Changes
|վերնագիր = Հին հավատք կամ հեթանոսական կրոնք
|հեղինակ = [[Ղևոնդ Ալիշան]]
|աղբյուր = [[«Հին հավատք կամ հեթանոսական կրոնք»կրոնք հայոց»]]
}}
[[Category: Արձակ]]
Որևէ ազգի քաղաքական և հոգևոր կյանքը (որ սովորաբար կոչում է պատմություն) լավ ճանաչելու համար անհրաժեշտաբար հարկավոր է իմանալ նաև նրա կրոնական իմացմունքն ու գործը, պարզ ասած հավատքը, մանավանդ այն ազգերինը, որոնք հիշվել են հնագույն ժամանակներում և կամ անցել են ժամանակի հետ, կամ դեռ կան ու մնում են։ Այս վերջիններիս թվում հայերի լինելը բոլորը գիտեն․ ինչպես այսօր, նմանապես և՛ նոր, և՛ միջին դարերում հայերի առկայությունը հայտնի է։ Նույնը՝ հին դարերում և իրադարություններում։
Նախ կքննենք հայոց ընդհանուր կրոնի և Աստծո գաղափարը կամ ըմբռնումը և հետո՝ պես֊պես հավատալիքները կամ պաշտամունքը՝ բնության կամ տարերքների, աղթարքների, կենդաիների, հրեշենրի, դյուցազուն ոգիների, դիքերի, նաև մոգությունը, հմայությունը, գուշակությունը, հանդերձյալ կյանքի իմաստը, պաշտամունքները և պաշտամունքավարությունը։
Մարդու սրտի կամ հոգու խորագույն իմացմունքը, թե կա գերագույն մի էակ, և ինքը կախում ունի նրանից, և թե կա հանդերձյալ մի կյանք, գրեթե ընդհանուր է ամեն ազգի և ժողովրդի, նաև անհատի համար։ Եվ այդ գերագույն էակը նրանց Աստվածն է, իսկ Աստծուն վերաբերող իմացմունքը և դրանով պայմանավորված վարքագիծը, երկրավորների հաղորդությունը երկնքին կամ ներկայիս հանդերձյալին կրոնն է, հավատքը, պաշտամունքը։ Վերջինս մի արտաքին նշանակ է, որով նյութականորեն և իրապես վկայություն է տրվում հավատացած էակին կամ էակներին, դա լինի գեարգույն Աստվածը թե չաստվածներն ու դիքերը կամ որևէ ոգի կամ նյութ։ Ինչպես պաշտամունքն է ծագում հավատքից (որովհետև եթե մեկը չհավատար մի բանի, նրա մասին չէր մտածի կամ նրան ոչինչ նյութական չէր նվիրի), այդպես էլ հավատքն է ծագում կրոնից։ Պետք է տարբերակել այդ երկուսը, որոնք սովորաբար նույնացվում են և կարող են միմյանցից որևէ կերպ անբաժան ասվել, բայց այնպես, ինչպես կառույցն է դիտվում հիմքի վրա հաստատված․ կրոնը հիմքն է, հավատքը՝ կառույցը։ Հեթանոսները (նաև հին հայերը) շատ բաների կամ դիքերի էին հավատում, իսկ քրիստոնյաները՝ այլևայլ բաների (օրինակ՝ Հավատամքի մեջ ասվածներին), բայց երկուսն էլ չէին ընդունի դրանք, եթե ներքին ճանաչողություն կամ մղում չունենային, որով հանձնառու դարձան հավատալ վերոհիշյալին։ Եվ այս էր կրոնի գերագույն և խորագույն իմաստը, որ տպավորվել է և ազդել է մարդկանց վրա։
Հայտնի է, որ թեև բոլոր ազգերը և անհատները գրեթե նույնակերպ են ըմբռնում կրոնն ու Աստծուն, բայց ինչպես ուրիշ բաներ, դրանք ևս տարբեր հնչումներով կամ անուններով են բացատրում։ Սակայն այդ անվանումները կամ բառերը կարող են իմացության աստիճանն էլ ավելացնել կամ այլայլել։ Եվ բանասերների կողմից ոչ սակավ հետաքրքրական է համարվել ըստ լեզուների քննել այդ բառերի ծագումն ու իասմտը և թափանցել դրանց մեջ։ Նրանց թողնելով նուրբ քննությունը՝ մենք համառոտ դիտարկենք մեր լեզվի բառերը, որոնք երկուսն էլ (հավատք և կրոնք) հոգնակի են ու թեև գործածվում են նաև եզակիի իմաստով, բայց իրենց իմաստից հեռանում են։ Հպանցիկ նշենք, որ հավատք բառը հնչումով և իմաստով նման կամ մոտ է լատիներենի ու նրանից ծագած լեզուների բառերին (Fides, Fede, Foi), որոնք եզակի են։ Սրանց էլ իրենցը թողնելով՝ եթե ուզեինք մենք մեր լեզվի բառը ստուգաբանել, արդյոք կարո՞ղ էին մոտեցնել հաւ արմատական բառին կամ հետևեցնել այդ արմատից, որ նշանակում է «սկիզբ, ծայր, հոր հայր»։ Բայց այս էլ թողնելով բանասերներին՝ անցնենք կրոնին՝ հպանցիկ հիշելով և այն, որ ինչպես մեր լեզվում հավատք նշանակում է նաև «դաշինք, այլոց հետ խոստմունք ու հաստատություն» հռոմեացիներն էլ ունեին ուխտի և դաշինքի մի չաստված՝ հավատքի անունով (Fidius)։
Մեր ունեցած այս անունը մեծապես և սքանչելիորեն է բացահայտում իր իմաստը; թերևս ավելի լավ, քան այլ լեզուները։ Լատիներենը (և նրա զավակները) կրոնը անվանում է Religio, որը, ըստ նմանահունչ բայի հասարակ գործածության (Religo, կապեմ), ստուգաբանվում է «կապ, կապել, կապվել»․ համարիր՝ մարդկանց՝ Աստծու կամ երկնքի հետ, մանավանդ մարդկանց իրար հետ, քանզի մարդկության համար առավել զորավոր կապենք, քան կրոնն է, չկա։ Գեղեցիկ է այս համապատասխանությունը, բայց սկզբնական չէ, այլ ծագել է մի նախնական իմաստից․ այսինքն՝ ենթադրվում է, թե կա հավատալի մի բան, որից հետևում է նրա և նրան հավատացողների կապը։ Իսկ մեր կրոն բառը ցույց չի տալիս նախագույն մի իմաստի հետևելը, այլ դրսևորում է ինքնություն կամ ինքնաբերություն։
Ունենք հին, անանուն հեղինակի հավաքած բառգիրք (ուր կան շատ հին ու ընտիր բառեր, որոնք դեռ չեն գործածվել որևէ մեկի շարադրանքում), որի մեջ կրոն բառը ստուգաբանվում է ամանկարճ, բայց ամենալի իմաստով․ «Կրօնք՝ Կիև և Հաւանութիւն»։ Այսչափ է բացատրությունը։ Ով գրաբար հայերենը փոքր֊ինչ գիտի, գիտի նաև, որ կիր֊ը կրել֊ի արմատն է, և ինչպես կրոնք֊ն է հաճախ հոգնակի գործածվում, այդպես էլ սա գրվում ու ասվում է կիրք։ Ամենքն էլ գիտեն՝ ինչ ասել է կիրք, թեև գուցե տարբեր կերպով են ճանաչել ներքին ու բուռն ինքնաբեր զգացումը և կիրք են կոչել այն, և քանի որ այս անունով են իմացվում նաև այլևայլ հոգեկան զորություններ կամ զգացումներ, կրոնք անունը վերապահվել է հավատի զգացողությանը։ Ասել կուզի, որ հավատն է բանական մարդու առաջին և հզորագույն կիրքը, նրա վերոհիշյալ խորագույն տպավորությունը, գերագույն էակից կապվածությունը և նրա հանդեպ ունեցած պարտավորությունը կամ իր ծագումը ճանաչելու միջոցը։
Ստուգաբանողը վայելչորեն կիրք֊ին հարակցում է հավանություն֊ը՝ որպես հոգու այդպիսի կրքի անընդմեջ կամ անհրաժեշտ հետևանք՝ մտքի հավանություն, որն է (ինչպես առաջ ասացինք) հավատքը։ Եվ ըստ այսմ՝ այդ անունն էլ կարող է ավելի շուտ հավանություն֊ից ծագած համարվել, քան սկիզբ (հաւ) բառից,կամ երկուսից միաժամանակ։
Իր նշանակությամբ այս բառը, արդարև, շատ գեղեցրի, փիլիսոփայական և նույնիսկ սրբազան գյուտ ու հարմարություն է։ Եվ ազգի կամ լեզվի համար մեծ պարծանք կարող է համարվել, որ այսպիսի կամ սրան համազոր նշանակություն կորղ բառ ունի կամ հարմարեցրել է այդպիսին և իր գերագույն սկիզբն ու վախճանը իր էության խորքից զգալով՝ կրոնք է անվանել՝ ի տարբերություն նրանք, որ Քրոնոսի՝ անծար ժամանակի հետ են կապում ամենայնի, նաև չաստվածների սկիզբը։ Բայց այս ասելիս մտաբերվում են հույների՝ այդ նրբամիտ ու գիտունագույն ազգի, և մերձավոր եգիպտացի ու հնդիկ գիտունների հիշատակությունները։ Եվ հարցնում ենք ինքներս մեզ՝ արդյոք ազգային եռանդն է ընծայել՝ այս խոր ու քաջիմաստ բառը մեզ՝ հայերիս, որ, ինչպես համարում էին, Ասիայի թանձր ժողովուրդներից մեկն էին, չունեին ո՛չ հին դպրություն և ո՛չ մեհենական մնացվածք, և որոնց իմաստասիրությունը շատ ավելի նվազ էր, քան նախորդներինը։ Ինչպես որ է, բայց ո՞վ կհամարձակվի ասել, թե հիշյալ և նման այլ հին ազգերի մեջ հստակագույն կամ նահապետական աստվածապաշտությունը առկա է եղել առավել վաղ, քան Հայաստանում։ Մեր երկրի դիրքը, ազգային ու հին պատմությունները, ըստ մեր դատման, վկայում են, որ աստվածապաշտությունը պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն պետք է եղած լինի մեր նախահայրերի հավատքը, և դրա հաստատումն է կրոնի անունն ու իմաստը։ Այս ասելով՝ մեծ և նոր բան ասող չենք դառնում, որովհետև ողջամիտների համար ընդունելի է, որ ճշմարիտ Աստծու ճանաչումն ունեին հին ազգերի նահապետական կամ հայերի հնության չափը, քանզի հայերի վաղեմիությանը չի վերաբերում այստեղ մեր խնդիրը, այլ նրանց աստվածապաշտության վաղեմիությանը և նարնց առաջին կրոնը լինելուն, որից հետագայում ուրիշ ազգերի նման խոտորվելով՝ մոլորվեցին և ընկան հիշյալ աղանդների մեջ, ինչի մասին պիտի գրենք։ Անհրաժեշտ էր, ուրեմն, նախ հիշել աստվածապաշտությունը կամ նահապետական կրոնը՝ առանց հարկ համարելու բացատրել այն, որովհետև բոլոր հին ժողովուրդների աստվածապաշտությունը նույնանման է, քանի դեռ թյուրությունը չի մտել նրանց մեջ։ Իսկ երբ խոտորվում են, իրարից հեռանում են հավատով ու պաշտամունքով, արդեն անհրաժեշտ է դառնում ազգերից յուրաքնաչյուրի համար կատարել առանձնակի քննություն։
Դա չսկսած՝ հիշենք կրոն֊ին և հավատք֊ին իմաստով նման կամ մերձավոր ևս մի անուն, որ կա մեր լեզվում՝ դավանանք֊ը։ Սա էլ է հոգնակի, թեև ասվում է նաև դավանություն։ Բառի իմաստը բացահայտում է աստիճանաբար ծագելը կամ հետևելը հավատքից, ինչպես վերջինս՝ կրոնից։ Սա առաջին զգացումն էր՝ կիրքը, որի մտավոր կերպավորումն ու հայտնությունը դարձավ հավատքը, իսկ հավատքի բառային բացատրությունը՝ դավանանքը։ Չենք ուզում քննել բառիս քերականական այլևայլ իմաստները կամ առավելապես քրիստոնեական կրոնի մեջ գործածվելը։ Ինչպես էլ լինի, այս բառը ևս մեզ շատ հին է թվում, և բառի վերջին մասը թողնելու դեպքում առաջինը հուշում է զուգորդություն հնդիկների ու արիացիների տևաս, տևադաս բառերին, ինչպես գուցե նաև ազգակցությունը դև, դից, բառերի հետ։ Սա ևս թողնելով գիտությունների քննությանը՝ հարևանցի հիշենք պարսիկներից եկած դեն (թուրքերեն՝ տին) և քեշ կամ կեշտ կրոնանիշ բառերը ևս։ Հիշենք նաև աղանդ բառը, որ նշանակում է «սովորականից դուրս և մոլար դավանանք ու վարդապետություն» թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական կրոններում։ Գուցեև ի սկզբանե ուղիղ կամ ընդունված հավատք էլ էր նշանակում, եթե աղանդ բառի առաջին ու գլխավոր մասը՝ աղ, համարենք նույնասկիզբ աղոթք, աղերս, աղաչանք, նաև աղու, աղավնի և այլ բառերին, որոնք բոլորն էլ մի «անուշ» իմաստ են ընծայում։ Սրանից հետո հիշենք նաև պաշտամունք բառը, որը, ըստ իմաստի, հաջորդում է հավատք֊ին, և որի մտավոր արտահայտությունն է դավանանքը, իսկ զգալին ու նյութականը՝ պաշտամունքը, ինչի վերաբերյալ հարկ կլինի խոսել հավատքներից յուրաքանչյուրի բացատրությունից հետո։ Բառի ծագումնաբանությունը մտել է փակուղի (պաշտ առանձին բառ չենք գտնում), և մեզ թվում է՝ պարսիկներից է մտել մեր աշխարհ կամ հայոց հասարակ բարբառից է անցել նարնց։ Գուցե ծագել է նրանց պհիեշտ բառից, ինչը արքայության պես մի բան է նշանակում, որից էլ՝ Արտիպիհեշտ հրեշտակապետի անունը, որ նշանակում է «վեհագույն»։ Գուցեև արժանի համարվի նկատելու մեր լեզվում պա վանկով հարգական իմաստ ստացող բառերի կազմությունը․ պատարագ, պատրուճակ, պատիվ, պաղատանք, պագանել, պատշաճ և այլն։ Այս երկբայելի և ոչ շատ կարևոր բառերի քննությունը հանձնելով երկայնամիտներին՝ անդրադառնանք ամենակարևորին, որն է Աստված։
==Աստված==
Մեր լեզվի ընդահնուր կազմությանը քիչ թե շատ իրազեկներին Աստված բառը զարմանալի և անհարմար է թվում իր նշանակածի համար։ Եվ սակայն այդ ո՞ր լեզվի ո՞ր բառն է, որ բարոյապես կարող է հարմարվել նրան, ում ամենամոտից տեսնողն իսկ (Մովսեսը) չկարողացավ բառ պատշաճեցնել և հարցրեց Նրան ու լսեց․ «Ես եմ, Որ էն»։ Մեր լեզվի առումով անհարմար ասածս այն է, որ բառի ած վերջավորությունը սովորաբար ոչ «ներգործող», այլ «ներգործյալ» է նշանակում, ինչպես՝ ասված, շինված, հաստված և այլն։ Թեև կան բառեր, որոնք առավել իսկական նշանակություն ունեն, քան ածանցյալը, կամ թե՛ ներգործական են, թե՛ կրավորական, ինչպես՝ կազմած, ազդված։ Քերականական կազմության պես նշանավոր է նաև վերոհիշյալ անվան՝ հայերի սեփականություն լինելը։ Եթե սեմական ազգերը իրար նման հնչումով Նրան կոչում են Էլ, Ելոհիմ, Ալլահ, հնդիկները, արիացիները, հռոմեացիները, հույները՝ Տևա, Տեուս, Թեոս, Զևս, պարսիկները՝ Խյուտա, որի նմանությամբ՝ գերմանացիները և վերջիններիս մերձավորները՝ Գոթ կակ Կոթ (Gott, God), Կոտ, սկյութները, սլավոնները՝ Բոգ, որից էլ գուցե՝ պարթևական բագին֊ը, ապա հայերս այսպիսի անուն չէ, որ տվել ենք «Որ էն»֊ին, և ոչ էլ օտարներն են մերոնց անվանածով անվանել (գոնե մերձաբնակներն ու ժամանանակիցները)։ Ըստ այսմ՝ շատ հետաքրքրական է Աստուած բառի ստուգաբանությունը, որը ինչ֊ինչ կերպով ջանացել են մեկնել մեր ազգակիցները և օտարները։ Ոմանք պարզապես համարել են, որ անունը այդպես պիտի չհնչի, այլ Ազդուած, ինչը հայտնի նշանակություն ունի և շատ վայելուչ ու հարմար է «կրոն» իմաստին։ Կան անձինք, որ այդպիսի հնչմամաբ էլ արտաբերում են։ Արդարև, շատ իմաստասիրական և ընտիր գյուտ, եթե ստույգ լիներ, կամ ած մասնիկը չլիներ, և ապա ու մասնիկը բացակայեր, որովհետև ազդ֊ը և ազդու֊ն ավելի են հզոր կամ ներգործող հասկացվում, քան ազդված֊ը։
Սովորաբար մերոնք ստուգաբանել են իբրև «մեր ճշմարիտ հավատքի հաստատող»՝ Լուսավորիչից առնելով բացատրությունը (Ագաթանգեղոսի կամ նրա թարգմանչի գրչությամբ), թե նշանակում է «աստ ածող» կամ «արարածներ ստեղծող»։ Ստույգ այդպիսին է Աստված, բայց այս մտքով Նրան անվանելը և երբ անվանելը անստույգ է։ Ըստ վերջինի՝ պարզամտաբար ասել են, թե Ադամը այսպես անվանեց և այսպես ավանդեց։ Բայց Ադամի լեզվի վերաբերյալ այսօրինակ կարծիքին կասկածելով են մոտենում, որին հարմարում է անկարծելի (ծիծաղելի) մեկի՝ օձի մի վկայությունը, որ «ասաց Եւվայի, թե՝ զի՞ է զի ասաց Արարիչն՝ որ Աստ էած զձեզ․ և զԱստ էածն՝ Աստուած արարին»։ Այսպես է ավանդում հարց ու պատասխանը՝ գրված 1366 թվին։ Այս միտումով են գրել նաև մեր միջնադարի բավականին ընտիր հեղինակները․ Գրիգոր Սկևռացին գրում է․ «Ըստ որում յ`աստիս ածման [կոչի] Աստուած․ և ի տիրելոյ ամենայնի՝ Տէր»․ Բարսեղ Մաշկևորցին գրում է․ «Աստուած անունն՝ ստեղծագործութեան և էացուցանելոյ է անուն»։ Մեկ այլ մեկնաբան գրում է․ «Աստուածն՝ տեսող ոչ ցուցանէ՝ այլ յ`աստ ածող»։ Սա այս խոսքով հայտնում է, որ չի ընդունում մեկ այլ կարծիք, ինչպես հին բառգրքում, որ ասում է․ «Աստուած ի տեսումն ածող, կամ Երանգ լուսոյ»(՞)։
Ոմանք էլ առաջին իմաստին մոտ են համարում ոչ թե աստ ածող, այլ հաստատող և հաստատված լինելը․ ինչպես հայտնի բանասեր Էմինն է գրել (Վարդան պատմիչի ռուսերեն թարգմանության ծանոթագրության մեջ), հաստված բառից է՝ իբրև անփոփոխ հաստատություն։ Նա գրել էր, թե Մովսեսը Աստծու ասածը «հասկացեալ՝ հաւատաց զի Աստուած է նա, որով է է, զի աստ ածող է»։ Օտար հայագետներից մեկն էլ (ֆրանսիացի Ville - fort) ր քառալեզվյան բառարանում, ինչ֊որ ձևով Աստուած֊ը և Ազդուած֊ը զուգորդելով, բացատրում է լատիներեն՝ Effiaciter producens։ Մեկ այլ, տարբերվող ստուգանանություն ենք գտնում ս․ Եվստաթեոսի վկայաբանության մեջ (իհարկե, ըստ թարգմանչի մտքի)․ «Աստուած՝ Աւծումն (Օծում) թարգմանի, ըստ ընդարձակութեան լեզուին Գամրաց»։ Այսինքն՝ կապադովկիացիների լեզվով է֊ն Աստուած էր կոչվում և «օծում» էր նշանակում։ Բայց վկայաբանության ուրիշ հին օրինակներում (12֊րդ դար) գրում են ոչ թե աւծումն, այլ ածումն և խոսքն էլ ուղղում են ոչ Աստծուն, այլ Եվային։
Թողնելով մեր այս լեզվական ստուգաբանության ջանքը՝ փորձնեք նման անուն փնտրել օտարների մոտ։ Հայագետ և արևելագետ ֆրանսիացիներից ոմանք, ինչպես հայտնի Լազարյանների առաջնորդ Է․ Բոռեն (Eugene Bore), մեծ գիտնական Սասին (Sacy) ու Դյուբոն (Dubeux), վերջերս, գիտենալով հայոց և պարսից թե՛ լեզվի և թե՛ կրոնների (երբեմնի) մերձավորությունը, համարեց, որ Աստված բառը կրկնությունն է «աստված» և «զոհեր» նշանակող Եզտ բառի, ինչը մեզ մոտ փոխված է Հազդ֊ի<ref>Եղել է նաև հատուկ անուն, ինչպես՝ Վարդանանց օրերի նահատակ Հազդ Սյունին։</ref> որպես Եզտան֊Եզտ կամ Աստուաստ։ Բավականին հարմար է, բայց մեզ ավլեի հին է երևում մեր Աստված անունը, քան պարսիկների և Զրադաշտի քեշը։ Այս զանդիկ աղանդի վեհազունների մեջ հիշվում է մահվան հրեշտակի Աստովիտոդուս անունը, ինչը թարգմանվում է «ոսկորներ բաժանող»։ Իսկ նրանց հիշած Գուատադա֊ն (սանսկրիտում՝ Սուատադա֊ն) հնչմամբ և իմաստով առավել մերձավոր է Աստված անվանը և «ինքնատուր» նշանակելով՝ հեռու չէ Որ Էն կոչումից։ Կ․ Պոլսի մեր բանասերներին ծանոթ Մորտդման հնասեր գերմանացին, ջանալով մեկնաբանել ոչ շատ տարիներ առաջ Փռյուգիայում (Փոքր Ասիա) հայտանբերված հին արձանագրությունները, գրել է, թե նրանց մեջ գտել ու կարդացել է Աստուադ կամ Աստուած բառը՝ մեր հայերեն անվան նշանակությամբ։ Հերոդոտոսի օրերից ի վեր նշվել է և շատ նշաններով էլ հավանական է եղել փռյուգիացիների և հայերի մերձազգությունն ու փոխգաղթը, սակայն շատ տարակուսելի են Մորտդմանի ընթերցվածքները և բևեռագրերի նրա ընթերցումները։
Անցյալ դարասկզբին հռչակված հոլանդացի հայագետ Լակրոզը (Lacroze) մարերի Աստիագես ('Бтфиьгзт, ըստ մեզ՝ Աժդահակ) թագավորի անունը նույնն էր համարում, ինչ հայերի Աստված անունը՝ նշելով, թե հին ժամանակներում ծ տառը հույների з տառի հնչումն ուներ, որը շատ փաստերով ցույց է տվել իր հայերեն բառգրքի առաջաբանի մեջ։ Մենք այս բառագիրքը չենք տեսել։
Գուցե մեր Աստուած անվանը վերոհիշյալից առավել առնչություն ունի հնդկական
Աստուատթա֊ն, որ գերագույն մի բան է նշանակում՝ արմատը երկնքում, գլխիվայր աստվածային ծառ, որից կյանքն է բխում, որ ինքն իսկ Բրահման է, և շատ այլ բան, շատ այլ առասպել։ Բայց եթե հարկ համարվի մեր Աստված անունը օտարի հետ զուգադրել, սա և մեկ այլ հնդկական անուն՝ Սուատադ֊ը, թվում են ընտրելագույն, ինչը և թողնում ենք գիտունների քննությանը կամ հերքումին։ Նմանապես և Ասդվատ֊ը, որ Ավեստայի լեզվում նշանակում է «էական» և աստվածավայել է։
Որպես ասվածի մի ակնարկ՝ հիշենք գուցեև պատահական նմանությունը հին կելտերի Դուեց (Duez) բառին (եթե այսպես հնչի), որը նմանապես նշանակում է «Աստված»։ Բառիս առջևի պակաս մասը՝ աս, հետամուտները կարող են գտնել Եվրոպայի հյուսիսային ազգերի՝ սկանդինավցիների մոտ․ այդ փոքրիկ ձայնը նշանակում է աստվածային բաներ կամ անձեր, ինչպես և Ասկերտ ու Ասբուրգ անունները՝ աստվածների բնակարան (ըստ մեզ՝ դիցավան)։ Այս անունով քաղաքը Ազովի ծովի հյուսիսային կողմում էր։ Նրանց լեզվում աս կամ անց նշանակում էր «հաստատության սյուն»։ Այդպես էին կոչում նաև իրենց քահանայական և զինվորական դասի գլխավորներին։ Նրանց մերձավորների՝ լաբոնացիների գերագույն աստծու անունն էր Ացի (Atzhi), ինչպես հունգարացիները՝ Իսդեն։ Եթե փոքր֊ինչ կամ մանավանդ շատ հեռանանք կամ թափառենք երկրիս երկու ծայրերում, Օս աստվածային անունը կլսենք հին եգիպտացիների ղպտի սերունդների մեջ, Ադուա֊ն՝ Պոլինեզիայի օվկիանապատ կղզիների բարբարոսների բերանում։
Սակայն մեր դեգերումները թող բավարար համարվեն, իսկ հետևանքը կամ ընտրությունը մնա ընթերցողների հաճությանը։ Նախ մեր հավանությունը հայտնենք, որ մեր ազգի նման հին է իր գերագույն ճանաչած է֊ի Աստված անունը, և ապա նշենք, որ օտարների մեջ էլ են լսվում մերձավոր հնչում ունեցող անուններ, որոնք թերևս սրան ավելի են մերձակից, քան Դեուս կամ Զևս անուններին։
Իբրև պատմական, միաժամանակ և մասամբ ճշմարիտ՝ մի ավանդություն էլ չմոռանանք։ Նորերս արևելասեր գիտնականների հետաքրքրության մեծ կետ էլ դարձել է Վանա ծովի ոլորտն ու շուրջբոլորը, մանավանդ իր հարուստ բևեռաձև արձանագրությունների և գետնի տակից հանված մեհենական անոթների, զենքերի և կայքի պատճառով։ Ծովի հարավարևելյան կողմից շատ հեռու չեն Հայկա բերդ անվանված կիսավերը և դեռ բնակիչներ ունեցող Աստվածաշեն գյուղը։ Այդ կողմերի իրադարձությունների ավանդապահը հիմա պետք է լիներ Աղթամար ծովի գոհարը՝ կղզին ու աթոռը։ Արդ, սրա դիվանատան կամ մայր կոնդակի մեջ գրված է հնուց, թե «ազդեցութեամբն Աստուծոյ շինեցին [Հայկեանք] զմեծ բլույրն՝ անառիկ բերդ ի յահե թշնամեաց․․․ Եվ յետ նորա (Հայկին―Ղ․Ա․) ի զարմիցն՝ մնացին ի բերդն Աստուածաշինայ»։ Երկու անգամ հիշված բերդը նույնն է՝ հիմա Հայկի անունով կոչվածը, որի անունով նա և յուրայինները գյուղն անվանեցին Աստվածաշեն։ Այստեղ մեր խնդիրը ո՛չ այս ավանդության պատմական ստույգությանն է վերաբերում և ո՛չ Հայկին ու նրա հնությանը։ Ով և ինչ ժամանակում էլ լինի, Աստվածաշեն անունը նրա հնամենիության նշանն է։ Քրիստոնեական դարերում այսպիսի անուն չէր կարող դրվել, և սա Աստված անվան հնագույն պահպանված հիշատակարան է։
Հին հայոց կրոնի (ինչպես և նորի) առաջին անունը ճանաչելուց հետո առավել փափագելի էր ճանաչել իրեն, այսինքն՝ այն գաղափարը կամ պատկերացումը, որ ունեին հին հայերը իրենց Աստված կոչած գերագույն էակի վերաբերյալ։ Այս կարևոր խնդրի առումով չենք կարող մի բան ասել, որովհետև հեթանոսական հայ գրվածք կամ հիշատակ մեզ ամենևին հայտնի չէ։ Բայց եթե Հայկի և շենի մասին վերոհիշյալ ավանդությունից գուշակենք, աստված բառը տալիս է արիական կամ արեսական, այսինքն՝ պատերազմի և քաջության գաղափար, որովհետև կոնդակն ավելացնում է, թե երկնքից Հայկին երազով էին ցույց տրվում աղեղն ու նետը, ինչը և շինել է նա ու դրանցով հալածել թշնամուն<ref>Այս ավանդության մասին կարող ենք ուրիշ բան էլ ավելացնել, երբ Հայկի վերաբերյալ առանձին խոսենք։</ref>։ Դարձյալ Աստծո ներշնչանքով է շինում անառիկ բերդը և արժանավայել երախտագիությամբ կամ պարտականությամբ իր Աստծու անունով է կոչում իր ձեռակերտը։
Բաբելոնի և Նինվեի քանդակների մեջ շատ կա նրանց Ասուր չաստվածի պատկերը՝ նույն և նման կերպարանքով։ Բայց մեկ ոչ նման քանդակ էլ գտնվել է կոտրած կոթողի վրա (գտնվում է Բրիտանական թանգարանում), որ մի կիսաբոլորի մեջ աղեղը ձեռքին Աստված կամ երկնավոր է։ Մի՞թե հար և հարմար չէ սա Հայկի տեսլիքին։
Ազգի գերագույն էակի հետ ծանոթանալը գրեթե անմիջապես պահանջում է նաև արարչագործության գաղափարը, որի վերաբերյալ ևս հին կամ հեթանոսական հիշատակ բնավ չունենք։ Եվ վերջին դարերի նորահնար առասպել ենք համարում Աննիոսի պատմաշ զրույցը Բերոսոսի մասին, ինչը՝ որպես մի պարզ դիպված, հիշենք։
Աննիոսը կամ Նանի Ջիանին 15֊րդ դարի վիտերբիացի դոմինիկյան խորագետ բանասեր կրոնավոր էր։ Այն ժամանակ միաբանող անվանված հայազգի դոմինիկյան կրոնավորներ կային նաև Նախիջևան գավառում, որտեղից շատ անգամ էին գալիս Հռոմ և իտալական այլ քաղաքներ։ Աննիոսը Ջենովայի դոմինիկյանների մեծավորն էր, երբ նրա վանքը եկան երկու հայ միաբաններ, որոնց գլխավորը հ․ Մատաթիան էր։ Աննիոսը ասում է, որ սրանցից առել է կորուսյալ ու փափագելի պատմիչների շատ հին, հատուկտոր գրվածքներ, որոնցից էր և Բերոսոսի կորուսյալ պատմագրությունը։ Մատյանում ասվում էր, թե հին հայկազունները իրենց գերագույն Աստված ճանաչում էին Նոյին, որ Երկինքն է, և Արետիա (մի՞թե Արարատ) անվամբ նրա կնոջը՝ Երկրին, որը, երկնքից սերմանված, ծնվել կամ գոյավորել է բոլոր արարածներին։ Աննիոսի բոլոր պատմական հին գրվածքները, այս և այսպիսիներն էլ ներառյալ, մի ժամանակ ընդունելի ու հավատալի էլի շատերի համար, իսկ այժմ՝ բնավ ոչ։Մեզ համար ևս ավելորդ է քննել կամ հիշել քննողների կարծիքը, թե ով է հնարել դրանք, որչափ է Աննիոսը մեղադրելի կամ ոչ, խաբվա՞ծ է, թե՞ խաբող։ Բայց եթե այս արարչագործության հիշատակումը կարող է ծագել մեկ այլ համացեղ համարված փռյուգիացիների մեջ ևս կար ոչ շատ տարբերվող մի ավանդություն։ Իբր ի սկզբանե կար աղտը անկերպարանք մի նյութ՝ քարի, ապառաժի նման, որ ձևացնում էր մի լայնատարած ցամաք։ Միհրը կամ Արեգակը բեղմանվորեց այն, և ծնվեց Դիորփոսը։ Հույները առասպելաբանում էին, որ սա իր մոր դեմ էր կռվի ելել (մայրը Երկիրն էր), ինչի պատճառով փոխակերպվել էր քարաժայռի։ Այս և սրա նման իրադարձությունների համար ստիպված ենք մեր պատմահոր՝ Խորենացու հետ շատ անգամ բացականչել․ «Արդարեւ՜ առասպել և առասպելաց առասպել»։
Աստվածաշենի և Հայկի երազի վերոհիշյալ ավանդության համեմատ՝ մեր բարեմիտ պատմիչները կարծում են, թե Հայկը ստույգ աստվածապաշտ էր և գրեթե կրոնական եռանդով հակառակվեց Բելին․ «Ոչ միայն զի [դու] չես աստուած, այլ շուն դու և երամակ շանց, որ զկնի քո տողեալ սահին»,― ասել է նա Բելին՝ ըստ Թովմա Արծրունու։ Վարդանն իր պատմագրության մեջ առավել վստահությամբ է ասում, թե Հայկը «ոչ պաշտեաց զնա աստուած», իսկ Լուսավորիչին վերաբերող իր ներբողում ավելի համարձակ ասում է, թե Աստված Հայկին հրամայել է հակառակվել կռապաշտությանը, և «ոչ պաշտեաց ընդ եօթանասուն և մի նահապետս երկրի՝ զպատկերն Բելայ, այլ խրախուսեալ յԱստուած սատակեաց զնոյն ինքն զկենդանին զառաջնորդն պատկերապաշտութեան»։ Եթե, արդարև, Հայկը Հաբեթի թոռան թոռն էր, նրա աստվածապաշտությունը հավանական էր, ինչպես հավանական և ստույգ էլ է, որ մինչև նահապետների մի քանի սերունդ ցեղերը և մինչ Աբրահամի ժամանակը տեղ֊տեղ ուղիղ աստվածապաշտություն կար, ինչը վկայում է Ս․ գիրքը։ Եթե Հայաստանը թատերաբեմն էր կամ մոտ էր այն թատերաբեմին, ուր կատարվեցին Ս․ գրքի պատմած առաջին դեպքերը ջրհեղեղից առաջ և հետո, Նոյի ո՛ր որդու սերնդին էլ վիճակված լիներ, նրա նահապետական հավատքը անշուշտ պահվել էր։ Բայց մինչև ե՞րբ։ Սա դժվար կամ անկարելի է ստուգել։ Մեր Վանական վարդապետը (որի աշակերտն էր Վարդան պատմիչը) իր երկրի (Հայոց Աղվանքի) Վահրամ իշխանի բերանով հարցնում է, թե կռապաշտության ծագումից հետո «քանի՞ տարով յետեւ Հայք ի կռապաշտությիւն մտին», և պատասխանում է․ «Հարյուր»։ Իսկ կռապաշտությունը ե՞րբ մտավ աշխարհ։ Վարդանը նախորդում իմացրեց, թե նախ Բելը մտցրեց կռապաշտությունը՝ իր պատկերը պաշտել տալ ուզելով։ Ոմանք էլ Սեմի ցեղից Աբրահամի հորը կամ պապին են համարում դրա պատճառը։ Բայց սրանք մեր համար ավելորդ խնդիրներ են։ Հարկ է, որ բոլոր ազգերի համար ամենադժնդակ ժանտախտը՝ սուտ հավատքը, ուշ կամ շուտ հայերի մեջ էլ ճարակված համարենք և քննենք նախ հնագույն համարված աղանդները, ապա՝ հատկապես կռապաշտությունը։
Եվ որչա՜փ պժգալի է ողջախոհ քրիստոնյայի համար, թողնելով ստույգ աստվածապաշտության հիշատակները, դառնալ իր հնացած և մոռացված նախնիների ցնորքին, ախտերին, կրքերին ու տգիտությանը և ստեղծած կամ ենթադրած սնոտիքը փնտրել։ Սակայն գոնե նրանց փոխարեն մենք՝ ուղղահավատ, բախտավոր որդիներս, մի անգամ ևս երկրպագություն և գոհություն մատուցենք մեզ լուսավորող ու փրկող Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն։
=Բնապաշտություն=
1. Լեռներ և քարեր
<br>2. Կրակ
<br>3. Ջուր
<br>4. Օդեղեն նյութեր և երևույթներ
<br>5. Բուսեղեններ և ծառապաշտություն
Ճշմարտության ուղիղ ճանապարհից խոտորվողը կարող է այլևայլ կողմեր գնալ ու գնում է և դիմացը ինչ հանդիպի, դրա համեմատ էլ կշարժվի։ Ավելորդ է, ուրեմն, հարցնել, թե այս կամ այն ազգը, շիտակ ճանապարհը թողած, նապ որ ծուռ ճանապարհով է գնացել։ Սակայն թե՛ հին և թե՛ դեռ մնացող բարբարոսների մեջ երևում է, որ անձնավոր էակից և իրենց նմաններից կամ ոչ նմաններից առաջ անկենդան բնության մասերին են ընածյել հավատք ու պաշտամունք։ Թեև դա թանձրամտության բերմունք է, է՛լ ավելի ցավալի զարմանք է, որ գրեթե բնապաշտ կամ նյութահավատ են նաև մեր լուսավոր ժամանակի ոչ քիչ հանրագիտուններ ու կարծեցյալ իմաստուններ, երբ աշխարհիս ու մարդու ստեղծումը չեն ընդունում ըստ Ս․ գրքի ավանդության։ Եվ որքան էլ խորշեն այսպիսի անունից, թեև ոչ կրոնով ու ոչ պաշտամունքով, սակայն ինչ֊որ ձևով հավատք են մատուցում բնությանը՝ այն տարբերությամբ, որ սրանք իբր բնությունը տարրալուծելով են հասնում դրա նոսր հանգամանքներին, մինչդեռ հները բնության մեծությունը միայն թանձրությամբ էին ըմբռնում։ Եվ պե՛տք է այսպես լիներ, որովհետև բնության գաղտնիքները քիչ էին ճանաչված, և աստվածապաշտությունը, այսինքն՝ պաշտամունքը, մասամբ կատարվում էր բնության մեջ, երբ ոչ տաճարներ կային, ոչ բագիններ, և ոչ էլ հնարվել էին պաշտամունքի այլևայլ գործիքները։ Այդ ժամանակ երկրի որևէ մասը դառնում էր պաշտամունքի ու աղոթքի վայր, երկինքը՝ նրա համապարփակ ձեղունը, ճյուղատարած մի ծառ՝ հովանի, կոշտ մի ժայռ՝ սեղանը, բույսերն ու երբեմն էլ կենդանիները՝ նվեր ու զոհ։ Այն ժամանակ այդ անչափելի ձեղունի արեգակնափայլ պայծառությունը կամ աստղազարդ ցոլցոլմունքը, երկրի բյուրակերպ տեսարանները՝ իրենց բարձրությամբ (լեռներ), խորությամբ (ձորեր) և հարթությամբ (դաշտեր), սրանց ծաղկածիծաղ ու կանաչազարդ երեսը, բույսերի ու տնկիների տված զվարթությունն ու վայելքը, գետնի վրա հաղթահասակ ծառերի աշտարակաձև բարձրանալը, նրանցից անհամեմատ բարձր լեռների կոնաձև կամ խոժոռ երևույթը, մանավանդ այն ժամանակ վերջիններիս ներքին հնոցը դեռ վառ լինելու պատճառով հրաբխային ժայթմունքը՝ որոտմունքով ու սաստիկ սասանմունքով, և տեղ֊տեղ ջրերի ծովածավայլ տարածմունքը, տեղ֊տեղ հանդարտ ընթացքը, տեղ֊տեղ էլ անընդհատ ու անհատնում շփոթեցնող շառաչյունով, բրդանման փրփուրներով վիժելը, սահել֊թավալելը՝ սրանք և այսպիսիները ողջախոհ մարդկանց միտքն էլ, սիրտն էլ զմայլումով, ապշությամբ, վախով ու պատկառանքով բարձրացնում էին առ Աստված՝ ճանաչելով որպես տիեզերքի և իրենց ստեղծող և տնօրեն։ Եվ ձայնակցում էին բնության անխոս լեզվին՝ նրան օրհնելու, նրան պաշտելու համար։
Իսկ երբ նրանց կիրքը, ախտերը, հակառակությունը, բռնությունը ապականեցին բարքերը, ծուլությամբ ու անփությությամբ հանդերձ մթագնեցին միտքը, պաղեցրին սիրտը, մարդը, որ մի ժամանակ իրրենից վեր միայն Աստված էր ճանաչում և իրեն էլ բնությունից վեր գիտեր, իջավ ավելի, քան բնությունը։ Բնությունից աստվածազդեցիկ գեղեցկություն, վեհություն, ջերմություն զգալու փոխարեն մարդը սկսեց մի կողմից՝ երկյուղ զգալ, մյուս կողմից՝ իր կյանքի ապրուստը այնտեղից հայթայթելու պատճառով ավելի շատ պատկառել, պատվել ու պաշտել այն, ինչը իրեն օգուտ, վախ կամ զարմանք էր ներշնչում։ Եվ իր հավատքը միայն Աստծուն վերընծայելու փոխարեն, կրքերի այլայլությամբ կրոնը ևս այլայլելով, այդ արարածներին համարեց նախ Աստծու տեսանելի պատկերներ, հետո՝ աստվածային և ապա՝ մինչև իսկ աստված։ Եվ այսպես՝ խանգարված սիրտն ու տխմար միտքը ներառան կամ ընդունեցին բնապաշտությունը, որ անվանում է նաև նյութապաշտություն և տարրապաշտություն։
Իմացությունից հայտնի է, որ կրոնի շարժառիթը երկու գլխավոր կրքերն են՝ սերը և վախը, ինչպես և հիմա ճշմարիտ կրոնին հետևողներին կոչում ենք աստվածասեր և աստվածավախ կամ երկյուղած։
Ճշմարիտ կրոնի առաջին տարրը է և պետք է լինի սերը։ Մոլորության նախադաս է երևում վախը։ Եվ ինչպես փոքրերի մեջ, որոնք վախենում են որևէ այլանդակ կամ մեծ բանից, վելի զորավոր է երևում ա՛յս կիրքը, այդպես էլ փոքրամիտ մարդկանց համար նրանց շրջապատի բնության մեծամեծ և զորեղ մասերն են վախ ազդելով դառնում պատկառելի ու պաշտելի։
Առանց հեռու գնալու՝ պատկերացնենք մեր հին հայկազուններին Երասխի դաշտում՝ դեպի արևելք դարձած, ձախ կողմից 1000, աջ կողմից 13000 ոտնաչափ բարձրությամբ (իրական ծովի մակերևույթից 16000 ոտնաչափ բարձր) լեռներին հանդիման, որոնցից մեկը նրանց նահապետները կոչեցին Արագած, մյուսը՝ Մասիս։ Տափարակ գետնից վերջինս այնքան անասելի և անհամեմատ գեղեցկությամբ, քան մնացած լեռները, վեր համբառնալը առ այսօր ամենքին է հիացնում՝ թե՛ տգետին և թե՛ գիտունին, եվրոպացուն էլ, ասիացուն էլ, ո՛ր կրոնի հետևորդ էլ նա լինի։ Ի՜նչ պիտի զգար, ի՜նչ պիտի աներ Հայկից մի քանի սերունդ հետնածին այդ հայկազունը՝ երկու լեռների միջև կանգնած։ Մանավանդ երբ (ինչպես ենթադրվում է) 3000-4000 տարի առաջ նրանց գագաթները անշարժ ու ճերմակ չէին, այլ վերևից ու կողքերից շարժուն կարմիր էլ էր երևում ու փայլփլում գոնե ծխի կամ ընդհատ բոցի ձևով և երբեմն հրեղեն շնչով որոտում ու հառաչում էր։ Մի՞թե հնագույն նահապետների ժամանակ ավելի ստեպ և սաստիկ չէին այս հրաբուխների ներգործությունը և երևույթը։ Այո՛, բայց նրանք Աստծուն ճանաչում էին՝ որպես բնության միջոցով ներգործողի, այսինքն՝ դա բնության ներգործումն էր։ Կամ առանց առաջին պատճառը քննելու սրան էին ընծայում իրենց վախն էլ, պատկառանքն էլ։ Եվ այսպես բնապաշտ ու մասնավորապես լեռնապաշտ էին դառնում, ինչը տարածուն է գրեթե բոլորհին ազգերի մեջ, և մինչև հիմա եթե ոչ պաշտամունքի, եթե ոչ հավատքի, ապա գոնե պատկառանքի զգացողություն էր ունենում մարդը այսպիսի երկրանյութ հսկաների առջև։
Շատերի համար դժվար է ըմբռնել, թե ինչպես և երբ միաստվածապաշտ ողջամիտ հայը դարձավ մոլարաղանդ։ Եվ ոչ թե անաստված՝ ըստ բառի բուն իմաստի, այլ թյուրաստված։ Այս ցավալի ու ամաչելի երևույթում դյուրությամբ կհամոզվենք աստվածընտիր հերական ազգի՝ Ս․ գրքի անտարակուսելի պատմությամբ։ Եգիպտոսից ելնելուց մինչև նրանց գերությունը և ինքնավարությունը կորցնելը՝ 1000 և ավելի տարիների ընթացքում, նրանց հաճախ ենք տեսնում մեկ կռապաշտությանը և մեկ Աստծուն դառնալիս, հետո՝ դարձյալ ու շուտով իրենց շրջապատող ազգերի անշնորհք պաշտամունքներին հարելիս։
Չզարմանանք, եթե մեր նախնիներն էլ, որ ոչ միայն շրջապատված էին այլևայլ ազգերով ու կորններով, այլև իրենց վաճառականության ոգով ելումուտ ունեին մոտ ու հեռավոր ազգերի մեջ, ընդունել են նաև այլազան կրոնների պաշտամունքները ևս, թեև ոչ ամենքը և ոչ երկրի բոլոր կողմերում։
Սկզբի համար հարկ համարեցինք այս խորհրդածությունները անել, որպեսզի հետո հիշատակելի այլևայլ հավատքների պատճառն ու մուտքը հարկ չլինի մանրամասն քննել կամ կրկնել։
Հիմա դառնանք այնտեղ, որտեղ թողեցինք մեր հին, բնապաշտ հային՝ իր լեռների առջև։ Բայց այն էլ հիշենք, որ թեև այս կամ այն հավատքը և պաշտամունքը միևնույն անունով են կոչվում, սակայն ամեն ազգ նույն կերպով ու պարագաներով չէր հավատում։ Եվ ինչպես հիմա թե՛ քրիստոնեության ու թե՛ օտար կրոնների մեջ կան զանազան աղանդներ, դավանանքներ, ծեսեր, այդպես էլ հին ազգերի մեջ էր։
==Լեռներ ու քարեր==
Եվ քանզի նախ լեռներին եկավ մեր խոսքը, այն առաջ տանելով՝ հիշենք նաև հետևյալը։ Հայի հոգին վերուվարում էր ոչ միայն Մասիսի ու Արագածի, այլև իր երկրի, եթե կարելի է ասել, անթիվ լեռների տեսքից, որոնց վրա նորագույն քննությունները հայտնաբերեցին բազում շիջյալ ու ոչ իսպառ շիջյալ հրաբուխներ մանավանդ վերոհիշյալ երկու լեռների երկու կողմերի (հյուսիս և հարավ) երկու մեծ լճերի կամ ծովակների եզերքում։ Գեղամա (Սևանա) ծովը գրեթե բոլոր կողմերից պատված է այդպիսի ցամաքած հրաբաժակ լեռներով։ Բզնունյաց կամ Աղթամար (Վանա) ծովն իր մոտ և քիչ հեռու ունի Գրգուռն ու Ներբրովթը (Նամրուտ), մեծագույն և դեռ անհանդարտ Թոնդրակը (Բայազետի Թանտուրիկը), ինչպես նաև ծովեզերքի հյուսիսարևմտյան կողմին գրեթե կից բարձրագագաթ երկրորդ Մասիքը (Սիփան կամ Սուպհան լեռը)։ Վերոհիշյալ պատճառներից զատ կամ ավելի՝ Արարատյան բարձր Մասիսը ոչ միայն բարձրությամբ է գերազանց հայոց բոլոր լեռներից, այլև գերազանցում է թերևս երկրագնդի բոլոր լեռներին ջրհեղեղի, նոյյան տապանի ու նրա հետևանքների հիշատակով։ Այս կարծիքը որքան էլ ավելի կամ պակաս հավանական է և ոչ իսկ ստույգ, ոչ միայն հին ժամանակներում, այլև այժմ այն ջնջելն ու մոռանալը նույնքան հնարավոր է, որքան հնարավոր է Մասիսի ձյունեղեն գագաթը վար առնել կամ ձգել իր ահեղորեն պատռված կողի մեջ։ Եթե լոկ ավանդություն լինի ս․ Հակոբ հայրապետի փորձը ելնելու Արարատ լեռան գագաթ՝ փնտրելու տապանի մնացորդները, կամ Տրդատի՝ լեռան կողմից ութ վիթխարի քարեր շալակելը և բերել֊դնելը իր աննման կվակից կույսի (Հռիփսիմեի) հաղթական տաճարի հիմքում, ապա անտարակույս է ոչ միայն տեղաբնիկ, այլև օտար ու հեռու աշխարհների քրիստոնյաների ուխտագնացությունը Մասիս։ Ուրեմն ինչո՞ւ զարմանանք, որ Մասիսը Ազատ անունով պատվական և սրբազան ճանաչվեց հին հայերի կողմից և առասպելվեց մեր Արտաշես Բ թագավորի շատ անգամ հիշատակված անեծքում՝ ուղղված իր առաջնեկին (Արտավազդին)․
<br>«Դու յորս Հեծցիս յԱզատ ի վեր ի Մասիս․
<br>Զքեզ կալցին Քաջք, տարցին յԱզատ ի վեր ի Մասիս,
<br>Անդ կացցես, և զլոյս մի տեսցես»։
<references/>