Changes
/* Գլուխ յոթ. Թոմ Բոմբադիլի տանը */
Հոբիթները լսում էին, և Անտառը նրանց բոլորովին այլ կերպ էր պատկերանում, քան առաջ, իսկ իրենք իրենց այնտեղ զգում էին պնդերես ու անկոչ օտարականներ։ Ստեպ-ստեպ, ուղղակիորեն կամ զարտուղի հիշատակվում էր Ծեր Ծփին՝ իշխող, հզոր ու չարադավ։ Եվ Ֆրոդոն իմացավ նրա մասին այն ամենը, ինչ ուզում էր իմանալ, իսկ գուցեև ավելին, քան պետք էր, քանի որ դա ավելի շատ սարսափելի հեքիաթի էր նման, քան իրական պատմության: Թոմի խոսքերն օգնեցին հոբիթներին թափանցել ծառերի սիրտը և հասկանալ նրանց մտքերը՝ հաճախ մութ ու չար, լի ատելությամբ բոլոր այն արարածների նկատմամբ, ովքեր ազատ քայլում են հողի վրա ու ջարդում, կրծում, այրում ու այլ վնասներ պատճառում: Անտառն իզուր չէր Զառամյալ կոչվում. այն իրոք շատ ծեր էր և վերջին պատառիկն էր այն հինավուրց անտառների համատարած ծածկույթի, որի մասին հիշում էին միայն իմաստունները։ Այստեղ իրենց դարն էին ապրում ներկայիս ծառերի ապուպապերը, լեռների պես ծեր՝ նրանք դեռ հիշում էին այն ժամանակները, երբ ծառերը Միջերկրի միակ բնակիչներն ու տիրակալներն էին: Անհամար տարիները նրանց լցրել էին գոռոզությամբ. խոր արմատներ էին գցել և՛ իմաստությունը, և՛ չարությունը։ Բայց նրանց մեջ ամենից վտանգավորը Ծեր Ծփին էր՝ իր փտած միջուկով, բայց դեռևս վառ-կանաչ տերևներով ու դյուցազնական հզորությամբ: Դաժան էր ու խորամանկ էր ծեր Ծփին, նրան էին ենթարկվում նույնիսկ քամիները, իսկ նրա երգերն ու մտքերը թագավորում էին ամբողջ անտառում՝ գետի երկու ափերին էլ։ Ծեր Ծփին ահագնորեն մխրճվել էր բերրի հողի մեջ, քաշում էր նրա բոլոր հյութերը, տարածել էր մոխրագույն ձեռքերի պես իր արմատներն ամեն կողմ ու իրեն ենթարկել Անտառը՝ Պատնեշից մինչև Դամբանաբլուրներ...
Բայց ահա Թոմը հանկարծ մոռացավ Անտառի մասին, և նրա պատմությունը ցատկոտելով բարձրացավ վարար, փրփրաշատ գետակի հոսանքն ի վեր՝ անցնելով գահավիժող ջրվեժների մոտով, գալարվելով ծաղկազարդ լանջերին և մութ ու խոնավ կիրճերով և գլորվեց մինչև Դամբանաբլուրներ։ Հոբիթները լսեցին պատմություն մեծ Գերեզմանոցների ու կանաչ դամբանաթմբերի մասին, ատամնավոր քարե թագերով պսակված բլուրների և բլուրների մեջ գտնվող անձավների մասին։ Մայում էին ոչխարները։ Վեր էին բարձրանում հզոր պարիսպներն ու վիթխարի բազմաշտարակ ամրոցները։ Դրանց տերերը կատաղի կռվում էին մեկմեկու հետ, և ջահել արևը բոսոր փայլում էր արյունատենչ թրերի շեղբերին։ Հաղթանակները փոխվում փոխարինվում էին ջախջախումով, թնդյունով ավերվում էին աշտարակները, վառվում էին խրոխտ ամրոցները, և կրակը երկինք էր խոյանում։ Ոսկի էր սփռվում մեռած արքաների դամբարաններում, քարե կամարները փլվում էին, ծածկվում էին հողով, և այդ ամենի վրա փարթամ խոտ էր աճում։ Կրկին մայում էին ոչխարները, արածում դամբարանների վրա աճած խոտը, ապա նորից ամեն ինչ ամայանում էր։ Հեռավոր հեռվից, մութ ու չար երկրից, մոտենում էր Անհաղթահարելի Խավարը՝ անհանգստացնելով գերեզմաններում հանգստացող ոսկորներին։ Դատարկ Դամբարաններում բնակվեցին Հոգեառ-ուրվականներ, թանկարժեք մատանիները զրնգացին նրանց սառած մատներին, և զրնգացին ոսկի մանյակները՝ մեռյալ ղողանջներով կրկնելով քամու կանչերը։ Իսկ համր բլուրների քարե թագերը ջարդված սպիտակ ատամների պես ցոլցլում էին լուսնի լույսի տակ։
Հոբիթները սարսափի մեջ էին։ Գերեզմանոցների ու Հոգեառների մասին մռայլ պատմությունները հասնում էին նույնիսկ Հոբիթստան։ Բայց դրանք հոբիթների սիրելի հեքիաթների դասից չէին, և նրանք խուսափում էին պատմել այդ խորհրդավոր ուրվականների մասին նույնիսկ խաղաղ բուխարու կողքին: Չորսն էլ միանգամից հասկացան, որ այս հյուրընկալ ու հուսալի տունը գտնվում է հենց ահասարսուռ Գերեզմանոցի սահմանին։ Նրանք նույնիսկ դադարեցին լսելուց և նստած տեղերում մեկը մյուսին նայելով երկչոտ շարժվեցին։