Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 14 063 բայտ, 08:18, 18 Սեպտեմբերի 2013
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հին հավատք կամ հեթանոսական կրոնք |հեղինակ = [[Ղևոնդ Ալիշան]] |աղբյուր = «Հին հ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Հին հավատք կամ հեթանոսական կրոնք
|հեղինակ = [[Ղևոնդ Ալիշան]]
|աղբյուր = [[«Հին հավատք կամ հեթանոսական կրոնք»]]
}}
[[Category: Արձակ]]


==Հայոց հին հավատքը==

Որևէ ազգի քաղաքական և հոգևոր կյանքը (որ սովորաբար կոչում է պատմություն) լավ ճանաչելու համար անհրաժեշտաբար հարկավոր է իմանալ նաև նրա կրոնական իմացմունքն ու գործը, պարզ ասած հավատքը, մանավանդ այն ազգերինը, որոնք հիշվել են հնագույն ժամանակներում և կամ անցել են ժամանակի հետ, կամ դեռ կան ու մնում են։ Այս վերջիններիս թվում հայերի լինելը բոլորը գիտեն․ ինչպես այսօր, նմանապես և՛ նոր, և՛ միջին դարերում հայերի առկայությունը հայտնի է։ Նույնը՝ հին դարերում և իրադարություններում։

Բացառությամբ եբրայեցիների՝ մնացյալ բոլոր ազգերի կամ գրեթե բոլորի ծագումն ու կյանքի առաջին շրջանը կամ մթապատ են, կամ միգապատ։ Մեր խնդիրը այս մութն ու մեգը փարատելը չէ, հայ ազգի ծագումն ու զարգացումը հետազոտելը չէ,այլ նրա կրոնը, որը ինչպես և այլ ազգերինը, առավել դյուրին է ճանաչվում, քան քաղաքական կյանքը։ Եվ կարող ենք ասել, որ երբեմն քաղաքական կյանքի բոլորովին անծանոթ լինելու դեպքում իսկ պահպանված են լինում կրոնական հիշատակումներ։ Մեր օրերում էլ հին քանդակները, պատկերաքանդակները, տարատեսակ ձեռնակերտ գործերը հայտնի են դարձնում պատմության մեջ անծանոթ կամ սակավածանոթ ժողովուրդների էությունը և նրանց գործերից ավելի՝ կրոնը, իսկ հաճախ էլ՝ միայն այդ։

Հայերի նման հին և նոր և միշտ պատմական ազգի վաղեմի կրոնն էլ քննել կարողանալը նոր բան չէ։ Առավել կամ պակաս հմտությամբ այդ մասին շատ անգամ և շատերի կողմից է գրվել և հրատարակվել, ինչին անդրադառնալը ոչ շատ անհրաժեշտ էր մեզ և ոչ ախորժելի, որովհետև ընդհանրապես մոլար, սուտ և անշնորհք բաների պատկեր ու գիտություն են, բայց և այնպես կարող ենք մթությունից մի նոր լույս ծագեցնել։ Միտքը երբեք հոժար չէ հրաժարվել իմանալ այն, ինչ որ կարող է իմանալ իր նախնիների և հին հայրերի գիտեցածից։ Սակայն մեր նախնիների կրոնը նոր կամ նորից հիշելու և հիշեցնելու մեզ հորդորողը նոր գիտելիքն է, որ մեր օրերին ընծայում են գիտունները, իսկ գիտուններին էլ ընծայում են նորահայտ հիշատակարանները, բևեռագրերը, արձանագրությունները, քանդակները, գերեզմաններից և փլատակներից հանված պես֊պես անոթները, զենքերը, քարեղեն, հողեղեն և մետաղյա դիցաբանական պատկերները, մեծ ու փոքր զարդեղենը, գործիքները և այլն։

Ընթերցողը թերևս կարծի, թե վերոհիշյալի վերաբերյալ է մեր խոսքն ու խնդիրը, և թե այս նորահայտ բաներով ենք կամենում ճանաչելի դարձնել մեր նախնիկների հավատքը։ Ո՛չ, այդ թողնում ենք ժամանակիս հանխույզ իմաստուններին և իմաստակներին, որոնք մեզ համար հայտնաբերում են ոչ միայն հայոց նոր կրոններ ու նոր աստվածներ (և մանավանդ աստվածների գլխավոր, խաղտալուր մի Խալդի), այլ նոր կամ հին հայրեր, հին և անծանոթ հայեր, մանավանդ ոչ հայեր, այլ Հայաստան կոչված երկրում բնակվող հայերից հին ժողովուրդներ ու ազգեր և ասում են, թե նրանցից հետո Փրկչի թվականից ոչ շատ դարեր առաջ են եկել կամ բուսել մեր այժմյան հայերի նախնիները։ Ուրեմն նրանց թողնելով այս հույժ հետարարական ազգերի ու իրողությունների խնդիրը ավելի պարզելը և հայտնի դարձնելը մենք ցանկանում ենք մեր ազգային ավանդությունը սիրող կամ քննող բանասերների և մյոնսների հայար ըստ կարելվույն համառոտ, առանց շատ վերուվար թռչկոտելու և խորամուխ լինելու, ինչի համար ոչ թև ունենք, ոչ էլ հմտագույնների պահանջին բավարարող ուժ, մի այլ ձևով, պարզ ու հանրամատչելի կրկնել և ներկայացնել այն, ինչ գրել են մեր նախնիները և օտարազգիները, ինչը նյութական հիշատակարաններում ավանդված է հայոց կրոնի վերաբերյալ, և ինչը նշմարված է ու դեռ նշմարվում է հայերին բնորոշ ըմբռնումներում, ուղիղ և ծուռ հավատքում ու սովորույթներում։

Նախ կքննենք հայոց ընդհանուր կրոնի և Աստծո գաղափարը կամ ըմբռնումը և հետո՝ պես֊պես հավատալիքները կամ պաշտամունքը՝ բնության կամ տարերքների, աղթարքների, կենդաիների, հրեշենրի, դյուցազուն ոգիների, դիքերի, նաև մոգությունը, հմայությունը, գուշակությունը, հանդերձյալ կյանքի իմաստը, պաշտամունքները և պաշտամունքավարությունը։

==Կրոն, հավատք և պաշտամունք==

Մարդու սրտի կամ հոգու խորագույն իմացմունքը, թե կա գերագույն մի էակ, և ինքը կախում ունի նրանից, և թե կա հանդերձյալ մի կյանք, գրեթե ընդհանուր է ամեն ազգի և ժողովրդի, նաև անհատի համար։ Եվ այդ գերագույն էակը նրանց Աստվածն է, իսկ Աստծուն վերաբերող իմացմունքը և դրանով պայմանավորված վարքագիծը, երկրավորների հաղորդությունը երկնքին կամ ներկայիս հանդերձյալին կրոնն է, հավատքը, պաշտամունքը։ Վերջինս մի արտաքին նշանակ է, որով նյութականորեն և իրապես վկայություն է տրվում հավատացած էակին կամ էակներին, դա լինի գեարգույն Աստվածը թե չաստվածներն ու դիքերը կամ որևէ ոգի կամ նյութ։ Ինչպես պաշտամունքն է ծագում հավատքից (որովհետև եթե մեկը չհավատար մի բանի, նրա մասին չէր մտածի կամ նրան ոչինչ նյութական չէր նվիրի), այդպես էլ հավատքն է ծագում կրոնից։ Պետք է տարբերակել այդ երկուսը, որոնք սովորաբար նույնացվում են և կարող են միմյանցից որևէ կերպ անբաժան ասվել, բայց այնպես, ինչպես կառույցն է դիտվում հիմքի վրա հաստատված․ կրոնը հիմքն է, հավատքը՝ կառույցը։ Հեթանոսները (նաև հին հայերը) շատ բաների կամ դիքերի էին հավատում, իսկ քրիստոնյաները՝ այլևայլ բաների (օրինակ՝ Հավատամքի մեջ ասվածներին), բայց երկուսն էլ չէին ընդունի դրանք, եթե ներքին ճանաչողություն կամ մղում չունենային, որով հանձնառու դարձան հավատալ վերոհիշյալին։ Եվ այս էր կրոնի գերագույն և խորագույն իմաստը, որ տպավորվել է և ազդել է մարդկանց վրա։

Հայտնի է, որ թեև բոլոր ազգերը և անհատները գրեթե նույնակերպ են ըմբռնում կրոնն ու Աստծուն, բայց ինչպես ուրիշ բաներ, դրանք ևս տարբեր հնչումներով կամ անուններով են բացատրում։ Սակայն այդ անվանումները կամ բառերը կարող են իմացության աստիճանն էլ ավելացնել կամ այլայլել։ Եվ բանասերների կողմից ոչ սակավ հետաքրքրական է համարվել ըստ լեզուների քննել այդ բառերի ծագումն ու իասմտը և թափանցել դրանց մեջ։ Նրանց թողնելով նուրբ քննությունը՝ մենք համառոտ դիտարկենք մեր լեզվի բառերը, որոնք երկուսն էլ (հավատք և կրոնք) հոգնակի են ու թեև գործածվում են նաև եզակիի իմաստով, բայց իրենց իմաստից հեռանում են։ Հպանցիկ նշենք, որ հավատք բառը հնչումով և իմաստով նման կամ մոտ է լատիներենի ու նրանից ծագած լեզուների բառերին (Fides, Fede, Foi), որոնք եզակի են։ Սրանց էլ իրենցը թողնելով՝ եթե ուզեինք մենք մեր լեզվի բառը ստուգաբանել, արդյոք կարո՞ղ էին մոտեցնել հաւ արմատական բառին կամ հետևեցնել այդ արմատից, որ նշանակում է «սկիզբ, ծայր, հոր հայր»։ Բայց այս էլ թողնելով բանասերներին՝ անցնենք կրոնին՝ հպանցիկ հիշելով և այն, որ ինչպես մեր լեզվում հավատք նշանակում է նաև «դաշինք, այլոց հետ խոստմունք ու հաստատություն» հռոմեացիներն էլ ունեին ուխտի և դաշինքի մի չաստված՝ հավատքի անունով (Fidius)։

===Կրոն===

Մեր ունեցած այս անունը մեծապես և սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը; թերևս ավելի լավ, քան այլ լեզուները։ Լատիներենը (և նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը, ըստ նմանահունչ բայի հասարակ գործածության (Religo, կապեմ), ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել»․ համարիր՝ մարդկանց՝ Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանց իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապենք, քան կրոնն է, չկա։ Գեղեցիկ է այս համապատասխանությունը, բայց սկզբնական չէ, այլ ծագել է մի նախնական իմաստից․ այսինքն՝ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետևում է նրա և նրան հավատացողների կապը։ Իսկ մեր կրոն բառը ցույց չի տալիս նախագույն մի իմաստի հետևելը, այլ դրսևորում է ինքնություն կամ ինքնաբերություն։

Ունենք հին, անանուն հեղինակի հավաքած բառգիրք (ուր կան շատ հին ու ընտիր բառեր, որոնք դեռ չեն գործածվել որևէ մեկի շարադրանքում), որի մեջ կրոն բառը ստուգաբանվում է ամանկարճ, բայց ամենալի իմաստով․ «Կրօնք՝ Կիև և Հաւանութիւն»։ Այսչափ է բացատրությունը։ Ով գրաբար հայերենը փոքր֊ինչ գիտի, գիտի նաև, որ կիր֊ը կրել֊ի արմատն է, և ինչպես կրոնք֊ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում ու ասվում է կիրք։ Ամենքն էլ գիտեն՝ ինչ ասել է կիրք, թեև գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին ու բուռն ինքնաբեր զգացումը և կիրք են կոչել այն, և քանի որ այս անունով են իմացվում նաև այլևայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ, կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը։ Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին և հզորագույն կիրքը, նրա վերոհիշյալ խորագույն տպավորությունը, գերագույն էակից կապվածությունը և նրա հանդեպ ունեցած պարտավորությունը կամ իր ծագումը ճանաչելու միջոցը։