Changes
/* Գլուխ XXVIII */
― Այ, արդեն լավ է։ Երբեք մի՛ թուլացիր, Հեք։ Ինքս էլ չեմ թուլանալու։
==Գլուխ XXIX==
Այդ գիշեր Թոմն ու Հեքը պատրաստ էին իրենց նոր արկածին։ Նրանք հյուրանոցի շուրջը թափառում էին մինչև ժամը ինը, մեկը՝ հեռվից, ճանապարհը դիտելով, մյուսը՝ հյուրանոցի դռանը։ Ոչ ոք փողոց չմտավ կամ դուրս չեկավ։ Իսպանացու նմանվող ոչ մի մարդ հյուրանոց չմտավ կամ այնտեղից դուրս չեկավ։ Գիշերը խոստանում էր պարզ լինել։ Թոմը տուն գնաց, պայմանավորվելով, որ եթե բավականաչափ մութ լինի, Հեքը թող գա, մլավի։ Ինքը դուրս կծլկի և կփորձի բանալիները։ Բայց գիշերը պարզկա էր, և ժամը մոտ տասներկուսին Հեքը իր դիտակետը թողնելով, գնաց քնելու շաքարի դատարկ տակառի մեջ։
Տղաները երեքշաբթի օրն էլ բախտ չունեցան, ինչպես և չորեքշաբթի օրը։ Բայց հինգշաբթի օրը ավելի խոստումնալից էր։ Հարմար ժամին Թոմը դուրս սահեց, վերցնելով մորաքրոջ թիթեղյա հին լապտերը և մի մեծ սրբիչ, որ լույսը քողարկի։ Նա լապտերը պահեց Հեքի շաքարի տակառում և անցավ պահակության։ Կեսգիշերից մի ժամ հետո հյուրանոցը փակվեց, և լույսերը հանգան (շրջակայքում ուրիշ լույս չկար)։ Ոչ մի իսպանացի չերևաց։ Ոչ ոք ներս չմտավ, ոչ էլ դուրս եկավ փողոցից։ Ամեն ինչ հարմար էր։ Մութը տիրում էր, կատարյալ լռությունը խզվում էր միայն հեռավոր ամպրոպի հատուկենտ ճայթյուններից։
Թոմը վերցրեց լապտերը, տակառի մեջ վառեց, փաթաթեց սրբիչով, և երկու արկածախնդիրները մթության մեջ շարժվեցին դեպի հյուրանոց։ Հետո մտահոգ սպասաման երկարատև ժամանակ անցավ, որ Հեքին ճնշեց սարի նման։ Նա ուզում էր տեսնել լապտերի լույսը։ Դա տղային կվախեցներ, բայց նա գոնե կիմանար, որ Թոմը դեռևս ողջ է։
Թվում էր, թե Թոմի գնալուց հետո ժամեր են անցել։ Հավանաբար ուշագնաց է եղել։ Գուցե մեռել է, գուցե սարսափից և հուզմունքից սիրտը պայթել է։ Անհանգիստ վիճակում Հեքը գլխի ընկավ, որ դանդաղ մոտենում է փողոցին, ամեն սարսափելի բանից վախենալով և ամեն վայրկյան սպասելով օրհասական աղետի։ Վախից շունչը կտրվում էր, սիրտն այնպես էր թպրտում, որ քիչ էր մնում պայթի։ Հանկարծ լույսի մի շող երևաց և Թոմը սլացավ նրա կողքով։
― Փախիր, ― ասաց նա,― փախիր և կյանքդ ազատիր։
Կրկնելու կարիք չուներ․ մի անգամը բավական էր։ Հեքն արդեն վազում էր ժամում երեսուն կամ քառասուն մղոն արագությամբ։ Մինչև քաղաքի մյուս ծայրում գտնվող լքված սպանդանոցը տղաները կանգ չառան։ Հազիվ էին տեղ հասել, երբ պայթեց ամպրոպը, և անձրև տեղաց։ Երբ Թոմի շունչը տեղը եկավ, նա ասաց․
― Հեք, սարսափելի էր։ Բանալիներից երկուսը փորձեցի, ինչքան կարող էի կամաց, բայց դրանք այնպիսի ձայն էին հանում, որ լեղիս ճաքում էր։ Այնպես էի վախենում։ Դրանք կողպեքի մեջ չէին պտտվում։ Հետո, առանց իմանալու, թե ինչ եմ անում, ես բռնակը հրեցի, և դուռը բացվեց։ Չէր կողպված։ Ես ներս թռա, սրբիչը հանեցի և ով մեծ կեսարի ոգի․․․
― Ի՞նչ, ի՞նչ տեսար, Թոմ։
― Հեք, քիչ մնաց Հնդկացի Ջոյի ձեռքը տրորեի։
― Չէ՜։
― Այո։ Նա այնտեղ պառկած էր, հատակին, խոր քնած, աչքին այդ հին լաթի կտորը և ձեռքերը տարածած։
― Աստված իմ, ի՞նչ արեցիր։ Նա արթնացա՞վ։
― Ոչ, չշարժվեց էլ։ Կարծեմ հարբած էր։ Ես անմիջապես վերցրի սրբիչը և դուրս թռա։
― Ես սրբիչի մասին չէի մտածի, վստահ եմ։
― Իսկ ես կմտածեի։ Մորաքույրս հոգիս կհաներ, եթե կորցնեի։
― Լսիր, Թոմ, այդ սնդուկը տեսա՞ր։
― Հեք, ես շուրջս նայելու ժամանակ չունեցա։ Տուփը չտեսա, խաչն էլ չտեսա։ Ես բան չտեսա, բացի Հնդկացի Ջոյի կողքի շշից և թիթեղե բաժակից։ Հա, տեսա նաև երկու տակառ և բազմաթիվ շշեր։ Հիմա հասկանո՞ւմ ես, թե ինչ է կատարվում այդ ոգիների սենյակում։
― Ի՞նչ։
― Դա վիսկիով է լցված։ Գուցե բոլոր հյուրանոցներում այդպիսի ոգիներով լիքը սենյակներ կան, հը՞, Հեք։
― Գուցե այդպես է։ Ո՞ւմ մտքով կանցներ։ Բայց լսիր, Թոմ, հիմա ամենահարմար ժամանակն է այդ տուփը վերցնելու, քանի Հնդկացի Ջոն հարբած է։
― Ճիշտ է, դե գնա փորձիր։
Հեքը սարսռաց․
― Չէ, ես չեմ կարող։
― Ոչ էլ ես, Հեք։ Հնդկացի Ջոյի կողքին միայն մի շիշ կար և դա բավական չէ։ Եթե երեքը լինեին, նա բավական խմած կլիներ, և ես կանեի։
Երկարատև, մտահոգ լռություն տիրեց, հետո Թոմն ասաց․
― Լսիր, Հեք, արի այլևս չփորձենք, մինչև չիմանանք, որ Հնդկացի Ջոն այնտեղ չէ։ Շատ սարսափելի է։ Եթե ամեն գիշեր հսկենք, վստահ եմ, որ դա մեզ կհաջողվի։ Այդ ժամանակ տուփը կթռցնենք կայծակից էլ արագ։
― Լավ, համաձայն եմ։ Ամբողջ գիշերը կհսկեմ և ամեն գիշեր կհսկեմ, եթե գործի մնացած մասը դու անես։
― Շատ լավ, կանեմ։ Սրանից հետո քո անելիքը կլինի վազել Հուպըր փողոցը և մլավել։ Եթե քնած լինեմ, լուսամուտին խճաքարեր նետիր, որ արթնանամ։
― Համաձայն եմ, այդպես էլ կանեմ։
― Իսկ հիմա, Հեք, ամպրոպն անցավ, և ես տուն պիտի գնամ։ Մի քանի ժամից արշալույսը կբացվի։ Դու հետ գնա և հսկիր, լա՞վ։
― Ասացի կանեմ, Թոմ, ուրեմն՝ կանեմ։ Ամբողջ մի տարի այս հյուրանոցից գիշերները չեմ հեռանա։ Ամբողջ ցերեկը կքնեմ և ամբողջ գիշեր կհսկեմ։
― Շատ լավ։ Իսկ որտե՞ղ կքնես։
― Բեն Ռոջերսի խոտանոցում։ Նա ինձ թույլ է տալիս։ Նույնը անում է նրա հոր նեգրը՝ քեռի Ջեկը։ Քեռի Ջեկի համար ջուր եմ կրում, երբ նա ուզում է, և ամեն անգամ, ուտելու մի փոքր բան է տալիս, եթե ունենում է։ Շատ բարի նեգր է, Թոմ։ Նա ինձ սիրում է, որովհետև ես երբեք այնպես չեմ պահում ինձ, թե իբր ես նրանից բարձր եմ։ Մի քանի անգամ ես նստել եմ նրա հետ և միասին կերել։ Բայց կարիք չկա, որ դա պատմես։ Երբ մարդ սարսափելի սոված է, անում է այնպիսի բաներ, որ չէր ուզենա անել, իբրև ամոթալի արարք։
― Լավ, քանի որ ցերեկները քո կարիքը չեմ զգալու, Հեք, կթողնեմ, որ քնես։ Չեմ գա քեզ խանգարելու։ Գիշերները, եթե որևէ բան նկատես, պարզապես արի ու մլավի։
==Գլուխ XXX==
Ուրբաթ առավոտյան Թոմի լսած առաջին բանը ուրախ լուր էր․ նախորդ գիշեր քաղաք էր վերադարձել դատավոր Թեչըրի ընտանիքը։ Մի պահ երկրորդական կարևորություն ստացան և՛ Հնդկացի Ջոն, և՛ գանձը։
Բեքին առաջին տեղը գրավեց տղայի հետաքրքրության մեջ։ Նա տեսավ աղջկան, և նրանք հրաշալի ժամանակ անցկացրին խաղալով իրենց դասարանցիների մի մեծ խմբի հետ։ Օրն ավարտվեց և պսակվեց շատ գոհացուցիչ ձևով։ Բեքին համոզեց մորը, որ հաջորդ օրվա համար նշանակի երկար ժամանակ խոստացված և երկար հետաձգված պիկնիկը։ Մայրը համաձայնեց։ Երեխայի ուրախությունն անսահման էր, իսկ Թոմը չափավորներից չէր։ Մինչև մայրամուտ հրավերներ ուղարկվեցին։ Քաղաքի պատանիներն անմիջապես ընկան պատրաստության մոլուցքի մեջ և սկսեցին նախապես վայելել այն։ Թոմը հուզմունքից արթուն մնաց բավական ժամանակ։ Հույս ուներ, թե կլսի Հեքի մլավոցը և իր գանձերով հաջորդ օրը կզարմացնի Բեքիին և պիկնիկի մյուս մասնակիցներին, բայց հիասթափվեց։ Այդ գիշեր ոչ մի նշան չեղավ։
Առավոտը եկավ և ժամը տասի կամ տասնմեկի մոտերքը աղմկալից և թռվռուն մի խումբ հավաքվեց դատավոր Թեչըրի տան առաջ։ Ամեն ինչ պատրաստ էր ճանապարհ ընկնելու։ Սովորություն չէ, որ մեծահասակներն իրենց ներկայությամբ խանգարեն պիկնիկավորներին։ Երեխաները ապահով էին համարվում տասնությամյա մի քանի աղջիկների և մի քանի քսանամյա երիտասարդների հսկողության տակ։ Վարձված էր «Ջին» գետանցանավը։ Շուտով ուրախ խումբը գլխավոր փողոցը լցրեց ուտելիքների զամբյուղներով։ Սիդը հիվանդ էր և հարկադրված էր այդ հաճույքից զրկվել։ Մերին մնաց տանը նրան զբաղեցնելու համար։ Վերջին բանը, որ միսիս Թեչըրը ասաց Բեքիին, այս էր․
― Դու շատ ուշ կվերադառնաս։ Գուցե ավելի լավ կլինի գիշերը մնաս նավահանգստի մոտ ապրող աղջիկներից մեկի տանը։
― Այդ դեպքում ես Սյուզի Հարպըրի հետ կմնամ, մայրիկ։
― Շատ լավ։ Քեզ լավ պահիր և որևէ անախորժության առիթ չտաս։
Երբ նրանք դուրս եկան, Թոմն ասաց Բեքիին․
― Լսիր, ահա թե ինչ կանենք։ Ջո Հարպըրենց գնալու փոխարեն մենք բլուր կբարձրանանք և կմնանք այրի Դուգլասի մոտ։ Նա պաղպաղակ կունենա։ Նա համարյա միշտ պաղպաղակ է ունենում և այնքա՜ն շատ։
― Նա կուրախանա, եթե մեզ տեսնի։
― Օ՛յ, դա հրաշալի բան կլինի։
Հետո Բեքին մի րոպե մտածեց և ասաց․
― Բայց ի՞նչ կասի մայրիկը։
― Որտեղի՞ց պիտի իմանա։
Աղջիկը մտածեց և ասաց անվճռականորեն․
― Ինձ թվում է, որ սխալ է, բայց․․․
― Բայց ոչինչ։ Քո մայրը չի իմանա։ Կամ ի՞նչ վատ բան կա դրա մեջ։ Նրա ամբողջ ուզածն այն է, որ դու ապահով լինես և գրազ կգամ, որ ինքը քեզ կասեր այդտեղ գնալ, եթե մտքովն անցներ։ Վստահ եմ, որ կասեր։
Այբի Դուգլասի հրաշալի հյուրասիրությունը գայթակղիչ էր։ Դա և Թոմի հավաստիացումները գործը տեսան։ Որոշվեց գիշերային ծրագրի մասին ոչ ոքի չասել։
Հանկարծ Թոմը հիշեց, որ գուցե այդ գիշեր Հեքը կգա և ազդանշան կտա։ Այդ մտածումից նրա ոգևորության մի մասը սառեց։ Բայց նա չէր կարողանում հրաժարվել այրի Դուգլասի տանն սպասող ուրախությունից։ Եվ ինչո՞ւ պետք է հրաժարվեր, տրամաբանեց նա․ անցյալ գիշեր ազդանշան չեղավ, ինչո՞ւ պետք է այս գիշեր լիներ։ Գիշերայյին ապահով ուրախությունը մի կողմ մղեց անապահով գանձը և, ինչպես բնական է երեխայի համար, նա որոշեց տեղի տալ ավելի ուժեղ ցանկությանը, իրեն թույլ չտալ գանձի մասին այդ օրը մի անգամ էլ մտածել։
Քաղաքից երեք մղոն ներքև գետանցանավը կանգ առավ ծառաշատ մի հովտի դիմաց և կապվեց ափից։ Խումբը ցամաք դուրս եկավ և շուտով անտառի թավուտներում, ժայռերի վրա լսվեցին ծիծաղ ու աղմուկ։ Տաքանալու և հոգնելու բոլոր ձևերը գործի դրվեցին։ Շուտով չարաճճիները ճամբար վերադարձան բացված ախորժակով և վրա պրծան համեղ ուտելիքներին։ Խնջույքից հետո հանգստացան սաղարթախիտ կաղնու սստվերում և զրուցեցին։ Հանկարծ մեկը բղավեց․
― Ո՞վ է ուզում քարանձավ գնալ։
Բոլորն էլ ուզում էին։ Կապոցներով մոմեր մեջտեղ հանվեցին և անմիջապես մագլցեցին բլուրն ի վեր։ Քարանձավի մուտքը բլրի գագաթին էր, մի բացվածք A տառի նման։ Նրա հսկա կաղնե դուռը բաց էր։ Ներսում կար մի փոքր սենյակ, սառցարանի նման ցուրտ և բնության կողմից պատած պինդ կրով, որը թաց էր, կարծես ծածկված էր սառը քրտինքով։ Այնքա՜ն խորհրդավոր էր ու ռոմանտիկ՝ թանձր խավարում կանգնած, դիտել ներքևում տարածվող կանաչ հովիտը, որ փայլում էր արևի տակ։ Բայց առաջին տպավորությունը շուտով թուլացավ, և նորից աղմկարարությունը սկսվեց։ Հենց որ մեկը մոմ էր վառում, բոլորը հարձակվում էին վրան։ Ինչքան էլ սա պայքարեր ու պաշտպանվեր, մոմը շուտով մի կողմ էր շպրտվում կամ հանգցվում։ Հետո բոլորը ծիծաղում էին ու հարձակվում մի ուրիշի վրա։ Բայց ամեն ինչ վախճան ունի։ Շուտով գլխավոր անցքի գահավեժ թեքվածքով ցած իջան։ Մոմերի առկայծող լույսի տակ երևում էին քարե պատերը մինչև իրենց միացման տեղը՝ վաթսուն ոտնաչափ բարձր։ Գլխավոր անցքը ութ֊տասը ոտնաչափից ավելի լայն չէր։ Յուրաքանչյուր քայլափոխին երկու կողմից դրան միանում էին ուրիշ, ավելի նեղ անցքեր։ Մակ֊Դուգալի քարանձավը մի լաբիրինթոս էր իրար միացած միջանցքների, որոնք ոչ մի ելք չունեին։
Ասում էին, թե կարելի է օրեր և գիշերներ թափառել այդ անցքերի ու ճեղքերի խճճվածքում և քարանձավի վերջը չգտնել։ Կարելի էր գնալ ու գնալ, իջնել ու իջնել դեպի գետնի խորքը և միշտ միևնույնն էր, լաբիրինթոս լաբիրինթոսի տակ և դրանցից ոչ մեկն էլ վերջ չուներ։ Ոչ մի մարդ «չգիտեր» քարանձավը։ Դա անհնար բան էր։ Երիտասարդներից շատերը դրա մի մասը միայն գիտեին, և ընդունված չէր այդ հայտնի մասից ավելի հեռու խիզախել։ Թոմ Սոյերն էլ քարանձավին ծանոթ էր այնքան, որքան ուրիշները․ խումբը շարժվեց գլխավոր անցքով մոտ երեք քառորդ մղոն, հետո խմբերի ու զույգերի բաժանվեցին և գնացին դեպի կողքի անցքերը։ Մտադիր էին անցնել նեղ միջանցքներով ու իրար հանկարծակիի բերել այն տեղում, որտեղ միջանցքները նորից միանում են։ Առանց «ճանաչված» մասից հեռանալու, խմբերը կես ժամ կարող էին իրար չհանդիպել։
Կամաց֊կամաց, խումբ խմբի ետևից դուրս եկան քարանձավից՝ ուրախ, ոտից֊գլուխ մոմի կաթիլներով ծածկված, կավաշաղախ և ամբողջովին հիացած անցկացրած օրվա հաջողությամբ։ Նրանք զարմանում էին, որ չեն զգացել, թե ինչպես է անցել ժամանակը։ Արդեն երեկո էր։ Կես ժամ էր ինչ նավից զանգահարում էին։ Այնուամենայնիվ, օրվա արկածն այս ձևով ավարտելը ռոմանտիկ էր, հետևաբար՝ գոհացուցիչ։ Երբ շոգենավը իր ուրախ բեռով ճանապարհ ընկավ, ոչ ոք, բացի նավապետից, վեց պենսի չափ իսկ չէր ափսոսում կորցրած ժամանակը։
Հեքն արդեն իր պահակակետի վրա էր, երբ շոգենավի լույսերը իր կողքով անցան։ Նա ոչ մի ձայն չլսեց, որովհետև երիտասարդները լուռ էին այնպես, ինչպես սովորաբար լռում են սաստիկ հոգնած մարդիկ։ Նա զարմացավ, թե ինչ նավ էր այդ, որ նավահանգստում չկանգնեց, հետո շուտով մոռացավ այն և ուշադրությունը կենտրոնացրեց իր գործի վրա։ Գիշերն ամպոտ ու մութ էր։ Ժամը տասն էր։ Սայլերի աղմուկը դադարեց, ցրված լույսերը սկսեցին հանգչել, ոտնաձայները լռեցին, և փոքր քաղաքն սկսեց ննջել փոքրիկ պահակին թողնելով մենակ՝ լռության ու ոգիների հետ։ Ժամը տասնմեկը հնչեց, և հյուրանոցի լույսը հանգավ։ Այժմ ամեն տեղ մութ էր։ Հեքը սպասեց, ինչպես իրեն թվաց, շատ երկար, բայց ոչինչ չպատահեց։ Նրա հավատքը թուլանում էր։ Որևէ իմաստ ունե՞ր այս բոլորը, որևէ նպատակ։ Ինչո՞ւ չլքել ու ետ չգնալ։
Մի ձայն հասավ ականջին։ Տղան լսողությունը լարեց։ Փողոցի դուռը կամացուկ փակվեց։ Հեքն իսկույն նետվեց մի անկյուն։ Հաջորդ վայրկյանին նրա կողքով վազեցին երկու հոգի և թվաց թե մեկը ինչ֊որ բան ունի թևի տակ։ Պետք է որ տուփը լիներ։ Ուրեմն՝ գանձը տեղափոխում են։ Ինչո՞ւ այժմ Թոմին կանչել։ Հիմարություն կլիներ․ մարդիկ տուփի հետ կանհետանային և այլևս չէին գտնվի։ Ոչ, նա պոկ չի գա դրանից և կհետևի։ Նա վստահ է, որ խավարում կարող է լինել ապահով, մնալ աննկատելի։ Այսպես ինքն իր հետ խոսելով, Հեքը դուրս եկավ և մարդկանց հետևից սահեց կատվի նման, բոբիկ ոտքերով, նրանց այնքան առաջ թողնելով, որ չտեսնվի։
Երեք տնաշարք անցան գետեզերյան փողոցով, հետո դարձան դեպի ձախ և մտան հանդիպակաց փողոցը։ Ուղիղ առաջ գնացին, մինչև հասան Քարտիֆ բլուրը տանող ուղին և այդ ճանապարհը բռնեցին։ Նրանք անցան ծեր ուելսեցու տան մոտով և բլրի կես ճանապարհին, առանց վարանելու, շարունակեցին վերև մագլցել։ «Լավ է, ― մտածեց Հեքը, ― հին քարանձավում են թողնելու»։ Բայց նրանք բարձրացան դեպի գագաթը։ Շրջվեցին դեպի նեղ արահետը, անցան խիտ թփուտի միջով և հանկարծ խավարում չքացան։ Հեքը քայլերն արագացրեց և տարածությունը կրճատեց, որովհետև նրանք այլևս իրեն տեսնել չէին կարող։ Որոշ ժամանակ նա համարյա վազում էր, հետո դանդաղեցրեց քայլերը, վախենալով, որ շատ արագ է քայլում։ Մի փոքր էլ առաջացավ, հետո բոլորովին կանգնեց։ Ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Լսում էր միայն իր սրտի զարկերը։ Բլրից լսվեց բուի կռինչը։ Չարագուշակ նշան։ Բայց քայլերի ոչ մի ձայն։ Երկինք, մի՞թե ամեն ինչ կորած է։ Նա ուզում էր հեռանալ, երբ մի մարդ կոկորդը մաքրեց իրենից չորս քայլ հեռու։ Հեքի սիրտը կուչ եկավ, բայց նա թուքը կուլ տվեց և մնաց կանգնած։ Այնպես էր դողում, ասես միանգամից բռնվել էր տասը տեսակ տենդով։ Իրեն այնքան թույլ էր զգում, որ մտածեց, թե ուր որ է գետին կընկնի։ Նա գիտեր, թե որտեղ է կանգնած․ ընդամենը հինգ քայլ էր հեռու այրի Դուգլասի կալվածքը շրջափակող ցանկապատի դռնակից։ «Շատ լավ, ― մտածեց նա, ― թող այդտեղ թաղեն, դժվար չի լինի գտնել»։
Այդ ժամանակ մի ցածր ձայն լսվեց, մի շատ ցածր ձայն․ Հնդկացի Ջոն էր։ ― Գրողը տանի, գուցե մոտը մարդ կա, լույսը վառվում է, թեև արդեն ուշ է։
― Ես ոչ մի լույս չեմ տեսնում։
Դա օտարականի ձայնն էր, ոգիների տան օտարականի ձայնը։ Մահացու մի դող անցավ Հեքի մարմնով․ ուրեմն՝ այս էր «վրեժխնդրության» գործը։ Նա ուզեց փախչել, բայց հիշեց, որ այրի Դուգլասը միշտ էլ բարի էր եղել իր նկատմամբ։ Իսկ այդ մարդիկ գուցե ուզում են սպանել նրան։ Հեքը սրտանց կուզենար նախազգուշացնել այրուն, բայց գիտեր, որ չի համարձակվի․ կարող էին իրեն բռնել։ Այդ բոլորը և ավելին տղան մտածեց այն վայրկյանին, երբ օտարականը խոսեց, իսկ Հնդկացի Ջոն պատրաստվեց պատասխանելու։
Վերջինս ասաց․
― Մացառը խանգարում է քեզ։ Այս կողմից նայիր, տեսնո՞մ ես։
― Այո, տեսա․ երևի հյուրեր ունի։ Ավելի լավ է այս գործից ձեռք քաշենք։
― Ձեռք քաշե՞լ, երբ այս երկրից ընդմիշտ հեռանում եմ։ Ձեռք քաշե՞լ։ Գուցե մի ուրիշ առիթ այլևս չունենամ։ Քեզ նորից ասում եմ, ինչպես նախօրոք ասել եմ։ Նրա փողն ինձ պետք չէ․ կարող ես ինքդ վերցնել։ Բայց ամուսինը վիրավորել է ինձ, շատ է վիրավորել, հատկապես, երբ հաշտարար դատավոր էր։ Նա ինձ, որպես շրջմոլիկի դատել է։ Եվ դա դեռ բոլորը չէ։ Դա միլիոներրորդն էլ չէ։ Նա ինձ մտրակել է տվել, մտրակել է տվել բանտի առաջ, հասկանո՞ւմ ես։ Բախտ ունեցավ մեռնելու։ Բայց ես տեղը կնոջից կհանեմ։
― Օ՜, մի սպանիր նրան, մի սպանիր։
― Սպանե՞լ։ Ո՞վ սպանելու մասին խոսեց։ Ես կսպանեի ամուսնուն, եթե այնտեղ լիներ, բայց ոչ կնոջը։ Երբ ուզում ես կնոջից վրեժ լուծել, դու նրան մի սպանի։ Ի՞նչ կարիք կա։ Դու նրան տգեղացրու․ քիթը կտրիր, ականջները։
― Աստված իմ, դու․․․
― Կարծիքդ քեզ պահիր։ Քեզ համար ավելի ապահով կլինի։ Ես նրան մահճակալին կկապեմ։ Եթե արնաքամ լինի, մի՞թե իմ հանցանքն է։ Լաց չեմ լինի, եթե մահանա։ Բարեկամս, դու ինձ այս գործում պիտի օգնես, թե չէ էլ ինչո՞ւ էի քեզ այստեղ բերում։ Մեն֊մենակ գուցե չկարողանամ գործը գլուխ բերել։ Եթե վախկոտություն անես, կսպանեմ քեզ, հասկանո՞ւմ ես։ Եվ եթե ստիպված լինեմ սպանել քեզ, կսպանեմ նաև նրան, հետո ոչ ոք չի իմանա, թե ո՞վ է այս գործն արել։
― Լավ, եթե պետք է, շուտ անենք, ինչքան արագ, այնքան լավ։ Ես ամբողջ մարմնով դողում եմ։
― Հիմա՞, երբ մոտը հյուրեր կան։ Լսիր, ես կասկածոտ եմ դառնում, հասկանո՞ւմ ես։ Ոչ, կսպասենք, մինչև լույսերը հանգչեն։ Շտապելու կարիք չկա։
Հեքը զգաց, որ լռություն է տիրելու։ Իսկ դա ավելի սարսափելի էր, քան մարդասպանական որևէ զրույց։ Նա շունչը պահեց և մի քայլ ետ գնաց։ Ոտքն զգուշությամբ գետին դրեց և ետ քայլեց, նախապես շոշափելով այն տեղը, ուր պետք է կանգներ։ Նույն զգուշությամբ նա մյուս ոտքը ետ քաշեց, մի քայլ էլ ետ գնաց, հետո մի ուրիշը, մի ուրիշը, մինչև ոտքի տակ մի ճյուղ ջարդվեց։ Տղայի շունչը կտրվեց և նա ականջ դրեց։ Ոչ մի ձայն։ Կատարյալ լռություն էր տիրում։ Անչափ ուրախացավ։ Այժմ զգուշորեն, նավի նման, շուռ եկավ թփուտների արանքում և արագացրեց քայլերը։ Երբ քարհանք հասավ, իրեն ապահով զգաց և սկսեց վազել, որքան ոտքերում ուժ ուներ։ Ներքև շտապեց՝ մինչև հասավ ուելսեցու դուռը։ Դուռը բախեց։ Լուսամուտից դուրս ցցվեցին ծերունու և նրա երկու հաղթանդամ տղաների գլուխները։
― Այդ ի՞նչ աղմուկ է։ Ո՞վ է դուռը ծեծում։ Ի՞նչ ես ուզում։
― Ինձ շուտ ներս թողեք։ Ես ամեն ինչ կպատմեմ։
― Իսկ ո՞վ ես դու։
― Հեքլբերի Ֆինը, շուտ, ինձ ներս թողեք։
― Հեքլբերի Ֆին, իսկապես։ Դա այնպիսի մի անուն չէ, որ դռները բացվեն նրա առաջ, բայց թե ներս թողնենք, տղաներ։ Տեսնենք ի՞նչ է պատահել։
― Խնդրում եմ, ոչ ոքի չհայտնեք իմ ասելիքը։ ― Սրանք եղան Հեքի առաջին խոսքերը, երբ ներս մտավ։ ― Խնդրում եմ չասել, ինձ կսպանեն, բայց այրին ինձ հետ լավ է վարվել և ես ուզում եմ ասել։ Կասեմ, եթե խոստանաք, որ երբեք չեք ասի, թե ես եմ ասել։
― Ազնիվ խոսք, ասելու բան ունի, թե չէ այդպես չէր վարվի, ― բացականչեց ծերուկը։ ― Ասա, և մեզնից ոչ ոք ուրիշի չի ասի, մանչուկ։
Երեք րոպե հետո ծերունին և նրա որդիները, զինված, բարձրանում էին բլուրն ի վեր, ոտքի մատների վրա մտնում թփուտները՝ զենքները ձեռքներին պատրաստ։ Հեքը ավելի հեռու չուղեկցեց նրանց։ Թաքնվեց մի մեծ քարի ետև և ականջները սրեց։ Տիրեց երկար, ճնշող լռություն, հետո հանկարծ լսվեցին կրակոցներ և մի ճիչ։ Հեքը ավելի մանրամասնությունների չսպասեց։ Նա վեր թռավ և բլուրն ի վար արագ վազեց, այնքան արագ, ինչքան ուժ ուներ։
==Գլուխ XXXI==
Կիրակի օրը, լույսը բացվելուն պես Հեքը բլուրն ի վեր բարձրացավ և կամացուկ բախեց ծեր ուելսեցու դուռը։ Տնեցիները քնած էին, բայց այնպիսի քնով, որը մազից էր կախված գիշերվա հուզումնալից անցուդարձի պատճառով։ Լուսամուտից մի ձայն լսվեց․
Հեքը վախեցած ձայնով, կամացուկ պատասխանեց․
― Խնդրեմ, ներս թողեք ինձ․ Հեք Ֆինն եմ։
― Դա մի անուն է, որ կարող է այս դուռը բացել գիշեր թե ցերեկ։ Բարի գալուստ, տղա։
Այս խոսքերը տարօրինակ հնչեցին թափառաշրջիկ տղայի ականջին։ Ավելի դուրեկան խոսք նա իր կյանքում դեռևս չէր լսել։ Չէր հիշում, որ նման խոսքեր մինչ այդ իր հասցեին գործածված լինեին։
Դուռն արագ բացվեց, և նա ներս մտավ։ Հեքին մի աթոռ տվեցին, և ծեր մարդն ու նրա բարձրահասակ տղաները շտապ հագնվեցին։
― Այժմ, տղաս, կարծում եմ, որ դու լավ քաղցած կլինես։ Նախաճաշը շուտով պատրաստ կլինի։ Իսկ երբ արևը բարձրանա, մենք տաք ճաշ կունենանք, ապահով եղիր։ Ես ու իմ տղաները կարծում էինք, թե դու կվերադառնաս և գիշերը այստեղ կմնաս։
― Ես սարսափելի վախեցած էի, ― ասաց Հեքը, ― և փախա։ Ես վազեցի, երբ սկսեցին կրակել։ Կանգ չառա, մինչև անցա երեք մղոն տարածություն։ Եկա, որովհետև ուզեցի իմանալ, թե ինչ եղավ։ Արշալույսից առաջ եկա, որովհետև չէի ուզում հանդիպել այդ սատանաներին, նույնիսկ եթե մահացած լինեին։
― Այո, խեղճ երեխա, երևում է, որ ծանր գիշեր ես անցկացրել։ Այստեղ մի անկողին կա քեզ համար, որտեղ կարող ես քնել նախաճաշից հետո։ Ինչ վերաբերում է նրանց, ոչ, նրանք չեն մահացել, և դրա համար մենք բավական ցավում ենք։ Քո նկարագրածով մենք լավ գիտեինք, թե որտեղ կարող էինք բռնել նրանց։ Զգուշությամբ մոտեցանք։ Նրանցից հեռու էինք տասնհինգ ոտնաչափ միայն։ Թփթուտի միջով անցնող արահետը շատ մութն էր։ Հենց այդ պահին զգացի, որ պետք է փռշտամ։ Ամենավատ բախտն էր դա։ Ես փորձեցի ինձ զսպել, բայց անօգուտ․ փռշտոցը գալու վրա էր և նա եկավ։ Հրացանը ձեռքիս ես առջևումն էի, և երբ փռշտոցը սկսվեց, այդ սրիկաները դուրս թռան ու ճանապարհով փախան։ Ես բղավեցի․ «Կրակեցեք տղաներ»։ Կրակեցի այն տեղի վրա, որտեղից նրանց ձայնը լսվեց։ Նույնն արեցին տղաները։ Բայց սրիկաները փախան, և մենք վազեցինք նրանց ետևից մինչև անտառ։ Կարծում եմ, որ մենք վրիպեցինք։ Երբեմն նրանք էլ էին կրակում փախչելիս, բայց գնդակները սուլելով անցնում էին մեր կողքով և մեզ ոչ մի վնաս չպատճառեցին։ Երբ ոտնաձայները լռեցին, հետապնդումը դադարեցրինք, իջանք ներքև, ոստիկաններին ոտքի հանեցինք։ Նրանք մի խումբ ուղարկեցին գետափը հսկելու։ Լույսը բացվելուն պես շերիֆն ու նրա խումբը գնալու են անտառները խուզարկելու։ Իմ տղաները նրանց հետ են լինելու։ Ես կցանկանայի այդ աղվվեսների նկարագրությունն ունենալ։ Դա շատ կօգներ, բայց կարծում եմ, որ մթան մեջ նրանց դեմքը տեսած չես լինի, հա՞։
― Չէ, ես նրանց քաղաքում տեսա և հետևեցի։
― Հրաշալի է։ Նկարագրիր, նկարագրիր տղաս։
― Մեկը մունջ ու համր ծեր իսպանացի է, որ այս կողմերում մի քանի անգամ եղել է, մյուսը՝ պատառոտված շորերով, տգեղ․․․
― Այդքանը բավական է, տղաս, ճանաչեցի դրանց։ Այրու տան ետևի անտառում մի անգամ հանդիպեցի, և նրանք մի կողմի վրա փախան։ Այժմ գնացեք, տղաներ, և այս բոլորը հայտնեցեք շերիֆին։ Կնախաճաշեք վաղը։
Ուելսեցու տղաներն անմիջապես մեկնեցին։ Երբ նրանք սենյակից դուրս էին գալիս, Հեքը վեր թռավ և բացականչեց․
― Խնդրում եմ, ոչ ոքի չասեք, որ ես եմ նրանց մատնել, խնդրում եմ։
― Շատ լավ, եթե այդպես ես ուզում, Հեք, բայց դու քո արածի պատիվը պետք է ստանաս։
― Օ՜, ոչ, ոչ, խնդրում եմ, մի ասեք։
Երիտասարդների գնալուց հետո ծեր ուելսեցին ասաց․
― Նրանք չեն ասի, ես էլ չեմ ասի։ Բայց ինչո՞ւ չես ուզում, որ իմացվի։
Հեքը ավելին չբացատըեց։ Նա ասաց միայն, որ դրանցից մեկի մասին ինքն արդեն շատ բան գիտե։ Թող այդ մարդը չիմանա, որ ինքը նրա մասին բան գիտե։ Նա դրա համար անպայման կսպանի իրեն։
Ծեր մարդը մի անգամ էլ խոստացավ գաղտնապահ լինել և ասաց․
― Ինչպե՞ս եղավ, որ դու այս մարդկանց հետևեցիր։ Նրանք կասկածելի տե՞սք ունեին։
Հեքը լռեց, մինչև բավական զգույշ մի պատասխան ձևակերպեց։ Հետո ասաց․
― Գիտե՞ք ինչ․ ես թափառաշրջիկ եմ, գոնե բոլորն այդպես են ասում, և ես առարկել չեմ կարող։ Շատ անգամ քուն ու դադար մոռացած՝ մտածում եմ, թե ինչ հնարքով դուրս գամ այդ վիճակից ու նոր ձևով ապրեմ։ Այդպես էլ անցյալ գիշեր։ Քնել չէի կարողանում։ Կեսգիշեր էր։ Փողոցներում թափառում էի, երբ հասա հյուրանոցի մոտ գտնվող աղյուսի պահեստին, հենվեցի պատին նորից մտածելու համար։ Ճիշտ այդ պահին իմ կողքով անցան երկու մարդ՝ թևների տակ մի բան, որ ինձ թվաց գողացված։ Մեկը ծխում էր, իսկ մյուսը կրակ ուզեց։ Հենց իմ կողքին կանգնեցին։ Սիգարեթները լուղավորեցին նրանց դեմքերը, և ես տեսա, որ հաղթանդամը խուլ ու համր իսպանացին էր․ ճանաչեցի ճերմակ մորուքից և աչքի վիրակապից։ Իսյ մյուսը կեղտոտ, գզգզված տեսքով մի սատանա էր։
― Սիգարեթների լույսի տակ կարո՞ղ էիր ցնցոտիները տեսնել։ ― Այդ հարցը Հեքին մի րոպե շփոթեցրեց։ Նա հետո ասաց․
― Ճիշտն ասած, չգիտեմ, բայց կարծես այդպես թվաց։
― Հետո նրանք գնացին, իսկ դո՞ւ․․․
― Նրանց հետևեցի։ Այո, այդպես արեցի։ Ուզեցի իմանալ, թե ինչ էին անելու։ Գողերի պես էին իրենց պահում։ Հետևեցի մինչև այրու ցանկապատը ու մնացի մթան մեջ։ Լսեցի, թե ինչպես ցնցոտիներովը խնդրում էր այրու համար, իսկ իսպանացին երդվում էր, որ այրուն պիտի տգեղացնի, ինչպես ասացի ձեզ, և դուք․․․
― Ի՜նչ, խուլ ու համր մա՞րդն ասաց այդ բոլորը։
Հեքը մի ուրիշ սարսափելի սխալ էր գործել։ Նա աշխատում էր, որ ծերունին ամենափոքր կասկածն անգամ չունենար, թե ո՞վ էր իսպանացին, բայց, ըստ երևույթին, լեզուն նրան փորձանքի մեջ գցեց հակառակ իր կամքի։ Տղան փորձեց այդ դրությունից դուրս գալ, բայց ծերունու հայացքը նրա վրա էր գամված։ Հեքը թույլ տվեց սխալ սխալի ետևից։ Հանկարծ ծերունին ասաց․
― Տղաս, ինձնից մի վախեցիր։ Քո մազի մեկ թելին իսկ չեմ վնասի, եթե ամբողջ աշխարհն էլ ինձ տան։ Ոչ, ես քեզ կպաշտպանեմ, կպաշտպանեմ։ Այդ իսպանացին խուլ ու համր չէ․ արդեն լեզվիցդ թռցրիր և ուղղել չես կարող։ Գաղտնիքն այլևս չես թաքցնի։ Այդ իսպանացու մասին մի բան գիտես, բայց չես ուզում հայտնել։ Վստահիր ինձ, ես քեզ չեմ մատնի։
Հեքը մի պահ նայեց ծերունու ազնիվ աչքերին, հետո առաջ թեքվեց ու նրա ականջին շշնջաց․
― Դա իսպանացի չէ․ դա Հնդկացի Ջոն է։
Ուելսեցին իր աթոռից համարյա վեր թռավ։ Նա քիչ հետո ասաց․
― Այժմ ամեն ինչ պարզ է։ Երբ դու պատմեցիր ականջները և քիթը կտրելու մասին, կարծեցի, թե դա քո ավելացումն է, որովհետև սպիտակ մարդիկ այդ ձևի վրեժ չեմ լուծում։ Բայց հնդկացին բոլորովին այլ հարց է։
Նախաճաշի ժամանակ, զրույցը շարունակվեց։ Ծերունին ասաց, որ քնելուց առաջ ինքն ու տղաները լապտերները վերցրին, զննեցին ցանկապատն ու նրա մոտակայքը՝ արյան հետքերի համար։ Հետք չգտան, բայց գտան մի կապոց․․․
― Կապոց․․․
Եթե բառերը կայծակ լինեին, չէին կարող ավելի հանկարծակի պոռթկալ Հեքի սպիտակած շրթներից։ Այժմ նրա աչքերը նայում էին լայն բացված և նրա շնչառությունը դադարեց՝ պատասխանի սպասելով։ Ուելսեցին նույնպես նայում էր նրան երեք վայրկյան, հինգ վայրկյան․․․ տասը․․․ հետո պատասխանեց․
― Գողի գործիքներով․․․ ի՞նչ, ի՞նչ պատահեց քեզ։
Հեքը ետ ընկավ աթոռին ու թեթևացած, խորը շունչ քաշեց։ Ուելսեցին լրջորեն ու հետաքրքրված նայում էր տղային։ Հետո ասաց․
― Այո, գողի գործիքներ։ Թվում է, թե դա քեզ բավական հանգստացնում է։ Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ էիր սպասում, որ մենք գտնեինք։
Հեքը նեղն էր ընկել։ Հարցաքննող աչքերը նրան էին ուղղված։ Նա ամեն ինչ կտար մի խելացի պատասխանի համար։ Ոչ մի բան չգտավ։ Հարցաքննող աչքերն ավելի խորը և խորն էին նայում։ Հեքը անմիտ պատասխան գտավ․ ժամանակ չկար կշռադատելու։ Նա արտասանեց թուլորեն․
― Կիրակնօրյա դպրոցի դասագրքեր, գուցե։
Խեղճ Հեքը այնքան ճնշված էր, որ չկարողացավ ժպտալ, բայց ծերունին բարձր և ուրախ ծիծաղեց, որից գլուխը ցնցվեց։ Նա խոսքն ավարտեց, ասելով, թե նման ծիծաղը փող արժե, որովհետև պակասեցնում է բժշկին տալիք փողը։ Հետո ավելացրեց․
― Խեղճ տղա, գունատ ես և հոգնած, երևի քեզ բոլորովին էլ լավ չես զգում։ Զարմանալի չէ, որ դու թույլ ես և հավասարակշռությունդ կորցրած։ Բայց ոչինչ, կանցնի։ Հանգստացիր, և քունը քեզ կկազդուրի, հույս ունեմ։
Հեքը զայրացած էր, որ այդքան հիմար գտնվեց և այդպիսի հուզում ապրեց։ Լսելով այրու ցանկապատի մոտ եղած խոսակցությունը, նա արդեն հրաժարվել էր այն մտքից, որ հյուրանոցից տեղափոխած ծրարը կարող է գանձ լինել։ Նա միայն կասկածում էր, որ դա գանձը չէ, բայց բոլոր դեպքերում, հաստատ չգիտեր։ Դրա համար էլ ծրարը գտնելու փաստն այնքան ցնցող էր, որ տղան չկարողացավ ինքն իրեն տիրապետել։ Բայց ընդհանրապես նա ուրախ էր․ իմացավ, որ ծրարը այն ծրարը չէր, և նրա սիրտն անսահման հանգիստ էր։ Այժմ թվում էր, թե ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում։ Գանձը պետք է երկրորդ համարում լիներ։ Հանցագործները կձերբակալվեին, նույն օրը կբանտարկվեին, և Հեքն ու Թոմը կարող էին տիրանալ, այդ գիշեր իսկ տիրանալ գանձին՝ առանց փորձանքի մեջ ընկնելու կամ վախենալու, թե մեկնումեկը կարող է խանգարել։
Երբ նախաճաշն ավարտվեց, դուռը բախեցին։ Հեքը վեր թռավ, որ թաքնվելու տեղ գտնի․ չէր ուզում, թեկուզ հեռավոր կապ ունենալ վերջին իրադարձության հետ։ Ուելսեցին ներս հրավիրեց մի քանի տիկինների ու պարոնների։ Դրանց հետ էր նաև այրի Դուգլասը։ Հեքը տեսավ, որ քաղաքացիները խմբերով մագլցում են բլուրն ի վեր, դեպի ցանկապատը։ Ուրեմն լուրը տարածված էր։
Ուելսեցին հյուրերին պատմեց գիշերվա դեպքը։ Այրու երախտագիտությանը սահման չկար։
― Այդ մասին ոչ մի բան մի ասեք տիկին։ Մի ուրիշը կա, որին դուք գուցե ավելի եք պարտական, քան ինձ և իմ տղաներին, բայց նա թույլ չի տալիս իր անունն ասել։ Առանց նրա մենք երբեք ձեր մոտ չէինք գա։
Անշուշտ այս խոսքերը այնպիսի հետաքրքրություն առաջացրին, որ հիմնական հարցը համարյա մոռացվեց։ Բայց ուելսեցին միայն ավելի հետաքրքրեց իր այցելուներին և նրանց միջոցով ամբողջ քաղաքը, որովհետև հրաժարվեց գաղտնիքը հայտնելուց։ Երբ ամեն ինչ պատմվեց, այրին ասաց․
― Ես կարդալով քնել էի և ամբողջ այդ աղմուկի ժամանակ քնած էի։ Ինչո՞ւ չեկաք և ինձ չարթնացրիք։
― Մտածեցինք, որ չարժե։ Այդ մարդիկ ետ եկողներ չէին։ Նրանց մոտ ոչ մի գործիք չէր մնացել․ ի՞նչ միտք ուներ ձեզ արթնացնելն ու մահացու կերպով վախեցնելը։ Իմ երեք նեգր ծառաները ձեր տունը հսկեցին ամբողջ գիշեր։ Նրանք նոր են վերադարձել։
Ուրիշ այցելուներ էլ եկան, և հարկ եղավ մի քանի ժամ պատմել ու վերապատմել նույնը։
Արձակուրդի պատճառով կիրակնօրյա դպրոցը փակ էր, բայց բոլորը կանուխ եկեղեցի էին եկել։ Հուզիչ իրադարձության լուրը տարածվել էր։ Լուրեր եկան, որ սրիկաներից ոչ մեկի հետքը դեռևս չի գտնվել։ Քարոզն ավարտվելուն պես դատավոր Թեչըրի կինը մոտեցավ միսիս Հարպըրին, երբ սա բազմության հետ դուրս էր գալիս և ասաց․
― Իմ Բեքին ամբողջ գիշերը քնե՞լ է։ Երևի սաստիկ հոգնած է։
― Ձեր Բեքի՞ն։
― Այո, ― զարմացած հայացքով ասաց կինը։ ― Անցյալ գիշեր ձեր տանը չմնա՞ց։
― Ոչ։
Միսիս Թեչըրը գունատվեց և նստեց մի նստարանի, երբ մորաքույր Պոլին տաք֊տաք խոսելով իր ընկերուհու հետ, անցավ նրանց մոտով։ Մորաքույր Պոլին ասաց․
― Բարի լույս, միսիս Թեչըր, բարի լույս, միսիս Հարպըր։ Իմ տղան նորից անհետացել է։ Կարծում եմ, որ ձեզանից մեկն ու մեկի տանն է մնացել անցյալ գիշեր, իսկ հիմա վախենում է եկեղեցի գալ, իմանալով, որ իր հետ հաշիվ ունեմ մաքրելու։
Միսիս Թեչըրը թույլ կերպով գլուխն օրորեց և ավելի գունատվեց։
― Նա մեր տանը չէր, ― ասաց միսիս Հարպըրը, սկսելով անհանգստանալ։ Ընդգծված անհանգստություն երևաց նաև մորաքույր Պոլիի դեմքին։
― Ջո Հարպըր, այս առավոտ, իմ Թոմին տեսե՞լ ես։
― Ոչ, տիկին։
Վերջին անգամ ե՞րբ տեսար նրան։
Ջոն փորձեց հիշել, բայց վստահ ոչինչ ասել չէր կարող։ Մարդիկ դադարեցին եկեղեցում շարժվել։ Փսփսոցներ անցան, և բոլորին տիրեց աճող անհանգստությունը։ Մտահոգ սկսեցին հարցաքննել երեխաներին և երիտասարդ ուսուցիչներին։ Բոլորն ասացին, որ Թոմին ու Բեքիին չէին նկատել գետանցանավի վրա՝ վերադարձին։ Մութ էր, ոչ ոքի մտքով չէր անցել հարցնել, թե պակաս մարդիկ կա՞ն։ Մի երիտասարդ վախ արտահայտեց, թե նրանք գուցե քարանձավումն են։ Միսիս Թեչըրը ուշաթափվեց։ Մորաքույր Պոլին լաց եղավ՝ ձեռքերը կոտրատելով։
Սարսափը բերնեբերան անցավ, խմբից խումբ, փողոցից փողոց, և հինգ րոպե չանցած եկեղեցու զանգերն սկսեցին ուժեղ հնչել։ Ամբողջ քաղաքը ոտքի ելավ։ Քարտիֆ բլրի դեպքը անկարևոր դարձավ, գողերը մոռացվեցին, ձիեր թամբվեցին, նավակներ արձակվեցին և գետանցանավի ետևից մարդ ուղարկվեց։ Մինչ սարսափելի լուրը կես ժամվա հնություն իսկ չուներ, երկու հարյուր մարդ գետի վրայով և ճանապարհներով դեպի քարանձավ դիմեց։
Ամբողջ երկար ետմիջօրեին քաղաքը դատարկ ու մեռած էր։ Բազմաթիվ կանայք այցելեցին մորաքույր Պոլիին, միսիս Թեչըրին և փորձեցին հանգստացնել։ Նրանց հետ լաց եղան, և դա ավելի հանգստացուցիչ էր, քան խոսքերը։
Ամբողջ այդ ծանր գիշերը քաղաքը լուր էր սպասում, բայց երբ վերջապես լույսը բացվեց, միակ լուրը որ եկավ, այս էր․ «Ավելի մոմեր և ուտելիք ուղարկեք»։ Միսիս Թեչըրը գլուխը կորցրել էր, ինչպես նաև մորաքույր Պոլին։ Դատավոր Թեչըրը քաջալերության և հույսի լուրեր ուղարկեց քարանձավից, բայց դրանք իսկական ուրախություն չպատճառեցին։
Լուսադեմին տուն վերադարձավ ծեր ուելսեցին՝ ճարպով պատած, կավի մեջ թաթախված և սաստիկ հոգնած։ Ծերունին Հեքին գտավ նրան տրամադրված անկողնում՝ տենդի մեջ տանջվելիս։ Բոլոր բժիշկները քարանձավում էին, այնպես որ այրի Դուգլասը եկավ հիվանդին խնամելու։ Նա ասաց, որ կանի ինչ կարող է․ Հեքը լավ է, թե վատ, կամ սովորական տղա, միևնույն է, աստծուն է պատկանում, իսկ ինչ աստծուն է պատկանում, արհամարելի չէ։ Ուելսեցին ասաց, որ Հեքը լավ հատկություններ ունի, և այրին պատասխանեց․
― Կարող եք ինձ վստահել։ Նրա վրա աստծո կնիքը կա։ Տերը սրան չի լքի։ Նա երբեք չի լքում։ Իր ստեղծած ամեն արարածի միշտ խնամում է։
Կեսօրից առաջ մարդիկ հոգնած խմբերով սկսեցին քաղաք վերադառնալ, բայց ովքեր դեռևս ուժասպառ չէին եղել, շարունակեցին որոնումը։ Ստացվող միակ լուրը այն էր, որ քարանձավի ամենահեռավոր մասերը խուզարկվում էին, ուր մինչև այդ մարդ չէր այցելել, որ յուրաքանչյուր անկյուն և միջանցք լրիվ նայվում էր և թե այս կամ այն լաբիրինթոսում կրակներ են վառվում, ճիչեր և կրակոցներ են լսվում, խուլ տարածվում կամարների տակ։ Մի տեղ, ուր սովորաբար տուրիստները չէին հասնում, Բեքիի և Թոմի անուններն էին ծխով գրված գտել և կողքին՝ մոմաճարպի կաթիլներով ծածկված մի ժապավեն։ Միսիս Թեչըրը ճանաչեց ժապավենը և վրան լաց եղավ։ Նա ասաց, որ իր աղջկանից մնացած վերջին հիշատակն է դա և ուրիշ ոչ մի հիշատակ չի կարող այդքան թանկ լինել, որովհետև այս ժապավենը ամենավերջումն էր բաժանվել ապրող մարմնից, սարսափելի մահվանից առաջ։ Ոմանք ասացին, թե քարանձավում, հեռվում, երբեմն լույսի շողեր են երևում և հաղթական բացականչություններով մի խումբ մարդիկ խոյանում էին այդտեղ։ Հաջորդում էր սարսափելի հիասթափությունը․ երեխաները այնտեղ չէին։ Դա պարզապես ուրիշ որոնողի լույսն էր։
Երեք օր ու գիշեր անցավ։ Ձգվում էին սարսափելի ժամերը։ Քաղաքն ընկավ անհույս ու բութ վիճակի մեջ։ Ոչ ոք որևէ բանի սիրտ չուներ։ Պատահաբար կատարված այն հայտնագործումը, թե ժուժկալների ընկերության հյուրանոց֊ճաշարանի տերը թաքուն խմիչք է վաճառում, ոչ ոքի չհուզեց, թեև փաստը շատ նշանակալից էր։ Տենդից սթափվելով, Հեքը թույլ ձայնով խոսք բացեց հյուրանոցի մասին և ի վերջո հարցրեց, ավելի վատը սպասելով, թե որևէ բան գտե՞լ են ժուժկալների ճաշարանում իր հիվանդության ընթացքում։
― Այո, ― ասաց այրին։
― Ի՞նչ, ի՞նչ են գտել։
― Խմիչք։ Հյուրանոցը փակվեց։ Պառկիր տղաս, ինչպե՞ս վախեցրիր ինձ։
― Միայն մի բան ասեք ինձ, միայն մի բան, խնդրում եմ։ Թոմ Սոյե՞րն է գտել։
Այրին արտասվեց։
― Լռիր, լռիր տղաս։ Ես քեզ նախապես ասացի, որ դու չպետք է խոսես, դու ծանր հիվանդ ես։
Ուրեմն՝ բացի խմիչքից, ոչինչ չէր գտնված։ Շատ մեծ աղմուկ կլիներ, եթե ոսկի լիներ։ Ուրեմն՝ գանձն ընդմիշտ կորած էր, ընդմիշտ։ Բայց ինչո՞ւ է այրին լաց լինում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ է լաց լինում։
Այս միտքը պտտվում էր Հեքի գլխում, մինչև տղան հոգնեց ու քնեց։ Այրին ինքն իրեն ասաց․
― Ահա, քնեց խեղճը։ Թոմ Սոյերն է գտել։ Երանի մեկը Թոմ Սոյերին գտներ։ Ահա այժմ շատ քչերն են մնացել, որ բավարար հույս կամ ուժ ունեն որոնումը շարունակելու։