Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

No change in size, 20:05, 31 Հուլիսի 2013
/* Գլուխ առաջին */
Այդ մարդիկ սքանչելի մաթեմատիկոսներ են և մեքենայագիտության մեջ հսկայական կատարելության են հասել շնորհիվ կայսեր խրախուսանքների ու քաջալերության, որ գիտության հովանավորի համբավն ունի։ Այդ միապետն ունի բազմաթիվ մեքենաներ անիվների վրա դրած՝ փայտեղեն և այլ ծանրություններ փոխադրելու համար։ Նա հաճախ կառուցում է հսկայական ռազմանավեր, որոնցից մի քանիսն ինը ոտնաչափ երկարություն ունեն, և այն անտառներից, ուր ատաղձ կա, այդ մեքենաների վրա երեք հարյուր կամ չորս հարյուր յարդ հեռավորությունից դեպի ծովի ափն է տեղափոխվում։ Հինգ հարյուր ատաղձագործ և ինժեներ անմիջապես գործի էին կպել շինելու համար մի խոշոր մեքենա, ինչպիսին նրանք չէին ունեցել։ Դա մի տախտակամած էր, որ գետնից երեք մատնաչափ բարձր էր, մոտ յոթ մատնաչափ երկարություն ուներ և չորս մատնաչափ լայնություն ու շարժվում էր քսաներկու անիվի վրա։ Աղաղակը, որ ես լսեցի, այդ մեքենայի գալու առթիվ էր, որ, ինչպես երևում է, իմ ափ հասնելուց չորս ժամ հետո էին ուղարկել։ Այդ մեքենան դրին իմ մարմնին զուգահեռ։ Սակայն մեծագույն դժվարությունն այն էր, թե ինչպես պիտի ինձ վերցնեն ու դնեն այդ սայլի մեջ։ Այդ նպատակով նրանք տնկել են ութսուն ցից, ամեն մեկը մի ոտնաչափ բարձրությամբ, իսկ հուժկու, ամուր չվաններից, որ բարակ թոկի հաստություն ունեն, ամրացրել են կարթերի միջոցով բազմաթիվ կապիչներ, որոնցով բանվորները պատել են իմ վիզը, ձեռները, մարմինն ու սրունքները։ Ինը հարյուր ուժեղ մարդ սկսել են քաշել այդ պարանների բազմաթիվ ճախարակների միջոցով, որ ամրացրել են ցցերից և այդպես, երեք ժամից հետո, ինձ բարձրացրել են մեքենայի վրա ու ամուր կապել նրանից։ Այդ ամենի մասին ինձ պատմեցին հետո, որովհետև այդ գործողությունները կատարելիս ես խոր քնի մեջ էի՝ շնորհիվ այն քնաբեր դեղի, որ խառնել էին իմ խմիչքի մեջ։ Հազար հինգ հարյուր խոշոր ձի կայսերական ախոռից, յուրաքանչյուրը չորս ու կես մատնաչափ բարձրությամբ ինձ տարան դեպի մայրաքաղաքը, որ ինչպես ասի, գտնվում էր կես մղոն հեռավորության վրա։ Մեր ճամբորդուցյունն սկսելուց չորս ժամ հետո ես արթնացա մի շատ զվարճալի արկածի շնորհիվ․ երբ կառքը կանգ էր առել մի ինչ֊որ բան շտկելու համար, երկու թե երեք երիտասարդ բնիկներ հետաքրքրվել են իմանալու, թե ինչ տեսք ունեմ ես քնած ժամանակ․ նրանք բարձրանում են մեքենայի վրա և զգուշությամբ մոտենում իմ դեմքին․ նրանցից մեկը, մի գվարդիական սպա, իմ քթանցքի մեջ է խրում իր նիզակի սուր ծայրը, որ հարդի պես խտուտ է անում և ուժեղ կերպով փռշտացնում ինձ։ Ահբեկված քաջերը մի ակնթարթում անհայտանում են, իսկ ես միայն երեք շաբաթից հետո իմացա իմ հանկարծակի կերպով արթնանալու պատճառը։ Մեր երթը տևեց մինչև երեկո, իսկ գիշերը հանգստանալիս ամեն մի կողքիս կար հինգ հարյուր գվարդիական, կեսի ձեռքին ջահ, իսկ մյուս կեսի ձեռքին նետ ու աղեղ՝ ինձ խփելու պատրաստ, հենց որ փորձեմ տեղիցս շարժվվել։ Հետևյալ առավոտ արևածագին մենք շարունակեցինք մեր երթը և կեսօրի մոտերը մայրաքաղաքի դռներից երկու հարյուր յարդ հեռավորության վրա էինք։ Կայսրն ու ամբողջ արքունիքը մեզ ընդառաջ եկան, սակայն ավագ պաշտոնյանները ոչ մի դեպքում չուզեցին թույլ տալ նորին մեծությանը, որ բարձրանա իմ մարմնի վրա ու վտանգի ենթարկի իր անձը։
Հրապարակի վրա, ուր կանգ առավ կառքը, մի հին տաճար կար, որ համարվում էր ողջ թագավարության մեջ ամենից մեծը, և որը մի քանի տարի առաջ սրբապղծվել էր մի գազանային սպանության պատճառով։ Այդ ժողովրդի կրոնասիության հետևանքով տաճարը դադարել էր սրբավայր լինելուց ու հատկացվել էր հասարակական կարիքների, իսկ բոլոր զարդարանքներն ու կահ֊կարասին դուրս էին տարել։ Որոշված էր, որ ես ապրեմ այդ շենքի մեջ։ Մեծ դուռը, որ նայում էր դեպի հյուսիս, մոտ չորս ոտնաչափ բարձրություն ուներ և համարյա թե երկու ոտնաչափ լայնություն, որի միջով ես կարող էի հեշտությամբ ներս սողոսկել։ Դռան երկու կողմից, գետնից մոտ վեց մատնաչափ<ref>Վեց մատնաչափ․ ― Գուլիվերի հասակի բարձրության հարաբերությունը լիլիպուտների հասակի բարձրության հետ հավասար է ոտնաչափի հարաբերությանը մատնաչափին, այսինքն՝ տասներկուսի հարաբերությանը միավորին․ իսկ նրա հասակի բարձրության հարաբերությունը բրոբդինգնեգցիներին՝ ուղղակի ընդհակառակն է (1֊ը՝ 12֊ին)։ Այս պարզ հարաբերությունը թույլ է տալիս շատ հեշտ կերպով ստուգելու այն տվյալները, որ հետագայում հաղորդում է Սվիֆտը։ </ref> բարձր պատուհաններ կային։ Թագավորի դարբինները ձախ պատուհանից անց էին կացրել իննսունմեկ շղթա, որոնք նման են եվրոպական լեդիների ժամացույցի շղթանեերին և համարյա թե նույն երկարությունն ունեին, որ կապել էին իմ ձախ ոտից երեսունվեց կողպեքով։<ref>Երեսունվեց կողպեքով․ ― Հետաքրքրական է, որ նույն այդ թվերը մենք գտնում ենք Սվիֆտի Տակառի հեքիաթի մեջ, որ լույս է տեսել Գուլիվերից տասներկու տարի առաջ․ «Ես գրել եմ 91 պարսավագիր երեք թագավորությունների ժամանակ 36 ֆրակցիայի ծառայություն մատուցելու համար»։ </ref> Տաճարի դիմաց, խճուղու մյուս կողմը, քսան ոտնաչափ հեռավորության վրա կար հինգ ոտնաչափ բարձրության մի աշտարակ։ Կայսրն իր բազմաթիվ պալատականների հետ միասին բարձրացած է եղել այնտեղ ինձ տեսնելու համար, ինչպես ինձ պատմեցին հետո, քանի որ ես նրանց չէի տեսել։ Հաշվել են, որ նույն նպատակով քաղաքից մոտ հարյուր հազար բնակիչ է դուրս եկել, կարծում եմ՝ ոչ պակաս, քան տասը հազար հոգի, չնայած պահապաններին, զանազան ժամանակ սանդուխքներ սանդուղքներ դնելով բարձրացան ինձ վրա։ Սակայն շուտով մի հրաման եկավ և մահապատժի սպառնալիքով արգելվեց այդ։ Երբ դարբինները համոզվեցին, որ ինձ համար անհնար է դուրս գալ այդտեղից, անմիջապես կտրատեցին ինձ կապող չվանները, և ես ոտի կանգնեցի մի այնպիսի մռայլ տրամադրությամբ, որի նմանը ես կյանքում չէի ունեցել։ Սակայն անկարելի է նկարագրել ամբոխի այն զարմանքն ու ուղմուկը, երբ տեսան ինձ կանգնած ու ման գալիս։ Ձախ ոտքիցս կապած շղթաները, որոնք մոտ երկու յարդ երկարություն ունեին, հնարավորություն էին տալիս ինձ միայն ետ ու առաջ քայլելու մի կիսաշրջանի մեջ․ սակայն որովհետև այդ շղթաները կապել էին դռնից չորս ոտնաչափ հեռավորության վրա դեպի ներս, ուստի ես կարողանում էի տաճարը մտնել և ամբողջ երկայնքով պառկել այնտեղ։
==Գլուխ երկրորդ==
Ադմին, Վստահելի
1876
edits