Changes
/* Գլուխ 21 */
― Մաթեմատիկական լեզվով ասած, դա ոչ մի կապ չունի,― պատասխանեց Վալդեզը։― Բայց, միևնույն է, գիտեմ, որ ինձ հանգիստ չես թողնի, մինչև չզիջեմ։
Վալդեզը տխուր հառաեց, շարֆի մջից մի թերթ թուղթ ու մի կրծած մատիտ դուրս քաշեց և հարցրեց․
― Գրպանումդ քանի՞ մետաղադրամ ունես։
Մարվինը նայեց ու պատասխանեց․
― Ութ։
Վալդեզը գրեց արդյունքը, հետո հարցրեց Մարվինի ծննդյան օրը, նրա սոցիալ֊ապահովագրման համարը, կոշիկի չափը և հասակը՝ սանտիմետրերով։ Այդ ամենին թվական արժեք տվեց։ Հետո խնդրեց Մարվինին 1֊ի և 14֊ի միջև մի կամայական թիվ ընտրել։ Դրան ավելացրեց ինչ֊որ ուրիշ թվեր, հետո մի քանի րոպե շարունակ խզմզեց ու հաշվեց։
― Դե՞,― հարցրեց Մարվինը։
― Հիշիր, այս արդյունքը պարզապես ստատիստիկորեն հավանական է,― ասաց Վալդեզը,― և ոչ մի ուրիշ հավատարժան հիմք չունի։
Մարվինը գլխով արեց։ Վալդեզն ասաց․
― Հաստատուն աճի գործոնի տևողությունը, քո դեպքում, ամենաշատը մեկ րոպե քառասունութ վայրկյան է, պլյուս֊մինուս հինգ մինիմիկրովայրկյան։
Մարվինը պատրաստվում էր կրքոտ բողոքել այդ անարդարության դեմ ու հարցնել, թե ինչո՞ւ Վալդեզն այդ կենսական կարևոր հաշվարկն առաջ չէր անում։ Բայց հետո նայեց ճանապարհին, որն այժմ առանձնահատուկ ճերմակ փայլ էր ստացել երեկոյի վառ կապույտ ֆոնի վրա։
Նա տեսավ մի կնոջ, որը դանդաղ քայլում էր դեպի պոսադան։
― Կետի՛,― գոռաց Մարվինը։ Քանզի եկողը նա էր։
― Որոնումը տևեց 43 վայրկյան, Հաստատուն աճի գործոնի առկայության ընթացքում,― նկատեց Վալդեզը։― Որոնումների տեսության էքսպերիմենտալ մի նոր ապացույց։
Սակայն Մարվինը չլսեց նրան, այլ սուրաց ու բազուկների մեջ առավ իր գնացած֊կորած սիրեցյալին։ Եվ Վալդեզը՝ վաղեմի խորամանկ բարեկամը և երկար արշավի լռակյաց ուղեկիցը, չոր ժպտաց ու մի նոր շիշ գինի պատվիրեց։
==Գլուխ 22==
Եվ ահա նրանք վերջապես միացան՝ աստղերի ու մոլորակների միջև ճամփորդելուց հոգնած Կետին, որին բերել էր Հայտնաբերման կետի մոգական ձգողությունը, և Մարվինը՝ ջահել, ուժեղ, արևակեզ, բարեհոգի դեմքին զուսպ, պայծառ ժպիտ, Մարվինը, որը երիտասարդական հանդգնությամբ ու ինքնավստահությամբ ընդունել էր ծեր ու խառնիճաղանջ տիեզերքի մարտահրավերը, կանգնած Կետիի կողքին՝ տարիքով իրենից փոքր, և սակայն անհամեմատ մեծ իր կանացի բնածին բնազդային իմաստությամբ, քնքուշ Կետին, որի չքնաղ մուգ աչքերի մեջ վաղուցվա վշտի արձագանք կար, սպասումի տխրության անորսալի ստվեր, տխրություն, որի մասին Մարվինը չգիտեր, այլ գիտեր միայն, որ ամբողջ սրտով անհաղթահարելիորեն տենչում է պաշտպանել ու փայփայել այդ արտաքուստ փխրուն աղջկան, որն ինչ֊որ գաղտնիք ուներ, որ չէր կարող հայտնել ու վերջապես եկել էր իր՝ Մարվինի մոտ, մարդու մոտ, որը ոչ մի գաղտնիք չուներ, որ կարողանար հայտնել։
Նրանց երջակնությունն անկատար էր և վսեմ։ Մարվինի քթի ռումբը տկտկում էր, հաշվելով ճակատագրի անողորմ վայրկյանները՝ նրանց սիրո պարի համար որպես ռիթմ ծառայելով։ Բայց մռայլ կանխորոշվածության զգացումը նարնց ճակատագրերին ստիպեց միանալ և նրանց հարաբերություններին նրբագեղ իմաստ հաղորդեց։
Մարվինը լուսաբացի ցողից ջրվեժներ էր ստեղծում Կետիի համար, իսկ կարկաչուն առվակի գույնզգույն խճաքարերից՝ վզնոց, զմրուխտներից ավելի գեղեցիկ, մարգարիտներից ավելի տխուր։ Կետին որսւոմէր Մարվինին մետաքսե մազերից հյուսված ցանցով, հետո քաշում նրան վար, վար, դեպի խորունկ լուռ ջրերը, մոռացությունիցէլ այն կողմ։ Մարվինը Կետիին ցույց էր տալիս սառած աստղերն ու հալած արևը, Կետին Մարվինին տալիս էր երկար, միահյուսված ստվերներն ու սև թավիշի հնչյունները։ Մարվինը ձեռքերը երկարում էր դեպի նա և շոշափում մամուռը, խոտը, դարավոր ծառերը, ծիածանագույն լեռները․ Կետիի մատները, վեր ձգվելով, կպչում էին հին մոլորակներին և արծաթավուն լուսնալույսին,գիսաստղերի փայլին ու արևների տարրալուծվող աղաղակին։
Նրանք խաղում էին խաղեր, որոնցում Մարվինը մեռնում էր, իսկ Կետիին՝ ծերանում, ի սեր այն բանի, որ նորից շռնդալից ուրախ վերածնվեն։ Սիրո միջոցով մասնատում էին ժամանակը, հետո կրկին միացնում֊դարձնում ավելի երկար, լավ, դանդաղ։ Խաղալիքներ էին հնարում սարերից, դաշտերից, հովիտներից։ Նրանց սրտերը փայլձլում էին ճոխ մորթների պես։
Նրանք սիրեկաններ էին և բացի սիրուց ոչինչ չէին ըմբռնում։ Բայց կային նրանց ատողներ։ Փտած ծառակոճղերը, անպտուղ արծիվները, հոտած ջրափոսերը, այս բոլորը զայրանում էին նրանց երջանկության վրա։ Եվ փոփոխությունների որոշ անհետաձգելիություններ հաշվի չէին առնում նրանց ցանկությունները, անտարբեր էին մարդկային մտադրությունների հանդեպ և շարունակում էին իրենց գործը՝ տիեզեքրը կործանելը։ Եզրակացությունները, որոնք չէին ուզում փոխվել, հլու հնազանդվում էին ոսկորների վրա փորած, արյան վրա գրված, մաշկի ներսի կողմում դաջված հինավուրց հրահանգներին։
Ռումբը պետք է պայթեր, գաղտնիքը պետք է մատնվեր։ Իսկ վախը ստեղծեց իմացություն, ապա տխրություն։
Եվ մի առավոտ Կետին անհետացավ, ասես չէր էլ եղել։
==Գլուխ 23==
Գնա՛ց։ Կետին գնա՛ց։ Մի՞թե կյանքը՝ այդ քարադեմք, բռի կատակաբանը, կրկին չար կատակներ է անում։
Մարվինը չէր ուզում հավատալ։ Նա խուզարկեց պոսադան, հետո համբերությամբ հետախուզեց գյուղը։ Ապարդյուն։ Մարվինն իր որոնումները շարունակեց մոտակա Սան Ռամոն դե լաս Տրիստեղաս քաղաքում․ նա հարցաքննում էր մատուցողուհիներին, հողատերերին, խանութպաններին, պոռնիկներին, ոստիկաններին, միջնորդներին, մուրացիկներին և ուրիշներին։ Հարցնում էր, թե արդյոք չե՞ն տեսել մի աղջկա՝ չքնաղ, ինչպես լուսաբացը, աննկարագրելի մազերով, անպատկերացնելի վերջավորություններով, դիմագծերով, որոնց գեղեցկության հետ կարող էր մրցել միայն դրանց իսկ համաչափությունը և այլն։ Եվ նրանք, ում հարցնում էր, տխուր պատասխանում էին․
― Ավա՜ղ, սինյոր, մենք տեսել չենք այդ կին, ոչ այժմ, ոչ էլ երևէ մեր կյանքում։
<references/>