Changes

Գիտակցափոխություն

Ավելացվել է 32 821 բայտ, 07:54, 25 Հոկտեմբերի 2013
/* Գլուխ 29 */
Մարվինը սևեռուն նայեց յուր ընկերոջը և նրա դեմքին տեսավ ամոթ՝ ավելի խոր, քան անդունդը և ավելի մահացու, քան թույնը։
 
 
― Ճշմարիտ է,― ասաց սըր Ժյուլը, աշխատելով որ ձայնը չդողա։― Ես չեմ կարող քեզ աջակցել, թեև սիրտս մորմոքվում է, վիճակդ տեսնելով։
 
― Իսկ քե՞զ ինչ նենգ կախարդանքով է հմայել Բլաքըմուրը,― գոչեց Մարվինը։
 
― Ավա՜ղ, իմ լավ բարեկամ,― ասաց տարաբախտ Ժյուլը։― Այս խաբեբայությունն այնքան խնամքով ու տրամաբանորեն է մտածված, որ անհնար է մի թույլ տեղ գտնել և այնքան խորամանկ է նախագծված ու իրագործված, որ դրա կողքին ուրիշ, ավելի փոքր մարդկանց խղճուկ մտահղացումները թվում են տղայական չարաճճիություններ․․․ Արդյոք գիտեի՞ր, որ ես Սուրբ անկման Գորշ ասպետների հանրահայտ միության անդամ եմ։
 
― Ես այդ մասին տեղյակ չէի,― ասաց Մարվինը։― Եվ այդուհանդերձ, Գորշ ասպետները միշտ հայտնի են եղել որպես ուսումնառության և բարեպաշտության ջերմեռանդ ջատագովներ, նրանք մասնավորապես հանդես են գալիս դ՝ Ագուստինի կողմից՝ թագավորական կուսակցության դեմ։
 
― Ճիշտ է, անտարակույս ճիշտ,― ասաց թշվառ Ժյուլը, և նրա հիվանդագին գեղեցիկ դիմագծերն աղավաղվեցին հոգեկան տանջանքներից։― Ես էլ էի այդ բանում համոզված։ Սակայն անցյալ շաբաթվա վերջին օրն իմացա, որ մեր Մեծ Տիրավարպետ Հելվեցիուսը հոգին ավանդել է․․․
 
― Շնորհիվ լյարդի մեջ պատահաբար հայտնված մի քիչ պողպատի,― ասաց Բլաքըմուրը։
 
․․․ և որ այժմ պարտավոր եմ ենթարկվել նոր Տիրավարպետին, առաջվա պես լրիվ ու անառարկելիորեն, քանզի մենք երդում ենք տվել միությանը, և ոչ թե առանձին մարդու։
 
― Եվ այդ նոր Տիրավարպե՞տը,― հարցրեց Մարվինը։
 
― Ե՛ս եմ, որ կամ,― գոչեց Բլաքըմուրը։ Եվ այժմ Մարվինը նրա մատին տեսավ միաբանության մեծ կնիք֊մատանին։
 
― Այո, այդպես եղավ,― ասաց Բլաքըմուրը և նրա բերանի ձախ անկյունը անպատկառորեն վար ծռվեց։― Ես ձեռքս վերցրի այդ հինավուրց միաբանությունը, քանի որ այն հարմար գործիք էր նպատակներիս իրագործման համար։ Եվ այսպես, ես Տիրավարպետն եմ, միաձայն ղեկավարն ու Որոշում կայացնողը, պատասխանատու չեմ ոչ ոքի առջև, բացի դժոխքից և պարտավոր չեմ ունկնդրել ոչ մի այլ ձայնի, բացի հոգուս ամենաստորին խորքերից եկածից։
 
Ինչ֊որ հիասքանչ բան կար այդ պահին Բլաքըմուրի մեջ։ Որքան էլ գարշելի ու դաժան լիներ, հետադեմ, եսասեր, փառասեր և ուրիշների ճակատագրի հանդեպ անտարբեր, այնուամենայնիվ նա մարդ էր բառիս բուն իմաստով։ Զուսպ հարգանքով Մարվինը մտածեց այդ մասին։ Ապա, շուրթերին կամակոր ու վճռական արտահայտություն, շրջվեց դեպի յուր հակառակորդը։
 
― Իսկ այժմ,― ասաց Բլաքըմուրը,― գլխավոր դերակատարները բեմի վրա են և պակասում է միայն մի դերասան, որպեսզի ավարտի մեր դրաման և հասցնի համապատասխան եզրափակման։ Այդ վերջին գործող անձը երկար ու համբերատար սպասել է կուլիսների ետևում, ամեն ինչ նկատելով և մնալով աննկատ, հետևելով իրերի ընթացքին և սպասելով յուր հերթին, որպեսզի բեմ դուրս գա և ըմբոշխնի փառքի կարճատև պահը։ Սակայն, կամաց, նա գալիս է։
 
Միջանցքում ծանր ոտնաձայներ լսվեցին։ Սենյակում գտնվողներն ականջները սրեցին ու սպասեցին, անհանգիստ շուռումուռ գալով։ Դուռը դանդաղ բացվեց․․․
 
Եվ ներս մտավ մի դիմակավոր մարդ, ոտքից գլուխ սև հագած, ուսին երկսայր հսկա մի կացին։ Նա դռների մեջ կանգ առավ, ասես անվստահ, որ ցանկալի հյուր է։
 
― Բարի օր, դահիճ,― բառերը ձգելով ասաց Բլաքըմուրը։― Այժմ ամեն ինչ լրիվ է և կարելի է խաղալ այս ֆարսի վերջին պակտերը։ Պահապաննե՛ր, հառա՛ջ։
 
Պահապանները, բրչասրերը մերկացրած, շրջան կազմեցին Մարվինի շուրջը, բռնեցին նրան, պինդ կապկպեցին, ապա կռացրին, մերկանցլեով վիզը։
 
― Դահի՛ճ,― գոչեց Բլաքըմուրը,― կատարի՛ր պարտականությունդ։
 
Դահիչն առաջ քայլեց և ստուգեց հսկա կացնի սայրերի սրությունը։ Ապա զենքը թափով վեր տարավ, ու սսկսեց վար բերել․․․
 
Եվ Կետին ճչա՛ց։
 
Նա նետվեց այդ մռայլ դիմակավոր անձնավորության վրա, շեղեց հարվածի ուղղությունը, և կացինը զրնգոցով ընկավ ու կպավ գրանիտե հատակին, կայծակի փունջ արձակելով։ Դահիճը զայրացած մի կողմ հրեց Կետիին, սակայն վերջինիս մատներն արդեն հասցրել էին ճանկել դիմակի սև մետաքսը։
 
Դահիճը ոռնաց, զգալով, որ դիմակը պատռվում է։ Տագնապալի աղաղակելով, նա փորձեց փակել յուր դիմագծերը։ Սակայն բոլորը հասցրեցին պարզ տեսնել նրան։
 
Մարվինը սկզբից չհավատաց աչքերի վկայությանը։ Դեմքը մի տեսակ հարազատ էր։ Որտե՞ղ էր ինքը տեսել այդ այտերն ու հոնքերը, շագանակագույն աչքերը, ամուր կզակը։
 
Հետո նա հիշեց․ շա՜տ վաղուց, հայելու մեջ։
 
Դահիճի վրա իր դեմքն էր ու իր մարմինը։
 
― Զե Կրա՛գգաշ,― բացականչեց Մարվինը։
 
― Պատրաստ եմ ծառայելու։― Եվ Մարվինի մարմինը գողացող մարդը ծաղրաբար խոնարհվեց ու ժպտաց Մարվինին Մարվինի դեմքով։
 
==Գլուխ 30==
 
Լորդ Բլաքըմուրը առաջինը խախտեց tableau֊ն<ref>Անսովոր տեսարան։</ref>։ Վարժ շարժումներովնա հանեց գլխարկն ու կեղծամը։ Օձիքը թուլացնելով, շոշափեց վիզը, քնադելով ինչ֊որ անտեսանելի կոճկագամեր։ Հետո մի շարժումով, երեսից քաշեց պիրկ նստած մաշկե դիմակը։
 
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։
 
― Այո, այդ ես եմ,― ասաց մարսեցի խուզարկուն։― Ներիր, որ ստիպված եղանք քեզ այսպիսի պատմության մեջ քաշել, Մարվին, բայց սա քո գործն արագ ու հաջող վախճանի բերելու միակ հնարավորությունն էր։ Իմ գործընկերներն ու ես որոշեցինք․․․
 
― Գործընկերնե՞րը։
 
― Մոռացա ձեզ ծանոթացնել,― ծուռ ժպտալով ասաց խուզարկու Ուրդորֆը։― Մարվին, թույլ տվեք ձեզ ներկայացնել լեյտենանտ Ուրիին և սերժանտ Ֆրաֆին։
 
Որպես լորդ Ինգլենուկ և սրը Ժյուլ դիմակավորվածներն այդժմ քաշեցին֊հանեցին մաշկե դիմակները և հայտնվեցին Հյուս֊արևմտյան գալակտիկայի միջաստղային ոստիկանության համազգեստներով։ Նրանք բարեհոգաբար ժպտալով սեղմեցին Մարվինի ձեռքը։
 
― Իսկ այս պարոնայք,― ասաց Ուրդորֆը, ցույց տալով թուրինգացի պահապաններին,― նույնպես բավական օգնեցին մեզ։
 
Պահապանները հանեցին ցուլի մորթուց սոճեգույն կիսաբաճկոնները և մնացին Քասնեմ սիթիի ճանապարհային տեսչության համազգեստներով։
 
Մարվինը շրջվեց դեպի Կետին։ Վերջինս արդեն կրծկալին ամրացրել էր Միջաստեղային զգոնամիության կարմրակապույտ տարբերանշանը։
 
― Կարծես թե․․․ հասկանում եմ,― ասաց Մարվինը։
 
― Դա բավական պարզ է,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Ձեր գործը վարելուց ես, սովորականի պես, օգտվում էի տարբեր քննչական գործակալությունների օգնությունից։ Երեք անգամ մենք հանցագործին բռնելու վրա էինք, բայց նրան հաջողվում էր խուսափել։ Հայտնի չէ, թե դա որքան կշարունակվեր, եթե մենք չփորձեինք որսալու այս տարբերակը։ Մեր տեսությունը պետք է անխափան գործեր․ չէ՞ որ եթե Կրագգաշին հաջողվեր կործանել ձեզ, նա կկարողանար պնդել, թե մարմինն իրենն է, առանց վախենալու, որ դուք հակառակը կպնդեք։ Մինչդեռ, քանի որ դեռ դուք կենդանի էիք, պիտի շարունակեիք փնտրել նրան։
 
Եվ ահա մենք ձեզ ներքաշեցինք մեր ծրագրի մեջ, հույս ունենալով, որ Կրագգաշը կիմանա այդ մասին և ինքն էլ կներգրավվի այդ իրադարձությունների մեջ, որպեսզի հաստատ կործանի ձեզ։ Մնացածն ինձնից լավ գիտեք։
 
Շրջվելով դեպի քողազերծված դահիճը, խուզարկու Ուրդորֆն ասաց․
 
― Կրագգաշ, ավելացնելու բան ունե՞ք։
 
Մարվինի դեմքը կրող գողը նրբագեղորեն հենվեց պատին, ձեռքերը կրծքին ծալած, կատարելապես հանգիստ ու անվրդով։
 
― Համարձակություն կունենամ մի երկու մեկնաբանություն անել,― ասաց Կրագգաշը։― Առաջինը՝ թույլ տվեք նշել, որ ձեր մտահղացումն ապաշնորհ էր ու ակներևէ։ Ես ամենասկզբից հավատացած էի, որ ամենը կեղծիք ՝ և մասնակցեցի միայն ելնելով այն քիչ հավանական ենթադրությունից, թե կողծիք չէ։ Ուստի, զարմացած չեմ։
 
― Զվարճալի բացատրություն,― ասաց Ուրդորֆը։
 
Կրագգաշն ուսերը թոթվեց․
 
― Երկրորդ, ուզում եմ ձեզ ասել, որ մազաչափ անգամ չեմ զղջում իմ այսպես կոչված մեղքի համար։ Եթե մարդ չի կարողանում հսկել իր սեփական մարմինը, ուրեմն արժանի է կորցնելու։ Իմ երկար ու բազմաբովանդակ կյանքի ընթացքում նկատել եմ, որ մարդիկ պատրաստ են իրենց մարմինները տալ առաջին պատահած ստահակին, եթե ա խնդրի և ստրկացման տալ գիտակցություններն առաջին իսկ ավազակին, եթե հրամայի։ Ահա թե ինչու մարդկանց շոշափելի մեծամասնությունը չի կարողանում պահպանել ի ծնե իրենց տրված գիտակցություններն ու մարմինները, այլ փոխարենը կամովին հրաժարվում է ազատության այդ շփոթահարույց խորհրդանիշերից։
 
― Դա,― ասաց խուզարկու Ուրդորֆը,― հանցագործի դասական ինքնաարդարացում է։
 
― Այն, ինչ դուք անվանում եք հանցագործություն, երբ մեկն է անում,― ասաց Կրագգաշը,― կոչում եք պետություն, երբ շատերն են անում։ Անձամբ ես տարբերություն չեմ տեսնում և, հետևաբար, չեմ ուզում ձեզ պես ապրել։
 
― Մենք այստեղ կարող ենք մի ամբողջ տարի կանգնել ու բառեր շաղ տալ,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես նման զվարճությունների համար ժամանակ չունեմ։ Ձեր փաստարկները կշարդրեք բանտային քահանային, Կրա՛գգաշ։ Ես ձերբակալում եմ ձեզ ապօրինի գիտակցափոխության, սպանության փորձի և խոշոր կողոպուտի մեղադրանքով։ Այսպիսով իմ 159֊րդ հետաքննությունը հաջողությամբ պսակվեց և ես կտրեցի անհաջողությունների շղթան։
 
― Իրո՞ք,― սառնորեն ասաց Կրագգաշը։― Դուք իսկապե՞ս համարում եք, որ ամեն ինչ այդքան հեշտ է։ Իսկ հաշվի առե՞լ եք, որ աղվեսը կարող է մի ուրիշ բույն ունենալ։
 
― Բռնե՛ք նրան,― բղավեց Ուրդորֆը։ Չորս ոստիկաններ նետվեցին դեպի Կրագգաշը։ Սակայն մինչ այդ հանցագործը բարձրացրեց ձեռքը և օդի մեջ արագ մի շրջան գծեց։
 
Շրջանն այրվո՛ւմ էր։
 
Կրագգաշը մի ոտքը դրեց շրջանի մեջ։ Ոտքն անհետացավ։
 
― Եթե ձեզ պետք լինեմ,― ծաղրանքով ասաց նա,― գիտեք, թե որտեղ կարելի է ինձ գտնել։
 
Տեսնելով, որ ոստիկաններն արդեն մոտ են, նա մյուս ոտքն էլ շրջանի մեջ մտցրեց, անհետացավ ամբողջովին, բացի գլխից և Մարվինին աչքով արեց։ Հետո չքվեց նաև գլուխը և չմնաց ոչինչ բացի կրակե օղից։
 
― Շո՛ւտ,― գոռաց Մարվինը,― բռնեք նրան։
 
Նա շրջվեց դեպի Ուրդորֆը, և ապշեց, տեսնելով, որ խուզարկուի ուսերը վար են իջել, իսկ դեմքը հուսահատությունից մոխրագույն է դարձել։
 
― Շտապե՛ք,― գոչեց Մարվինը։
 
― Դա անօգուտ է,― ասաց Ուրդորֆը,― ինձ թվում էր, թե հաշվի եմ առել բոլոր խորամանկությունները, բայց այս մեկը․․․ Այդ մարդն ակնհայտորեն խելքը թռցրել է։
 
― Ի՞նչ է հնարավոր անել,― բղավեց Մարվինը։
 
― Ոչինչ,― պատասխանեց Ուրդորֆը։― Նա գնաց Խճճված աշխարհ և ես անհաջողության մատնվեցի 159֊րդ անգամ։
 
― Բայց մենք դեռ կարող ենք հետապնդել նրան,― հայտարարեց Մարվինը, շարժվելով դեպի կրակե օղակը։
 
― Ո՛չ։ Դուք չպե՛տք է այդպես վարվեք,― բացականեչց ուրդորֆը։― Դուք չեք հասկանում․․․ Խճճված աշխարհը նշանակում է մահ կամ խելագարություն, և կամ երկուսը միանգամից։ Ձեր դուրս պրծնելու շանսերն այնքան փոքր են․․․
 
― Ճիշտ այնքան, որքան Կրագգաշի՛նը,― գոչեց Մարվինը և մտավ օղակի մեջ։
 
― Սպասե՛ք, դուք չհասկացա՛ք,― աղաղակեց ուրդորֆը։ Կրագգաշը շանս չունի՜։
 
Սակայն Մարվինը չլսեց այդ վերջին բառերը, քանզի արդեն անհետացել էր բոցակիզվող շրջանակի մեջ և աննկուն առաջ էր շարժվում Խճճված աշխարհի օտարոտի ու չհետազոտված հեռաստաններում։
 
==Գլուխ 31==
 
ՄԻ ՔԱՆԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԽՃՃՎԱԾ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ
 
«․․․ այդպես, Ռիմանն֊Հեյքի հավասարումների միջոցով վերջապես գտնվեց Թվիստերմանի<ref>Բառախաղ՝ «թվիստ» (twist) բառը նշանակում է ծռմռվել կամ խճճվել, համապատասխանաբար «Խճճված աշխարհը» (Twised world) արտահայտությունը համահնչում է Twistermann ազգանվանը։</ref> Տրամաբանական դեֆորմացիայի Տիեզերական տարածքի մաթեմատիկական արտահայտությունը։ Այդ տարածը հայտնի դարձավ որպես Խճճված աշխարհ, թեև ոչ խճճված էր, ոչ էլ աշխարհ։ Եվ, որքան էլ տարօրինակ է, ապացուցվեց, որ Թվիստերմանի առաջնահերթ կարևոր երրորդ բնորոշումը (Տարածքը կարող է համարվել տիեզերքի այն հատվածը, որը գործում է որպես հավասարակշիռ քաոսի և նախնական ռեալ կառուցվածքի տրամաբանական հարաբերության միջև) ավելորդ է»։
 
«Խճճված աշխարհ» հոդվածը համընդհանուր գիտելիքների գալակտիկական հանրագիտարանից, 483֊րդ հրատարակություն։
 
«․․․հետևաբար «հայելային դեֆորմացիա» տերմինը բնորոշում է մեր մտքերի իմաստը (եթե ոչ էությունը)։ քանի որ, իրոք, ինչպես տեսանք, Խճճված աշխարհը կատարում է հետևյալ անհրաժեշտ և միաժամանակ արգահատելի դերը՝ անորոշացնում է բոլոր օբյեկտիվ ռեալություններն ու պրոցնեսները, և այդպիսով դարձնում տիեզերքը տեսականորեն, ինչպես նաև գործնականորեն, անխուսափելի»։
 
Հատված «Մաթեմատիկոսի խորհրդածություններից»․ Էդգար Հոուփ գրիֆ<ref> «Հոուփ» (hope) նշանակում է հույս, «Գրիֆ» (grief) նշանակում է վիշտ։</ref>, էվկլիդ֊սիթի ֆրի պրես։
 
«․․․բայց, չնայած դրան, Խճճված աշխարհի խելակորույս ճանապարհորդները պետք է հիշեն մի քանի հիպոթետիկ կանոններ․
 
Հիշեք, որ Խճճված աշխարհում բոլոր կանոնները կարող են սուտ լինել, ներառյալ սույն կանոնը, որը վերաբերում է բացառությանը, ինչպես նաև ներառյալ այս նախադասությունը, որ չեղյալ է հայտարարում բացառությունը․․․ ad infinituin<ref>Մինչև անվերջություն (լատ․)։</ref>։
 
Սակայն նաև հիշեք՝ կանոններն անպայման չէ, որ սուտ լինեն, ցանկացած կանոն կարող է ճիշտ լինել, ներառյալ սույն կանոնը և նրա բացառությունները։
 
Խճճված աշխարհում պարտադիր չէ, որ ժամանակը համապատասխանի ձեր նախապաշարմունքներին։ Իրադարձությունները կարող են հաջորդել արագ (դա նորմալ է), կամ դանդաղ (դա ավելի լավ է), կամ բոլորովին չհաջորդել (դա շատ վատ է)։
 
Հնարավոր է, որ Խճճված աշխարհում ձեզ հետ ընդհանրապես ոչինչ չկատարվի։ Անխոհեմություն կլիներ այդ բանին սպասելը և հավասար անխոհեմություն՝ դրան պատրաստ չլինելը։
 
Խճճված աշխարհում պատահելիք հնարավոր աշխարհների մեջ մեկը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհն է, մյուսը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի մի մանրամասնից, երրորդը՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մեր աշխարհը, բացի երկու մանրամասնից և այլն։ Եվ հակառակը՝ մեկը պետք է բացարձակորեն տարբերվի մեր աշխարհից, բացի մի մանրամասնից և այլն․․․
 
Ամբողջ հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս գուշակես, թե որ աշխարհում ես, քանի դեռ Խճճված աշխարհը չի տվել իր սեփական կործանարար բացատրությունը։
 
Խճճված աշխարհում, ինչպես ամեն մի այլ աշխարհում, դու կարող ես հայտանբերել ինքդ քեզ։ Բայց միայն Խճճված աշխարհում է այդ հանդիպումը սովորաբար ճակատագրական լինում։
 
Որքան լավ ես ճանաչում Խճճված աշխարհին, այնքան ավելի վանող է թվում այն։
 
Հարմար է (բայց սխալ) մտածել, թե Խճճված աշխարհը մայաի<ref>Պատրանք (սանսկրիտ), հնդկական կրոնական փիլիսոփայություն։</ref>՝ պատրանքի, հակադարձ աշխարհն է։ Կարող է պարզվել, որ ձեզ շրջապատող ուրվագծերն իրական են, իսկ Դուք, որ հետազոտում եք այդ ամենը, պատրանք եք։ Նման հայտնագործությունը հետաքրքրաշարժ է, բայց մահացու։
 
Մի իմաստուն մարդ հարցրել է․
 
― Ի՞նչ կպատահեր, եթե կարողանայի Խճճված աշխարհ մտնել առանց նախապաշարմունքների։
 
Նրա հարցին վերջնական պատասխան տալ հանարավոր չէ, սակայն համարձակվում ենք ենթադրել, ո ր դուրս գալուց նա արդեն որոշ նախապաշարմունքներ կունենար։ Կարծիքի բացակայությունը պաշտպանվելու միջոց չէ։
 
Ոմանք համարում են, թե գերայգույն իմաստնություն է հայտնագործելը, որ բոլոր իրերը կարող են շրջվել և այդպիսով դառնալ իրենց հակառակը։ Այդ ենթադրությունը շատ սրամիտ եզրահանգումների հնարավորություն է ընձեռնում, բայց խորհուրդ չենք տա գործածել Խճճված աշխարհում։ այնտեղ բոլոր տեսությունները պատահական են, ներառյալ տեսություների պատահականության մասին տեսությունը։
 
Մի հուսացեք խորամանկությամբ գերազանցել Խճճված աշխարհին։ Այն ավելի մեծ է, ավելի փոքր, ավելի երկար և ավելի կարճ, քան դուք․ այն չի ապացուցում, այլ կա։
 
Այն ինչ կա, կարիք չունի որևէ բան ապացուցելու։ Ապացույցը ճշմարիտ է միայն ինքն իր համար և չի նշանակում ոչինչ բացի ապացույցների (որոնք ոչինչ չեն ապացուցում) գոյությունից։
 
Ցանկացած բան, որ կա, անհավանական է, քանի որ ամեն բան անկապ է, ոչ անհրաժեշտ և վտանգավոր առողջ դատողության համար։
 
Խճճված աշխարհի մասին այն մեկնաբանությունները կարող են ոչ մի ընդհանուր բան չունենալ Խճճված աշխարհի հետ։ Ճանապարհորդը զգուշացրել է»։
 
Զե Կրագգաշ․ «Խաբուսիկության անխուսափելիությունը»,
<br> Մարվին Ֆլինի անվան հավաքածու։
 
==Գլուխ 32==
 
Տեղափոխությունը կատարվեց կտրուկ, բոլորովին ոչ այնպես, ինչպես ենթադրում էր Մարվինը։ Նա շատ էր լսել Խճճված աշխարհի մասին և աղոտ պատկերացնում էր, թե պետք է հայտնվի անորոշ գծագրությունների, փոփոխվող գույների, գրոտեսկների ու հրաշքների մեջ։ Բայց հիմա միանգամից տեսավ, որ իր տեսակետը եղել է ռոմանտիկ և անսահմանափակ։
 
Մարվինը գտնվում էր մի փոքրիկ ընդունարանում։ Գոլորշապատ, գաղջ օդից քրտինքի հոտ էր գալիս։ Ինքը, մի քանի տասնյակ ուրիշ մարդկանց հետ, նստած էր երկար փայտե նստարանին։ Ինչ֊որ գրասենյակային ծառայողներ ձանձրացած գնում֊գալիս էին, նայում թղթերին և երբեմն կանչում սպասողներից մեկին։ Լսվում էին շշուկներ՝ նրանք խորհրդակցում էին։ Երբեմն ոմանք համբերությունը կորցնում և թողնում֊հեռանում էին։ Երբեմն էլ մի նոր խնդրառու էր գալիս։
 
Մարվինը սպասում էր, դիտում, աչքերը բաց ննջում։ Ժամանակը դանդաղ էր անցնում, սենյակում ստվերներ հայտնվեցին, ինչ֊որ մեկը լույսերը միացրեց։ Մարվինին դեռ ոչ ոք չէր կանչում։ Նա, ավելի շուտ ձանձրույթից, քան հետաքրքրասիրությունից նայեց կողքի նստած մարդկանց։
 
Ձախակողմյան հարևանը շատ բարձրահասկան էր և դիականման, նրա վզի վրա, հենց օձիքի մոտ, մի բորբոքված չիբան կար։ Աջ կողմի նստածը, մինչդեռ, կարճահասակ էր, գեր ու կարմրադեմ և շնչելիս ֆսֆսացնում էր։
 
― Տեսնես դեռ ինչքա՞ն կտևի,― հարցրեց Մարվինը գեր մարդուն, ավելի շուտ ժամանակ սպանելու, քան մի բան իմանալու համար։
 
― Ինչքա՞ն։ Ինչքան կտևի՞,― հարցը կրկնեց գեր մարդը։― Ինչքան ասես, ահա թե ինչ։ Այս ավտոմոբիլային գրասենյակի «մինիստրներին» շտապեցնել չի լինի, նույնիսկ եթե ուզածդ եղած֊չեղածը վարորդական իրավունքի ժամկետը երկարացնելն է՝ իմ պես։
 
Դիականման մարդը ծիծաղեց բենզինի դատարկ ցիստեռնին կպչող փայտի ձայներով։
 
― Դու դեռ շատ կսպասես, սիրելիս,― ասաց նա,― քանի որ գտնվում ես բարեկեցության մինիստրության փոքր շահերի բաժնում։
 
Մարվինը մտածկոտ թքեց փոշոտ հատակին և ասաց․
 
― Հետաքրքիրն այն է, պարոնա՛յք, որ դուք երկուսդ էլ սխալվում եք։ Մենք գտնվում ենք ձկնորսությունների մինիստրությունում, ավելի ճիշտ, ձկնորսությունների մինիստրության ընդունարանում։ Եվ իմ կարծիքով խայտառակ բան է, որ քաղաքացն ու հարկատուն չի կարող նույնիսկ ձուկ որսալ պետական ջրերում, մինչև մի ամբողջ օր չկորցնի թույլտվություն ստանալու համար։
 
Զրուցակիցները նայեցին իրար։ (Խճճված աշխարհում չկան հերոսներ, խոստումները շատ քիչ են, տեսակետները մատների վրա կարելի է հաշվել, իսկ եզրակացությունների մասին խոսելն անգամ ավելրոդ է)։
 
Նրանք ոչ այնքան խելահեղ կասկածանքով սևեռուն նայում էին միմյանց։ Դիականման մարդու մատների ծայրից սկսեց մի թեթև արյուն հոսել։ Մարվինը և գեր մարդը շփոթահար կնճռոտվեցին ու ձևացրեցին, թե չեն տեսնում։ Դիականման մարդը վիրավոր ձեռքն անհոգ մտցերց անջրանցիկ վերարկուի գրպանը։ Մի ծառայող մոտեցավ նրան։
 
― Ձեզանից ո՞ր մեկն է Ջեյմս Գրիննել Սթարմախերը,― հարցրեց նա։
 
― Ես,― պատասխանեց Մարվինը,― Եվ պետք է ասեմ, որ ահագին ժամանակ սպասում եմ, ու որ ձեր մինիստրությունում աշխատանքը լավ չի կազմակերպված։
 
― Ճիշտ է, բայց գիտեք,― ասաց ծառայողը,― դեռ մեքենաներ չենք ներդրել։― Նա նայեց թղթերին։― Դուք դիմում եք տվել դիակ ստանալու համա՞ր։
 
― Այո, տվել եմ,― ասաց Մարվինը։
 
― Եվ հաստատում եք, որ հիշյալ դիակը չի օգտագործվի անբարոյական նպատակներո՞վ։
 
― Այո, հաստատում եմ։
 
― Բարի եղեք նշել այս դիակն ուզելու ձեր շարժառիթները։
 
― Ես ցանկանում եմ այն օգտագործել զուտ դեկորատիվ նպատակով։
 
― Ձեր մասնագիությո՞ւնը։
 
― Ինտերիերների դեկորատոր։
 
― Նշեք ձեր ունեցած վերջին դիակի անունը և/կամ տարբերանշանային պայմանական համարը։
 
― Ուտիճ,― պատասխանեց Մարվինը,― ցեղային համարը՝ 3/32 Ա_45345։
 
― Սպանված ո՞ւմ կողմից։
 
― Իմ։ Ես թույլտվություն ունեմ սպանել բոլոր այն արարածներին, որոնք չեն պատկանում իմ ենթատեսակին, չհաշված մի քանի բացառություններ, ինչպիսիք են ոսկե արծիվը և լամանտինը։
 
― Ձեր վերջին սպանության նպատա՞կը։
 
― Ծիսական մաքրում․․․
 
― Խնդրանքը բավարարված է,― ասաց ծառայողը։― Ընտրեք ձեր դիակը։
 
Գեր մարդը և դիականման մարդը Մարվինին նայեցին թաց, հույսով լի աչքերով։ Մարվինը քիչ էր մնում գյաթակղությանը տեղի տար, սակայն հետո զսպեց իրեն։ Նա շրջվեց և ասաց ծառայողին․
 
― Ես ընտրում եմ ձեզ։