Changes
==11==
::::Ցանկացած ցանկություն
:::::Քեզ տրվում է ուժերի հետ միասին,
::::::որոնք անհրաժեշտ են
:::::այն իրականացնելու համար։
::::::Հնարավոր է, սակայն,
:::::որ ստիպված լինես ջանալ։
:Մենք վայրէջք կատարեցինք հսկայական արոտավայրում լողալու եւ ջրխմոցի համար նախատեսված երեք ակր մեծությամբ արհեստական լճակի կողքին, քաղաքներից հեռու ինչ֊որ տեղ՝ Ինդիանա եւ Իլինոյս նահանգների սահմանին։ Ոչ մի ուղեւոր․ ես մտածեցի, որ մեզ համար հանգստյան օր է։
: — Լսի՛ր,— ասաց նա։— Չէ՛, մի՛ լսիր, պարզապես միտր լռության մեջ ու հետեւիր։ Այն, ինչ կտեսնես, բոլորովին էլ հրաշք չէ։ Կարդա միջուկային ֆիզկայի քո գրքույկը… նույնիսկ երեխան կարող է քայլել ջրի վրայով։
: Ասաց եւ թվում է նույնիսկ չնկատելով, որ ջուր է, շրջվեց ու մի քանի յարդ անցավ լճակի երեսով։ Ասես լճակը ամառային շոգ օրվա տեսլապատրանք լիներ՝ քարե լճի վրա։ Նա հաստատուն կանգնել էր ջրերին։ Ո՛չ ալիքները, ո՛չ մեղմ ծփանքը չէին թրջում ամառային կոշիկները։
: — Ահա,— ասաց նա։— Արի՛։ Հիմա դու։
: Ես իմ աչքով տեսա։ Դա հնարավո՜ր օր, ու հավանաբար այն պատճառով, որ կանգնած էր այնտեղ, գնացի, որ միանամ նրան։ Այնպիսի զգացում էր, ասես քայլում ես թափանցիկ երկնագույն մոմլաթի վրայով, ու ես ծիծաղեցի։
: — Դո՛նալդ, այս ի՞նչ ես անում ինձ հետ։
: — Ես պարզապես քեզ ցույց եմ տալիս այն, ինչ ամեն ոք վաղ թե ուշ սովորելու է,— ասաց նա,— ուղղակի դու ձեռքս ընկար։
: — Բայց ես…
: — Լսի՛ր, ջուրը կարող է պինդ լինել,— նա ոտքը խփեց ջրին, ու ձայնն այնպիսին էր, ասես կաշվե առարկայով քարի էր խփել,— կամ չլինել։— Նա նորից խփեց, ու կոշկատակից ցայտած ջուրը թրջեց մեզ։— Ըմբռնեցի՞ր։ Հապա փորձիր։
: Ի՜նչ արագ ենք վարժվում հրաշքներին։ Մեկ րոպեից էլ պակաս ժամանակ անցավ, ես սկսեցի մտածել, որ ջրի վրայով քայլելը հնարավոր է, բնական… ի՜նչ մի դժվար բան է։
: — Բայց եթե ջուրը հիմա պինդ է, ինչպե՞ս կարող ենք այն խմել։
: — Ճիշտ այնպես, ինչպես վրայով քայլում ենք, Ռի՛չարդ, այն պինդ չէ եւ հեղուկ չէ։ Ես ու դու ենք որոշում՝ ինչպիսին է լինելու մեզ համար։ Եթե ուզում ես, որ ջուրը հեղուկ լինի, մտածիր որ հեղուկ է ու խմիր։ Եթե ուզում ես օդ դառնա, քեզ այնպես պահիր, ասես օդ է ու շնչիր։ Փորձի՛ր։
: Գուցե դա ինչ֊որ կերպ առնչվում է հոգու վեհացմա՞նը՝ մտածեցի ես։ Գուցե թույլատրելի է, որ այդ ամենը կատարվի որոշակի, ասենք՝ հիսուն ոտնաչափ շառավղով տարածության մեջ…
: Ես խոնարհվեցի ջրի վրա ու երեսս թաղեցի լճակի մեջ։ Հեղո՜ւկ է։ Հետո պառկեցի, դեմքս սուզեցի նրա երկնագույնի մեջ ու վստահ ներշնչեցի։ Շնչվում էր տաք հեղուկ թթվածնի պես, առանց խեղդելու, առանց շնչահեղձ անելու։ Ես նստեցի տեղս ու հարցական նայեցի Շիմոդային՝ ենթադրելով, որ նա գիտի, թե ինչ եմ մտածում։
: — Խոսի՛ր,— ասաց նա։
: — Ինչո՞ւ պիտի խոսեմ։
: — Որովհետեւ այն, ինչ պիտի ասվի, ավելի լավ է բառերով արտահայտել։ Խոսի՛ր։
: — Եթե մենք կարող ենք քայլել ջրի վրայով, շնչել այն, խմել, ինչո՞ւ չենք կարող նույն կերպ վարվել հողի հետ։
: — Այդպե՜ս, լա՛վ։ Ուշադիր եղիր…
: — Նա թեթեւաքայլ, ասես նկարած լճի վրայով, գնաց դեպի ափը։ Բայց երբ ոտքերը դիպան հողին, այնտեղ, ուր ավազից հետո խոտն էր, սկսեց սուզվել, մինչեւ որ մի քանի քայլից մինչեւ ուսերը չթաղվեց հողի ու կանաչի մեջ։ Ասես լճակն անսպասելիորեն կղզի էր դարձել՝ հողի ծովում։ Միառժամանակ նա լողում էր արոտավայրում՝ շուրջը կավի գորշ կաթիլներ շաղելով, հետո բարձրացավ֊մնաց մակերեւույթին, ապա վեր կացավ ու քայլեց։ Եվ անսպասելի հրաշք էր հողի վրայով քայլող մարդ տեսնելը։
: Ես կանգնել էի ջրի երեսին ու ծափահարում էի։ Նա խոնարհում արեց ու ծափահարեց ի պատասխան։ Ես քայլեցի դեպի լճակի եզրը, պատկերացրի, որ հողը հեղուկ է ու ոտնաթաթիս ծայրով դիպա ափին։ Խոտը ալիք֊ալիք ծփաց։ Հողը խո՞րն է։ Ես քիչ էր մնում բարձրաձայն հարցնեի։ Հողն այնքան խորն էր, որքան պատկերացնում էի։ Երկու ոտնաչափ խորություն։ Ու ես քայլեցի ծանծաղուտով։ Վստահորեն ոտքս դրեցի ափին ու գլխովին թաղվեցի, սուզվեցի վայրկենապես։ Հողի տակ մութ էր, սեւ ու թաց, եւ ես սկսեցի դուրս պրծնել դեպի վեր, շունչս պահած, թպրտալով՝ դեպի պինդ ջուրը, դեպի լճակի եզրը, որից կարելի էր կառչել։
: Դոնը նստել էր խոտին ու ծիծաղում էր․
: — Քեզ հայտնի՞ է, որ հրաշալի աշակերտ ես։
: — Ոչ մի աշակերտ էլ չեմ։ Դո՛ւրս քաշիր ինձ այստեղից։
: — Ինքդ դուրս եկ։
: Ես դադարեցրի պայքարը․ ես հողը պինդ եմ տեսնում ու հենց հիմա կարող եմ դուրս գալ։ Ես նրան պինդ եմ տեսնում… Ու ես դուրս եկա՝ ոտից գլուխ պնդացած ցեխի կեղեւով պատված։
: — Երիտասա՛րդ, բայց դու լրիվ ցեխակոլոլ եղար այս ընթացքում։
: Նրա երկնագույն վերնաշապիկի ու ջինսի վրա ոչ մի փոշեհատիկ, ոչ մի բիծ չկար։
: — Ա՜խ,— ես թափ տվի ցեխը մազերիցս, հողի փշուրներն ականջներիցս դուրս թափեցի։ Վերջում հանեցի դրամապանակս, գցեցի խոտին, մտա ջուրն ու սկսեցի լվացվել ավանդական եղանակով։
: — Ես գիտեմ, որ մաքրվելու սրանից լավ ձեւ կա։
: — Ճիշտ է, ավելի արագ։
: — Միայն թե մի՛ ասա։ Պարզապես նստիր ու ծիծաղիր, թող ինքս գլխի ընկնեմ։
: — Օʼքեյ։
: Ի վերջո, ջրաշիթեր թողնելով, ստիպված էի մոտենալ Ֆլիտին ու փոխել շորերս՝ թաց հագուստս կախելով թեւի ամրաններից։
: — Ռի՛չարդ, չմոռանաս այն, ինչ արեցիր այսօր։ Հեշտ են մոռացվում այն ժամանակները, երբ հասկանում էիր աշխարհը, եւ օրերից մի օր մտածում ես, թե դրանք երազներ կամ հնացած հրաշքների էին։ Ոչ մի լավ բան հրաշք չէ, ոչ մի հրաշալիք երազ չէ։
: — Աշխարհը երազ է՝ ինքդ էիր ասում, ու երբեմն այն հրաշալի է։ Մայրամո՛ւտ։ Ամպե՛ր։ Երկի՛նք…
: — Ո՛չ։ Պատկերն է երազ։ Գեղեցկությունն իրական է։ Կարո՞ղ ես ըմբռնել տարբերությունը։
: Ես, համարյա ըմբռնելով, գլխով արեցի։ Ավելի ուշ ծածուկ նայեցի տեղեկատուն։
::Աշխարհը
::::քո աշակերտական տետրն է,
::::որի էջերին խնդիրներդ ես լուծում։
::Դա իրականություն չէ,
::::թեեւ կարող ես
:::իրականությունն արտացոլել այնտեղ,
::::եթե ցանկանաս։
::Դու նաեւ ազատ ես՝
::::անհեթեթություններ գրելու այնտեղ
::::::կամ սուտ,
:::::կամ պատռելու էջերը։
==12==
::Իսկական մեղքն
::::::այն է,
::::երբ սահման են դնում Գոյին։
::Չանե՛ս։
: Խաղաղ, տաք օր, հենց նոր տեղացած անձրեւահեղեղից թրջված մայթ։ Մենք գնում ենք քաղաք։
: — Դո՛ն, դու կարող ես անցնել պատերի միջով, ճի՞շտ է։
: — Ոչ։
: — Երբ դու հարցին «ոչ» ես պատասխանում, ես գիտեմ, որ դա «այո» է, ուղղակի նշանակում է, որ քեզ դուր չի գալիս հարցադրումը։
: — Ի՜նչ դիտունակն ենք, չէ՞,— ասաց նա։
: — Պրոբլեմն անցնելո՞ւ մեջ է, թե՞ պատերի։
: — Այո՛։ Եվ ավելի։ Քո հարցը ենթադրում է, որ ես գոյություն ունեմ մեկ սահմանափակ տարածություն֊ժամանակի մեջ եւ գնում եմ դեպի այլ տարածություն֊ժամանակ։ Այսօր ես տրամադրված չեմ ընդունելու ինձ ուղղված կեղծ հղումներդ։
: Ես խոժոռվեցի։ Նա գիտե՝ ինչի մասին եմ հարցնում։ Ինչո՞ւ շիտակ չպատասխանեց, ինչո՞ւ թույլ չտվեց իմանամ՝ ինչպես են կատարվում նման բաները։
: — Սա իմ թույլ փորձն էր օգնելու, որ ավելի ճշգրիտ լինես քո մտածողության մեջ,— մեղմ ասաց նա։
: — Օʼքեյ։ Դու կարո՞ղ ես այնպես անել, որ թվա՝ անցնում ես պատերի միջով, եթե ցանկանաս։ Այսպիսի հարցադրումնե ավելի՞ լավն է։
: — Այո։ Ավելի լավն է։ Բայց եթե ուզում ես ճշգրին լինել…
: — Մի՛ ասա։ Ես գիտեմ ինչպես արտահայտեմ այն, ինչը նկատի ունեմ։ Ահա իմ հարցը․ ինչպե՞ս է լինում, որ դու կարողանում ես սահմանափակ նույնացման պատրանքը, ուրը սույն հավատքի մեջ արտահայտված է այնպիսի տարածական֊ժամանակային կոնտինուումով, ինչպիեին քո «մարմինն» է, անցկացնել «պատ» կոչվող նյութական սահմանափակման պատրանքի միջով։
: — Կեցցե՛ս,— ասաց նա։— Երբ ճիշտ ես դնում հարցը, այն ինքնին դառնում է պատասխան, այնպես չէ՞։
: — Ոչ, հարցն ինքն իրեն չպատասխանեց։ Ինչպե՞ս ես անցնում պատերի միջով, Դո՛ն։
: — Ռի՜չարդ։ Համարյա բռնել էիր պատասխանը, իսկ հետո վերցրիր ու քամուն տվիր։ Ես չեմ կարով անցնել պատերի միջով… Երբ դու այդպես ես խոսում, ենթադրում ես մի բան, որը ես ընդհանրապես չեմ ենթադռում, իսկ եթե սկսեմ ենթադրել, ապա պատասխանս այսպիսին կլինի․ «Ես չեմ կարող»։
: — Բայց, Դո՛ն, չէ՞ որ այնքան դժվար է ամեն ինչ այդքան ճշգրիտ շարադրելը։ Մի՞թե չգիտես, թե ես ինչը նկատի ունեմ։
: — Ուրեմն, քանի որ դժվար է, դու չես փորձում անել այդ։ Սկզգում քայլելն էլ դժվար էր, բայց ու վարժվացիր ու հիմա այնպես ես քայլում, ասես բոլորովին էլ դժվար չէ։
: Ես հոգոց հանեցի․
: — Դե լավ, թողնենք այդ հարցը։ Ես այն թողնում եմ։ Իմ հարցն է․ դու ի՞նչ ես կարող։
: Նա ինձ այնպես նայեց, ասես տագնապելու ոչինչ չուներ։
: — Ուրեմն, դու ասում ես, որ մարմինը պատրանք է ու պատն էլ պատրանք է, իսկ նույնացումն՝ իրականություն, եւ այն անհնար է սասանել պատրանքներով։
: — Ես նման բան չեմ ասում։ Դո՛ւ ես ասում։
: — Բայց դա ճշմարտություն է։
: — Իհարկե,— ասաց Դոնալդը։
: — Եվ դու դա ինչպե՞ս ես անում։
: — Ռի՛չարդ, ոչինչ էլ չպիտի անես։ Դու պատկերացնում ես, որ դա արդեն արվել է, ահա եւ ամբողջը։
: — Ա՛յ քեզ բան։ Մեղմ է հնչում։
: — Դա նույն քայլելն է։ Քեզ զարմացնո՞ւմ է, որ մի ժամամնակ դժվար է եղել քայլել սովորելը։
: — Դո՛ն։ Պատերի միջով անցնելն ինձ համար հիմա դժվար չէ։ անհնա՜ր է։
: — Քեզ թվում է, եթե նորից ու նորից կրկնես «անհնար է», հազար անգամ կրկնես, ապա բոլոր դժվար բաները քեզ համար կհեշտանա՞ն։
: — Ների՛ր, դա հնարավոր է, եւ կանեմ, երբ հասնի ժամանակը։
: — Մարդի՛կ, նա քայլում է ջրերի վրայով, ամպ է քշում ու վհատվել է նրանից, որ չի անցնում պատերի միջով։
: — Բայց այդ ամենը հեշտ էր, իսկ սա…
: — Պաշտպանի՛ր, պաշտպանի՛ր քո սահմանափակումները, եւ նրանք քոնը կլինեն,— երգեց նա։— Մի շաբաթ առաջ դու չէ՞իր հողի մեջ լող տվողը։
: — Եղել է նման բան։
: — Իսկ պատը նույն հողը չէ՞, բայց՝ ուղղահայաց։ Մի՞թե քեզ համար նշանակություն ունի, թե որ ուղղությամբ է շարժվում պատրանքը։ Հորիզոնական պատրանքները հաղթահարելի են, ուղղահայացները՝ ո՞չ։
: — Դո՛ն, կարծես թե դու ինձ համբերությունից հանում ես։
: — Այդպե՜ս, եթե ես քեզ համբերությունից հանում եմ, ուրեմն եկել է քեզ մի քիչ մենակ թողնելու ժամանակը։
: Քաղաքի վերջին շենքը ցորենի եւ անասնակերի պահեստն էր՝ մեծ, նարնջագույն աղյուսից մի շինություն։ Ինձ թվաց, թե նա ուզում է ինքնաթիռների կողմը գնալ ուրիշ ճանապարհով, ուրիշ, ինչ֊որ գաղտնաթաքույց արահետ բռնելով։ Ամենակարճ ճանապարհն աղյուսաշեն պատի միջով էր։ Դոնալդն անսպասելիորեն շրջվեց աջ ու անհայտացավ։ Ես հիմա մտածում եմ՝ եթե անմիջապես շրջվեի նրա հետ, ես էլ կանցնեի պատի միջով։ Բայց ես պարզապես կանգնել էի մայթին եւ այն կետին էի նայում, որտեղ նա էր մի քիչ առաջ։ Երբ ձեռքս պարզեցի ու դիպա աղյուսին, դա պինդ աղյուս էր։
: — Երբեւէ, Դո՛նալդ,— ասացի ես,— երբեւ է…
: Ու երկար ճանապարհով, միայնակ, գնացի ինքնաթիռների կողմը։
: — Դոնալդ,— ասացի դաշտին հասնելով,— ես հանգեցի եզրակացության, որ դու պարզապես չես ապրում այս աշխարհում։
: Նա վախեցած ինձ նայեց ինքնաթիռի թեւի վրայից, որտեղ բաքը բենզին լցնել էր սովորում։
: — Իհարկե՝ ոչ։ Բայց դու մի՞թե կարող ես տալ որեւէ մեկի անունը, որ ապրում է։
: — Դու ի՞նչ նկատի ունես, Դո՛ն։ Ես ապրում եմ այս աշխարհում։
: — Հրաշալի՛ է,— ասաց նա, կարծես ես անկնախ հետաքննությամբ մի սոսկալի գաղտնիք էի բացահայտել։— Հիշեցրու՝ քեզ այսօր լանչով պատվեմ… Ես ցնցված եմ նրանից, որ դու երբեք չես դադարում սովորել։
: Ես շվարել էի։ Դոնն այդ ասում էր առանց սարկազմի կամ հեգնանքի։ Նա նկատի ուներ այն, ինչ ասում էր։
: — Չեմ հասկանում քեզ, Դո՛ն։ Իհարկե, ես ապրում եմ այս աշխարհում։ Ես ու էլի չորս միլիարդ մարդ։ Այդ դու ես, որ…
: — Տե՜ր Աստված, Ռի՛չարդ։ Դու լո՜ւրջ ես ասում։ Լանչը չի կայանա։ Ոչ մի նրբերշիկ, ոչ մի գարեւջուր, ընդհանրապես ոչինչ։ Իսկ ինձ թվում էր, թե յուրացրել ես հիմանակն գիտելիքը,— նա լռեց եւ խղճահարված ու չարությամբ վերեւից վրաս նայեց։— Եվ այսպես, դու համոզված ես։ Դու, պարզվում է, ապրում ես այն նույն աշխարհում, որտեղ ապրում է, ասենք, բորսայի մակլերը, այո՞։ Քո կյանքը հենց նոր գլուխկոնծի տվեց ու փոխվեց, ենթադրենք, նոր քաղաքականության՝ արժեթղթերի վերանայման հետեւանքով, ընդ որում՝ փայատերերը կորցնում են ներդումների հիսուն տոկոսից ավելին, այնպես չէ՞ Դու նույն աշխարհում ես, որտեղ մրցաշխարերի մասնակի շախմատիստն է ապրում, այո՞։ Այս շաբաթ Նյու Յորքում մրցաշար է սկսվել։ Պետրոսյանը, Ֆիշերն ու Բրաունը Մանհեթընում պայքարում են կես միլիոն դոլար խաղագումարի համար, իսկ դու ի՞նչ ես անում Օհայո նահանգում, Մեյթլենդի ինչ֊որ արոտավայրում։ Դու քո 1929 թվի արտադրության Ֆլիտի հետ վայրէջք ես կատարել ինչ֊որ ագարակատիրոջ դաշտում, այդ նույն ագարակատիրոջ՝ քեզ համար կենսականորեն անհրաժեշտ թույլտվությամբ, մարդկանց հետ, որ ցանկանում են տաս րոպե զբոսնել Քինների շարժիչ ունեցող ու ամպրոպից մահու չափ վախեցող ինքնաթիռով… Ի՞նչ ես կարծում, քանի մարդ է ապրում քո աշխարհում։ Դու ասում ես, որ քո աշխարհում ապրում է չորս միլիարդ մա՞րդ։ Դու այդտեղ, ներքեւում կանգնել ու ինձ ասում ես, թե չորս միլիարդ մարդ չորս միլիարդ առանձին աշխարհներո՞ւմ չեն ապրում․ դու ինչ է, ինձ հիմարի տե՞ղ ես դրել։
: Նա զայրույթից շնչակտուր էր լինում, ու խոսքն ահավոր արագ էր։
: — Դո՛ն, ես համարյա գզում էի այդ յուրահատուկ սոուսով նրբերշիկների համը։
: — Ների՛ր, ես երջանիկ կլինեի դրանք գնելու քեզ համար, բայց, ավա՜ղ, ավելի լավ է մոռանաս այդ մասին։
: Դա վերջին անգամն էր, որ մեղադրեցի նրան, թե չի ապրում այս աշխարհում, եւ բավական ժամանակ կորցրի՝ հասկանալու այն բառերը, որոնց վրա բացվել էր տեղեկատուն․
::Եթե դու ինչ֊որ ժամանակ վարժվես
::::ապրել որպես հորինված կերպար,
:::::կհասկանաս,
::::::որ հորինված բնավորությունները
:::::երբեմն ավելի իրական են,
::::::քան մարմինն ու սիրտ
::::ունեցող մարդիկ։
==13==
::Քո խիղճը
:::եսասիրությանդ
::::ազնվության չափանիշն է։
::::::Ուշադի՛ր լսիր նարն։
: — Մենք բոլորս ազատ ենք անելու այն ամենն, ինչ ցանկանում ենք,— ասաց նա այդ նույն երեկոյան։— Միթե դա պարզ ու պայծառ ու ակնհայտ չէ։ Սա չէ՞ Տիեզերքի կառավարմանը տանող մեծ ուղին։
: — Համարյա այդպես է։ Բայց դու մոռացել ես բավական կարեւոր մասը,— ասացի ես։
: — Իսկապե՞ս։
: — Մենք բոլորս ազատ ենք անելու այն ամենն, ինչ ցանկանում ենք, քանի դեռ որեւէ մեկին վնաս չենք պատճառում,— հանդիմանեցի նրան։— Ես գիտեմ, որ դու հենց այդ նկատի ունեիր, բայց հարկ է, որ ասես այն, ինչը նկատի ունես։
: Հանկարծ խավարի խորքից քստքստացող ոտնաձայն լսվեց, ու ես արագ բարձրացրի գլուխս․
: — Լսեցի՞ր։
: — Այո։ Կարծես այնտեղ ինչ֊որ մեկը կա,— Դոնը վեր կացավ ու դիմեց դեպի խավարը։ Եվ հանկարծ նա ծիծաղեց ու ինչ֊որ անուն տվեց, որը ես լավ չլսեցի։— Ամեն ինչ կարգին է,— լսվեց նրա ձայնը։— Ոչ, մենք ուրախ կլինեինք քեզ համար… Չարժե թափառել շուրջբոլորը, գնա՛նք։ Մենք քեզ հրավիրում ենք, իսկապե՛ս…
: — Շնորհակալությո՛ն։ Ես չէի ցանկանա անկոչ հյուր լինել ու փչացնել ձեր երեկոն։
: Ձայնը խոսում էր ուժեղ ակցենտով՝ ոչ այն է ռուսական, ոչ այն է չեխական, բայց ավելի շատ, թերեւս, նման էր տրանսիլվանյանի։ Մարդը, ում Շիմոդան առաջնորդեց դեպի կրակը… դե ինչ, անսովոր էր գիշերվա կեսին նման մեկին հանդիպել արեւմուտքում։ Փոքրիկ, թուլակազմ, գայլանման մի մարդուկ, որը վախեցնում էր իր կերպարանքով․ իրիկնազգեստով էր, վրայից՝ ատլասե աստառ ունեցող, կնգուղավոր սեւ թիկնոց,— լույսի տակ նա մոլորված տեսք ուներ։
: — Այս կողմերով էի անցնում,— ասաց նա։— Այս արտը դեպի իմ դաշտը տանող ամենակարճ ճանապարհն է…
: — Իսկապե՞ս,— Շիմոդան չէր հավատում նրան, գիտեր, որ ստում է, սայց եւ, միեւնույն ժամանակ, մի կերպ զսպում էր իրեն, որ բարձրաձայն չծիծաղի։ Ես հույս ունեի, որ շուտով կհասկանամ ինչն ինչոց է։
: — Հարմար տեղավորվեք,— ասացի ես։— Կարո՞ղ ենք որեւէ բանով ձեզ օգտակար լինել։
: — Ես այնքան էլ համոզված չէի, թե կարող եմ օգտակար լինել, սակայն մարդուկը լրիվ փշաքաղվել էր եւ այնքան դժբախտ տեսք ուներ, որ իսկապես ցանկացա՝ իպեն անկաշկանդ զգա, եթե կարող է։ Նա ժպտալով նայեց ինձ, ու ես այդ հայացքից սահմռկեցի։
: — Այո,— ասաց նա,— կարող եք ինձ օգնել։ Հավատացե՛ք, դա ինձ շատ է պետք։ Այլապես չէի խնդրի… Կարելի՞ է խմել ձեր արյունը։ Մի չի՜չ, դա իմ կերակուրն է։ Ի դժբախտություն ինձ, ես մարդկային արյան կարիք եմ զգում…
: Գուցե ակցենտից էր, գուցե նա այնքան էլ լավ չէր տիրապետում անգլերենին, կամ էլ լավ չհասկացա ասածը, բայց շատ ավելի արագ վեր կացա, քան այդ անում էի բազում ամիսների ընթացքում, եւ այդ սրընթաց շարժումից ծղոտ թռավ կրակի մեջ։
: Մարդուկը ետ քաշվեց․
: — Ես ընդհանրապես անվտանգ եմ, բայց եւ փոքր մարդ չեմ ու կարող եմ սպառնալի տեսք ունենալ,— նա տխուր֊տրտում շրջվեց։— Սը՛ր։ Ներեցե՛ք ինձ։ Ներեցե՛ք։ Խնդրում եմ, մոռացեք այն, ինչ ասացի արյան մասին։ Բայց գիտե՞ք ինչ…
: — Դուք այդ ի՞նչ եք ասում։— Ես ավելի գազազեցի նրանից, որ վախեցել էի։— Ի՜նչ ցնդաբանություն եք խոսում, սատանան տանի, պարո՛ն։ Չգիտեմ, թե ով եք, ինչ եք, գուցե որեւէ ՎԱՄ…
: Շիմոդան խոսքս կտրեց ավելի արագ, քան կավարտեի բառը․
: — Ռի՛չարդ, մեր հյուրը խոսում էր, իսկ դու ընդհատեցիր նրան։ Խնդրում եմ, սը՛ր, շարունակեք, իմ ընկերը փոքր֊ինչ անհամբեր է։
: — Դո՛նալդ,— ասացի,— այս տղան…
: — Սո՛ւս…
: Ես այն աստիճան ապշած էի, որ սսկվեցի ու միայն աննկարագրելի սարսափով նայում էի այդ տարօրինակ արարածին, որը մեր խարույկի լույսով խլվել էր իր համար սովորական խավացից։
: — Խնդրում եմ, հասկացեք,— դադարիր հետո վեհերոտ խոսվեց նա։— Չէ որ վամպիր ծնվելն իմ ընտրությունը չէ։ Դա դժբախտություն է։ Ես այնքան քիչ բարեկամներ ունեմ։ Բայց ամեն գիշեր, ամեն գիշեր ես պիտի մի քիչ, գոնե չնչին չափով մարդկային արյուն առնեմ, հակառակ դեպքում կտառապեմ ահավոր ցավերից։ Ես, եթե այն չստանամ, չեմ կարողանա ապրել։ Խնդրո՜ւմ եմ․ ինձ համար շատ ցավոտ կլինի ու ես կմեռնեմ, եթե չթողնեք ծծեմ ձեր արյունը…
: Նա շրթունքները լիզելով՝ մի քայլ մոտեցավ, մտածելով, թե Շիմոդան վերահսկում է ինձ եւ ինչ֊որ կերպ կկարողանա ստիպել, որ ենթարկվեմ։
: — Էլի մի քայլ, եւ անպայման արյուն կլինի, պարո՛ն։ Դիպեք ինձ եւ կմեռնեք։
: Ես, ամենայն հավանականությամբ, չէի սպանի նրան, բայց եւ չէի ցանկանում գործ ունենալ հետը, համենայնդեպս՝ առայժմ։ Հավանաբար վամպիրը հավատաց ինձ, որոհետեւ կանգ առավ ու հոգոց արձակեց։ Նա դարձավ Շիմոդային․
: — Ձեր ուզածին հասա՞ք։
: — Կարծում եմ՝ այո։ Շնորհակա՛լ եմ։
: — Եվ այստեղ վամպիրը ժպտաց ինձ՝ անկեղծորեն, իրենից չափազանց գոհ, ինչպես դերասանը բեմի վրա, երբ ներկայացումն ավարտվում է։
: — Հանդարտվեք, ես ձեր արյունը չեմ խմի, Ռի՛չարդ,— բարեկամաբար ասաց նա կատարյալ անգլերենով, առանց որեւէ ակցենտի, ու մինչ նայում էի նրան, անհետանում էր՝ ասես սեփական լույսը մարելով։ Հինգ վայրկյանից չքացավ։
: Շիմոդան նորից նստեց կրակի մոտ։
: — Ես այնքան ուրախ եմ, որ դու նկատի չունես այն, ինչ ասում ես։
: Ես՝ հրեշի հետ մարտի բռնվելու պատրաստ, դեռ դողում էի ադրենալինի հոսքից։
: — Դո՛ն, ես համոզված չեմ, որ պիտանի եմ դրան։ Գուցե ավելի լավ է բացատրե՞ս, թե ինչ է կատարվում։ Դե գոնե… ի՞նչ… ի՞նչ է սա։
: — Դոտը վամպիր էր, Տրանսիլվանիայից,— ասաց նա։— Կամ, ավելի ճշգրիտ լինելու համար՝ Դոտը մտակերպար էր, Տրանսիլվանիայից։ Եթե երբեւէ ցանկանաս որեւէ բան բացատրել ու թվա, թե քեզ չեն լսում, լրացրու ասելիքդ մի փոքրիկ մտակերպարով, որպեսզի ցուցադրես այն, ինչը նկատի ունես։ Կարծում ես չափն անցե՞լ էի նրա հարցում՝ այդ կնգուղը, ժանիքները, ակցենտը։ Քեզ համար շա՞տ էր սարսափելի։
: — Կնգուղն առաջնակարգ էր, Դո՛ն։ Բայց երեւի շատ էր ստերեոտիպը, անհեթեթ էր… Ես բոլորովին չվախեցա։
: Նա հառաչեց։
: — Դե լավ, դու ստացար՝ ինչ պեքտ էր, եւ դա ամենագլխավորն է։
: — Ի՞ՆՉՆ էր պետք։
: — Ռի՛չարդ, վամպիրների հանդեպ քո մոլեգնությամբ դու արեցիր այն, ինչ ցանկանում էիր անել, թեեւ գիտեիր, որ դա ինչ֊որ մեկին վնասելու է։ Նա քեզ ասաց, չէ՞, որ իր համար չափազանց ցավոտ կլինի, եթե…
: — Նա պատրաստվում էր խմել իմ արյունը։
: — Ինչպես մենք ենք վարվում ցանկացածի հետ, երբ ասում ենք, որ մեզ համար ցավոտ կլինի, եթե նրանք չապրեն մեր ուզածի պես։
: Ես այդ ամենի մասին մտածելով՝ երկար ժամանակ լուռ էի։ Միշտ հավատացած եմ եղել, թե պիտի վարվենք այնպես, ինչպես ցանկանում ենք, եթե մերձավորին վնաս չենք պատճառում։ Իսկ այստեղ, ահա, դա չէր գործում, ինչ֊որ բան չէր բավականացնում։
: — ՔԵզ մտահոգողը,— ասաց Դոնալդը,— հանրահայտ պատվիրանն է, որն անհնար է կատարել։ Ասված է՝ վնաս չպատճառել մեկ ուրիշին։ Մենք ինքներս ենք ընտրում՝ վնաս պատճառե՞նք, թե՝ ոչ։ Մենք նա ենք, ով որոշում է։ Ուրիշ ոչ ոք։ Իմ վամպիրը քեզ ասաց, որ իրեն վնաս կպատճառվի, եթե դու թույլ չկաս։ Դա նրա վճիռն էր՝ որ իրեն վնաս պատճառեն, ի՛ր ընտրությամբ։ Այն, ինչպես դու ես դրան վերաբերվում, քո՛ վճիռն է, քո՛ ընտրությունը․ նրան արյուն տալ կամ մերժել, գործ ունենալ նրա հետ, թե կաղամախու ցիցը խրել սիրտը։ Եթե նա չի ցանկանում, որ ցիցն իր սիրտը խրվի, ազատ է քեզ դիմակայելու ցանկացած եղանակով։ Եվ այլն, եւ այլն, ընտրությո՜ւն, ընտրությո՜ւն։
: — Եթե այդպես նայենք խնդրին…
: — Լսիր,— ասաց նա,— սա կարեւոր է։ Մենք բոլորս։ Ազատ ենք։ Այն ամենը։ Ինչ։ Մենք ցանկանում ենք։ Անել։
==14==
::Ցանկացած մարդ
::::հայտնվում է քո կյանքում,
:::::բոլոր դեպքերը
:::::::կատարվում են քեզ հետ,
::::::որովհետեւ
::::դու նրանց դեպի քեզ ես ձգում։
:::::::Ընտրությունը՝ ինչպես վարվես նրանց հետ՝
:::::::: կախված է քեզնից։
:— Դու քեզ մենակ չե՞ս զգա, Դո՛ն։
: Մենք նստած էինք Օհայոյի Ռեյերսոն սրճարանում, երբ մտքովս անցավ տալ այդ հարցը։
: — Տարօրինակ է, որ դու…
: — Սպասիր,— ասացի,— հարցս դեռ չեմ ավարտել։ Դու քեզ երբեւէ, թեկուզ մի քիչ, մենակ չե՞ս զգում։
: — Այն, ինչ դու մտածում ես…
: — Սպասի՛ր։ Ահա այս մարդիկ։ Մենք նրանց տեսնում ենք մի քանի րոպե։ Երբեմն֊երբեմն ամբոխի մեջ առկայծում է որեւէ դեքմ, շողշողուն գեղեցկությամբ որեւէ կին, եւ ես ցանկանում եմ կանգ առնել ու ասել՝ «Ողջո՛ւյն», պարզապես կանգնել ու չշարժվել, զրուցել մի քիչ։ Սակայն տաս րոպեն անցնում է՝ նրա հետ կամ առանց նրա, ու ես թռչում եմ Շելբիվիլ, որպեսզի նրան այլեւս չտեսնեմ։ Ես միայնակ եմ։ Կարծում եմ, որ երբեք չեմ կարողանա իսկական բարեկամներ գտնել, քանի որ ինքս փոփոխամիտ եմ։
: Նա լուռ էր։
: — Թե՞ կկարողանամ։
: — Հիմա ես կարո՞ղ եմ խոսել։
: — Երեւի այո։
: Նրբերշիկներն այդ սրճարանում մատուցում էին թղթե անձեռոցիկի մեջ փաթաթած, ու երբ բացում էինք փաթեթը, քնջութի սերմեր թափվեցին, փոքրիկ, անհեթեթ սերմեր, բայց նրբերշիկները լավն էին։ Նա առժամանակ լուռումունջ ուտում էր, ես՝ նույնպես, մտածելով, թե ինչ պիտի պատասխանի։
: — Ես այսպես, Ռի՛չարդ։ Մենք մագնիսներ ենք, հաստանո՞ւմ ես։ Նույնիսկ՝ ոչ մագնիսներ, մենք վրան պղնձալար փաթաթած երկաթ ենք, ու հենց պետք է լինում, որ մագնիսանանք, կարողանում ենք մագնիսանալ։ Մեր ներքին լարումը լարի միջով թողնելով՝ կարող ենք մեզ ձգել այն ամենը, ինչ պետք է, որ ձգենք։ Մագնիսին չի հուզում, թե ինքն ինչպես է աշխատում։ Այն ինքնաբավ է եւ, ըստ իր բնության, որոշ իրերի ձգում է, մյուսներին՝ ոչ։
: Ես կերա֊վերջացրի տապակած կարտոֆիլն ու խոժոռ նայեցի նրան։
: — Դու մի բան մոռացար․ ինչպե՞ս եմ դա անելու։
: — Բայց դու ոչինչ չպիտի անես․ տիեզերական օրենք է, հիշո՞ւմ ես։ Նմանը ձգում է նմանին։ Պարզապես եղիր այնպիսին, ինչպիսին կաս՝ խաղաղ, մաքուր, պարզ։ Ամեն ինչ մեքենայաբար է կատարվում։ Երբ մենք ինքնարտահայտվում ենք այս աշխարհում, րոպեն մեկ հարցնելով՝ իսկապե՞ս պետք էր այնպես վարվել, եւ արարքներ ենք կատարում, մեզ պատասխանելով՝ «այո», դա մեքենայաբար վանում է նրանց, ովքեր ոչինչ չունեն սովորելու, նրանց, ովքեր մեզ նման են, ու ձգում է նրանց, ովքեր կարող են ու բան ունեն սովորելու մեզնից։
: — Բայց պատկերացնո՞ւմ ես դրա համար ինչպիսի հավատ է հարկավոր, իսկ այդ ընթացքում դու ավելի ու ավելի մենակ ես։
: Նա իր նրբերշիկների վրայից տարօրինակ հայացքով նայեց ինձ։
: — Ցնդաբանություն է այդ ամենը հավատի հարցում։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, երեւակայությունն է։
: Նա մեր արանքում մաքրեց սեղանի երեսը՝ մի կողմ դնելով խմելու ծղոտիկը, տապակած կարտոֆիլը, քեթչուպը, պատառաքաղներն ու դանակները։ Ինձ հետաքրքրեց, թե ինչ է կատարվելու, ինչ է նյութականանալու այստեղ, հենց իմ աչքի առաջ։
: — Եթե երեւակայություն ունես, թեկուզ այս քնջութի հատիկի չափ,— նա նմուշի համար վերցրած հատիկը դրեց սեղանի մաքուր կենտրոնում,— կարող ես ամեն ինչ։
: Ես նայեցի քնջութի հատիկին, ապա՝ նրան։
: — Գոնե փրկիչները հավաքվեին ու համաձայնության գային։ Իսկ ինձ թվում էր, թե հավատ է հարկավոր։
: — Ոչ։ Երբ ես աշխատում էի, ուզում էի ճշտում անել, բայց դա տեւական ծանր պայքարի բան էր։ Երկու հազար տարի առաջ, հինգ հազար տարի առաջ նրանք երեւակայության համար ԽՈՍՔ չունեին։ Հավատը լավագույնն էր, որով կարող էին ազդել հետեւորդների հույժ հանդիսավոր խմբակույտի վրա։ Բացի այդ նրանք քնջութի սերմեր չունեին։
: Ես հաստատ գիտեի, որ նրանք քնջութի սերմեր ունեցել են, դա փաստ էր, բայց թույլ տվեցի, որ խաբի։
: — Ինձնից մագնիսացնող երեւակայություն են սպասում։ Ես պատկերացնում եմ, որ Իլինոյս նահանգի Տերինգտոնում, արոտավայրում հավաքված ամբոխի մեջ հայտնվում է ոմն իմաստուն միստիկական տիկին, այո՞։ Դա ես կարող եմ անել, բայց միայն այդքանը․ դա պարզապես իմ երեւակայությունն է։
: Նա, հուսահատված, աչքերը հառեց երկինք, որն այդ պահին ներկայացնված էր սպիտակաթիթեղ առաստաղով ու «Էմ եւ Էդա» սրճարանի պաղ լուսավորությամբ։
: — Պարզապես քո երեւակայությո՞նը։ Իհարկե, դա քո երեւակայությունն է։ Այս աշխարհը քո երեւակայությունն է, մոռացե՞լ ես։ Որտեղ քո մտքերն են, այնտեղ էլ քո փորձն է։ Մարդն ինչպես մտածում է, այնպիսին էլ կա։ Այն, ինչից վախենում էի, հենց ինձ հետ էլ կատարվեց։ Մտարկիր՝ եւ կհարստանաս։ Ստեղծագործական տեսակում՝ հանուն ժամանցի եւ շահի։ Ինչպես բարեկամներ գտնես՝ լինելով այն, ինչ կաս։ Քո երեւակայությունը մատնաչափ իսկ չի փոփոխի Գոյը, մչ մի կերպ չի ազդի իրականության վրա։ Բայց չէ որ մենք խոսում ենք կինոաշխարհների ու կինոկյանքերի մասին, որտեղ ակնթարթը պատրանք է ու երեւակայություն։ Այս ամենը երազանքներ են՝ հագեցած խորհրդանիշերով, որոնք մենք՝ արթմնի երազատեսներս, մեր երեւակայության մեջ կանչում ենք մեզ համար։
: Նա դանակն ու պատառաքաղն այնպես միացրեց, ասես կամուրջ էր կառուցում՝ իրենից ինձ։
: — Քեզ հետաքրքրո՞ւմ է՝ ինչ են ասում քո երազները։ Ուրեմն, պարզապես նայիր փաստերին ու հարցրում, թե դրանք ինչ են նշանակում։ Դու եւ քո ինքնաթիռները, նրանք ամենուր են, ուր էլ որ նայելու լինես։
: — Դե լավ, Դո՛ն, թող այդպես լինի։— Ես ուզում էի, որ նա մեղմի թափը եւ ամբողջը միանգամից չթափի գլխիս, րոպեում մեկ մղոնը չափազանց արագ է նոր գաղափարների համար։
: — Եթե երազում ինքնաթիռներ տեսնեիր, դա քեզ համար ի՞նչ կնշանակեր։
: — Իհարկե, ազատություն։ Ինքնաթիռային երազները փախուստ են, թռիչք եւ ազատագրում՝ ինքդ քեզնից։
: — Որքա՞ն նյութեղեն ես ցանկանում դա։ Արթնացումը նույնն է, ինչ քո ցանկությունը՝ ազատագրվել այն ամենից, ինչ քեզ ձգում է հետ՝ քացացած հնից, իշխանություններից, ձանձրույթից, ձգողականության ուժից։ Դու միայն մեկ բան չես հասկացել՝ որ արդեն ազատ ես ու միշտ ազատ ես եղել։ Եթե գոնե այս քնջութի հատիկի պես երեւակայություն ունենայիր, կլինեիր մոգի քո կյանքի գերագույն տիրակալը։ Միա՛յն երեւակայություն։ Իհարկե, միայն այդպես։
: Մատուցողուհին, ամանները սրբելով, ստեպ֊ստեպ նայում էր նրան, փորձելով հասկանալ, թե ով կարող է լինել։
: — Ուրեմն դու երբեք մենակ չե՞ս լինում, Դո՛ն։
: — Եթե միայն ցանկանում եմ։ Ես ընկերներ ունեմ այլ չափումներում, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում են ինձ։ Դու նույնպես ունես։
: — Չէ, ես նկատի ունեմ ա՛յս չափումը, ա՛յս երեւակայական աշխարհը։ Ցույց տուր ինձ ինչ ասում ես, ներկայացրու այդ մասնիսի մի փոքրիկ հրաշքը… Ես շատ եմ ուզում սովորել…
: — Դո՛ւ ինձ ցույց կտաս,— ասաց նա։— Քո կյանքի մեջ որեւէ բան կանչելու համար պատկերացրու, որ այն արդեն այստեղ է։
: — Օրինակ՝ ի՞նչ, ինչի՞ նման։ Ինչպես իմ չքնաղ լեդի՞ն։
: — Ինչ որ կուզես։ Բայց ոչ քո լեդին․ սկզբի համար որեւէ փոքրիկ բան։
: — Ես, ի՞նչ է, հենց հիմա՞ պիտի փորձեմ։
: — Այո։
: — Օʼքեյ… Երկնագույն փետրագրիչ։
: Նա անօգնական նայեց ինձ։
: — Ռի՛չարդ, երկնագույն գրի՞չ։
: — Դու ասացից, չէ՞, ինչ ուզում ես՝ անծանոթուհուց բացի, որեւէ այլ, փոքրիկ բան։
: — Հրաշալի է։ Երկնագույն գրիչ։ Պատկերացրո՛ւ՝ յուրաքանչյուր գիծը, եզրը, գրչածայրը, V֊աձեւ բաժանախազն այնտեղ, ուր ծայրը ճեղքված է, աղվամազը՝ բնիկի շուրջ։ Մի րոպե միայն։ Հետո բաց թող նրան։
: Ես րոպեի չափ փակեցի աչքերս ու մտքում տեսա պատկերը, հինգ դյույմ երկարությամբ, նուրփ երկնագույն, արծաթավուն եզրերով։ Պայծառ, մաքուր գրիչը, որ ճախրում էր խավարի մեջ։
: — Նրան պատիր ոսկելույսով, եթե ցանկանում ես։ Ապաքինման ունակությունն օգնում է, որ ապաքինումն իրականանա, բայց նույն կերպ ազդում է նաեւ մագնետիզմը։
: Ես գրիչը պատեցի ոսկեգույն լուսապսակով։
: — Օʼքեյ։
: — Այդպես, հիմա կարող ես բացել աչքերդ։
: Ես բաց արի աչքերս։
: — Ո՞ւր է իմ գրիչը։
: — Եթե այն մտքիդ մեջ պարզ ու հստակ է եղել, հենց այս պահին գլխիդ կփլվի Մաքի բեռնատարի պես։
: — Իմ գրիչը Մաքի բեռնատարի պե՞ս։
: — Պատկերավոր ասած, Ռի՛չարդ։
: Ես ամբողջ օրն սպասում էի գրչի հայտնությանը, բայց չէր հայտնվում։ Վրա հասավ երեկոն, մենք հնդկահավի մսով տաք սենդվիչներ էինք ճաշակում, երբ տեսա այն՝ նկարն ու մակագրությունը կաթի փոքրիկ տուփի վրա․ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ Է ՍՔՈԹԻ ԿԱԹՆԱՖԵՐՄԱՅԻ ՀԱՄԱՐ՝ «ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԳՐԻՉ» ՖԻՐՄԱՅԻ ԿՈՂՄԻՑ, ԲՐԱՅԸՆ, ՕՀԱՅՈ։
: — Դո՛ն, իմ գրի՜չը։
: Նա նայեց ինձ ու թոթվեց ուսերը։
: — Կարծում էի՝ քեզ իսկականն է պետք։
: — Ինչ կա որ, սկսնակներին ուզածդ գրիչն էլ հարմար է։
: — Դու պարզապես տեսա՞ր գրիչը, թե բռնել էիր ձեռքիդ։
: — Պարզապես տեսա։
: — Այդ դեպքում՝ հասկանալի է։ Եթե ուզում ես նրա հետ լինել, ինչը մագնիսացնում ես, պիտի քեզ էլ զետեղես այդ պատկերի մեջ։ Ների՛ր, ես դա քեզ չէի ասել։
: Տարօրինակ, անծանոթ, զգացում։ Ստացվե՜ց։ Ես գիտակցաբար իմ կյանքոի մեջ ձգեցի առաջին իրը։
: — Այսոր՝ գրիչը,— ասացի ես,— վաղը՝ աշխարհը։
: — Զգույշ եղիր, Ռի՛չարդ,— լուրջ֊լուրջ ասաց նա,— թե չէ կզղջաս…
==15==