Changes
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
Երբ Բիլբո Բեգինսը, Զառիթափ Բլրի վրա գտնվող Բեգ-Էնդի տերը, հայտարարեց, որ ուզում է շքեղ տոնել իր մոտալուտ հարյուր տասնմեկամյակը, ողջ Հոբիթոնը բզզաց ու իրար անցավ։
Ահա արդեն վաթսուն տարի էր Բիլբոն չտեսնված հարուստի ու խիզախ խենթի համբավ էր վայելում այն ժամանակից ի վեր, երբ հանկարծ չքացավ, իսկ հետո անսպասելի վերադարձավ ավարով, որի չափը զանազան ասեկոսեները հարյուրապատիկ մեծացնում էին։ Միայն ամենաիմաստուն ծերունիներն էին կասկածի տակ առնում, որ Բլրի ընդերքում ստորգետնյա ուղիներ են փորված, իսկ այդ ուղիներն էլ լցված են գանձերով։ Այդ բոլորը քիչ է, դեռ փողերին էլ գումարած առողջությունը, այն էլ ի՜նչ առողջություն… Որքա՜ն ջրեր են հոսել, իսկ միստր Բեգինսը իննսուն տարեկանում էլ հիսունամյա էր թվում։ Երբ լրացավ նրա իննսունինը տարին, սկսեցին ասել, թե նա «լավ է պահպանվել», թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ «բոլորովին չի փոխվել»։ Շատերը գլուխներն էին օրորում․ օրորում. սա արդեն չափազանց էր, նույնիսկ անարդարացի՝ էհ՜, ո՜նց է ոմանց բախտը բերում՝ և՛ ծերությունն է կողքով անցնում, և՛ փողերին թիվ ու համար չկա։