Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 215 բայտ, 14:07, 3 Օգոստոսի 2013
/* Գլուխ վեցերորդՀարոլդ Վիլյամսի կարծիքով («Գուլիվերի» հոբել․ հրատ․1926 թ․) Սվիֆտն այս գլուխն ավելացրել է, երբ ճանապարհորդությունն արդեն ...
Նրանք իրենց մեռելները թաղում են գլխիվայր, որովհետև այն հավատն ունեն, թե տասնմեկ հազար լուսնից հետո նրանք նորից պիտի վեր կենան, երբ երկիրը (որ նրանց կարծիքով հարթ է) շրջած կլինի, և այդ միջոցին մեռելներն իրենց հարության ժամանակ կարող կլինեն ուղղակի ոտքի կանկնել։ Գիտնականներն այդ վարդապետությունը համարում են անիմաստ, սակայն, իբրև զիջում ռամիկ ժողովրդին, այդ սովորությունը մինչև հիմա էլ շարունակվում է։
Այդ կայսրության մեջ կան բավականին տարօրինակ օրենքներ ու սովորություններ, որոնք, եթե անչափ հակապատկեր չլինեին իմ թանկագին հայրենիքի օրենքներին ու սսովորություններին, ես պիտի փորձեի մի փոքր արդարացի համարելու։ Միայն ցանկալի է, որ նրանք կարգին գործադրվեն։ Նախ և առաջ ես պիտի հիշեմ լրտեսների <ref>Լրտեսներ․ ― Սֆիֆտն այդ մարդկանց ատում էր մասամբ Ստերրերիի դատավարության շնորհիվ (տե՛ս 84֊րդ ծանոթագրությունը):</ref> վերաբերյալ օրենքների մասին։ Պետական բոլոր հանցանքների համար այնտեղ շատ խիստ պատիժ կա, սակայն եթե մեղադրյալը դատավարության ընթացքում հաստատում է իր անմեղությունը, այն ժամանակ ամբաստանողն անմիջապես դատապարտվում է անարդ մահվան․ նրան կայքն ու կալվածները գրավում են և քառապատիկ կերպով հատուցում անմեղին՝ իր ժամանակի կորուստի և սպառնացող վտանգի համար և բանտում կրած նեղության ու պաշտպանության վերաբերյալ ծախսերի դիմաց։ Իսկ եթե գումարը պակասում է, այն ժամանակ փոխարենը լրիվ կերպով հատուցանում է պետական գանձարանը։ Բացի այդ՝ կայսրը հրապարակավ իր շնորհից մաս է հանում նրան, և ամբողջ քաղաքում հայտարարում են նրա անմեղ լինելը։
Խարդախությունը նրանք համարում են ավելի մեծ ոճրագործություն, քան թե գողությունը և դրա համար էլ միայն հազվագյուտ դեպքերում են ազատում մահվան պատժից․ որովհետև, նրանց պատճառաբանությամբ, եթե մարդ զգույշ ու աչալուրջ լինի և մի փոքր էլ հասկացող, կարող է իր գույքը պաշտպանել գողերից, իսկ ազնիվ մարդը ճարպիկ խարդախի դեմ պաշտպանության միջոց չունի։ Եվ քանի որ առ ու ծախսի ժամանակ շարունակ տեղի են ունենում պայմանագրություններ՝ վստահության վրա հիմնված, ուր խարդախությունը հնարավոր է կամ աննկատելի և չկա օրենք, որ պատժի, ազնիվ վաճառականը նման դեպքերում միշտ տուժում է, իսկ սրիկան՝ շահում։ Հիշում եմ, մի անգամ ես բարեխոսեցի կայսեր առաջ մի ոճրագործի համար, որ իր տիրոջ կարգադրությամբ մի խոշոր գումար էր ստացել ու փախել․ և երբ իբրև մեղմացուցիչ հանգամանք նորին մեծությանն ասի, թե նրա կողմից դա եղել է միայն վստահության խախտում, կայսրն իմ արածը գտավ հրեշավոր, որովհետև ես բերի մի արդարացում, որ միայն սաստկացնում էր նրա մեղքը, և ճիշտն ասած ես առարկելու խոսք չգտա, բացի այն պատասխանից, թե տարբեր ազգություններ ունեն տարբեր սովորություններ․ և, խոստովանում եմ, ես սաստիկ ամաչեցի։
Ադմին, Վստահելի
1876
edits