Changes
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
Գնի շուրջ շատ էին վիճում, բայց ավելի շատ վիճում էին այն մասին, թե ինչո՞ւ Ֆրոդոյի խելքին փչեց վաճառել այդպիսի հրաշալի կալվածքը։ Ոմանք ակնարկում էին, այդ էր ակնարկում նաեւ պարոն Պարկինսն ինքը, որ փողերը հաշիվ են սիրում, իսկ նրա փողերն արդեն վերջանում են։ Եղածը հազիվհազ կբավականացնի Նորգորդում հաշիվները փակելու եւ Զայգորդ՝ բարեկամների մոտ տեղափոխվելու համար։
― Միայն թե Քսակներից հեռու, ― ավելացրեց ինչ֊որ մեկը։
Բայց բոլորն այնպես էին վարժվել Բիլբոյի անհամար հարստությունների մասին ասեկոսեներին, որ դրացից հրաժարվելու ուժ չունեին, եւ շատերը Գանդալֆին էին մեղադրում։ Թեպետ նրան ոչ տեսնող էր եղել, ոչ լսող, բայց դե նա ապրում էր, հայտնի է, Ֆրոդոյի մոտ՝ իբր թաքնվում է Պարկուտում։
Ասենք, որ այնքան էլ հասկանալի չէ, թե հրաշագործին ինչու է հարկավոր, որ Ֆրոդոն տեղափոխվի Զայգորդ, բայց, երեւում է, ինչ֊որ բանի համար պետք է։
― Այո, աշնանը տեղափոխվում եմ, ― հաստատում էր Ֆրոդոն։ ― Մերի Բրենդիզայքն այնտեղ ինչ համար մաքուր բույն, իսկ գուցեեւ հարմարավետ տնակ է փնտրում։
Մերիկ իսկապես էլ փնտրեց եւ շատ փոքրիկ մի տնակ գնեց Ճագարի Գերանում, Զայգորդից քիչ հեռու։ Բոլորին, բացի Սամից, Ֆրոդոն ասում էր, որ ինքը որոշել է տեղափոխվել այնտեղ։ Դեպի արեւելք գնալու ճանապարհը հուշեց նրան այդ միտքը․ Նապաստակի բլուրները ճանապարհին են, Ֆրոդոն մանկության տարիներին ապրել է այդ վայրում, իսկ ի՞նչն է խանգարում, որ հիմա վերադառնա այնտեղ։
Գանդալֆը երկու ամսից ավելի մնաց Հոբիթստանում։ Հետո, մի անգամ երեկոյան, հունիսի վերջերին, հենց այն ժամանակ, երբ Ֆրոդոյի պլանները կայունացան, նա հանկարծ հայտարարեց, որ առավոտյան մեկնում է։
― Հուսով եմ, ոչ երկար ժամանակով, ― ասաց նա։ ― Ես հարավում որոշ գործեր ունեմ։ Ձեզ մոտ երկար մնացի։
Դա իմիջիայլոց էր ասված, բայց Ֆրոդոյին թվաց, որ հրաշագործը խիստ մտահոգված է։
― Որեւէ բա՞ն է պատահել, ― հարցրեց նա։
― Դե առայժմ ոչինչ չգիտեմ, բայց ինձ տագնապալի եւ ոչ այնքան հասկանալի լուրեր են հասել՝ հարկավոր է պարզել բանն ինչ է։ Ես իսկույն կվերադառնամ կամ ծայրահեղ դեպքում լուր կուղարկեմ։ Իսկ դուք արեք այնպես, ինչպես որոշված է, միայն զգույշ եղեք, եւ ամենակարեւորը՝ պահպանեք Մատանին։ Եվ իմ անկապտելի խորհուրդը քեզ․ չհագնես այն․․․