Changes
Եվ չնայած, որ ես ասել էի Ջոնին, որ որոշումս հազիվ թե դրական լինի, և որ ես նրան կզանգահարեմ ոչ շուտ քան շաբաթ֊շաբաթուկես հետո, ես զանգեցի նրան երեք օր անց և ասացի․ Այո։
==Հետապնդում==
Կարծում եմ, պետք չէ բացատրել, որ նախքան նախաձեռնածս վտանգավոր ճանապարհորդություն ուղևորվելը, ես պետք է հոգ տանեի իմ ընտանիքի մասին և մի քանի կարգադրություններ անեի, որոնք ունեին մեծ հավանականություն վերջինը լինել։
Բանկ, փոստ, ապահովագրական գործակալություն, նոտարական գրասենյակ ― սրանք են այն հիմնարկությունները, որոնք ես այցելեցի մի քանի օրվա ընթացքում։
Զբաղվելով բոլոր այս գործերով, ես հանկարծ, դեռ Մոսկվայում ձեռք բերված հոտառությամբ զգացի, որ ինչ֊որ մեկը ինձ հետևում է։
Ես շատ քիչ ժամանակ ունեի, բայց ցուցաբերելով տարրական դիտողականություն, նկատեցի, որ հեռախոսս պահում է իրեն ոչ այնքան սովորական ձևով։ Մեկ նրանում լսվում են ինչ֊որ խշշոցներ (մագնիտոֆո՞ն), մեկ չգիտես ինչու նա ինքն իրեն զնգում է, մեկ ինչ֊որ մեկին զանգելով ընկնում եմ ոչ այն համարը, կամ իմ մոտ է ընկնում նա, ով ինձ չի զանգահարել։
Շունս, գիշերները հանկարծ սկսում էր տեղին֊անտեղին հաչել։ Դուրս վազելով, ես ոչ մեկին ոչ մի անգամ չհայտնաբերեցի, բայց մի օր, հենց դռան մոտ գտա «Պրիմա» ծխախոտի մնացորդ։
Մի ուրիշ անգամ ես ուշադրություն դարձրի ասիական տիպի արտաքինով մի երիտասարդի։ Հեծանվով անցնելով իմ դարպասի մոտով, նա ջանաց չափից ավելի շրջվել ինձանից։ Հետո, մոտակա նրբանցքներից մեկում, իմ ուշադրությունը գրավեց ֆրանկֆուրտյան համարներով մի հին կանաչ «ֆոլկսվագեն»։ Նայելով ներս, ես նկատեցի ետևի նստարանի վրա ինչ֊որ մեկի կողմից մոռացված «Պրավդա» թերթը։
Համենայն դեպս, ես հայտնեցի իմ դիտարկումների մասին ոստիկանությանը։ Այնտեղ ինձ ուշադիր լսեցին և ասացին, որ իմ կասկածները շատ անորոշ ու անհստակ են, բայց եթե ես ունենամ ավելի համոզիչ ապացույցներ հետապնդման մասին, նրանք իհարկե, կընդունեն անհրաժեշտ միջոցներ։
Ոստիկանը, որի հետ ես խոսում էի, այնուամենայնիվ, գրի առավ «ֆոլկսվագենի» համարը, իսկ «Պրիմայի» մնացորդը դրեց փոքրիկ ցելոֆանի մեջ և պահեց սեյֆում։