Թրև գալ ախոռի շուրջը, հավաքելով ամբողջ քաղաքի ամենավատ համբավի տեր շների մի ողջ ոհմակ և գլխավորել նրանց երթը դեպի քաղաքի ետնախորշերը՝ կռվելու ուրիշ կտրիճ շների հետ ― Մոնթմորընսիի համար սա է կյանքի իմաստը։ Դրա համար էլ, ինչպես ասացի, նա այդպիսի բուռն հավանություն տվեց հյուրանոցներում, պանդոկներում և իջևանատներում գիշերելու առաջարկությանը։
Այսպես կարգավորելով գիշերելու հարցը, որը գոհոցնում գոհացնում էր չորսիս էլ, մնաց քննարկելու միայն մի հարց․ ինչ՞ պետք է վերցնեինք մեզ հետ, և մենք սկսել էինք քննարկել դա, երբ Հարրիսն ասաց, որ մի երեկոյի համար արդեն բավական ճառել ենք և առաջարկեց դուրս գալ ու մի բան խմել։ Նա ասաց, որ մի լավ տեղ գիտի մոտակայքում, որտեղ կարելի է հիանալի հոլանդական վիսկի խմել։
Ջորջն ասաց,որ խմելու կարիք է զգում (չեմ հիշում մի դեպք, որ Ջորջը խմելու կարիք չզգա) և, քանի որ ես այնպիսի նախազգացում ունեի, որ մի քիչ վիսկին մի կտոր լիմոնի հետ օգտակար կլիներ ինձ համար, մտքերի փոխանակությունը, ընդհանուր համաձայնությամբ, հետաձգվեց մինչև հաջորդ երեկո։ Համաժողովի մասնակիցները դրեցին իրենց գլխարկները և դուրս եկան։