Changes
/* Գլուխ վեցերորդՀարոլդ Վիլյամսի կարծիքով («Գուլիվերի» հոբել․ հրատ․1926 թ․) Սվիֆտն այս գլուխն ավելացրել է, երբ ճանապարհորդությունն արդեն ...
Մի օր նորին կայսերական մեծությունը տեղեկանալով իմ ապրելակերպի մասին, հայտնեց, որ ինքը, օգոստափառ ամուսինը, ազնվարյուն իշխանների ու իշխանուհիների հետ միասին, կուզենային բախտ ունենալ (ինչպես նա բարեհաճեց ասել) ճաշելու ինձ հետ։ Երբ եկան, ես նրանց դրի սեղանիս, թագավորական գահերի վրա, իմ դիմաց, իրենց շքախմբի հետ միասին։ Ներկա էր նաև լորդ գանձապահը՝ Ֆլիմնապը՝ սպիտակ գավազանը ձեռքին։ Ես նկատեցի, թե ինչպես նա հաճախ նայում է ինձ անբարյացակամ հայացքով, որ ես չտեսնելու դրի, և ուտում էի սովորականից ավելի՝ ի փառս իմ հայրենյաց և ի զարմանս ամբողջ արքունիքի։ Ես հիմք ունեմ որոշակի կարծելու, որ այս այցելությունն առիթ տվեց Ֆլիմնապին նորին մեծության առաջ վարկաբեկելու ինձ։ Այդ մինիստրը միշտ եղել է իմ ծպտյալ թշնամին, թեև արտաքուստ, հակառակ իր դաժան բնավորության, շատ սիրալիր էր։ Նա կայսրին զեկուցեց իր գանձարանի վատ վիճակի մասին․ որ նա ստիպված է մեծ պարտքեր անել․ որ գանձարանային տոմսերն ինը տոկոս զեղջից պակաս չեն կարող շրջանառել, որ ես նորին մեծությանն արդեն նստել եմ մոտ մեկ ու կես միլիոն սպրուգ (իրենց ոսկու ամենամեծ դրամն է, մեծությամբ փայլուն հատիկի չափ) և որ, վերջապես, կայսրը խոհեմություն կաներ, եթե առաջին հարմար պատեհին արտաքսեր ինձ։
Ես այստեղ պետք է պաշտպանեմ մի վսեմափայլ լեդիի պատիվը,<ref>Մի վսեմափայլ լեդիի պատիվը․ ― մի քանի մեկնիչներ այստեղ ակնարկ են գտնում որոշ անձնավորությունների մասին, սակայն ավելի ճիշտ կլինի ենթադրել, որ Սվիֆթին պարզապես զվարճալի էր թվում նման արտառոց բամբասանքի հանդիսավոր հերքումը։</ref> որ անմեղ տեղը տուժեց իմ պատճառով։ Գանձապահը երևակայել էր իմ պատճառով խանդելու իր կնոջը, տեղի տալով չար լեզուների բամբասանքին, որոնք լուր էին տվել նրան, իբր թե նորին վսեմափայլությունը բուռն տենչանք է տածել դեպի ինձ, և արքունիքում մեծ աղմուկ է բարձրացել, որ նրա կինը մի անգամ գաղտնի կերպով եկել է իմ օթևանը։ Այսու հանդիսավոր կերպով հայտարարում եմ, որ դա մի անարգ ստախոսություն է, առանց որևէ հիմքի, որ նորին վսեմափայլությունը հաճել է միայն տածելու դեպ ինձ մի անմեղ և անկաշառ բարեկամության զգացմունք։ Ես խոստովանում եմ, որ նա հաճախ գալիս էր իմ տունը, սակայն միշտ ակնհայտ կերպով, կառքի մեջ հետն ունենալով երեգ հոգի՝ քրոջը, աղջկան և որևէ ընկերուհու․ սովորաբար այդպես գալիս էին ինձ մոտ և այլ պալատական տիկիններ։ Ես դիմում եմ իմ սպասավորներին, թող նրանք ասեն՝ տեսե՞լ են արդյոք երբևիցե իմ դռան առաջ որևէ կառք, առանց իմանալու, թե ով է մեջը։ Այդպիսի դեպքերում ես սովորաբար մոտենում էի դռան՝ իմ ծառայողի զեկուցումից հետո․ Իմ հարգանքը մատուցելուց հետո ես ձեռքով զգուշությամբ վերցնում էի կառքն ու լծած երկու ձին (վեց ձի լծած դեպքում սուրհանդակը ետ էր անում չորսը) ու դնում սեղանիս վրա, որի չորս կողմը պատել էին հինգ մատնաչափ հաստությամբ շարժական ճաղերով՝ դժբախտ պատահարները կանխելու համար։ Հաճախ սեղանիս վրա էի տանում չորս լծած կառք՝ հյուրերով լեցուն, և աթոռին թիկն տված նայում նրանց․ ու երբ սկսում էի խոսել մեկի հետ, մյուս կառքը հանդարտ կերպով պտույտ էր գործում սեղանի վրա։ Քանի՜֊քանի՜ հաճելի իրիկնապահեր եմ անցկացրել այդպիսի զրույցներով։ Ու ես քաջություն ունեմ ապացուցելու գանձապահին կամ նրա երկու լրաբերներին (ես պիտի հայտնեմ նրանց անունները, ինչ ուզում են թող անեն) Կլեստրիլին և Դռընլոյին, որ ոչ ոք թաքուն կերպով ինձ մոտ չի եկել բացի քարտուղար Ռիլդրեզերից, որ, ինչպես պատմեցի, ուղարկաված էր ինձ մոտ նորին կայսրության հատուկ հրամանով։ Այսքան երկար կանգ չպիտի առնեի այս մանրամասնությունների վրա, եթե այդ այնքան մոտիկ չշոշափեր իմ վսեմ լեդիի պատիվը, որ մի կողմ թողած իմը, թեև պատիվ ունեի կրելու նարդակ տիտղոսը, որ չուներ ինքը՝ գանձապահը, որովհետև ամբողջ աշխարհը գիտեր, որ նա միայն կլըմգլըմ էր, մի տիտղոս, որ այն աստիճանի ցածր է իմից, ինչ որ մարկիզի տիտղոսը դուքսի տիտղոսից, միևնույն ժամանակ ընդունում եմ, որ նա իր պաշտոնով ինձնից վեր էր։ Այդ զրախոսությունները, որ ես հետագայում իմացա, հիշատակելու անարժան դիպվածով, մի առժամնակ զայրույթ պատճառեցին գանձապահ Ֆլիմնապին իր կնոջ և մանավանդ իմ դեմ։ Թեև նա վերջապես ազատվեց այդ պատրանքից ու հաշտվեց իր կնոջ հետ, այնուանենայնիվ ես ընդմիշտ կորցրի նրա վստահությունն ու նկատեցի, որ իմ համարումը սաստիկ նվազել է կայսեր առաջ, որը գտնվում էր յուր շնորհառուի զորեղ ազդեցության տակ։
==Գլուխ յոթերորդ==