Changes
/* Գլուխ յոթերորդ */
Մի սովորություն կար, որ մուծված էր ներկա միապետի և իր մինիստրների կողմից (ինչպես ինձ հավատացրին՝ միանգամայն տարբեր նախկին ժամանակներում եղած սովորությունից)։ Երբ դատարանը կայսեր զայրույթին կամ նրա սիրեցյալ մինիստրի ոխակալությանը գահացում տալու համար մի որևէ դաժան պատիժ է նշանակում, այն ժամանակ կայսրն ամբողջ խորհրդի առաջ մի ճառ է արտասանում՝ արտահայտելու համար իր գութն ու գորովը՝ առաքինություններ, որոնք ծանոթ են ու հայտնի ողջ աշխարհին։ Այդ ճառն անմիջապես հրապարակում են ողջ թագավորության մեջ․ և ոչ մի բան այնքան չի սարսափեցնում ժողովրդին, որքան այդ ողորմածության գովասանքը․ որովհետև նկատված է, որքան ընդաձակ ու ուժգին է այդ ներբողը, այնքան վայրագ է պատիժը ու զոհն անմեղ։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, պիտի խոստովանեմ, որ չունենալով պալատական կոչում ոչ իմ ծագման և ոչ էլ դաստիարակության հանգամանքով, այդ գործերի մեջ ես վատ դատավոր էի, և այդ որոշման մեջ չէի կարողանում գտնել գթասրտության կամ շնորհի որևէ հետք, այլ համարում էի (գուցե սխալմամբ) այդ պատիժն ավելի դաժան, քան մեղմ։ Երբեմն մտածում էի գնալ և ատյանի առաջ պաշտպանել ինձ, որովհետև թեև ես հնարավորություն չունեի ժխտելու բազմաթիվ հոդվածների մեջ առաջադրած փաստերը, տակավին հույս ունեի, որ այդ հոդվածները որոշ չափով թույլ են տալիս մեղմացնելու իմ պատիժը։ Մյուս կողմից կյանքիս մեջ կարդացած լինելով շատ քաղաքական դատավարությունների մասին՝ երբեք չէի նկատել, որ նրանք այն վախճանը չունենան, ինչ ուզում են որոշել դատավորները, և ես չէի ցանկանում այս ճգնաժամին իմ դատավճիռն այդքան զորավոր թշնամիների վստահել։ Մտքովս մի անգամ անցավ ընդդիմադրություն ցույց տալ․ քանի որ ես դեռ ազատ էի, այդ կայսրության ամբողջ զորությունը կարող էի ենթարկել ինձ ու քարերով հեշտությամբ քարուքանդ անել նրա մայրաքաղաքը։ Սակայն մտաբերելով կայսրին տված երդումս ու նրանից ստացած շնորհները, նաև նրա տված նարդակ տիտղոսը՝ ես մի կողմ նետեցի այդ մտադրությունը։ Ես այդքան շուտ չկարողացա վարժվել պալատների մեջ ընդունված երախտագիտության և ոչ էլ համոզել ինձ, որ նորին մեծության ներկա դաժանություններն ազատում են ինձ իմ անցյալ բոլոր պարտականություններից։
Վերջապես ես հանգա մի եզրակացության, որի համար, թերևս, իրավամբ շատերը կշտամբեն ինձ․ խոստովանում եմ, իմ աչքերի, հետևապես և իմ ազատության պահպանությունը պարտական եմ իմ սեփական անխոհեմությանն ու անփորձությանը․ որովհետև, եթե ես ծանոթ լինեի միապետների ու մինիստրների բարքերին, որ ես երբեմն դիտել եմ ուրիշ շատ պալատներում, ու նրանց վարվելու ձևերին ոճրագործների հետ, որոնք պակաս մեղք ունեն, քան ես, ավելի մեծ աշխույժով ու պատրաստականությամբ կընդունեի մի այդպիսի թեթև պատիժ։ Սակայն իմ հախուռն երիտասարդության աճապարանքն ու նորին կայսերական մեծության թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի կայսրին, պատեհություն տվեց ինձ, նախքան երեք օրն անցնի, մի նամակ ուղարկել իմ բարեկամ քարտուղարին և իմաց տալու նրան իմ որոշման մասին՝ հենց նույն օրն առավոտյան մեկնել դեպի Բլեֆուսկու, <ref>Հենց նույն օրն առավոտյան մեկնել Բլեֆուսկու․ ― Բացահայտ ակնարկ է Բոլինգբրոկի և նրա 1715 թվին դեպի Ֆրանսիա փախուստի մասին։ Գուլիվերի նման նա ևս վախենում էր, որ Անգլիայում մնալը նրա համար հավասար էր մահվան դատավճռին սպասելուն։</ref> համաձայն այն արտոնության, որ ես ունեի։ Ու պատասխանի չսպասելով, գնացի կղզու այն կողմը, ուր մեր նավատորմիղն էր գտնվում։ Վերցնելով զինվորական մի մեծ նավ, ցռուկից մի թոկ կապեցի, խարսխից հանեցի ու ապա հանելով վերարակուս (վերմակիս հետ միասին, որ կռանս տակ բերել էի) դրի նավի մեջ ու կես֊քայլելով, կես֊լողալով հասա Բլեֆուսկուի թագավորական նավահանգիստը, ուր ժողովուրդը վաղուցհետե սպասում էր ինձ։ Նրանք ինձ տվին երկու առաջնորդ ուղեկցելու համար մինչև մայրաքաղաքը, որ նույն անունն էր կրում, ինչ որ կղզին։ Ես դրանց իմ ձեռքիս վրա տարա մինչև երկու հարյուր յարդ քաղաքի դարպասից այս կողմ ու ցանկություն հայտնեցի, որ նրանք գալուս մասին իմաց տան քարտուղարներից որևէ մեկին և ասեն, որ ես այստեղ սպասում եմ նորին կայսերական մեծության հրամանին։ Մոտ մի ժամից հետո պատասխան ստացա, թե նորին մեծությունը, ունենալով իր հետ օգոստափառ ընտանիքն ու պալատական մեծամեծ պաշտոնյաներին, գալիս է դիմավորելու ինձ։ Ես մոտեցա մի հարյուր յարդ ևս։ Կայսրն ու իր շքախումբը ցած իջան ձիերից, կայսրուհին ու լեդիները՝ իրենց կառքերից, ու ես չնկատեցի, որ նրանք վախենան կամ անհանգստանան։ Նորին մեծություն կայսեր ու կայսրուհու ձեռը համբուրելու համար պառկեցի գետնին։ Նորին մեծությանը պատմեցի, որ եկել եմ համաձայն իմ խոստումի և իմ տեր կայսրից ստացած թույլտվության՝ պատիվ ունենալու ամենահզոր միապետին տեսնելու և, ուժերս ներածին չափ առաջարկելու իմ ծառայությունը, եթե այդ չի հակասում իմ սեփական կայսեր հանդեպ ունեցած պարտականություններին, չհիշելով ոչ մի խոսք իմ շնորհազրկության մասին, քանի որ դեռևս պաշտոնական տեղեկություն չունեի այդ մասին ու կարող էի ամենևին չիմանալ, թե կա մի այդպիսի մտադրություն։ Միևնույն ժամանակ, ամենայն իրավամբ, կարող էի ենթադրել, որ կայսրը չպիտի բաց աներ իր գաղտնիքը, քանի որ ես նրա իշխանության սահմաններից դուրս էի։ Սակայն շուտով ես ըմբռնեցի, որ չարաչար սխալվել եմ։
Ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին մանրամասն նկարագրությամբ այդ պալատում ինձ ցույց տված ընդունելուցյան մասին, որ հատուկ էր մի այդպիսի հզոր թագավորի վեհանձնությանը և ոչ էլ անհարմարությունների մասին, որ ես ունեցա տան և անկողնու բացակայության պատճառով․ ասեմ միայն, որ ստիպված էի պառկել գետնին, վրաս առնել վերմակս։