Changes
====4. ՑԵՐԵԿԱՅԻՆ ԵՎ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ։ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԻՍՏԵՄԸ====
Արժեքի ավելացման պրոցեսի տեսակետից՝ հաստատուն կապիտալը, արտադրության միջոցները գոյություն ունեն միայն նրա համար, որ աշխատանք ներծծեն և աշխատանքի ամեն մի կաթիլի հետ համապատասխան քանակությամբ հավելյալ աշխատանք ներծծեն։ Որքան ժամանակ նրանք այդ չեն անում, նրանց ապարդյուն գոյությունը իր տեսակի կորուստ է կապիտալիստի համար, որովհետև այն ամբողջ ժամանակամիջոցում, քանի դեռ արտադրամիջոցները մնում են առանց գործադրության, նրանք մնում են որպես անօգուտ ավանսավորած կապիտալ. այդ կորուստը դառնում է դրական, եթե ընդհատված արտադրության վերսկսումը անհրաժեշտ է դարձնում լրացուցիչ ծախսումները։ Աշխատանքային օրվա երկարացումը բնական օրվա սահմաններից դուրս, երկարացումը գիշերվա հաշվին ներգործում է լոկ որպես կիսամիջոց, միայն որոշ չափով է հագեցնում աշխատանքի կենդանի արյան վամպիրային ծարավը։ Այդ պատճառով աշխատանքի յուրացումը օրվա բոլոր 24 ժամվա ընթացքում կազմում է կապիտալիստական արտադրության ներհատուկ ձգտումը։ Բայց որովհետև ֆիզիկապես անկարելի է գիշեր ու ցերեկ ծծել միևնույն աշխատուժերը, ուստի ֆիզիկական արգելքները հաղթահարելու համար պահանջվում է ցերեկն ու գիշերը կլանվող աշխատուժերի հերթափոխություն, այնպիսի հերթափոխություն, որ տարբեր մեթոդներ է թույլ տալիս, օրինակ, այնպես կազմակերպված հերթափոխություն, երբ բանվորական անձնակազմի մի մասը մի շաբաթ ցերեկվա աշխատանք է կատարում, մյուս շաբաթ՝ գիշերվա աշխատանք և այլն։ Ինչպես հայտնի է, հերթափոխության այդ սիստեմը, այդ փոփոխուն տնտեսությունը, իշխում էր անգլիականբամբակեղենի և արդյունաբերության այլ ճյուղերի լիառողջ երիտասարդական ժամանակաշրջանում, և ներկայումս ծաղկում է ի միջի այլոց Մոսկվայի նահանգի բամբակամանարաններում։ Արտադրության 24-ժամյա պրոցեսը, որպես, սիստեմ, այսօր էլ գոյություն ունի Մեծ-Բրիտանիայի արդյունաբերության մինչև հիմա էլ դեռ «ազատ» ճյուղերում, ի միջի այլոց Անգլիայի, Ուելսի ու Շոտլանդիայի դոմնային գործարաններում, դարբնոցներում, երկաթագլոցարաններում ու մետաղամշակման մյուս մանուֆակտուրաներում։ Աշխատանքի պրոցեսը ոչ միայն շարունակվում է 6 լի օրերից յուրաքանչյուրում 24-ական ժամ, այլև մեծ մասամբ ընդգրկում է նաև կիրակի օրվա 24 ժամը։ բանվորների կազմի մեջ մտնում են թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք, երկու սեռի՝ հասակավորներ ու երեխաներ։ Երեխաների ու դեռահասների տարիքն ընդգրկում է 8 տարեկանից (մի քանի դեպքում 6 տարեկանից) մինչև 18 տարեկան բոլոր միջակա աստիճանները<ref>«Children’s Employment Commission. Third Report». London 1864, էջ IV, V, VI։</ref>։ Մի քանի ճյուղերում աղջիկներն ու կանայք գիշերն աշխատում են տղամարդկանց հետ միասին<ref>«Ստաֆֆորդշիրում և հարավային Ուելսում երիտասարդ աղջիկներն ու կանայք քարածխահանքերում և կուսարաններում աշխատում են ոչ միայն ցերեկը, այլև գիշերը։ Պառլամենտին ներկայացվող հաշվետվություններում հաճախ այս երևույթը նշվում էր որպես լուրջ ու հանրածանոթ չարիքի պատճառ։ Կանայք, որոնք աշխատում են տղամարդկանց հետ և նրանցից հազիվ են տարբերվում իրենց հագուստով, ծածկված կեղտ ու մրով, իրենց բարոյական կերպարանքը կորցնելու վտանգին են ենթարկվում՝ սեփական արժանապատվությունը կորցնելու հետևանքով, մի բան, որ անխուսափելիորեն պայմանավորված է կնոջը ոչ հատուկ զբաղմունքով» (նույն տեղում, 194, էջ XXVI։ Հմմտ. Fourth Report (1865) 61, էջ XIII)։ Նույնն է նաև ապակու գործարաններում։</ref>։ Չխոսելով արդեն գիշերային աշխատանքի ընդհանուր վնասակար հետևանքների մասին<ref>«Բնական է թվում,— նկատում է մի պողպատագործարանատեը, որի մոտ երեխաների գիշերային աշխատանք է կիրառվում,— որ գիշերն աշխատող դեռահասները ցերեկը հնարավորություն չեն ունենում քնելու և անհրաժեշտ հանգիստ ստանալու, այլ ստիպված են ամբողջ հաջորդ օրն առանց հանգստի թափառելու» («Children’s Employment Commission. Fourth Report», 63, էջ XIII)։ Ահա ի միջի այլոց ինչ է ասում մի բժիշկ այն կարևորության մասին, որ արևի լույսն ունի մարմնի պահպանման ու զարգացման համար. «Լույսն անմիջական ազդեցություն է ունենում մարմնի հյուսվածքների վրա, որոնց նա ամրություն ու ճկունություն է տալիս։ Այն կենդանիների մկանները, որոնք զրկված են լույսի նորմալ քանակից, թույլ են դառնում և կորցնում են իրենց առաձգականությունը, ներվային ուժը կորցնում է իր տոնուսը գրգռիչ մղումների բացակայության հետևանքով, և կասեցվում է աճման պրոցեսում գտնվող ամեն ինչի զարգացումը... Ինչ վերաբերում է երեխաներին, ապա օրվա մի մասում ցերեկվա առատ լույսի հոսանքը և արեգակի ճառագայթների անմիջական ազդեցությունը առանձնապես կարևոր է նրանց առողջության համար։ Լույսը նպաստում է, որ կերակուրները փոխարկվեն լավորակ ու պլաստիկ արյան, և ամրացնում է նոր գոյացող մարմնաթելիկները։ Լույսը նմանապես ներգործում է տեսողության օրգանների վրա, որպես հարուցիչ և այդպիսով ուղեղի տարբեր ֆունկցիաների ավելի ինտենսիվ գործունեություն է առաջ բերում»։ Պարոն Վ. Ստրենջը, Ուստերի «General Hospital»-ի գլխավոր բժիշկը, որի «Առողջության մասին» աշխատությունից (1864) ենք վերցնում այս հատվածը, քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտին ուղղած նամակում գրում է. «Ես առաջ Լանկաշիրում հնարավորություն եմ ունեցել դիտելու այն ներգործությունը, որ գիշերային աշխատանքն անում է գործարանային երեխաների վրա, և, հակառակ մի քանի գործատուների սովորական հավաստիացումներին, վճռականորեն պնդում եմ, որ այդ աշխատանքը երեխաների առողջությանը շուտ է վնասում» («Children’s Employment Commission. 4th Report» 284, էջ 55)։ Այն հանգամանքը միայն, որ այդպիսի բաներն ընդհանրապես կարող են լուրջ քննարկման առարկա լինել, ամենից լավ է ապացուցում, թե կապիտալիստական արտադրությունն ինչպես է ներգործում կապիտալիստների ու նրանց արբանյակների «ուղեղի ֆունկցիաների» վրա։</ref>, արտադրության անընդհատ, քսանչորս ժամ տևող պրոցեսը վերին աստիճանի հարմար առիթ է տալիս՝ անվանական աշխատանքային օրվա սահմաններից անցնելու համար։ Օրինակ, արդյունաբերության վերը հիշատակված ճյուղերում, որոնք մեծ լարում են պահանջում, պաշտոնական աշխատանքային օրը մեծ մասամբ 12 գիշերային կամ ցերեկային ժամ է։ Բայց այդ սահմաններից անցնող արտաժամյա աշխատանքը շատ դեպքերում, անգլիական պաշտոնական հաշվետվության բառերով ասենք, «իրոք սարսափելի է» («truly fearful»)<ref>Նույն տեղում, 57, էջ XII։</ref>։ «Ոչ մի մարդկային միտք,— ասում է հաշվետվությունը,— չի կարող պատկերացնել աշխատանքի այն մասսան, որ, վկաների տված ցուցմունքների համաձայն, կատարում են 9-ից մինչև 12 տարեկան տղաները,— և դրանից հետո չգալ այն անխուսափելի հետևությանը, որ այլևս չի կարելի հանդուրժել ծնողների ու գործատուների իշխանության այդպիսի չարաշահումը»<ref>նույն տեղում (4th Report, 1865., 58, էջ XII։</ref>։ «Հենց միայն այն հանգամանքը, որ տղաներին ընդհանրապես ստիպում են փոխառփոխ աշխատել մերթ ցերեկը, մերթ գիշերը, այն հետևանքն է ունենում, որ թե՛ գործերի աշխուժացման ու թե՛ նրանց սովորական ընթացքի ժամանակ աշխատանքային օրը երկարացվում է ամոթալի չափերով։ Այդ երկարացումը շատ դեպքերում ո՛չ միայն սարսափելի, այլև ուղղակի անհավատալի բնույթ է կրում։ Անխուսափելիորեն ժամանակ առ ժամանակ պատահում է, որ աշխատանքը վերջացնողին փոխարինող տղաներից մեկը այս կամ այն պատճառով չի գալիս։ Այդ դեպքում ներկա եղող տղաներից մեկը կամ մի քանիսը, որոնք իրենց աշխատանքային օրն արդեն վերջացրել են, պետք է փոխարինեն բացակայողին։ Այդ սիստեմն այնքան հանրածանոթ է, որ գլոցագործարանի մի դիրեկտոր իմ հարցին, թե բացակա տղաների տեղերն ինչ կերպ են լրացվում, պատասխանեց. «Ես հաստատ գիտեմ, որ դուք այդ նույնքան լավ գիտեք, որքան և ես»,— և առանց որևէ տատանման խոստովանեց վերը նշված փաստը»<ref>Նույն տեղում։</ref>։ «Մի գլոցագործարանում, որտեղ անվանական աշխատանքային օրը տեվում է առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան 5½ ժամը, մի փոքր տղա ամեն շաբաթ 4 գիշեր աշխատում էր մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամի առնվազն 8½-ը... և այդպես 6 ամիս շարունակ»։ «Մի ուրիշը, ինը տարեկան, երբեմն աշխատում էր աշխատանքային երեք հերթափոխ իրար հետևից, ամեն մեկը տասներկու ժամ, իսկ տասը տարեկան մի տղա՝ երկու օր և երկու գիշեր իրար հետևից»։ «Մի երրորդ տղա, որ հիմա 10 տարեկան է, աշխատում էր առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երեք գիշեր շարունակ և մինչև երեկոյան ժամի 9-ը՝ մյուս գիշերները»։ «Չորրորդը, որ հիմա 13 տարեկան է, աշխատում էր երեկոյան ժամի 6-ից մինչև մյուս օրը ցերեկվա ժամի 12-ը՝ մի ամբողջ շաբաթ, իսկ երբեմն էլ երեք հերթափոխ իրար հետևից, օրինակ, երկուշաբթի առավոտվանից մինչև երեքշաբթի գիշեր»։ «Հինգերորդը, որ հիմա 12 տարեկան է, Ստեյվլիի երկաթաձուլական գործարանում աշխատում էր առավոտվա ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 12-ը՝ երկու շաբաթ շարունակ, նա արդեն, անընդունակ է այդպիսի աշխատանքը շարունակելու»։ Ջորջ Էլինսվորտը, ինը տարեկան, ասում է. «Ես այստեղ եկել եմ անցյալ ուրբաթ օրը։ Մենք պետք է հաջորդ օրը սկսեինք աշխատանքը առավոտյան ժամի 3-ին։ Այդ պատճառով ես այստեղ մնացի ամբողջ գիշերը։ Ապրում եմ այստեղից 5 մղոն հեռու։ Քնել էի գետնին՝ կաշվե գոգնոցը տակս գցած ու մի փոքրիկ բաճկոն վրաս քաշած։ Հաջորդ երկու օրը ես գալիս էի առավոտյան ժամի 6-ին։ Այո, տաք տեղ է։ Այստեղ ընդունվելուցս առաջ ես մի ամբողջ տարի աշխատում էի դոմնային գործարանում։ Այդ մի շատ մեծ գործարան էր գյուղում։ Իմ աշխատանքը նույնպես սկսվում էր շաբաթ օրն առավոտյան ժամի 3-ին, բայց ես գոնե կարող էի տուն գնալ քնելու, որովհետև մոտ էի ապրում։ Մյուս օրերը ես աշխատանքն սկսում էի առավոտյան ժամի 6-ին, իսկ վերջացնում էի երեկոյան ժամի 6-ին կամ 7-ին» և այլն<ref>Նույն տեղում էջ XIII։ Այս «աշխատուժերի» զարգացման մակարդակը անխուսափելիորեն այնպես պետք է լինի, ինչպես պատկերանում է քննիչ հանձնաժողովի անդամներից մեկի հետ ունեցած հետևյալ դիալոգի մեջ. Երեմիա Հեյնս, 12 տարեկան. «...չորս անգամ չորսն անում է ութ, բայց 4 քառյակը (4 fours) անում է 16... Նրա համար թագավորը նա է, ով ամբողջ փողի ու ոսկու տերն է (A king is him that has all the money and gold)։ Մենք թագավոր ունենք. ասում են, որ նա թագուհի է, նրան անվանում են իշխանուհի Ալեքսանդրա։ Ասում են՝ նա ամուսնացել է թագուհու տղայի հետ։ Իշխանուհին տղամարդ է»։ Վ. Տերներ, տասներկու տարեկան. «Ես Անգլիայում չեմ ապրում։ Կարծում եմ, որ այդպիսի երկիր կա, բայց մինչև այժմ ես ոչինչ չգիտեի նրա մասին»։ Ջոնն Մոռիս, տասնչորս տարեկան. «Լսել եմ, որ աստված է ստեղծել աշխարհը և որ ամբողջ ժողովուրդը խեղդվել է ջրի մեջ, բացի մեկ հոգուց լսել եմ, որ այդ մեկ մարդը մի փոքրիկ թռչուն էր»։ Վիլիամ Սմիթ, տասնհինգ տարեկան. «Աստված ստեղծեց տղամարդուն, տղամարդն է ստեղծեց կնոջը»։ Էդուարդ Տեյլոր, տասնհինգ տարեկան. «Լոնդոնի մասին ոչ մի բան չեմ իմանում»։ Հենրի Մետյումեն, տասնյոթ տարեկան. «Մի քանի անգամ եղել եմ եկեղեցում... մի անուն, որի մասին նրանք քարոզում են, ինչ-որ Հիսուս Քրիստոսն է, բայց ես ուրիշ անուններ տալ չեմ կարող, և նրա մասին էլ չեմ կարող ոչինչ ասել։ Նա չի սպանվել, այլ մեռել է մյուս բոլոր մարդկանց պես։ Նա մի տեսակ տարբերվում էր մյուս մարդկանցից, որովհետև մի տեսակ կրոնասեր էր, իսկ ուրիշները կրոնասեր չեն»։ (He was not the same as other people in some ways, because he was religious in some ways, and others isn't) (նույն տեղում, 74, է] XV)։ «Սատանան բարի էակ է։ Ես չեմ իմանում, թե նա որտեղ է ապրում»։ «Քրիստոսը չար մարդ էր» («The devil is a good person. I don’t know where he lives». «Christ was a wicked man»)»։ «Այս աղջիկը (10 տարեկան) God [աստված] բառի փոխարեն ասում է Dog [շուն] և թագուհու անունը չգիտեր» («Children’s Employment Commission. 5tհ Report», 1866, էջ 55, № 278)։ Նույն սիստեմը, որ կա մետաղեղենի հիշյալ մանուֆակտուրաներում, իշխում է ապակու և թղթի գործարաններում։ Թղթի այն գործարաններում, որտեղ թուղթը մեքենաներով է արտադրվում, գիշերային աշխատանքը, որպես ընդհանուր կանոն, գոյություն ունի բոլոր պրոցեսների համար, բացի ձորձերի տեսակավորումից։ Մի քանի դեպքերում հերթափոխությունների շնորհիվ գիշերային աշխատանքն անընդհատ շարունակվում է ամբողջ շաբաթ, սովորաբար կիրակի գիշերվանից մինչև հաջորդ շաբաթ օրը գիշերվա ժամի 12-ը։ Ցերեկվա հերթափոխում գտնվող բանվորական անձնակազմը շաբաթական 5 ցերեկ աշխատում է 12 ժամ և մի ցերեկ 18 ժամ, իսկ գիշերային հերթափոխի մեջ գտնվողը 5 գիշեր աշխատում է 12 ժամ և մի գիշեր՝ 6 ժամ։ Ուրիշ դեպքերում յուրաքանչյուր հերթափոխ հերթափոխությունների կարգը փոխվելու օրերին աշխատում է 24 ժամ և իրար հետևից փոխառփոխ։ Մի հերթափոխն աշխատում է 6 ժամ երկուշաբթի և 18 ժամ շաբաթ օրը, որպեսզի լրիվ 24 ժամ դուրս գա։ Որոշ դեպքերում մտցված է միջակա սիստեմ, որի ժամանակ այն բոլոր բանվորները, որոնք թուղթ շինող մեքենաների վրա են զբաղված, շաբաթվա մեջ ամեն օր աշխատում են 15—16 ժամ։ «Այս սիստեմը,— ասում է քննիչ հանձնաժողովի անդամ Լորդը,— կարծես իր մեջ միացնում է 12-ժամյա և 24-ժամյա հերթափոխությունների ամբողջ չարիքը։ Գիշերային աշխատանքի այդ սիստեմի պայմաններում աշխաքտում են 13 տարեկանից փոքր երեխաներ, 18 տարեկանից փոքր դեռահասներ և կանայք։ Երբեմն, տասներկուժամյա սիստեմի ժամանակ, բացակայող բանվորներին փոխարինելու համար նրանք հարկադրված են լինում կրկնակի հերթափոխ, 24 ժամ աշխատելու։ Վկաների ցուցմունքները պարզում են, որ տղաներն ու աղջիկները շատ հաճախ թողնվում են արտաժամյա աշխատանքներ կատարելու, որոնք շատ անcամ ձգձգվում դառնում են 24 ու նույնիսկ 36 ժամվա անընդհատ աշխատանք։ Ողորկման «շարունակական ու փոփոխական պրոցեսում» կարելի է հանդիպել 12 տարեկան աղջիկների, որոնք ամբողջ ամիսն օրական աշխատում են 14 ժամ «առանց որևէ կանոնավոր հանգստի կամ աշխատանքի ընդմիջման, բացի կերակուր ընդունելու համար երկու, ամենաշատը երեք անգամ կես-կես ժամ դադարից»։ Մի քանի գործարաններում, որտեղ բոլորովին վերացված է գիշերային կանոնավոր աշխատանքը, արտաժամանակի տևողությունը սարսափելի չափերի է հասնում և «դա շատ անգամ ամենակեղտոտ, շիկացած ջերմաստիճանում կատարվող և ամենամիապաղաղ պրոցեսներում»» («Children’S Employment Commission. 4th Report, 1865», էջ XXXVIII և XXXIX)։</ref>։ Հիմա լսենք, թե ինքը՝ կապիտալն ինչպես է նկարագրում, այդ քսանչորսժամյա սիստեմը։ Նա, իհարկե, լռության է տալիս այդ սիստեմի ծայրահեղությունները, դրա չարաշահումները՝ աշխատանքային օրը «անգութ ու աներևակայելի» չափով երկարացնելու նպատակով։ Նա խոսում է միայն սիստեմի մասին սրա «նորմալ» ձևի պայմաններում։ Ահա թե ինչ են ասում պողպատագործարանի տերեր պպ. Նեյլորն ու Վիկկերսը, որոնք բանեցնում են 600-ից մինչև 700 բանվոր. սրանցից միայն 10%-ն է 18 տարեկանից փոքր, ընդ որում նրանց միջից միայն 20 տղա են գիշերվա հերթին աշխատում. «Տղաներն ամենևին չեն նեղվում տաքությունից։ Ջերմաստիճանը հավանորեն հասնում է 86°—90°-ի [Ֆարենհայտի. Ցելսիուսի 30—32 աստիճան] Դարբնոցում ու գլոցման արհեստանոցում ձեռքերն զբաղված են գիշեր ու ցերեկ հերթափոխությամբ. դրան հակառակ, մյուս բոլոր արհեստանոցներում բացառապես ցերեկն են աշխատում՝ առավոտյան ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 6-ը։ Դարբնոցում աշխատում են ժամի 12-ից մինչև ժամի 12-ը։ Մի քանի ձեռքեր աշխատում են միշտ գիշերը, առանց գիշերային աշխատանքից ցերեկային աշխատանքի անցնելու... Մենք չենք գտնում, որ ցերեկային ու գիշերային աշխատանքը տարբեր ազդեցություն ունի առողջության վրա (պարոնայք Նեյլորի և Վիկկերսի՞ առողջության վրա), և մարդիկ, հավանորեն, ավելի լավ են քնում, երբ հանգիստը միշտ միևնույն ժամանակ է ընկնում, քան երբ փոփոխվում է հանգստի ժամանակը... 18 տարեկանից փոքր մոտավորապես քսան տղա աշխատում են գիշերվա հերթափոխում... Մենք չենք կարող գործարան պահել (not well do) առանց 18 տարեկանից փոքր տղաների գիշերային աշխատանքի։ Մեր առարկությունը արտադրության ծախքերի ավելացումն է։ Հմուտ ձեռքեր ու բաժնի վարիչներ գտնելը հեշտ չէ, իսկ տղաներ՝ որքան ուզեք, կարող եք ճարել... Իհարկե, նկատի ունենալով մեզ մոտ զբաղված տղաների թվի հարաբերական չնչինությունը, գիշերային աշխատանքի սահմանափակումը էական կարևորություն կամ նշանակություն չէր ունենա մեզ համար»<ref>«Fourth Report etc. 1865», 79, էջ XVI։</ref>։ Պ-ն Ջ. Էլլիսը, պպ. Ջոն Բրաուն և Ընկ. ֆիրմայից, որի պողպատի ու երկաթի գործարաններում 3000 տղամարդ ու պատանի է աշխատում, ընդ որում պողպատի ու երկաթի ծանր աշխատանքների մի մասի համար «ցերեկվա ու գիշերվա հերթափոխություն» է կատարվում,— հայտարարում է, որ՝ պողպատի գործարանների դժվարին պայմաններում երկու չափահասին մեկ կամ երկու պատանի է ընկնում։ Նրանց ձեռնարկության մեջ հաշվվում են 18 տարեկանից փոքր 500 պատանի և նրանցից մոտավորապես 170-ը, կամ <math>^1_3</math>-ը, 13 տարեկանից փոքր են։ Օրենքի նախագծվող փոփոխման վերաբերմամբ պ. Էլլիսն ասում է. «Ես չեմ կարծում, թե շատ դատապարտելի կլիներ (very objectionable), եթե արգելվեր 18 տարեկանից փոքր անձերին 24 ժամվա մեջ 12 ժամից ավելի պարտադիր կերպով աշխատելը։ Բայց ես չեմ կարծում, թե կարելի է որևէ ապացույց բերել հօգուտ այն բանի, որ գիշերային աշխատանքի դեպքում կարելի է գործը վարել առանց 12 տարեկանից մեծ երեխաների։ Մենք ավելի շուտ կընդունեինք այն օրենքը, որն ընդհանրապես արգելեր 13 տարեկանից կամ նույնիսկ 15 տարեկանից փոքր տղաների աշխատանքի կիրառումը, քան այն օրենքը, որն արգելեր մեր ձեռքի տակ արդեն աշխատող տղաների գիշերային աշխատանքը։ Այն դեռահասները, որոնք զբաղված են ցերեկվա հերթափոխում, պետք է փոփոխակի գիշերային հերթափոխում էլ աշխատեն, որովհետև մեծահասակ բանվորները չեն կարող՝ անդադար գիշերներն աշխատել, այդ կխորտակեր նրանց առողջությունը։ Սակայն մենք կարծում ենք, որ գիշերային աշխատանքը, եթե կատարվում է հաջորդ շաբաթվա ընդմիջումով, վնաս չի հասցնում։ (Պարոնայք Նեյլորն ու Վիկկերսը, իրենց ձեռնարկության շահերը պաշտպանելով, կարծում էին, ընդհակառակը, որ ո՛չ թե անընդհատ, այլ հենց պարբերաբար հերթափոխվող գիշերային աշխատանքը կարող է վնաս պատճառել։) Մենք տեսնում ենք որ հերթափոխությամբ գիշերային ու ցերեկային աշխատանքով զբաղված մարդիկ նույնպես առողջ են, ինչպես և նրանք, որոնք միայն ցերեկն են աշխատում... 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքն արգելելու դեմ մենք առարկում ենք այն պատճառով, որ այդ կավելացներ ծախքերը, բայց այդ էլ հենց միակ հիմքն է։ (Ինչպիսի՜ միամիտ ցինիզմ։) Մենք կարծում ենք, որ ծախքերի այս ավելացումը կգերազանցեր այն ծախքերից, որոնց կարող է դիմանալ ձեռնարկությունը (the trade) առանց վնաս հասցնելու իր առաջադիմությանը։ (As the trade with due regard to etc. could fairly bear! Որպիսի՜ շփոթանման ֆրազեոլոգիա։) Աշխատանքն այստեղ հազվադեպ է, իսկ այդպես կարգավորելիս այն կարող էր անբավարար դառնալ» (այսինքն՝ էլլիսը, Բրաունն ու Ընկ. կարող էին ճակատագրական դրության մեջ ընկնել հարկադրված լինելով լրիվ վճարելու աշխատուժի արժեքը)<ref>Նույն տեղում, 80, էջ XVI։</ref>։ «Պարոնայք Կեմելի և Ընկ. «Կիկլոպ» պողպատաձուլարաններն ու երկաթագործարանները վարվում են միևնույն խոշոր մասշտաբով, ինչպես վերը հիշված Ջոն Բրաունի և Ընկ. ձեռնարկությունը։ Դիրեկտոր-կառավարիչը կառավարական հանձնաժողովի անդամ Ուայտին հանձնեց իր գրավոր ցուցմունքները, բայց հետո նպատակահարմար գտավ թաքցնել ձեռագիրը, որը նրան էին վերադարձրել վերանայելու համար։ Սակայն պ. Ուայտը լավ հիշողություն ունի։ Նա շատ լավ հիշում է, որ այդ պարոն կիկլոպների համար «անկարելի բան է» երեխաների ու դեռահասների աշխատանքն արգելելը. «այդ հավասարազոր կլիներ նրանց գործարանները փակելուն» և, այնուամենայնիվ, նրանց ձեռնարկության մեջ 6%-ից մի՜ քիչ ավելի են 18 տարեկանից փոքր դեռահասները և մի մի՜այն 1% 13 տարեկանից փոքրերը»<ref>Նույն տեղում, 82, էջ XVII։</ref>։ Եղբ. Սանդերսոն և Ընկ. Էտտերկլիֆի պողպատաձուլական, երկաթագլոցման ու դարբնոցային գործարանների ֆիրմայի ներկայացուցիչ պ-ն Ե. Ֆ. Սանդերսոնը այս հարցի մասին հետևյալ ձևով է արտահայտվում. «Մեծ դժվարություններ կառաջացներ 18 տարեկանից փոքր դեռահասների գիշերային աշխատանքի արգելումը, գլխավոր դժվարությունը ծախքերի ավելացումն է, որն անհրաժեշտաբար տեղի կունենար երեխաների աշխատանքը մեծահասակ տղամարդկանց աշխատանքով փոխարինելու հետևանքով։ Թե այդ ծախքերը որքան կմեծանային, ես չեմ կարող ասել, բայց, հավանորեն, այնքան մեծ չէին լինի, որ գործարանատերը կարողանար պողպատի գինը բարձրացնել, և, հետևաբար, վնասը կծանրանար նրա վրա, որովհետև բանվորները, իհարկե, կհրաժարվեին այդ վնասը կրելուց» (ի՜նչ համառ մարդիկ են)։ Պ֊ն Սանդերսոնը չի իմանում, թե երեխաներին որքան է վճարում, բայց «հավանորեն դա շաբաթական կազմում է շնչին 4-ից մինչև 5 շիլլինգ... Տղաների աշխատանքն այնպես է, որ նրա համար ընդհանրապես («genferally») իհարկե, ոչ միշտ «մասնավորապես») միանգամայն բավարար է դեռահասների ուժը, ուստի և մեծահասակ բանվորների ավելի մեծ ուժը ոչ մի այնպիսի օգուտ չէր տա, որը փոխհատուցեր կորուստը, կամ այդ կարող էր տեղի ունենալ միայն սակավաթիվ դեպքերում, երբ հարկ է լինում գործ ունենալու շատ ծանր մետաղի հետ։ Մեծահասակ բանվորներին, իրենց հերթին, հաճելի չէր լինի, եթե նրանք իրենց ձեռքի տակ տղաներ չունենային, որովհետև մեծահասակ տղամարդիկ ավելի քիչ հնազանդ են։ Բացի դրանից, տղաները պետք է վաղ հասակից սկսեն աշխատել, որպեսզի արհեստ սովորեն։ Դեռահասների աշխատանքը սոսկ ցերեկային աշխատանքով սահմանափակելն արգելք կլիներ այդ նպատակին հասնելուն»։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ դեռահասները չէին կարող իրենց «արհեստը» ցերեկը սովորել։ Ձեր հիմունքնե՞րը։ «Որովհետև մեծահասակ բանվորները, որոնք փոխառփոխ մի շաբաթ ցերեկն են աշխատում, մի շաբաթ՝ գիշերը, այդ ամբողջ ժամանակվա ընթացքում իրենց հերթափոխության դեռահասներից բաժանված, կկորցնեին իրենց այն օգուտի կեսը, որ կարող էին կորզել նրանցից։ Այսինքն՝ այն ղեկավարությունը, որ նրանցից ստանում են դեռահասները, հաշվի է առնվում որպես վերջինների աշխատավարձի մի մասը, և այդ հնարավորություն է տալիս, որ մեծահասակ բանվորները դեռահասների աշխատանքն ավելի էժան ձեռք բերեն։ Ամեն մի մեծահասակ բանվոր կկորցներ իր շահույթի կեսը»։ Ուրիշ խոսքով՝ պարոնայք Սանդերսոնները մեծահասակ բանվորների աշխատավարձի համապատասխան մասը պետք է վճարեին իրենց սեփական գրպանից, փոխանակ դեռահասների գիշերային աշխատանքով վճարելու։ Այս դեպքում պարոնայք Սանդերսոնների շահույթը մի քիչ կպակասեր, և այդ Սանդերսոնների համար լավ հիմք է ծառայում այն բանին, թե ինչու դեռահասներն իրենց արհեստը չպետք է ցերեկը սովորեն<ref>«Խորհրդածությամբ հարուստ ու իմաստակասեր մեր ժամանակներում այն մարդը, որ չի կարողանում ամեն ինչի համար, նույնիսկ ամենավատ ու ամենահեղհեղուկ մտքերի ու արարքների համար լավ հիմունք ցույց տալ, պետք է շատ սահմանափակ մտքի տեր լինի։ Այն ամենը, ինչ որ աշխարհումս փչացած է, փչացել է լավ հիմունքներով» (Hegel: «Encyklopädie». Մասն I, «Die Logik». Berlin 1840, էջ 249)։ [Гегель «Энциклопедия философских наук». Մասն առաջին. «Логика». Հատված երկրորդ, § 121, Госиздат, 1929 թ., էջ 212։]</ref>։ Բացի դրանից, այդ բանը կանոնավոր գիշերային աշխատանքը ամբողջովին կբարդեր հասակավորների ուսերին, որոնց հիմա հերթափոխում են դեռահասները, և նրանք չէին դիմանա դրան։ Կարճ ասած՝ դժվարություններն այնքան մեծ կլինեին, որ նրանք ամենայն հավանականությամբ ամբողջովին կոչնչացնեին գիշերային աշխատանքը։ «Ինչ վերաբերում է բուն իսկ պողպատի արտադրությանը,— ասում է Ե. Ֆ. Սանդերսոնը,— ապա այդ ոչ մի տարբերություն չէր անի, բայց...»։ Բայց պարոնայք Սանդերսոնները մի ուրիշ բանի մասին էլ են հոգում, բացի պողպատի արտադրությունից։ Պողպատի արտադրությունը լոկ պատրվակ է շահույթ արտադրելու համար։ Հալոցահնոցները, գլոցման արհեստանոցները և այլն, շենքերը, մեքենաները, երկաթը, քարածուխը և այլն ավելի կարևոր գործ ունեն, քան պողպատի վերածվելը։ Դրանք նրա համար գոյություն ունեն, որ հավելյալ աշխատանք քամեն և, իհարկե, 24 ժամում ավելի կքամեն, քան 12 ժամում։ Եվ իրոք, աստվածային ու մարդկային օրենքների համաձայն նրանց՝ Սանդերսոններին, նրանք իրավունք են վերապահում ամբողջ 24 ժամ օգտվելու որոշ թվով ձեռքերի աշխատաժամանակից. հենց որ աշխատանք քամելու նրանց ֆունկցիան ընդհատվում է, նրանք կորցնում են կապիտալի իրենց բնույթը, ուստի և Սանդերսոնների համար զուտ վնաս են։ «Բայց այդ դեպքում կորուստ առաջ կգար խիստ թանկ մեքենաների ժամանակի կեսի ընթացքում պարապ կանգնելուց, և մենք արդյունքների այն քանակն արտադրելու համար, որ մենք ի վիճակի ենք այժմյան սիստեմում արտադրելու,— ստիպված կլինեինք կրկնապատկելու շենքերն ու մեքենաների քանակը, իսկ այդ կկրկնապատկեր ծախքերը»։ Բայց ինչո՞ւ հենց այդ Սանդերսոններն են պահանջում, որ իրենք արտոնություն ունենան այն մյուս կապիտալիստների համեմատությամբ, որոնց թույլատրված է բանվորներին միայն ցերեկն աշխատեցնել և որոնց շենքերը, մեքենաները, հոսք նյութը գիշերը «պարապ են»։ «Այդ ճիշտ է,— պատասխանում է Ե. Ֆ. Սանդերսոնը բոլոր Սանդերսոնների անունից,— ճիշտ է, որ մեքենաների պարապությունից, առաջացած վնասը տարածվում է այն բոլոր ձեռնարկությունների վրա, որտեղ միայն ցերեկն են աշխատում։ Բայց հալոցահնոցների գործածումը մեր դեպքում արտակարգ կորուստներ կպատճառեր։ Եթե հնոցները վառած պահենք, վառելանյութը կվատնվի (բանվորների կյանքի փոխարեն, որը վատնվում է ներկայումս), իսկ եթե հնոցները վառած չպահենք, ապա ժամանակ է կորչում նորից կրակ վառելու և անհրաժեշտ ջերմաստիճան ստանալու համար (այնինչ նույնիսկ ութ տարեկան երեխաների կողմից քնի ժամանակի կորուստը աշխատաժամանակի շահում է սանդերսոնյան ազգատոհմի համար), ասենք՝ իրենք հնոցներն էլ կտուժեին ջերմաստիճանի փոփոխումից» (այնինչ նույն այդ հնոցները բոլորովին չեն տուժում աշխատանքի ցերեկվա ու գիշերվա հերթափոխումից)<ref>«Children’s Employment Commission. 4tհ Report etc.», 1865, 85, էջ XVII։ Ապակեգործարանի պարոն սեփականատերերից մեկի նույնպիսի նրբավարի դատողություններին, թե իբր երեխաների համար «ճաշելու կանոնավոր ժամանակ սահմանելը» անկարելի է, որովհետև այդ առաջ կբերեր վառարանների արձակած տաքության մի որոշ քանակի «զուտ կորուստ» և «վատնում»,— այսպես է պատասխանում քննիչ հանձնաժողովի անդամ Ուայտը, որն ամենևին նման չէ Յուրին, Սենիորին և ուրիշներին ու նրանց գերմանացի այն խղճուկ ձայնակիցներին, ինչպես Ռոշերը և ուրիշները, որոնք զգացված են կապիտալիստների «ժուժկալությունից», «անձնուրացությունից» ու «խնայողությունից» իրենց փողը ծախսելիս և նրանց թեմուր-թամերլանյան «շռայլումից», երբ հարցը վերաբերում է մարդկային կյանքին.— «Եթե ճաշելու կանոնավոր ժամանակն ապահովելու հետևանքով ջերմության որոշ ավելորդ քանակ վատնվի էլ այժմյան համեմատությամբ, ապա, նույնիսկ փողային արժեքով արտահայտած, այդպիսի վատնումը չի կարելի համեմատել կենսական ուժի այն վատնումի հետ («the waste of animal power»), որից պետությանը հիմա տուժում է այն պատճառով, որ ապակու գործարաններում աշխատող ու աճման հասակում գտնվող երեխաները ազատ ժամանակ չունեն իրենց կերակուրը հանգիստ ուտելու և մարսելու համար» (նույն տեղում, էջ XLV)։ Եվ այս տեղի է ունենում 1865 «ծաղկմա՜ն թվականին»։ Մենք արդեն չենք խոսում այն մասին, թե ուժի ինչպիսի ծախսում է պահանջվում ծանրություններ բարձրացնելու և կրելու համար. այն գործարաններում, որոնք շշեր ու ֆլինտգլաս կոչվող ապակի են պատրաստում, երեխան իր աշխատանքը անընդհատ կատարելով, 6 ժամում պետք է 15-ից մինչև 20 (անգլիական) մղո՜ն ճանապարհ անցնի։ Իսկ աշխատանքը շատ անգամ տևում է 14-ից մինչև 15 ժամ։ Ապակու գործարաններից շատերում վեցժամյա հերթափոխությունների նույնպիսի սիստեմ է իշխում, ինչպես Մոսկվայի մանարաններում։ «Շաբաթական աշխատաժամանակի ընթացքում ամենաերկարատև անընդհատ հանգիստը տևում է վեց ժամ։ Բայց դրանից պետք է հանել գործարան գնալ-գալու, լվացվելու, հագնվելու, կերակուր ընդունելու անհրաժեշտ ժամանակը, իսկ այդ բոլորը ժամանակ է պահանջում։ Այսպիսով, իրոք միայն մի ամենակարճ ժամանակ է մնում հանգստի համար։ Եթե քնելու ժամանակից ժամ չխլվի. ապա ոչ մի րոպե չի մնում խաղալու և թարմ օդ ծծելու համար, մի բան, որ այնպես անհրաժեշտ է այդքան տաքացած մթնոլորտում ու այնպիսի լարված աշխատանքով զբաղված երեխաներին... Բայց երեխայի կարճ քունն էլ գիշերը խանգարվում է այն հոգսի պատճառով, որ քնած չմնա, ժամանակին արթնանա, իսկ ցերեկը նրան զարթեցնում է դրսի աղմուկը»։ Պ֊ն Ուայտը մեջ է բերում դեպքեր, երբ մի դեռահաս աշխատել է 36 ժամ անընդհատ, երբ 12 տարեկան աղաները աշխատում են մինչև գիշերվա ժամի 2-ը, իսկ հետո քնում են գործարանում մինչև առավոտյան ժամի 5-ը (3 ժա՜մ), որպեսզի նորից սկսեն ցերեկային աշխատանքը։ «Աշխատանքի այն քանակը,— ասում են ընդհանուր հաշվետվության խմբագիրներ Տրեմենհիրն ու Տեֆնելը,— որ կատարում են տղաները, աղջիկներն ու կանայք ցերեկվա կամ գիշերվա իրենց հերթափոխության (spell of labour) ժամանակ, ուղղակի առասպելական է» (նույն տեղում, էջ XLIII ու XLIV)։ Մինչդեռ «անձնուրացությամբ առլեցուն» ապակեարդյունաբերական կապիտալը, պորտվեյնից օրորվելով, գուցե։ ուշ գիշերով ակումբից տուն է վերադառնում և ապուշի պես քթի տակ երգում՝ «Britons never, never, shall be slaves!»։ [Ո՛չ, բրիտանացիները երբեք ստրուկ չե՛ն լինի։]</ref>։ ====5. ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՊԱՅՔԱՐԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՕՐԵՆՔՆԵՐԸ XIV ԴԱՐԻ ԿԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ XVII ԴԱՐԻ ՎԵՐՋԸ==== «Ի՞նչ է աշխատանքային օրը»։ Որքա՞ն մեծ է այն ժամանակը, որի ընթացքում կապիտալը կարող է սպառել աշխատուժը, որի օրական արժեքը նա վճարում է։ Աշխատանքային օրը որքա՞ն կարող է երկարացվել ա՛յն աշխատաժամանակից վեր, որ անհրաժեշտ է բուն իսկ աշխատուժի վերարտադրության համար։ Այս հարցերին, ինչպես տեսանք, կապիտալը պատասխանում է՝ աշխատանքային օրն ունի լրիվ 24 ժամ, հանած հանգստի այն սակավաթիվ ժամերը, առանց որոնց աշխատուժը բացարձակապես անպետք է դառնում իր ծառայությունը վերսկսելու համար։ Ընդսմին ինքնըստինքյան հասկանալի է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում բանվորը առանց բացառության ոչ այլ ինչ է, եթե ոչ աշխատուժ, ուստի և նրա տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը բնականորեն և իրավունքի համաձայն աշխատաժամանակ է և, հետևապես, ամբողջովին պատկանում է կապիտալի ինքնաճման պրոցեսին։ Ինչ վերաբերում է այն ժամանակին, որ մարդուն անհրաժեշտ է կրթության, մտավոր զարգացման, սոցիալական ֆունկցիաները կատարելու, ընկերական հաղորդակցության, ֆիզիկական ու մտավոր ուժերի ազատ խաղի համար, նույնիսկ կիրակին տոնելու համար՝ թեկուզ հենց շաբաթ օրը սուրբ համարողների երկրում<ref>Անգլիայի զանազան վայրերում, օրինակ, դեռ մինչև, օրս էլ որևէ բանվորի, մեկ էլ տեսար՝ իր տան առջևի պարտեզում աշխատելու հետևանքով՝ շաբաթ օրվա սրբությունը պղծելու համար բանտարկության դատապարտեցին։ Միևնույն բանվորը պայմանադրությունը խախտելու համար պատժվում է, եթե, նույնիսկ կրոնական շարժառիթներից դրդված, կիրակի օրը չի գնում մետաղագործարան։ թղթի կամ ապակու, գործարան։ Օրթոդոքս պառլամենտը խուլ է շաբաթը պղծելու փաստերի նկատմամբ, երբ այդ կատարվում է կապիտալի «արժեքի աճման պրոցեսում»։ Մի հուշագրում (1883 թվականի օգոստոս), որի մեջ Լոնդոնի ձկնավաճառանոցների ու թոչնավաճառանոցների օրավարձու բանվորները պահանջում են վերացնել կիրակնօրյա աշխատանքը, ասված է, թե շաբաթվա առաջին 6 օրում նրանց աշխատանքը միջին հաշվով տևում է օրական 15 ժամ, իսկ կիրակի օրը՝ 8-ից մինչև 10 ժամ։ Նույն հուշագրից երևում է, որ այդ «կիրակնօրյա աշխատանքը» խրախուսվում է հատկապես Էկզետեր Հոլլի արիստոկրատ կեղծ բարեպաշտների նրբաճաշակ խորտկասիրությամբ։ Այդ «սուրբ արարածները», որոնք այնքան նախանձախնդիր են «in cute curanda» [իրենց ֆիզիկական բարեկեցության մասին հոգալու գործում], իրենց քրիստոնեական հոգին երևան են բերում այն հեզությամբ, որով նրանք տանում են երրորդ անձերի չափից դուրս աշխատանքը, զրկանքներն ու քաղցը։ Obsequium ventris istis (բանվորների համար) perniciosius est [որկրամոլություւնը նրանց (բանվորների) համար շատ ավելի կործանարար է]։</ref>,— ապա այդ բոլորը դատարկ ցնդաբանությո՜ւն է։ Բայց հավելյալ արժեքի նկատմամբ իր ունեցած անսահման կույր ձգտմամբ, իր գայլի ախորժակով կապիտալը ոտնատակ է տալիս աշխատանքային օրվա
<references>