Changes

Թոմ Սոյերի արկածները

Ավելացվել է 91 833 բայտ, 06:49, 21 Օգոստոսի 2013
/* Գլուխ XXXI */
― Ահա, քնեց խեղճը։ Թոմ Սոյերն է գտել։ Երանի մեկը Թոմ Սոյերին գտներ։ Ահա այժմ շատ քչերն են մնացել, որ բավարար հույս կամ ուժ ունեն որոնումը շարունակելու։
 
 
==Գլուխ XXXII==
 
 
Այժմ վերադառնանք Թոմին ու Բեքիին, տեսնենք, թե ինչպես անցկացրին պիկնիկը։ Մյուսների հետ նրանք շրջեցին մռայլ միջանցքներում, դիտելով քարանձավի ծանոթ հրաշալիքները, որոնք բավական զարմանալի անուններ ունեին՝ «Հյուրասենյակ», «Տաճար», «Ալադինի պալատ» և այլն։ Ապա սկսեցին պահմտոցի խաղալ, և հետզհետե Թոմն ու Բեքին այնքան տարվեցին, այնքան եռանդով ու ոգևորությամբ խաղացին, մինչև հոգնեցին։ Մոմերը բարձր բռնած, քայլեցին ծուռումուռ միջանցքներով՝ կարդալով պատերին, մոմի ծխով ժայռոտ պատերին գրոտած խառնիխուռն անունները, թվականները, հասցեները և իմաստալից նշանները։ Զրուցելով առաջ գնացին, չնկատելով, որ հասել են մի տեղ, ուր պատերի վրա մակագրություններ չկան։ Նրանք իրենց անունները մոմի ծխով գրեցին պատից կախվված մի ժայռի վրա և շարունակեցին առաջ գնալ։ Հասան մի տեղ, ուր մի փոքր վտակ ժայռից դուրս գալով և իր հետ տիղմ բերելով՝ դարերի ընթացքում փայլուն քարից կազմել էր Նիագարայի պես մի բան։ Թոմը խցկվեց ջրվեժի ետևի մի նեղ անցքը, որպեսզի իր մոմով լուսավորի այն և ուրախացնի Բեկիին։ Նա տեսավ, որ ջրվեժը ծածկում է երկու քարե պատերի նեղ ճեղքում խրված մի բնական, դիք սանդուխք։ Հանկարծ նրանց տիրեց գյուտ անելու սնափառությունը և նրանք քարի վրա ծխով նշան անելուց հետո գնացին որոնումներ կատարելու։ Քայլեցին պատահական ճանապարհով, խորացան քարանձավի գաղտնի ուղիներում, մի ուրիշ նշան արեցին, շարունակեցին նորություններ որոնել, որպեսզի պատմեն վերևի աշխարհին։ Մի տեղ գտան ընդարձակ քարայր, որի առաստաղից կախված էին բազմաթիվ փայլուն կավաելուստներ՝ ստալակտիտներ՝ մարդու ոտքի երկարությամբ և հաստությամբ։ Նրանք հիացած ու զարմացած շրջեցին ամբողջ քարայրում և դուրս եկան բազմաթիվ անցքերից մեկով։ Շուտով հասան մի ուրիշ աղբյուրի, որի ավազանը ծածկված էր փայլուն բյուրեղազարդերով։ Դա գտնվում էր մի ուրիշ քարայրում, որի պատերը հենված էին զարմանալի սյուների վրա՝ կազմված ստալակտիտներից ու ստալակմիտներից։ Դա արդյունք էր դարեր շարունակ կաթեթող ջրի։ Քարանձավի կամարի տակ բույն էին դրել և իրար գլխի հավաքվել հազարավոր չղջիկներ։ Մոմերի լույսը անհանգստացրեց նրանց և դրանք հարյուրներով դեսուդեն ընկան զզվելի ծվծվոցներ արձակելով և դեպի մոմերը նետվելով։ Թոմը գիտեր նրանց բնավորությունը և հասկանում էր, թե ինչ վտանգ է սպառնում նրանց այդ վարմունքը։ Նա բռնեց Բեքիի ձեռքը և շտապ քաշեց առաջին իսկ պատահած միջանցքը։ Այդ շարժումն այնքան էլ արագ չստացվեց, և մի չղջիկ կպավ Բեքիի լույսին ու թևով հանգցրեց այն, երբ աղջիկը քարանձավից դուրս էր փախչում։ Չղջիկները բավական երկար հալածեցին երեխաներին, բայց փախստականները մտնում էին հանդիպած յուրաքանչյուր անցքի մեջ։ Նրանք ի վերջո ազատվեցին այդ վտանգավոր արարածներից։ Թոմը գտավ ստորերկրյա մի լիճ, որի աղոտ ուրվագծերը կորչում էին խավարում։ Նա ուզեց հետազոտել նրա ափերը, բայց եզրակացրեց, որ ավելի լավ կլինի նախ նստել և մի փոքր հանգստանալ։ Այդ ժամանակ առաջին անգամ խորունկ լռությունն իր ճնշող թաթը դրեց երեխաների տրամադրության վրա։ Բեքին ասաց․
 
― Այս ի՞նչ բան է, բոլորովին չնկատեցի, բայց հիմա ինձ թվում է, որ երկար ժամանակ է, ինչ մյուսների ձայնը չեմ լսում։
 
― Մտածիր, Բեքի, այժմ մենք նրանցից բավական ներքև ենք և չգիտեմ՝ ինչքան դեպի հյուսիս կամ հարավ, կամ արևելք, կամ ինչ որ է։ Այստեղից նրանց լսել չենք կարող։
 
Բեքին անհանգստացավ․
 
― Տեսնես ինչա՞ն ժամանակ է, որ այստեղ ենք, Թոմ։ Ավելի լավ է վերադառնանք։
 
― Այո, կարծում եմ, ավելի լավ կլինի։
 
― Կարո՞ղ ես ճանապարհը գտնել, Թոմ։ Ես ամեն ինչ շփոթել եմ։
 
― Կարծեմ կարող եմ գտնել, բայց չղջիկները եթե մեր երկուսի մոմերն էլ հանգցնեն, սարսափելի բան կլինի։ Արի մի ուրիշ ճանապարհ փորձենք, որպեսզի նրանց մոտով չգնանք։
 
― Լավ, բայց հույս ունեմ, որ չենք կորչի։ Դա սարսափելի կլինի։ ― Եվ սարսռաց այդ ահավոր մտքից։
 
Նրանք մի միջանցքով ճանապարհ ընկան և երկար ժամանակ լռության մեջ շարունակեցին քայլել, յուրաքանչյուր պատահող անցքից նայելով, իմանալու, թե արդոք ծանո՞թ է։ Բայց բոլորն էլ անծանոթ էին։ Ամեն անգամ, երբ Թոմը զննում էր, Բեքին նայում էր նրա դեմքին՝ քաջալերող մի նշան որոնելով, իսկ Թոմը ուրախ֊ուրախ ասում էր․
 
Է՛հ, ոչինչ, սա էլ մեր անցածը չէ, բայց շուտով դրան կհասնենք։
 
Յուրաքանչյուր ձախորդությունից հետո տղայի ինքնավստահությունը նվազում էր։ Վերջապես նա սկսեց պտտվել միջանցքներում ենթադրաբար, այն աղոտ հույսով, թե ուր որ է կգտնի իրենց ուզածը։ Նա դեռ շարունակում էր «ոչինչ» ասել, բայց սրտում արդեն այնպիսի ծանրություն կար, որ խոսքերը կորցրին իրենց անհոգ շեշտը և այնպես հնչեցին, կարծես ասելիս լիներ․ «ամեն ինչ կորած է»։ Բեքին վախից կպել էր նրան և դժվարությամբ ու անհաջող փորձում էր արցունքը զսպել։ Ի վերջո աղջիկն ասաց․
 
― Օ՜հ, Թոմ, չղջիկները ոչինչ, արի այդ կողմով գնանք։ Ինձ թվում է, որ մենք գնալով կորչում ենք։
 
Թոմը կանգ առավ։
 
― Լսիր, ― ասաց նա։
 
Նորից լռություն։ Լռությունն այնքան խորն էր, որ նույնիսկ իրենց շնչառությունը վախ էր ազդում։ Թոմը գոռաց։ Գոռոցը արձաքանքելով գնաց կամարների տակ և մարեց հեռվում մեղմ ձայնով, որը նման էր ծաղրոր ծիծաղի։
 
― Օ՜, Թոմ, էլ մի գոռա․ շատ է սարսափելի, ― ասաց Բեքին։
 
― Սարսափելի է, բայց ավելի լավ է, Բեքի։ Նրանք կարող են լսել, գիտե՞ս, ― և նա նորից գոռաց։
 
«Կարող են» խոսքը ավելի սարսափեցնող սարսափ էր, քան ծաղրող ծիծաղը։ Դրանով նա խոստովանեց իր մարող հույսը։ Երեխաները անշարժ կանգնեցին և ականջները ձայնի պահեցին, բայց ապարդյուն։ Թոմն արագ ետ դարձավ և քայլերն արագացրեց։ Հազիվ մի քիչ ժամանակ էր անցել, երբ նրա շարժումների մեջ զգացվող անվստահությունը Բեքիին թվաց մի ուրիշ ահավոր սպառնալիք․ նա չէր կարողանում վերադարձի ճանապարհը գտնել։
 
― Օ՜հ, Թոմ, դու ոչ մի նշան չթողեցիր։
 
― Բեքի, ես այնքան հիմար էի, այնքան հիմար։ Մտքովս չէր անցնում, թե կուզենանք վերադառնալ։ Ո՛չ, ես չեմ կարողանում ճանապարհը գտնել։ Ամեն ինչ իրար է խառնված։
 
― Թոմ, Թոմ, մենք կորած ենք․ կորած ենք։ Այլևս չենք կարող դուրս գալ այս սարսափելի տեղից։ Օ՜հ, ինչո՞ւ մյուսներից բաժանվեցինք։
 
Բեքին փուլ եկավ գետնին և սկսեց այնպես հեկեկալ, որ Թոմին թվաց, թե նա սրտաճաք կլինի կամ կխելագարվի։ Թոմը նստեց կողքին, գրկեց նրան։ Աղջիկը դեմքը հպեց տղայի կրծքին, սեղմվեց նրան, հայտնելով իր սարսափը, անսքող զղջումը։ Հեռվից լսվող արձագանքներն այդ բոլորը վերածեցին հեգնող քրքիջի։ Թոմը խնդրեց նորից հուսալ, իսկ աղջիկը պատասխանեց, որ չի կարող։ Տղան սկսեց իրեն նախատել այս թշվառ վիճակին մատնվելու համար։ Սա ավելի արդյունք ունեցավ։ Աղջիկն ասաց, որ կփորձի նորից հուսալ, վեր կկենա և կհետևի տղային, ուր էլ առաջնորդի, եթե միայն այդպես այլևս չխոսի, որովհետև նա իրենից ավելի մեղավոր չէր։
 
Եվ նրանք նորից շարժվեցին, աննպատակ, պարզապես խարխափելով։ Այն ամենը, ինչ նրանք կարող էին անել, շարժվելն էր։ Որոշ ժամանակ հույսը կարծես վերակենդանանալու վրա էր, չնայած որևէ հիմք չկար։ Դե՛, հույսի էությունը վերակենդանանալն է, եթե մարդ երիտասարդ է և ձախորդություններ քիչ է տեսել։
 
Մի փոքր անց Թոմը վերցրեց Բեքիի մոմը և հանգցրեց։ Այդ խնայողությունը շատ բան էր նշանակում։ Բառեր պետք չէին։ Բեքին հասկացավ, և նրա հույսը նորից մարեց։ Նա գիտեր, որ Թոմը մի ամբողջական մոմ ուներ, երեք կամ չորսն էլ գրպանում, բայց խնայելը անհրաժեշտ էր համարում։
 
Մի փոքր անց հոգնությունը սկսեց իրեն զգացնել տալ։ Երեխաները փորձեցին ուշադրություն չդարձնել, որովհետև սարսափելի էր նստելու մասին մտածելը, երբ ժամանակը այնքան թանկ էր ղարձել։ Շարժվել մի ուղղությամբ, որևէ ուղղությամբ՝ առնվազն առաջընթաց էր և կարող էր արդյունք տալ, իսկ նստել նշանակում էր հրավիրել մահը և նրա ճանապարհը կարճել։
 
Ի վերջո Բեքիի թույլ ոտքերը հրաժարվեցին նրան ավելի հեռուն տանել։ Նա նստեց։ Թոմը նստեց կողքին, և երկուսով խոսեցին տան մասին, իրենց ընկերների, հանգստավետ մահճակալների և այդ բոլորից ավելի՝ լույսի մասին։ Բեքին լաց եղավ, և Թոմը փորձեց մխիթարելու ձև գտնել, բայց նրա բոլոր քաջալերանքներն իզուր անցան և ծաղրի պես հնչեցին։ Հոգնածությունն այնքան ճնշեց Բեքիին, որ նա քնեց։ Թոմը երախտապարտ էր դրա համար։ Նա նստեց ու նայեց աղջկա տխուր դեմքին՝ տեսավ, որ այն գնալով ավելի հանգիստ ու բնական արտահայտություն է ստանում լավ երազների ազդեցության տակ։ Շուտով ժպիտ խաղաց այդ դեմքի վրա։ Անվրդով դեմքը ինչ֊որ խաղաղություն էր բուրում, և տղան մտովի գնաց դեպի անցած գնացած օրերն ու երազային հիշողությունները։ Թոմը խորասուզված էր հիշողությունների մեջ, երբ Բեքին արթնացավ ուրախ ծիծաղով, բայց այդ ծիծաղը սառեց շրթների վրա, և ծիծաղին հաջորդեց արտասուքը։
 
― Ա՜խ, ինչպե՞ս կարողացա քնել։ Երանի երբեք չարթնանայի։ Ոչ, ոչ, Թոմ, այդպես մի նայիր, էլ չեմ ասի։
 
― Ուրախ եմ, որ քնեցիր, Բեքի։ Հանգստացար, և մենք դուրս գալու ճանապարհը կգտնենք։
 
― Կարող ենք փորձել, Թոմ, բայց ես երազումս այնպիսի մի գեղեցիկ երկիր տեսա։ Ես վստահ եմ, որ մենք այդտեղ ենք գնում։
 
― Գուցե և ոչ, Բեքի, գուցե և ոչ։ Սրտապնդվիր, որ շարունակենք գնալ։
 
Նրանք վեր կացան և քայլեցին ձեռք֊ձեռքի տված ու անհույս։ Փորձեցին հաշվել, թե ինչքան ժամանակ է որ քարանձավում են գտնվում, բայց թվաց, թե օրեր ու շաբաթներ են անցել, թեև պարզ էր, որ դա ճիշտ լինել չէր կարող․ մոմերը դեռևս չէին սպառվել։
 
Երկար ժամանակ անցավ, հայտնի չէ, թե ինչքան։ Թոմն ասաց, որ պետք է անձայն քայլել, ականջ դնել հոսող ջրի ձայնին։ Հարկավոր էր մի աղբյուր գտնել։ Շուտով մեկը գտան, և Թոմն ասաց, որ հանգստանալու ժամանակն է։ Երկուսն էկ սոսկալի հոգնած էին, բայց Բեքին ասաց, որ ինքը կարող է մի փոքր էլ գնալ։ Աղջիկը զարմացավ, երբ Թոմը հրաժարվեց։ Նա պատճառը չէր հասկանում։ Նստեցին։ Թոմն իր մոմը կավի օգնությամբ դիմացի պատի վրա ամրացրեց։ Շուտով երկուսն էլ մտածմունքի մեջ ընկան։ Որոշ ժամանակ ոչ մի բառ չարտասանեցին։ Հետո Բեքին խզեց լռությունը․
 
― Թոմ, ես շատ քաղցած եմ։
 
Թոմը գրպանից ինչ֊որ բան հանեց։
 
― Հիշո՞ւմ ես, ասաց նա։
 
Բեքին համարյա ժպտաց։
 
― Մեր հարսանեկան գաթան է, Թոմ։
 
― Այո, երանի տակառի չափ մեծ լիներ, որովհետև մեր միակ ունեցածն է։
 
― Պիկնիկի ժամանակ ես այն թաքցրի, Թոմ, որպեսզի մեր բարձի տակ դնենք ու երազենք, ինչպես մեծահասակներն են անում հարսանեկան գաթայի հետ, բայց դա կլինի մեր․․․
 
Նա նախադասությունը կիստ թողեց։ Թոմը գաթան կիսեց, և Բեքին մեծ ախորժակով կերավ, մինչև Թոմը հազիվ ձեռք տվեց իր բաժնին։ Նախաճաշն ավարտելու համար առատ ջուր ունեին։ Քիչ հետո Բեքին առաջարկեց առաջ գնալ։ Թոմը մի րոպե լուռ մնաց , հետո ասաց․
 
― Բեքի, կարո՞ղ ես դիմանալ, եթե քեզ մի բան ասեմ։
 
Բեքիի դեմքը գունատվեց, բայց ասաց, որ կդիմանա։
 
― Լավ ուրեմն, Բեքի, մենք պետք է այստեղ մնանք, ― այստեղ խմելու ջուր կա։ Այս փոքրիկ կտորը մեր վերջին մոմն է։
 
Բեքին ազատություն տվեց արցունքներին և հեկեկանքներին։ Թոմն ամեն ինչ արեց նրան հագստացնելու համար, բայց քիչ արդյունքի հասավ։ Ի վերջո Բեքին ասաց․
 
― Թոմ։
 
― Ասա, Բեքի։
 
― Նրանք մեզ չեն գտնի և կգան փնտելու։
 
― Այո, կգան։ Իհարկե, կգան։
 
― Գուցե հիմա մեզ որոնում են, Թոմ։
 
― Այո, գուցե որոնում են։ Հույս ունեմ, որ փնտրում են։
 
― Ե՞րբ կնկատեն նրանք մեր բացակայությունը, Թոմ։
 
― Ինձ թվում է, երբ նավ վերադառնան։
 
― Թոմ, այդ ժամանակ կարող է մութ լինել։ Կարո՞ղ է նկատեն, որ մենք չենք վերադարձել։
 
― Չգիտեմ, բայց բոլոր դեպքերում քո մայրը կփնտրի քեզ, անմիջապես, հենց որ տուն հասնեն։
 
Բեքիի դեմքի վախեցած արտահայտությունը Թոմին զգաստացրեց, և նա զգաց, որ հիմարություն արեց։ Այդ գիշեր Բեքին տուն չէր գնալու։ Երեխաները լարեցին իրենց լսողությունը և մտածմունքի մեջ ընկան։ Մի պահ հետո Բեքիի վշտի մի ուրիշ արտահայտությունը Թոմին համոզեց, որ նույն բանն է մտածում նաև աղջիկը՝ շաբաթ օրվա առավոտյան ուշ կարթնանան, և միսիս Թեչըրը ուշ կիմանա, որ Բեքին միսիս Հարպըրենց տանը չի եղել։ Երեխաներն իրենց հայացքն ուղղեցին մոմի կտորին։ Նայում էին, թե ինչպես է դա դանդաղ, անգթորեն հալչում, տեսան, որ ի վերջո, կես մատնաչափ է մնացել։ Բոցը բարձրանում էր ու իջնում, բարակ ծուխը վերև էր մագլցում, մի ակնթարթ դանդաղում պատրույգի ծայրին․․․ Հետո տիրեց զարհուրելի խավարը։
 
Թե ինչքան ժամանակ Թոմի գրկում լաց լինելուց հետո Բեքին դանդաղորեն գիտակցության եկավ, ոչ ոք չէր կարող ասել։ Նրանց ամբողջ իմացածն այն էր, որ շատ երկար թվացող ժամանակից հետո երկուսն էլ արթնացան քնի մահացու թմբրությունից և մի անգամ էլ մտածեցին իրենց թշվառությունների մասին։ Թոմն ասաց, որ կարող է օրը կիրակի լինել, գուցե երկուշաբթի։ Փորձեց Բեքիին խոսեցնել, բայց աղջկա տառապանքը շատ ճնշող էր, նրա բոլոր հույսերը կորած էին։ Թոմն ասաց, որ իրենց բացակայությունը վաղուց նկատած կլինեն, և անկասկած նրանց որոնումները շարունակվում են։ Պետք է գոռալ։ Գուցե և մեկը գա։ Նա փորձեց, բայց մթության մեջ հեռավոր արձագանքներն այնքան զզվելի հնչեցին, որ այլևս չփորձեց։
 
Ժամեր անցան, և քաղցը եկավ նորից տանջելու։ Թոմի կես գաթայի մի մասը մնացել էր․ բաժանեցին և կերան։ Բայց նախկինից ավելի սուր քաղց զգացին։ Այդ փոքրիկ կտորը ավելի սրեց ուտելու ցանկությունը։
 
Քիչ հետո Թոմն ասաց․
 
― Շըշ, լսեցի՞ր։
 
Երկուսն էլ շունչները պահեցին և ականջ դրին։ Շատ հեռավոր գոռոցի թույլ ձայն լսվեց։ Թոմն անմիջապես պատասխանեց և Բեքիի ձեռքից բռնած առաջնորդելով, միջանցքն ի վար սկսեց գնալ ձայնի ուղղությամբ։ Հետո նորից ականջ դրեց, նորից ձայնը լսվեց և, ըստ երևույթին, մի փոքր ավելի մոտիկից։
 
― Նրանք են, ― ասաց Թոմը, ― նրանք գալիս են։ Այո, Բեքի, մենք փրկված ենք։
 
Բանտարկվածների ուրախությունն աննկարագրելի էր։ Նրանք դանդաղ էին առաջ շարժվում, որովհետև ամեն քայլափոխին կարող էր փոս հանդիպել։ Պետք է զգույշ լինեին։ Շուտով մի փոսի հասան և ստիպված եղան սպասել։ Այն կարող էր երեք ոտնաչափ խորություն ունենալ, կարող էր հարյուր ոտնաչափ լինել․ բոլոր դեպքերում պետք չէր այն անցնել։ Թոմը կրծքի վրա պառկեց և ինչքան կարող էր փորձեց հատակին հասնել։ Հատակը չկար։ Պետք է այդտեղ մնային և սպասեին, մինչև որոնողները գային։ Սակայն լսեցին, որ հեռավոր բղավոցները ավելի հեռավոր էին դառնում։ Մի քանի վայրկյան ևս, և դրանք բոլորովին լռեցին։ Ինչ սրտաճմլիկ ձախորդություն։ Թոմն այնքան բղավեց, մինչև ձայնը խզվեց։ Բայց անօգուտ։ Նա Բեքիին հուսադրեց, բայց մտահոգ սպասումի մի դար անցավ և ոչ մի ձայն այլևս չլսվեց։
 
Խարխափելով, երեխաները վերադարձան աղբյուրի մոտ։ Ժամանակը շատ դանդաղ էր սահում։ Նորից քնեցին և արթնացան քաղցած ու սարսափահար։ Թոմը կարծում էր, որ օրը պետք է երեքշաբթի լինի։
 
Հանկարծ նրա մտքում մի միտք ծագեց։ Մոտիկ տեղում կողմնակի անցքեր կային։ Ավելի լավ էր դրանցից մի քանիսը հետախուզել, քան պարապ նստած կրել անցնող ժամանակի ծանրությունը։ Նա գրպանից հանեց թռուցիկ կպցնելու թելը, կապեց ժայռի մի դուրս ընկած մասից, և երկուսով ճանապարհ ընկան։ Թոմը գնում էր առջևից, թելը քանդելով։ Քսան քայլ հետո միջանցը ավարտվեց մի փոսով։ Թոմը ծնկի եկավ, շոշափեց ներքևը, հետո և շուրջը, ինչքան կարող էր ձեռքով հասնել։ Փորձեց դեպի աջ մի փոքր էլ ձգվել և այդ պահին, հազիվ քսան յարդ հեռվում, ժայռի ետևից երևաց մարդկային մի ձեռք՝ մի մոմ բռնած։ Թոմը հաղթական մի ճիչ արձակեց, իսկ այդ պահին ձեռքին հետևեց մարմինը․․․ Հնդկացի Ջոյի մարմինը։ Թոմը քարացավ․ շարժվել չէր կարող։ Շատ ուրախացավ, երբ հնդկացին հաջորդ րոպեին թիկունքը դարձրեց և անհետացավ։ Թոմը զարմացավ, որ Ջոն չճանաչեց իր ձայնը, չեկավ իրեն սպանելու դատարանում վկայություն տալու համար։ Ըստ երևույթին արձագանքները կեղծել էին ձայնը։ Անկասկած այդպես եղած կլինի, եզրակացրեց նա։ Վախը թուլացրել էր Թոմի բոլոր նյարդերը։ Նա ինքն իրեն ասաց, որ եթե մինչև աղբյուրը վերադառնալու ուժ ունենա, այնտեղ էլ կմնա, այլևս ոչինչ չի կարող նրան գայթակղել այնպես, որ Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին ենթարկվի։ Զգուշությունից Բեքիին չհայտնեց իր տեսածը։ Նրան ասաց, որ բղավել էր «բախտը փորձեկու» համար միայն։
 
Բայց ի վերջո քաղցն ու անելանելի դրությունը վախից ավելի զորեղ դուրս եկան։ Աղբյուրի մոտ սպասելուց և քնելուց հետո, նրանց տրամադրությունը փոխվեց։ Երեխաներն արթնացան քաղցից տանջվելով։ Թոմը կարծում էր, որ արդեն չորեքշաբթի կամ հինգշաբթի է, կամ նույնիսկ ուրբաթ կամ շաբաթ, և որոնումը ավարտված կլինի։ Նա առաջարկեց հետախուզել մի ուրիշ միջանց։ Տղան արդեն պատրաստ էր Հնդկացի Ջոյին հանդիպելու վտանգին և բոլոր մյուս սարսափներին։ Բայց Բեքին շատ թույլ էր։ Նա ընկել էր ծանր հուսահատության մեջ և տեղից բարձրանալ չէր ուզում։ Աղջիկն ասաց, որ այդտեղ էլ կսպասի և շատ չանցած կմահանա։ Նա Թոմին ասեց, որ թելով գնա ու հետախուզի, եթե ցանկանում է, բայց խնդրեց, որ շուտ վերադառնա և հետը խոսի։ Թոմին խոստանալ տվեց, որ երբ սարսափելի ժամը գա, կողքին կնստի և մինջև վերջ ձեռքը կբռնի։ Թոմը համբուրեց նրան ինչ֊որ վատ նախազգացումով և ցույց տվեց, թե իբր թե վստահ է, որ կգտնի որոնողներին կամ քարանձավից դուրս գալու մի ճանապարհ։ Հետո վերցրեց թելը և խարխափելով ու չորեքթաթ գնաց միջանցքով ցած, քաղցից տանջվելով և մոտալուտ վախճանի նախազգացումը սրտում։
 
 
==Գլուխ XXXIII==
 
 
Հասավ երեքշաբթի օրվա հետմիջօրեն և մխրճվեց աղջամուղջի մեջ։ Սենտ֊Պիտերսբուրգ ավանը շարունակում էր սգալ։ Կորած երեխաները չէին գտնվել։ Նրանց համար ամբողջ համայնքով աղոթեցին, շատերն աղոթեցին նաև իրենց տներում, այդ աղոթքների մեջ դնելով իրենց ամբողջ հոգին։ Բայց, հակառակ դրանց, քարանձավից ուրախ լուրեր չէին ստացվում։ Որոնողների մեծամասնությունը հուսահատվել էր և վերադարձել էր իր առօրյա զբաղմունքին, ասելով, թե երեխաները գտնվել չեն կարող։ Միսիս Թեչըրը ծանր հիվանդ էր և ժամանակի մեծ մասն անց էր կացնում ուշագնաց վիճակում։ Մարդիկ ասում էին, որ տեսնողի սիրտը կտոր֊կտոր է լինում, երբ նա իր երեխային է կանչում, երբ բարձրացնում է գլուխն ու մի ամբողջ րոպե ականջ դնում, հետո էլի հանկարծ ցած դնում բարձի վրա՝ հառաչելով։ Մորաքույր Պոլին ընկել էր մելամաղձության մեջ, նրա մազերը համարյա լրիվ սպիտակել էին։ Երեքշաբթի գիշեր ավանը քուն մտավ տխուր և անհույս։
 
Գիշերվա կեսին ավանի զանգերն սկսեցին ուժգին ղողանջել։ Մի վայրկյանում փողոցները լցվեցին կիսահագնված, հուզված մարդկանցով, որոնք բղավում էին․ «Վեր կացեք, դուրս եկեք, գտնվեցին, գտնվեցին»։ Զանգերին ավելացավ թիթեղների աղմուկն ու փողհարությունը։ Բազմությունը շարժվեց դեպի գետն ու հանղիպեց վերադարձող երեխաներին, որոնց մի բաց կառքի մեջ աղմկելով բերում էին քաղաքացիները։ Նրանք միացան դիմավորողներին, ճանապարհ ընկան դեպի քաղաք և հանդիսավոր թափորով, անընդհատ «ուռռա» կանչելով անցան փողոցներով։
 
Ավանը լուսավորվեց։ Ոչ ոք նորից քնելու չգնաց։ Այդ փոքր քաղաքի տեսած ամենամեծ գիշերն էր դա։ Առաջին կես ժամվա ընթացքում քաղաքի բնակիչները գնացին դատավոր Թեչըրի տունը, համբուրեցին փրկված երեխաներին, սեղմեցին միսիս Թեչըրի ձեռքը։ Փորձում էին խոսել, բայց չէին կարողանում և դուրս էին գալիս արցունք թափելով։
 
Մորաքույր Պոլիի երջանկությունը գագաթնակետին էր հասել։ Համարյա նույն վիճակումն էր նաև միսիս Թեչըրը։ Նրա ուրախությունը ամբողջական կլիներ, եթե մեծ լուրն ուղարկվեր քարանձավ՝ ամուսնուն։
 
Թոմը պառկել էր բազմոցին՝ շրջապատված ագահորեն լսող ունկնդիրներով։ Նա պատմեց զարմանալի արկածի պատմությունը, մտածացին մանրամասնություններ ավելացնելով՝ այն գեղեցկացնելու համար։ Վերջում պատմեց, թե ինչպես նա թողեց Բեքիին և գնաց հետախուզության, թե ինչպես անցավ երկու միջանց, ինչքան որ թելը կարող էր հասնել, թե ինչպես գնաց մի երրորդով՝ ամբողջ թելի երկարությամբ և ետ դառնալու վրա էր, երբ հանկարծ շատ հեռավոր մի շող նկատեց, որ նման էր ցերեկային լույսի, թե ինչպես թելը թողեց և շտապեց դեպի այն, ինչպես գլուխն ու ուսերը դուրս հանեց մի փոքր անցքից և տեսավ լայն Միսիսիպին հոսելիս։
 
Եվ եթե այդ բոլորը պատահեր գիշերը, նա չէր տեսնի ցերեկվա լույսի շողը և այդ անցքը ավելի չէր հետախուզի։ Պատմեց, թե ինչպես վերադարձավ Բեքիի մոտ՝ ուրախ լուրը տալու, և թե ինչպես աղջիկն ասաց, որ այդպիսի բաներով ավելի չտանջի իրեն, որովհետև հոգնած է և գիտե, որ մահանալու է և ուզում է մահանալ։ Թոմը նկարագրեց, թե ինչպես համոզեց նրան, և թե ինչպես Բեքին ուրախությունից քիչ մնաց մեռներ, երբ հասավ այն տեղը և տեսավ ցերեկվա լույսի կապույտ շողը, թե ինչպես ինքը դուրս եկավ և հետո օգնեց Բեքիին, որ դուրս գա, ինչպես նստեցին այդտեղ և ուրախությունից լաց եղան, թե ինչպես մարդկանցով լեցուն մի նավակ էր անցնում, և թե Թոմը ձայն տվեց նրանց ու պատմեց իրենց վիճակը, ասաց, որ քաղցից մահանում են, ինչպես այդ մարդիկ սկզբում չհավատացին այդ զարմանալի պատմությանը, որովհետև նրանք ասացին․ «դուք քարանձավի անցքից հինգ մղոն ներքևում եք», հետո նավակ վերցրին նրանց, մի տուն տարան, ընթրիք տվեցին, երկու թե երեք ժամ հանգստացրին և հետո բերեցին։
 
Լուսաբացից առաջ դատավոր Թեչըրին և նրանց հետ մնացած մի քանի մարդկանց քարանձավից հանեցին այն թոկերի օգնությամբ, որոնցով կապված էին նրանք և հայտնեցին ուրախալի նորությունը։
 
Քարանձավում անցկացրած երեք օրվա չարչարանքն ու քաղծածությունը միանգամից չանցան։ Այդ շուտով զգացին Թոմն ու Բեքին։ Ամբողջ չորեքշաբթին ու հինգշաբթին նրանք մնացին անկողնում և գնալով իրենք իրենց ավելի հոգնած ու ավելի հյուծված էին զգում։ Թոմը մի փոքր ոտքի կանգնեց հինգշաբթի օրը, ուրբաթ օրը քաղաք դուրս եկավ և միայն շաբաթ օրը նախկինի պես իրեն լավ զգաց։ Բայց Բեքին մինջև շաբաթ օրը սենյակից դուրս չեկավ․ նա նման էր ծանր հիվանդություն անցկացրած մարդու։
 
Թոմն իմացավ Հեքի հիվանդության մասին և ուրբաթ օրը գնաց ընկերոջը տեսնելու, բայց չթողեցին հիվանդի մոտ։ Նրան դա չհաջողվեց նաև շաբաթ և կիրակի օրերը։ Հետո ամեն օր թույլ տվեցին, բայց զգուշացրին, որ իր արկածի մասին չպատմի և հուզող բաներից չխոսի։ Այրի Դուգլասը նստում էր նրանց կողքին և հսկում։ Տանը Թոմը լսեց Քարտիֆ բլրի դեպքի մասին, ինչպես նաև այն, որ ցնցոտիներով մարդու մարմինը գտնվել էր նավահանգստի մոտ։ Հավանաբար փախուստի ժամանակ խեղդվել էր։
 
Քարանձավից ազատվելուց երկու շաբաթ հետո Թոմը նորից գնաց Հեքին այցելելու, որը մինչ այդ լավ կազդուրվել էր և կարող էր զրուցել ու իրեն հետաքրքրող որոշ բաներ լսել։ Դատավոր Թեչըրի տունը Թոմի ճանապարհի վրա էր և նա կանգ առավ Բեքիին տեսնելու։ Դատավորն ու նրա ընկերները սկսեցին Թոմին խոսեցնել, և մեկը կատակով հարցրեց, թե չի՞ ուզում նորից քարանձավ գնալ։ Թոմը պատասխանեց, թե ուզում է, և թե իր համար ոչ մի նշանակություն չունի։
 
Դատավորն ասաց․
 
― Քեզ նման ուրիշներն էլ կան, Թոմ, չեմ կասկածում։ Բայց մենք այդ մասին մտածել ենք։ Այլևս ոչ ոք այդ քարանձավում չի կորչի։
 
― Ինչո՞ւ։
 
― Որովհետև մեծ դուռը երկաթով փակել եմ տվել երկու շաբաթ առաջ և երեք փակով փակել։ Բանալիներն էլ ինձ մոտ են։
 
Թոմը սավանի նման սպիտակեց։
 
― Քեղ ի՞նչ պատահեց, տղա։ Է՜յ, այստեղ եկեք, մի բաժակ ջուր տվեք։ ― Ջուրը բերեցին և Թոմի երեսին ցանեցին։
 
― Ահա՜, հիմա լավ ես։ Քեզ ի՞նչ պատահեց, Թոմ։
 
― Օ՜, պարոն դատավոր, Հնդկացի Ջոն քարանձավի մեջն է։
 
 
==Գլուխ XXXIV==
 
 
Հինգ րոպեի ընթացքում լուրը տարածվեց, և մարդկանցով լեցուն տասնյակ նավակներ ճանապարհ ընկան դեպի Մակ֊Դուգալի քարանձավը։ Գետանցանավը, ուղևորներով լեցուն, շուտով հետևեց դրանց։ Թոմ Սոյերը դատավոր Թեչըրին տանող նավակի մեջ էր։ Երբ քարանձավի դուռը բացվեց, կիսախավարում տեսան մի վշտալի պատկեր․ Հնդկացի Ջոն փռված էր գետնին, մեռած, դեմքը դռան ճեղքին կպցրած, կարծես ագահ հայացքը մինչև վերջին պահը հառած լիներ դրսի լույսին և ազատ աշխարհի ուրախությանը։ Թոմը զգացվեց, որովհետև փորձով գիտեր, թե ինչքան է տանջվել այդ թշվառը։ Նա խղճաց, բայց միևնույն ժամանակ զգաց ապահովություն ու թեթևություն և միայն այժմ հասկացավ, թե ինչ ծանրություն և մշտական վախ էր նստել սրտի վրա այն օրվանից, երբ ձայնը բարձրացրել էր այս այրունարբու չարագործի դեմ։
 
Հնդկացի Ջոյի կեռ դանակն ընկած էր կողքին, երկու կտոր եղած։ Նա դռան ետևի տախտակը տաշել էր երկար, բայց ապարդյուն, որովհետև դրսից անցքը փակում էր բնական ժայռը, որի վրա դանակը ոչ մի ազդեցություն գործել չէր կարող։ Միակ վնասը դանակին էր հասել։ Եթե նույնիսկ քարը չխանգարեր, այդ աշխատանքը դարձյալ ապարդյուն էր լինելու, որովհետև ամբողջ տախտակի կտրվելու դեպքում իսկ Հնդկացի Ջոն իր մարմինը չէր կարողանա դռան տակով անցկացնել, և նա այդ գիտեր։ Նա այղ փայտը կտրել էր պարզապես որևէ բան անելու, ձանձրալի, մաշող ժամանակը սպանելու, իր կարողությունները որևէ կերպ գործադրելու համար։ Սովորաբար, քարանձավի առաջին նախասենյակի ճեղքերում մոմի բազմաթիվ կտորներ էին լինում տուրիստների կողմից թողնված, այժմ դրանցից ոչ մեկը չկար։ Բանտարկյալը փնտրել և կերել էր դրանք։ Նա փորձել էր նաև մի քանի չղջիկ բռնել։ Դրանք էլ կերել էր, թողնելով միայն ոսկորները։ Թշվառը սովամահ էր եղել։ Մոտակա մի վայրում դարերի ընթացքում դանդաղորեն գոյանում էր մի ստալակմիտ, գոյանում էր վերևի ստալակտիտից կաթող ջրերրից։ Բանտարկյալը ստալակմիտը ջարդել էր և վրան տեղավորել մի քար, դրա կենտրոնում մի փոքր փոս էր գոյացել, հավաքելու համար թանկագին կաթիլը, որ ժամացույցի կանոնավորությամբ քսան րոպեն մեկ կաթում էր, քսանչորս ժամում կազմելով շատ փոքր քանակություն։ Այդ կաթիլը կաթում էր, երբ բուրգերը նոր էին, երբ Տրոյան ընկավ, երբ Հռոմի հիմքերը դրվեցին, երբ Քրիստոսը խաչվեց, երբ Ուիլյամ աշխարհակալը ստեղծում էր Քրիստոնեական կայսրությունը, երբ Կոլոմբոսը ճանապարհ էր ընկնում, երբ Լեքսինգտոնի մոտի ճակատամարտի լուրերը «նորություն» էին։ Այն կաթում է այժմ, այն պիտի շարունակի կաթել, երբ բոլոր այս բաները պիտի է խորասուզվեն պատմության և տրադիցիայի խորքերում, կուլ գնան մոռացության խավար գիշերվա մեջ։ Մի՞թր ամեն ինչ նպատակ և միսիա ունի։ Արդյո՞ք այս կաթիլը հինգ հազար տարի շարունակվեց կաթել, որպեսզի բավարարի այս մարդկային արարածի կարիքները և արդո՞ք կատարելու մի ուրիշ նպատակ ունի տասը հազար տարի հետո։ Ինևէ։ Այդ օրվանից անցել են բազմաթիվ տարիներ, երբ դժբախտ խառնածինը ջարդեց քարի ծայրը՝ պահելու համար անգին կաթիլը, բայց մինչև այսօր տուրիստները ամենից երկար դիտում են այդ սրտառուչ քարը և դանդաղ կաթող ջուրը, երբ գալիս են Մակ֊Դուգալի քարանձավի հրաշքները դիտելու։ Հնդկացի Ջոյի բաժակը քարանձավի հրաշալիքների մեջ առաջիններից է։ Նույնիսկ «Ալադինի պալատը» չի կարող մրցել դրա հետ։
 
Հնդկացի Ջոն թաղվեց քարանձավի մուտքի մոտ։ Նավակներով ու սայլերով յոթ մղոն շրջապատից, քաղաքից, բոլոր ֆերմաներից և բնակավայրերից մարդիկ խուժեցին այդտեղ։ Նրանք բերում էին իրենց երեխաներին, ամեն տեսակի ուտելիքներ և խոստովանում էին, որ նույնքան լավ ժամանակ անցկացրին թաղման ժամանակ, ինչքան լավ ժամանակ կարող էին անցկացնել կախաղանի ժամանակ։
 
Թաղումը կանխեց մի գործի հետագա ծավալումը․ կառավարիչին ուղարկվեցին խնդրագրեր՝ Հնդկացի Ջոյին ներելու մասին։ Դիմումը շատերն էին ստորագրել։ Բազմաթիվ արցունքոտ և բուռն միտինգներ տեղի ունեցան։ Երիտասարդ կանանց կոմիտեն որոշեց խորունկ վշտով ու սև հագած գնալ կառավարչի մոտ, խնդրել, որ նա ներողամիտ լինի և իր պարտականությունը ոտնատակ տա։ Ենթադրում էին, որ Հնդկացի Ջոն ավանից հինգ հոգի է սպանել, բայց ի՞նչ արած։ Եթե նույնիսկ դա սատանան ինքը լիներ, կգտնվեին բազմաթիվ թուլակամներ, որոնք կստորագրեին ներման դիմումի տակ և արցունքն աչքերին կգնային կառավարչի սիրտը մեղմելու։
 
Թաղման հաջորդ առավոտյան Թոմը Հեքին տարավ առանձին մի տեղ՝ հետը կարևոր զրույց ունենալու։ Մինչ այդ Հեքը ուելսեցուց և այրի Դուգլասից ամեն ինչ իմացել էր Թոմի արկածի մասին, բայց Թոմն ասաց, որ կա մի բան, ինչի մասին լռել է։ Հենց այդ մասին էլ ուզում էր այժմ խոսել։ Հեքի դեմքը տխրեց։ Նա ասաց․
 
― Գիտեմ, թե դա ինչ է։ Դու երկրորդ համարը գնացիր, բայց վիսկիից բացի, ոչ մի բան չգտար։ Ոչ ոք ինձ չասաց, թե դու էիր, բայց ես պարզապես գլխի ընկա, որ դու պետք է եղած լինես, երբ լսեցի վիսկիի այդ գործի մասին։ Իմացա նաև, որ փողը չես գտել, որովհետև ինչ֊որ ձևով ինձ կգտնեիր և կպատմեիր, թեկուզ ոչ ոքի ոչինչ չէիր ասում։ Թոմ, ես միշտ զգացել եմ, որ մենք երբեք չէինք կարողանալու այդ բանի տերը դառնալ։
 
― Ի՞նչ, Հեք, ես այդ հյուրանոցի տիրոջ մասին երբեք չեմ խոսել։ Չե՞ս հիշում, որ նրա հյուրանոցը լավ վիճակումն էր այն շաբաթ օրը, երբ ես պիկնիկի գնացի։ Չե՞ս հիշում, որ դու պետք է այդ գիշեր հսկեիր։
 
Ա՛խ, այո, ինձ թվում է, թե մի տարի է անցել։ Դա հենց նույն գիշերն էր, որ ես հետևեցի Հնդկացի Ջոյին մինչև այրու տունը։
 
― Հետևեցի՞ր։
 
― Այո, բայց այդ մասին լռիր։ Ես կարծում եմ, որ Հնդկացի Ջոն իր ետևում թողած ընկերներ ունի։ Չեմ ուզում, որ նրանք ինձ նեղություն պատճառեն։ Եթե ես չլինեի, նա այժմ ողջ֊առողջ Տեքսասաում կլիներ։
 
Հետո Հեքը իր ամբողջ արկածը գաղտնի պատմեց Թոմին, որը ուելսեցուց դրա մի մասն էր միայն լսել։
 
― Լավ, ― ասաց Հեքը նորից վերադառնալով գլխավոր խնդրին, ― ես կարծում եմ, որ համար երկուսի վիսկին գտնողը գտավ նաև փողը։ Բոլոր դեպքերում այն մեզ համար կորած է, Թոմ։
 
― Հեք, այդ փողը երբեք երկրորդ համարում չի եղել։
 
― Ի՞նչ, ― Հեքը լրջությամբ զննեց ընկերոջ դեմքը։ ― Թոմ, նորից գտե՞լ ես այդ փողի հետքը։
 
― Հեք, փողը քարանձավումն է։
 
Հեքի աչքերը փայլեցին։
 
― Կրկնիր, Թոմ։
 
― Փողը քարանձավումն է։
 
― Թոմ, այժմ երդվիր, ասա «հնդկացու ազնիվ խոսք»։ Կատակո՞ւմ ես, թե լուրջ ես ասում։
 
― Լուրջ, Հեք, լուրջ, ինչքան կյանքումս երբեք չեմ եղել։ Կգա՞ս ինձ հետ և կօգնե՞ս փողը գտնելու։
 
― Անշուշր կգամ, կգամ, եթե կարողանանք մտենլ և չկորչել։
 
― Հեք, մենք այդ կարող ենք անել առանց ամենափոքր իսկ վտանգի։
 
― Շատ լավ։ Ինչի՞ց ես ենթադրում, որ փողը․․․
 
― Հեք, դու պարզապես սպասիր, մինչև այդտեղ հասնենք։ Եթե չգտնենք, ես համաձայն եմ քեզ տալ իմ թմբուկը և ամեն ինչ, որ աշխարհում ունեմ։ Կտամ, երդվում եմ։
 
― Շատ լավ, համաձայնեցինք։ Ե՞րբ ենք գնալու։
 
― Հենց հիմա, եթե կուզես։ Քեզ բավական ուժե՞ղ ես զգում։
 
― Քարանձավը հեռու է։ Մի քանի օր է, որ ոտքի եմ կանգնել և մի մղոնից ավելի քայլել չեմ կարող։ Թոմ, ինձ այդպես է թվում։
 
― Այստեղից այնտեղ ճանապարհը հինգ մղոն է ուրիշների համար, բացի ինձնից։ Հեք։ Մի կարճ ճանապարհ կա, որ բացի ինձնից ուրիշ ոչ ոք չգիտե։ Հեք, ես քեզ ուղիղ այդտեղ նավակաով կտանեմ։ Մինչև այդտեղ և վերադարձին ես կթիավարեմ։ Դու նույնիսկ գլուխդ շուռ մի տուր։
 
― Հենց հիմա, անմիջապես ճանապարհ ընկնենք, Թոմ։
 
― Շատ լավ։ Մեզ հարկավոր է մի քիչ հաց, միս, մեր ծխամորճները, մեկ կամ երկու փոքր տոպրակ, մեկ կամ երկու թռուցիկի թել և ապա այդ նոր հնարած բանից, որ լուցկի են կոչում։ Երբ այնտեղ էի, այնպես էի ուզում դրանցից ունենալ։
 
Կեսօրից քիչ անց տղաները մի բացակայող քաղաքացուց վերադարձնելու պայմանով վերցրին նավակը և անմիջապես ճանապարհ ընկան։ Երբ «քարանձավի անցքից» մի քանի մղոն ներքև էին, Թոմն ասաց․
 
― Տեսնո՞մ ես այս թեքությունը, քարանձավից մինչև այստեղ հավասար և միատեսակ է երևում, ոչ տներ, ոչ ծառեր, միատեսակ թփեր։ Բայց տեսնո՞ւմ ես, այնտեղ, որտեղ հողը փուլ է եկել, մի սպիտակ տեղ։ Դա իմ նշաններից մեկն է։ Այժմ ցամաք պիտի իջնենք։
 
Նրանք ափ դուրս եկան։
 
― Այժմ, Հեք, քո կանգնած տեղից կարո՞ղ ես գտնել այն անցքը, որտեղից ես դուրս եկա։ Փորձիր, կարո՞ղ ես գտնել։
 
Հեքը փորձեց, ոչինչ չգտավ։ Թոմը հպարտությամբ մտավ խիտ թփերի մեջ և ասաց․
 
― Ահա, նայիր դրան, Հեք։ Սա ամենաապահով անցքն է ամբողջ այս երկրում։ Դու այդ մասին ոչ ոքի մի ասա։ Ես միշտ ուզել եմ ավազակ դառնալ և այսպիսի մի տեղի կարիքն եմ զգացել, բայց չեմ կարողացել գտնել։ Այժմ մենք դա ունենք և այդ մասին պիտի լռենք։ Այնտեղ կթողնենք միայն Ջո Հարպըրին և Բեն Ռոջերսին, որովհետև պետք է ավազակախումբ ունենալ, թե չէ ինչի՞ նման կլինի։ Թոմ Սոյերի ավազակախո՜ւմբը։ Հրաշալի է հնչում, չէ՞, Հեք։
 
― Այո, Թոմ, հրաշալի է։ Եվ ո՞ւմ պիտի թալանենք։
 
― Օ՜հ, համարյա բոլորին։ Ունևոր մարդկանց։ Ընդհանրապես ձևը այդպես է։
 
― Եվ սպանե՞նք նրանց։
 
― Ոչ, ոչ միշտ։ Կպահենք քարանձավում, մինչև փրկագինը չվճարեն։
 
― Ի՞նչ բան է փրկագինը։
 
― Փող։ Կստիպենք նրանց, որ ինչքան կարող են հավաքեն իրենց բարեկամներից․ եթե չտան, մի տարի պահելուց հետո կսպանենք։ Ընդհանուր ձևն այդ է։ Այո, կանանց չենք սպանի։ Կբանտարկենք, բայց չենք սպանի։ Նրանք միշտ գեղեցիկ են լինում, հարուստ և սարսափելի վախեցած։ Կվերցնենք ժամացույցները և մյուս զարդերը, բայց միշտ նրանց առաջ գլխարկներս կհանենք ու քաղաքավարի կլինենք։ Գողերից ավելի քաղաքավարի մարդիկ չկան։ Կարող ես որևէ գրքում կարդալ։ Հետո կանայք կսիրեն մեզ և քարանձավում մեկ կամ երկու շաբաթ մնալով, կդադարեն լաց լինելուց, և դրանից հետո, ստիպես էլ, չեն հեռանա։ Եթե դուրս էլ վռնդես, կվերադառնան։ Այդպես է գրված բոլոր գրքերում։
 
― Իսկապես հրաշալի բան է, Թոմ։ Իմ կարծիքով դա ծովահեն լինելուց լավ է։
 
― Այո, որոշ իմաստով լավ է, որովհետև մոտ է տանը, կրկեսին և առհասարակ ուրիշ բաների։
 
Մինչ այդ ամեն ինչ պատրաստ էր, և տղաները՝ Թոմի առաջնորդությամբ, անցքից ներս մտան։ Հասան միջանցքի ծայրը, ամրացրին իրենց թելի կծիկները և առաջ շարժվեցին։ Մի քանի քայլ գնալուց հետո հասան աղբյուրին, և Թոմն ամբողջ մարմնով սարսռաց։ Նա Հեքին ցույց տվեց կրով պատին ամրացված մոմի մնացորդը և նկարագրեց, թե ինչպես ինքն ու Բեքին դիտել էին բոցի պայքարն ու հանգչելը։
 
Տղաները սկսեցին շշնջալ, որովհետև այդ տեղի լռությունն ու խավարը ճնշում էին նրանց։ Շարունակեցին ճանապարհը, շուտով մտան Թոմի մյուս միջանցքը և հասան «թռչելու տեղին»։ Մոմերի լույսով պարզեցին, որ դա իրականում ոչ թե անդունդ էր, այլ քսանհինգ֊երեսուն քայլ բարձրությամբ կավե գահավեժ վայրէջք։ Թոմը շշնջաց․
 
― Այժմ քեզ մի բան եմ ցույց տալու, Հեք։
 
Նա իր մոմը բարձրացրեց և ասաց․
 
― Նայիր անկյունից այն կողմ, ինչքան կարող ես։ Տեսնո՞ւմ ես։ Վերևի մեծ ժայռի վրա մոմի ծխով է արված։
 
― Թոմ, խաչ է։
 
― Իսկ այժմ ո՞րն է երկրորդ համարը «խաչի տակ», հը՞։ Ճիշտ այդտեղ տեսա Հնդկացի Ջոյին՝ մոմը ձեռքին, Հեք։
 
Հեքը որոշ ժամանակ նայեց խորհրդավոր նշանին և հետո դողացող ձայնով ասաց․
 
― Թոմ, հեռանանք այստեղից։
 
― Ի՜նչ, գանձը թողնե՞նք։
 
― Այո, թողնենք։ Հնդկացի Ջոյի ուրվականը շրջակայքում է, վստահ եմ։
 
― Ո՛չ, այդպես չէ, Հեք, այդպես չէ։ Նա այնտեղ է լինում, որտեղ մահացել է, քարանձավի մուտքի մոտ, հեռվում, այստեղից հինգ մղոն հեռու։
 
― Ոչ, Թոմ, նա կթափառի փողի մոտ։ Ես գիտեմ, թե ինչպիսիք են ուրվականները, դու ինքդ էլ գիտես։
 
Թոմն սկսեց վախենալ, որ Հեքը իրավացի է։ Երկմտանք տիրեց։ Բայց հանկարծ մի միտք ծագեց Թոմի գլխում։
 
― Լսիր, Հեք, հիմարների պես ենք վարվում։ Հնդկացի Ջոյի ուրվականը չի կարող խաչ եղած տեղի շրջակայքում լինել։
 
Լավ էր գտնված։ Դա իր ազդեցությունը գործեց։
 
― Թոմ, ես այդ մասին չէի մտածել։ Բայց ճիշտ ես։ Բախտավոր ենք, որ խաչը կա։ Կարծում եմ, որ պետք է ցած իջնենք և սնդուկը փնտրենք։
 
Առաջինը Թոմն իջավ և իջնելիս ոտնատեղերով աստիճաններ շինեց կավի մեջ։ Հեքը հետևեց։ Փոքր քարանձավից չորս անցքեր էին բացվում և այդտեղ մի ժայռ էր տնկված։ Տղաները ապարդյուն հետախուզեցին դրանցից երեքը։ Ժայռի հիմքի մոտ եղածի մեջ տղաները գտան մի փոքր նշան․ այդտեղ վերմակներ էին փռված, մի հին կաթսա էր կախված, խոզապուխտի կաշի էր ընկած և երկու կամ երեք հավի լավ կրծած կմախք։ Բայց փողի սնդուկը չկար։ Տղաները այդտեղ որոնեցին նորից ու նորից, բայց ապարդյուն։ Թոմն ասաց․
 
― Նա ասաց խաչի տակ։ Լավ, սա մոտավորապես ժայռի տակն է։ Չի կարող ժայռի տակ լինել, որովհետև ժայռն ամուր նստած է գետնին։
 
Նրանք մի անգամ էլ ամեն տեղ փնտրեցին և հետո հուսահատված նստեցին։ Հեքը մի հնար գտնել չէր կարողանում։ Քիչ հետո Թոմն ասաց․
 
― Այստեղ նայիր, Հեք, ոտնահետքեր և կավի վրա մոմի կաթիլներ են երևում այս ժայռի մի կողմում, բայց ոչ մյուս կողմում։ Դա ինչի՞ համար է։ Գրազ կգամ, որ փողը ժայռի տակն է։ Կավը փորելու եմ։
 
― Դա վատ նշան չէ, Թոմ, ― ասաց Հեքն աշխուժանալով։
 
Թոմը «Սոտլո» մարկայի դանակը հանեց և չորս մատնաչափ չէր փորել, երբ տախտակի կպավ։
 
― Հեք, հե՜յ, լսո՞ւմ ես։
 
Հեքն սկսեց ինքն էլ մատներով փորել։ Շուտով մի քանի տախտակի հանդիպեցին։ Դրանք ծածկում էին մի բնական անցք, որ ժայռի տակն էր գնում։ Թոմը գլուխը մտցրեց և մոմը երկարեց ինչքան կարող էր ու ասաց, որ չի կարողանում մինչև ծայրը տեսնել։ Նա առաջարկեց հետախուզել։ Կուչ եկավ և առաջ շարժվեց։ Նեղ անցքը դանդաղ իջնում էր։ Նա գնաց նախ դեպի աջ, հետո՝ ձախ․ Հեքը կրնկակոխ հետևում էր։ Թոմը մի կարճ անկյունից թեքվեց և շուտով բացականչեց․
 
― Աստված իմ, Հեք, այստեղ նայիր։
 
Դա անկասկած գանձի սնդուկն էր, որ զբաղեցնում էր այդ փոքր քարանձավը։ Կողքին կային վառոդի մի դատարկ արկղ, կաշվե պատյանների մեջ դրած երկու հրացան, երկու կամ երեք զույգ հին մոկասին, մի կաշվե գոտի և այլ անպետք իրեր, որոնք լավ թրջվել էին կաթող ջրից։
 
― Վերջապես գտանք, ― ասաց Հեքը ձեռքով խառնելով խունացած փողերը, ― Թոմ, մենք հարուստ ենք։
 
― Հեք, ես միշտ հավատում էի, որ կգտնենք։ Հավատալը շատ լավ է, իսկ այժմ ունենք։ Լսիր, այլևս այստեղ ժամանակ չկորցնենք, արի դուրս հանենք։ Փորձեմ, տեսնեմ, կարո՞ղ եմ սնդուկը բարձրացնել։
 
Սնդուկը մոտ հիսուն ֆունտ ծանրություն ուներ։ Թոմը կարող էր դժվարությամբ բարձրացնել, բայց տանել չէր կարող։
 
― Ես այդպես էլ կարծում էի, ― ասաց նա։ ― Այդ օրը ուրվականների տնից նրանք այնպես էին տանում, որ զգացվում էր ծանրությունը։ Ես դա նկատեցի։ Լավ արեցի, որ փողի տոպրակներ բերի։
 
Շուտով փողը տոպրակների մեջ էր, և տղաները դրանք դուրս բերին խաչավոր ժայռի մոտ։
 
― Այժմ հրացանները և մյուս իրերը բերենք, ― ասաց Հեքը։
 
― Ոչ, Հեք, դրանք թող այդտեղ։ Դրանք հենց այն բաներն են, որ պետք պիտի ունենանք, երբ ավազակություն սկսենք։ Մենք դրանք այդտեղ կպահենք․ այնտեղ կպահենք նաև մեր օրգիաները։ Օրգիաների համար հրաշալի, հարմար տեղ է։
 
― Ի՞նչ բան են օրգիաները։
 
― Չգիտեմ։ Բայց գողերը միշտ օրգիաներ են ունենում և անշուշտ մենք ևս պետք է ունենանք։ Հեք, այստեղ շատ երկար մնացինք։ Ես կարծում եմ, որ արդեն ուշ է։ Նաև սոված եմ։ Մենք կուտենք և կխմենք նավակում։
 
Տղաները շուտով մացառուտներից դուրս եկան, զգուշությամբ նայեցին իրենց շուրջը։ Ափը դատարկ գտնելով, արագ մտան նավակ և սկսեցին ուտել, ապա՝ խմել։ Արևը դեպի հորիղոնը թեքվեց։ Նրանք ճանապարհ ընկան։ Թոմը թիավարում էր ցամաքի մոտով և ուրախ շատախոսում Հեքի հետ։ Մթնելուց մի քիչ հետո ափ դուրս եկան։
 
― Այժմ, Հեք, ― ասաց Թոմը, ― փողը կպահենք այրու մարագի տանիքում։ Առավոտյան կգամ, կհաշվենք և կբաժանենք։ Հետո մարագում մի ապահով տեղ կգտնենք։ Այժմ դու այստեղ նստիր և հսկիր, իսկ ես վազեմ և Բեննի Թեյլըրի ձեռքի սայլակը բերեմ։ Շուտ կվերադառնամ։ Նա անհայտացավ և շուտով վերադարձավ սայլակով։ Երկու փոքր տոպրակները դրեցին սայլակի վրա, ծածկեցին մի քանի ցնցոտիներով և բեռը քաշելով ճանապարհ ընկան։ Հասնելով ծեր ուելսեցու տանը, տղաները կանգ առան հանգստանալու։ Երբ պատրաստվում էին ճանապարհ ընկնել, ուելսեցին դուրս եկավ, կանչեց։
 
― Հեյ, ո՞վ կա այստեղ։
 
― Հեքը և Թոմ Սոյերը։
 
― Հիանալի է։ Ինձ հետ եկեք, տղաներ, դուք բոլորին սպասել եք տալիս։ Դե, շտապեցեք, առաջ անցեք։ Սայլակը ես կքաշեմ։ Վայ, այնքան էլ թեթև չէ։ Ի՞նչ կա մեջը․ աղյուսնե՞ր, թե հին երկաթ։
 
― Հին երկաթ, ― ասաց Թոմը։
 
― Այդպես էլ ենթադրեցի։ Այս քաղաքի տղաները ավելի շատ չարչարվում և ավելի շատ ժամանակ են կորցնում հին երկաթ հավաքելով, որի արժեքը վեց սենթ է ձուլարանում, քան կանոնավոր աշխատանք կատարելով, որի համար կրկնակի կստանան։ Բայց դա մարդկային բնավորություն է։ Շտապեցեք, շտապեցեք։
 
Տղաներն ուզեցին իմանալ, թե ինչո՞ւ են աշխատում։
 
― Ոչինչ կիմանաք, երբ այրի Դուգլասի տունը հասնեք։
 
Հեքը, սակայն, երկյուղով նորից հարցրեց, որովհետև նա վաղուց սովորել էր անտեղի կերպով մեղադրվելուն։
 
― Միստր Ջոնս, մենք ոչ մի վատ բան չենք արել։
 
Ուելսեցին ծիծաղեց։
 
― Չգիտեմ, Հեք, չգիտեմ, տղաս։ Այդ մասին ոչինչ չգիտեմ։ Դու և այրին մի՞թե լավ բարեկամներ չեք։
 
― Այո։ Բոլոր դեպքերում նա ինձ համար լավ բարեկամ է եղել։
 
― Այդ դեպքում էլ ինչո՞ւ ես վախենում։
 
Հեքը մտքում դեռ չէր պատասխանել այդ հարցին, երբ նրան Թոմի հետ հրեցին միսիս Դուգլասի հյուրասենյակը։ Միստր Ջոնսը սայլակը թողեց դռան մոտ և նրանց հետևեց։
 
Հյուրասենյակը պայծառ լուսավորված էր, և ավանի բոլոր հայտնի մարդիկ այդտեղ էին։ Թեչըրները այդտեղ էին, ինչպես նաև Հարպըրները, Ռոջերսները, մորաքույր Պոլին, Սիդը, Մերին, քարոզիչը, խմբագիրը և շատ ուրիշներ, բոլորն էլ իրենց լավագույն զգեստները հագած։ Այրին տղաներին ընդունեց այնպիսի սիրով, ինչպես կարելի էր ընդունել նման տեսք ունեցող արարածների։ Նրանք ծածկված էին մոմի յուղով և կրով։ Մորաքույր Պոլին ամոթից կարմրեց, հոնքերը կիտեց և Թոմին նայելով՝ գլուխն օրորեց։ Բոլոր դեպքերում ոչ ոք տղաների չափ իրեն վատ չզգաց։ Միստր Ջոնսն ասաց․
 
― Թոմը դեռևս տանը չէր, և ես նրան փնտրելու փորձ չարեցի, բայց նրան գտա իմ տան առաջ և շտապ բերեցի։
 
― Եվ շատ ճիշտ արեցիք, ― ասաց այրին, ― ինձ հետ եկեք, տղաներ։
 
Նրանց մի ննջարան տարավ և ասաց․
 
― Այժմ լվացվեցեք և հագնվեցեք։ Ահա երկու նոր հագուստ, շապիկներ, գուլպաներ, ամեն ինչ լրիվ է։ Դրանք Հեքինն են։ Ոչ, ոչ, շնորհակալություն մի հայտնի, Հեք, միստր Ջոնսը գնեց մեկը, իսկ մյուսը՝ ես։ Երկուսիդ վրայով է։ Հագնվեցեք։ Ներքև եկեք, երբ պատրաստ լինեք։
 
Նա դուրս եկավ։
 
 
==Գլուխ XXXV==
 
 
Հեքն ասաց․
 
― Թոմ, կարող ենք ներքև սողալ, եթե մի պարան գտնենք։ Լուսամուտը գետնից բարձր չէ։
 
― Դատարկ խոսք․ ինչո՞ւ ես ուզում փախչել։
 
― Դե, ես սովոր չեմ այսպիսի հասարակության։ Չեմ կարող տանել։ Ես ներքև չեմ գնա, Թոմ։
 
― Ուշադրություն մի դարձրու, մեծ բան չէ։ Ես բոլորովին չեմ մտահոգվում։ Քո մասին կմտածեմ։
 
Երևաց Սիդը։
 
― Թոմ, ― ասաց նա, ― ամբողջ կեսօրից հետո մորաքույրը քեզ էր սպասում։ Մերին քո կիրակնօրյա զգեստը պատրաստեց, և բոլորը քեզ համար անհանգստանում էին։ Լսիր, շորերիդ վրա կավ ու ճա՞րպ կա։
 
― Այժմ, միստր Սիդի, դու քո սեփական գործերի մասին մտածիր։ Բայց, այնուամենայնիվ, այս բոլորը ինչի՞ համար է։
 
― Այրու երեկոներից մեկն է, որ նա միշտ կազմակերպում է։ Այս անգամ ուելսեցու և նրա որդիների պատվին է, որոնք նրան փրկել էին այն նշանավոր գիշերը։ Լսիր, ես կարող եմ կարևոր բան ասել, եթե ուզում ես իմանալ։
 
― Ասա, ի՞նչ է։
 
― Ծերուկ Ջոնսը փորձելու է ինչ֊որ բանով զարմացնել մարդկանց, ես այդ մասին իմացա և մորաքույրին որպես գաղտնիք այսօր ասացի։ Կարծում եմ, որ դա այժմ գաղտնիք չէ։ Ամեն մարդ գիտե, այրին նույնպես, թեև ձևացնում է, թե անտեղյակ է։ Միատր Ջոնսը շատ էր ուզում, որ Հեքը այստեղ լինի․ առանց Հեքի նրա մեծ գաղտնիքից բան չէր ստացվի, հասկանո՞ւմ ես։
 
― Ի՞նչ գաղտնիք, Սիդ։
 
― Վերաբերում է Հեքին, որը հետևել է գողերին մինչև այրու տունը։ Վստահ եմ, որ միստր Ջոնսը երևակայում է բոլորին զարմացնել, բայց գրազ կգամ, որ շատ տափակ բան է ստացվելու։
 
Սիդը շատ գոհ քրքջաց։
 
― Սիդ, այդ դո՞ւ ես բոլորին պատմել։
 
― Կարևոր չէ, թե ով է պատմել։ Մեկը պատմել է, և դա բավական է։
 
― Այս քաղաքում, միայն մեկը կա, որ կարող է այդքան ստոր բան անել։ Եվ դա դու ես։ Եթե Հեքի տեղը լինեիր, անմիջապես քաղաք կփախչեիր և ոչ ոքի չէիր պատմի գողերի մասին։ Դու միայն ստոր գործեր կարող ես անել և չես կարող տանել, որ ուրիշներին գովեն լավ վարմունքի համար։ Ահա, ստացիր և շնորհակալություն հայտնիր, ինչպես այրին է ասում։ ― Եվ Թոմը Սիդի ականջը քաշելով, ոտքով խփելով, նրան մինչև դուռը տարավ։ ― Այժմ գնա և եթե համարձակվում ես, պատմիր մորաքրոջը։ Վաղը դրա համար էլ կստանաս։
 
Մի քանի րոպե անց այրու հյուրերը ընթրիքի սեղանի շուրջն էին։ Տասնյակ երեխաներ, նույն սենյակում, նստել էին մի փոքր սեղանի առաջ՝ օրվա և այդ երկրի սովորության համաձայն։ Հարմար պահին միստր Ջոնսը հակիրճ ճառ ասաց, որով շնորհակալություն հայտնեց իրեն և իր տղաներին ցույց տրված պատվի համար, բայց, ասաց նա, կա մեկը, որի համեստությունը․․․
 
Եվ այլն, և այլն։ Այդ արկածի մեջ Հեքին վերաբերող գաղտնիքը նա բացեց ծայրահեղ թատերականությամբ, բայց քանի որ դա բոլորի իմացած հայտնագործությունն էր, տպավորությունն այնքան աղմկալից ու ուժեղ չեղավ, ինչպես կարող էր լինել այլ հանգամանքներում։ Այնուամենայնիվ, այրին բավական հաջող զարմացած ձևացավ և շատ գովեստներ և շնորհակալություն հայտնեց Հեքին։ Վերջինս համարյա մոռացավ իր նոր հագուստների և բոլորի ուշադրության թիրախը լինելու անհարմարությունը։
 
Այրին ասաց, որ ինքը որոշել է Հեքի համար օթևան ստեղծել իր հարկի տակ, կրթության տալ, իսկ այնուհետև փող տրամադրել մի համեստ գործ սկսելու համար։ Այստեղ արդեն առիթն էր, որ Թոմը հանդես գար։ Նա ասաց․
 
― Հեքը այդ փողի կարիքը չունի։ Հեքը հարուստ է։
 
Միայն բարեկրթության խստությունը հավաքվածներին պահեց, որպեսզի ծիծաղով չընդունեին այս կատակը։ Բայց լռությունն էլ մի քիչ անհարմար ստացվեց։ Թոմը խզեց այդ լռությունը․
 
― Հեքը փող ունի։Գուցե դուք չեք հավատում, բայց նա շատ փող ունի։ Կարիք չկա ժպտալու․ ես կարող եմ այն ցույց տալ։ Դուք մի րոպե սպասեցեք։
 
Թոմը դուրս վազեց։ Ներկաներն իրար նայեցին տարակուսանքով և հետաքրքրությամբ, իսկ Հեքին՝ հարցական, որի լեզուն կապված էր։
 
― Սիդ, ի՞նչ է պատահել Թոմին, ― ասաց մորաքույր Պոլին, ― նա․․․ ասենք, նրանից գլուխ հանել հնարավոր չէ։ Ես երբեք․․․
 
Թոմը ներս մտավ տոպրակների ծանրության տակ կքած, և մորաքույր Պոլին չկարողացավ իր նախադասությունն ավարտել։ Թոմը դեղին ոսկիների կույտը թափեց սեղանին և ասաց․
 
― Ահա, ասում էի ձեզ։ Դրա կեսը Հեքին է պատկանում, կեսը՝ ինձ։
 
Այդ տեսարանից բոլորի շունչը կտրվեց։ Բոլորը նայում էին։ Մի պահ ոչ ոք չխոսեց։ Հետո բոլորը միաձայն բացատրություն պահանջեցին։ Թոմն ասաց, որ կարող է բացատրել։ Այդպես էլ արեց։ Նրա պատմությունը երկար էր, բայց լեզուն այրող հետաքրքրությամբ։ Բոլորը հմայված լսում էին, և ոչ ոք չէր համարձակվում, դրա հրաշալի ընթացքը ընդհատել։ Ավարտելուց հետո միստր Ջոնսն ասաց․
 
― Ես կարծում էի, որ այս առթիվ մի փոքր անակնկալ էի պատրաստել, բայց դա այժմ ոչ մի բանի նման չէ, խոստովանում եմ։
 
Փողը հաշվեցին։ Տասներկու հազարից մի փոքր ավելի էր։ Դա ավելի շատ էր, քան ներկաների միանգամից տեսած որևէ գումար, թեև մի քանի մարդ կալվածքի ձևով ավելի շատ դրամ ունեին։
 
 
==Գլուխ XXXVI==
 
 
Ընթերցողը կարող է վստահ լինել, որ Թոմի ու Հեքի անակնկալ բախտը մեծ իրարանցում առաջացրեց Սենտ֊Պիտերսբուրգ փոքրիկ քաղաքում։ Այդպիսի մի մեծ գումար, այն էլ կանխիկ, թվում էր համարյա անհավատալի։ Այդ մասին խոսում էին, դատողություններ անում, տղաներին փառաբանում, մինչև այդ անառողջ հուզմունքից քաղաքացիներից ոմանց դատողությունը խախտվեց։ Սենտ֊Պիտերսբուրգի և շրջակա գյուղերի բոլոր «ուրվականների» տները տակն ու վրա արվեցին տախտակ առ տախտակ, դրանց հիմքերը փորվեցին և ամբողջությամբ խուզարկվեցին՝ պահված գանձը գտնելու հույսով։ Եվ ոչ միայն երեխաները, այլև հասուն մարդիկ, որոնցից ոմանք բավականին լրջախոհ էին, ոչ երազողներ։ Որտեղ Թոմն ու Հեքը երևում էին, նրանց հարգանքով էին ընդունում, հիանում, մատնացույց անում։ Տղաները չէին կարող հիշել, որ իրենց խոսքերը առաջ որևէ կշիռ ունենային, բայց այժմ նրանց ասածները արժեք ունեին և կրկնվում էին։ Նրանց կատարած յուրաքանչյուր արարքը թվում էր առանձնահատուկ և օրինակելի։ Տղաները փաստորեն կորցրել էին հասարակ բաներ անելու և ասելու ուժը։ Ավելին․ նրանց անցյալ կյանքից հիշում էին բաներ, որոնք կրում էին զարմանալի ինքնատիպության նշաններ։ Տեղական մամուլը տպագրեց տղաների կենսագրությունը։
 
Այրի Դուգլասը Հեքի փողը վեց տոկոսով բանկ դրեց, մորաքույր Պոլիի խնդրանքով Թոմի բաժինը նույն ձևով տնօրինեց դատավոր Թեչըրը։ Տղաներից յուրաքանչյուրն այժմ պարզապես հսկայական եկամուտ ուներ։ Ամեն մի օրվա համար մի դոլար, իսկ կիրակի օրվա համար՝ կես դոլար։ Դա այնքան էր, ինչքան հասնում էր քահանային, ոչ, ավելի ճիշտ, այնքան էր, ինչքան խոստացված էր, բայց այդքանը նա չէր կարող ստանալ։ Այդ հին պարզ ժամանակներում մի դոլարը և մի քառորդը բավական էր բնակարանի, ապրելու, երեխային դպրոց ուղարկելու, ինչպես և հագցնելու և մաքրության համար։
 
Դատավոր Թեչըրը մեծ կարծիք ուներ Թոմի մասին։ Նա ասում էր, որ սովորական ոչ մի տղա չէր կարողանա իր դստերը քարանձավից դուրս բերել։ Երբ Բեքին հորը գաղտնի ասաց, թե ինչպես Թոմն իր փոխարեն ծեծ էր կերել դպրոցում, դատավորը նկատելի կերպով զգացվեց։ Եվ երբ Բեքին հորը խնդրեց, որ այդ մեծ ստի համար Թոմի հետ խիստ չվարվի, քանի որ դրանով տղան պատիժը հեռացրել և իր վրա էր կենտրոնացրել, դատավորը հիացմունքով հայտարարեց, թե դա ազնիվ և մեծահոգի սուտ է, մի սուտ, որի համար արժե գլուխը բարձր պահել, պատմության մեջ քայլել Ջորջ Վաշինգտոնի հետ ուս֊ուսի։ Այդ ասելիս, Բեքիին թվաց, որ հայրը երբեք այդքան բարձրահասակ չէր եղել, ինչպես այժմ, երբ քայլում էր սենյակում և ոտքերով դոփում հատակը։ Նա անմիջապես դուրս եկավ և այդ բոլորը Թոմին պատմեց։
 
Դատավոր Թեչըրը հույս ուներ, թե մի օր Թոմին կտեսնի իրավաբան կամ մեծ զինվորական դարձած։ Նա խոստացավ հետևել, որ Թոմն ընդունվի Ազգային զինվորական ակադեմիա, իսկ այնուհետև սովորի երկրի իրավաբանական լավագույն դպրոցում, որպեսզի պատրաստ լինի այդ երկու ասպարեզներից որևէ մեկին կամ երկուսին էլ։
 
Հեք Ֆինի հարստությունն ու այրի Դուգլասի հովանավորությունը նրան մտցրին հասարակության մեջ, ոչ, քաշեցին, ներս հրեցին, և տղայի տառպանքները համարյա անտանելի դարձան։ Այրու սպասուհիները նրան մաքուր ու կոկիկ էին պահում, մազերը հարդարված ու սանրված, քնեցնում էին գարշելիորեն մաքուր անկողնում, ուր ոչ մի բիծ չկար, որ նա, իբրև վաղեմի ընկերոջ, կրծքին սեղմեր։ Նա պարտավոր էր դանակով և պատառաքաղով ուտել, պարտավոր էր անձեռոցիկ օգտագործել, բաժակ և աման, պարտավոր էր գիրք կարդալ, եկեղեցի գնալ, պարտավոր էր այնպես մաքուր խոսել, որ խոսքը մնում էր բերանում։ Որ կողմը շուռ էր գալիս, քաղաքակրթության արգելքներն ու շղթաները փակում էին նրան, կապում ձեռքերն ու ոտքերը։
 
Նա քաջաբար տարավ իր դժբախտությունները երեք շաբաթ և հետո մի օր չքացավ։ Քառասունութ ժամ այրին մեծ վշտով փնտրեց նրան։ Հասարակությունը մեծապես հուզված էր․ նրան փնտրեցին բլրի վրա և հովիտներում, գետում փնտրեցին մարմինը։ Երրորդ օրվա առավոտյան Թոմ Սոյերը գնաց նրան որոնելու հին սպանդանոցի ետևում գտնվող դատարկ տակառներում, և դրանցից մեկի մեջ գտավ փախստականին։ Հեքն այնտեղ էր գիշերում։ Նա հենց նոր էր նախաճաշել, կերել էր ինչ֊որ տեղից գողացած թերմուցք և այժմ հանգիստ պառկած՝ ծխամորճ էր քաշում։ Կեղտոտ էր, գզգզված մազերով, հին ցնցոտիներով, որոնք տղային հրաշալի տեսք էին տալիս․ ազատ ու երջանիկ էր․ Թոմն ընկերոջը տակառից դուրս քաշեց, հայտնեց, թե նա ինչ անհանգստություն է պատճառել մարդկանց։ Ստիպեց նրան գնալ։ Հեքի դեմքը կորցրեց դեմքի իր անվրդով գոհունակությունը և տխուր տեսք ստացավ։ Նա ասաց․
 
― Այդ մասին մի խոսիր, Թոմ։ Փորձեցի, և բան դուրս չեկավ, Թոմ։ Դա ինձ համար չէ․ ես դրան սովոր չեմ։ Այրին բարի է իմ նկատմամբ և սիրալիր, բայց տանել չեմ կարող նրա կարգ ու կանոնը։ Ինձ ստիպում է ամեն առավոտ նույն ժամին վեր կենալ, ստիպում է լվացվել։ Մազերս այնքան սանրեցին, որ գլխիս վրա մազ չմնաց։ Թույլ չի տալիս ցախատանը քնել, ստիպված եմ հագնել այն անիծայլ հագուստները, որոնց մեջ խեղդվում եմ, կարծես դրանց միջով ոչ մի օդ չի անցնում, դրանք այնքան գեղեցիկ են, որ չեմ կարող նստել, պառկել, թավալ գալ։ Ինձ թվում է, որ մի տարի է, ինչ չեմ թավալվել։ Ստիպում են, որ եկեղեցի գնամ, քրտնեմ ու քրտնեմ։ Ատում եմ այդ քարոզները։ Այնտեղ չեմ կարող ճանճ բռնել, չեմ կարող ծխախոտ ծամել։ Ստիպված եմ ամբողջ կիրակի օրը կոշիկ հագնել։ Այրին ուտում է զանգով, քնում է զանգով, վեր է կենում զանգով։ Ամեն ինչ այնպես սարսափելի կանոնավոր է, որ դիմանալ չեմ կարող։
 
― Ախր բոլորը նույն են անում, Հեք։
 
― Թոմ, դա իմ բանը չէ։ Բոլորն ուրիշ, ես ուրիշ, չեմ դիմանում։ Սարսափելի է կապված լինելը։ Ուտելիքը հեշտ ու հանգիստ է ձեռք բերվում։ Ես այդ ձևով ուտելուց ոչ մի հաճույք չեմ ստանում։ Պարտավոր եմ թույլտվություն խնդրել ձուկ որսալու համար, պարտավոր եմ թույլտվություն խնդրել լողանալու համար․ ամեն ինչի համար թույլտվություն պետք է խնդրեմ։ Պարտավոր եմ այնպես քաղաքավարի խոսել, որ այլևս խոսել չեմ ուզում։ Ստիպված ամեն օր բարձրանում եմ ձեղնահարկ, մի քիչ հայհոյում, որ բերանիս համն զգամ։ Թե չե կմեռնեմ, Թոմ։ Այրին չի թողնում, որ ծխեմ, չի թողնում հորանջեմ, չի թողնում բարձր խոսեմ, չի թողնում մարդկանց առաջ ծմռկամ ու քորվեմ։ ― Ապա Հեքն առանձնապես վիրավորված ու վշտով շարունակեց․ ― Գրողը տանի, ամբողջ ժամանակ աղոթում է։ Ես այդպիսի կին չեմ տեսել, ատիպված էի փախչել, Թոմ, ստիպված էի։ Մյուս կողմից շուտով դպրոցը բացվելու է, և ես ստիպված պիտի լինեմ գնալ, իսկ դրան արդեմ չեմ դիմանա, Թոմ։ Լսիր, Թոմ, հարուստ լինելը այնքան էլ լավ բան չէ, ինչպես երևում է։ Դա պարզապես նեղություն է, մտահոգություն, քրտինք, քրտինք և մեռած լինելու ցանկություն։ Իսկ այս հագուստները ինձ հարմար են, այս տակառը հարմար է, և ես դրանցից այլևս չեմ բաժանվի։ Թոմ, ես այս անախորժությունների մեջ չէի ընկնի, եթե այդ փողը չունենայի։ Թոմ, իմ բաժինն էլ դու վերցրու և երբեմն֊երբեմն ինձ մի տասսենթանոց տուր, ոչ հաճախ․ ես ոչ մի արժեք չեմ տալիս այն բանին, որ դժվարությամբ չես ձեռք բերում։ Գնա և այրուն իմ կողմից խնդրիր, որ ինձ հանգիստ թողնի։
 
― Էհ, Հեք, դու գիտես, որ ես չեմ կարող քո փողը վերցնել․ դա ազնիվ վարմունք չի լինի, բացի այդ, եթե դու մի փոքր էլ փորձես, դիմանաս, այդ կյանքը կսկսի քեզ դուր գալ։
 
― Դո՞ւր գալ․․․ այո, ինչպես կարող է դուր գալ վառվող վառարանի վրա նստելը։ Ոչ, Թոմ, ես չեմ ուզում հարուստ լինել և ապրել այդ անիծյալ տներում։ Ես սիրում եմ անտառներ, գետ, տակառներ և դրանցից չեմ բաժանվի։ Բայց, սատանան տանի, հիմա, երբ ավազակության համար և՛ հրացան ունենք, և՛ քարանձավ, և՛ ամեն ինչ, հանկարծ այդ հիմարությունը մեջտեղ եկավ և ամեն ինչ փչացրեց։
 
Թոմն օգտվեց հարմար առիթից․
 
― Լսիր, Հեք, հարուստ լինելը ինձ ավազակ դառնալուց ետ չի պահի։
 
― Հը՞, դու այդ ճիշտ ես ասաու, Թոմ։
 
― Այնքան ճիշտ, ինչքան այստեղ լինելս։ Բայց, Հեք, մենք չենք կարող քեզ ավազակախմբում ընդունել, եթե վատ հագած լինես։
 
Հեքի ուրախությունը մարեց։
 
― Չե՞ք կարող ընդունել, Թոմ։ Հապա ինչպե՞ս ծովահեն ընդունեցիք։
 
― Այո, սա ուրիշ բան է։ Ավազակը ծովահենից ավելի բարձր է։ Դա ընդունված բան է։ Մի շարք երկրներում, նրանք ազնվական շատ բարձր աստիճաններ ունեն․ դուքսեր և նման բաներ են։
 
― Բայց, Թոմ, չէ՞ որ դու միշտ ինձ բարեկամ ես եղել։ Չպետք է դուրս անես, չէ՞, Թոմ։ Դու այդ չես անի, չէ՞, Թոմ։
 
― Հեք, ես այդ չեմ ուզենա և այժմ էլ չեմ ուզում, բայց մարդիկ ի՞նչ կմտածեն։ Նրանք կասեն․ «Ֆի, Թոն Սոյերի ավազակախումբ, բավական ցածր մարդիկ կան նրա մեջ»։ Նրանք քեզ նկատի կունենան, Հեք։ Դա քեզ դուր չի գա, ոչ էլ ինձ։
 
Հեքը որոշ ժամանակ լուռ մնաց․ նրա ներսում պայքար էր տեղի ունենում։ Ի վերջո նա ասաց․
 
― Լավ, եթե խոստանաս ինձ թույլ տալ, որ միանամ ավազակախմբին, կվերադառնամ այրու մոտ և մի ամիս կփորձեմ հարմարվել։ Գուցե հաջողվի ինձ դիմանալ։
 
― Շատ լավ, Հեք, դա արդեն լավ է։ Դու արի, սիրելիս, գնանք, իսկ ես այրուն կասեմ, որ մի քիչ պակաս խիստ լինի։
 
― Կասե՞ս, Թոմ, իսկապես կասե՞ս։ Լավ է։ Եթե որոշ հարցերում մի քիչ մեղմ լինի։ Ես թաքուն կծխեմ և թաքուն կհայհոյեմ, գուցե դիմանամ, կամ պայթեմ։ Ե՞րբ ես ավազակախումբը հավաքելու և կողոպուտը սկսելու։
 
― Անմիջապես։ Տղաներին գուցե այսօր հավաքենք և այս գիշեր իսկ անենք առաջին արարողությունը։
 
― Ի՞նչը։
 
― Առաջին արարողությունը։
 
― Դա ի՞նչ բան է։
 
― Երդվելու ենք, որ իրար թև ու թիկունէ ենք լինելու և ավազակախմբի գաղտնիքները երբեք չենք հայտնելու, եթե նույնիսկ մեզ կտոր֊կտոր անեն, իսկ եթե մեկը խմբի անդամներից մեկին վիրավորի, մենք նրան ամբողջ ընտանիքով կսպանենք։
 
― Դա հրաշալի է, դա շատ հրաշալի է, Թոմ, հավատա ինձ։
 
― Այո հրաշալի է։ Երդումը պետք է կատարվի կեսգիշերին, ամենաթաքուն, ամենաահավոր տեղում։ Ուրվականներով լցված մի վայրը լավագույնը կլինի, բայց բոլոր այդ տեղերը այժմ տակնուվրա են արված։
 
― Բոլոր դեպքերում, կեսգիշերին լավ է, Թոմ։
 
― Այո, այդպես է։ Եվ երդումը պետք է կատարվի գերեզմանի վրա ու ստորագրված լինի արյունով։
 
― Դա արդեն գործ է։ Լսիր, դա ծովահենությունից միլիոն անգամ լավ է։ Ես այրու մոտ կմնամ մինչև հոգիս դուրս գա, Թոմ, եթե կարգին ավազակ դառնամ և բոլորը խոսեն իմ մասին։ Վատահ եմ, որ այրին կհպարտանա ինձ իր տանը ապաստան տալու համար։
 
 
==Վերջաբան==
 
 
Այսպես է ավարտվում այս պատմությունը։ Լինելով հատկապես մի երեխայի պատմություն, այստեղ պետք է կանգ առնի․ հնարավոր չէ պատմությունն ավելի շարունակել, առանց դա մի մարդու պատմություն դարձնելու։ Երբ մեկը վեպ է գրում հասուն մարդկանց մասին, նա գիտե, թե որտեղ պիտի ավարտվի, այսինքն՝ ամուսնությամբ, բայց երբ գրվում է երեխաների մասին, պետք է ավարտի այնտեղ, որտեղ ավելի հարմար է։
 
Այս գրքի կերպարներից շատերը դեռևս ապրում են երջանիկ և հաջողակ։ Մի օր գուցե հարմար թվա գրել մեծահասկների պատմությունը և տեսնել՝ ինչպիսի տղամարդիկ ու կանայք դարձան նրանք։ Դրա համար էլ խոհեմ վարված կլինեմ, եթե նրանց այդ երջանիկ կյանքը առայժմ չպատմեմ։
Ադմին, Վստահելի
1876
edits