Changes
: — Այսոր՝ գրիչը,— ասացի ես,— վաղը՝ աշխարհը։
: — Զգույշ եղիր, Ռի՛չարդ,— լուրջ֊լուրջ ասաց նա,— թե չէ կզղջաս…
==15==
::::::Ճշմարտությունը,
::::որ բարբառում ես,
::::::::չունի անցյալ
::::եւ չունի ապագա։
::::::Այն կա,
:::եւ դա ամենն է,
::::ինչ հնարավոր է նրան։
: Ես մեջքի վրա պառկել էի Ֆլիտի տակ ու ֆյուզելաժից մաքրում էի յուղաբծերը։ Շարժիչը, չգիտես ինչպես, հիմա նախկինից քիչ էր արտանետում։ Շիմոդան ման տվեց իր ուղեւորին, ապա մոտեցավ ու նստեց խոտին, քանի դեռ ես աշխատում էի։
: — Ռի՛չարդ, ինչո՞վ ես պատրաստվում ցնցել աշխարհը, երբ շուրջդ բոլորն իրենց հանապազօրյա հացն են վաստակում, իսկ դու անպատասխանատու կերպով շրջում ես այսուայնկողմ եւ ուղեւորներ ման ածում,— նա դարձյալ ստուգում էր ինձ։— Ահա մի հարց, որ միշտ ծառայել է քո առաջ։
: — Դե ինչ, Դո՛նալդ։ Մաս առաջին։ Ես գոյություն ունեմ, որպեսզի կյանքս ապրեմ այնպես, որ այն ինձ երջանկացնի։
: — Օʼքեյ։ Երկրո՞րդ մասը։
: — Մաս երկրորդ։ Ամեն ոք ազատ է անելու այն, ինչ ցանկանում է, որպեսզի վաստակի իր հացը։ Մաս երրորդ։ Պատասխանատվությունն ունակությունն է՝ պատասխան տալու այն կենսակերպի համար, որն ընտրել ես։ Եվ, իհարկե, կա միայն մեկը, որի առաջ մենք պետք է պատասխան տանք, եւ դա…
: — Մենք ինքներս ենք,— ասաց Դոնալդը՝ ասես պատասխանելով իր շուրջը նստոտած ճշմարտություն որոնողների բազմությանը։
: — Այո, մենք նույնիսկ ինքներս մեզ կարող ենք պատասխանատու չլինել, եթե չենք ցանկանում… Որեւէ վատ բան չկա անպատասխանատու լինելու մեջ։ Սակայն մեզնից շատերը գտնում են, որ ավելի հետաքրքրական կլիներ գիտենալ, թե ինչու ենք հենց այդ ընտրությունն անում․ ենթադրենք, թռչնակի թռիչքին հետեւելը, կամ մրջյուն տրորելը, կամ հանուն փողի որեւէ գործով զբաղվելը, որից գուցե եւ հրաժարվեինք։— Ես ճակատս կնճռոտեցի։— Չափազանց երկար պատասխան չէ՞ր։
: Նա գլխով արեց․
: — Երկարավուն է։
: — Օʼքեյ… Ինչպես եմ պատրաստվում ցնցել աշխարհը…,— ես դուրս սողացի ինքնաթիռի տակից ու միառժամանակ հանգստանում էի թեւի ստվերում։— Ինչպես աշխարհին եմ թույլատրում ապրել իր ընտրության համաձայն, այնպես էլ ինձ թույլ կտամ իմ ընտրությամբ ապրել։
: Նա ինձ մի երջանիկ ու հպարտ ժպիտ պարգեւեց․
: — Իսկական Փրկչին արժանի պատասխան էր։ Պարզ, շիտակ, հեշտ է մտապահվում եւ անհասկանալի է այնքան ժամանակ, քանի դեռ մի ազատ պահի չես փորձել հասկանալ։
: — Ինձ մի անգամ էլ փորձիր, Դո՛ն,— հրաշալի էր հետեւել, թե ինչպես է աշխատում միտքս, երբ մտորում եմ։
: — Ուսուցի՛չ,— ասաց նա։— Ես ցանկանում եմ, որ ինձ սիրեն։ Ես բարի եմ ու մարդկանց հետ վարվում եմ ճիշտ այնպես, ինչպես կուզեի, որ ինձ հետ վարվեին, բայց, մեկ է, ես ընկերներ չունեմ ու կատարելապես մենակ եմ։ Ինչպե՞ս կպատասխանես նման հարցին։
: — Բռնվեցի՜ր,— ասացի ես,— չնչին պատկերացում անգամ չունեմ, թե ինչ եմ ասելու։
: — Ի՞նչ։
: — Գոնե մի քիչ հումոր լինի, Դո՛ն, որ երեկոն աշխուժացնենք։ Ընթացքի անվնաս փոփոխություն։
: — Ավելի լավ է լրջորեն զգուշանաս, թե ինչպես ես պատրաստվում աշխուժացնել քո երեկոն։ Պրոբլեմները խաղուպար չեն մարդկանց համար, որոնք գալիս են քեզ մոտ, եթե միայն նրանք վեհացած հոգիներ չեն, այդ դեպքում նրանք իրենք Փրկիչներ են։ Քեզ պատասխաններ են տրվում, ուրեմն բարի եղիր արտահայտել դրանք։ Հապա փորձիր այդ կարգի մի հիմարություն՝ բռնվեցի՜ր, ու կտեսնես ամբոխն ինչ արագությամբ է խարույկ հանում մարդուն։
: Ես հպարտորեն հխկվեցի։
: — Որոնո՛ղ, դու գալիս ես ինձ մոտ ու պատասխան ես փնտրում, եւ տրվի թող քեզ այդ պատասխանը։ Ոսկե կանոնը չի գործում։ Կցանկանայի՞ր հանդպելլ մազոխիստի, որը մյուսների հետ կվարվեր այնպես, ինչպես կցանկանար, որ իր հետ վարվեին։ Կամ Կոկորդիլոսների Աստծուն, որը ծարավի է ողջ֊ողջ հորձանուտը նետվելու պատվին։ Նույնիսկ սամարացին, ումից ամեն ինչ սկսվեց․ ի՞նչը պիտի ստիպեր նրան մտածել, թե մարդը, ում նա ճափեզրին պառկած է գտել, ուզում է,որ իր վերքերին յուղ լցնեն։ Իսկ եթե մարդն այդ խաղաղ րոպեներն օգտագործում էր հոգեպես ապաքինվելու համար՝ հաճույք ստանալով իրեն նետված մարտահրավերից։
: Այն, ինչ ասում էի, ինձ համոզիչ էր թվում։
: — Եթե նույնիսկ փոխենք Կանոնը, դարձնելով ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԻՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՆՐԱՆՔ ԵՆ ԱՆԿԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵՍ, չենք կարողանա գիտենալ, թե ինպես է որեւէ մեկը, մեզնից բացի, ցանկանում, որ իր հետ վարվեն։ Իրականում Կանոնը նշանակում է․ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԻՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԻՐՈ՛Ք ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՆՐԱՆՑ ՀԵՏ ՎԱՐՎԵԼ։ ԸՆԴՈՒՆԻ՛Ր մազոխիստին ըստ այդ կանոնի եւ ստիպված չես լինի նրան մտրակահարել սոսա այն պատճառով, որ նա ցանկանում է։ Ինչպես որ քեզնից չի պահանջվի կոկորդիլոսներին կերակրել նրանց երկրպագուներով։
: Ես նայեցի նրան․
: — Շա՞տ է շատախոս։
: — Ինչպես միշտ, Ռիչա՛րդ․ դու կկորցնես ունկնդիրներիդ իննսուն տոկոսը, եթե հակիրճություն չսովորես։
: — Իսկ ինչ վատ բան կա ունկնդիրների իննսուն տոկոսը կորցնելու մեջ, Դո՛ն։ Ի՞նչ վատ բան կա ԲՈԼՈՐ ունկնդիրներին կորցնելու մեջ։ Ես գիտեմ այն, ինչ գիտեմ, եւ ասում եմ այն, ինչ ասում եմ։ Իսկ եթե դա վատ է, ուրեմն պարզապես շատ վատ է։ Ինքնաթիռով զբոսանք՝ կանխիկ երեք դոլարով։
: — Գիտե՞ս ինչ,— Շիմոդան, իր կապույտ ջինսից հարդի ծղոտները թափ տալով, վեր կացավ։
: — Ի՞նչ,— նեղացկոտ ասացի ես։
: — Դու հենց նոր քննություն հանձնեցիր։ Քեզ իբրեւ Ուսուցիչ ինչպե՞ս ես զգում։
: — Ահավոր տխումր եմ։
: Դոնալդ Շիմոդան իր հպանցիկ ժպիտով նայեց ինձ․
: — Կվարժվես,— ասաց նա։
:::::Ահա մի թեստ,
::::որով կպարզես՝
:::ավարտե՞լ է, արդյոք,
::::առաքելությունդ
:::::երկրի վրա․
::::Եթե դու ողջ ես,
:ուրեմն այն շարունակվում է։
==16==
: Տնտեսական ապրանքների, ինչպես ընդունված է, երկա՜ր, երկարո՜ւկ խանութ, դարակներ, որ ձգվում են դեպի ինչ֊որ տեղ, դեպի անհունը… Ես սուզվել էի Հեյվորդի տնտեսական ապրանքների խանութի կիսախավար խորքերը՝ 3/6 դյույմանոց մանեկներ ու հեղույսներ եւ բանալիներ փնտրելով Ֆլիտի պոչային հենակների համար։ Քանի դեռ որոնում էի, Շիմոդան համբերատար շրջում էր խանութում․ նրան չէ՞ որ, այստեղ ոչինչ հարկավոր չէր։ Երկրի ողջ տնտեսությունը, մտածեցի ես, կկործանվեր, եթե բոլորը նրա պես վարվեին՝ մտակերպարից ու ոչնչից ստեղծելով այն ամենը, ինչ իրենց պետք է, եւ նորոգումն անեին առանց պահեստամասերի ու աշխատանքի։
: Վերջապես կես դյուժին ինձ անհրաժեշտ հեղույս գտա ու վերադարձա դեպի վաճառասեղանը, որի մոտ կանգնած էր խանութի տերը։ Այնտեղից մեղմ երաժշտություն էր հնչում։ Այդ մեղեդին երջանկության անվերջ հիշեցում էր՝ մանկությունից սկսած։ Այս անգամ նավգում էին ջնարով, հնչում էր ասես ինչ֊որ թաքուն ձայնարկիչից… Տարօրինակ էր այդ մեղեդին չորս հարյուր բնակիչ ունեցող փոքրիկ քաղաքում լսելը։
: Պարզվեց, որ դա տարօրինակ էր նաեւ Հեյվորդի համար, քանի որ ոչ մի ձայնակրիչ էլ չկար։ Խանութպանը նստել էր իր փայտաշեն աթոռակին ու վաճառասեղանին հենված՝ լսում էր, թե ինչպես է Փրկիչն այդ մեղեդին նվագում դարակից վերցրած էժանագին վեցլարանոց կիթառով։ Սքանչելի երաժշտություն էր, ու ես, իմ յոթանասուներեք սենթը վճարելով, լուռ կանգնել֊լսում էի՝ կրկին ու կրկին հմայված։ Գուցե էժանագին գործիքի փոքր֊ինչ մետաղաձայն հնչողությո՞ւնն էր պատճառը, բայց դրա մեջ անցյալ դարերի Անգլիայի աղոտ արձագանքը կար։
: — Դո՛նալդ, սքանչելի էր, ես չգիտեի, որ դու կիթառ ես նվագում։
: — Իսկապե՞ս։ Այդ դեպքում պատկերացրու, թե ինչպես է մեկնումեկը մոտենում Հիսուսին ու նրան մեկնում կիթառը, իսկ նա ասում է․ «Ես այս գործիքով նվագել չգիտեմ»։ Նա մի՞թե նման բան կասեր։
: Շիմոդան կիթառը դրեց տեղն, ու մենք դուրս եկանք արեւով ողողված փողոցը։
: — Կամ, ասենք, կողքից անցնելիս լինեին՝ ռուսերեն կամ պարսկերեն խոսելով, դու, ի՞նչ է, կարծում ես իր աուրային արժանի որեւէ Ուսուցիչ չէ՞ր հասկանա՝ ինչ են խոսում։ Կամ, դիցուք, հարկ լիներ, որ նա դիզելային տրակտոր կամ ինքնաթիռ վարեր, չէ՞ր կարողանա։
: — Նշանակում է՝ դու ամեն ինչ գիտե՞ս։
: — Իհարկե։ Դու՝ նույնպես։ Ես պարզապես գիտեմ, որ ես ամեն ինչ գիտեմ։
: — Ես է՞լ կկարողանայի քեզ նման կիթառ նվագել։
: — Ոչ, դու կունենայիր քո սեփական, իմից տարբերվող ոճը։
: — Ինչպե՞ս կարող եմ դա անել։— Ես չէի պատրաստվում վազել հետ՝ կիթառ գնելու, ուղղակի հետաքրքիր էր։
: — Պարզապես հրաժարվիր քո բոլոր արգելանքներից ու սահմանափակումներից, ինչպես եւ համոզմունքից, թե նվագել չգիտես։ Իրին հպվիր այնպես, ասես քո կյանքի մասն է, ու հենց այդպես էլ կա։ Գիտցիր, որ քեզ համար հաճելի է նվագելը, ու հենց այդպես էլ պիտի լինի, քո ենթագիտակցական «Ես»֊ին թույլ տուր գերիշխել մատներիդ վրա, ու նվագիր։
: Ես ինչ֊որ տեղ կարդացել էի դրա մասին՝ հիպնոսով սովորեցնելու, երբ աշակերտներին ասում են, թե նրանք արվեստի վարպետներ են, ու նրանք նվագում, նկարում, գրում են, որպես ավրեստի վարպետներ։
: — Դո՛ն, դժվար է հրաժարվել իմացությունից, որ ես կիթառ նվագել չգիտեմ։
: — Այդ դեպքում քեզ համար դժվար կլինի կիթառ նվագելը։ Այդ գործի վրա տարիների վարժանք կդնես, մինչեւ քեզ թույլ տաս ճիշտ վարվել, մինչեւ գերզարգացած միտքդ ասի, որ բավականադափ տառապել ես՝ վաստակելով լավ նվագելու իրավունքը։
: — Այդ դեպքում ինչո՞ւ տեւական վարժանքի կարիք չեղավ, որպեսզի թռչել սովորեմ։ Չէ որ գտնում են, թե դա չափազանց դժվար է, իսկ ես շատ արագ էի ըմբռնում ամեն ինչ։
: — Դու ուզո՞ւմ էիր թռչել։
: — Ուրիշ ոչինչ չէի ուզում։ Աշխարհում ամենից ավելի՝ դա։ Ես նայում էի ներքեւ՝ ամպերին ու վաղորդայնի քուլա֊քուլա գոլորշիներին, որ լռության մեջ ոււղղաձիգ բարձրանում էին վեր, ու ես կարող էի տեսնե՜լ… Ես հասկացա, հասկացա։ Դու ուզում ես ասել, որ երբեք նույն զգացումը չեմ ունեցել կիթառի հանդեպ, ճի՞շտ է։ Եվ այս սիրտ ծակող զգացումն ասում է ինձ, Դո՛ն, որ դու էլ ես այդպես թռչել սովորել։ Դու մի անգամ պարզամես մտել ես Թրեվըլ Էյրի խցիկը ու թռել։ Թեեւ նախկինում երբեւէ ինքնաթիռ չէիր նստել։
: — Աստվա՜ծ իմ, որպիսի՜ ինտուիցիա։
: — Դու արտոնագիր ստանալու համար քննություն չես հանձնել, չէ՞։ Ոչ, սպասի՛ր։ Դու նույնիսկ արտոնագիր չունես, ճի՞շտ է։ Սովորական թռիչքային արտոնագիր։
: Նա տարօրինակ, ժպիտ հիշեցնող հայացքով նայեց ինձ, ասես իրեն մղում էի, որ ցույց տա արտոնագիրը, իսկ ինքը գիտեր, որ կարո՛ղ է ցույց տալ։
: — Դու նկատի ունես այս թղթի կտո՞րը, Ռի՛չարդ։ Վարորդական իրավունքի պես մի բա՞ն։
: — Այո, թղթի կտորը։
: Նա ձեռքը գրպանը չտարավ ու չփորձեց դուրս քաշել թերթիկը․ պարզապես բացեց ափն, ու արտոնագիրն այնտեղ էր։ Ասես միշտ այնտեղ էր պահում՝ սպասելով, որ կտամ այդ հարցը։ Թերթիկը ո՛չ խունացած էր, ո՛չ էլ ճմռթված, ու ես մտածեցի, որ մի տաս վայրկյան առաջ այն ընդհանրապես գոյություն չուներ։
: Ես վերցրի ու սկսեցի զննել։ Պաշտոնական թռիչքային վկայական էր՝ Տրանսպորտի նախարարության կնիքով․ Դոնալդ Ուիլյամ Շիմոդա, Ինդիանայի հասցեն, իրավունք ունի վարելու քաղաքացիական ինքնաթիռներ, մեկ եւ բազմատեղանոց սավառնակներ, բեռնատար օդանավեր ու պլաներներ։
: — Իսկ ամֆիբիա եւ ուղղաթիռ վարելու իրավունք չունե՞ս։
: — Կունենամ, եթե պետք լինի,— ասաց նա այնքան հանելուկային կերպով, որ ես իրենից շուտ ծիծաղեցի։
: Բերքի միջազգային բյուրոյի դիմացի մայթն ավլող մարդը նայեց մեզ ու նույնպես ժպտաց։
: — Իսկ ե՞ս ինչպես վարվեմ,— հարցրի,— Ինձ տրանսպորտային օդաչուի վկայական է պետք։
: — Ստիպված ես լինելու ինքդ կեղծել քո արտոնագրերը,— ասաց նա։
==17==
: Ջեֆ Սայքի ռադիոզրույցի ժամանակ Դոնալի Դիմոդային տեսա այնպիսին, ինչպիսին երբեք չէի տեսել։ Շոուն սկսվեց երեկոյան իննին ու պիտի շարունասվեր մինչեւ կեսգիշեր՝ փոքրիկ արհեստանոցի փոքրիկ սենյակում, որտեղ բոլոր պատերից թվատախտակներ էին կախված, դարակներ՝ կոմերցիոն հաղորդումների կոճեռով, եւ ամենուրեք ստեղնակոճակներ էին փայլփլում։ Սայքը հաղորդումն սկսեց այնպիսի հարցով․ որեւէ անօրինական բան կա՞ հնամաշ ինքնաթիռով շրջելու եւ ուղեւորներ ման տալու մեջ։
: Այդ հարցի պատասխանը հետեւյալն է․ ոչ, երկրով մեկ թռիչքներ կատարելու մեջ անօրինական ոչինչ չկա, քանի որ ինքնաթիռները նույնքան մանրակրկիտ տեսչական ստուգման են ենթարկվում, որքան ցանկացած ռեակտիվ տրանսպորտ։ Դրանք անվտանգ են ու հզոր՝ այդ կարգի ժամանակակից շատ ու շատ ինքնաթիռներից, եւ միակ բանը, որ անհրաժեշտ է՝ ինքնաթիռ վարելու իրավունքն է ու դաշտի տիրոջ թույլտվությունը։ Բայց Շիմոդան այդպես չպատասխանեց։
: — Ոչ ոք, Ջե՛ֆ, չի կարող մեզ խանգարել անելու այն, ինչ ցանկանում ենք անել,— ասաց նա։
: Դե ինչ, դա միանգամայն ճիշտ է, բայց այն ռամավարությունը չէ, որ պահանջվում է ռադիոլսարանի հետ զրուցելիս, լսարան, որին հետաքրքիր է իմանալ, թե ինչ է կատարվում երկրով մեկ թռչող ինքնաթիռների հետ։ Մեկ րոպեից Սայքի սեղանին վառվեց ուղիղ հեռախոսակապի լամպիկը։
: — Մենք առաջին գծով կանչ ունենք,— ասաց Սայքը,— խոսեք, տիկի՛ն։
: — Ես գծո՞ւմ եմ։
: — Այո, տիկի՛ն, դուք գծում եք։ Մեր հյուրն է միստր Դոնալդ Շիմոդան, օդաչու։ Խոսե՛ք, դուք գծում եք։
: — Այսպես, ես կուզեի այդ երիտասարդին ասել, որ ամեն ոք չպիտի անի այն, ինչ ցանկանում է, ու նաեւ՝ որ որոշ մարդիկ ստիպված են վաստակել իրենց հացը եւ փոքր֊ինչ ավելի պատասխանատվություն կրել, քան այսուայնտեղ թռչելն ու կառնավալներ կազմակերպելն է։
: — Իրենց հացը վաստակելու համար բանող մարդիկ անում են այն, ինչ ուզում են, ինչն ամենից ավելի են ցանկանում անել,— ասաց Շիմոդան։— Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ, որ թուղթ են խաղում՝ իրենց հացը վաստակելու համար…
: — Սուրբ Գրքում ասված է․ « Արյուն֊քրտինքով վաստակես քո հացը եւ նեղությունով ուտես նրանից կյանքիդ բոլոր օրերում»։
: — Մենք ազատ ենք այդ էլ անելու, եթե ուզում ենք։
: — Ձեր գործո՜վ զբաղվեք… Ինձ այնպես ձանձրացրել են ձեր նմանները, որ շարունակ կրկնում են՝ ձեր գործո՜վ զբաղվեք, ձեր գործո՜վ զբաղվեք։ Դուք կհասնեք նրան, որ բոլորը կվայրենանան, եւ կավերեն աշխարհը։ Արդեն ավերում են։ Տեսեք, թե ինչ է կատարվում բնության հետ, գետերի, օվկիանոսների։
: Մի հիսուն անգամ տիկինը նրան գեղեցիկ պատասխանի հնարավորություն տվեց, բայց նա չօգտվեց եւ ոչ մեկից։
: — Եթե աշխարհը կործանվի, օʼքեյ,— ասաց նա,— գոյություն ունեն հիսուն միլիոն այլ աշխարհներ, որոնցից մենք կարող ենք ընտրություն անել եւ արարել։ Քանի դեռ մոլորակները պետք են մարդկանց, կլինեն մոլորակներ, որտեղ հնարավոր կլինի ապրել։
: Հազիվ թե դա հարց տվողին հանդապտեցնելու նպատակ ունենար, եւ ես զարմացած նայեցի Շիմոդային։ Նա խոսում է՝ ելնելով իր հայեցակետից, որը հիմնված էր կյանքերի բազմաքանակության հեռապատկերի վրա, տեսություն, որին կարող էր արֆագանքել միայն Ուսուցիչը… Հարց տվողը, բնականաբար, ենթադրում էր, թե բանավեճը վերաբերում է միայն այս աշխարհին, որտեղ սկիզբը ծնունդ է, իսկ մահը՝ վախճան։ Շիմոդան նույնպես գիտեր այդ ամենը։ Ինչո՞ւ էր, ուրեմն, ժխտում։
: — Ամեն ինչ օʼքեյ է, այնպես չէ՞,— կրկին ընկալուչի մեջ լսվեց ձայնը։— Այս աշխարհում, մեր շուրջ, ոչ չարություն կա, ոչ մեղք։ Դա ձեզ չի անհանգստացնում, այո՞։
: — Անհանգստության պատճառ չկա, տիկի՛ն։ Մենք տեսնում ենք ամբողջի մասնիկը միայն, որ կյանքն է, եւ այդ մասնիկը խաբկանք է։ Ամեն ինչ հավասարակշռված է, եւ ոչ ոք չի տառապում, ոչ ոք չի մահանում՝ առանց դրան համաձայնելու։ Ոչ ոք չի անում այն, ինչ չի ցանկանում։ Չկա բարին եւ չկա չարը այն ամենից դուրս, ինչը մեզ երջանկացնում է եւ ինչը մեզ դժբախտացնում է։
: Ասվածից եւ ոչ մի բան զրուցակցուհուն ավելի զիջողամիտ չդարձրեց։
: — Որտեղի՞ց գիտեք այն ամենը, որ ասում եք։ Որտեղի՞ց գիտեք, որ ամենն, ինչի մասին խոսում եք, ճիշտ է։
: — Ես չգիտեմ, որ դա ճիշտ է,— ասաց Շիմոդան։— Ես հավատում եմ դրան, որովհետեւ ուրախացնում է այդ ամենին հավատալը։
: Ես փակեցի աչքերս։ Նա կարող էր ասել, որ փորձել է, եւ դա ազդում է… ապաքինումը, հրաշքները, կենսափորձը, որը նրա մտածողությունը դարձրել է ճշգրիտ ու արդյունավետ Բայց չասաց։ Ինչո՞ւ։ Պատճա՜ռ կար։ Աչքերս կիսախուփ են, սենյակը համարյա ամբողջությամբ սուզվել է գորշ կիսախավարի մեջ, միայն Շիմոդայի՝ խոսափողին հակված, աղոտ ուրվապատկերն է առանձնանում լամպի թույլ լուսապատառի մեջ։ Նա այդ ամենն ասում է դիմահար, այլընտրանք չառաջարկելով, փորձ անգամ չանելով օգնելու, որ խեղճ ունկնդիրները որեւէ բան հասկանան։
: — Ամեն ոք, ով փոքրիշատե բան է տվել աշխարհին, աստվածայնորեն եսասեր է եղել՝ ապրելով հանուն իր գերագույն շահերի։ Բացառություններ չկան։
: Հաջորդ զանգահարողը տղամարդ էր։
: — Եսասե՞ր։ Մի՛ստր, դուք գիտե՞ք, թե ինչ բան է Նեռը։
: — Մի վայրկյանի չափ, աթոռի բռնակից հենված, Շիմոդան ժպտում էր։
: — Գուցե դո՞ւք ասեք,— խնդրեց նա։
: — Քրիստոսն ասել է, որ պիտի ապրենք հանուն մեր մերձավորների։ Նեռն ասում է, որ եսասեր լինենք, ապրենք մեզ ահմար, իսկ մյուսները թող չքվեն գրողի ծոցը։
: — Կամ՝ Աստծո, կամ որեւէ այլ տեղ, ուր կցանկանան։
: — Ձեզ հայտնի՞ է, որ շատ վտանգավոր մարդ եք, մի՛ստր։ Իսկ ի՞նչ կկատարվի, եթե ձեզ լսելով, բոլորն սկսեն անել այն, ինչ ուզում են։ Ի՞նչ եք կարծում, ինչ կկատարվի այդ ժամանակ։
: — Ես կարծում եմ, որ սա, հնարավոր է, ամենաերջանիկ մոլորակը դառնա Գալակտիկայի այս հատվածում,— ասաց Դոնալդը։
: — Մի՛ստր, չէի ցանկանա, որ իմ երեխաները լսեին՝ ինչ ասում եք։ Եթե մենք ազատ ենք անելու այն, ինչ ցանկանում ենք, ապա ես ազատ եմ հրացանը ձեռքիս դուրս գալու դաշտ եւ պարպելու այն ձեր տխմար գլխի մեջ։
: — Իհարկե, դուք ազատ եք անելու այդ։
: Ուժեղ շխկոց լսվեց։ Քաղաքի ինչ֊որ մասում առնվազն մեկ զայրացած տղամարդ արդեն կար։ Ու ոչ միայն նա․ զանգում էին նաեւ զայրացած կանայք, վահանակի կոճակները շարունակ թարթում ու մարում էին։ Պետք չէր այդպես, նա այդ ամենը կարող էր այլ կերպ ասել՝ որեւղ մեկին ափերից չհանելով։
: Ես դարձյալ զգացի այն, ինչ Տրոյայում էի զգացել, երբ ամբոխը պոկվեց տեղից ու շրջապատեց նրան։ Եկել էր ժամանակը, մեզ համար ակնհայտորեն եկել էր ազատ շարժվելու ժամանակը։
: Այնտեղ, ստուդիայում, տեղեկատուն այլեւս չէր օգնում։
::::::Ազատ ու երջանիկ
::::ապրելու համար
::::::դուք պիտի զոհեք
::::ձանձրույթը։
:Միշտ չէ, որ դա
::::թեթեւ զոհաբերություն է լինում։
: Ջեֆ Սայքը բոլորին պատմել էր, թե ով ենք մենք, որ մեր ինքնաթիռները վայրէջք են կատարել Ջոն Թոմասի դաշտում՝ 41 մայրուղու հարեւանությամբ, ու որ մենք գիշերները քնում ենք ինքնաթիռի թեւի տակ։
: Ես զգում էի ինչպես են զայրույթի ալիքները հորդում իրենց երեխաների բարոյականության, ամերիկյան կենսակերպի ապագայի համար տագնապող մարդկանցից, եւ դա ինձ երջանկություն չէր բերում։ Ծրագրի ավարտին մնում էր էլի կես ժամ, ու դա ավելի էր խորացնում տագնապը։
: — Գիտե՞ք ինչ, մի՛ստր, ինձ թվում է՝ դուք խաբեբա եք,— ասաց հերթական հարց տվողը։
: — Իհարկե խաբեբա եմ։ Մենք բոզորս էլ այս աշխարհում խաբեբաներ ենք․ մենք ձեւանում ենք մի բան, որն իրականում չենք։ Մենք, չէ՞ որ, մարմիններ չենք, որ իրականում տեղաշարժվում են այսուայնկողմ, ոչ էլ ատոմներ ու մոլեկուլներ։ Մենք Գոյի ամնեռ, անտրոհելի գաղափարներն ենք, որքան էլ ուժգին հավատալու լինենք հակառակին…
: Նա առաջինն էր, որ հիշեցրեց ինձ, թե ազատ եմ հեռանալու, եթե ինձ դուր չի եկել այն ամենն, ինչ ինքը ասում է, եւ նա կծիծաղեր այն տագնապների վրա, որ իմ մեջ արթնացնում էին ինքնաթիռների մոտ հավաքված, հաշվեհարդար տենչացող ջահակիր ամբոխները։
==18==
::Մի վհատվիր
:::բաժանումներից․
::::հրաժեշտն անհրաժեշտ է,
:::որպեսզի կրկին հանդիպեք։
::::Իսկ նոր հանդիպումը,—
::մի ակնթարթ կամ մի կյանք հետո,—
::::անկասկած կլինի՝
::իսկական բարեկամների համար։
: Հաջորդ օրը, մինչ ուղեւորների հավաքվելը, կանգնել էինք իմ ինքնաթիռի մոտ։
: — Հիշո՞ւմ ես ինչ ասացիր, երբ գտար իմ պրոբլեմը՝ ու ոչ ոք ինչ չի լսի, ինչ հրաշքներ էլ գործեմ։
: — Ոչ։
: — Իսկ այդ զրույցը հիշո՞ւմ ես, Ռիչա՛րդ։
: — Այո, հիշում եմ։ Դու ինձ հանկարծ այնքան միայնակ թվացիր, բայց չեմ հիշում, թե ինչ եմ ասել։
: — Դու ասացիր, որ եթե ես կախում ունեմ մարդկանցից, որոնց հետաքրքրում է, թե ինչ եմ ասում, նշանակում է՝ իմ երջանկությունը կախված է ուրիշ մեկից։ Ես եկա այստեղ, որպեսզի մի պարզ ճշմարտություն իմանամ․ կարեւոր չէ՝ խոսում եմ ես, թե՝ ոչ։ Ես այս կյանքն ընտրեցի, որպեսզի մեկնումեկին պատմեմ ինչպես է կառուցաված այս աշխարհը, եւ ճիշտ նույն կերպ կարող էի ընտրել այն՝ ընդհանրապես ոչինչ չասելու համար։ Գոյին ես հարկավոր չեմ, Ռի՛չարդ, որպեսզի որեւէ մեկին պատմի, թե ինքն ինչպես է գործում։
: — Դա ինքնին հասկանալի է, Դո՛ն, դա ես էլ կարող էի ասել։
: — Խորի՜ն շնորհակալություն։ Ես գտնում եմ գաղափարը, հանուն որի ապրել եմ այս կյանքը, ավարտում եմ մի ամբողջ կյանքի աշխատանք, իսկ նա ասում է․ «Դա ինքնին հասկանալի է, Դո՛ն»։
: Նա ծիծաղում էր, բայց, դրա հետ մեկտեղ, տխուր էր, եւ ես այս անգամ չէի հասկանում՝ ինչու։
==19==
::Քո տգիտության հայտանշանը
::::խորությունն է քո հավատի
:::առ անարդարությունն
::ու ողբերգությունը։
:::::Այն, ինչ թրթուրը
::::աշխարհի վերջ է կոչում,
::Ուսուչիչն անվանում է թիթեռ։
: Տեղեկատուի բառերը նախօրեի միակ նախազգուշացումն էին։ Ինչ֊որ պահի դա սովորական, ոչ մեծ ամբոխ էր, որ սպասում էր թռիչքի։ Նրա ինքնաթիռը վայրէջք կատարելով, ամբողջովին պտտահողմով պարուրված, գլորեց մարդկանց կողմը։ Ինձ՝ Ֆլիտի թեւին կանգնածիս ու բաքը բենզին լցնողիս համար արտառոց ոչինչ չպարունակող բարի ու խաղաղ տեսարան։ Հաջորդ պահին ինչ֊որ ձայն լսվեց, ասես անվադող պատռվեր, եւ ինքը՝ ամբոխն էլ մեկեն պատառոտվելով՝ ցիրուցան փախավ։ Թրվըլ Էյրի դողն անվնաս էր։ Շարժիչն իր պարապ պտույտներն էր թխկթխկացնում, ինչպես մի վայրկյան առաջ, սակայն օդաչուի խցիկի նրբակտավե երեսվածքի մեջ մի ոտնաչափ անցք էր բացվել, իսկ Շիմոդան ճզմված էր հակառակ կողին․ նրա գլուխը կախվել էր ցած, մարմինն անշարժ էր՝ ասես ակնթարթային մահից կարկամած։
: Վայրկյանի մի քանի հազարերորդական մաս անցավ, մինչեւ դեն նետելով կանիստրն ու թեւից ցած թռչելով՝ հասկացա, որ Դոնալդ Շիմոդային գնդակահարել են, եւ էլի մի վայրկյանի դափ վազում էի։ Դա սիրողական ֆիլմ էր հիշեցնում։ Հրացանավոր մարդը փախչում էր մյուսների հետ միասին, ետեւից՝ ես, այնքան մոտ, որ սրով խփեմ՝ կհասնի։ Հիմա հիշում եմ, որ նա ինձ չէր հետաքրքրում։ Ես ոչ գազազած էի, ոչ ցնցված, ոչ վախեցած։ Միակ բանը, որ նշանակություն ուներ՝ հնավարովինս արաս հասնել Թրեվըլ Էյրի խցիկին ու խոսել բարեկամիս հետ։
: Նրան ասես ռմբահարած լինեին։ Մարմնի ձախ մասը՝ ամբողջովին կաշի, միս ու արյուն, ինչ֊որ փերթեր, ծվեններ, ինչ֊որ այլ կարմիր ծորացող խյուս։ Գլուխը խփվել էր գործարկչին՝ սարքավահանակի ստորին աջ անկյունում, ու ես մտածեցի՝ եթե ամրագոտիով կապված լիներ, այդպես ուժեղ հետ չէր շպրտվի։
: — Դո՛ն, լա՞վ ես,— ապո՜ւշ բառեր։
: Նա բացեց աչքերն ու ժպտաց։ Արյունը ծայտել էր երեսին։
: — Ռի՛չարդ, սա ի՞նչ բան է։
: Ես աշռելի թեթեւություն զգացի՝ տեսնելով, որ նա կարողանում է խոսել։ Եթե կարողանում է խոսել, կարողանում է մտածել, ուրեմն ամեն ինչ կարգին է։
: Նա շչարժվեց, միայն մի փոքր թեքեց գլուխն, ու ես նորից վախեցա՝ ավելի շատ նրա անշարժությունից, ան արյունից ու խյուսից։
: — Ես չէի կարծում, թե դու թշնամիներ ունես։
: — Թշնամիներ չունեմ։ Դա… բարեկամ էր… Ավելի լավ է նրանց չունենալ… Ատելությամբ լցված մեկը… ինչ աղետ ասես կբերի… ինքն իրեն… ինձ սպանելով…
: Նստիքի ու խցիկի կողապատերը կորել էին արյան մեջ։ Դժվար կլինի մաքրել Թրեվըլ Էյրը, թեեւ ինքնաթիռն ինքը շատ չէր տուժել։
: — Դա պիտի կատարվե՞ր, Դո՛ն։
: — Ոչ,— թույլ ձայնով, հազիվ շնչելով՝ պատասխանեց նա։— Բայց ես կարծում էի… ինձ դուր է գալիս… այս դրաման…
: — Դե ինչ, գործի անցիր։ Ապաքինի՛ր քեզ։ Այդ ամբոխի հետ, որ այս կողմն է ուղղվում, դեռ շատ հոգս ենք ունենալու։
: Բայց քանի դեռ խաղում էի նրա հոգու հետ, իմ բարեկամ Դոնալդ Շիմոդան, չնայած իր բոլոր գիտելիքներին եւ իրականության իմացությանը, հաղթահարեց մինչեւ սարքավահանակն ընկած վերջին դյույմը ու մահացավ։
: Ականջներս խշշում էին։ Աշխարհը գլխիվայր շուռ եկավ, եւ ես բզկաված ֆյուզելաժի կողապատից սողացի կարմիր ու թաց խոտին։ Այնպիսի զգացում էր, ասես տեէեկատուն, որ գրպանումս էր, ինձ կողքի է քաշում, որ երբ թրխկացի հողին, ընկավ գրպանիցս, եւ քամին սկսեց խշխշոցով թերթել էջերը։
: Ես ծուլորեն վերցրի գրքույքը։ Մի՞թե ավարտվում է՝ մտածեցի։ Մի՞թե այն ամենը, ինչ ասում էր Ուսուցիչը, ընդամենը բառեր էին, որոնք չկարողացան նրան պահպանել ինչ֊որ կատաղած շան առաջին իսկ հարձակումից՝ ագարակի դաշտում։
: Ես ստիպված էի երիցս կարդալ, մինչեւ կարողացա հավատալ բառերին․
::::Ամենն, ինչ ասված է այս գրքում,
::::::կարող է
::::եւ ճշմարիտ չլինել։
::::ՎԵՐՋ
==Վերջաբան==
: Աշնան կողմ, տաք օդի հոսանքների հետ, թռա հարավ։ Հարմար դաշտերը քիչ էին, ամեն անգամ ավելի ու ավելի բարձր բլուրներ էին հանդիպում, եւ այդ օրերին ավելի ու ավելի շատ մարդիկ էին կանգ առնում ինձ մոտ՝ զրույցներ եւ իմ կրակի վրա մրգապաստեղ խորովելու։
: Ժամանակ առ ժամանակ մեկնումեկը, որ իրականում այնքան էլ հիվանդ չէր, ասում էր, թե հետս զրուցելուց հետո իրեն շատ ավելի լավ է զգում, իսկ հաջորդ օրը մարդիկ մի տեսակ տարօրինակ էին նայում ինձ, հետաքրքրումթյամբ մոտեմոտ էին անում։ Առավել հաճախ ես հապճեպ թռչում֊հեռանում էի այդ վայրից։
: Որեւէ հրաշք չէր կատարվում, թեեւ Ֆլիտն աշխատում էր լավ, քան երբեւղ, եւ ավելի քիչ բենզին էր ծախսում։ Յուղն ընդհանրապես դադարել էր թափվել, պտուտակի ու հողմապակու վրա ջնջխված միջատներ չկային։ Օդն, անկասկած, ավելի էր ցրտել, իսկ գուե այդ փոքրիկ արարածնե՞րն էին հմտացել ու կարողանում էին խույս տալ։
: Բայց եւ այնպես, ժամանակի գետն ինձ համար դադարել էր հոսել այն օրվանից, երբ գնդակահարեցին Դոնալդ Շիմոդային։ Դա վերջն էր, որին չէի կարողանում ո՛չ հավատալ, ո՛չ էլ հասկանալ։ Ժամանակն ասես կանգ էր առել այդ վայրկյանին, որը վերապրում էի նորից ու նորից, հազարերորդ անգամ՝ հուսալով, թե այն, հնարավոր է, որեւէ կերպ փոխվի։ Եվ նման բան չէր կատարվում։ Ինձ ի՞նչ էր սովորեցնելու այդ օրը։
: Մի անգամ երեկոյան, հոկտեմբերի վերջին, այն բանից հետո, երբ վախեցա Միսսիսիպիում ու հեռու թռա ամբոխից, վայրէջք կատարեցի մի ամայի դաշտում, որի չափը հենց այնքան էր, որ Ֆլիտը կարողանար նստել։ Ու կրկին, քուն մտնելուց առաջ, մտովի վերադարձա այն վերջին ակնթարթին… Նա ինչո՞ւ մեռավ։ Դրա համար որեւէ պատճառ չկար։ Եթե այն, ինչ ասում էր, ճիշտ էր…
: Հիմա չկար մեկը, ում հետ կկարողանայի զրուցել, ինչպես մենք էինք զրուցում, չկար մեկը, ումից սովորեի, գնայի հետքով, որ բառերով գրոհեի նրան, մեկը, ում վրա կհեսանեի իմ նոր, հստակ մտածելու կերպը։ Ի՞նքս։ Այո, բայց ես չունեի կեսն անգամ այն զվարթության, որն ինձ ուսուցանում էր նա՝ շարունակ գետնելով հոգեւոր կարատեով։
: Այդ ամենը մտմտալով՝ քնեցի։ Քնած էի, եւ ինձ երազ եղավ։
: Նա, մեջքով ինձ դարձած, ծունկի էր իջել դաշտում ու խցում էր Թրեվըլ Էյրի կողին բացված անցքը, այնտեղ, ուր գնդակն էր ծակել֊անցել։ Ծնկների մոտ ընկած էր առաժնակարգ նրբակտավի մի գալարափաթեթ ու բիտիուրատի լուծույթի ամանը։ Ես գիտեի, որ քնած եմ ու երազ եմ տեսնում, ու ես գիտեի, որ այդ ամենը կատարվում է իրականում։
: — ԴՈ՜Ն։
: Նա դանդաղ վեր կացավ ու դարձավ ինձ՝ ժպտալով իմ վշտին եւ իմ ուրախությանը։
: — Ողջո՛ւյն, բարեկա՛մ,— ասաց նա։
: Արցունքները չէին թողնում նայեմ։ Մահ չկա՛, մահ ընդհանրապե՛ս չկա, իսկ այս մարդն իմ ընկերն է։
: — Դո)նալդ, դու ո՜ղջ ես։ Այս ի՞նչ ես ուզում անել։
: Ես, ձեռքերս տարածելով, մոտ վազեցի ու գրկեցի նրան, ու նա իրական էր։ Ես կարող էի զգալ նրա թռիչքային բաճկոնի կաշին, սեղմել թեւերն այդ կաշվի տակ։
: — Ողջո՛ւյն,— ասաց նա։— Դեմ չե՞ս․ միակ բանը, որ ուզում եմ՝ այս անցքը փակելն է, ահա այստեղ։
: Ես ուրախ էի նրան տեսնելու համար։ Ոչինչ անհնար չէր թվում։
: — Բիտուրատով ու նրբակտավո՞վ,— հարցրի ես։— Բիտուրատով ու նրբակտավո՞վ ես ուզում սոսնձել։ Բայց դու դա չես անի․ դու պարզորոշ տեսնում ես, որ դա արդեն արված է…,— ափս էկրանի պես պահեցի պատառոտված, արնաթաթախ անցքի դեմ, ու երբ ձեռքս անցավ վրայով, անցքը չքացավ։ Պարզապես ինքնաթիռի մաքուր կողն էր՝ հայելափայլ ներկած, ու ոչ մի կար՝ քթամասից մինչեւ պոչը։
: — Ուրեմն դու դա այդպե՜ս ես անում,— ասաց նա։ Մուգ աչքերում շողշողում էր դմբո աշակերտի հպարտությունը, որից վերջապես տանելի մեխանիկ էր ստացվել։
: Ես դա տարօրինակ չհամարեցի․ երազում աշխատանքը հենց այդպես էլ արվում է։
: Ինքնաթիռի թեւից ոչ հեռու բոցկլտում էր վաղորդյան փոքրիկ խարույկը՝ թավան վրան։
: — Դո՛ն, դու ինչ֊որ բա՞ն ես եփում։ Գիտե՞ս, երբեւէ չեմ տեսել, որ ճաշ եփեիր։ Սա ի՞նչ է։
: — Բաղարջ,— անտարբեր ասաց նա։— Միակ, վերջին բանը, որ ցանկանում եմ անել քո կյանքում՝ ցույց տալ, թե ինչպես են բաղարջ թխում։
: Նա գրչահատով հացից երկու կտոր կտրեց ու մեկը պարզեց ինձ։ Նույնիսկ հիմա, երբ գրում եմ, դեռեւս զգում եմ համը… տաշեղների ու հնացած գրասենյակային սոսնձի, որը տաքացրել էր ճարպի հետ։
: — Դե, ինչպե՞ս է,— հարցրեց նա։
: — Դո՜ն…
: — Ուրվականի վրեժը,— քմծիծաղ տվեց նա։— Գաջից եմ սարքել,— նա իր բաժինը վերստին դրեց թավայի մեջ,— որպեսզի քեզ հիշեցնեմ, եթե երբեւէ ցանկանաս որեւէ մեկին ուսուցանել, քո գիտելիքներով արա, ոչ թե քո բլիթներով։ Օʼքե՞յ։
: — Ո՛Չ։ Ինչ սիրում ես՝ սիրիր եւ իմ հացը։ Սա է կյանքի հիմքը, Դո՛ն։
: — Շատ լավ։ Բայց ես հավաստիացնում եմ, որ քո առաջին իսկ ընտրիքը, ում հետ էլ այն կիսելու լինես, վերջինը կդառնա, եթե նրան կերակրես այս զզվանքով։
: Մենք ծիծաղեցինք ու լռեցինք, եւ ես լուռումունջ նայում էի նրան։
: — Դո՛ն, ամեն ինչ կարգին է, այո՞։
: — Դու գտնում ես, որ ես մեռե՞լ եմ։ Դե՛, Ռիչարդ…
: — Եվ սա երազ չէ։ Ես չե՞մ մոռանա, որ հիմա, ահա, տեսնում եմ քեզ։
: — Ոչ, սա երազ չէ, սա այլ տարածություն֊ժամանակ է, իսկ ցանկացած այլ տարածություն֊ժամանակ երազ է Երկրի ցանկացած ողջամիտ բնակչի համար, ինչպիսին դու կլինես դեռ էլի որոշ ժամանակ։ Բայց դու հիշելու ես, եւ դա կփոխի քո մտածողությունն ու կյանքը։
: — Ես քեզ նորից կտեսնե՞մ։ Դու կվերադառնա՞ս։
: — Կարծում եմ՝ ոչ։ Ես ցանկանում եմ թափանցել ժամանակի ու տարածության սահմաններից անդին։ Իրականում՝ արդեն թափանցել եմ, բայց գոյություն ունի այդ կապը մեր միջեւ, քո, իմ ու մեր ընտանիքի մյուս անդամների միջեւ։ Եթե խրվես որեւէ պրոբլեմի մեջ, այն պահիր մտքումդ ու նրա հետ պառկիր քնելու, եւ մենք կհանդիպենք այստեղ, ինքնաթիռի մոտ, ու կխոսենք նրա մասին, եթե ցանկանաս։
: — Դո՛ն…
: — Ի՞նչ։
: — Ինչի՞ համար էր հրացանը։ Ինչո՞ւ դա կատարվեց։ Ես ո՛չ ուժ, ո՛չ էլ փառք եմ տեսնում նրանում, որ թույլ ես տալիս հրացանից կրակել սրտիդ։
: Նա նստել էր խոտին, թեւի մոտ։
: — Քանի որ ես առաջին մեծության Փրկիչ չէի, Ռի՛չարդ, ինձ հարկավոր չէր որեւէ մեկին որեւէ բան ապացուցել։ Ու քանի որ քեզ փորձառություն էր հարկավոր, ու որպեսզի չհուզվեիր եւ չվշտանայիր արտաքին տեսքի համար,— ընդգծեց նա,— դո՛ւ կարող էիր արնաքամ լինել, որպեսզի սովորեիր։ Իսկ ինձ համար դա ժամանց է։ Մեռնելը նման է շոգ կեսօրին խորունկ լճի մեջ սուզվելուն։ Շոկի մեջ ես ընկնում սուր ու կտրող ցրտից, ակնթարթային ցավ ես զգում, իսկ հետո հաճելի է՝ իրականության մեջ լողալը։ Սակայն բազում կրկնություններից հետո նույնիսկ շոկն է մեղմանում։
: Ժամանակն անցնում էր․ նա վեր կացավ։
: — Շատ քչերին է հետաքրքրում, թե դու ասելու ինչ ունես, Ռի՛չարդ, բայց դա կարեւոր չէ։ Հիշի՛ր․ ուսուցչի որակը ամբոխի չափերով չի որոշվում։
: — Դո՛ն, ես կփորձեմ, խոստանում եմ։ Բայց եւ անդարձ կփախչեմ, հենց որ դադարեմ հաճույք ստանալ աշխատանքից։
: Ոչ ոք չդիպավ Թրեվըլ Էյրին, սակայն պտուտակը հանկարծ սկսեց պտտվել, շարժիչը կապույտ ծուխ արձակեց, ու թավ գվվոցը լցվեց մարգագետինը։
: — Խոստումն ընդունված է, բայց…,— նա նայեց ու ժպտաց՝ ասես չհասկանալով ինձ։
: — Ընդունված է, բայց ի՞նչ։ Ասա՛։ Բառերո՛վ։ Ասա՛ ինձ։ Քեզ ի՞նչը չի բավարարում։
: — Քեզ դուր չեն գալիս ամբոխները,— ասաց նա։
: — Այո, դա ինձ չի հրապուրում, ինձ դուր է գալիս զրուցելն ու մտքեր փոխանակելը, բայց երկրպագումը, որի միջով դու անցել ես, ու կախյալությունը… հուսով եմ, որ դու չես խնդրում… չէ որ ես փախա։
: — Գուցե ես պարզապես համր եմ, Ռի՛չարդ, կամ չեմ հասկանում մի ինքնին հասկանալի բան, որը դու շատ լավ ես հասկանում։ Բայց ի՞նչ վատ բան կա նրանում, որ այդ ամենը գրվի թղթին։ Մի՞թե այնպիսի կանոն կա, թե Փրկիչը չի կարող գրի առնել այն, ինչը ճշմարիտ է համարում, այն ամենը, ինչ հետաքրքիր է, ինչն ուրախացնում է նրան։ Բացի այդ, եթե մարդկանց դուր չգա այն, ինչ նա ասում է, գուցե այրե՞ն նրա խոսքը՝ վրան կրակելու փոխարեն։ Կայրեն բառերը, կծեծեն մահակով, իսկ եթե դուր գա, կարող են նորից կարդալ կամ խաղարկել որեւէ գաղափար, որ իրենց համար իմաստ կունենա։ Ի՞նչ վատ բան կա գրքերի մեջ, Ռի՛չարդ։ Բայց գուցե ես պարզապես հիմա՞ր եմ։
: — Գրքե՞ր։
: — Իսկ ինչո՞ւ՝ ոչ։
: — Բայց պատկերացնո՞ւմ ես ինչքա՜ն աշխատանք է պետք… Ես երդվել եմ այլեւս ոչ մի բառ չգրել։
: — Դե ինչ, ների՛ր,— ասաց նա։— Ահա՜ թե ինչ։ Ես չգիտեի։
: Նա բարձրացավ ստորին թեւին եւ այնտեղից անցավ խցիկը։
: — Դե, ցտեսությո՛ւն, կհանդիպենք։ Դիմացիր այստեղ, մի խոսքով։ Թույլ մի տա, որ քեզ ափերից հանեն։ Համոզվա՞ծ ես, որ չես ուզում գրել այդ ամենի մասին։
: — Երբե՛ք,— ասացի ես։— Երբե՛ք, ոչ մի բառ։
: Նա թոթվեց ուսերն ու հագավ թռիչքային ձեռնոցները, ձգեց գազի բռնակն, ու շարժիչի դղրդոցը պայթեց, ամեն ինչ պտույտ եկավ շուրջս, մինչեւ որ արթնացան Ֆլիտի թեւի տակ, իսկ երազի արձագանքը դեռ զնգում էր ականջներիս մեջ։
: Ես մենակ էի։ Ես եւ աշխարհը։ Դաշտում այնպիսի լռություն էր, ինչպես լուռ է լինում կանաչ֊աշնանային ձյունը լուսաբացին։ Հետո հենց այնպես, հանուն զվարճանքի, դեռ լրիվ չարթնացած, ձեռքս առա օրագիրս ու սկսեցի գրել․ մի փրկիչ՝ ուրիշ մարդկանց աշխարհում՝ իր ընկերոջ մասին․
:<i>
: 1. Կանխորոշված էր, որ հայտնություն գա
: Վարպետն աշխարհին՝
: ծնված լինելով Ինդիանայի սրբազան երկրում…</i>
[[Category: Արձակ]]