունը օգտակար էր հափշտակող տեսակի համար, եթե նրա համար ավելի ձեռնտու էր աշխատավորներ հափշտակելը, քան նրանց սնուցելով ստանալը, այդ դեպքում հարսնյակները սկզբում կերի համար հավաքելու սովորությունը բնական ընտրության ազդեցության տակ կարող էր ուժեղանալ ու դառնալ զանազան նպատակներով ստրուկներ դաստիարակելու մշտական սովորություն։ Մի անգամ ձեռք բերված բնազդը, որը եթե նույնիսկ անհամեմատ ավելի քիչ չափով է զարգացած, քան մեր բրիտանական F. Sanguinea տեսակինը, իսկ այդ տեսակը, ինչպես մենք տեսանք, իր ստրուկների ավելի քիչ ծառայություններից է օգտվում, քան հենց միևնույն տեսակը Շվեյցարիայում, կարող է բնական ընտրության ազդեցության տակ թե՛ ավելի ևս զարգանալ և թե՛ փոփոխվել, ի հարկե այն պայմանով, որ նրա փոփոխություններից յուրաքանչյուրը օգտակար է տեսակի համար, մինչև որ վերջապես կստացվի մի մրջյուն, որ այնքան ամոթալիորեն կախված է իր ստրուկներից, ինչպես Formica ruescens-ն է։
 
''Մեղուների շինարարական բնազդը։'' Ես այստեղ այդ հարցը չեմ քննարկի իր ամբողջ մանրամասնություններով, բայց կհաղորդեմ ընդհանուր գծերով այն եզրակացությունները, որոնց ես հանգել եմ։ Միայն տխմարը կարող է դիտել մեղրահացի զարմանալի կառուցվածքը, որ այնքան կատարյալ կերպով հարմարված է որոշ նպատակների համար, և չընկնել ծայրահեղ հիացմունքի մեջ։ Մաթեմատիկոսների վկայությամբ մեղուները գործնականում լուծել են մի դժվարին խնդիր՝ կառուցել բջիջներ, որոնք հնարավորին չափ մեծ քանակությամբ մեղր են պարունակում, ծախսելով նրանց կառուցման վրա հնարավորին չափ քիչ քանակությամբ թանկարժեք մեղրամոմ։ Նկատված է նաև, որ նույնիսկ հմուտ բանվորի համար, որն ունի անհրաժեշտ գործիքներն ու չափերը, շատ դժվարին կլիներ շինել մեղրամոմից պատշաճ ձևի բջիջներ, մինչդեռ աշխատավոր մեղուները դրանք պատրաստում են, աշխատելով մութ փեթակում։ Կարելի է բնազդներին վերաբերվել ինչպես ցանկալի է, բայց սկզբում բոլորովին անհասկանալի է թվում ոչ միայն այն, թե ինչպես մեղուները կարողանում են կառուցել բոլոր անհրաժեշտ անկյուններն ու կողքերը, այլև նրանք ընդունակություն ունեն իմանալու, որ ամեն ինչ ճիշտ է արված։ Սակայն դժվարությունն արդեն այնքան էլ մեծ չէ, ինչպես թվում է առաջին անգամ, ես կարծում եմ, կարելի է ապացուցել, որ այդ հիանալի շինվածքը կառուցվել է պարզ բնազդների միջոցով։
 
Այդ հարցն ուսումնասիրելու ինձ դրդել է մ-ր Ուոտերհաուզը, որը ցույց է տվել, որ բջջի ձևը սերտ կախման մեջ է հարևան բջիջների ներկայությունից, և այդ պատճառով ստորև արտահայտված տեսակետը գուցե պետք է դիտել միայն որպես նրա տեսության մի ձևափոխություն։ Որպես ելակետ ընդունենք հաջորդական զարգացման մեծ սկզբունքը և տեսնենք, արդյոք բնությունն ինքը մեզ չի՞ բացատրի, թե ինչպես է կատարվում նրա աշխատանքը։ Կարճ շարքի մի ծայրում մենք ունենք իշամեղուներին, որոնք մեղր պահելու համար օգտագործում են իրենց հին բոժոժները, որոնց վրա նրանք երբեմն շինում են մեղրամոմե կարճ խողովակներ, իսկ երբեմն էլ պատրաստում են առանձին և չափազանց անկանոն մեղրամոմե կլորիկ բջիջներ։ Այդ շարքի մյուս ծայրում են գտնվում մեղուների բջիջները, որոնք դասավորված են երկու շարքով, յուրաքանչյուր բջիջ, ինչպես հայտնի է, ներկայացնում է վեցանիստ հատվածակողմ, որի հիմքը այնպես է հատված, որ կազմվում է երեք շեղանկյուններից բաղկացած բուրգ։ Այդ շեղանկյուններն ունեն որոշակի անկյուններ, և մեղրահացի մի կողմի վրա գտնվող առանձին բջիջի բրգաձև հիմքը առաջացնող երեք շեղանկյունիները մտնում են հակառակ կողմի երեք հարակից բջիջների կազմի մեջ։ Այդ շարքում, մեղուների չափազանց կատարեգործված և իշամեղուների պարզ բջիջների միջև, մենք ունենք մեքսիկական Melipona domestica-ի բջիջները, որոնք մանրազնին կերպով նկարագրել ու նկարել է Պյոտր Հուբերը։ Melipolici-ն ինքն իր կառուցվածքով միջակա տեղ է գրավում մեղվի և իշամեղվի միջև, բայց վերջինիս ավելի մոտ կանգնած։ Նա կառուցում է գլանաձև բջիջներից բաղկացած բավական կանոնավոր մեղրամոմի մեղրահացեր, որոնց մեջ մեծանում են նրա թրթուրները և, բացի ղրանից, մի քանի խոշոր բջիջներ մեղր պահելու համար։ Վերջինները համարյա գնդաձև են, մոտավորապես հավասար մեծությամբ և հավաքված են, կազմելով անկանոն զանգված։ Առանձնապես պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ այդպիսի բջիջները կառուցվում են մեկը մյուսին այնքան մոտիկ, որ եթե գնդերը լինեին լրիվ, նրանք կհատեին մեկը մյուսին կամ էլ իրար մեջ կմտնեին, այդպես, սակայն, երբեք չի լինում, որովհետև այն տեղերում, որտեղ գնդերը պետք է իրար հետ հատվեն, մեղուները նրանց միջև կառուցում են բոլորովին տափակ մեղրամոմե պատեր։ Դրա հետևանքով յուրաքանչյուր բջիջ կազմված է արտաքին գնդաձև մասից և երկու, երեք կամ ավելի տափակ մակերեսներից, նայած այն բանին, թե բջիջը հարում է երկու, երեք կամ ավելի թվով այլ բջիջների։ Երբ մի բջիջ կռթնում է ուրիշ երեքի վրա, որ անհրաժեշտորեն հաճախ է լինում բջիջների մոտավորապես միանման մեծության դեպքում, երեք տափակ մակերեսները միանալով՝ կազմում են բուրգ, որը, ինչպես նկատում է Հուբերը, ներկայացնում է մեղվի բջջի բրգաձև եռանիստ հիմքի կոպիտ նմանություն։ Ճիշտ այնպես, ինչպես մեղվի բջիջներինն է, մի բջջի երեք տափակ մակերեսները անհրաժեշտորեն մտնում են հարակից երեք բջիջների կազմի մեջ։ Ակներև է, որ կառուցման այդ եղանակով Melipona-ն խնայում է մեղրամոմ և, որն ավելի ես կարևոր է, աշխատանք, որովհետև հարևան բջիջների միջև եղած տափակ պատերը ոչ թե կրկնակի, այլ միևնույն հաստությունն ունեն, ինչ որ արտաքին գնդաձև մասերը և յուրաքանչյուր տափակ պատ կազմում է երկու բջջի մաս։
 
Խորհելով դրա վրա, ես եկել եմ այն եզրակացության, որ եթե Melipona-ն կառուցեր իր գնդերը մեկը մյուսից որոշակի հեռավորությամբ, շիներ դրանք միևնույն մեծությամբ և դասավորեր համաչափորեն երկու շարքով, այդ դեպքում կառուցումը կլիներ նույնքան կատարյալ, ինչքան մեղվի մեղրահացերն են։ Այդ հիման վրա ես գրել եմ Քեմբրիջ՝ պրոֆեսոր Միլլերին և այդ երկրաչափը սիրալիր կերպով ստուգել է իր ցուցումների հիման վրա արված հետևյալ կշռադատությունները և գտել է, որ նրանք միանգամայն ճիշտ են։
 
Արտագծենք որոշ թվով հավասար գնդեր, որոնց կենտրոնները տեղավորված են երկու զուգահեռ շարքում, յուրաքանչյուր գնդի կենտրոնը գտնվում է միևնույն չարքի շրջապատող վեց գնդերի կենտրոններից շառավիղը <math>x\sqrt{2}</math>, կամ շառավիղը x1,41421 (կամ ավելի ևս փոքր) հեռավորության վրա և մյուս զուգահեռ շարքի հարակից գնդերի կենտրոններից միևնույն հեռավորության վրա. այն ժամանակ, կառուցելով երկու շարքերի փոխադարձ հատման հարթությունները, մենք կստանանք վեցանիստ հատվածակողմերի կրկնակի շարք, որոնք միմյանց հետ միացած են երեք շեղանկյունիներից կազմված բրգաձև հիմքերով, և ինչպես շեղանկյունիները, այնպես էլ վեցանիստ հատվածակողմերի կողմերը, ամենամանրազնին չափումների համաձայն, կունենան այն բոլոր անկյունները, որոնք համապատասխանում են մեղվի մեղրահացի բջիջների նույնական անկյուններին։ Բայց ես իմացել եմ պրոֆ. Ուայմենից, որը կատարել է բազմաթիվ մանրազնին չափումներ, որ մեղվի աշխատանքի ճշտակատարությունը չափազանցված է, որովհետև ինչպիսին էլ որ լինի բջջի տիպական ձևը, այն շատ հազվագյուտ դեպքում է իրագործված լինում, եթե միայն առհասարակ իրագործվում է այն։
 
Ուրեմն մենք կարող ենք վստահությամբ եզրակացնել, որ եթե հնարավոր լիներ գոնե մի քիչ փոփոխելու Melipona-ի բնազդները, որ ամենևին առանձնապես զարմանալի չեն իրենց այժմյան տեսքով, ապա այդ միջատը կկառուցեր նույնպիսի հիանալի կատարելագործված մեղրահաց, ինչպիսին է մեղվինը։ Ենթադրենք, թե Melipona-ն ընդունակություն ունի կառուցելու միանման մեծությամբ կանոնավոր գնդաձև բջիջներ, որը նույնիսկ մեծ անսպասելիություն չէր լինի, քանի որ նա որոշ չափով այդ անում է, իսկ շատ այլ միջատներ ծառի մեջ շինում են միանգամայն գլանաձև անցքեր, հավանորեն պտտվելով որոշ կետի շուրջը։ Ենթադրենք նաև, թե Melipona-ն իր բջիջները դասավորում է կանոնավոր շարքերով, ինչպես նա արդեն անում է իր գլանաձև բջիջների նկատմամբ, և այնուհետև մենք պետք է ենթադրենք, հենց որի մեջ է ամենամեծ դժվարությունը, որ միջատը կարողանում է որոշ չափով ճիշտ դատել այն մասին, թե ինչ հեռավորության վրա պետք է կանգնել հարևան աշխատավորներից, երբ մի քանի անհատներ իրար կողքի կառուցում են իրենց բջիջները, բայց չէ որ նա արդեն այնքան հեռու է գնացել հեռավորության մասին դատելու ընդունակությամբ, որ գնդերը միշտ գծում է այնպես, որ նրանք պետք է միմյանց հատեն որոշ տարածության վրա և, բացի դրանից, հատման կետերը միացնում է բոլորովին տափակ մակերեսներով։ Ես կարծում եմ, որ մեղուն բնազդների այդպիսի փոփոխությամբ բնական ընտրության ազդեցության տակ ձեռք է բերել իր աննման շինարարական ընդունակությունները, իսկ այդ բնազդներն իրենց պարզ ձևով ամենևին առանձնապես զարմանալի չեն և հազիվ թե ավելի զարմանալի են, քան այն,, որն ստիպում է թռչունին բուն շինել։
 
Բայց այդ տեսությունը կարելի է ստուգել փորձով։ Հետևելով Տեգետմեյերի օրինակին, ես բաժանեցի երկու մեղրահաց և նրանց միջև դրեցի մի երկար, հաստ ուղղանկյուն մոմաշերտ, մեղուներն անմիջապես սկսեցին նրա մեջ փորել փոքրիկ կլոր փոսիկներ և դրանք խորացնելու հետ զուգընթաց նաև լա խտացնում էին, մինչև որ նրանք դարձան ոչ խոր փոսեր, որոնք աչքաչափով թվում էին կանոնավոր գնդի մի մասը, որի տրամագիծը մոտավորապես հավասար էր բջջի տրամագծին։ Չափազանց հետաքրքիր էր դիտեի երբ մի քանի մեղուներ սկսում էին փորել իրենց փոսիկները մեկը մյուսի մոտ, աշխատելով այնպիսի հեռավորության վրա, որ ժամանակին այդ փոսիկներն ստանում էին վերոհիշյալ լայնությունը (այսինքն մոտավորապես սովորական բջջի լայնությունը), ունենալով այն գնդի տրամագծի շուրջ <math>^1/_6</math>-ը, որի մի մասն էին կազմում նրանք, ըստ որում փոսիկների եզրերը հատում էին միմյանց և անցնում մեկը մյուսին։ Հենց որ այդ տեղի էր ունենում, մեղուները դադարում էին փոսիկներ խորացնել և սկսում էին մեղրամոմից տափակ պատեր կառուցել փոսիկների հատման գծերի ուղղությամբ. այսպիսով, յուրաքանչյուր վեցանիստ հատվածակազմ կառուցվում էր ոչ խոր փոսիկի ատամնավոր եզրի վրա, այլ ոչ թե եռանիստ բուրգի ուղիղ եզրերի վրա, ինչպես ալդ լինում է սովորական բրիչների կառուցման դեպքում։
 
Դրանից հետո հասա ուղղանկյուն մեղրամոմի կտորի փոխարեն ես փեթակում տեղավորեցի բարակ նեղ սուր եզրով և կինաբարով ներկված մոմաշերտ։ Մեղուներն իսկույնևեթ սկսեցին նրա մեջ երկու կողմից փորել մանը փոսիկներ, մեկը մյուսին մոտիկ, ինչպես որ առաջ, բայց մեղրամոմը այնքան բարակ էր, որ հակադիր կողմերի փոսիկների հիմքերը պիտի մեկը մյուսի դիմաց ծակվեին, եթե փոսիկները այնչափ խորացվեին, որչափ որ նախորդ փորձում։ Սակայն մեղուները մինչև այդտեղ չհասցրին և ժամանակին դադարեցին փորել փոսիկները, վերջինների մեջ շինելով տափակ հատակ, հենց որ քիչ խորացել էին նրանք, և այդ տափակ հատակը, որ կազմվում էր կարմիր մեղրամոմի բարակ թիթեղիկից, որը մնացել էր չկրծոտված, ինչքան այդ մասին կարելի էր դատել աչքաչափով, ընկնում էր ճիշտ մոմեթիթեղիկի հակադիր կողմերի փոսերի երևակայական հատման տեղում։ Տեղ-տեղ հակադիր փոսիկների միջև մնում էին շեղանկյունի թիթեղիկների կտորներ, տեղ-տեղ էլ մեծ մասեր։ բայց անբնական պայմանների պատճառով աշխատանքը մաքուր չէր կատարվել։ Որպեսզի հատման տեղում աշխատանքը դադարեցնելիս փոսիկների միջև ստացվեն տափակ պատեր, մեղուները պետք է, կրծոտելով ու խորացնելով, կարմիր մեղրամոմի երկու կողմից էլ աշխատեին համարյա միանման արագությամբ։
 
Ի նկատի առնելով մեղրամոմի բարակ թիթեղիկի ճկունությունը, ես գրավարություն չեմ տեսնում նրանում, որ մեղուները նույնիսկ աշխատելով թիթեղիկի երկու կողմերի վրա, կարող են իմանալ, թե երբ են կրծոտել այն մինչև հարկ եղած սահմանը, որպեսզի դադարեցնեին աշխատանքը։ Ինձ թվում է, որ սովորական մեղրահացի կառուցման դեպքում մեղուները երկու կողմից միշտ բոլորովին միանման արագությամբ չեն աշխատում, գոնե ես նկատել եմ դեռ նոր սկսած բջջի հիմքի մոտ կիսավարտ շեղանկյունիները, որոնք քիչ գոգավոր էին մի կողմի վրա, որտեղ ես կարծում եմ, խորացումն ավելի արագ էր կատարվել և ուռուցիկ էր մյուս կողմում, որտեղ մեղուներն ավելի դանդաղ էին աշխատել։ Մի շատ հետաքրքրական դեպքում ես մեղրահացը կրկին դրեցի փեթակի մեջ, թողնելով, որ մեղուները նրա վրա մի որոշ ժամանակ դարձյալ աշխատեն, հետո նորից հետազոտեցի բջիջը և գտա, որ շեղանկյունաձև թիթեղիկն ավարտվել է և դարձել '''բոլորովին տափակ''', ուշադրության առնելով այն, որ այդ թիթեղիկը չափազանց բարակ էր, միանգամայն անհնարին է ընդունել, որ մեղուներն են նրան տափակեցրել կրծելով ուռուցիկ կողմը. ես կասկածում եմ, որ այդպիսի դեպքերում նրանք կանգնում են հակադիր կողմերում, հրում ու ճնշում փափուկ տաքացրած մեղրամոմը (որը, ինչպես ես փորձեցի, հեշտությամբ է ստացվում) հարկ եղած տեղում և այսպիսով նրան տափակեցնում են։
 
Կինաբարով ներկված մեղրամոմի թիթեղի վրա կատարված փորձից կարելի է տեսնել, որ եթե մեղուներն իրենք կառուցեին իրենց համար բարակ մեղրամոմե պատ, նրանք կկարողանային պատրաստել հարկավոր մեծության բջիջներ, տեղավորվելով մեկը մյուսից պատշաճ հեռավորության վրա, աշխատելով միևնույն արագությամբ և ջանալով կառուցել միանման գնդաձև փոսիկներ, բայց թույլ չտալով գնդերին մտնելու մեկը մյուսի մեջ։ Զննելով կառուցվող մեղրահացի եզրը, կարելի է պարզ կերպով տեսնել, որ մեղուները մեղրահացի շուրջը շինում են հաստ եզրակ կամ շրջանակ և հետո կրծոտում են այն հակառակ երեսից, միշտ պատրաստելով կլոր փոսիկներ յուրաքանչյուր բջջի համար։ Նրանք միանգամից չեն անում բջջի եռանիստ բրգաձև հիմքը, այլ պատրաստում են երբեմն մեկ, երբեմն էլ երկու շեղանկյունի թիթեղիկներ, նայած թե նրանցից մեկը, թե երկուսն է ընկնում կառուցվող մեղրահացի ամենածայրին, և երբեք չեն ավարտում շեղանկյունի թիթեղիկների վերին եզրերը, քանի դեռ չեն սկսել հատվածակողմային պատերի կառուցումը։ Այս դիտումներից մի քանիսը տարբերվում են ըստ արժանվույն հռչակված Հուբեր ավագի կատարած դիտումներից, բայց ես համոզված եմ նրանց ճշտության միջև, եթե տեղը թույլ տար, ես կարող էի ապացուցել, որ նրանք համապատասխանում են իմ տեսությանը։
 
Հուբերի պնդումը, թե ամենաառատին բջիջը փորվում է զուգահեռ պատերով, փոքրիկ մոմաթիթեղի մեջ, որքան ես կարող եմ դատել, այնքան էլ ճիշտ չէ. մեղրահացի սկիզբը միշտ ներկայացնում ,է մեղրամոմի թասակ, բայց ես այստեղ չեմ մտնի մանրամասնությունների մեջ։ Մենք տեսանք, թե բջիջների կառուցման մեջ ինչպիսի կարևոր ղեր է կատարում փոսիկներ պատրաստելը, բայց մեծ սխալ կլիներ ենթադրել, թե մեղուները չեն կարող մեղրահացի անհարթ եզրին կառուցում կատարել հարկ եղած ձևով, այսինքն պատրաստելով միջնապատեր հարևան գնդերի հատման հարթություններում։ Ես ունեմ մի քանի նմուշներ, որոնք անկասկած ապացուցում են, որ մեղուները կարող են աշխատել այդ ձևով։
 
Կառուցվող մեղրահացի նույնիսկ կոպիտ կերպով պատրաստված մեղրամոմե եզրակի կամ մեղրամոմե պատի մեջ երբեմն կարելի է տեսնել ծռվածքներ, որոնք իրենց դիրքով համապատասխանում են ապագա բջիջների հիմնական շեղանկյունաձև թիթեղիկների հարթություններին։ Բայց հաստ մոմե շրջանակի մեջ կառուցումը համենայն դեպս ավարտվում է մոմի թե մեկ և թե մյուս կողմից լայն չափերով գործադրվող կրծոտման միջոցով։ Մեղուների ընտրած կառուցման եղանակը շատ հետաքրքրական է. նրանք միշտ շինում են առաջին կոպիտ պատը 10—20 անգամ ավելի հաստ, քան բջիջի չափազանց բարակ, բոլորովին պատրաստի պատը, որը վերջ ի վերջո մնում է նրանից։ Այդ աշխատանքի կատարումը մեզ հասկանալի կդառնա, եթե մենք ենթադրենք, թե որմնադիրները սկզբում պատրաստում են ցեմենտից հաստ պատ, իսկ հետո սկսում են երկու կողմից հիմքի մոտ տաշել այն, մինչև որ մեջտեղում կմնա շատ բարակ, հարթ պատ։ Միաժամանակ որմնադիրները շարունակ հավաքում են տաշված ցեմենտը և նորից ավելացնում են պատի վերին եզրի վրա։ Այսպիսով, մեր առջև կլինի մի բարակ պատ, որը աստիճանաբար աճում է դեպի վեր, բայց միշտ պսակված է հսկայական քիվով։ Քանի որ բոլոր բջիջները, ինչպես հենց նոր սկսվածները, այնպես էլ բոլորովին ավարտվածները, ծածկված են մեղրամոմի մեծ զանգվածով, ուստի մեղուները կարող են խմբվել և սողալ մեղրահացի վրայով, չվախենալով, որ կարող են վնասել հատվածակողմերի բարակ պատերը։ Այդ պատերն իրենց հաստությամբ, համաձայն պրոֆ. Միլլերի հաշվումների, որ նա սիրալիր կերպով արել է ինձ համար, խիստ տատանվում են, մեղրահացի եզրին մոտիկ արված 12 չափումներով այստեղ նրանց հաստությունը միջին հաշվով <math>^1/_{352}</math> դյույմ է, մինչդեռ հիմքային շեղանկյունաձև թիթեղիկները համ ար յա մեկ երրորդականով ավելի հաստ են, ունենալով մոտավորապես <math>^1/_{229}</math> դյույմ միջին հաստություն, որը վերցված է 21 չափումներից։ Կառուցման յուրահատուկ եղանակի շնորհիվ շարունակ պահպանվում է մեղրահացի ամրությունը` պահպանելով մեղրամոմի խիստ խնայողություն։
 
Առաջին հայացքից թվում է, թե բջիջների կառուցման ձևն ըմբռնելու դժվարությունը միայն ավելանում է կառուցմանը մասնակցող մեղուների քանակությունից, մեղուն կարճ ժամանակ աշխատելով բջջի վրա, անցնում է մյուսին, այնպես, որ, ինչպես ասում է Հուբերը, տասնյակ անհատներ աշխատում են առաջին բջջի սկզբնավորման վրա։ Ինձ հաջողվել է գործնականում ապացուցել այդ, ծածկելով կարմիր մեղրամոմի շատ բարակ շերտով միակ հատվածակողմաձև բջջի պատերի եզրերը կամ մեղրամոմի եզրակի արտաքին եզրերը. այդպիսի դեպքում ես միշտ տեսել եմ, որ մեղուներն այդ գույնը շատ համաչափորեն տարածում էին ամբողջ մեղրահացի վրա, այնքան համաչափ կերպով, ինչպես նկարիչն այդ կաներ վրձինով. ներկված մեղրամոմի մասնիկները վերցվում էին այն տեղերից, որտեղ նրանք կպցրած էին և զետեղվում էին կառուցվող բջիջների եզրերին։ Կառուցման ամբողջ աշխատանքն իրենից ներկայացնում է յուրահատուկ հավասարակշռություն, որը պահպանում են բազմաթիվ աշխատող մեղուները, նրանք բոլորը բնազդաբար կանգնում են մեկը մյուսից հավասար հեռավորության վրա, աշխատում են պատրաստել միանման գնդեր և կամ վերևում կառուցումը շարունակելով, կամ թողնելով չկրծոտված, շինում են հատման հարթությունները գնդերի միջև։ Իրոք հետաքրքրական էր դիտել, թե ինչպես դժվարին դեպքերում, օրինակ, երբ երկու մեղրահացեր հանդիպում են՝ կազմելով այս կամ այն անկյունը, մեղուները ստիպված էին լինում մի քանի անգամ քանդել և ամենատարբեր ձևով վերակառուցել միևնույն բջիջը, երբեմն վերադառնալով այն ձևին, որն սկզբից իրենք խոտանել էին։
 
Երբ մեղուները տեղ ֊ունեն, որտեղ նրանք կարող են աշխատելու համար պատշաճ ձևով տեղավորվել, օրինակ, փայտի մի կտորի վրա՝ դեպի ներքև կառուցվող մեղրահացի ուղղակի մեջտեղում, այնպես որ մեղրահացը պետք է կառուցվի այդ փայտի կտորի մեկ կողմից, այդպիսի դեպքում մեղուները կարող են նոր բջջի մեկ պատի հիմքը դնել հենց այնտեղ, որտեղ հարկավոր է, և մյուս ավարտված բջիջների սահմաններից դուրս։ Բավական է, որ մեղուները կարողանան անհրաժեշտ դիրք գրավել ինչպես մեկը մյուսի, այնպես էլ վերջին ավարտված բջիջների պատերի վերաբերմամբ, այն ժամանակ նրանք, գծելով երևակայական գնդերը, կարողանում են կառուցել միջնապատեր երկու հարևան գնդերի միջև. բայց, որքան ես առիթ եմ ունեցել դիտելու, նրանք երբեք չեն կրծոտում ու չեն վերջացնում բջջի անկյունները, քանի դեռ չի կառուցված ինչպես այդ, այնպես էլ հարևան բջիջների մեծ մասը։ Մեղուների այդ ընդունակությունը, որ նրանք որոշ պայմաններում միջնապատերը հիմնում են հարկ եղած տեղերում երկու հենց նոր սկսած բջիջների միջև, շատ կարևոր է, որովհետև հիմնված է այն փաստի վրա՝ որն առաջին հայացքից կործանարար է թվում նախորդ տեսության համար, այն է՝ որ պիծակների մեղրահացի արտաքին եզրի վրա երբեմն լինում են կատարյալ վեցանիստ բջիջներ. սակայն ես այստեղ չեմ կարող կանգ առնել այդ հարցի վրա։ Նմանապես ես մեծ դժվարություն չեմ տեսնում նաև նրանում, որ եզակի մի միջատ (օրինակ՝ մայր պիծակը) կառուցում է վեցանիստ բջիջներ, եթե նա փոփոխակի կերպով աշխատել է երկու կամ երեք միաժամանակ սկսած բջիջների մերթ ներսի, մերթ դրսի կողքից, շարունակ գտնվելով հենց նոր սկսված բջիջների մասերից որոշակի հարաբերական հեռավորության վրա գծելով գնդեր կամ գլաններ և կառուցելով միջակա հարթություններ։
 
Քանի որ բնական ընտրությունը ներգործում է բացառապես անհատի գոյության տվյալ պայմաններում նրան օգտակար բնազդների կամ կաոուցվածքի թույլ փոփոխությունների կուտակման միջոցով, ուստի մենք լիակատար հիմք ունենք հարցնելու, ի՞նչ օգուտ են ձեռք բերել մեղվի նախնիները շինարարական բնազդի այդ հաջորդական փոփոխությունների երկար շարքից, որոնք հանգեցրել են կառուցման այժմյան կատարելագործված եղանակին։ Ես կարծում եմ, որ այդ հարցին դժվար չէ պատասխանել. բջիջները, որոնք կառուցված են ինչպես մեղուների և պիծակների բջիջները, շահել են ամրության տեսակետից և դրա հետ միասին խնայվել են, մի կողմից, շատ աշխատանք ու տեղ, մյուս կողմից՝ շինանյութ, որից կառուցվում են նրանք։ Ինչ վերաբերում է մեղրամոմի առաջացմանը, ապա մենք գիտենք, որ մեղուները հաճախ բավարար քանակությամբ նեկտարի շատ մեծ կարիք են զգում, և մ-ր Տեգետմեյերը ինձ հաղորդում է, որ ինչպես փորձով ապացուցված է, մեկ ֆունտ մեղրամոմ արտաթորելու համար փեթակը գործ է ածում 12-ից մինչև 15 ֆունտ չոր շաքար. սրանից հետևում է, որ փեթակում մեղրահացերի կառուցման վրա ծախսվող անհրաժեշտ մեղրամոմն արտաթորելու համար մեղուները պետք է հավաքեն ու սպառեն ահագին քանակությամբ հեղուկ նեկտար։ Բացի դրանից, մոմ արտաթորելու պրոցեսի ժամանակ բազմաթիվ մեղուներ պետք է շատ օրեր անգործ մնան։ Մեծ քանակությամբ մեղուներ ձմեռվա ընթացքում պահելու համար անհրաժեշտ է մեղրի մեծ պաշար, իսկ ինչպես հայտնի է, փեթակի գոյության ապահովությունը կախված է առավելապես պահպանվող մեղուների մեծ քանակությունից։ Ուրեմն, մեղրի, ինչպես նաև նրա հավաքման վրա ծախսված աշխատանքի ուժեղ տնտեսման միջոցով մոմի խնայողությունը պետք է հանդիսանա ամեն մի մեղվաընտանիքի բարգավաճման էական բաղադրիչը։ Իհարկե, տեսակի բարգավաճումը կարող է կախված լինել նրա թշնամիների, մակաբույծների և բոլորովին առանձնահատուկ պատճառների թվից և այդ իմաստով կախում չունի մեղրի այն քանակությունից, որ կարող են հավաքել մեղուները։ Բայց ենթադրենք, թե վերջին հանգամանքը որոշում է, ինչպես հավանորեն իրականում հաճախ և որոշել է, թե կարո՞ղ է արդյոք մեր իշամեղվին մոտիկ մի մեղու գոյություն ունենալ մեծ քանակությամբ որևէ երկրում. այնուհետև ենթադրենք, թե իշամեղուների համայնքը գոյություն է ունեցել ձմեռվա ընթացքում և, հետևաբար, մեղրի պաշարի կարիք է ունեցել, այդ դեպքում կասկած չի կարող լինել, որ մեր երևակայած իշամեղվի համար ձեռնտու էր նրա բնազդներում այդպիսի փոփոխությունը, որի ուղղությունն է՝ կառուցել մոմե բջիջներ այնքան մոտ, որպեսզի նրանք մի քիչ փոխադարձաբար հատվեն, որովհետև երկու կողք-կողքի գտնվող բջիջների ընդհանուր պատն անգամ կարող է խնայել որոշ քանակությամբ թե՛ աշխատանք և թե՛ մեղրամոմ։ Այս հիման վրա մեր իշամեղուների համար ավելի ու ավելի ձեռնտու կլիներ, եթե նրանք իրենց բջիջները պատրաստեին ավելի կանոնավոր, մեկը մյուսին ավելի մոտիկ և նրանց հավաքեին կույտերում՝ Melipona-ի բջիջների նման, այդ դեպքում յուրաքանչյուր բջջի սահմանազատող մակերեսի մեծ մասը միաժամանակ կծառայեր հարևան բջիջների սահմանազատման համար, և դրանով իսկ կխնայվեր շատ աշխատանք և մոմ։ Բայց հետո, դարձյալ նույն հիման վրա, Melipona-ի համար ձեռնտու կլիներ բջիջներ պատրաստել մեկը մյուսից ավելի մոտիկ և ընդհանրապես ավելի կանոնավոր, քան անում է նա այժմ, որովհետև այդ դեպքում, ինչպես մենք տեսանք, գնդաձև մակերեսները կարող էին իսպառ անհետանալ, իրենց տեղը զիջելով տափակ մակերեսներին, և Melipona-ն կկարողանար նույնքան կատարելագործված մեղրահաց պատրաստել, ինչքան այն, որ կառուցում է մեր մեղուն։ Ճարտարապետության մեջ դրանից ավելի կատարելության աստիճանի չէր կարող հասցնել բնական ընտրությունը, որովհետև, ինչպես մենք տեսանք, մեղվի մեղրահացերը բացարձակապես կատարյալ են աշխատանքի ու մոմի տնտեսման տեսակետից։
 
Այսպիսով, ինչպես ես կարծում եմ, բոլոր հայտնի բնազդներից ամենազարմանալին՝ մեղվի շինարարական բնազդը կարելի է բացատրել բնական ընտրության ներգործությամբ, որն օգտագործել է պարզ բնազդների բազմաթիվ հաջորդական ու թույլ փոփոխությունների առավելությունները և հետզհետե մեղուներին հասցրել է այնտեղ, որ նրանք ավելի ու ավելի կատարյալ ձևով գծեն հավասար գնդեր մեկը մյուսից որոշ հեռավորության վրա, դրանք դասավորելով երկու շարքով և կառուցեն թե՛ մոմե պատերը և թե խորացնեն մեղրամոմը գնդերի հատման հարթությունների ուղղությամբ։ Մեղուներն իհարկե նույնքան քիշ բան գիտեն այն մասին, որ իրենք գնդեր են շինում մեկը մյուսից որոշակի հեռավորության վրա, ինչքան այն մասին, թե ինչպիսիք են վեցանիստ հատվածակողմերի անկյուններն ու նրանց հիմքային շեղանկյունիները. քանի որ բնական ընտրությունը հարուցող հանգամանքների էությունն այն է, որ կառուցվեն թրթուրների համար բջիջներ, որոնք աշխատանքի և մոմի հնարավորին չափ անտեսման հետ լինեն բավականաչափ ամուր, անհրաժեշտ մեծության և ձևի, ապա այն պարսը, որը կառուցում է ամենալավ բջիջները աշխատանքի նվազագույն ծախսումով և նվազագույն քանակությամբ մեղր է կորցնում մեղրամոմ արտաթորելու վրա, ունենում է առավելագույն հաջողություն և փոխանցում է իր նոր ձեռք բերած տնտեսողական բնազդները նոր ձագերի, որոնք իրենց հերթին գոյության կռվում հաջողության համար ունենում են լավագույն հնարավորությունները։
 
===ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԶԴՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՄ. ԱՆՍԵՌ ԵՎ ԱՆՊՏՈՒՂ ՄԻՋԱՏՆԵՐ===
 
Բնազդների ծագման մասին վերևում շարադրված տեսակետի դեմ է առարկություն, թե «կառուցվածքի և բնազդի փոփոխությունները պետք է տեղի ունենան միաժամանակ և ճիշտ կերպով համապատասխանեն մեկը մյուսին, որովհետև մի ուղղությամբ փոփոխությունը, առանց մյուս ուղղությամբ անհապաղ կատարվող համապատասխան փոփոխության կունենար ճակատագրական հետևանքներ»։ Այս առարկության ծանրակշռությունը ամբողջապես կախված է այն ենթադրությունից, որ բնազդի և կառուցվածքի փոփոխությունները գալիս են հանկարծակիորեն։ Վերցնենք, օրինակի համար, նախորդ գլխում բերված դեպքը մեծ երաշտահավի (Parus major) մասին. այս թռչունը, հաճախ ոտների մեջ ճյուղի վրա սեղմելով կենու սերմերը, այնքան է փորում կտուցով, մինչև որ հասնում է միջուկին։ Բայց ի՞նչ առանձին դժվարություն կարող է ներկայացնել այն, որ բնական ընտրությունը պահպաներ թույլ անհատական փոփոխությունները կտուցի կառուցվածքում, որպեսզի նա ավելի ու ավելի լավ հարմարվեր սերմերը բաց անելու համար, մինչև նա կդառնար այդ նպատակի համար նույնքան լավ պիտանի, որքան սիտտայի կտուցն է, և որպեսզի միևնույն ժամանակ սովորությունը, ճաշակի հարկադրական կամ քմահաճ փոփոխությունը թռչունին կդարձնեն ավելի ու ավելի հատիկակեր։ Այս դեպքում մենք ընդունում ենք, որ կտուցը դանդաղորեն և աստիճանաբար փոփոխվում է բնական ընտրությամբ, համապատասխանելով սովորությունների ու ճաշակի աստիճանական փոփոխություններին. բայց թող երաշտահավի ոտները կամ կտուցի փոփոխության կապակցությամբ, կամ որևէ անհայտ պատճառից կախված նույնպես փոփոխվեն և դառնան ուժեղ, այդ դեպքում բավական հավանական կլինի, որ ոտները կստիպեն թռչունին ավելի ու ավելի շատ մագլցել, մինչև որ էնա ձեռք կբերի սիտտայի զարմանալի բնազդը և մագլցելու ընդունակությունը։ Այդ դեպքում ենթադրվում է, որ կառուցվածքի աստիճանական փոփոխությունը ուղեկցում է բնազդական սովորությունների փոփոխությանը։ Վերցնենք էլի մի օրինակ։ Քիչ բնազդներ կան ավելի ուշագրավ, քան այն բնազդը, որը հարկադրում է Խաղաղօվկիանոսյան կղզիների ծիծեռնակին բներ կառուցել բացառապես թանձրացած թքից։ Որոշ թռչուններ բները կառուցում են, ինչպես կարծում են, թքով ցեմենտացրած տիղմից, հյուսիս ամերիկական մի ծիծեռնակ, ինչպես ես տեսել եմ, իր բունը շինում է թքով սոսնձված շախերից և նույնիսկ այդ նյութի գնդիկներից։ Ուրեմն մի թե շատ անհավանական է, որ շարունակ ավելի ու ավելի շատ թուք արտադրող ծիծեռնակների անհատների բնական ընտրությունը կարող էր վերջապես առաջացնել այնպիսի բնազդներ ունեցող տեսակ, որոնք կհարկադրեին ծիծեռնակներին արհամարհել այլ նյութերը և բուն շինել միայն թանձրացած թքից։ Այդպես էլ այլ դեպքերում։ Սակայն պետք է խոստովանել, որ շատ դեպքերում մենք չենք կարող որոշել, թե ինչի՞ց է սկսվել փոփոխությունը՝ բնազդի՞ց, թե կառուցվածքից։
 
Ոչ մի կասկած չկա, որ դժվար բացատրելի շատ բնազդներ կարող են հակադրվել բնական ընտրության տեսությանը. դրանք կամ այնպիսի դեպքեր են, երբ մենք չենք կարող հետամուտ լինել, թե ինչպես է զարգացել բնազդը, կամ այնպիսիներն են, երբ անհայտ են բնազդի աստիճանական բարդացման անցումային աստիճանները, կամ այնպիսիներն են, երբ բնազդի դերն այնքան աննշան է, որ հազիվ թե նա կարող էր զարգանալ բնական ընտրության ազդեցության տակ, կամ, վերջապես համարյա նույն բնազդների՝ երևալու դեպքերը այնպիսի կենդանիների մոտ, որոնք բնության սիստեմում մեկը մյուսից այնքան հեռու են կանգնած, որ մենք չենք կարող նրանց նմանությունը բացատրել մեկ ընդհանուր նախահորից ժառանգական փոխանցման միջոցով և, հետևաբար պետք է ընդունենք, որ նրանք ձեռք են բերվել մեկը մյուսից անկախ կերպով՝ բնական ընտրության ազդեցության ներքո։ Ես այստեղ կանգ չեմ առնի բոլոր նման դեպքերի վրա և կսահմանափակվեմ ամենակարևոր դժվարության քննարկությամբ, որը սկզբում ինձ թվում էր անհաղթահարելի և, իսկապես, ամբողջ տեսությանս համար ճակատագրական։ Ես խոսում եմ միջատների համայնքների մեջ եղած անսեռ կամ անպտուղ էգերի մասին, որոնք հաճախ շատ ուժեղ կերպով տարբերվում են արուներից և սովորական էգերից ինչպես բնազդով, այնպես էլ կառուցվածքով և, լինելով անպտուղ, չեն կարող արտադրել իրենց նմաններ։
 
Այս հարցը արժանի է բազմակողմ անի քննարկման, բայց ես այստեղ կվերցնեմ միմիայն աշխատավոր կամ անպտուղ մրջյունների դեպքը։ Թե ինչպես են աշխատավորները դարձել անպտուղ, դժվար է բացատրել, բայց ավելի դժվար չէ, քան կառուցվածքում ամեն մի այլ խիստ փոփոխություն, որովհետև կարելի է ապացուցել, որ մի քանի միջատներ և այլ հոդվածավոր կենդանիներ երբեմն դառնում են անպտուղ բնական պայմաններում, իսկ եթե այդպիսիները պատկանում են հասարակական միջատների թվին և հասարակության համար ձեռնտու է, որ ամեն տարի ծնվում են որոշ թվով անհատներ, որոնք աշխատունակ են, բայց բազմացման համար անընդունակ են, ապա ես առանձին դժվարություն չեմ տեսնում այն բանում, որ նրանք կարող էին. ընկնել բնական ընտրության ազդեցության տակ։ Բայց այդ սկզբնական դժվարության վրա կարելի է կանգ չառնել։ Մեծ դժվարություն են ներկայացնում աշխատավոր մրջյունները, որոնք խիստ տարբերվում են ինչպես արուներից, այնպես էլ էգերից իրենց կառուցվածքով, կրծքի ձևով, թևերի, երբեմն էլ աչքերի բացակայությամբ և բնազդով։ Ինչ վերաբերում է միայն բնազդին, ապա այն զարմանալի տարբերությունը, որ այդ տեսակետից գոյություն ունի աշխատավոր և նորմալ էգերի միջև, կարող է ամենից ավելի լավ քննվել մեղուների վրա։ Եթե աշխատավոր մրջյունը կամ մի այլ անսեռ միջատ լիներ սովորական կենդանի, ես առանց վարանելու կարող էի ընդունել, որ նրա բոլոր առանձնահատկությունները աստիճանաբար ձեռք են բերվել բնական ընտրության ազդեցության տակ. այսինքն՝ սկզբում կարող էին ծնվել թույլ չափով օգտակար առանձնահատկություններ ունեցող անհատներ, որոնք իրենց այդ հատկությունները փոխանցել են իրենց հետնորդներին. սրանք էլ փոփոխվել ու իրենց հերթին ընտրվել են և այլն։ Բայց աշխատավոր մրջյունը շատ խիստ տարբերվում է իր ծնողներից, միևնույն ժամանակ բոլորովին անպտուղ է. հետևաբար նա ոչ մի կերպ չի կարող փոխանցել կառուցվածքի կամ բնազդի հաջորդականորեն ձեռք բերված փոփոխություններն իր ժառանգներին, և այդ պատճառով կարելի է ամենայն իրավամբ հարցնել, հնարավո՞ր է արդյոք այս դեպքը համաձայնեցնել բնական ընտրության տեսության հետ։
 
Նախ և առաջ հիշենք, որ ինչպես ընտանի, այնպես էլ վայրենի կենդանիները հանդես են բերում կառուցվածքի մեջ ժառանգական բազմազան փոփոխությունների անհամար դեպքեր, որոնք կապված են կամ հասակի, կամ սեռի հետ։ Կան փոփոխություններ, որոնք կապված են ոչ միայն սեռի, այլև, բացի դրանից, վերարտադրողական օրգանների գործունեության կարճատև շրջանի հետ, ինչպես, օրինակ, ներկայացնում են շատ թռչունների հարսանեկան զարդարանքները կամ արու սալմոնի ծնոտի ծռվելը։ Մենք տեսնում ենք, որ ընտանի անասունների զանազան ցեղերի եղջյուրների նույնիսկ թույլ փոփոխությունները կախման մեջ են գտնվում արհեստական եղանակով արուների մեջ առաջացրած անկատար վիճակի հետ, որովհետև մի քանի ցեղերի եզների եղջյուրներն ավելի երկար են, քան մյուսների եղջյուրները՝ համեմատած միևնույն ցեղերի ցուլերի և կովերի եղջյուրների երկարության հետ։ Ուստի ես մեծ դժվարություն չեմ կարող տեսնել այն բանում, որ որևէ առանձնահատկություն կապ է ունենում միջատների համայնքի որոշ անդամների անպտղության հետ. դժվարությունը այն հասկանալն է, թե ինչպես կառուցվածքի այդպիսի աննշան հարաբերակցական փոփոխությունները կարող էին աստիճանաբար ուժեղանալ բնական ընտրության ազդեցության տակ։
 
Սակայն այդ դժվարությունը, թեև անհաղթահարելի է թվում, նվազում է և, իմ կարծիքով, նույնիսկ իսպառ անհետանում է, եթե մենք հիշենք, որ ընտրությունը կարող է ընտանիքին վերաբերել նույնպես, ինչպես որ անհատին և ինչպես մի, այնպես էլ մյուս դեպքում հասցնել որոշ նպատակի։ Անասնաբույծները ցանկանում են, որ միսն ու ճարպը միացած լինեն որոշ ձևով, և թեպետ այդ հատկություններն ունեցող կենդանին սպանդանոց է տարվում, սակայն անասնաբույծը ամենայն վստահությամբ առաջացնում է այդ ցեղը, և նրան այդ հաջողվում է։ Որքան մենք պիտի հավատանք ընտրության ուժին, որպեսզի ընդունենք, թե եղջերավոր անասունների այն ցեղը, որը միշտ առաջացնում է շատ երկար եղջյուրներով եզներ, ամենայն հավանականությամբ ստեղծվել է ցուլերի և կովերի այնպիսի անհատների մանրազնին ընտրությամբ, որոնք զուգավորվելով՝ ծնել են ամենից ավելի երկար եղջյուրներով եզներ, թեև եզն ինքը չի կարող շարունակել իր ցեղը։ Բայց այդ տեսակետից կարելի է բերել ավելի ևս լավ ու ավելի համոզիչ օրինակ։ Միամյա շահպրակների մի քանի տարատեսակները, ինչպես ասում է Վերլոն, երկարատև ու մանրազնին ընտրության միջոցով հասած լինելով որոշ աստիճանի կատարելության, միշտ տալիս են զգալի քանակությամբ սերմնաբույսեր, որոնք ունենում են բոլորովին անպտուղ բազմաթերթ ծաղիկներ, բայց նմանապես տալիս են նաև որոշ քանակությամբ պարզ, պտղատու բույսեր։ Վերջինները, որոնց շնորհիվ միայն տարատեսակը կարող է բազմանալ, կարելի է համեմատել մրջյունների պտղատու արուների և էգերի հետ, իսկ բազմաթերթ անպտուղ բույսերը համապատասխանում են նույն համայնքի անպտուղ անհատներին։ Ինչպես շահպրակի տարատեսակի, այնպես էլ հասարակական միջատների մոտ որոշ նպատակի հասնելու ձգտող ընտրությունը կիրառվել է ընտանիքի, այլ ոչ թե անհատի նկատմամբ։ Սրանից մենք պետք է հետևեցնենք, որ կառուցվածքում և բնազդի մեջ տեղի ունեցող փոքրիկ փոփոխությունները, որոնք կապված են համայնքի որոշ անդամների անպտղության հետ, օգտակար են եղել, դրա շնորհիվ պտղաբերող արուներն ու էգերը բարգավաճել են և իրենց հերթին փոխանցել են իրենց պտղաբերող հետնորդներին միևնույն փոփոխություններն ունեցող անպտուղ անհատներ առաջացնելու հակումը։ Այդ պրոցեսը պիտի կրկնվեր բազմիցս անգամ, մինչև որ միևնույն տեսակի պտղաբերող ու անպտուղ էգերի միջև տարբերությունը կհասներ այն չափերին, որ մենք նկատում ենք զանազան հասարակական միջատների մոտ։
 
Բայց մենք դեռ չենք շոշափել քննարկվող դժվարության գագաթնակետը, այսինքն այն, որ մի քանի մրջյունների անսեռ անհատները տարբերվում են nչ միայն պտղաբերող արուներից և էգերից, այլև տարբերվում են միմյանցից, երբեմն անհավատալի չափովի բաժանվելով երկու և մինչև անգամ երեք կատեգորիայի։ Բացի դրանից, այդ կաստաները աստիճանաբար չեն անցնում ու փոխարկվում մեկը մյուսի, այլ խիստ կտրուկ կերպով սահմանազատված են և այնքան են տարբերվում իրարից, որքան տարբերվում են մի սեռի երկու տեսակներ կամ նույնիսկ մի ընտանիքի երկու սեռեր մեկը մյուսից։ Այսպես, Eciton-ը ունի անսեռ աշխատավորներ և զինվորներ շատ տարբեր ծնոտներով ու բնազդներով, Cryptocerus-ի մի կաստայի աշխատավորներն ունեն գլխի վրա յուրահատուկ վահան, որի գործածությունը միանգամայն անհայտ է. մեքսիկական Myrmecocystus-ի մի կաստայի աշխատավորները երբեք չեն հեռանում բնից, կերակրվում են մի այլ կաստայի աշխատավորների օգնությամբ, բայց ունեն չափազանց զարգացած որովայն և արտաթորում են մեղրանման մի հյութ, որը փոխարինում է այն օշարակին, որ արտաթորում են լվիճները կամ ընտանի անասունները, ինչպես նրանց կարելի է անվանել, որոնց արածեցնում և պահում են գերության մեջ մեր եվրոպական մրջյունները։
 
Գուցե կարելի է կարծել, թե ես չափազանցրած հավատ ունեմ դեպի բնական ընտրության սկզբունքը, եթե ընդունում եմ, որ այդքան զարմանալի փաստերը, ապացուցված լինելով, միանգամից չեն խորտակում տեսությունս։ Այն ավելի պարզ դեպքից, որ մի կաստայի անսեռ միջատները առաջացել են, ինչպես ես կարծում եմ, պտղաբերող արուներից և էգերից բնական ընտրության միջոցով սովորական փոփոխությունների անալոգիայով, կարելի է եզրակացնել, որ հաջորդական, թույլ բարենպաստ փոփոխությունները միանգամից չեն առաջացել մի բնի բոլոր անսեռ անհատների մեջ, այլ սկզբում երևացել են քչերի մեջ, և որ այն համայնքները, որոնց էգերն ամենամեծ քանակությամբ են առաջացրել բարենպաստ փոփոխություններ ունեցող անսեռ անհատներ, գերապրել են, որի հետևանքով բոլոր անսեռ անհատները ձեռք են բերել վերջապես այդ առանձնահատկությունները։ Այս տեսակետի համաձայն, մենք պետք է հույս ունենանք միևնույն բնում երբեմն գտնելու անսեռ միջատներ, որոնք ներկայացնում են կառուցվածքի հաջորդական փոփոխություն. և մենք իրոք գտնում ենք դրանց և նույնիսկ հաճախ, եթե ուշադրության առնենք այն, թե Եվրոպայի սահմաններից դուրս ինչքան քիչ անսեռ միջատներ ենթարկվել են մանրազնին հետազոտման։ Մ-ր Ֆ. Սմիտը ցույց է տվել, որ բրիտանական զանազան մրջյունների անսեռ անհատները զարմ անալի կերպով տարբերվում են միմյանցից մեծությամբ և երբեմն էլ գույնով, և որ այդպիսի ծայրային ձևերը կարող են միացած լինել մեկը մյուսի հետ միևնույն բնից վերցրած անհատներով. ես ինքս համեմատել եմ այդպիսի հիանալի աստիճանական անցումները։ Երբեմն պատահում է, որ առանձնապես բազմաթիվ են ավելի խոշոր կամ ավելի մանր աշխատավորները կամ թե մեկը և մյուսը բազմաթիվ են, իսկ միջակա անհատները՝ սակավաթիվ։ Formica flava-ն ունի խոշոր և մանր աշխատավորներ միջին մեծությամբ սակավաթիվ անհատների հետ միասին, և այդ տեսակի խոշոր աշխատավորները, մ-ր Ֆ. Սմիտի դիտումների համաձայն, ունենում են պարզ աչքեր (ocelli) թեև փոքրիկ, բայց պարզ կերպով նկատելի, մինչդեռ մանրերի մոտ նրանք թերաճ են։ Այս աշխատավորներից մի քանի անհատների մանրազնին հերձման հիման վրա ես կարող եմ հաստատել, որ մանր աշխատավորների աչքերը անհամեմատ ավելի թերաճ են, քան այդ կարելի էր սպասել միայն նրանց փոքրիկ մեծության հիման վրա. և ես լիովին համոզված եմ, թեև չեմ կարող այդ նույնքան էլ վճռականորեն հաստատել, որ միջակ մեծություն ունեցող աշխատավորների պարզ աչքերն իրենց զարգացմամբ հենց միջին տեղ են գրավում։ Ուրեմն՝ այս դեպքում մենք ունենք մեկ բնում անպտուղ աշխատավորների երկու խումբ, որոնք տարբերվում են իրարից ոչ միայն մեծությամբ, այլև տեսողության օրգաններով, ինչպես նաև կապված են միմյանց հետ միջին դրություն գրավող սակավաթիվ անհատներով։ Ես կարող եմ սրանով վերջացնել, ավելացնելով, որ եթե մանր աշխատավորները շատ օգտակար լինեին համայնքի համար և ընտրությունը շարունակաբար տարածվեր այն արուների և էգերի վրա, որոնք արտադրում են ավելի ու ավելի մեծ քանակությամբ մանր աշխատավորներ, մինչև որ բոլոր աշխատավորները կդառնային այդպիսիներ, այդ դեպքում մենք կունենայինք մրջյունի մի տեսակ, որի անսեռ անհատները մոտավորապես նման են նրանց, որոնք մենք տեսնում ենք Myrmica-ի մոտ։ Myrmica-ի աշխատավորները չունեն նույնիսկ թերաճ պարզ աչքեր, թեև այդ մրջյունի արուների ու էգերի աչքերը լավ զարգացած են։
 
Բերեմ էլի մի օրինակ։ Խորապես վստահ լինելով, որ միևնույն տեսակի անսեռ ձևի զանազան կաստաների միջև հնարավոր է գտնել աստիճանական անցումներ կառուցվածքի էական գծերում, ես մեծ գոհունակությամբ օգտագործել եմ արևմտյան Աֆրիկայից մ-ր Սմիտի բերած Anomma մրջյունի բազմաթիվ անհատները, որոնք վերցված են մի բնից։ Գուցե ընթերցողն ավելի լավ պատկերացնի այդ աշխատավորների մեծությունների տարբերությունը, եթե ես պարզ չափերի փոխարեն ակներևության համար բերեմ այսպիսի համեմատություն՝ պատկերացնենք, որ մենք տեսնում ենք տուն կառուցող բանվորներ, որոնցից ոմանք ունեն հինգ ոտնաչափ և չորս դյույմ բարձրություն, իսկ մյուսները՝ տասնը վեց ոտնաչափ, դրան ավելացնենք, որ մեծ բանվորների գլուխը ոչ թե երեք, այլ չորս անգամ մեծ է փոքրերի գլխից, ծնոտներն էլ հինգ անգամ մեծ են։ Զանազան մեծություն ունեցող աշխատավոր մրջյունների ծնոտները առանձնապես զարմանալի բազմազանություն են ներկայացնում իրենց տեսքով, ձևով և ատամիկների թվով։ Բայց մեզ համար կարևոր է այն, որ թեև աշխատավորներն իրենց մեծությամբ կարող են բաժանվել մի քանի կաստաների, սակայն նրանց միջև գոյություն ունեն մի շարք աստիճանական անցումներ, ինչպես որ անցումներ կան նաև նրանց զարմանալիորեն բազմազան ծնոտների միջև։ Ես համարձակորեն եմ ասում վերջինի մասին, որովհետև սըր Ջ. Լեբբոկը լյուցիդա-խցիկի միջոցով ինձ համար նկարել է զանազան աշխատավոր մրջյունների ծնոտներ, որոնք կտրված էին իմ ձեռքով։ Մ-ր Բետսը իր «Բնախույզը Ամազոն դետի վրա» հետաքրքրական գրքում բերել է համանման տվյալներ։
 
Ունենալով իմ առջև այսպիսի փաստեր, ես չեմ կասկածում, որ բնական ընտրությունը պտղաբեր մրջյունների կամ մրջյուն ծնողների վրա ներգործելով, կարող էր առաջ բերել այնպիսի տեսակ, որը միշտ կառաջացներ մի ձևի ծնոտներով ավելի ու ավելի մեծ անսեռ անհատներ, կամ բոլորն էլ խիստ տարբեր ծնոտներով փոքր մեծությամբ անհատներ, կամ, վերջապես, որն ամենամեծ դժվարությունն է, մեկ խումբը մի մեծությամբ ու կառուցվածքով և միաժամանակ մյուս խումբը՝ այլ մեծությամբ ու կառուցվածքով. ըստ որում սկզբում կառաջանային մի շարք հաջորդական անցումներ, ինչպես մենք այդ տեսնում ենք աֆրիկական մրջյունի մոտ, իսկ հետո ծայրային ձևերը երևան կգային ավելի ու ավելի մեծ թվով, որպես նրանց արտադրող ծնողների գերապրելու հետևանք, մինչև որ միջակա անհատները բոլորովին կդադարեին երևան գալուց։
 
Համանման բացատրություն է առաջարկել մ-ր Ուոլլեսը մալայան թիթեռների մի քանի տեսակների մեջ երկու կամ նույնիսկ երեք տարբեր ձևի էգերի երևան գալու նույնքան բարդ դեպքի համար և Ֆրից Մյուլլերը՝ արուների երկու շատ տարբեր ձևեր ունեցող բրազիլական մի քանի խեցեմուրթների համար։ Բայց կարիք չկա այստեղ քննարկել այդ երևույթները։
 
Այսպիսով, ես կարծում եմ, ինձ հաջողվեց բացատրել անպտուղ աշխատավորների երկու խիստ տարբեր կաստաների ծագումը, որոնք գոյություն ունեն միևնույն բնում, բայց խիստ տարբերվում են թե մեկը մյուսից և թե իրենց ծնողներից։ Թե որքան այդ օգտակար է մրջնային համայնքների համար, կարելի է հասկանալ ելնելով աշխատանքի բաժանման հենց այն սկզբունքից, որն այնքան մեծ օգուտ է բերում քաղաքակրթված մարդուն։ Սակայն մրջյուններն աշխատում են ժառանգված բնազդների և ժառանգված օրգանների կամ գործիքների միջոցով, մինչդեռ մարդն աշխատում է ձեռք բերված գիտելիքի և հատկապես պատրաստված գործիքների միջոցով։ Բայց ես պիտի խոստովանեմ, որ չնայած իմ ամբողջ հավատին դեպի ընտրությունը' ես երբեք չէի կարող ենթադրել, թե այդ սկզբունքը կարող է այդքան մեծ չափով արտահայտվել, եթե ինձ այդ եզրակացության չբերեին անսեռ միջատների ներկայացրած օրինակները։ Դրա համար էլ ես այդ հարցի վրա քիչ ավելի կանգ առա, թեև ընդհանրապես ոչ բավականաչափ մանրամասնորեն, ինչպես բնական ընտրության նշանակությունն ապացուցելու համար, այնպես էլ այն պատճառով, որ այդ դեպքերը հանդիսանում են իմ տեսության ամենամեծ դժվարություններից մեկը։ Այդ դեպքերը հետաքրքրական են նաև որպես ապացույց այն բանի, որ կենդանին, ինչպես նաև բույսը, կարող է ենթարկվել ամեն մի փոփոխության բազմաթիվ թույլ պատահական փոփոխությունների կուտակման միջոցով, միայն թե նրանք որևէ բանով օգտակար լինեն՝ առանց վարժեցման կամ սովորության որևէ մասնակցության։ Յուրահատուկ սովորությունները, որ հատուկ են աշխատավոր կամ անպտուղ էգերին, ինչքան ժամանակ էլ գոյություն ունենային, իհարկե, չէին կարողանա ներգործել արուների և պտղաբերող էգերի վրա, որոնք միայն սերունդ են տալիս։ Եվ ինձ զարմացնում է այն, որ մինչև այժմ ոչ ոք չի օգտագործել անսեռ միջատների այդ ցուցադրական օրինակը ժառանգված սովորությունների մասին՝ Լամարկի պաշտպանած լավ հայտնի ուսմունքի դեմ։
 
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ===
 
Ես այս գլուխը նվիրեցի մեր ընտանի կենդանիների մտավոր ընդունակությունների փոփոխելիությունը և այդ փոփոխությունների ժառանգական փոխանցումը համառոտակի ապացուցելուն։ Ավելի ևս կարճառոտ կերպով ես աշխատեցի ապացուցել, որ բնազդները բնական պայմաններում թույլ չափով են փոփոխվում։ Ոչ ոք չի վիճարկի այն, որ բնազդները հսկայական նշանակություն ունեն յուրաքանչյուր կենդանու համար։ Այդ պատճառով էլ իրականում ոչ մի դժվարություն չկա նրանում, որպեսզի գոյության փոփոխված պայմաններում բնական ընտրությունը ուժեղացներ բնազդների թույլ փոփոխությունները մինչև որոշ աստիճան, եթե միայն նրանք օգտակար են որևէ ուղղությամբ։ Հնարավոր է, որ որոշ դեպքերում իրենց ազդեցությունն են թողնում թե սովորությունները և թե օրգանի վարժեցումը կամ ոչ վարժեցումը։ Ես չեմ հավակնում, որ այս գլխում բերված փաստերը գոնե որոշ չափով ամրապնդում են իմ տեսությունը, բայց բերված դժվարին դեպքերից ոչ մեկը, որքան ես կարող եմ դատել, չի հերքում այն։ Մյուս կողմից, այնպիսի փաստերը, ինչպիսին է այն, որ բնազդը միշտ չէ, որ կատարյալ է լինում և կարող է սխալների տեղիք տալ, որ ոչ մի բնազդի համար չի կարելի ապացուցել, թե նա առաջացել է այլ կենդանիների օգտին, թեև որոշ կենդանիներ օգտվում են ուրիշների բնազդներից, որ «Natura non facit saltum»<ref>«Բնութլունը թռիչք չի անում» — այս լեյբնիցյան սկզբունքը ներկայացնում է բնության միակողմանի, այդ պատճառով էլ սխալ պատկերում։ Որակական կտրուկ ձևափոխությունները՝ թռիչքաձև անցումները կամ պրոցեսի ընթացքում մի ուղղությունից դեպի մի այլ ուղղություն կատարվող վճռական շրջադարձերը բնության մեջ նույնքան օրինական են, որքան աստիճանական փոփոխությունները միևնույն ուղղությամբ։— ''Խմբ.։''</ref>. բնապատմական օրենքը բնազդների նկատմամբ նույնքան կիրառելի է, որքան օրգանիզմի կառուցվածքի նկատմամբ, և միանգամայն բացատրելի է վերոհիշյալ տեսակների հիման վրա, բայց անբացատրելի է որևէ այլ եղանակով, այդ բոլորն ավելի շուտ ծառայում են բնական ընտրության տեսությունն ամրացնելու համար։
 
Այս տեսությունը հաստատվում է նաև բնազդներին վերաբերող մի քանի այլ փաստերով, օրինակ, այն սովորական դեպքով, երբ երկու մերձավոր, բայց տարբեր տեսակներ, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում և գտնվում են բոլորովին տարբեր պայմաններում, հաճախ պահպանում են համարյա միևնույն բնազդները։ Օրինակ, ելնելով ժառանգականության սկզբունքից, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու Հարավային Ամերիկայի արևադարձային մասերի կեռնեխը իր բունը ծեփում է կավով, բոլորովին այնպես, ինչպես այդ անում է մեր բրիտանական կեռնեխը, թե ինչու Աֆրիկայի և Հնդկաստանի ռնգեղջյուր թռչուններն ունեն միևնույն յուրահատուկ բնազդը, նրանք իրենց էգերին փակում են ծառերի փչակներում, ծեփվածքի մեջ թողնելով միայն մի փոքրիկ անցք, որի միջոցով արուն կերակրում է էգին և ձագերին, երբ վերջինները դուրս են գալիս. թե ինչու հյուսիսամերիկական ցախսարեկի (Troglodytes) արուները շինում են այսպես կոչված «աքլորաբներ», որոնք ծառայում են որպես թառ, բոլորովին այնպես, ինչպես անում են մեր ցախսարեկի արուները, և այդ սովորությունը բոլորովին նման չէ մեզ հայտնի որևէ այլ թռչունի սովորությանը։ Վերջապես, թեև գուցե թե ոչ ամբողջապես այդ տրամաբանական է, բայց ես մեծ չափով բավարարություն եմ զգում, համարելով, որ այդպիսի բնազդները, ինչպիսիք են իր խորթ եղբայրներին բնից դուրս նետող մատղաշ կկուի բնազդը, ստրուկներ բռնող մրջյունների բնազդը, կենդանի թրթուրի ներսում սնվող իխնևմոնների թրթուրների բնազդը, ոչ թե դիտմամբ շնորհված կամ ստեղծված բնազդներ են, այլ միայն բոլոր օրգանական էակների զարգացումը պայմանավորող մի ընդհանուր օրենքի, այն է, բազմացման, փոփոխության, ամենաուժեղների գերապրման և թույլերի ոչնչացման փոքրիկ հետևանքներն են։
Վստահելի
1396
edits