Changes

Բասքըրվիլների շունը

Ավելացվել է 43 092 բայտ, 09:36, 28 Ապրիլի 2014
/* Գլուխ X Հատվածներ դոկտոր Ուոթսնի օրագրից */
Այդ քարանձավներից մեկում թաքնվում է բուն էությունն այն խնդրի, որն այնպես տանջում է ինձ։ Երդվում եմ, մի օր էլ չանցած կանեմ ամեն բան, ինչ որ մարդկային ուժերի սահմանում է, և կհասնեմ այս գաղտնիքի լուծմանը։
 
 
==Գլուխ XI Մարդը գրանիտե սյան վրա==
 
 
Վերջին գլուխները կազմող օրագրիս հատվածները մեզ ընդհուպ մոտեցրին հոկտեմբերի 18֊ին, այն օրվան, որից սկսած բոլոր այս անհավանական դեպքերն արագորեն ընթացան դեպի իրենց սարսափելի լուծումը։ Վերջին օրերի դեպքերն այնպես են տպավորվել հիշողությանս մեջ, որ ես կարող եմ դրանց մասին պատմել առանց իմ գրառումներից օգտվելու։
 
Եվ այսպես, սկսենք այն օրվանից, որի նախօրյակին ես պարզեցի երկու առաջնակարգ կարևորության հանգամանքներ։ Առաջին, որ միսիս Լաուրա Լայոնսը սըր Չարլզ Բասկերվիլին տեսակցություն է նշանակել հենց այնտեղ, ուր նա գտել էր իր մահը (ընդ որում հենց նույն նշանակված ժամին), և երկրորդ, որ ճահիճներում թաքնվող մարդուն հարկ է որոնել բլրալանջի քարանձավներում։ Ես զգում էի, որ այժմ միայն քաջության ու խեկամտության պակասը կարող են խանգարել ինձ այդ երկու հանելուկները լուծելու։
 
Այդ երեկո ինձ չհաջողվեց բարոնետին պատմել միսիս Լայոնսի մասին, քանի որ դոկտոր Մորտիմերը մինչև ուշ գիշեր նրա հետ թուղթ էր խաղում։ Բայց հաջորդ օրը նախաճաշին հայտնեցի նրան իմ գյուտը և առաջարկեցի ինձ հետ մեկնել Կումբի֊Թրեսի։ Ակզբում նա սիրով համաձայնեց, սակայն, մի լավ մտածելով՝ որոշեցինք, որ ավելի լավ կլինի ես մենակ գնամ։ Որքան պաշտոնական լինի այդ այցելությունը, այնքան քիչ արդյունքի կհասնենք։ Եվ ես ոչ առանց խղճի խայթի սըր Հենրիին թողեցի տանը, իսկ ինքս մեկնեցի այդ նոր որոնումներին։
 
Հասնելով Կումբի֊Թրեսի՝ կարգադրեցի Պերկինսին ձիերը պատրաստ պահել և հարցուփորձ արի լեդիի մասին, որին պետք է հարցաքննեի։ Նրա տունը գտնելը դժվար չեղավ․ այն գտնվում էր գյուղի կենտրոնում, դուռը բացող աղախինը առանց հետագա ձևականությունների ինձ առաջնորդեց հյուրասենյակ, որտեղ գրամեքենայի առջև մի կին էր նստած։ Նա հաճելի ժպիտով ընդառաջ եկավ, բայց, իր առջև անծանոթի տեսնելով, խոժոռվեց, նորից նստեց սեղանի մոտ և հարցրեց իմ այցելության նպատակի մասին։
 
Առաջին իսկ հայացքից միսիս Լայոնսն ապշեցրեց իր գեղեցկությամբ․ բաց դարչնագույն աչքեր, շագանակագույն մազեր, այտերին նուրբ կարմրություն, ճիշտ է, պեպեններով ծածկված, այն հրաշալի երանգի կարմրությունը, որ պահվում է սպիտակ վարդի սրտում։ Կրկնում եմ, առաջին տպավորությունն անչափ ուժեղ էր։ Սակայն, ավելի լավ տնտղելով, քննադատաբար տրամադրվեցի։ Այդ դեմքն ինչ֊որ տհաճ, կոպիտ բան ուներ իր մեջ․ նրա կատարյալ գեղեցկությունը փչացնում էին ոչ այն է բերանի մոտի անկամ ծալքերը, ոչ այն է՝ դաժան հայացքը։ Սակայն բոլոր այդ մտքերը եկան հետո։ Իսկ առաջին րոպեին ես պարզապես զգացի, որ իմ առաջ նստած է անչափ գեղեցիկ մի կին և այդ կինը հարցնում է ինձ, թե ինչու եմ եկել։ Եվ միայն այդ ժամանակ ես պարզ հասկացա, թե իմ այցելության նպատակը որքան նուրբ է։
 
― Ես բավականություն ունեմ ճանաչել ձեր հայրիկին, ― ասացի ես։
 
Սկիղբը բավական անհաջող էր, և լեդին անմիջապես հասկացրեց դա ինձ։
 
― Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ հորս հետ, ― ասաց նա։ ― Ես ոչնչով պարտական չեմ նրան և չեմ կարող նրա բարեկամներին իմ բարեկամը համարել։ Նա իրեն չի ծանրաբեռնում հայրական հոգսերով։ Եթե չլիներ հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլը և մի քանի ուրիշ սրտացավ մարդիկ, ես սոված կմնայի։
 
― Իսկ ես ուզում եմ խոսել հենց հանգուցյալ սըր Չարլզ Բասկերվիլի մասին։
 
Պեպենները բռնկվեցին նրա գունատ դեմքի վրա։
 
― Ի՞նչն է հատկապես հետաքրքրում ձեզ, ― հարցրեց նա, և նրա մատները ջղաձգորեն դիպան գրամեքենայի ստեղներին։
 
― Դուք ծանո՞թ էիք նրան։
 
― Ես արդեն ասացի, որ շատ բանով պարտական եմ նրան։ Եթե ինձ հաջողվեց ոտքի կանգնել, ապա դա բացատրվում է գլխավորապես այն համակրանքով, որ նա ցույց տվեց իմ ճակատագրի նկատմամբ։
 
― Դուք նրա հետ նամակագրություն ունեցե՞լ եք։
 
Լեդին ինձ վրա արագ մի հայաց նետեց, և նրա բաց դարչնագույն աչքերում չար կրակ բռնկվեց։
 
― Բացատրեք ինձ այս հարցաքննության նպատակը, ― կտրուկ ասաց նա։
 
― Նպատակը միայն մեկն է՝ խուսափել ձեր համար տհաճ հրապարակումից։ Եկեք խոսենք այստեղ, այլապես այն արդեն մեր իշխանության տակ չի լինի, իսկ այդ դեպքում ավելի վատ բան կստացվի։
 
Նա է՛լ ավելի գունատվեց ու երկար ժամանակ լուռ էր։ Հետո հանկարծ նայեց ինձ ու հանդուգն, գրգռիչ տոնով ասաց․
 
― Լավ, ես համաձայն եմ։ Ի՞նչ եք ուզում իմանալ։
 
― Դուք նամակագրություն ունեցե՞լ եք սըր Չարլզի հետ։
 
― Այո, ես մի երկու անգամ գրել եմ նրան, շնորհակալություն եմ հայտնել մեծահոգության ու նրբանկատության համար։
 
― Այդ նամակների ամսաթվերը հիշո՞ւմ եք։
 
― Ոչ։
 
― Իսկ դուք անձամբ հանդիպե՞լ եք նրան։
 
― Մեկ֊երկու անգամ նրա այցելությունների ժամանակ Կումբի֊Թրեսի։ Սըր Չարլզը շատ համեստ մարդ էր, նա չէր սիրում ի ցույց դնել իր բարի գործերը։
 
― Դուք հազվադեպ եք նամակագրություն ունեցել, հազվադեպ եք հանդիպել, այնուհանդերձ նա այնքան տեղյակ էր ձեր գործերին, որ նույնիսկ օգնություն ցույց տվեց ձեզ։ Ինչպե՞ս հասկանալ այդ։
 
Նա իմ խորամանկ հարցին պատասխանեց առանց մտածելու․
 
― Ընդհանուր ուժերով ինձ օգնել են նաև ուրիշ ջենտլմեններ, որոնք գիտեին իմ տխուր պատմությունը։ Դրանցից մեկը միստր Սթեփլտոնն է՝ սըր Չարլզի հարևանն ու մոտ բարեկամը։ Նա բացառիկ բարություն է ցուցաբերել իմ նկատմամբ, և սըր Չարլզը նրա միջոցով ծանոթացավ ինձ հետ։
 
Ես արդեն գիտեի, որ սըր Չարլզ Բասկերվիլը հաճախ էր Սթեփլտոնին հանձնարարել վարելու իր բարեգործական գործերը, ուստի այդպիսի բացտրությունը լիովին ճշմարտանման համարեցի։
 
― Այժմ ասացեք, սըր Չարլզին գրած ձեր նամակներում դուք չե՞ք պնդել, անձնական տեսակցություն ունենալու։
 
Նա զայրացած բռնկվեց․
 
― Սըր, այդպիսի հարցը ես անտեղի եմ համարում։
 
― Ներեցեք, տիկին, բայց ես հարկադրված եմ կրկնել այն։
 
― Լավ, ես կպատասխանեմ․ իհարկե՝ ոչ։
 
― Նույնիսկ սըր Չարլզի մահվա՞ն օրը։
 
Այտերի կարմրությունը մի ակնթարթում վերացավ, դեմքը ծածկվեց մեռելային գունատությամբ։ Չորացած շրթունքները դողացին, և ես ավելի շուտ տեսա, քան թե լսեցի ևս մի «ոչ»։
 
― Հիշողությունն ակնհայտորեն դավաճանում է ձեզ։ Ես նույնիսկ կարող եմ մի նախադասություն մեջբերել ձեր նամակից։ Այնտեղ ասված է․ «Աղաչում եմ ձեզ, ինչպես ջենտլմենի, այրեցեք այս նամակը և երեկոյան ժամը տասին եղեք դռնակի մոտ»։
 
Ինձ թվաց՝ ևս մի վայրկյան՝ և միսիս Լայոնսը կուշաթափվի, բայց կամքի հսկայական լարումով նա տիրապետեց իրեն։
 
― Ուրեմն, աշխարհում օրինավոր ջենտլմեններ չկան, ― դուրս պրծավ նրա բերանից։
 
― Դուք անիրավացի եք սըր Չարլզի հանդեպ․ նա կատարեց ձեր խնդրանքը։ Բայց երբեմն կարելի է կարդալ նույնիսկ այրված նամակը։ Հիմա կխոստովանեք, որ այն օրը գրել եք նրան։
 
― Այո, գրել եմ, չեմ հրաժարվի, ― գոչեց նա՝ ամբողջ հոգին դնելով իր խոսքերում։ ― Ես այդ նամակից ամաչելու բան չունեմ։ Ես նրանից օգնություն էի խնդրում։ Համոզված էի, որ եթե ինձ հաջողվի խոսել նրա հետ, նա չի հրաժարվի ինձ օգնել։
 
― Բայց ինչո՞ւ էիք տեսակցության համար այդպիսի ժամ նշանակել։
 
― Ես իմացա, որ հաջորդ օրը նա Լոնդոն է մեկնելու, հավանական է, մի քանի ամսով։ Իսկ ավելի շուտ ես չէի կարող գալ, դրա համար իմ պատճառներն ունեի։
 
― Իսկ ինչո՞ւ էիք տեսակցությունը զբոսայգում նշանակել։ Մի՞թե չէր կարելի տանը հանդիպել։
 
― Ձեր կարծիքով, կինը կարող է այդպիսի ուշ ժամի հայտնվել ամուրիի տա՞նը։
 
― Լավ։ Ի՞նչ եղավ, երբ դուք եկաք տեսակցության։
 
― Ես ոչ մի տեղ չեմ գնացել։
 
― Միսիս Լայո՛նս։
 
― Երդվում եմ այն ամենով, ինչ ինձ համար սրբություն է, ես այնտեղ չեմ գնացել։ Ինձ խանգարեցին։
 
― Ի՞նչը խանգարեց ձեզ։
 
― Դա իմ անձնական գործն է, ես չեմ կարող այդ մասին խոսել։
 
― Հետևաբար, դուք սըր Չարլզին տեսակցություն եք նշանակել այնտեղ, ուր մահը վրա է հասել, և նույնիսկ հենց նույն ժամին, բայց ինքներդ այնտեղ չեք գնացել։
 
― Դա զուտ ճշմարտություն է։
 
Իմ հետագա բոլոր խորամանկությունները ոչ մի բանի չհասցրեցին, նա շարունակում էր իրենը պնդել։
 
― Միսիս Լա՛յոնս, ― ասացի ես՝ ավարտելով այդ երկար ու ապարդյուն հարցաքննությունը, ― դուք չեք ուզում ճշմարիտն ասել և դրանով մեծ պատասխանատվություն եք վերցնում ձեզ վրա։ Ձեր վիճակը շատ տհաճ է։ Եթե ես դիմեմ ոստիկանությանը, դուք կհամոզվեք, թե դա ձեզ որքան կվարկաբեկի։ Ենթադրենք, թե դուք ոչ մի բանում մեղավոր չեք, բայց այդ դեպքում ինչու հենց առաջին խոսքերից հրաժարվեցիք նամակից, որը ուղարկվել էր սըր Չարլզին իր մահվան օրը։
 
― Վախենում էի, որ դրանից սխալ եզրակացություններ կարվեն և ինձ կքաշեն տհաճ պատմության մեջ։
 
― Իսկ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր ձեր նամակը։
 
― Եթե դուք կարդացել եք, ձեզ պետք է պարզ լինի։
 
― Ես չասացի, թե կարդացել եմ ամբողջ նամակը։
 
― Դուք հիշողությամբ մի ամբողջ նախադասություն բերեցիք։
 
― Միայն հետգրությունը։ Ես արդեն ասացի, որ նամակն այրված էր, ինձ չհաջողվեց լրիվ կարդալ այն։ Հարցս մի անգամ էլ եմ կրկնում․ ինչո՞ւ էիք այդպես պնդում, որ սըր Չարլզն այրեր նամակը։
 
― Դա վերաբերում է միայն ինձ։
 
― Այդ դեպքում դուք ավելի ևս պիտի խուսափեք հասարակական հետաքննությունից։
 
― Լավ, ես ձեզ ամեն ինչ կասեմ։ Եթե իմ դառը ճակատագրի լուրերը ձեզ են հասել, ապա պիտի իմանաք, որ ես ամուսնացել եմ թեթևամտորեն և բոլոր հիմքերն ունեմ ցավելու դրա համար։
 
― Այո, որոշ բան լսել եմ։
 
― Այդ օրվանից ամուսինս, որին ատում եմ, հանգիստ չի տալիս ինձ իր շահախնդիր նկրտումներով։ Օրենքը նրա կողմն է, և ինձ ամեն օր վտանգ է սպառնում, որ նա կստիպի համատեղ ապրել։ Սըր Չարլզին գրելուց առաջ ես իմացա, որ կարող եմ ազատություն ստանալ, բայց դրա համար դրամ է հարկավոր։ Ազատությունն ամեն ինչ կտա ինձ՝ հոգեկան հանգստություն, երջանկություն, ինքնահարգում, վճռականապես ամեն ինչ։ Սըր Չարլզի մեծահոգությունը լավ էր հայտնի, և ես մտածեցի՝ եթե պատմեմ նրան իմ վշտի մասին, չի մերժի օգնել։
 
― Ուրեմն, ինչո՞ւ չգնացիք տեսակցության։
 
― Որովհետև այդ ընթացքում ես հասցրի օգնություն ստանալ մեկ ուրիշից։
 
― Այդ դեպքում պետք էր երկրորդ անգամ գրել ու բացատրել, թե ինչու չեք կարող գնալ։
 
― Ես հենց այդպես էլ կանեի, եթե հաջորդ առավոտյան թերթերում չկարդայի նրա մահվան մասին։
 
Պատմությունը բավական համոզիչ էր, և իմ հարցերը չէին կարող խախտել դրա ճշմարտանմանությունը։ Այդ ամենը կարելի էր ստուգել միայն մի միջոցով․ իմանալ, թե արդյո՞ք միսիս Լայոնսն իր ամուսնալուծության գործն սկսել էր սըր Չարլզի ողբերգական մահից անմիջապես հետո։
 
Դժվար թե նա համարձակվեր ստել, որ չի եղել տեսակցությանը, քանի որ ստիպված պիտի լիներ մեկնել Բասկերվիլ֊հոլլ բաց կառքով ու վերադառնալ Կումբի֊Թրեսի միայն լուսադեմին։ Այդպիսի ուղևորությունը թաքցնել չէր կարելի։ Հետևաբար, նա ճիշտ է ասում կամ համենայն դեպս ճշմարտության մի մասը։
 
Ես նրա մոտից հեռացա մոլորված ու իմ անհաջողությունից ընկճված։ Նորից իմ առջև այն խուլ պատն է, որը բարձրանում է նշված նպատակիս բոլոր ճանապարհներին։ Եվ, այնուամենայնիվ, մտաբերելով այդ կնոջ դեմքն ու նրա վարմունքը մեր խոսակցության ժամանակ, ավելի ու ավելի էի համոզվում, որ նա շատ բամ թաքցրեց ինձանից։ Ինչո՞ւ հանկարծ այդպես գունատվեց։ Ինչո՞ւ էր հարկ լինում յուրաքանչյուր բառը ուժով դուրս քաշել նրա բերանից։ Ի՞նչու չէր գնացել տեսակցության նշանակված ժամին, երբ տեղի ունեցավ ողբերգությունը։ Հավանաբար, այս բոլորի պատճառներն այնքան էլ հասարակ չեն, ինչպես նա կուզենար ներշնչել ինձ։ Այո, այստեղ ոչինչ անել չես կարող։ Ստիպված էի գնալ ուրիշ հետքերով, որոնք տանում էին ճահիճների քարանձավները։
 
Բայց այդ հետքերը վերին աստիճանի անորոշ էին, որում ես համոզվեցի վերադարձի ճանապարհին՝ անցնելով բլուրների մոտով, որոնք ծածկված էին նախապատմական մարդու կացարանների մնացորդներով։ Բերիմոռն ասում էր, որ անծանոթը թաքնվում է լքված անձավներից մեկում, բայց ախր դրանք այստեղ պատահում են ամենուրեք։ Սակայն, բացի Բերիմոռի ցուցմունքներից ես ունեի նաև իմ սեփական նկատառումները, քանի որ ինքս այդ մարդուն տեսել էի գրանիտե սյան վրա։ Հետևաբար, այնտեղից էլ պետք է սկսել որոնումները։ Ես կհետազոտեմ բոլոր անձավները և վերջ ի վերջո կգտնեմ այն մեկը, որ պետք է։ Եթե անծանոթը ձեռքս ընկնի, կստիպեմ ասել իր ով լինելը, կստիպեմ խոստովանել, թե ինչու է այդպես համառորեն հետապնդում մեզ։ Թող թեկուզ դրա համար հարկ լինի ատրճանակով սպառնալ։ Նա Հոլմսի ձեռքից ճողոպրեց բազմամարդ Ռիջենթ֊ստրիտում, բայց այստեղ, ամայի ճահիճներում այդ նրան չի հաջողվի։ Իսկ եթե թափուր գտնեմ այդ նույն անձավը, դե ինչ արած՝ կսպասեմ տիրոջ վերադարձին, երբ էլ որ նա գալու լինի։ Հոլմսն այդ մարդուն ձեռքից բաց թողեց Լոնդոնում, ինչպե՜ս կցնծամ, եթե ինձ հաջողվի բռնել նրան՝ դրանով իսկ հաղթելով ուսուցչիս։ Այս հետաքննության ժամանակ բախտն այնքան էր դավաճանել մեզ, բայց հիմա նա դեմքով ինձ էր դարձել։ Եվ հաջողության լրաբերը ոչ այլ ոք էր, եթե ոչ ալեհեր, կարմրերես միստր Ֆրեկլենդը, որն ինձ հանդիպեց ճանապարհ դուրս բերող իր այգու դռնակի մոտ։
 
― Բարի օ՜ր, դոկտոր Ուոթսն, ― բղավեց նա իր համար անսովոր սիրալիությամբ։ ― Ձիերին հանգիստ տվեք։ Ներս եկեք, ուրախացեք ինձ հետ, մի֊մի բաժակ գինի խմենք։
 
Այն ամենից հետո, ինչ լսել էի հարազատ աղջկա նկատմամբ միստր Ֆրեկլենդի վերաբերմունքի մասին, ես չէի կարող բարեկամական զգացումներ տածել նրա հանդեպ, բայց ուզում էի անպայման Պերկինսին տուն ճամփել, և այդպիսի առիթը ճիշտ ժամանակին ներկայացավ։ Իջա կառքից, պատվիրեցի հաղորդել սըր Հենրիին, որ կվերադառնամ ճաշին ու հետևեցի Ֆրեկլենդին ուղիղ դեպի ճաշասենյակ։
 
― Այսօր ինձ համար հանդիսավոր օր է, սըր, իսկական տոն, ― հայտարարեց նա՝ ուրախ քրքջալով։ ― Ես երկու դատական գործ եմ շահել։ Հիմա տեղի հասարակությունը կհասկանա, որ օրնենքն օրենք է, և, ի դեմս ինձ գործ ունի մի մարդու հետ, որը պատրաստ է նրա պատիվը տեղալու անհնազանդների գլխին։ Ես իրավունք ստացա ծերուկ Միդլտոնի այգու միջով ազատ ելումուտ անելու, ― ուղղակի այգու միջո՜վ, սըր, ― նրա դռնից ինչ֊որ հարյուր քայլի վրա։ Դե, ի՜նչ կասեք սրան։ Մենք դեռ կսովորեցնենք մեր մագնատներին, թող անիծված լինեն նրանք։ Թող իմանան, որ ոչ ոք թույլ չի տա նրանց անպատիժ ոտնահարել համայնքի իրավունքները։ Բացի դրանից, ես փակել տվի մուտքը անտառ, որտեղ տեղի հասարակությունը սովորություն է դարձրել պիկնիկներ սարքել։ Այդ սրիկաներն իրենց այնպես են պահում, ասես մասնավոր սեփականության իրավունքը գոյություն չունի։ Նրանք երևակայում են, որ իրենք ամենուրեք կարող են դատարկ շշեր թողնել ու թղթի կտորեներ։ Երկու գործն էլ ավարտված է, դոկտոր Ուոթսն, և երկուսն էլ իմ օգտին։ Ես վաղուց արդեն այսպիսի երջանիկ օր չէի ունեցել, սկսած այն օրվանից, երբ որսորդության համար պատախանատվության կանչեցի սըր Ջոն Մոռլենդին, որն իր սեփական հողում ճագարներ էր որսում։
 
― Դա ձեզ ինչպե՞ս հաջողվեց։
 
― Դիմեք դատական արխիվներին, սըր, ծախսած ժամանակը չեք ափսոսա։ «Ֆրեկլենդն ըննդեմ Մոռլենդի»։ Գործը լսվում էր Լոնդոնում։ Այն ինձ վրա 200 ֆունտ նստեց, բայց ես գործը շահեցի։
 
― Եվ դա ձեզ ի՞նչ տվեց։
 
― Ոչինչ, սըր, բացառապես ոչինչ։ Ես հպարտանում եմ, որ անձնական շահագրգռվածություն չունեմ այս գործերում։ Կատարում եմ միայն իմ հասարակական պարտքը։ Չեմ կասկածում, որ այս գիշեր Ֆերնվորս գյուղակի բնակիչներն իմ խրտվիլակը կայրեն խարույկի վրա։ Վերջին անգամ, երբ նրանք այդ արեցին, ես պահանջեցի, որ որստիկանությունը վերջ տա այդ այլանդակությանը։ Բայց ախր մեր կոմսության ոստիկանական իշխանությունները իրենց միանգամայն խայտառակ ձևով են պահում, սըր։ Ես հույս եմ դնում նրանց պաշտպանության վրա, իսկ նրանք այդ պաշտպանությունը ցույց չեն տալիս։ Սպասեցեք, «Ֆրենկլենդն ընդդեմ ոստիկանության» գործը հասարակության ուշադրությունը կբևեռի իր վրա։ Ես նախազգուշացրել էի, որ տեղական իշխանությունները կզղջան իմ նկատմամբ իրենց զայրացուցիչ վերաբերմունքի համար, և ահա իմ խոսքերն իրականացան։
 
― Ի՞նչ եղանակով, ― հարցրի ես։
 
Ծերուկը մի բազմանշանակալից հայացք նետեց վրաս․
 
― Նրանք շատ են ուզում մի բան իմանալ, իսկ ինձ որոշ բան հայտնի է։ Բայց ես ոչ մի գնով չեմ օգնի այդ սրիկաներին։
 
Ես արդեն վաղուց առիթ էի փնտրում այդ շատախոսից շուտ ազատվելու, բայց նրա վերջին խոսքերն ինձ հետաքրքրեցին։ Սակայն ինձ քաջ հայտնի էր ծեր մեղսագործի կամակոր բնավորությունը․ գիտեի, որ բավական է միայն հետաքրքրվել նրա պատմությամբ, և նա կլռի, դրա համար էլ հարցրեցի բոլորովին անտարբեր տոնով․
 
― Երևի էլի որսագողությո՞ւն։
 
― Հա՛֊հա՛։ Չէ՜, բարեկամս, այստեղ գործը շատ ավելի լուրջ է։ Իսկ ի՞նչ կասեք, եթե խոսքը վերաբերի փախած աքսորականին։
 
Ես ցնցվեցի․
 
― Դուք գիտե՞ք, թե նա որտեղ է թաքնվում։
 
― Ճիշտ տեղը գուցե և չգիտեմ, բայց ոստիկանությանը կարող եմ հետքի վրա գցել։ Մի՞թե երբևէ ձեր մտքով չի անցել, որ այդ մարդուն կարելի է բռնել միայն այն ժամանակ, երբ իմանաք, թե ով է նրան ուտելիք տանում ու հետևեք նրան։
 
Ծերուկն այնքան մոտ էր ճշմարտությանը, որ ես ինձ վատ զգացի։
 
― Այո, ճիշտ է, ― ասացի ես, ― բայց ինչո՞ւ եք կարծում, թե աքսորականը դեռ թաքնվում է ճահիճներում։
 
― Որովհետև սեփական աչքով եմ տեսել նրան, ով ուտելիք է տանում աքսորականին։
 
Սիրտս ճմլվեց Բերիմոռի մասին մտածելուց։ Եթե նա ընկնի այս չար, բանսարկու ծերուկի ձեռքը, ապա բանը բուրդ է։ Բայց հետագա խոսքերը լսելով՝ ազատ շունչ քաշեցի։
 
― Պատկերացրեք, ուտելիքը տանում է մի երեխա, ― շարունակեց Ֆրեկլենդը։ ― Ես ամեն օր տանիքումս գտնվող հեռադիտակով տեսնում եմ նրան։ Նա գնում է նույն ճամփով ու միշտ նույն ժամին։ Հարց է ծագում՝ ո՞ւմ մոտ։ Իհարկե, աքսորականի։
 
Ահա վերջապես հաջողությունը։ Բայց ես նույնիսկ ցույց չտվի, թե դա որքան է հետաքրքրում ինձ։ Երեխա՛։ Բերիմոռն ասում էր, որ մեր անծանոթին ինչ֊որ տղա է օգնում։ Ուրեմն, Ֆրենկլենդն ընկել է այդ մարդու հետքի վրա, իսկ աքսորականն այստեղ բոլորովին գործ չունի։ Եթե ես կարողանայի ծերուկից դուրս քաշել այն ամենը, ինչ նրան հայտնի է, դա ինձ կազատեր երկար ու հոգնեցուցիչ որոնումներից։ Բայց խաղի մեջ իմ հաղթաթղթերն առաջվա պես մնում էին անվստահությունն ու լրիվ անտարբերությունը։
 
― Իսկ ինձ թվում է, որ դա որևէ տեղացի հովվի տղա է։ Հավանաբար, հորը հաց է տանում։
 
Ամենափոքր հակաճառությունն իսկ կայծեր էր թռցնում տիրական ծերուկից։ Նա չարությամբ աչքերը փայլեցրեց վրաս և ամբողջովին փշաքաղվեց, ինչպես մոլեգնած կատու։
 
― Ձեզ այդպե՞ս է թվում, սըր։ ― Եվ, ձեռքը երկարելով, ցույց տվեց մեր առջև փռված ճահիճները։ ― Իսկ այն գրանիտե սյունը տեսնո՞ւմ եք։ Այդպե՜ս։ Իսկ նրա ետևում տատասկի թփուտներով ծածկված ցածրիկ բլրա՞կը։ Դա ամենաքարքարոտ տեղն է ամբողջ ճահիճներում։ Հովիվներն ի՞նչ պիտի անեն այնտեղ։ Ձեր ենթադրությունը պարզապես անհեթեթ է, սըր։
 
Ես հեզությամբ ընդունեցի, որ հաշվի չէի առել այդ հանգամանքները։ Իմ խոնարհությունը դուր եկավ Ֆրենկլենդին, և նա շարունակեց իր ճամարտակությունները։
 
― Կարող եք վստահ լինել, սըր, որ ես երբեք հապճեպ եզրակացություններ չեմ անում։ Ես այդ կապոցով տղային առաջին անգամ չէ, որ տեսնում եմ։ Ամեն օր, իսկ երբեմն էլ օրը երկու անգամ․ նա․․․ սպասե՛ք, դոկտոր Ուոթսն․․․ Սա տեսողական խաբկա՞նք է, թե ահա այն բլրալանջով ինչ֊որ բան է շարժվում։
 
Եվ իսկապես, ես նույնիսկ մի քանի մղոն հեռավորության վրա պղտոր֊կանաչ լանջին, մի փոքրիկ մութ կետ նկատեցի։
 
― Գնա՛նք, սըր, գնա՛նք, գոչեց Ֆրենկլենդը՝ աստիճաններով վեր նետվելով։ ― Դուք նրան սեփական աչքերով կտեսնեք։
 
Հարթ տանիքին դրված եռոտանու վրա ամրացված էր հույժ ազդեցիկ չափի մի հեռադիտակ։ Ֆրենկլենդը կպավ նրան ու ցնծության աղաղակ արձակեց։
 
― Շո՛տ, դոկտոր Ուոթոն, շո՛ւտ։ Քանի դեռ չի ծածկվել բլրի ետևում։
 
Իսկապես, լանջն ի վեր դանդաղ մագլցում էր կապոցն ուսին մի տղա։ Ահա նա հասավ բլրի գագաթը, և ես միանգամայն պարզ տեսա, թե ինչպես նրա ցնցոտիներ հագած անհեթեթ կերպարանքը գծագրվեց երկնքի սառը կապույտին։ Տղան ծածուկ շուրջը նայեց, հավանորեն ստուգելով, թե չե՞ն հետևում իրեն և անհետացավ բլրի ետևը։
 
― Դե ինչ, իրավացի՞ եմ, թե ոչ։
 
― Իսկապես, տղա է, և, հավանաբար, պատճառներ ունի գաղտնի գնալու այնտեղ։
 
― Իսկ թե ինչ գաղտնի պատճառներ են, այդ մասին գլխի կընկներ նույնիսկ ոստիկանանկան կոնստեբլը։ Բայց ես նրանց մի բառ անգամ չեմ ասի, և, դոկտոր Ուոթսն, ձեզ էլ եմ խնդրում՝ լռեցեք։ Հասկանո՞ւմ եք։ Ո՛չ մի խոսք։
 
― Ինչպես կամենաք։
 
― Նրանք ամենազայրացուցիչ կերպով արհամարում են ինձ։ Երբ «Ֆրեկլենդը ընդդեմ ոստիկանության» գործի բոլոր հանգամանքները ջրի երես դուրս կգան, երկրով մեկ զայրույթի ալիք կբարձրանա։ Ո՛չ, թող հույս չդնեն իմ օգնության վրա։ Նրանք մատը մատին իսկ չէին տա, եթե այդ գարշելիները խրտվիլակի փոխարեն ուզենային ինձ այրել․․․ Ինչպե՜ս, դուք արդեն ուզում եք մեկնե՞լ։ Մի՞թե դուք ինձ չեք օգնի ի պատիվ ուրախ իրադարձության՝ դատարկելու այս գրաֆինը։
 
Սակայն ես նրա խնդրանքներին չենթարկվեցի, իսկ երբ ծերուկը հայտնեց, որ ուզում է ինձ տուն ուղեկցել, համոզեցի հրաժարվել այդ մտադրությունից։ Քանի դեռ նա կարող էր տեսնել ինձ, ես գնում էի ճանապարհով, բայց հետո ուղիղ դարձա դեպի այն քարքարոտ բլուրը, որի ետևում ծածկվեց այն տղան։
 
Ամեն ինչ ավելի քան լավ էր դասավորվում, և ես մտովի երդվեցի, որ եթե ինձ չհաջողվի օգտվել բախտի ընձեռած երջանիկ դիպվածիծ, ապա դրա մեղավորը կլինի ով ասես, բայց ոչ եռանդիս ու համառությանս բացակայությունը։
 
Երբ բարձրացա բլրի գագաթը, արևն արդեն մայր էր մտնում, և բլրի թեք լանջերը մի կողմից ոսկեկանաչին էին տալիս, իսկ մյուսում ընկղմվել էին մոխրագույն ստվերի մեջ։ Հեռվում, հորիզոնի հենց վերևում փռվել էր ծխի շղարշը, որի միջից երևում էին Աղվեսի սյան ֆանտաստիկ ուրվագծերը։ Շուրջը ձեն֊ձուն չկար։ Միայն ինչ֊որ մեծ մոխրագուն թռչուն, ― ոչ այն է՝ ճայ, ոչ այն է՝ կրոնշնեպ, ― բարձր սավառնում էր կապույտ երկնքում։ Նա և ես՝ մենք միակ կենդանի էակներն էինք հսկայական երկնակամարի ու նրա ներքևում փռված անապատի միջև։ Ճահիճների մերկ ընդարձակությունը, մարդու բացակայությունը, չլուծված գաղտնիքն ու մոտալուտ խնդրի կարևորությունը, ― այդ ամենը տագնապով էին պարուրում սիրտս։ Տղան ոչ մի տեղ չէր երևում։ Բայց բլուրների միջև, հենց ոտքերիս տակ ծվարել էին հնամենի քարանձավները, և նրանց մեջտեղում կար մեկը, որի անվնաս մնացած կամարները կարող էին պաշտպանել վատ եղանակից։ Սիրտս տրոփեց, երբ տեսա այդ քարանձավը։ Ահա այս որջում է, որ, երևի, թաքնվում է այն մարդը։ Վերջապես ներս կմտնեմ նրա թաքստոցը՝ նա իմ ձեռքում է։
 
Ես գաղտագողի մոտեցա այդ քարե ծակուռին՝ ճիշտ և ճիշտ Սթեփլտոնի պես, երբ նա ցանցորսիկը արդեն բարձրացրել էր թիթեռնիկի վրա։ Եվ, մոտենալով, գոհունակությամբ համոզվեցի, որ այրը տնավորված է։ Մուտքի դեր կատարող ճեղքից հազիվ նկատելի մի արահետ էր ձգվում։ Իսկ անձավից ոչ մի ձայն չէր լսվում։ Անծանոթը կամ թաքնվել է, կամ թրևում է ճահիճներում․ ներվերս ծայրահեղ լարվել էին առաջիկա հանդիպման սպասումից։ Ծխախոտը դեն նետելով՝ սեղմեցի ատրճանակի կոթը, արագ մոտեցա մուտքին ու նայեցի ներս։ Անձավը դատարկ էր։ Բայց բնազդն ինձ չխաբեց․ այստեղ ակնհայտորեն մեկն ապրում է։ Քարե մահճում, որտեղ երբեմն քնել էր նեոլիթյան մարդը, ընկած էին անջրանցիկ թիկնոցի մեջ փաթաթված ծածկոցներ։ Պարզունակ օջախում մոխրակույտ կար։ Դրա կողքին դրված էին խոհանոցային իրեր և մի դույլ՝ կիսով չափ ջրով լցված։ Մի կույտ դատարկ պահածոների տուփերը վկայում էին, որ այստեղ ապրում են արդեն շատ օրեր, իսկ երբ աչքերս ընտելացան կիսախավարին, անկյունում նկատեցի թիթեղյա մի գավաթ ու վիսկիի կիսատված մի շիշ։ Մեջտեղում ընկած էր տափակ մի քար, որ իբրև սեղան էր ծառայում, իսկ նրա վրա մի փոքրիկ կապոց, հավանաբար հենց այն, որը ես հեռադիտակով տեսա տղայի մեջքին։ Կապոցում հաց էր ու երկու տուփ պահածո․ մեկը՝ ծխեցրած լեզվով, մյուսը՝ օշարակի մեջ լցրած դեղձով։ Այդ ամենը տնտղելով՝ ուզում էի կապոցը տեղը դնել, երբ սիրտս հանկարծ մարեց․ քարի վրա դրված էր մի թերթ թուղթ, որի վրա ինչ֊որ բան էր գրված։ Վերցրի այն և, դժվարությամբ գլուխ հանելով մատիտի խզբզանքից՝ կարդացի հետևյալը․
 
Դոկտոր Ուոթսնը մեկնել է Կումբի֊Թրեսի։
 
Երկտողը ձեռքիս մի րոպե կանգնել էի անշարժ ու մտորում էի այդ հակիրճ ուղերձի իմաստի մասին։ Դուրս է գալիս, որ անծանոթը հետապնդում է ոչ թե սըր Հենրիին, այլ ինձ։ Հետևում է ինձ ոչ թե ինքը, այլ մեկ ուրիշին է նշանակել, գուցե, այդ տղային։ Եվ ահա նրա վերջին զեկույցը։ Այն օրից, ինչ ես այստեղ ապրում եմ, հավանաբար յուրաքանչյուր քայլիս հետևում են։ Չէ՞ որ այս ամբողջ ժամանակ ինձ չէր լքում այն զգացումը, որ այստեղ գործում են ինչ֊որ անտեսանելի ուժեր և որ նրանք զգույշ ու հմտորեն մեր շուրջը նրբագույն մի ցանց են հյուսում, որի թույլ հպումը մենք միայն երբեմն֊երբեմն զգում ենք ամենավտանգավոր րոպեներին։
 
Այս երկտողը, հավանորեն, միակը չէ։ Շուրջս նայեցի, ուրիշ ոչինչ չգտա։ Չհաջողվեց նաև հայտնաբերել որևէ հետք, որով հնարավոր լիներ դատել իր համար այսքան տարօրինակ կացարան ընտրած այդ մարդու կամ նրա դիտավորությունների մասին։ Նրա մասին կարելի է ասել միայն, որ, ըստ երևույթին, իր սովորություններով սպարտացի է և առանձին նշանակություն չի տալիս կենսական հարմարություններին։ Հիշելով վերջին օրերի տեղատարափ անձրևները և զննելով անձավի կամարի բաց ճեղքը՝ ես հասկացա, թե որքան է այդ մարդը կլանված իր գործով, եթե հանուն դրա հաշտվում է նույնիսկ այսպիսի անհրապույր ապաստարանի հետ։ Ուրեմն, ո՞վ է նա՝ մեր տիրակալ թշնամի՞ն, թե պահապան հրեշտակը։ Եվ ես երդվեցի դուրս չգալ անձավից, մինչև ամեն ինչ չպարզեմ։
 
Արեգակն արդեն թաքնվում էր, և երկինքը արևմուտքում վառվում էր ոսկու պես։ Մայրամուտի շողերը կարմրավուն բծերով ընկել էին հեռավոր Գրիմպենյան ճահճուտի ջրերին։ Հեռվում վեր էին խոյանում Բասկերվիլ֊հոլլի աշտարակները, իսկ դրանցից մի կողմի վրա հազիվ նշմարվում էր Գրիմպենի տանիքներին կանգանած բարակ ծուխը։ Գյուղակի ու Բասկերվիլ֊հոլլի միջև, բլրի ետևում, Սթեփլտոնների տունն էր։ Երեկոյան ոսկեգույն լույսը այնպիսի՜ հմայք ու անխռով հանգիստ էր պարգևել այդ ամենին։ Բայց իմ սիրտը չէր հավատում բնությունը համակող այդ խաղաղությանը և թպրտում էր այն սարսափելի անհանգստությունից, որ իր մեջ թաքցնում էր անխուսափելի վայրյկան առ վայրկյան մոտեցող հանդիպումը։ Նյարդերս լարված էին, բայց լի վճռականությամբ նստել էի մութ անձավում և մռայլ համառությամբ սպասում էի նրա բնակչի վերադարձին։
 
Վերջապես ոտնաձայն լսեցի։ Ահա քար ընկավ նրա կրունկի տակ։ Էլի․․․ Էլի․․․ քայլերն ավելի մոտ են, ավելի մոտ․․․ Ես նետվեցի ամենամութ անկյունը և, ատրճանակի հրահանը բարձրացրի, որոշելով չերևալ լույսի տակ, մինչև ինձ չհաջողվի գոնե փոքր֊ինչ զննել այդ մարդուն։ Դրսում ամեն ինչ լռեց․ ըստ երևույթին, նա կանգ առավ։ Հետո քայլերը նորից լսվեցին, և ինչ֊որ մեկի ստվերը փակեց անձավի մուտքը։
 
― Այսօր այնպիսի հիանալի օր է, թանկագին Ուոթսն, ― ասաց ինձ լավ ծանոթ ձայնը։ ― Ինչո՞ւ նստել հեղձուկ օդում։ Դրսում ավելի հաճելի է։
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits