Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 24 935 բայտ, 16:35, 23 Սեպտեմբերի 2013
/* Գլուխ 23 */
― Է՛հ, Մարվին, տղա՛ս, բժիշկները նայեցին մաշկիս վրայի այս ցանին և ասացին, որ համավարակ իմպետիգո ունեմ։ Ինձ տասներկու ժամ տվեցին, որից հետո հավաքում եմ իմ չիփերը և սեղանի մոտ տեղ եմ բացում ուրիշ խաղացողի համար<ref>Խոսքը գնում է «փոկեր» թղթախաղի մասին։</ref>։ Բայց այդ վերջին տասներկու ժամում կուզեի, որ․․․
 
Ոչ մի արդյունք։ Վալդեզը փորձեց ընկերոջ վրա գյուղացիական փիլիսոփայությամբ ազդել․
 
― Ամենաիմաստուն մարդիկ հասարակ գյուղացիներն են։ Գիտե՞ս, թե ինչ են ասում նրանք։ Նրանց ասում են, որ կոտրված դանակից լավ ձեռնափայտ դուրս չի գա։ Պետք է միտքդ պահես այդ բանը, Մարվին․․․
 
Սակայն մտացրիվ Մարվինը մտքում չպահեց այդ բանը։ Վալդեզը դիմեց Հիպերստրասիական էթիկային, ըստ Տիմոմախեական ձեռագրերի։
 
― Ուրեմն, դու քեզ վիրավորված ես համարում, այնպես չէ՞։ Բայց հաշվի առ․ մարդու անձը սրբազան է ու եզակի և արտաքին ազդեցությունների ենթակա չէ։ Հետևաբար, Վիրավորվում է միայն Վերքը և դա, լինելով Անձի համար կողմնակի և ընկալումից դուրս, Ցավի համար պատճառ չի հանդիսանում։
 
Այդ փաստարկն էլ չազդեց Մարվինի վրա։ Վալդեզն անցավ հոգեբանության։
 
― Սիրեցյալի կորուստն, ըստ Սթայնմետցերի, կղկղանքային Ես֊ի կորստյան ծիսային կրկնությունն Է։ Հետևաբար, որքան էլ զվարճալի է, երբ մեզ թվում է, թե սգում ենք հեռացած սիրելիին, իրականում ողբում ենք մեր կղկղանքների անդառնալի կորուստը։
 
Բայց դա էլ չհանեց Մարվինին խոր թմրությունից։ Բոլոր մարդկային արժեքներից նրա մելամաղձոտ խորթացումը, թվում է, անդառնալի էր։Այդ տպավորությունն ուժեղացավ, երբ մի գեղեցիկ օր նրա քթի օղը դադարեց տկտկալ։ Դա ամենևին էլ ռումբ չէր եղել, պարզապես Մարդուք Կրասի ընտրողները զգուշացրել էին նրան։ Եվ այսպիսով, Մարվինին այլևս գլուխը կորցնելու անմիջական վտանգ չէր սպառնում։ Բայց նույնիսկ բախտի այդ փայլատակումը չբարձրացրեց նրա գորշ ռոբոտային տրամադրությունը։ Շատ անտարբեր, Մարվինն իր փրկության փաստն ընդունեց այնպես, ինչպես մի ուրիշը կվերաբերվեր ամպի ետևից արևի դուրս գալուն։
 
Ոչ մի բան չէր ազդում նրա վրա։ Եվ նույնիսկ համբերատար Վալդեզն ի վերջո ստիպված էր նշել․
 
― Մարվին, ա՛յ թե հաստագլուխն ես։
 
Մարվինը շարունակում էր տխրել։ Եվ Վալդեզին ու Սան Ռամոյի բարեսիրտ բնակիչներին թվում էր, որ այդ մարդն այլևս կորած է։
 
Եվ սակայն, որքան քիչ գիտենք մարդկային բանականության շրջադարձողների մասին։ Քանզի հաջորդ իսկ օրը, հակառակ բոլոր սպասումների, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը վերջապես Մարվինին հանեց թմրությունից և անսպասելիորեն լայն բացեցտրտմության դարպասները, որոնց ետևում նա թաքնվել էր։
 
Ընդամենը մի իրադարձություն (թեև իր հերթին այդ իրադարձությունը հետևանքայն կապերի մի նոր շղթայի սկիզբը հանդիսացավ, տիեզերական անհաշիվ դրամաներից մեկի առաջին պատկերը)։
 
Բավական անհեթեթորեն, ամեն ինչ սկսվեց ժամը հարցնելու։
 
==Գլուխ 24==
 
Դեպքը տեղի ունեցավ Պլացա դե լոս Մուերտոսի հյուսիսային մասում, երեկոյան զբոսանքից քիչ անց, թռչունների առավոտյան երգեցողությունից ուղիղ տասնհինգ րոպե առաջ։ մարվինն իր սովորության համաձայն քայլում էր․ նա անցավ Ժոզե Գրիմուչիոյի արձանի կողքով, հասավ տասնհինգերորդ դարում կառուցված անագե ցանկապարիսպին, որտեղ շարք֊շարք նստած էին կոշիկ մաքրողները, և դիմեց դեպի մռայլ փոքրիկ զբոսայգու արևելյան մասում ծվարած Սան Բրիոսկի շատրվանը։ Նա արդեն հասել էր Միսբեգոթենի դամբարանին, երբ մի մարդ հայտնվեց ճամփին և տիրականորեն բարձրացրեց ձեռքը։
 
― Հազար ներողություն,― ասաց մարդը։― Ձեր միայնության այս կամայական ընդհատումն ինձ ցավ է պատճառում, իսկ ձեզ, գուցե, վիրավորանք, և այնուհանդերձ պարտավորված եմ հարցնել, թե արդյոք պատահաբար չէի՞ք կարող ինձ ասել ճշգրիտ ժամը։
 
Բավական անվնաս խնդրանք․․․ անվնաս արտաքուստ։ Մինչդեռ այդ մարդու տեսքն առանձնահատուկ երանգ էր հաղորդում նրա առօրեական խոսքերին։ Նա միջահասակ էր ու նվազամարմին, հանոճ բեղերով՝ այդպիսի բեղեր կարելի էր տեսնել Գրիերի «Մորքավիո Ռեդոնդո արքա» դիմանկարում։ Հագուստը ծվեն֊ծվեն էր եղած, բայց շատ մաքուր էր և խնամքով արդուկված, իսկ ճաքճքված կոշիկները փայլեցված էին։ Աջ ցուցամատին նախշազարդ կնիքով ծանր մատանի կար։ Նա հրամայելու սովոր մարդու սառն, արծվային աչքեր ուներ։
 
Ժամանակի մասին նրա հարցը զարմանք չէր առաջացնի, եթե չլիներ հրապարակի մեծ ժամացույցը, որն ամենաշատը երեք րոպե էր սխալվում։
 
Նայելով կոճի ժամացույցին, Մարվինն իրեն միշտ հատուկ քաղաքավարությամբ պատասխանեց, որ մեկն անց է հինգ րոպե։
 
― Շնորհակալ եմ, սըր, դուք ինձ մեծապես պարտավորեցրիք,― ասաց մարդը։― Արդեն անց հի՞նգ։ Ժամանակը խժռում է մեզ՝ թշվառ մահկանացուներիս, միայն մի դառը հուշ թողնելով։
 
Մարվինը գլխով արեց․
 
― Եվ այդուհանդերձ այդ աննկարագրելի ու անորսալի, չնչին քանակությունը,― ասաց նա,― որ կոչվում է ժամանակ, մեր միակ իսկական հարստությունն է։
 
Մարդը գլխով արեց, ասես Մարվինը մի խորիմաստ բան էր ասել, այլ ոչ թե պարզապես ծեծված քաղաքավարական պատասխան տվել։ Նա խոր գլուխ տվեց (այնպես, ինչպես կանեին առաջներում, այլ ոչ թե մեր պլեբեյական ժամանակներում)։ Այդ շարժումն անելիս հավասարակշռությունը կորցրեց և կընկներ, եթե Մարվինը ամուր չբռներ ու ոտքի չկանգնեցներ նրան։
 
― Մեծապես շնորհակալ եմ,― ասաց օտարականը, մի պահ անգամ ինքնատիրապետումը <ref>Բառախաղ է։ Անգլերեն poiso բառը միաժամանակ նշանակում է և՛ ինքնատիրապետում և՛ հավասարակշռություն։</ref> չկորցնելով։― Դուք լավ եք բռնում և՛ մարդկանց, և՛ ժամանակը։
 
Այդ ասելով նա կտրուկ շրջվեց և գնաց֊խառնվեց ամբոխին։
 
Մարվինը, թեթևակի շփոթված, նայում էր, թե ինչպես է անծանոը հեռանում։ Ինչ֊որ բան այդ մադրու մեջ ճիշտ չէր թվում։ Գուցե բեղերը՝ բացահայտորեն կեղծ, կամ մատիտով թավացրած հոնքերը, կամ ձախ այտի արհեստական գորտնուկը․ կամ գուցե պատճառը կոշիկներն էին, որոնք երեք մատնաչափ ավելացրել էին անծանոթի հասակը, կամ թիկնոցը, որ կոչված էր լայնացնելու բնականից նեղ ուսերը։ Ինչևէ, Մարվինը տարակուսած էր, բայց չէր շտապում կասկածել, քանզի այդ մարդու սնապարծության ետևում ուրախ ու ամուր ոգի էր նշմարվում, որն անհնար էր մթագնել<ref>Կրկին բառախաղ․ discount բառը միաժամանակ նշանակում է մթագնել և հաշվի չառնել։</ref>։
 
Մարվինն այդ մասին էր խորհում, երբ պատահաբար հայացք նետեց իր աջ ձեռքին։ Ավելի մոտիկից նայելով, ափի մեջ մի թղթի կտոր գտավ։ Թուղթն, անտարակույս, ձեռի մեջ ինչ֊որ մեկի օգնությամբ էր հայտնվել։ Մարվինը հասկացավ, որ թիկնոցավոր օտարականը հավանաբար սայթաքելիս թուղթն իր ափի մեջ էր խցկել (այժմ, իհարկե, պարզ էր՝ ոչ թե սայթաքելիս, այլ ձևացնելիս, որ սայթաքում է)։
 
Այդ փաստը միանգամայն այլ լույսի տակ ցույց տվեց հենց նոր տեղի ունեցած իրադարձությունը։ Թեթևակի կնճռոտվելով, Մարվինը բացեց թուղթը և կարդաց․
 
«Եթե պարոնը հաճի լսել մի բան, որ հետաքրքիր է ու օգտակար թե՛ իր և թե՛ տիեզերքի համար, մի բան, որի կարևորությունը թե՛ անմիջապես ներկայում և թե՛ հեռավոր ապագայում հանարվոր չէ մանրամասն շարադրել սույն երկտողում ակներև ու խիստ հիմնավոր պատճառներով, սակայն յուր ժամանակին կպատմվի հետաքրքրությունների ու բարոյական պատկերացումների ընդհանրությունների պայմաններում, այդ դեպքում թող պարոնը ժամը իննին հաճի գալ Կախաղան հանվածի պանդոկը, թող նստի ձախակողմյան անկյունի սեղանի մոտ՝ զույգ էմբրոշյուների կողքին, կոճկամերում սպիտակ կոկոն վարդ ունենա, իսկ աջ ձեռքում՝ Diario de Celsus ամսագրի (քառաստղային հրատարակություն) մի օրինակ, և թող աջ ձեռքի ճկույթով կտկտացնի սեղանին, առանց որոշակի ռիթմի։
 
Եթե կատարեքն այդ հրահանգները, մեկը կմոտենա ձեզ և կհայտնի այն, ինչ մենք համոզված ենք, դուք կուզեիք լսել։
 
Ձեր լավը կամեցող»։
 
Մարվինը երկար խորհեց երկտողի գաղտնի իմաստի մասին։ Նա զգում էր, որ փոխկապակցված կյանքերի և պրոբլեմների մի խումբ, մինչ այդ իրեն անծանոթ, կտրել է իր ճանապարհը։
 
Բայց հիմա եկել էր ընտրելու պահը։ Ուզո՞ւմ էր արդյոք ինքը խառնվել ինչ֊որ դավադրությունների, որքան էլ բազմախոստում լինեին։ Ավելի լավ չէ՞ր հեռու մնալ և միայնակ ուղի հարթել մետաֆորային դեֆերմացիաների այդ աշխարհում։
 
Գուցե․․․ այնուհանդերձ, պատահարը հետաքրքրել էր Մարվինին և խոստանում էր շեղել մտքերը, օգնել, որ մոռանա Կետիի կորստյան ցավը։ (Գործողությունն ամոքում է, մինչդեռ հայեցողությունն ի վերջո վերածվում է ամենաուղղակի մասնակցության, ուստի մարդիկ խուսափում են այդ երկրորդից)։
 
Մարվինը հետևեց խորհրդավոր անծանոթի հրահանգներին։ Գնեց մի օրինակ Diario de Celsus (քառաստղային հրատարակություն) և կոճկամերում սպիտակ կոկոն վարդ ամրացրեց։ Ուղիղ ժամը իննին գնաց Կախաղան հանվածի պանդոկը և նստեց հեռավոր ձախակողմյան անկյունի սեղանի մոտ, զույգ էմբրոշյուրների կողքին։ Նրա սիրտն արագ խփում էր և դա այնքան էլ տհաճ չէր։
 
==Գլուխ 25==
 
Կախաղան հանվածի պանդոկը կոպիտ ու հասարակ, սակայն ուրախ տեղ էր։ Հաճախորդները մեծ մասամբ ցածր խավերի բարեհոգի ներկայացուցիչներ էին։ Հաղթանդամ ձկնավաճառները բղավելով խմիչք էին պատվիրում, ինչ֊որ ագիտատորներ տաքացած գոռգոռում էին՝ հայհոյելով պետությանը, իսկ ւոժեղ, մկանուտ դարբիններն աղմուկով լռեցնում էին նրանց։ Հսկայական բուխարինում խորովվում էր վեցոտանի կոկորդոսիանը, կողքը կանգնած խոհարան ախորժելիորեն ճրթճրթացող մսի վրա մեղրաջուր էր լցնում։ Մի ջութակահար բարձրացել էր սեղանին և ժիգա<ref>Հինավուրց անգլիական պար։</ref> էր նվագում։ Նրա փայտե ոտքը կրկներգի հետ ուրախ տակտ էր խփում։ Կոպերը թանկարժեք քարերով զարդարած ինչ֊որ պոռնիկ ինանքխղճահարված հեկեկում էր անկոյւնում՝ հարբածի առատ արտասունքեր թափելով։
 
Օծանելիքի հոտ արձակող մի շքեղ հագնված դենդի<ref>Ազնվատոհմիկ պորան, նաև պճնամոլ։</ref> մետաքսե թաշկինակով սրբեք քիթը և արհամարհանքով մետաղադրամ նետեց պարան քաշող ըմբիշներին։ Ձախ կողմի ընդհանուր սեղանի մոտ ինչ֊որ կոշիկ մաքրող ուզեց պնակից մի կտոր ոսկրոտ միս վերցնել, երբ ռիիսմանի դաշույնը ծակեց֊մեխեց նրա ձեռքը սեղանաին։ Ռիիսմանի այդ սխրանքը սեղանակիցներն ընդունեցին հրճվանքով։
 
― Բարի ողջուն, սըր, ի՞նչ կկամենայիք խմել։
 
Մարվինը գլուխը բարձրացրեց և մի կարմրաթուշ ու լայնակուրծք մատուցողուհի տեսավ, որը սպասում էր պատվերի։
 
― Մեղրաջուր, և դա բավ կլինի,― կամաց ասաց Մարվինը։
 
― Անմիջապես կբերեմ,― պատասխանեց աղջիկը։ Նա կռացավ, որպեսզի գուլպայի կապիչն ուղղի և շշնջաց Մարվինին․
 
― Ազնվազարմ սըր, զգոն եղեք այս պանդոկում, որը ճշմարիտն ասած ձեզ նման երիտասարդ ջենտլմենին այնքան էլ վայել տեղ չէ։
 
― Շնորհակալ եմ զգուշացման համար,― պատասխանեց Մարվինը։― Սակայն եթե բանը հասնի անախորժությունների, հուսով եմ հոխորտանք չի լինի, թե ասեմ, որ այնքան էլ չեմ խեղճանա։
 
― Ա՜խ, դուք չգիտեք, թե ում հետ գործ ունեք,― ասաց աղջիկը և հապճեպ հեռացավ, քանզի մի հաղթահասակ պարոն, ամբողջովին սև հագած, մոտեցել էր Մարվինի սեղանին։
 
― Ամենակարողի քաղցր ու արյունոտ վերքե՛րը վկա, չեմ հասկանում, այս ի՞նչ է տեղի ունենում,― բղավեց անծանոթը։
 
Լռություն տիրեց պանդոկում։ Մարվինն անվրդով նայեց անծանոթին, նրա հզոր կրծքավանդակին ու անսովոր հաղթ թիկունքին և միանգամից ճանաչեց «Սև Դենիսին», ինչպես նրան անվանում էին մարդիկ։ Եվ հիշեց, որ նա հայտնի կռվազան է, գլխից ձեռք քաշած մեկը, հռչակավոր ջարդարար ու թալանչի։
 
Մարվինը ձևացրեց, թե չի նկատում քրտնահոտ արձակող այդ նոր հարևանին։ Նա մի հովհար վերցրեց ու մեղմ թափահարեց քթի մոտ։
 
Պանդոկում հավաքվածները միանգամից աշխուժացան։ Սև Դենիսը կես քայլ առաջ եկավ։ Նրա թևի մկանները երկունքի մեջ գտնվող կոբրայի պես ցնցվեցին, երբ ձեռքը տարավ սուսերի երկարավուն կոթին։
 
― Զույգ աչքերով կուրանամ, թե սո՛ւտ եմ ասում,― գոռաց Սև Դենիսը,― իձն թվում է մեր մեջ մի մարդ կա, որը շատ է նման թագավորական լրտեսի։
 
Մարվինը ենթադրեց, որ նա ուզում է կռիվ հրահրել։ Ուստի չլսելու տվեց կծու դիտողությունը և սկսեց խարտոցիկով եղունգները փայլեցնել։
 
― Թող ինձ մեջտեղից կիսեն ու մեջքիս շուրջը աղիքներիցս գոտի՛ սարքեն, եթե սխալվում եմ,― գոչեց Սև Դենիսը,― ինձ թվում է, որ ոմն այսպես կոչված ջենտլմեն հեչ էլ տենտլմեն չի, քանի որ չի լսում, երբ մի ուրիշ ջենտլմեն է խոսում իր հետ։ Բայց գուցե ողորմած պարոնը խուլ է, այդ դեպքում ես դա կպարզեմ նրա ձախ ականջն ուսումնասիրելով․․․ տանը, երբ ազատ ժամանակ կունենամ։
 
― Դու ի՞նձ էիք դիմում,― կասկածելի մեղմ ձայնով հարցրեց Մարվինը։
 
― Իհարկե ձեզ,― ասաց Սև Դենիսը։― Քանզի հանկարծ զգացի, որ ձեր դեմքը դուրս չի գալիս։
 
― Իրո՞ք,― շշնջաց Մարվինը։
 
― Այո՛,― որոտաց Սև Դենիըս։― Ոչ էլ առավել ևս հավանում եմ ձեր շարժուձևերը, կամ ձեր օծանելիքի գարշահոտությունը, կամ ձեր ոտքի չափը, կամ ձեռքի ձևը։
 
Մարվինի աչքերը նեղացան։ Պահը լի էր մահացու լարվածությամբ․ չէր լսվում ոչ մի ձայն, բացի Սև Դենիսի ծանր շնչառությունից։ Ապա, մինչ Մարվինը կհասցներ պատասխանել, մի մարդ վազելով մոտեցավ Սև Դենիսին։ Դա մի գունատ կուզիկ էր, երկար սպիտակ մորուքով, հասակը ոչ ավել, քան երեք ոտնաչափ․ նա հազիվ էր քարշ տալիս մի ոտքը, որի թաթն այլանդակված էր։
 
― Սպասի՛ր, Սև Դենիս,― ասաց կուզիկը։― Ջենտլմենին սազական չէ արյուն թափել սուրբ Օրիգենի տոնի նախօրեին։ Ամոթ, հազա՛ր ամոթ։
 
― Ես արյուն կթափեմ, երբ սիրտս կուզի, սուրբ Կարմիր սարի խոցե՛րը վկա,― հանդգնորեն գոռաց ջարդարարը։
 
― Ճի՛շտ է, դո՛ւրս թափի դրա աղիքները,― բղավեց մի թուլակազմ երկարաքիթ մարդ, կկոցնելով կապույտ աչքը և թարթելով մյուս՝ շագանակագույնը աչքը։
 
― Ճի՛շտ է, դո՛ւրս թափի,― աղաղակեցին տասնյակ այլ ձայներ։
 
― Պարոնայք, խնդրում եմ,― ասաց գեր պանդոկպանը, ձեռքերը կոտրատելով։
 
― Ախր ձեզ ի՞նչ է արել,― ասաց փնթի բուֆետապանուհին, նրա ձեռքի բաժականերով սկուտեղը դողից ցնցվում էր։
 
― Թո՛ղ այդ պճնամոլին, թույլ տուր իր համար խմի,― բերանի փսլինքները վազեցնելով, ասաց կուզիկը և ամբողջ ուժով քաշեց Սև Դենիսի թևքը։
 
― Թո՛ղ ինձ, սապատավո՛ր,― գոչեց Սև Դենիսը և խփեց կռանի մեծության աջ ձեռքով։
 
Հարվածը կպավ կուզիկի ուղիղ կրծքին և այնքան ուժեղ էր, որ վերջինս թռավ սենյակով մինչև մուտքի մոտի սեղանը և թափով կպավ պահարանին։ Կոտրվող բաժակների ձայն լսվեց։
 
― Դե արի՛, հանդերձյալ կյանքի քմայքները վկա,― ասաց հաղթանդամ կռվազանը, շրջվելով դեպի Մարվինը։
 
Մարվինը հանգիստ շարունակեց հով անել և ավելի խոր նստեց աթոռին․ հանգիստ, բայց բիբերն առաջվա պես նեղ։ Ուշադիր դիտողը կնկատեր նրա ազդրերի թույլ սպասողական դողը և դաստակների հազիվ նկատելի լարվածությունը։
 
Այժմ Մարվինը բարեհաճեց նկատել իրենց անհանգստացնողին։
 
― Դեռ այստե՞ղ եք,― տեղեկացավ նա։― Լսեք, ձեր պնդերեսությունը հոգնեցուցիչ է դառնում ականջի համար և ձանձրացուցիչ՝ տեսողության։
 
― Այո՞,― գոռաց Սև Դենիսը։
 
― Այո,― հեգնանքով պատասխանեց Մարվինը։― Անազնիվ մարդիկ շատ են սիրում, երբ իրենց մի բանը երկու անգամ են ասում, ինձ, սակայն, դա հաճույք չի պատճառում։ Ուսղտի բարի եղեք, երիտասարդ, ձեր տաքացած լեշը մի կողմ քաշել ու գնալ, քանի ես այն չեմ սառեցրել այնպիսի մի արյունառությամբ, որին ամենալավ վիրաբույժը կնախանձի։
 
Այդ զուսպ, սակայն մահացու վիրավորանքից Սև Դենիսի բերանը բաց մնաց։ Հետո, իր հսկա մարմնին անհամապատասխան արագ, նա դուրս քաշեց սուսերը և այնպիսի ուժով վար բերեց, որ ծանր կողնե սեղանը երկու կես եղավ և նույնը կլիներ Մարվինի հետ, եթե նա ճարպկորեն խույս չտար։
 
Կատաղությունից ոռնալով, Դենիսը հարձակվեց, ճոճելով սուսերն ինչպես հողմաղաց։ Մարվինը, մինչդեռ, նրբագեղորեն մի քիչ ետ գնաց, ծալեց հովհարն ու խրեց գոտկի մեջ, քշտեց թևերը, կռացավ, որ խուսափի հաջորդ հարվածից, ետ ցատկեց և կողքի սեղանի վրայից միս կտրելու մի դանակ ճանկեց։ Հետո, դանակը սեղմած, անձայն քայլերով առաջ գնաց՝ մարտն ընդունելու։
 
― Փախիր, սը՛ր,― գոչեց բուֆետապանուհին։― Նա կմորթի քեզ, չէ՞ որ ձեռքդ ոչինչ չունես բացի մի փոքրիկ սեղանի դանակից։