Changes
====6. ՊԱՅՔԱՐ ՆՈՐՄԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ։ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐԿԱԴԻՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ 1833-1864 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ====
Այն բանից հետո, երբ կապիտալին ամբողջ դարեր հարկավոր եղան, որպեսզի աշխատանքային օրը երկարացնի մինչև նրա նորմալ առավելագույն սահմանները, իսկ հետո այդ սահմաններից է՛լ ավելի, մինչև բնական 12-ժամյա օրվա սահմանը<ref>«Անկասկած՝ շատ ցավալի է այն փաստը, որ մարդկանց որևէ դասակարգ ստիպված է օրական 12 ժամ տևող աշխատանքով տրորվելու։ Եթե սրա վրա ավելացնենք կերակուր ընդունելու ժամանակն ու արհեստանոց գնալ-գալու ժամանակը, ապա այդ կկազմի օրվա 24 ժամից 14 ժամ։ Չխոսելով դեռ առողջության մասին, ես հույս ունեմ, որ ոչ ոք չի սկսի ժխտել, թե բարոյական տեսակետից մի անչափ վնասակար բան ու սարսափելի չարիք է աշխատավոր դասակարգերի ժամանակն այդպես ամբողջովին կլանելը, որ տեղի է ունենում անընդհատ 13 տարեկան վաղ հասակից, իսկ արդյունաբերության «ազատ» ճյուղերում է՝ է՛լ ավելի վաղ հասակից... Հասարակական բարոյականության, առողջ բնակչություն դաստիարակելու և ժողովրդի մեծամասնության համար կյանքից խելացիորեն օգտվելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ է պնդել, որ արդյունաբերության բոլոր ճյուղերում աշխատանքային յուրաքանչյուր օրվա մի մասը մնա հանգստի ու ազատ ժամանցի համար» (Լեոնարդ Հորները «Reports of Insp. of Fact. for 3lst December 1841»-ում։</ref>, XVIII դարի վերջին երրորդում խոշոր արդյունաբերության առաջանալու հետ միասին այդ բնագավառում սկսվում է սրընթաց, լավա հիշեցնող, բոլոր արգելքները խորտակող մի շարժում։ Խորտակվեցին բարքերի ու բնության, տարիքի ու սեռի, ցերեկվա ու գիշերվա հաջորդափոխության դրած ամեն տեսակ սահմանները։ Նույնիսկ ցերեկվա ու գիշերվա հասկացողությունները, որոնք գեղջկորեն պարզ էին հին ստատուտների համար, այնքան անորոշ դարձան. որ մի անգլիական դատավոր դեռևս 1860 թվականին իսկական թալմուդիստական իմաստություն պետք է հանդեսբերեր՝ «դատավճռի կարգով» պարզաբանելու համար, թե ի՛նչ է ցերեկը և ի՛նչ է գիշերը<ref>Տե՛ս «Judgement of Mr. J. H. Otway, Belfast, Hilary Sessions, County Antrim 1860»։</ref>։ Կապիտալը իր խրախճանքն էր կատարում։ Հենց որ արտադրության դղրդյունից շշմած բանվոր դասակարգը որոշ չափով ուշքի եկավ, նա սկսեց դիմադրել, և ամենից առաջ՝ խոշոր արդյունաբերության ծննդավայրում, Անգլիայում։ Սակայն երեք տասնամյակ շարունակ նրա ձեռք բերած զիջումները զուտ անվանական էին մնում։ Պառլամենտը 1802—1833 թվականներին 5 օրենք հրատարակեց աշխատանքի մասին, բայց այնքան խորամանկ էր, որ ոչ մի կոպեկ չհատկացրեց այդ օրենքների պարտադիր կենսագործման, պաշտոնյաների անհրաժեշտ անձնակազմի համար և այլն<ref>Բուրժուաների թագավոր Լուի-Ֆիլիպպի ռեժիմի համար շատ բնորոշ է այն հանգամանքը, որ նրա ժամանակ հրատարակված 1841 թ. մարտի 22-ի միակ գործարանային օրենքը երբեք չկենսագործվեց։ Ասենք՝ այդ օրենքն էլ վերաբերում է միայն երեխաների աշխատանքին։ Նա սահմանում է 8-ից 12 տարեկան երեխաների համար ութ ժամվա, 12-ից 16 տարեկան երեխաների համար՝ տասներկու ժամվա աշխատանք և այլն, ընդ որում բազմաթիվ բացառություններ է անում, որոնք գիշերային աշխատանքը թույլատրում են նույնիսկ ութամյա երեխաների համար։ Ա՛յն երկրում, որտեղ .ամեն մի մուկ ոստիկանական հսկողության տակ է գտնվում, հիշյալ օրենքի կատարման վերահսկողությունն ու նրա կիրառման հարկադրումը թողնված էր «amis du commerce»-ի [«առևտրի բարեկամների»] բարի կամքին։ Միմիայն 1853 թվականից մի հատիկ դեպարտամենտում՝ Département du Nord [Հյուսիսի Դեպարտամենտ]-ում հիմնվում է կառավարության կողմից վարձատրվող տեսչի պաշտոն։ Ֆրանսիական հասարակության զարգացման համար ընդհանրապես պակաս բնորոշ չէ այն հանգամանքը, որ մինչև 1848 թվականի ռևոլուցիան Լուի-Ֆիլիպպի օրենքը միակ օրենքն էր այդ բնագավառում, թեև ֆրանսիական օրենսդրական ֆաբրիկան իր ցանցով ընդգրկում է, կաշկանդո՜ւմ է կյանքի բոլոր կողմերը։</ref>։ Օրենքները մնացին մեռյալ տառ։ «Փաստն այն է, որ 1833 թվականի օրենքից առաջ երեխաներին ու պատանիներին ստիպում էին աշխատել («were worked») ամբողջ գիշերը, ամբողջ ցերեկը կամ և՛ գիշերը, և՛ ցերեկը ad libitum [կամայականորեն]<ref>«Reports on Insp. of Fact. for 30th April 1860», էջ 50։</ref>։ Միայն 1833 թվականի գործարանային օրենքի ժամանակվանից է, որը տարածվում էր բամբակեղենի, բրդեղենի, վշեղենի ու մետաքսեղենի գործարանների վրա, սկիզբ առնում նորմալ աշխատանքային օրը ժամանակակից արդյունաբերության մեջ։ Ո՜չ մի բան այնպես չի բնորոշում կապիտալի ոգին, ինչպես անգլիական գործարանային օրենսդրության պատմությունը 1833 թվականից մինչև 1864 թվականը։ 1833 թվականի օրենքը հայտարարում է, որ սովորական աշխատանքային օրը գործարանում պետք է սկսվի առավոտյան Ժամի 5½-ին և վերջանա երեկոյան ժամի 8½-ին։ Այդ 15 ժամվա ժամանակամիջոցի սահմաններում օրենքը թույլ է տալիս օգտվել դեռահասների (այսինքն՝ 13-ից մինչև 18 տարեկան անձերի) աշխատանքից օրվա մեջ ամեն մի ժամանակ, սակայն այն անխախտ պայմանով, որ այդ հասակի միևնույն անձը մի օրվա մեջ չպետք է 12 ժամից ավելի աշխատի, բացի առանձնապես նախատեսված որոշ դեպքերից։ Օրենքի 6-րդ կետը սահմանում է, «որ ամեն մի անձի, որի աշխատաժամանակը սահմանափակված է, պետք է ուտելու համար հատկացվի օրական առնվազն 1½ ժամ»։ 9 տարեկանից փոքր երեխաների աշխատանքի կիրառումը արգելվում էր այն միակ բացառությամբ, որի մասին կհիշատակվի ներքևում։ 9—13 տարեկան երեխաների աշխատանքը սահմանափակված էր օրական 8 ժամով։ Գիշերային աշխատանքը, այսինքն՝ այս օրենքի համաձայն այն աշխատանքը, որ կատարվում է երեկոյան ժամի 8½-ի ու առավոտյան ժամի 5½-ի միջև, արգելված էր 9-ից մինչև 18 տարեկան բոլոր անձերի համար։ Օրենսդիրներն այնքան հեռու, էին կապիտալի կողմից չափահասների աշխատուժը ազատորեն ծծելու կամ, ինչպես իրենք էին ասում, «աշխատանքի ազատության» դեմ ոտնձգություն անելու ցանկությունից, որ մի հատուկ սիստեմ հնարեցին գործարանային օրենքի այդքան սարսափելի հետևանքները կանխելու նպատակով։ «Գործարանային սիստեմի մեծ չարիքը, ինչպես այդ սիստեմը կազմակերպված է ներկայումս, այն է,— ասված է հանձնաժողովի կենտրոնական խորհրդի 1833 թ. հունիսի 25-ի առաջին հաշվետվության մեջ,— որ նա անհրաժեշտություն է ստեղծում երեխաների աշխատանքը երկարացնելու մինչև չափահասների աշխատանքային օրվա ծայրահեղ չափերը։ Այդ չարիքի դեմ կռվելու միակ միջոցը, որը չի դիմում չափահասների աշխատանքի սահմանափակման, քանի որ այդ սահմանափակման հետևանքով առաջ կգար մի ավելի մեծ չարիք, քան այն, որ ենթադրվում է վերացնել,— այդ միակ միջոցը երեխաների երկու հերթափոխություն մտցնելու պլանն է»։ Այդ «պլանն» էլ հենց իրականացվեց Relaissystem անվան տակ («System օf Relays». անգլերեն, ինչպես և ֆրանսերեն Relay նշանակում է փոստի ձիերի փոխումը տարբեր կայարաններում). ընդ որում 9-ից մինչև 13 տարեկան երեխաների մեկ հերթափոխը աշխատանքի է լծվում, օրինակ, առավոտյան ժամի 5½-ից մինչև կեսօրվա ժամի 1½-ը, մյուս հերթափոխը՝ կեսօրվա ժամի 1½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը և այլն։ Որպես վարձատրություն այն բանի, որ պարոնայք գործարանատերերն ամենալկտի կերպով անտեսում էին երեխաների աշխատանքի մասին վերջին 22 տարում հրատարակված բոլոր օրենքները, այս անգամ էլ ոսկեզօծվեց նրանց կուլ տալիք դեղահատը։ Պառլամենտը որոշեց, որ 1834 թ. մարտի 1-ից հետո 11 տարեկանից փոքր ոչ մի երեխա, 1835 թ. մարտի 1-ից հետո 12-ից փոքր ոչ մի երեխա և 1836 թ. մարտի 1-ից հետո 13-ից փոքր ոչ մի երեխա չպետք է գործարանում 8 ժամից ավելի աշխատի։ «Կապիտալի» նկատմամբ այդքան ներողամիտ այդ «լիբերալիզմը» է՛լ ավելի մեծ ուշադրության էր արժանի, որովհետև դ-ր Ֆառեն, սըր Ա. Կառլեյլը, սըր P. Բրոդին, սըր Չ. Բելլր, միստր Գութրին և այլն, կարճ ասած՝ Լոնդոնի ամենանշանավոր physicians [թերապևտները] և surgeons [վիրաբույժները] իրենց ցուցմունքներում հայտարարեցին ստորին պալատի առաջ, թե «periculum in mora!» [«վտանգը դանդաղելն է»։] Դ-ր Ֆառեն նույնիսկ ավելի խիստ արտահայտվեց այս հարցի մասին. «Օրենսդրությունը հավասարապես անհրաժեշտ է՝ կանխելու համար վաղաժամ մահը այն բոլոր ձևերով, որոնցով նա կարող է պատճառվել, իսկ այս եղանակը (գործարանային եղանակը) պետք է, իհարկե, համարել մահ պատճառելու ամենադաժան եղանակներից մեկը»<ref>«Legislation is equally necessary for the prevention of death, in any form in which it can be prematurely inflicted, and cerlainly this must be viewed as a most cruel mode of inflicting it» [«Report of the select Committee on the Bill to regulate the Labour of Children in the Mills and Factories». London 1831—1832, էջ 602]։</ref>։ Հենց նույն «բարենորոգված» պառլամենտը, որը պարոնայք գործարանատերերի նկատմամբ ունեցած քնքուշ զգացմունքից դրդված՝ դեռ երկար տարիներ 13 տարեկանից փոքր երեխաներին փակեց շաբաթը 72 ժամ տևող գործարանային աշխատանքի դժոխքի մեջ, ազատագրական մի հրամանագրով, որը նույնպես կաթիլներով էր ազատություն տալիս, պլանտատորներին արգելեց դրանից հետո նեգր-ստրուկներին ստիպել շաբաթական 45 ժամից ավելի աշխատելու։ Բայց ամենևին չբավարարված՝ կապիտալն այժմ սկսեց մի աղմկալի ագիտացիա, որը մի քանի տարի շարունակվեց։ Ագիտացիան պտտվում էր գլխավորապես այն կատեգորիաների տարիքի շուրջը, որոնք երեխայի անվան տակ պետք է 8 ժամից ավելի չաշխատեին և որոնց համար որոշ իմաստով պարտադիր ուսուցում էր մտցվում։ Կապիտալիստական մարդաբանության համաձայն՝ մանկական հասակը վերջանում էր 10-րդ տարում կամ, ծայրահեղ դեպքում, 11-րդ տարում։ Որքան ավելի էր մոտենում գործարանային օրենքի լիակատար կիրառման ժամկետը, ճակատագրական 1836 թվականը, այնքան ավելի կատաղաբար էր մոլեգնում գործարանատերերի խաժամուժը։ Նրան իսկապես հաջողվեց այն աստիճան վախեցնել կառավարությանը, որ սա 1835 թվականին առաջարկեց մանկական տարիքի սահմանը 13-ից իջեցնել 12-ի։ Մինչ այդ սպառնագին աճում էր pressure from without [դրսից ճնշումը]։ Արիությունը դավաճանեց ստորին պալատին։ Նա հրաժարվեց տասներեք տարեկան երեխաներին օրական 8 ժամից ավելի գցել կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ, և 1833 թվականի օրենքը լիակատար ուժի մեջ մտավ։ Նա անփոփոխ մնաց մինչև 1844 թ. հունիսը։ Այն տասնամյակի ընթացքում, երբ հիշյալ օրենքն սկզբում մասամբ, իսկ հետո լիակատար չափով կարգավորում էր գործարանային աշխատանքը, գործարանային տեսուչների պաշտոնական հաշվետվությունները լիքն են գանգատներով այն մասին, թե անկարելի է դրա կիրառումը։ Որովհետև 1833 թվականի օրենքը պարոնայք կապիտալիստներին էր վերապահում առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½ տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցի ընթացքում նշանակել այն ժամը, երբ ամեն մի «դեռահաս» և ամեն մի «երեխա» պետք է սկսի, ընդհատի ու վերջացնի իր տասներկուժամյա կամ ութժամյա աշխատանքը, այլև նրանց հայեցողությանն էր վերապահում տարբեր անձերի համար ուտելու տարբեր ժամեր նշանակելը՝ ուստի այդ պարոնները շուտով հնտրեցին մի նոր «Relaissystem», որի համաձայն բանող ձիերը որոշ փոստային կայարաններում չեն փոխում, այլ նորից ու նորից լծվում են փոփոխվող կայարաններում։ Մենք մանրամասն կանգ չենք առնում այս սիստեմի սքանչելիքների, վրա, որովհետև հետո պետք է նորից վերադառնանք դրան։ Բայց հենց առաջին իսկ հայացքից պարզ է, որ այս սիստեմը ոչնչացնում էր ամբողջ գործարանային օրենքի ոչ միայն ոգին, այլև հենց տառը։ Գործ ունենալով մի այնպիսի բարդ հաշվապահության հետ, որը կիրառվում էր ամեն մի առանձին երեխայի ու ամեն մի դեռահասի վերաբերմամբ, գործարանային տեսուչներն ինչպե՞ս կարող էին գործարանատերերին հարկադրել պահպանելու օրենքով սահմանված աշխատաժամանակը և նշանակելու ուտելու համար օրենքով սահմանված դադարը։ Գործարանների մեծ մասում շուտով նորից անպատիժ կերպով ծաղկել սկսեց նախկին դաժան այլանդակությունը։ Ներքին գործերի մինիստրի մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում (1844 թ.) գործարանային տեսուչներն ապացուցեցին նորահնար Relaissystem-ի պայմաններում ամեն մի վերահսկողության ամբողջ անհնարինությունը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մինչդեռ հանգամանքները խիստ փոխվել էին։ Գործարանային բանվորները, հատկապես 1838 թվականից սկսած, տասժամյա բիլլը դարձրել էին իրենց տնտեսական լոզունգը այնպես, ինչպես խարտիան դարձել էր նրանց քաղաքական լոզունգը։ Նույնիսկ գործարանատերերի մի մասը, որը գործարանային արտադրությունը կարգավորում էր 1833 թվականի օրենքի համաձայն. պառլամենտի գլխին հուշագրերի տարափ էր տեղում այն «նենգամիտ եղբայրների» անբարոյական «կոնկուրենցիայի» առթիվ, որոնց ավելի մեծ լկտիությունը կամ տեղական ավելի հաջող պայմանները թույլ էին տալիս խախտել օրենքը։ Բացի դրանից, որքան էլ առանձին գործարանատերերն ուզում էին ազատություն տալ իրենց նախկին ագահությանը, գործարանատերերի դասակարգի իդեոլոգներն ու քաղաքական առաջնորդները բանվորների նկատմամբ ուրիշ վարքագիծ և ուրիշ լեզու էին հանձնարարում։ Նրանք կամպանիա սկսեցին հացի օրենքները վերացնելու օգտին և հաղթության համար բանվորների՜ օգնության կարիքն էին զգում։ Այդ պատճառով նրանք խոստացան ո՛չ միայն կրկնապատկել հատավաճառ հացի քաշը, այլև առևտրի ազատության հազարամյա թագավորության հովանու ներքո ընդունել տասժամյա բիլլը<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էշ 98։</ref>։ Հետևապես, նրանք արդեն ամենևին շահագրգռված չէին պայքարելու այն միջոցառման դեմ, որը լոկ պետք է կենսագործեր 1833 թվականի օրենքը։ Վերջապես, տորիները, որոնց ամենասրբազան շահին, հողային ռենտային, վտանգ էր սպառնում, զայրագին մարդասիրական ֆիլիպպիկներով հանդես եկան իրենց թշնամիների «խայտառակ վարքագծի» դեմ<ref>Լեոնարդ Հորները նույնիսկ պաշտոնապես գործ է ածում «nefarious practices» [զզվելի վարքագիծ] արտահայտությունը («Reports Of Insp. of Fact. for 31st October 1859», էջ 7)։</ref>։ Այսպես հրապարակ եկավ 1844 թ. հունիսի 7-ի լրացուցիչ գործարանային օրենքը։ Նա ուժի մեջ մտավ 1844 թ, սեպտեմբերի 10-ից։ Նա օրենքի պաշտպանության տակ է առնում բանվորների մի նոր կատեգորիա, այն է՝ 18 տարեկանից բարձր կանանց։ Նրանք ամեն կողմից հավասարվեցին դեռահասներին, նրանց աշխատաժամանակը սահմանափակված է 12 ժամով, գիշերային աշխատանքն արգելված է և այլն։ Հետևաբար, օրենսդրությունն առաջին անգամ ստիպված եղավ անմիջական ու պաշտոնական վերահսկողության ենթարկել նաև չափահասների աշխատանքը։ 1844—1845 թվականների գործարանային հաշվետվության մեջ հեգնաբար ասված է. «Մենք չենք լսել և ոչ մի դեպքի մասին, երբ մեծահասակ կանայք բողոքեին իրենց իրավունքներին այդպես միջամտելու դեմ<ref>«Reports etc. for 30th Sept. 1844», էջ 15։</ref>։ 13 տարեկանից փոքր երեխաների աշխատանքային օրը կրճատվեց մինչև 6½ ժամ, իսկ որոշ պայմաններում՝ մինչև 7 ժամ<ref>Օրենքը թույլ է տալիս երեխաների աշխատանքից օգտվել օրական 10 ժամ այն դեպքերում, երբ նրանք աշխատում են ոչ թե ամեն օր, այլ օրընդմեջ։ Ընդհանուր առմամբ այս վերապահությունը մնաց առանց գործադրության։</ref>։ Կեղծ Relaissystem-ի չարաշահումները վերացնելու նպատակով օրենքը, ի միջի այլոց, սահմանեց հետևյալ կարևոր մանրամասն կանոնները. «Երեխաների ու դեռահասների աշխատանքային օրն այն ժամանակվանից պետք է հաշվել, երբ թեկուզ մի երեխա կամ դեռահաս առավոտյան աշխատել է սկսում գործարանում»։ Այսպիսով, օրինակ, եթե Ա-ն աշխատանքն սկսում է առավոտյան ժամի 8-ին, իսկ Բ-ն՝ ժամի 10-ին, ապա աշխատանքային օրը Բ-ի համար պետք է վերջանա նույն ժամին, ինչպես և Ա-ի համար։ Աշխատանքային օրվա սկիզբը պետք է որոշվի որևէ հրապարակային ժամացույցով, օրինակ մոտակա երկաթուղային ժամացույցով, որին համաձայնեցվում է նաև գործարանի զանգը։ Գործարանատերը պարտավոր է գործարանում կախել խոշոր տառերով տպված ցուցակ, նշանակելով աշխատանքային օրվա սկիզբը, վերջն ու ընդմիջումները։ Իրենց աշխատանքը ժամի 12-ից առաջ սկսող երեխաներին չի կարելի նորից ստիպել աշխատելու կեսօրվա ժամի 1-ից հետո։ Այսպիսով, հետճաշյա հերթափոխությունը չպետք է այն երեխաներից կազմված լինի, որոնցից կազմված է առավոտյան հերթափոխությունը։ Ճաշելու համար տրվող 1½ ժամը պետք է հատկացվի օրենքի պաշտպանությունը վայելող բոլոր բանվորներին օրվա միևնույն ժամանակ, ընդ որում առնվազն 1 ժամը պետք է տրամադրվի կեսօրվա ժամի 3-ից առաջ։ Մինչև ժամի 1-ն աշխատող երեխաները կամ դեռահսաները չպետք է 5 ժամից ավելի աշխատեն, եթե ուտելու համար նրանց առնվազն կես ժամ չի տրվում։ Երեխաները, դեռահասները կամ կանայք ուտելու համար նշանակված որևէ ընդմիջումի ժամանակ չպետք է մնան գործարանային այնպիսի շենքում, որտեղ աշխատանքի որևէ պրոցես է կատարվում և այլն։ Մենք տեսանք, որ այս մանրունքային որոշումները, որոնք ռազմական այսպիսի միակերպությամբ զանգի հնչյունով կարգավորում են աշխատանքի ժամանակը, սահմանները, ընդմիջումները, ամենևին պառլամենտական հնարամտության արդյունք չէին։ Նրանք աստիճանաբար առաջ էին գալիս տվյալ հարաբերություններից, որպես արտադրության արդի եղանակի բնական օրենքներ։ Նրանց ձևակերպումը, պաշտոնական ճանաչումն ու պետության կողմից ազդարարվելը դասակարգային երկարատև պայքարի արգասիք էին։ Նրանց ամենամերձավոր հետևանքներից մեկն այն եղավ, որ պրակտիկան գործարանային հասակավոր բանվորների աշխատանքային օրն էլ ենթարկեց նույն սահմանափակումներին, որովհետև արտադրության պրոցեսների մեծամասնության մեջ անհրաժեշտ է երեխաների, դեռահասների ու կանանց համագործակցությունը։ Ուստի ընդհանրապես ու ամբողջությամբ առած, 1844—1847 թթ. ժամանակաշրջանում տասներկուժամյա աշխատանքային օրն իր ընդհանուր ու միատեսակ ներգործությունը տարածում էր արդյունաբերության այն բոլոր ճյուղերի վրա, որոնք ենթակա էին գործարանային օրենսդրությանը։ Սակայն գործարանատերերն այս «առաջադիմությունը» թույլատրեցին ոչ առանց փոխհատուցող «հետադիմության»։ Նրանց պնդումների հետևանքով ստորին պալատը գործարանային մշակմանը ենթակա երեխաների նվազագույն տարիքը 9-ից կրճատեց 8-ի՝ ապահովելու նպատակով կապիտալի համար «գործարանային երեխաների հավելյալ առաջարկը»<ref>Քանի որ նրանց աշխատանքային ժամերի կրճատումը կմեծացնի աշխատանքի համար պահանջվող երեխաների թիվը, ուստի որոշվեց, որ մեծացող պահանջարկը կարող էր ծածկվել ութից-ինը տարեկան երեխաների հավելյալ առաջարկով» («Reports etc. for 30th Sept. 1844», էջ 13)։</ref>, որ հասնում է նրան աստվածային ու մարդկային բոլոր օրենքների համաձայն։ 1846—1847 թվականները դարաշրջան են կազմում Անգլիայի տնտեսական պատմության մեջ։ Հացի օրենքների վերացում, բամբակի և ուրիշ հում նյութերի ներմուծման մաքսերի վերացում, առևտրի ազատության հայտարարում՝ որպես օրենսդրության ուղեցույց ա՜ստղ։ Մի խոսքով՝ սկսվում էր հազարամյա թագավորությունը։ Մյուս կողմից, նույն տարիներում իրենց բարձրագույն կետին հասան չարտիստական շարժումն ու տասժամյա աշխատանքային օրվա ագիտացիան։ Սրանք դաշնակիցներ գտան ի դեմս վրեժից այրվող տորիների։ Չնայած առևտրի ազատության ուխտադրուժ բանակի մոլեռանդ դիմադրության՝ Բրայտի ու Կոբդենի գլխավորությամբ, տասժամյա աշխատանքային օրվա բիլլը, որին այնքան երկար ձգտում էին, ընդունվեց պառլամենտի կողմից։ 1847 թ. հունիսի 8-ի գործարանային նոր օրենքը սահմանում էր, որ 1847 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ է մտնում «դեռահասների» (13-ից մինչև 18 տարեկանների) և բոլոր բանվորուհիների աշխատանքային օրվա նախնական կրճատումը՝ մինչև 11 ժամ, իսկ 1848 թ. մայիսի 1-ից — բանվորների այդ նույն կատեգորիաների աշխատանքային օրվա վերջնական սահմանափակումը 10 ժամով։ Մնացած բոլոր կետերում այդ օրենքը 1833 ու 1844 թվականների օրենքների ուղղված լրացումն էր։ Կապիտալը նախնական արշավանքի ձեռնարկեց՝ 1848 թվականի մայիսի 1-ից օրենքի լիակատար կենսագործումը արգելելու համար։ Եվ այն էլ՝ հենց իրենք բանվորները, իբր թե փորձից խրատված, պետք է օգնեին իրենց սեփական գործը տապալելուն։ Մոմենտը բարեհաջող էր ընտրված։ «Պետք է հիշեցնել, որ 1846—1847 թվականների սարսափելի ճգնաժամի հետևանքով գործարանային բանվորները մեծ կարիքի մեջ էին, որովհետև շատ գործարաններ միայն կրճատված ժամանակով էին աշխատում, մյուսները բոլորովին կանգ էին առել։ Այդ պատճառով էլ զգալի թվով բանվորներ ամենանեղ դրության մեջ էին գտնվում, շատերը թաղված էին պարտքերի մեջ։ Ուստի կարելի էր բավականաչափ վստահությամբ ենթադրել, թե բանվորները կգերադասեն ավելի երկար աշխատանքային օրը, որպեսզի անցյալում կրած կորուստները ետ բերեն, գուցե պարտքերը վճարեն կամ իրենց կահ կարասիքը լոմբարդից հանեն, կամ ծախած իրերը նորերով փոխարինեն, կամ իրենց ու իրենց ընտանիքի համար նոր հագուստներ ձեռք բերեն»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848». էջ 16։</ref>։ Պարոնայք գործարանատերերը փորձեցին այս հանգամանքների բնական ազդեցությունն ուժեղացնել աշխատավարձն ընդհանրապես 10% իջեցնելով։ Այդ քաղաքականությունը, այսպես ասած, ազատ առևտրի նոր դարագլխի սրբագործման տոնն էր։ Այնուհետև, հենց որ աշխատանքային օրը կրճատվեց մինչև 11 ժամ, դրան հետևեց աշխատավարձի հետագա իջեցումը <math>8^1/_3</math>%-ով և հետո կրկնակի իջեցումը, հենց որ աշխատանքային օրը վերջնականապես կրճատվեց մինչև 10 ժամ։ Այդ պատճառով ամենուրեք, որտեղ միայն թույլ էին տալիս հանգամանքները, աշխատավարձի կրճատում տեղի ունեցավ առնվազն 25%-ով<ref>«Ես համոզվեցի, որ շաբաթական 10 շիլլինգ ստացող մարդկանցից 1 շիլլինգ կրճատում էին՝ հիմք ընդունելով աշխատավարձի 10%-անոց ընդհանուր իջեցումը, և այնուհետև ևս 1 շիլլինգ 6 պ., հենվելով աշխատաժամանակի կրճատման վրա,— ընդամենը 2 շիլլինգ 6 պ.,— և, չնայած դրան, մեծամասնությունը հաստատապես տասժամյա աշխատանքային օրվա բիլլի կողմն էր» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 16)։</ref>։ Հենց այդպես հաջող կերպով նախապատրաստված հանգամանքներում է, որ բանվորների մեջ ագիտացիա սկսվեց 1847 թվականի օրենքի վերացման համար։ Խաբեբայություն, գայթակղություն, սպառնալիքներ — այդ միջոցներից ոչ մեկը չարհամարհվեցի բայց ոչինչ չօգնեց։ Եթե հաջողվեց էլ մի կես դյուժին պետիցիա հավաքել, որոնցով բանվորները գանգատվում էին, թե «այդ օրենքը ճնշում է իրենց», ապա իրենք՝ պետիցիան ստորագրողները, բերանացի հարցաքննության ժամանակ հայտարարում էին, որ հարկադրված են եղել ստորագրելու։ «Նրանք ճնշված են, այդ ճիշտ է, բայց ոչ թե գործարանային օրենքի, այլ մի ինչ-որ ուրիշի կողմից»<ref>«Պետիցիան ստորագրելիս ես միաժամանակ հայտարարեցի։ որ ինչ-որ վատ բան եմ անում։ — Հապա ինչո՞ւ այդ դեպքում ստորագրեցիք։ — Որովհետև մերժման դեպքում ինձ փողոց կշպրտեին։ Պետիցիոները իսկապես իրեն «ճնշված» էր զգում, բայց ոչ ամենևին գործարանային օրենքի կողմից» («Reports of Insp. of Fact. for 31st October 1848», էջ 102։</ref>։ Բայց եթե գործարանատերերին չհաջողվեց բանվորներին խոսել տալ իրենց ցանկալի ոգով, ապա նրանք իրենք սկսեցին մամուլի մեջ ու պառլամենտում է՛լ ավելի բարձր աղաղակել բանվորների անունից։ Նրանք գործարանային տեսուչներին բնութագրում էին որպես Կոնվենտի կոմիսարների նման մարդկանց, որոնք թշվառ բանվորներին անգթորեն զոհաբերում են աշխարհը բարելավելու իրենց ցնորքին։ Բայց այդ մանյովրն էլ չհաջողվեց։ Գործարանային տեսուչ Լեոնարդ Հորներն անձամբ ու իր օգնականների միջոցով վկաների բազմաթիվ ցուցմունքներ հավաքեց Լանկաշիրի գործարաններում։ Հարցուփորձի ենթարկված բանվորների մոտավորապես 70%-ն արտահայտվեց 10-ժամյա աշխատանքային օրվա օգտին, անհամեմատ ավելի պակաս թվով բանվորներ՝ 11-ժամյա և բոլորովին աննշան փոքրամասնությունը՝ հին 12-ժամյա աշխատանքային օրվա օգտին<ref>«Reports of Insp. of Fact. for 31st Octobcr 1848», էջ 17։ Պ-ն Հորների օկրուգում, այդպիսով, հարցուփորձի ենթարկվեցին 181 գործարանի 10 270 մեծահասակ բանվոր։ Նրանց ցուցմունքները կարելի է գտնել գործարանային տեսչության 1848 թվականի հոկտեմբերով վերջացող կիսամյակի հաշվետվության հավելվածում։ Վկաների այդ ցուցմունքներն ուրիշ կողմերից էլ թանկարժեք նյութ են տալիս։</ref>։ Մի ուրիշ «բարեմիտ» մանյովրն էլ այն էր, որ մեծահասակ տղամարդ բանվորներին հարկադրեն 12-ից մինչև 15 ժամ աշխատելու, և հետո էլ հայտարարեն, թե այդ փաստը իսկական պրոլետարական ցանկությունների արտահայտությունն է։ Բայց գործարանային «անողոք» տեսուչ Լեոնարդ Հորները դարձյալ վրա հասավ։ Արտաժամ աշխատող բանվորների մեծամասնությունը հայտարարեց, որ «իրենք վճռականապես կգերադասեին 10 ժամ աշխատել ավելի քիչ աշխատավարձով, բայց ընտրություն անելու ճար չունեին, նրանց մեջ այնքան շատ գործազուրկներ կան, այնքան շատ մանողներ են հարկադրված որպես սոսկական piecers [ծերկապիչներ] աշխատելու, որ եթե իրենք հրաժարվեին աշխատանքային օրը երկարացնելուց, իրենց տեղն իսկույն ուրիշները կբռնեին, այնպես որ իրենց համար հարցը հանգում էր հետևյալին՝ կա՛մ ավելի երկար ժամանակ աշխատել — կա՛մ փողոց նետվել<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1848»։ Տես №№ 69, 70, 71, 72, 92, 93 ցուցմունքները, որ Լեոնարդ Հորներն ինքն է հավաքել, ինչպես և «հավելվածի» №№ 51, 52, 58, 59, 62, 70 ցուցմունքները, որ հավաքել է տեսչի օգնական Ա-ն։ Պարզ ու շիտակ արտահայտվել է Նույն իսկ մի գործարանատեր։ Տե՛ս նույն տեղում № 265-ից հետո եկող № 14-ը [էջ 37]։</ref>։ Կապիտալի նախնական արշավանքն անհաջող անցավ, և տասժամյա աշխատանքային օրվա օրենքն ուժի մեջ մտավ 1848 թ. մայիսի 1-ին։ Մինչ այդ չարտիստական պարտիայի ֆիասկոն,— որի առաջնորդները բանտարկվել էին և որի կազմակերպությունը քայքայվել էր,— խախտեց Անգլիայի բանվոր դասակարգի վստահությունը իր ուժերի նկատմամբ։ Դրանից կարճ ժամանակ անց Փարիզի հունիսյան ապստամբությունն ու նրա արյունալի ճնշումը ինչպես մայր-ցամաքային Եվրոպայում, այնպես էլ Անգլիայում սեփականությունը, կրոնը, ընտանիքը և հասարակությունը փրկելո՜ւ մեկ ընդհանուր լոզունգով համախմբեցին տիրապետող դասակարգերի բոլոր ֆրակցիաներին — հողատերերին ու կապիտալիստներին, բորսային գայլերին ու խանութպաններին, պրոտեկցիոնիստներին ու ֆրիտրեդերներին, կառավարությանն ու օպոզիցիային, տերտերներին ու ազատամիտներին, երիտասարդ պոռնկուհիներին ու պառավ միանձնուհիներին։ Ամեն տեղ բանվոր դասակարգը բանադրվեց, հալածանքների ենթարկվեց, դրվեց «loi des suspect»-ի [«կասկածելիների դեմ օրենքի»] ներգործության տակ։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը կարող էին չքաշվել։ Նրանք բացահայտ ապստամբություն բարձրացրին ո՛չ միայն տասժամյա օրենքի, այլև այն ամբողջ օրենսդրության դեմ, որը 1833 թվականից սկսած ձգտում էր որոշ չափով սանձահարել աշխատուժի «ազատ» ծծումը։ Այդ մի Proslavery Rebellion [խռովություն ի պաշտպանություն ստրկության] էր մինիատյուր չափերով, որը երկու տարուց ավելի կատարվում էր ցինիկ անպատկառությամբ, տեռորիստական եռանդով, ընդ որում այդ այնքան ավելի հեշտ էր, որքան ըմբոստացած կապիտալիստը ոչ մի բան ռիսկի չէր ենթարկում, բացի իր բանվորի կաշուց։ Հետագա դեպքերը հասկանալու համար անհրաժեշտ է հիշել, որ 1833, 1844 ու 1847 թվականների գործարանային բոլոր երեք օրենքներն էլ, որչափով մեկը մյուսի մեջ որևէ փոփոխություն չի մտցնում, պահպանում են իրենց օրինական ուժը, և որ նրանցից ոչ մեկը չի սահմանափակում 18 տարեկանից բարձր տղամարդ բանվորների աշխատանքային օրը, և որ 1833 թվականից սկսած՝ առավոտվա ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը տևող տասնհինգժամյա ժամանակամիջոցը մնում էր օրինական «օր», որի սահմաններում միայն պետք է կատարվեր դեռահասների ու կանանց սկզբում տասներկուժամյա, հետո էլ տասժամյա աշխատանքը օրենքի թելադրած պայմաններում։ Գործարանատերերը տեղ-տեղ սկսեցին այն բանից, որ իրենց մոտ զբաղված դեռահասների ու բանվորուհիների մի մասին, որոշ դեպքերում էլ կեսին, արձակեցին և փոխարենը վերականգնեցին մեծահասակ տղամարդ բանվորների համարյա մոռացված գիշերային աշխատանքը։ Տասժամյա աշխատանքային օրվա օրենքը,— հավատացնում էին նրանք,— այլ ելք չի՜ տալիս իրենց<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 133, 134։</ref>։ Երկրորդ քայլը վերաբերում էր ուտելու համար օրինականացված ընդմիջումներին։ Լսենք՝ ինչ են ասում գործարանային տեսուչները։ «Այն ժամանակվանից սկսած, երբ աշխատանքային օրը սահմանափակվեց տաս ժամով, գործարանատերերը պնդում են,— թեև նրանք գործնականում դեռ վերջին եզրակացությունները չեն հանում իրենց կարծիքից,— որ իրենք բավարար չափով կատարում են օրենքի պահանջը, եթե, օրինակ, առավոտվա ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը տևող աշխատանքի ժամանակ կերակուր ուտելու համար մեկ ժամ տալիս են առավոտյան ժամի 9-ից առաջ և կես ժամ էլ երեկոյան ժամի 7-ից հետո, այդպիսով, բանվորներին 1½ ժամ տրամադրելով ուտելու համար։ Մի քանի դեպքերում հիմա նրանք կես ժամ կամ մի ամբողջ ժամ են հատկացնում ճաշի համար, բայց միաժամանակ պնդում են, որ իրենք ամենևին պարտավոր չեն այդ 1½ ժամի որևէ մասը մտցնելու տասժամյա աշխատանքային օրվա մեջ»<ref>«Reports etc. for 30tհ April 1848», էջ 47։</ref>։ Այդպիսով, պարոնայք գործարանատերերը պնդում էին, թե 1844 թվականի օրենքի պեդանտորեն ճշգրիտ որոշումները կերակուր ընդունելու համար նշանակված ժամանակի մասին, բանվորներին միայն թույլ են տալիս ուտել ու խմել գործարան գալուց առաջ ու գործարանից հեռանալուց հետո, այսինքն՝ իրենց տա՜նը։ Եվ ինչո՞ւ բանվորները չպետք է ճաշեն հենց առավոտյան ժամի 9-ից առաջ։ Սակայն պետական իրավաբանները վճռեցին, որ ուտելու համար օրենքով սահմանված ժամանակը «պետք է տրվի իրական աշխատանքային օրվա ընդմիջումներին, և որ հակաօրինական է ստիպել առավոտյան ժամի 9-ից մինչև երեկոյան ժամի 7-ը իրար հետևից 10 ժամ առանց ընդմիջումների աշխատելու»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 130։</ref>։ Այդ բարեհոգի ցույցերից հետո կապիտալը խռովություն նախապատրաստելու կարգով մի այնպիսի քայլ արեց, որը համապատասխանում էր 1844 թ. օրենքի տառին և, հետևապես, օրինական էր։ 1844 թվականի օրենքը, իհարկե, արգելում էր ցերեկվա ժամի 1-ից հետո վերսկսել 8-ից մինչև 13 տարեկան այն երեխաների աշխատանքը, որոնք աշխատել էին մինչև ցերեկվա ժամի 12-ը։ Բայց հիշյալ օրենքն ամենևի՜ն չէր կարգավորում այն երեխաների 6½-ժամյա աշխատանքը, որոնց աշխատաժամանակը ցերեկվա ժամի 12-ին կամ ավելի ուշ էր սկսվում։ Այդ պատճառով էլ ութ տարեկան երեխաները, որոնք աշխատանքն սկսել էին ցերեկվա ժամի 12-ին, կարող են աշխատանքի համար օգտագործել ժամի 12-ից մինչև 1-ը, որ կազմում է մեկ ժամ, ժամի 2-ից մինչև ճաշից հետո ժամի 4-ը, որ կազմում է 2 ժամ, և երեկոյան ժամի 5-ից մինչև ժամի 8½-ը, որ կազմում է 3½ ժամ, ընդամե՜նը՝ օրենքով սահմանված 6½ ժամ։ Կամ է՛լ ավելի լավ։ Որպեսզի երեխաների աշխատանքի կիրառումը զուգադիպի մինչև ժամի 8 և կեսը աշխատած մեծահասակ տղամարդ բանվորների աշխատանքին, գործարանատերերին միայն հարկավոր էր երեխաներին կես օրվա ժամի 2-ից առաջ՝ աշխատանք չտալ, իսկ հետո նրանց պահել գործարանում մինչև երեկոյան ժամի 8 և կեսն առանց որևէ ընդմիջումի։ «Եվ հիմա արդեն պարզորոշ խոստովանում են, թե վերջերս գործարանատերերի մեքենաները 10 ժամից ավելի աշխատեցնելու ագահ ձգտման հետևանքով Անգլիայում պրակտիկա է հաստատվել 8—13 տարեկան երկու սեռի երեխաներին միմիայն մեծահասակ տղամարդկանց հետ աշխատեցնել մինչև երեկոյան ժամի 8½-ը, բոլոր դեռահասների ու կանանց գնալուց հետո»<ref>Նույն տեղում, էջ 142։</ref>։ Բանվորներն ու գործարանային տեսուչները բողոքում էին՝ առողջապահական ու բարոյական նկատառումներով։ Բայց կապիտալը պատասխանում էր,<poem> «Թող արարքներս իմ գլխին թափվեն,Ես պահանջում եմ դատ օրինական,Ես պահանջում եմ վճարելՄուրհակիս համաձայն»։</poem> Եվ իրոք, այն վիճակագրական տվյալների համաձայն, որոնք ներկայացվել էին ստորին պալատին 1850 թ. հուլիսի 26-ին, չնայած բոլոր բողոքներին, առ 15 հուլիսի 1850 թվականի 257 գործարաններում 3742 երեխա ենթարկվում էին այդ «պրակտիկային»<ref>«Reports etc. for 31st October 1850», էջ 5, 6։</ref>։ Բայց այս էլ դեռ քիչ է։ Կապիտալի լուսանական աչքը հայտնագործեց, որ 1844 թվականի օրենքը ճաշից առաջ հինգժամյա աշխատանք չի թույլատրում առանց հանգստի առնվազն 30 րոպե ընդմիջումի, բայց հետճաշյա աշխատանքի վերաբերմամբ ոչ մի նման բան չի պատվիրում։ Ուստի նա պահանջեց և ձեռք բերեց այն երջանկությունը, որ ութ տարեկան բանվոր-երեխաներին ստիպում էր ո՛չ միայն ժամի 2-ից մինչև երեկոյան ժամի 8 և կեսը անընդհատ ուժասպառ, լինել աշխատելուց, այլև քաղցած մնալ։ «Այո՛, նրա կուրծքը. այդպես է ասված մուրհակումս»<ref>Կապիտալի բնությունը նույնն է ինչպես նքա անզարգացած, այնպես էլ զարգացած ձևերում։ Օրենքների ա՛յն ժողովածուում, որ ստրկատերերի իշխանությունը թելադրեց ամերիկյան քաղաքացիական պատերազմն սկսվելուց քիչ առաջ Նոր Մեքսիկայի տերիտորիայում, ասված է. «Բանվորը, որչափով կապիտալիստը գնել է նրա ֊աշխատուժը, նրա (կապիտալիստի) փողն է» («The labourer is his (the capitalist’s) money»)։ Նույն հայացքը տարածված էր հռոմեական պատրիկների մոտ։ Այն փողը, որ նրանք փոխ էին տալիս պլեբեյ պարտապանին, սրա կողմից կենսամիջոցներ ընդունելու փաստով դառնում էր պարտապանի միս ու արյունը։ Հետևաբար, այդ «միսն ու արյունը» պարտատերերի «փողն էր»։ Այստեղի՜ց էլ 10 տախտակների շեյլոկյան օրենքը։ Լենգեի այն հիպոթեզը, թե վարկատու պատրիկները ժամանակ առ ժամանակ Տիբերից այն կողմ տոնական խնջույքներ էին սարքում, որտեղ պարտապանների եփած միս էր մատուցվում, նույնքան չապացուցված է մնում, որքան և Դաումերի հիպոթեզը քրիստոնեական հաղորդության մասին։</ref>։ Սակայն Շեյլոկին վայել այս նվիրվածությունը 1844 թվականի օրենքի տառին, որչափով հիշյալ օրենքը կարգավորում է երեխաների աշխատանքը, պետք է լոկ նախապատրաստեր բացահայտ խռովություն նույն օրենքի դեմ, որչափով նա կարգավորում է «դեռահասների ու կանանց» աշխատանքը։ Հարկավոր է հիշեցնել, որ «սխալ Relaissystem»-ի ոչնչացումը կազմում է այդ օրենքի գլխավոր նպատակն ու գլխավոր բովանդակությունը։ Գործարանատերերն իրենց խռովությունը սկսեցին այն պարզ հայտարարությամբ, թե 1844 թվականի օրենքի այն կետերը, որոնք արգելում են դեռահասների ու կանանց աշխատուժի կամայական օգտագործումը գործարանային տասնհինգ֊ ժամյա օրվա յուրաքանչյուր ուզածդ կարճ ժամանակամիջոցում, «համեմատաբար անվնաս (comparatively harmless) էին, քանի դեռ աշխատաժամանակը սահմանափակված էր 12 ժամով։ Տասժամյա աշխատանքի օրվա օրենքը գործելիս՝ դրանք անհանդուրժելի անարդարություն են» (hardship)<ref>«Reports etc. for 30th April 1848», էջ 28։</ref>։ Այդ պատճառով էլ նրանք ամենասառը ձևով հայտարարեցին տեսուչներին, որ չեն ուզում ուշադրություն դարձնել օրենքի տառի վրա և ուզում են սեփական իշխանությամբ հին սիստեմը մտցնել<ref>Ի թիվս ուրիշների այդ հայտարարել է նաև. մարդասեր Էշֆորտը Լեոնարդ Հորներին ուղղած քվակերական մի զզվելի նամակում («Reports etc. April 1849», էջ 4)։</ref>։ Այդ կլինի վատ խորհուրդներով մոլորեցված բանվորների օգտին, որովհետև «հնարավորություն կտա ավելի բարձր աշխատավարձ վճարել նրանց»։ «Այս միակ միջոցն է տասժամյա աշխատանքային օրվա օրենքի պայմաններում պահպանելու Մեծ Բրիտանիայի արդյունաբերական գերակշռությունը»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 138։</ref>։ «Կարող է պատահել, որ մի քիչ դժվար լինի հերթափոխությունների սիստեմի պայմաններում երևան հանել օրինախախտումները, բայց ի՞նչ կա որ (what of that?)։ Մի՞թե ներելի է այս երկրի արդյունաբերական մեծ շահերը գիտել որպես մի երկրորդական բան, միայն թե գործարանային տեսուչներն ու նրանց օգնականներն ազատվեն հոգսերի մի փոքր ավելացումից (some little trouble)»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 140։</ref>։ Այգ բոլոր հնարքները, իհարկե, ամենևին չօգնեցին։ Գործարանային տեսուչներն սկսեցին դատական հետապնդումներ հարուցել։ Բայց շուտով ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյի գլխին գործարանատերերի պետիցիաների մի այնպիսի տարափ տեղաց, որ նա 1848 թ. օգոստոսի 5-ի մի շրջաբերականով տեսուչներին հանձնարարում էր «ընդհանրապես չհետապնդել օրենքի տառի խախտումները, մինչև չապացուցվի, որ Relaissystem-ը չարաշահում են այն ձևով, որ դեռահասներին ու կանանց ստիպում են 10 ժամից ավելի աշխատել»։ Դրանից հետո գործարանային տեսուչ Ջ. Ստյուարտը թույլատրեց, այսպես կոչված, հերթափոխերի սիստեմը գործարանային օրվա տասնհինգժամյա տևողության ընթացքում ամբողջ Շոտլանդիայում, որտեղ այդ սիստեմը նորից ծաղկեց առաջվա պես։ Անգլիայի գործարանային տեսուչները, ընդհակառակը, հայտարարեցին, որ մինիստրը ոչ մի դիկտատորական իշխանություն չունի օրենքների կիրառումը կասեցնելու, և շարունակեցին դատական հետապնդումները proslavery rebel-ների [ստրկության օգտին խռովություն բարձրացնողների] դեմ։ Բայց ի՞նչ օգուտ դատի ենթարկելուց, քանի որ դատարանները, country magistrates<ref>Այդ «county magistrates», «great unpaid»-ները [«մեծ անվճարները»], ինչպես նրանց անվանում է Վ. Կոբբետը, մի տեսակ ձրի հաշտարար դատավորներ են, որոնց ընտրում են կոմսությունների պատվավոր անձերի շարքից։ Փաստորեն, նրանք իշխող դասակարգերի տեղական դատարաններ են։</ref>, արդարացնող դատավճիռներ էին արձակում։ Այդ դատարաններում նստած էին նույն պարոնայք գործարանատերերը` իրենք իրենց դատելու համար։ Բերենք մի օրինակ։ Ոմն Էսքրիջ` Կերշո, Լիզ և Ընկ. բամբակամանական ֆիրմայից, իր օկրուգի գործարանային տեսչին ներկայացրեց Relaissystem-ի սխեման, որ նախանշված էր իր գործարանի համար։ Մերժում ստանալով` նա սկզբում հետագա ոչ մի քայլի չդիմեց։ Մի երկու ամիս անց Ռոբինզոն անունով մի անհատ, նույնպես բամբակամանարանատեր, եթե ոչ Էսքրիջի Ուրբաթը, համենայն դեպս նրա ազգականը, կանգնեց Ստոկպորտի հաշտարար դատավորի առաջ, մեղադրվելով հերթափոխի այնպիսի սիստեմ մտցնելու մեջ, որը նույնն է, ինչ որ Էսքրիջի հորինածը։ Նիստին մասնակցում էին 4 դատավոր, որոնց թվում 3 բամբակամանարանատեր՝ դարձյալ նույն անխուսափելի Էսքրիջի գլխավորությամբ։ Էսքրիջն արդարացրեց Ռոբինզոնին և հայտարարեց, թե ինչ որ օրինական է Ռոբինզոնի համար, իրավացի է նաև Էսքրիջի համար։ Հենվելով օրենքի ուժ ստացած իր սեփական վճռի վրա, նա անմիջապես մտցրեց այդ սիստեմը նաև իր սեփական գործարանում<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21, 22։ Հմմտ. նույնպիսի օրինակներ նույն տեղում, էջ 4, 5։</ref>։ Իհարկե, այդ դատարանների նման կազմն արդեն օրենքի բացահայտ խախտումն էր<ref>Վիլյամ IV-ի 1 և 2 օրենքով, § 24, էջ 10, որ հայտնի է սըր Ջոն Հոբհաուզի գործարանային օրենք անունով, բամբակամանարանի կամ մանածագործարանի որևէ տիրոջ, ինչպես նաև նրա հորը, որդուն կամ եղբորն արգելում է հաշտարար դատավորի պարտականություններ կատարել այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գործարանային օրենքին։ [«Reports etc. for 30th April 1849», էջ 22, ծանոթագրություն։]</ref>։ «Դատական այդպիսի ֆարսերը,— բացականչում է տեսուչ Հաուելը,— աղաղակում են, որ պետք է վերջ դնել դրան... երկուսից մեկը՝ կա՛մ օրենքը հարմարեցրեք այդ դատավճիռներին, կա՛մ դատավճիռ հանելու իրավունքը վերապահեցեք ավելի պակաս արատավոր տրիբունալի, որը բոլոր այդպիսի դեպքերում... իր վճիռները հարմարեցնում է օրենքին։ Ստիպված ես բուռն կերպով ձգտելու,, որ դատավորի պաշտոնը վճարովի լինի»<ref>«Reports etc. for 30th April 1849», [էջ 22]։</ref>։ Պետական իրավաբանները անհեթեթ հայտարարեցին 1848 թվականի օրենքի այն մեկնաբանությունը, որ տալիս էին գործարանատերերը, բայց հասարակության փրկիչները թույլ չտվին, որ իրենց մոլորեցնեն։ «Այն բանից հետո,— հաղորդում է Լեոնարդ Հորները,— երբ ես փորձեցի դատական 7 տարբեր շրջանում 10 հետապնդում հարուցելով հարկադրել, որ օրենքը կատարվի, և միայն մեկ դեպքում դատավորների մոտ պաշտպանություն գտա... ես օրենքի անտեսումների համար հետագա հետապնդումներն այլևս անօգուտ եմ համարում։ Օրենքի այն մասը, որը կազմված է աշխատաժամերի մեջ միակերպություն մտցնելու նպատակով... այլևս գոյություն չունի Լանկաշիրի համար։ Բացի դրանից, ո՛չ ես, ո՛չ էլ իմ օգնականները բացարձակապես ոչ մի միջոց չունենք համոզվելու համար, թե այն գործարաններում, որտեղ, այսպես կոչված, Relaissystem-ն է իշխում, դեռահասներին ու կանանց չե՞ն ստիպում 10 ժամից ավելի աշխատելու... 1849 թ. ապրիլի վերջերին իմ շրջանում արդեն 114 գործարան աշխատում էին այդ մեթոդով, և նրանց թիվը վերջին ժամանակներս բուռն թափով աճում է։ Ընղհանուր առմամբ, նրանք հիմա աշխատում են 13½ ժամ, առավոտվա ժամի 6-ից մինչև երեկոյան ժամի 7½-ը. մի քանի դեպքերում նրանք աշխատում են 15 ժամ, առավոտյան ժամի 5½-ից մինչև երեկոյան ժամի 8½-ը»<ref>Նույն տեղում. էջ 5։</ref>։ 1848 թ. դեկտեմբերին արդեն Լեոնարդ Հորներն ուներ 65 գործարանատիրոջ ու 29 գործարանային հսկիչի մի ցուցակ, որոնք միաձայն պնդում էին, թե վերահսկողության ոչ մի սիստեմ չի կարող այդ Relaissystem-ի պայմաններում խանգարել չափից դուրս աշխատանքի ամենալայն տարածմանը<ref>«Reports etc. for 31st October 1849», էջ 6։</ref>։ Մերթ միևնույն երեխաներին ու դեռահասներին մանարան-արհեստանոցից փոխադրում էին ջուլհականոց և այլն, մերթ 15 ժամվա ընթացքում նրանք մի գործարանից մի ուրիշ գործարան էին փոխադրվում (shifted)<ref>«Reports etc. for 30th April 1849», էջ 21։</ref>։ Էլ ինչպե՞ս վերահսկես այդպիսի մի սիստեմի, «որը հերթափոխ բառը չարաշահում է, որպեսզի վերադասավորի բանվորներին մի անվերջ բազմազանությամբ, ինչպես խաղաթղթերի, և տարբեր անձանց աշխատանքի ու հանգստի ժամերն ամեն օր այնպես տեղաշարժի, որ բանվորների միևնույն լրիվ խումբը երբեք միևնույն տեղում միևնույն ժամերին չաշխատի»<ref>«Reports etc. for 31st October 1848», էջ 95։</ref>։
<references>