Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 13 366 բայտ, 13:59, 11 Օգոստոսի 2013
/* Գլուխ X */
Այս վերջին փետուրը կոտրեց ուղտի մեջքը։
 
 
==Գլուխ XI==
 
 
Կեսօրվա մոտ ամբողջ քաղաքը էլեկտրականացված էր սարսափելի նորությունից։ Հեռագրի կարիք չկար, որի մասին այդ ժամանակ չէին էլ երազում։ Լուրը մարդուց մարդ թռավ, խմբից խումբ, տնից տուն հեռագրից մի քիչ պակաս արագությամբ։ Դպրոցի տնօրենը կեսօրից հետո, իհարկե, արձակեց երեխաներին։ Քաղաքը կտարակուսեր, եթե նա այդպես չաներ։
 
Սպանված մարդու մոտ արյունոտ դանակ էին գտել, և մի մարդ պնդել էր, թե դա պատկանում է Մըֆ Պոտերին։ Այդպես էր տարածվում պատմությունը։ Պատմում էին, որ գիշերը մի ուշացած քաղաքացի տեսել էր Պոտերին լվացվելիս, և թե Պոտերը անմիջապես փսխել էր։ Կասկածելի հանգամանքներ էին, հատկապես լվացվելը, որը Պոտերի սովորությունների մեջ չէր մտնում։ Պատմում էին նաև, որ քաղաքը խուզարկվել էր «մարդասպաններին» գտնելու համար (ժողովուրդը միշտ կասկածելին համարում է ապացույց) և թե չէին կարողացել գտնել։ Գլխավոր փողոցները և ամեն ուղղությամբ ձիավորներ էին ուղարկված։ Իբր թե շերիֆը «վստահ էր», որ մինչև երեկո հանցագործը կձերբակալվեր։
 
Ամբողջ քաղաքը հոսում էր դեպի գերեզմանատուն։ Տխրությունը մոռացած Թոմը միացավ մյուսներին, ոչ նրա համար, որ նա հազար անգամ չէր նախընտրի ուրիշ ուղղությամբ գնալ, այլ որովհետև մի սարսափելի, անբացատրելի ուժ նրան այնտեղ էր քաշում։ Հասնելով ահռելի վայրը, նա մարդկանց արանքով սողաց և տեսավ այդ սարսափելի տեսարանը։ Նրան թվաց, թե մի դար է անցել իր այստեղ լինելուց հետո։ Մեկը նրա թևը բռնեց։ Դարձավ և հանդիպեց Հեքլբերիի աչքերին։ Հետո երկուսն էլ ուրիշ կողմ նայեցին և մտածեցին, թե արդյո՞ք որևէ մեկը, որևէ բան նկատեց իրենց հայացքի մեջ։ Բայց բոլորը խոսում էին, իրենց ուշադրությունը ոևեռած առջևում բացված սարսափելի տեսարանին։
 
«Խեղճ մարդ», «խեղճ երիտասարդ», «սա պետք է խրատ լինի դիակ գողացողներին», «Մըֆ Պոտերը կկախվի դրա համար, եթե գտնեն» ― այդպիսի արտահայտություններ էին լսվում։ Իսկ քարոզիչն ասաց․ «Դա երկնային պատիժ է․ այս գործի մեջ նրա մատը կա»։
 
Թոմը ոտից գլուխ դողաց, որովհետև նրա հայացքը ընկավ Հնդկացի Ջոյի մռայլ դեմքին։ Այդ պահին ժողովուրդն սկսեց ճանապարհ բացել, և մի քանի ձայներ լսվեցին։ «Նա՛ է, նա՛ է, նա ինքն է գալիս»։
 
― Ո՞վ է, ո՞վ ― հարցրեցին բազմաթիվ ձայներ։
 
― Մըֆ Պոտերը։
 
― Տեսեք, կանգ առավ, տեսեք, ետ է դառնում, մի՛ թողեք, որ փախչի։
 
Թոմի գլխավերևը, ծառերի վրա գտնվող մարդիկ ասացին, որ նա չի փախչում, նա պարզապես մտածկոտ ու զարմացած է երևում։
 
― Դժոխային անամոթություն, ― ասաց մեկը, ― ուզեց գալ և հանգիստ նայել իր արած գործին, մարդու չէր սպասում։
 
Ժողովուրդը կիսվեց, և շերիֆը, Պոտերի ձեռքից բռնած, մոտեցավ։ Խեղճ մարդու դեմքը այլայլված էր, աչքերը մատնում էին նրան պատած սարսափը։ Երբ Պոտերը հասավ սպանված մարդու մոտ, ամբողջ մարմնով դողաց, ձեռքերով ծածկեց դեմքը և սկսեց լաց լինել։
 
― Այդ ե՛ս չեմ արել, բարեկամներ, ― լաց եղավ նա, ― պատվո խոսք եմ ասում, որ ես չեմ արել։
 
― Ո՞վ է քեզ մեղադրում, ― հնչեց մի ձայն։
 
Այս ձայնը խելքի բերեց նրան։ Պոտերը բարձրացրեց դեմքը և շուրջը նայեց՝ աչքերում հուսահատություն։ Նա տեսավ Հնդկացի Ջոյին և բացականչեց․
 
― Օ՜, հնդիկ Ջո, դու ինձ խոստացար, թե երբեք․․․
 
― Դա քո՞ դանակն է, ― շերիֆը դանակը դրեց նրա առջև։ Պոտերը ցած կընկներ, եթե չբռնեին նրան և գետնին չնստեցնեին, նա ասաց․
 
― Ինչ֊որ բան ինձ ասում էր, որ եթե չվերադառնամ․․․ ― նա դողաց․ հետո անուժ ձեռքը շարժեց հուսահատ շարժումով և ասաց․ ― Պատմիր նրանց, Ջո, պատմիր նրանց, այլևս ի՞նչ իմաստ ունի․․․
 
Հե քլբերին և Թոմը մունջ ու քարացած մնացել էին և լսում էին, թե ինչպես այդ քարասիրտ ստախոսը հանդարտ պատմում էր։ Ամեն րոպե նրանք սպասում էին, որ անամպ երկինքը աստծո կրակը թափի նրա գլխին և զարմանում էին, տեսնելով, թե ինչքան է ուշանում հարվածը։ Եվ երբ նա ավարտեց ու դեռ ողջ առողջ էր մնում, նրանց մեջ արթնացավ երկչոտ ցանկությունը՝ երդումը խզելու և ազատելու խեղճ բանտարկյալի կյանքը, չքացավ, որովհետև պարզ էր, որ այս չարագործը հոգին ծախել էր սատանային և ճակատագրական կլիներ դեմ գնալ այդպիսի ուժի։
 
― Ինչո՞ւ չփախար, ինչո՞ւ եկար այստեղ, ― ասաց մեկը։
 
― Ուրիշ կերպ չէի կարող, իմ ձեռքին չէր, ― տնքած Պոտերը, ― ես ուզեցի փախչել, բայց այստեղից բացի ուրիշ տեղ չկարողացա գնալ։ ― Եվ նա նորից սկսեց լաց լինել։
 
Հնդկացի Ջոն իր պատմությունը կրկնեց մի քանի րոպե հետո նույն հանգստությամբ և երդվեց։ Եվ տղաները տեսնելով, որ կայծակը չէր խփում նրան, վերջնականապես համոզվեցին, որ Ջոն հոգին ծախել է սատանային։ Այժմ հնդիկը նրանց համար դարձավ ամենահետաքրքրական էակը, որ երբևէ տեսել էին և իրենց կախարդված աչքերը չէին կարողանում նրանից հեռացնել։ Նրանք որոշեցին գիշերները դիտել նրան, եթե առիթը ներկայանա, այն հույսով, որ գուցե սատանայական որևէ բան տեսնեն։
 
Հնդկացի Ջոն օգնեց սպանված մարդու դիակը վերցնելուն և մի սայլի վրա դնելուն։ Բազմությունը ցնցվեց․ ասացին, որ այդ պահին վերքից արյան կաթիլներ գլորվեցին։ Տղաները հույս ունեցան, որ այդ բարեբախտ պատահարը կասկածը կուղղի ճիշտ ուղղությամբ, բայց հիասթափվեցին, որովհետև մի քաղաքացի նկատեց․
 
― Երեք ոտնաչափ հեռու էր Մըֆ Պոտերը, երբ այդ կատարվեց։
 
Այդ դեպքից հետո, ավելի քան մի շաբաթ, սարսափելի գաղտնիքը ու խղճի խայթը Թոմին հանգիստ չէին տալիս․ մի առավոտ, նախաճաշին, Սիդն ասաց․
 
― Թոմ, քնիդ մեջ շուռումուռ ես գալիս և այնքան շատ ես խոսում, որ ինձ քնել չես թողնում։
 
Թոմը գույնը գցեց և աչքերը գետնին հառեց։
 
― Դա վատ նշան է, ― ասաց մորաքույր Պոլին լրջորեն․ ― Ի՞նչ կա մտքումդ, Թոմ։
 
― Ոչինչ, ոչինչ չկա․ ― բայց տղայի ձեռքը այնպես դողաց, որ նա սուրճը թափեց։
 
― Եվ այնպիսի բաներ ես խոսում,― ասաց Սիդը։ ― Երեկ գիշեր դու ասացիր․ «Արյո՛ւն է, արյո՛ւն է»։ Դու այդ մի քանի անգամ կրկնեցիր։ Հետո ասացիր․ «Այդպես մի տանջիր, ես, ես կպատմեմ»։ Կպատմե՞ս, ի՞նչ կպատմես։
 
Ամեն ինչ պտտվեց Թոմի առջև։ Դժվար էր ասել, թե ինչ կարող էր պատահել այժմ, բայց բարեբախտաբար մորաքույր Պոլիի դեմքից չքացավ մտահոգությունը, և Թոմին օգնության եկավ առանց իմանալու։ Նա ասաց․
 
― Սըսս․․․ այդ սարսափելի սպանություն է։ Ես ինքս ամեն գիշեր այդ մասին երազ եմ տեսնում։ Երբեմն երազումս այնպես է լինում, որ իբր ես եմ այն արել։
 
Մերին ասաց, որ ինքն էլ նույն ձևով ազդված է։ Սիդը բավարարված թվաց։ Թոմը նրանց մոտից հեռացավ ինչքան կարող էր արագ և դրանից հետո, ատամնացավից գանգատվելով, մի շաբաթ ծնոտը կապում էր գիշերները։ Նա երբեք չիմացավ, որ Սիդը գիշերները դիտում էր նրան և հաճախ քանդում էր կապը և արմունկներին հենված, երկար ժամանակ լսում, հետո նորից կապը տեղն էր դնում։ Թոմի լարված ուղեղը քիչ առ քիչ հանգստացավ, իսկ ատամնացավը մոռացվեց։ Եթե Սիդը Թոմի անկանոն մռմռոցներից որևէ բան հասկացավ, ոչ ոքի չասաց։ Թոմին թվում էր, որ իր դպրոցական ընկերները երբեք չեն կարող սատկած կատուների մասին հարցեր չտալ և չեն թողնի, որ իր վիշտը մոռանա։ Սիդը նկատեց, որ Թոմը երբեք հարցաքննություններին չէր մասնակցում, թեև նրա սովորությունն էր նման դեպքերում առաջնորդ լինել։ Նա նկատեց, որ Թոմը երբեք որպես վկա հանդես չէր գալիս։ Դա տարօրինակ էր։ Սիդը բաց չթողեց նաև այն փաստը, որ Թոմը շեշտված խուսափողականություն է հանդես բերում այդ հարցերի ժամանակ ու միշտ փախչում է դրանից, երբ հնարավոր է լինում։ Սիդը հիանում էր, բայց ոչինչ չէր ասում։ Ի վերջո, նույնիսկ այդ տիպի հարցերը գնալով անհետաքրքիր դարձան և դադարեցին տանջել Թոմի խիղճը։
 
Վշտի այդ ծանր շրջանում, ամեն օր կամ երկու օրը մեկ, Թոմը առիթ էր գտնում, գնում էր բանտի երկաթապատ լուսամուտի մոտ և «մարդասպանին» տալիս էր մի կտոր խմորեղեն, երբ ձեռք էր բերում։ Բանտը փոքր, աղյուսաշեն շենք էր, քաղաքի ծայրին և ճահճի մեջ։ Պահակներ չկային, որովհետև բանտը հազվադեպ էր զբաղված լինում։ Այդ նվերները մեծապես օգնում էին Թոմի խիղճը հանգստացնելուն։ Քաղաքացիները շատ էին ուզում պատժել Հնդկացի Ջոյին դիակներ գողանալու համար, բայց այնպիսի սարսափելի բնավորություն ուներ նա, որ ոչ ոք չէր ուզում այդ գործում առաջինը հանդես գալ, այդ իսկ պատճառով իրենց մտադրությունից հրաժարվեցին։ Երկու անգամ էլ նա իր հայտարարությունը սկսեց կռվից հետո եղածներից, առանց խոստովանելու դիակի գողությունը, որն ավելի առաջ էր եղել։ Հետևաբար, ավելի լավ համարվեց դատարանում առայժմ այդ հարցը չբարձրացնել։
Ադմին, Վստահելի
1876
edits