Changes
/* 5. Ես ձեր փեսան եմ */
== 5. Ես ձեր փեսան եմ ==
Ես Քարայի փեսա Էնիշթե էֆենդին եմ, բայց ուրիշներն ինձ պարզապես Փեսա են ասում։ Մի ժամանակ Քարայի մայրն ուզում էր, որ նա ինձ այդպես կոչի, հետո բոլորը սկսեցին ինձ այդպես անվանել։ Դա սկսվեց Քարայի՝ մեր տուն գնալ-գալիս՝ երեսուն տարի առաջ, այն բանից հետո, երբ տեղափոխվեցինք Աքսարայի ետևի շագանակենիների ու լորենիների ստվերում թաղված մութ ու խոնավ փողոցի տունը։ Դա մինչև այս տուն տեղափոխվելն էր։ Երբ ամռանը Մահմուդ փաշայի հետ գնում էի ճանապարհորդության, աշնանը Ստամբուլ վերադառնալիս տեսնում էի, որ Քարան և մայրը մեր տանն են։ Նրա լուսահոգի մայրն իմ լուսահոգի կնոջ քույրն էր։ Երբեմն էլ ձմռան երեկոներին տուն վերադառնալիս տեսնում էի, որ նրա մայրն ու կինս փաթաթվել են իրար, արցունքոտ աչքերով միմյանց խնդիրներից են խոսում։ Հայրը երկու փոքր ու հեռու մեդրեսեներում էր դաս տվել, բայց ոչ մի տեղ երկար չէր մնացել։ Նյարդային մարդ էր ու շատ էր խմում։ Քարան այդ ժամանակ վեց տարեկան էր, երբ մայրն արտասվում էր, ինքն էլ էր արտասվում, լռելիս՝ լռում։ Ինձ՝ փեսային, վախով էր նայում։ Հիմա գոհ եմ նրան իմ առջև որպես վճռական, հասուն և հարգալից զարմիկ տեսնելու համար։ Իմ հանդեպ ցուցաբերած հարգանքը, ձեռք համբուրելիս՝ ուշադրությունը, նվեր բերած մոնղոլական թանաքամանը տալիս «միայն կարմիր թանաքի համար է» ասելը, իմ առջև ծնկներն ուշադրությամբ միմյանց միացրած, հավաք նստելը, այս ամենն ինձ կրկին հիշեցնում էին, որ նա ոչ միայն խելացի, հասուն մարդ է, այլև ինձ հիշեցնում է, որ ես այն ծեր մարդն եմ, որ միշտ ուզել էի լինել։ Նա հորն էր նման, ում մեկ-երկու անգամ եմ տեսել, բարձրահասակ, նիհար, ձեռքերի մի քիչ նյարդային շարժումներով, բայց դա նրան սազում էր։ Ձեռքերը ծնկներին դնելը, երբ ես կարևոր բան էի ասում, «հասկանում եմ, հարգանքով լսում եմ» ասող հայացքով իմ աչքերի մեջ ոգևորությամբ նայելը և իմ խոսքերի ռիթմին համապատասխան գլուխը շարժելը տեղին էին։ Այս տարիքում գիտեմ, որ իսկական հարգանքը ոչ թե սրտից է գալիս, այլ փոքրիկ կանոններից և գլուխ խոնարհելուց։ Մայրը որդու համար մեր տանն ապագա էր տեսնում, այդ պատճառով նրան հաճախ էր բերում այստեղ։ Այդ տարիներին նրա սերը գրքի հանդեպ մեզ ավելի մտերմացրեց, և ինչպես ընտանիքս էր ասում, նա դարձավ իմ աշակերտը։ Նրան պատմում էի Շիրազի նկարիչների մասին, ովքեր նկարի ամենավերևում նուրբ գիծ են գծում և այդպիսով Շիրազում նոր ոճ են ստեղծել։ Նրան պատմում էի, որ մինչ բոլորը Լեյլայի սիրուց խենթացած Մեջնունին նկարում են անապատներում տառապելիս, մեծ վարպետ Բեհզադը կարողացել է նրան միայնակ պատկերել ճաշ եփող, փչելով ուտելիքը հովացնող, վրանների արանքով քայլող կանանց բազմության մեջ։ Նրան ասում էի, թե որքան ծիծաղելի է, որ Նիզամիի բանաստեղծությունը չկարդացած նկարիչները Խոսրովի՝ կեսգիշերին Շիրինին լճում մերկ լողանալիս տեսնելու նկարում սիրահարների ձիերը և հագուստները իրենց ուզած ներկերով են ներկում։ Եթե այնքան անտարբեր են, որ բանաստեղծությունն ուշադրությամբ չեն կարդում, ուրեմն ձեռքը վրձին են առել միայն փող վաստակելու համար։ Հիմա ուրախությամբ տեսնում եմ, որ Քարան այլ հիմնական գիտելիքներ էլ է ձեռք բերել։ Եթե նկարչության և արվեստի մեջ հիսաթափվել չես ուզում, ուրեմն մի՛ դարձրու քո մասնագիտությունը։ Որքան էլ ընդունակություններ և տաղանդ ունենաս, փող և իշխանություն այլ տեղ փնտրիր, որպեսզի ընդունակությանդ և տաղանդիդ դիմաց ոչինչ չստանալով՝ արվեստից չխռովես։ Պատմեց, որ Ստամբուլի և ծայրամասերի փաշաների ու հարուստների համար գրքեր գրելու պատճառով մեկ առ մեկ ճանաչում է Թավրիզի վարպետ նկարիչներին և ծաղկողներին, և որ նրանք աղքատ են ու հուսահատ։ Ոչ միայն Թավրիզում, Մեշհեդում, Հալեպում շատ նկարիչներ աղքատության և անտարբերության պատճառով թողել են նկարելը ու սկսել են ֆրանսիացի ճանապարհորդներին զվարճացնող տարօրինակ բաներ և բաց տեսարաններով նկարներ անել։ Ասել էր, որ Շահ Աբբասի՝ Թավրիզի հաշտության պայմանագրի ժամանակ մեր սուլթանին նվիրած գրքի թերթերը հնացել են և սկսել են որպես այլ գիր օգտագործվել։ Հնդիկ սուլթան Էքբերը նոր մեծ գրքի համար սկսել է գումարներ վճարել այդ պատճառով Թավրիզի և Քազվինի ամենափայլուն նկարիչները գործը թողնելով՝ վազել են նրա պալատ։
Այս ամենն ինձ պատմելիս երբեմն էլ խոսքին այլ հետաքրքրիր պատմություններ էր խառնում, օրինակ՝ մի հավատացյալ մուսուլմանի զվարճալի պատմությունը կամ էլ սեֆեվիդների՝ ի նշան հաշտության ուզբեկներին պատանդ հանձնած հիմար արքայազնի՝ երեք օրվա մեջ սպանվելու հետ կապված իրարանցումն էր նկարագրում և ժպտում ինձ։ Բայց աչքերին ընկած ստվերից հասկանում եմ, որ երկուսիս էլ վախեցնող այդ դժվար խնդիրը դեռ չի փակվել։
― Մի նկարիչ ունեի,ասացի ես,― մեր սուլթանի այս գաղտնի գրքի համար մյուս նկարիչների պես թաքուն ինձ մոտ էր գալիս, մինչև առավոտ աշխատում էինք։ Ամենալավ գրիչներից մեկն էր։ Խեղճ Զարիֆ էֆենդին մի գիշեր այստեղից դուրս եկավ և տուն չվերադարձավ։ Վախենում եմ, որ իմ վարպետ գրչին սպանած լինեն։
== 6. Ես Օրհանն եմ ==