Changes

Բասքըրվիլների շունը

Ավելացվել է 115 150 բայտ, 14:46, 30 Ապրիլի 2014
/* Գլուխ XI Մարդը գրանիտե սյան վրա */
― Այսօր այնպիսի հիանալի օր է, թանկագին Ուոթսն, ― ասաց ինձ լավ ծանոթ ձայնը։ ― Ինչո՞ւ նստել հեղձուկ օդում։ Դրսում ավելի հաճելի է։
 
 
==Գլուխ XII Մահը ճահիճներում==
 
 
Մեկ կամ երկու րոպե կանգնել էի՝ չհավատալով ականջներիս, և անսպասելիությունից չէի կարողանում շունչս տեղը բերել։ Հետո խոսելու ընդունակությունս վերադարձավ, և ես զգացի, թե ինչպես վիթխարի ծանրությունը ցած ընկավ ուսերիցս։ Այդ սառը, խայթող ձայնը ամբողջ աշխարհում կարող էր պատկանել միայն մի մարդու։
 
― Հո՜լմս, բացականչեցի ես, ― Հո՜լմս։
 
― Դուրս եկեք, ասաց նա, ― և, ― խնդրում եմ, ատրճանակի հետ ավելի զգույշ։
 
Ես դուրս եկա անձավից ու տեսա նրան։ Հոլմսը նստել էր քարին ու չարաճճի փայլող մոխրագույն աչքերով նայում էր իմ ապշած կերպարանքին։ Նա խիստ նիհարել էր, բայց տեսքն առույգ էր, հանգիստ, դեմքը՝ արևահարումից բրոնզագույն։ Սպորտային պարզ կոստյում ու կեպի՝ իսկ և իսկ ճահիճներում թափառող զբոսաշրջիկ։ Նա նույնիսկ հավատարիմ էր մնացել իր հիրավի կատվային մոլությանը մաքրակեցության հարցում․ մաքուր սափրված այտեր, անբիծ վերնաշապիկ։ Կարծես այս բոլորը տեղի էր ունենում Բեյքր֊ստրիտում։
 
― Ուրիշ ո՞վ կարող էր ինձ այսպես ուրախացնել իր հայտնությամբ, ― ասացի ես՝ ամուր սեղմելով նրա ձեռքը։
 
― Միաժամանակ և զարմացնել։
 
― Այո, իրավացի եք։
 
― Բայց, հավատացնում եմ, բարեկամս, զարմացել եք ոչ միայն դուք։ Ես չէի էլ կասկածում, որ ձեզ հաջողվել է գտնել իմ ժամանակավոր ապաստանը, և ոչ մի կերպ չէի մտածում, որ ձեզ այստեղ կգտնեմ։ Դա պարզվեց անձավից քսան քայլի վրա միայն։
 
― Դուք ճանաչեցիք իմ հետքե՞րը։
 
― Ոչ, Ուոթսն։ Վախենում եմ, որ դա ուժից վեր գործ է՝ ձեր հետքերը տարբերել աշխարհում եղած շատ ուրիշ հետքերից։ Իսկ եթե ապագայում ուզենաք որևէ կերպ խաբել ինձ, ապա խորհուրդ եմ տալիս նախ փոխել ծխախոտի խանութը, քանզի բավական է տեսնեմ «Բրեդլի․ Օքսվորդ֊ստրիտ» մակնիշի սիգարետը, որպեսզի անմիջապես կռահեմ, որ իմ բարեկամ Ուոթսնը մոտերքում է։ Ահա ձեր ծխախոտի մնացորդն ընկած է արահետի կողքին։ Դուք, հավանորեն, նետել եք դա այն րոպեին, երբ որոշել եք գրոհով վերցնել իմ դատարկ կացարանը։
 
― Միանգամայն ճիշտ է։
 
― Այդպես էլ կարծում էի․․․ Եվ իմանալով ձեր հարցախույզ բնավորությունը, կռահեցի, որ անձավում դարան եք սարքել և, ատրճանակը պատրաստ պահած, սպասում եք նրա բնակչի վերադարձին։ Դուք իսկապե՞ս ինձ հանցագործի տեղ էիք դրել։
 
― Ես չգիտեի, թե ով եք դուք, բայց որոշեցի պարզել։
 
― Հոյակա՜պ է, Ուոթսն։ Իսկ ինչպե՞ս հաջողվեց գտնել իմ կացարանը։ Դուք, հավանաբար, նկատել եք ինձ աքսորականին հետապնդելիս, երբ ես սեփական անփութությանս պատճառով հնարավորություն տվեցի լուսնին լուսավորել մեջքս։
 
― Այո, ես ձեզ այն ժամանակ տեսա։
 
― Եվ սկսեցիք խուզարկել բոլոր քարանձավներն անխտիր, մինչև դեմ առաք սրա՞ն։
 
― Ո՛չ, ինձ հետքի վրա գցեց ձեր տղան։ Մեկն այստեղ հետևում է նրան։
 
― Հա՜, հեռադիտակով ծեր ջենթլմենը։ Ես տեսել եմ, թե ինչպես է արևը շողշողում նրա հեռադիտակի ոսպնյակի մեջ և գլխի չէի ընկնում, թե դա ինչ է։ ― Նա վեր կացավ ու աչք ածեց անձավը։ ― Ըհը՜, Քարթրայթն արդեն եղել է այստեղ։ Այս ի՞նչ թուղթ է։ Ուրեմն, դուք գնացել եք Կումբի֊Թրե՞սի։
 
― Այո։
 
― Տեսակցելու միսիս Լաուրա Լայոնսի հե՞տ։
 
― Միանգամայն ճիշտ է։
 
― Հիանալի՜ է։ Ըստ երևույթին մեր հետախուզություններում մենք զուգահեռ ենք ընթացել։ Դե ինչ, այժմ պետք է ձեռք բերած տեղեկություններն իրար հաղորդենք, և այն ժամանակ քիչ թե շատ պարզ պատկերացում կունենանք այս գործի մասին։
 
― Ես անչափ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Նյարդերս այս բոլոր գաղտնիքների ու ինձ վրա ընկած պատասխանատվության ծանրության տակ արդեն սկսել էին տեղի տալ։ Բայց ինչպե՞ս եք այստեղ ընկել և ի՞նչ եք անում։ Իսկ ես կարծում էի, թե Հոլմսը նստած է Բեյքր֊ստրիտում ու աշխատում է շանտաժի գործի վրա։
 
― Ես ուզում էի, որ դուք հենց այդպես էլ մտածեք։
 
― Ուրեմն, դուք օգտվում եք իմ օգնությունից և միաժամանակ չեք վստահում ինձ, ― բարկացա ես։ ― Դա անարդարացի է, Հոլմս։
 
― Բարեկամս, այս գործում և շատ ուրիշներում ձեր օգնությունն անգնահատելի է եղել ինձ համար։ Եթե ձեզ թվում է, որ ես ինչ֊որ կերպ խաբել եմ ձեզ, աղաչում եմ, մի բարկանաք։ Անկեղծ ասած, ես սա արեցի միայն ձեզ համար։ Ես զգացի, որ դուք վտանգի եք ենթարկվում, և այստեղ եկա անձամբ հետաքննելու այս գործը։ Եթե ես ձեր ու սըր Հենրիի հետ լինեի, իմ տեսակետը ոչնչով չէր տարբերվի ձերինից, միաժամանակ մեր հակառակորդներն էլ զգաստ կլինեին։ Բասկերվիլ֊հոլլ գալն ինձ շատ կկաշկանդեր, իսկ այսպես ես կարող եմ միանգամայն ազատ գործել՝ մնալով վարագույրի ետևում ու պատրաստ լինելով բեմ դուրս գալ ամենավճռական պահերին։
 
― Բայց ի՞նչ կարիք կար ինձանից էլ թաքցնվելու։
 
― Եթե իմանայիք, որ ես այստեղ եմ, դա ոչ մի բանի չէր օգնի և, գուցե, նույնիսկ ավարտվեր իմ մերկացմամբ։ Դուք, երևի, կցանկանայիք ինձ որևէ բան պատմել կամ էլ ձեզ հատուկ բարությամբ հանկարծ կմտածեիք ինձ համար այստեղ հարմարություններ ստեղծել։ Ինչո՞ւ անտեղի վտանգի ենթարկվել։ Ես ինձ հետ բերել եմ Քարթրայթին, հիշո՞ւմ եք՝ Առաքման գրասենյակի տղային, և նա հիանալի սպասարկում է ինձ։ Իսկ դուք գիտեք իմ համեստ պահանջները՝ մի կտոր հաց, մաքուր օձիք, ― ուրիշ էլ ի՞նչ է պետք մարդուն։ Բացի դրանից, Քարթրայթը՝ այդ մի զույգ ավելի աչքեր են ու մի զույգ ավելի ոտքեր՝ բավական արագավազ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը ինձ համար պարզապես գանձ են։
 
― Ուրեմն, իմ բոլոր հաշվետվությունները անտեղի են գրվել, ― ասացի ես դողացող ձայնով՝ հիշելով, թե որքան աշխատանք եմ թափել դրանց վրա ու որքան հպարտացել այդ աշխատանքով։
 
Հոլմսը գրպանից հանեց մի կապ նամակ․
 
― Ահա ձեր նամակները, բարեկամս, ուսումնասիրված մանրակրկիտ կերպով, կարող եք չկասկածել։ Ես ամեն ինչ այնքան լավ եմ կարգավորել, որ դրանք ինձ էին հասնում միայն մեկ օր ուշացումով։ Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները։ Այսպիսի արտակարգ դժվար գործում ձեր համառությունն ու դիտողականությունը վեր է ամեն մի գովասանքից։
 
Ես դեռ ոչ մի կերպ չէի կարողանում հաշտվել այն բանի հետ, որ այդպես ճարպկորեն խաբել են ինձ, բայց Հոլմսի ջերմ խոսքերը ցրեցին սրտնեղությունս։ Բացի այդ, հոգուս խորքում զգում էի բարեկամիս իրավացիությունն ու խոստովանում, որ, ելնելով գործի շահերից՝ ես չպետք է իմանայի նրա այս տեղում հայտնվելու մասին։
 
― Դե, այ այդպես, ― ասաց նա՝ նայելով իմ պարզված դեմքին։ ― Իսկ այժմ պատմեցեք ինձ ձեր այցելության մասին միսիս Լաուրա Լայոնսին։ Ես իսկույն կռահեցի՝ ում մոտ եք գնացել, քանզի այժմ արդեն ինձ համար պարզ է, որ նա միակ մարդն է Կումբի֊Թրեսիում, որից կարող ենք ինչ֊որ բան իմանալ։ Անկեղծ ասած, եթե դուք այսօր չգնայիք այնտեղ, ամենայն հավանականությամբ, վաղը ես ինքս կուղևորվեի նրա մոտ։
 
Արևն արդեն թաքնվել էր, ճահիճների վրա աղջամուղջը թանձրացավ։ Օդն անմիջապես ցրտեց, և մենք մտանք անձավը։ Եվ այդտեղ, կիսախավարում Հոլմսի կողքին նստած, պատմեցի միսիս Լայոնսի հետ ունեցած իմ խոսակցության մասին։ Նա այնպես հետաքրքրվեց դրանով, որ շատ բաներ հարկ եղավ կրկնել։
 
― Այդ ամենը շատ կարևոր է, ― ասաց Հոլմսը, երբ ես ավարտեցի։ ― Գործն անչափ բարդ է, և նրանում մի բաց կար, որը մինչև հիմա ոչ մի կերպ չէր հաջողվում լրացնել։ Դուք, հավանորեն, գիտեք, որ Սթեփլտոնը շատ մտերիմ է միսիս Լայոնսի հետ։
 
― Ոչ, մտերմության մասին ես ոչինչ չեմ լսել։
 
― Դա փաստ է։ Նրանք հանդիպում են, նամակներ փոխանակում․ ընդհանրապես նրանց միջև լիակատար համերաշխություն է, որը մեզ խոշոր հաղթաթուղթ է տալիս։ Եթե այդ հաղթաթուղթը գործի դնենք նրա կնոջ վրա ներգործելու համար․․․
 
― Նրա կնո՞ջ։
 
― Հիմա ես որոշ բաներ կհաղորդեմ ձեր հայտնագործումների փոխարեն։ Այն կինը, որին նա իբրև քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։
 
― Աստվա՛ծ իմ, Հո՜լմս։ Դուք համոզվա՞ծ եք դրանում։ Այդ դեպքում ինչպե՞ս էր թույլ տալիս, որ սըր Հենրին սիրահարվի նրան։
 
Սըր Հենրիի ռոմանտիկ զգացմունքները վտանգավոր են հենց միայն իրեն՝ սըր Հենրիի համար։ Ինչպես նկատել եք, Սթեփլտոնն ամեն կերպ պահպանում է նրան բարոնետի սիրահետումներից։ Կրկնում եմ, այդ լեդին քույրը չէ, այլ Սթեփլտոնի կինը։
 
― Բայց ինչի՞ համար են այդ խորամանկությունները։
 
― Ահա թե ինչի․ Սթեփլտոնը կանխատեսել էր, որ Բերիլն ավելի օգտակար կլինի ազատ կնոջ դերում։
 
Բոլոր իմ անորոշ կասկածները, հոտառության հուշած բոլոր մանրուքները հանկարծ դուրս լողացին ու միացան բնագետի շուրջը։ Այդ հանգիստ, ծղոտե գլխարկով ու թիթեռնացանցով անգույն մարդը ինչ֊որ սպառնալից բան ուներ իր մեջ։ Տոկունություն ու համբերություն՝ միացած խորամանկությանը, շուրթերին ժպիտ, իսկ սրտում սև չարություն․․․
 
― Ուրեմն, հենց նա՞ է մեր հակառակորդը։ Ուրեմն, նա՞ էր մեզ հետևում Լոնդոնում։
 
― Այո, այդպես լուծեցի այդ հանելուկը։
 
― Իսկ նախազգուշացո՞ւմը․ կի՞նն էր ուղարկել։
 
― Միանգամայն ճիշտ է։
 
Խավարի միջից, ուր ես այդքան երկար խարխափում էի, նշմարվեցին կիսով չափ նկատած, կիսով չափ կռահած հրեշավոր ոճրագործության ուրվագծերը։
 
― Հոլմս, մի՞թե դա ճիշտ է։ Որտեղի՞ց իմացաք, որ նա նրա կինն է։
 
― Ձեզ հետ առաջին հանդիպման ժամանակ Սթեփլտոնն այնքան տարվեց, որ պատմեց իր կենսագրության մի մասը, որի համար, երևի, մինչև հիմա էլ ափսոսում է։ Նա իրոք Անգլիայի հյուսիսում դպրոց է ունեցել։ Իսկ չէ որ ուսուցչին փնտրել֊գտնելը ամենահեշտ գործն է։ Դրա համար գոյություն ունեն դպրոցական գործակալություններ, որոնք ձեզ տեղեկություններ կտան այդ մասնագիտության հետ կապ ունեցող յուրաքանչյուր անձի մասին։ Ես հարցումներ արի ու շուտով իմացա, որ իսկապես դպրոցներից մեկում շատ տհաճ դեպքեր են կատարվել, և որ դիրեկտորը, ազգանունն ուրիշ էր, անհետացել է կնոջ հետ միասին։ Նրանց բոլոր նշանները ճշտությամբ համընկնում էին։ Իսկ երբ ինձ հայտնի դարձավ էնտոմոլոգիայով<ref>էնտոմոլոգիա ― կենդաբանության բաժին, նվիրված միջատներին</ref> նրա տարվելը, այդտեղ արդեն կասկածներս բոլորովին ցրվեցին։
 
Ինձ պարուրող խավարը կամաց֊կամաց սկսում էր նոսրանալ, բայց դեռևս շատ բաներ մնում էին ստվերում։
 
― Եթե այդ Բերիլը նրա կինն է, ապա ի՞նչ գործ ունի այստեղ միսիս Լաուրա Լայոնսը, ― հարցրի ես։
 
― Այդ այն կետերից մեկն է, որոնց վրա ինքներդ որոշ լույս սփռեցիք։ Ձեր Կումբի֊Թրեսի գնալուց հետո շատ բան պարզվեց։ Ես, օրինակ, չգիտեի, որ միսիս Լայոնսն ուզում է ամուսնալուծվել։ Նա, հավանաբար, հույս ունի ամուսնանալ Սթեփլտոնի հետ, չէ՞ որ նա չգիտե, որ այդ մարդն ամուսնացած է։
 
― Իսկ երբ ճշմարտությունն իմանա՞։
 
― Այն ժամանակ այդ լեդին կարող է շատ օգտակար լինել մեզ։ Հենց վաղն անհրաժեշտ է տեսնվել նրա հետ։ Իսկ այժմ, Ուոթսն, ինչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ դուք վերադառնաք ձեր պարտականություններին։ Ձեր տեղը Բասկերվիլ֊հոլլում է։
 
Մայրամուտի վերջին կարմիր շողերը հանգան արևմուտքում, և ճահիճների վրա գիշեր իջավ։ Մանուշակագույն երկնքում աղոտ թարթում էին հատուկենտ աստղերը։
 
― Եվս մի վերջին հարց, Հոլմս, ― ասացի ես՝ տեղից վեր կենալով։ ― Մենք իրարից թաքցնելու բան չունենք։ Այս բոլորը ի՞նչ է նշանակում։ Ինչի՞ է նա ձգտում։
 
Հոլմսը պատասխանեց խուլ ձայնով․
 
― Սպանության, Ուոթսն․․․ սառնասրտորեն մտածված սպանության։ Մանրամասնությունների մասին մի հարցնեք։ Սթեփլտոնն իր ցանցի մեջ է քաշում սըր Հենրիին, իսկ ես քաշում եմ հենց իրեն։ Նա համարյա իմ ձեռքում է, ձեր օգնությամբ։ Այժմ միայն մի վտանգ է սպառնում մեզ․ առաջին հարվածը նա կարող է հասցնել։ Եվս մի օր, ամենաշատը երկու, և ինձ մոտ ամեն ինչ պատրաստ կլինի, իսկ մինչ այդ պահպանեցեք սըր Հենրիին, ինչպես սիրող մայրը պահպանում է իր հիվանդ երեխային։ Ձեր բացակայությունն այսօր լիովին ներելի է, և այդուհանդերձ, ես կնախնտրեի, որ դուք չթողնեք նրան․․․ Լսո՞ւմ եք։
 
Հանկարծ համր ճահիճների վրա տարածվեց սարսափով ու տանջանքով լի երկարաձիգ, ահավոր մի աղաղակ։ Ես ականջ դրեցի, զգալով, թե ինչպես է արյունը սառչում երակներումս։
 
― Աստվա՜ծ իմ, սա ի՞նչ է։ Այս ի՞նչ բան է։
 
Հոլմսը վեր թռավ տեղից, և նրա բարձրահասակ կերպարանքը փակեց անձավի մուտքը։ Նա կռացած կանգնեց այդտեղ՝ վիզը ձգած, լարված նայելով խավարի մեջ, և միայն շշուկով նետեց․
 
― Կամա՜ց, կամա՜ց։
 
Իր սրությամբ մեզ ապշեցնող աղաղակը գալիս էր անթափանց մութ ճահիճներից։ Բայց ահա այն լսվեց ավելի մոտ ու պարզորոշ․․․
 
― Որտե՞ղ է դա, ― շշնջաց Հոլմսը, և նրա ձայնի դողալուց, ― նրա՝ երկաթյա նյարդերով այդ մարդու, ― հասկացա, որ այդ վայնասունը թափանցել է մինչև նրա հոգու խորքը։ ― Որտե՞ղ են գոռում, Ուոթոն։
 
― Իմ կարծիքով այն կողմում, ― ես երկարացրեցի ձեռքս՝ ցույց տալով մթության մեջ։
 
―Ո՛չ, այ այնտեղ։
 
Տանջալից աղաղակը նորից լսվեց համր գիշերվա մեջ, բայց այժմ դա ավելի մոտ էր, ավելի բարձր։ Եվ դրան խառնվում էին ինչ֊որ ուրիշ ձայներ՝ խուլ, ցածր մռնչոց, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր ծովի անդադրում որոտը։
 
― Դա շո՜ւն է, ― բացականչեց Հոլմսը։ ― Վազենք, Ուոթսն, վազենք։ Աստվա՜ծ իմ, միայն թե չուշանանք։
 
Նա նետվեց խավարի մեջ, ես նրա ետևից։ Եվ հանկարծ առջևում, գլաժայռերի ետևում, պայթեց մի հուսահատ աղաղակ, ապա խուլ, ծանր թմփոց։ Մենք կանգնեցինք՝ ականջ դնելով։ Բայց այլևս ոչինչ չխանգարեց հանդարտ գիշերվա ճնշող լռությունը։
 
Ես տեսա, թե ինչպես Հոլմսը, կարծես ցնորված, բռնեց գլուխն ու ոտքը խփեց գետնին։
 
― Նա մեզ կանխեց, Ուոթսն, մենք ուշացանք։
 
― Ոչ, չի կարող պատահել։
 
― Ինչու էի ես դանդաղում, հիմարս։ Դուք էլ լա՜վն եք, Ուոթսն։ Բասկերվիլին մենակ թողեցիք, և ահա թե ամեն ինչ ինչով վերջացավ։ Չէ, եթե ոչինչ ուղղել չի կարելի, ես միևնույն է վրեժ կլուծեմ այդ սրիկայից։
 
Առանց ճանապարհը տեսնելու նետվեցինք այնտեղ, որտեղից լսվել էր այդ ահավոր աղաղակը։ Մենք մագլցում էինք լանջն ի վեր, ցած վազում, մթության մեջ դեմ առնում գլաքարերի, ճեղքում, անցնում որոճի մացառուտների միջով։ Յուրաքանչյուր բլրի գագաթից բարեկամս նայում էր շուրջը, բայց թանձր մշուշը պատել էր ճահիճները, և դրանց մռայլ լայնարձակության վրա անհնար էր ամենաչնչին շարժումն իսկ նկատել։
 
― Դուք որևէ բան տեսնում եք։
 
― Ոչինչ։
 
― Սպասեցե՛ք։ Այս ի՞նչ է։
 
Լսվեց մի խուլ տնքոց, որ գալիս էր ինչ֊որ ձախից։ Քարե թումբն այնտեղ կտրուկ ցած էր իջնում՝ փոխվելով գլաքարերով ծածկված լանջի։ Գլաքարերի մեջ ընկած էր ինչ֊որ մութ բան։ Մենք մոտ վազեցինք, և մութ առարկան ավելի որոշակի ուրվագծեր ունդունեց։ Դա երսնիվիայր պառկած մի մարդ էր։ Նա, ասես, պատրաստվում էր ակրոբատիկ թռիչքի՝ անհավանական անկյան տակ շրջված գլուխ, կիսաբարձրացված ուսեր, մեջքի կլորացված գծեր։ Այդ դիրքի անհեթեթությունն առաջին պահին խանգարեց ինձ հասկանալ, որ դա մահամերձի տնքոց է։ Մենք կանգնել էինք խոնարհված նրա վրա, և ոչ խռխռոց էինք լսում, ոչ խշրտոց։ Հոլմսը ձեռքը կպցրեց անշարժ մարմնին, սարսափած ճչաց ու թափով ետ քաշեց։ Վառած լուցկին լուսավորեց նրա արյունոտ մատներն ու սարսափելի գուբը, որ դանդաղորեն տարածվում էր մեռածի ջարդված գանգի տակից։ Սրտներս նվաղեցին, երբ լուցկու լույսի տակ տեսանք, որ մեր առաջ փռված է սըր Հենրի Բասկերվիլը։
 
Մի՞թե կարելի էր մոռանալ այդ անսովոր կարմրադարչնագույն կոստյումը, որով բարոնետն առաջին անգամ հայտնվեց Բեյքր֊ստրիտում։ Մի վայրկյանը բավական էր, որպեսզի ճանաչեինք նրան, իսկ հետո լուցկին բռնկվեց ու հանգավ այնպես, ինչպես հանգավ մեր մեջ հույսի վերջին կայծը։ Հոլմսը տնքաց, և ես նույնիսկ մթության մեջ նկատեցի, թե ինչպիսի գունատությամբ ծածկվեց նրա դեմքը։
 
― Սրիկա՛, սրիկա՛։ Ձեռքերս իրենք իրենց բռունցք դարձան։ ― Հոլմս, ես երբեք ինձ չեմ ների, որ բախտի քմահաճույքին թողեցի նրան։
 
― Իմ մեղքն ավելի շատ է, Ուոթսն։ Ես հաճախորդիս կյանքը զոհաբերեցի միայն նրան համար, որպեսզի, այսպես ասած, հանրագումարի բերեմ, ավարտեմ այս գործը։ Ես ուրիշ այսպիսի հարված չեմ հիշում իմ ամբողջ պրակտիկայի ընթացքում։ Բայց ո՞վ կարող էր, ո՞վ կարող էր իմանալ, որ, չնայած իմ բոլոր նախազգուշացումներին, նա կվճռեր մենակ դուրս գալ ճահիճները։
 
― Եվ մենք լսեցինք նրա աղաղակը, աստվա՜ծ իմ, ինչպիսի՜ աղաղակ, և չկարողացանք անմիջապես օգնության հասնել։ Բայց ո՞ւր կորավ այդ հրեշավոր շունը՝ նրա մահվան մեղավորը։ Գուցե նա հիմա էլ այստեղ մոտերքում է։ Եվ որտե՞ղ է Սթեփլտոնը։ Նա պատասխան կտա սրա համար։
 
― Այո, նա ամեն ինչի համար պատասխան կտա, ես կհոգամ այդ մասին։ Ե՛վ հորեղբայրը, և՛ զարմիկը, երկուսն էլ սպանված են։ Մեկը մեռել է վախից միայն իր առաջ տեսնելով այդ հրեշին, որին գերբնական արարած էր համարում, մյուսը զոհվեց՝ կամենալով փրկվել փախուստ տալով։ Բայց հիմա պետք է ապացուցել, որ այդ մարդու ու շան միջև կապ կա։ Մենք լսեցինք նրա ոռնոցը, բայց դա դեռ ապացույց չէ, քանի որ, հավանորեն, սըր Հենրին զոհվել է ընկնելուց։ Եվ, այնուամենայնիվ, երդվում եմ՝ որքան էլ խորամանկ է մեր հակառակորդը, բայց վաղը նա իմ ձեռքում կլինի։
 
Ցնցված անակնկալ աղետից, որն այսքան տխուր վերջակետ դրեց մեր երկար ու դժվարին գործին, մենք կանգնել էինք այլանդակված դիակի մոտ։ Հետո, երբ ամպերի տակից լուսինը երևաց, բարձրացանք քարե թմբի վրա, որտեղից ցած էր ընկել մեր դժբախտ բարեկամը, և այդտեղից աչք ածեցինք լուսնի լույսով արծաթվող ճահիճներին։ Հեռվում, ինչ֊որ տեղ Գրիմպենի մոտակայքում, դեղին լույս երևաց։ Դա կարող էր վառվել միայն Սթեփլտոնների մեկուսի կացարանում։ Բռունցքս սպառնալից թափ տվի դեպի այն կողմը։
 
― Ինչի՞ եք սպասում։ Պետք է նրան անհապաղ բռնել։
 
― Գործը դեռ չի ավարտված, իսկ նա զգուշավոր, խորամանկ մարդ է։ Հետո ինչ, որ մենք գիտենք, բայց ահա փորձիր ապացուցել։ Մի անզգույշ քայլ, և սրիկան կճողոպրի մեր ձեռքից։
 
― Ուրեմն, ի՞նչ անենք այդ դեպքում։
 
Վաղն անելիքներ շատ ունենք։ Իսկ այսօր մնում է միայն մեր վերջին ծառայությունը մատուցել դժբախտ սըր Հենրիին։
 
Ցած իջանք զառիվայրով ու մոտեցանք լուսնի լույսով արծաթազոծ քարերին ընկած տձև սև կույտին։ Այդ տանջալիորեն կուչ եկած մարմնի տեսքից սիրտս ցավից ճմլվեց ու աչքերս արցունքոտվեցին։
 
― Հարկ կլինի ուղարկել օգնության ետևից, Հոլմս։ Մենք չենք կարող նրան տուն հասցնել։ Աստվա՜ծ իմ, ձեզ ի՞նչ եղավ։ Խելագարվեցի՞ք։
 
Հոլմսը ճչաց ու կռացավ սըր Հենրիի մարմնի վրա։ Եվ հանկարծ սկսեց թռչկոտել, քրքիջով ցնցել ձեռքս։ Մի՞թե դա իմ խիստ, միշտ այնքան զուսպ բարեկամն է։ Ահա թե ինչ է լինում, երբ թաքնված բոցը դուրս է ժայթքում։
 
― Մորո՜ւքը։ Նա մորուք ունի։
 
― Մորո՞ւք։
 
― Սա սըր Հենրին չէ․․․ Աստվա՜ծ իմ, ախր սա իմ հարևանն է՝ աքսորականը։
 
Տենդագին արագությամբ շրջեցինք մարմինը, և արյունոտ մորուքն այժմ ցցվեց ուղիղ սառը պայծառ լուսնի դեմ։ Կասկած չկար։ Նեղ ճակատ, կապիկի աչքերի պես խորն ընկած աչքեր։ Դա նույն դեմքն էր, որ մոմի լույսով երևաց ճեղքվածքի մեջ՝ մարդասպան Սելգենի դեմքը։
 
Եվ այդտեղ ես ամեն ինչ հասկացա։ Հիշեցի, որ բարոնետը համարյա իր բոլոր հին զգեստները նվիրեց Բերիմոռին։ Ուրեմն, Բերիմոռն այն տվել էր Սելգենին, որպեսզի նա մեկնելիս հագուստը փոխի։ Կոշիկները, վերնաշապիկը, կեպին, այդ բոլորը մի ժամանակ հագել էր սըր Հենրին։ Ճիշտ է, ողբերգությունը մնում էր ողբերգություն, բայց չէ՞ որ այդ մարդը մեր երկրի օրենքներով այսպես թե այնպես արժանի էր մահվան։ Ուրախությունից գլուխս կորցրած, բացատրեցի Հոլմսին, թե այս ամենն ինչպես է ստացվել։
 
― Ուրեմն, խեղճը մեռավ կոստյումի պատճառով, ― ասաց նա։ ― Շանը, իհարկե, տվել են հոտոտելու սըր Հենրիի իրերից որևէ մեկը, ամենայն հավանականությամբ այն կոշիկը, որ գողացվել էր հյուրանոցում, և բաց թողել աքսորականի հետքերով։ Անբացատրելի է մնում միայն մի բան։ Սելգենը խավարում ինչպե՞ս տեսավ, որ ինչ֊որ մեկը հետապնդում է իրեն։
 
― Հավանաբար լսել է։
 
― Լսել է, որ ճահիճներում շուն է վազվզում ու սկսել է օգնություն կանչել՝ վտանգելով իրեն։ Ո՛չ, աքսորականին դրանով չես վախեցնի։ Ուրեմն, ինչպե՞ս կարող էր Սելգենը տեսնել, որ իրեն շուն է հետապնդում։
 
― Իսկ, ըստ իս, ավելի տարօրինակ բաներ կան։ Ինչո՞ւ են այդ շանը․․․ ենթադրելով որ մեր կռահումները ճիշտ են․․․
 
― Ես ոչ մի այդպիսի բան չեմ ենթադրում։
 
― Լավ։ Ինչո՞ւ են այդ շանը բաց թողել այս գիշեր։ Դժվար թե նա միշտ է օգտվում այդպիսի ազատությունից։ Սթեփլտոնը, հավանաբար, սպասում էր, որ սըր Հենրին կգա այստեղ։
 
― Իմ հանելուկն ավելի դժվար է։ Ձերի պատասխանը մենք շուտով կստանանք, իսկ իմը, երևի, այդպես էլ մնա չլուծված։ Իսկ հիմա եկեք մտածենք, թե ի՜նչ ենք անելու այս դժբախտին։ Հո չի կարելի նրան թողնել աղվեսներին ու ցիներին կեր։
 
― Թող պառկի որևէ անձավում, մինչև հաղորդենք ոստիկանությանը։
 
― Ճիշտ է։ Համենայն դեպս, մենք նրան անձավ կհասցնենք։ Տեսեք, Ուոթսն։ Այդ ի՞նչ է։ Մի՞թե նա ինքը։ Չէ՛, հանդգնությա՜նը նայիր․․․ Ոչ մի խոսք կասկածների մասին, ոչ մի խոսք։ Այլապես իմ բոլոր ծրագրերը փուլ կգան։
 
Ճահիճների խորքից մի մարդ էր մոտենում։ Նա սիգար էր ծխում, որի կրակը աղոտ փայլում էր հեռվում։ Լուսինը պայծառ լուսավորում էր նրան, և ես իսկույն ճանաչեցի բնախույզի նիհար կազմվածքն ու արագ, թռչկոտող քայլվածքը։ Մեզ տեսնելով՝ նա կանգ առավ, ապա նորից առաջ եկավ։
 
― Դոկտոր Ուո՞թսն։ Մի՞թե դուք եք։ Մտքովս երբեք չէր անցնի գիշերով հանդիպել ձեզ ճահիճներում։ Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ է։ Ո՛չ, չի կարող պատահել։ Մի՞թե դա մեր բարեկամն է, սըր Հենրին։
 
Սթեփլտոնը վազեց իմ կողքով ու կռացավ դիակի վրա․․․
 
Ես լսեցի ընդհատ հոգոց, սիգարը ցած ընկավ նրա ձեռքից։
 
― Ո՛վ․․․ Սա ո՞վ է, ― կմկմալով մռթմռթաց նա։
 
― Սա Սելգենն է՝ Պրինսթաունի բանտից փախած աքսորականը։
 
Սթեփլտոնը դեպի մեզ շրջեց մեռելային֊գունատ դեմքը։ Նա կամքի վիթխարի ուժ գործադրեց, որպեսզի տիրապետի իրեն և ոչնչով չմատնի իր զարմանքն ու հիասթափությունը։ Նրա սևեռուն հայացքը կանգ առավ նախ Հոլմսի, ապա ինձ վրա։
 
― Աստվա՛ծ իմ։ Ի՜նչ սարսափելի է։ Իչպե՞ս պատահեց այս։
 
― Հավանաբար գլորվել է ահա այն դարավանդից ու վիզը ջարդել։ Ես ու բարեկամս զբոսնում էինք ճահիճներում և լսեցինք ինչ֊որ մեկի ճիչը։
 
― Իսկ ես հենց այդ ճչոցի վրա էլ դուրս եկա տնից։ Ինձ անհանգստացնում էր սըր Հենրին։
 
― Ինչո՞ւ հատկապես սըր Հենրին, ― չդիմացա ես։
 
― Այսօր նա պետք է մեզ մոտ գար, և չգիտեմ ինչու՝ չեկավ, որն ինձ շատ զարմացրեց։ Իսկ երբ ճահիճներում աղաղակներ լսեցի, բնականաբար, անհանգստացա նրա համար։ Ի դեպ, ― Սթեփլտոնը նորից հայացքը ինձնից դարձրեց Հոլմսի վրա, ― բացի այդ աղաղակներից ուրիշ ոչինչ չլսեցի՞ք։
 
― Ո՛չ, ― ասաց Հոլմսը, ― իսկ դո՞ւք։
 
― Նույնպես ոչ։
 
― Այդ դեպքում ինչո՞ւ եք հարցնում այդ մասին։
 
― Ա՜խ, դուք հո գիտեք, թե մեզ մոտ ինչ են պատմում ուրվականային շան ու նման հրաշքների մասին։ Տեղացի ֆերմերներն ասում են, իբր նա ամեն գիշեր վազվզում է ճահիճներում։ Այա ես էլ հետաքրքրվում եմ՝ գուցե լսե՞լ եք նրա հաչոցը։
 
― Ոչ, մենք ոչինչ չենք լսել, ― ասացի ես։
 
― Իսկ ինչպե՞ս կբացատրեք այդ դժբախտի մահը։
 
― Ես համոզված եմ, որ նրա բանականությունը վախից, բռնվելու մշտական վտանգից խանգարվել էր։ Հավանաբար, խելագարության մոլուցքի պահին վազել է ճահիճներով և վերջ ի վերջո դարավանդից ընկել ու ջարդել է վիզը։
 
― Այո, դա լիովին ճշմարտանման է, ― ասաց Սթեփլտոնը և ակնհայտ թեթևությամբ շունչ քաշեց։ ― Իսկ դուք ի՞նչ եք մտածում այդ մասին, միստր Շերլոկ Հոլմս։
 
― Ինչպիսի՜ դյուրըմբռնողություն, ― ասաց բարեկամս՝ խոնարհ գլուխ տալով նրան։
 
― Մենք վաղուց էինք սպասում ձեզ, այն պահից, երբ դոկտոր Ուոթսնը հայտնվեց այստեղ։ Եվ դուք ժամանակին եք եկել՝ ճիշտ ողբերգության պահին։
 
― Այո, իսկապե՜ս։ Համոզված եմ, որ բարեկամս դրա ճիշտ բացատրությունը կտա։ Իսկ ես վաղը Լոնդոն եմ մեկնում՝ հոգուս մեջ տհաճ նստվածքով։
 
― Ինչպե՜ս, դուք վաղը մեկնո՞ւմ եք։
 
― Պատրաստվում եմ։
 
― Բայց ձեր գալուստը, իհարկե, լույս կսփռի այս բոլոր դեպքերի վրա, որոնք մեզ տառացիորեն փակուղու առաջ են կանգնեցրել։
 
Հալմսն ուսերը թոթվեց․
 
― Հաջողությունը միշտ չի տրվում։ Հետաքննության ժամանակ պետք է հենվել փաստերի վրա և ոչ թե լեգենդների ու լուրերի։ Այս գործից ես չկարողացա գլուխ հանել։
 
Բարեկամս խոսում էր ամենաբնական ու հանգիստ տոնով։ Սթեփլտոնն ուշադիր, սևեռուն նայում էր նրան։ Հետո դիմեց ինձ․
 
― Ես սիրով կհամաձայնեի մարմինը մեր տուն փոխադրել, սակայն քույրս այնքան կվախենա, որ, թերևս, ավելի լավ է այդ չանել։ Եկեք որևէ բանով ծածկենք դեմքը ու թողնենք այստեղ։ Մինչև առավոտ ոչինչ չի պատահի նրան։
 
Այսպես էլ արեցինք։ Ես ու Հոլմսը մերժեցինք Սթեփլտոնի առաջարկությունը՝ անցնել Մերիփեթ֊հաուս և թողնելով նրան միայնակ վերադառնալ տուն, շարժվեցինք դեպի Բասկերվիլ֊հոլլ։ Մի քանի քայլ անցնելով՝ շրջվեցինք ու տեսանք դեպի ճահիճների խորքը դանդանղ հեռացող նրա կերպարանքը, իսկ ավելի հետո, նրա ետևում միակ սև կետը բլրի արծաթափայլ լանջին, այնտեղ, ուր ընկած էր այդպիսի սարսափելի մահաով մահացած մարդը։
 
― Վերջապես մենք մտանք ձեռնամարտի մեջ, ― ասաց Հոլմսը՝ կողքիցս քայլելով։ ― Բայց ինչպիսի՜ կայունություն։ Ի՜նչ արագ տիրապետեց իրեն, իսկ չէ որ հարվածն իսկապես շշմեցնող էր․ տեսնել, որ քո զոհն է դարձել ոչ այն մարդը, որին դու նկատի ես ունեցել։ Ուոթսն, ես այդ մասին ասել եմ Լոնդոնում և հիմա էլ կասեմ․ մեզ դեռ չէր վիճակվել սրերը խաչել ավելի արժանավոր հակառակորդի հետ։
 
― Համենայն դեպս ափսոս, որ նա ձեզ տեսավ։
 
― Սկզբում ինքս էլ ափսոսեցի, բայց, վերջ ի վերջո, ինչ կարելի է անել։
 
― Իսկ ինչ եք կարծում, հանդիպումը ձեզ հետ կազդի՞ նրա ծրագրերի վրա։
 
― Այո, նա կսկսի գործել է՛լ ավելի զգույշ կամ մի որևէ հուսահատ քայլի կդիմի։ Ինչպես արտասովոր հանցագործների մեծ մասը, Սթեփլտոնը ևս, հավանաբար, շատ մեծ հույսեր է կապում իր խորամանկության հետ ու երևակայում է, թե մատների վրա խաղացրեց մեզ։
 
― Բայց ինչո՞ւ չեք ուզում ձերբակալել նրան։
 
― Թանկագին Ուոթսն, դուք գործողության մարդ եք։ Ձեր բնազդները ձեզ մղում են ամենավճռական միջոցների։ Դե լավ, ենթադրենք, թե գիշերը նա ձերբակալվեց։ Իսկ դա ի՞նչ կտա մեզ։ Մենք ոչինչ չենք կարող ապացուցել։ Ահա թե ինչպիսի սատանայական խորամանկություն է։ Եթե Սթեփլտոնի գործակիցը մարդ լիներ, մենք որոշ հանցանշաններ կհայթայթեինք, բայց փորձեք լույս աշխարհ հանել վիթխարի շանը։ Մի՞թե շունը կօգնի մեզ օղակը տիրոջ վիզը գցելու։
 
― Բայց չէ՞որ հանցակազմն առակա է։
 
― Ամենևին։ Այդ ամենը ենթադրություններ են միայն ու վարկածներ։ Դատարանում մեզ վրա կծիծաղեն, եթե ներկայանանք այդպիսի ֆանտաստիկ պատմությամբ ու ամրացնենք այն նման հանցանշաններով։
 
― Իսկ սըր Չա՞րլզը։
 
― Գտել են մեռած, բռնի մահվան հետքեր հայտնաբերված չեն։ Մենք ձեզ հետ գիտենք, որ նա մեռել է վախից և գիտենք ինչն է նրան վախեցրել։ Բայց ինչպե՞ս համոզենք այն տասներկու բթամիտներին, որոնք պիտի երդվայլ ատենակալներ լինեն։ Ինչի՞ վրա է հիմնված այն ենթադրությունը, որ այստեղ ինչ֊որ շուն է խառնված։ Որտե՞ղ է կծածի հետքերը։ Մենք ձեզ հետ գիտենք նաև, որ շները մեռածներին չեն կծում, և որ սըր Չարլզը մահացել է մինչև շան նետվելը նրա վրա։ Բայց ախր դա ապացուցել է պետք, իսկ մենք ապացուցելու բան չունենք։
 
― Դե, իսկ այսօրվա գիշե՞րը։
 
― Սա առանձնապես ոչինչ չտվեց։ Աքսորականի մահվան և շան մեջ, այնուամենայնիվ, ուղղակի կապ չկա։ Ոչ ոք այդ շանը չի տեսել։ Ճիշտ է, մենք նրան լսել ենք, բայց ապացույցներ չունենք, որ նա հետապնդել է աքսորականին։ Փաստարկների լիակատար բացակայություն։ Ո՛չ բարեկամս, փաստը մնում է փաստ․ հանցակազմը հաստատել չենք կարող, բայց դրա համար արժե ամեն տեսակ ռիսկի դիմել։
 
― Ի՞նչ եք մտադիր անել։
 
― Ես մեծ հույսեր եմ կապում միսիս Լաուրա Լայոնսի հետ։ Երբ գործի իսկական վիճակը հայտնի դառնա նրան, նա մեզ լուրջ օգնություն ցույց կտա։ Բացի դրանից, ես ուրիշ ծրագիր էլ ունեմ։ Բայց կարիք չկա նախօրոք գուշակել, չնայած ես, այնուամենայնիվ, հուսով եմ, որ վաղը կհաղթեմ։
 
Այլևս ինձ ոչինչ չհաջողվեց տեղեկանալ Հոլմսից, և մինչև Բասկերվիլ֊հոլլի դարպասները նա քայլում էր լուռ, մտքերի մեջ խորասուզված։
 
― Ներս կգա՞ք։
 
― Այո, հիմա թաքնվելն այլևս իմաստ չունի։ Բայց էլի մի բան, Ուոթսն։ Սըր Հենրիին շան մասին չասեք։ Թող Սելգենի մահը վերագրի այն նույն պատճառներին, որ ջանում էր մեզ հուշել Սթեփլտոնը։ Այդպես նրա համար ավելի հեշտ կլինի տանել այն փորձությունը, որ սպասում է նրան վաղը, երբ նա կգնա ճաշելու Մերիփիթ֊հաուսում, եթե ես ճիշտ եմ մեջբերում ձեր վերջին հաշվետվությունը։
 
― Բայց ինձ էլ են հրավիրել։
 
― Այդ դեպքում դուք պետք է հրաժարվեք հրավերից։ Թող մենակ գնա, դա հեշտ է դասավորել․․․ Դե, այսպես։ Ճաշին մենք, հավանորեն ուշացել ենք, բայց ընթրիքին ճիշտ ժամանակին ենք հասել։
 
 
==ԳլուխXIII Թակարդը լարված է==
 
 
Սըր Հենրին ոչ այնքան զարմացավ, որքան ուրախացավ իր նոր հյուրով, քանզի համոզված էր, որ իմանալով վերջին օրերի դեպքերի մասին, Շերլոկ Հոլմսը չի կարող նստած մնալ Լոնդոնում։ Բայց և այնպես բարոնետը զարմացած բարձրացրեծ հոնքերը, երբ պարզվեց, որ բարեկամս եկել է առանց ուղեբեռի և նույնիսկ չի ջանում բացատրել, թե ինչու։ Հոլմսին իսկույն տվեցին բոլոր անհրաժեշտ բաները, և ուշ ընթրիքի ընթացքում մենք բարոնետին հայտնեցինք մեր արկածների այն մասը, որը նրան անհրաժեշտ էր իմանալ։ Բայց մինչ այդ ես հարկադրված էի կատարել մի ծանր պարտականություն՝ Բերիմոռին ու նրա կնոջը հայտնել Սելգենի մահվան մասին։ Ծառայապետն այդ բանը ընդունեց անթաքույց թեթևության զգացումով, բայց միսիս Բերիմոռը դառն լաց եղավ՝ գոգնոցով ծածկելով երեսը։ Ամբողջ աշխարհի աչքում այդ Սելգենը հանցագործ էր, սատանայի ու ոճրագործի ինչ֊որ խառնուրդ, իսկ նա առաջվա պես նրա մեջ տեսնում էր չարաճճի մանչուկին, մի երեխայի, որը մանուկ հասակում կառչում էր նրա ձեռքից։ Իսկապես մարդ պետք է հրեշ լինի, եթե չգտնի նրա մահը սգացող գոնե մի կին։
 
― Այն պահից, երբ դուք մեկնեցիք, Ուոթսն, ես ամբողջ օրը նստած եմ տանը ու ձանձրույթից մեռնում եմ, ― ասաց բարոնետը։ ― Հուսով եմ, որ այդպիսի հնազանդությունը հաշվի կառնվի։ Եթե խոսք տված չլինեի ճահիճները դուրս չգալ, երեկոն ավելի ուրախ կանցկացնեի, որովհետև Սթեփլտոնը հրավերի երկտող էր ուղարկել։
 
― Այո, դուք երեկոն չափազանց ուրախ կանցկացնեիք, ես չեմ կասկածում, ― չոր֊չոր ասաց Հոլմսը։ ― Ի դեպ, դուք հավանաբար չեք գնահատում, որ, նայելով վիզը ջարդած մարդուն, մենք ձեզ էինք սգում։
 
Սըր Հենրին աչքերը լայն բաց արեց։
 
― Այդ ինչո՞ւ։
 
― Որովհետև դժբախտ աքսորականը ձեր կոստյումով էր։ Նա այն ստացել էր Բերիմոռից, որը կարող է դրա պատճառով անախորժություններ ունենալ ոստիկանության հետ։
 
― Ոչ, դժվար թե։ Որքան հիշում եմ, այնտեղ ոչ մի մակնիշ չկար։
 
― Դե ինչ, նրա բախտից է, և մեր՝ նույնպես, քանի որ դուք բոլորդ էլ խառն եք հակաօրինական արարքների մեջ։ Ճիշտն ասած, ես որպես բարեխիղճ խուզարկու պետք է անմիջապես ձերբակալեի ձեր ամբողջ խումբը։ Իբրև դիմակազերծող փաստաթուղթ կարող են ծառայել Ուոթսնի նամակները։
 
― Ավելի լավ է պատմեք, թե ինչ վիճակում է մեր գործը, ― հարցրեց Բարոնետը։ ― Հաջողվե՞ց գլուծ հանել այս խառնափնթորությունից։ Ես ու Ուոթսնը ինչպես եկել ենք, այնպես էլ մնացել ենք՝ ոչինչ չենք իմացել։
 
― Ես կարծում եմ, որ ամենամոտ ապագայում շատ բան կպարզվի։ Հազվագյուտ դժվար ու խճճված գործ է։ Ինձ համար որոշ կետեր մինչև հիմա էլ մշուշով են պատված․․․ Բայց այդ մշուշը կցրվի, անպայման կցրվի։
 
― Ուոթսնը հավանաբար արդեն պատմել է ձեզ այն մասին, թե ինչ ենք լսել ճահիճներում։ Այնպես որ դա դատարկ սնահավատություն չէ։ Ես ժամանակին գործ ունեցել եմ շների հետ, և այստեղ ինձ չես մոլորեցնի․ շան ոռնոցն անհնար է չճանաչել։
 
Եթե մեզ հաջողվի այդ շանը դնչկալ հագցնել ու շղթայել, ապա ես ձեզ կհամարեմ ամբողջ աշխարհի մեծագույն խուզարկուն։
 
― Նա կլինի և՛ դնչկալով, և՛ շղթայակապ, միայն օգնեցեք ինձ։
 
― Ես կանեմ այն ամենը, ինչ կհրամայեք։
 
― Հիանալի՜ է։ Բայց ես կույր հնազանդություն եմ պահանջելու, առանց ամեն տեսակ «ինչ» և «ինչու»֊ների։
 
― Ինչպես կուզենաք։
 
― Եթե համաձայն եք դրան, ապա մենք կլուծենք մեր խնդիրը։ Ես չեմ կասկածում, որ․․․
 
Հոլմսը կես խոսքի վրա կանգ առավ ու սևեռուն հայացքը հառեց ինչ֊որ տեղ իմ գլխի վրայով։ Լամպը լուսավորում էր ուղղակի նրա դեմքը՝ անշարժ, քարացած, ասես դասական արձանի դեմք։ Տագնապալից ու լարաված ուշադրության մարմնացում։
 
― Ի՞նչ պատահեց, ― միաբերան բացականչեցինք ես ու սըր Հենրին։
 
Հոլմսը հայացքը դարձրեց մեզ վրա, և ես զգացի, որ նա ջանում է խեղդել հուզմունքը։ Նրա դեմքն առաջվա պես ոչինչ չէր արտահայտում, բայց աչքերը փայլում էին հաղթականորեն։
 
― Ներեցեք ինձ, բայց ես չկարողացա հիացմունքս զսպել, ― ասաց նա՝ ցույց տալով հակադիր պատին կախված դիմանկարները։ ― Ուոթսնը պնդում է, որ ես գեղանկարչությունից ոչինչ չեմ հասկանում, բայց նրա մեջ խոսում է մրցակցության զգացումը, քանի որ մենք տարակարծիք ենք արվեստի ստեղծագործությունների գնահատման մեջ։ Իսկ դիմանկարներն իսկապես հոյակապ են։
 
― Ուրախ եմ լսել, ― ասաց սըր Հենրին՝ զարմանքով նայելով բարեկամիս։ ― Ես նկարներից բան չեմ հասկանում։ Ա՛յ ձին կամ ցլիկը՝ ուրիշ բան։ Բայց ո՞վ կմտածեր, որ դուք արվեստով զբաղվելու ժամանակ կունենաք։
 
― Մի անհանգստացեք, լավ իրը ես միշտ կնկատեմ։ Գրազ կգամ, որ ահա այն երկնագույն մետաքսե զգեստով տիկինը Նելլեռի գործն է։ Իսկ կեղծամով հաստլիկ ջենթլմենին անկասկած նկարել է Ռեյնոլդսը։ Սրանք, հավանաբար, ընտանեկան դիմանկարնե՞ր են։
 
― Այո, բոլորն առանց բացառության։
 
― Եվ դուք գիտեք նրանց անուններո՞վ։
 
― Բերիմոռն այդ առթիվ երկար վարժեցրել է ինձ, և ես, թվում է, կարող եմ դասս պատասխանել առանց կմկմալու։
 
― Ո՞վ է այդ հեռադիտակով ջենթլմենը։
 
― Դա փոխծովակալ Բասկերվիլն է, որը ծառայել է Արևմտյան Հնդկաստանում։ Իսկ ահա այն մեկը՝ երկնագույն սերթուկով ու փաթեթը ձեռքին, սըր Վիլյան Բասկերվիլն է՝ համայնքների Պալատի հանձնաժողովի նախագահը Փիթի<ref>Փիթ Վիլյամ ― անգլիական պետական գործիչ1766-1768 թվերին պրեմիեր մինիստր</ref> օրօք։
 
― Իսկ իմ դիմացի այն ասպե՞տը ժանեկեզարդ սև թավշե բաճկոնակով։
 
― Օ՜, սրա հետ դուք պետք է ծանոթանաք։ Բոլոր աղետների մեղավորը հենց սա է որ կա՝ չարագործ Հուգոն, որն սկիզբ դրեց Բասկերվիլների շան լեգենդին։ Մենք սրան, հավանորեն, շուտ չենք մոռանա։
 
Ես նայեցի դիմանկարին հետաքրքրությամբ ու որոշ տարակուսանքով։
 
― Աստվա՜ծ իմ, ― ասաց Հոլմսը։ ― Բայց ախր տեսքից դատելով նա այնպես հանգիստ է, մեղմաբարո։ Ճիշտ է, աչքերում ինչ֊որ սատանայական բան կա։ Բայց ես ձեր Հուգոյին պատկերացնում էի մի տեսակ պնդակազմ կտրիճ՝ ավազակային կերպարանքով։
 
― Դիմանկարն իսկական է, դրանում ամենափոքր կասկած անգամ չի կարող լինել։ Կտավի ետևում գրված է նրա անունն ու տարեթիվը՝ հազար վեց հարյուր քառասունյոթ թվական։
 
Մնացած ամբողջ երեկոյի ընթացքում Հոլմսը քիչ էր խոսում, բայց անառակ Հուգոյի դիմանկարը, ասես, նրան գամել էր իրեն, և ընթրիքի ընթացքում նա համարյա աչքը նրանից չէր կտրում։ Սակայն բարեկամիս մտքերի ընթացքը պարզվեց ինձ միայն այն ժամանակ, երբ սըր Հենրին գնաց իր սենյակը։ Հոլմսը գիշերասեղանի վրայից վերցրեց մոմը և ինձ հետ վերադառնալով խնջույքի սրահ, մոտեցրեց ժամանակից խունացած դիմանկարին։
 
― Ոչ մի առանձնահատուկ բան չե՞ք նկատում։
 
Ես երկար դիտում էի լայնեզր փետրազարդ նկարը, սպիտակ ժանյակն օձիքին ու խստահայաց նեղ դեմքը շրջանակող երկար խոպոպները։ Ոչ ոք չէր կարող այդ դեմքը կշտմբել գծերի կոպտության ու դաժան արտահայտության համար, բայց սեղմված բարակ շրթունքներում, սառը, անդրդվելի հայացքում ինչ֊որ կոշտ, խստաբարո, անողոք բան կար։
 
― Սա ձեզ ոչ ոքի չի՞ հիշեցնում։
 
― Դեմքի ներքևի մասը ինչ֊որ ընդհանուր բան ունի սըր Հենրիի հետ։
 
― Այո, թերևս, մի քիչ ունի։ Բայց մի րոպե սպսասեք։
 
Նա կանգնեց աթոռին և մոմը ձախ ձեռքում պահած, աջ ձեռքով ծածկեց լայնեզր գլխարկն ու երկար խոպոպները։
 
― Երկնայի՜ն ուժեր, ― ինքս ինձ կորցարած զարմանքով բացականչեցի ես։
 
Կտավից ինձ էր նայում Սթեփլտոնի դեմքը։
 
― Ըհը՜, նկատեցի՞ք։ Իմ աչքերը սովորել են դեմքը զատել շրջանակող բաներից։ Հայացքով դիմակավորումը բացահայտելու կարողությունը խուզարկուի հիմնական հատկանիշն է։
 
― Ապշեցուցի՜չ է։ Ասես նրա դիմանկարը լինի։
 
― Այո, և ֆիզիկական, և հոգեկան առումով դեպի անցյալ վերադառնալու հետաքրքիր օրինակ է։ Ահա այսպես կսկսես ուսումնասիրել ընտանեկան դիմանկարները, ու տեսար, հավատացիր հոգիների վերաբնակեցմանը։ Նա նույնպես Բասկերվիլ է, դա լիովին ակնհայտ է։
 
― Եվ ձգտում է ժառանգ դառնալ։
 
― Անկասկած։ Պատահմամբ աչքովս ընկած այս դիմանկարը օգնեց լրացնելու ամենադժվարին բացերից մեկը։ Այժմ արդեն մենք նրան բռնել ենք, Ուոթսն, մենք նրան բռնել ենք։ Եվ երդվում եմ, որ վաղը գիշերվա մոտ նա կթպրտա մեր ցանցում, ինչպես թիթեռնիկը նրա ցանցորսիկում։ Գնդասեղ, խցան, պիտակ՝ ու Բեյքր֊ստրիտի հավաքածուն կհամալրվի ևս մի ցուցանմուշով։
 
Հոլմսը բարձրաձայն քրքջաց ու դիմանկարից հեռացավ։ Այն հազվագյուտ դեպքերում, երբ ես լսում էի նրա ծիծաղը, գիտեի, որ դա միշտ որևէ չարագործի մեծ փորձանք է կանխագուշակում։
 
Հաջորդ առավոտյան հագնվելով, պատուհանից դուրս նայեցի ու տեսա Հոլմսին․ պարզվեց, որ նա ավելի շուտ է վեր կացել և արդեն հասցրել է ինչ֊որ տեղ գնալ ու գալ։
 
― Այո, հոգսաշատ օր է լինելու, ― ասաց նա ուրախ շփելով ձեռքերը։ ― Շուտով կսկսենք գործել։ Թակարդն արդեն լարված է։ Իսկ երեկոյան կողմ կերևա՝ այդ մեծատամ գայլաձուկը խճճվե՞լ է նրա մեջ, թե՞ ճողոպրել է։
 
― Դուք արդեն հասցրել եք լինել ճահիճներո՞ւմ։
 
― Ես հասա Գրիմպեն և այնտեղից հեռագրեցի Պրինսթաուն Սելգենի մահվան մասին։ Կարծում եմ, ձեզանից ոչ մեկին չեն անհանգստացնի այդ գործով։ Բացի դրանից, ես կապվեցի իմ հավատարիմ Քարթրայթի հետ, որը, տագնապով ինձ համար, ամենայն հավանականությամբ չէր հապաղի մեռնել անձավի մուտքի մոտ, ինչպես շունը տիրոջ գերեզմանին։
 
― Այսօր ինչի՞ց ենք սկսելու։
 
― Ամենից առաջ կտեսնենք սըր Հենրիին։ Ահա և նա ինքը։
 
― Բարի լույս, Հոլմս, ― ողջունեց բարոնետը։ ― Դուք նման եք գեներալի, որն իր շտաբի պետի հետ քննարկում է առաջիկա ճակատամարտի ծրագիրը։
 
― Այդպես էլ կա։ Ուոթսնը ներկայացրել է հրամաններ ստանալու։
 
― Ես նույնպես։
 
― Հիանալի է։ Եթե չեմ սխալվում, մեր բարեկամ Սթեփլտոնները այսօր ձեզ ճաշի են հրավիրել։
 
― Հուսով եմ, որ դուք էլ կգաք։ Նրանք հյուրընկալ մարդիկ են և շատ ուրախ կլինեն ձեզ համար։
 
― Ցավոք սրտի, ես ու Ուոթսնը պետք է մեկնենք Լոնդոն։
 
― Լոնդո՞ն։
 
― Այո, ներկա հանգամանքներում ավելի լավ է մենք այնտեղ լինենք։
 
Բարոնետի դեմքը ձգվեց։
 
― Իսկ ես կարծում էի, թե դուք մինչև վերջ ինձ չեք լքի։ Անկեղծ ասած, Բասկերվի֊հոլլում մենակ այնքան էլ հարմարավետ չէ։
 
― Բարեկամս, դուք պետք է անառարկելիորեն հնազանդվեք ինձ ու անեք այն ամենը, ինչ կպահանջեմ ձեզանից։ Ասացեք ձեր բարեկամներին, որ մենք հաճույքով կգայինք, բայց անհետաձգելի գործերը մեզ Լոնդոն են կանչում։ Սակայն մենք շուտով կվերադառնանք Դևոնշիր։ Դուք չե՞ք մոռանա հաղորդել նրանց։
 
― Եթե պնդում եք։
 
― Հավատացնում եմ, ուրիշ ելք չկա։
 
Ի պատասխան այդ խոսքերի բարոնետը խոժոռվեց, և ես հասկացա, որ նա վիրավորվել է ու մեր մեկնումը դասալքություն է համարում։
 
― Ե՞րբ եք մտադիր դուրս գալ, ― սառնությամբ հարցրեց նա։
 
― Նախաճաշից անմիջապես հետո։ Մենք ձիերով կհասնենք մինչև Կումբի֊Թրեսի, բայց Ուոթսնը իր իրերը կթողնի ձեզ մոտ իբրև գրավ, այնպես որ սպասեցեք նրա վերադարձին։ Ուոթսն, մի երկտող գրեցեք Սթեփլտոնին, ներողություն խնդրեք, որ չեք կարող իրենց մոտ լինել։
 
― Ես նույնպես կուզենայի Լոնդոն մեկնել, ― ասաց բարոնետը։ ― Ինչո՞ւ պետք է մենակ նստեմ այստեղ։
 
― Որովհետև դուք չպետք է լքեք ձեր պահակակետը։ Որովհետև դուք խոստացել եք ամեն ինչում լսել ինձ, իսկ հիմա ես ասում եմ՝ մնացեք այստեղ։
 
― Լավ, ես կմնամ։
 
― Եվս մի խնդրանք։ Մերիփիթ֊հաուս գնացեք ձիերով, կառքը ետ ուղարկեցեք ու Սթեփլտոնին ասացեք, որ ոտքով տուն կվերադառնաք։
 
― Ոտքով ճահիճների միջո՞վ։
 
― Այո։
 
― Բայց չէ՞ որ դուք ինքներդ քանի անգամ ինձ ետ եք պահել դրանից։
 
― Իսկ հիմա կարող եք միանգամայն հանգիստ գնալ։ Ես դա պնդում եմ միայն այն պատճառով, որովհետև վսատահ եմ ձեր արիությանը։
 
― Լավ, ես այդպես էլ կանեմ։
 
― Եվ եթե փոքր ինչ գնահատում եք կյանքը, չշեղվեք այն արահետից, որը Մերիփիթ֊հաուսից տանում է դեպի Գրիմպեն, մանավանդ, որ դա Բասկերվիլ֊հոլլ տանող ամենամոտ ճամփան է։
 
― Ամեն ինչ ճշտորեն կկատարվի։
 
― Այդ լավ է։ Իսկ մենք կաշխատենք մեկնել նախաճաշից անմիջապես հետո, որպեսզի ցերեկով Լոնդոն հասնենք։
 
Ինձ շատ զարմացրեց գոծողությունների այդ ծրագիրը, չնայած հիշում էի, որ նախորդ երեկոյան Հոլմսը նախազգուշացրեց Սթեփլտոնին իր մեկնման մասին։ Բայց ո՞վ կմտածեր, որ նրա խելքին կփչի մեկնել ինձ հետ, և այն էլ այնպիսի ժամանակ, որ ինքն էր կրիտիկական համարում։ Սակայն ինձ ուրիշ ոչինչ չէր մնում, քան անառարկելիորեն հնազանդվել բարեկամիս։ Շուտով մենք հրաժեշտ տվեցինք տխրած բարոնետին, իսկ երկու ժամ հետո կառքը տուն ճամփելով՝ բարձրացանք Կումբի֊Թրեսիի կայարանի կառամատույցը։ Այնտեղ մեզ էր սպասում բարձրահասակ մի տղա։
 
― Ի՞նչ կհրամայեք, սըր։
 
― Քարթրայթ, գնացք նստիր ու մեկնիր Լոնդոն։ Հենց որ հասնես, անմիջապես իմ անունից հեռագիր ուղարկիր սըր Հենրի Բասկերվիլին։ Հարցրու նրան, թե արդյոք չի՞ գտել իմ կորցրած ծոցատետրը։ Եթե գտել է՝ թող պատվիրված ծրարով ուղարկի Բեյքր֊ստրիտ։
 
― Լսում եմ, սըր։
 
― Իսկ հիմա կայարանի գրասենյակում իմացիր, արդյոք իմ անունով որևէ բան չկա՞։
 
Տղան շուտով վերադարձավ մի հեռագրով։ Հոլմսն այն կարդաց ու երկարեց ինձ։ Այնտեղ գրված էր հետևյալը․
 
«Հեռագիրն ստացա։ Մեկնում եմ ձեռբակալման օրդերով։ Կլինեմ հինգ քառասունին։ Լեյստրեյդ»։
 
― Սա իմ առավոտյան հեռագրի պատասխանն է։ Լեյստրեյդը լավագույն պրոֆեսիոնալ խուզարկուն է։ Գուցե նրա օգնությունը պետք լինի մեզ․․․ Դե, Ուոթսն, ժամանակ ունենք, և ես կարծում եմ, որ հիմա ամենահարմար ժամանակն է ձեր ծանոթուհուն՝ միսիս Լայոնսին այցելելու համար։
 
Հոլմսի կազմված պատերազմական ծրագիրը րոպե առ րոպե պարզվում էր ինձ համար։ Բարոնետի օգնությամբ նա կհամոզի Սթեփլտոնին, որ մենք այստեղ չենք, իսկ իրականում մենք կվերադառնանք այն պահին, երբ մեր օգնությունն ամենից շատ է հարկավոր։ Եթե սըր Հենրին հիշատակի Հոլմսից ստացած հեռագրի մասին, դա կցրի Սթեփլտոնի վերջին կասկածները։ Եվ ես արդեն տեսնում էի, թե ինչպես է մեր ցանցն ավելի ու ավելի կիպ սեղմվում մեծատամ գայլաձկան շուրջը։
 
Միսիս Լաուրա Լայոնսը նստած էր իր աշխատասենյակում։ Շերլոկ Հոլմսը այնպիսի շիտակությամբ ու անկեղծությամբ անցավ խոսակցությանը, որ կնոջ աչքերը զարմանքից չռվեցին։
 
― Ես հետաքննում եմ, սըր Չարլզ Բասկերվիլի մահվան հանգամանքները, ― սկսեց նա։ ― Իմ բարեկամ դոկտոր Ուոթսնը հաղորդեց ինձ այն ամենը, ինչ դուք նրան ասել էիք այդ կապակցությամբ և ինչի մասին նախընտրել էիք լռել։
 
― Իսկ ինչի՞ մասին եմ լռել, ― հանդգնությամբ հարցրեց նա։
 
― Դուք խոստովանել եք, որ սըր Չարլզին դռնակի մոտ եք կանչել երեկոյան ժամը տասին։ Ինչպես գիտենք, նա մահացել է հենց այդ նույն ժամին ու այդ նույն տեղում։ Դուք լռել եք այդ երկու փաստերի միջև եղած կապի մասին։
 
― Դրանց միջև ոչ մի կապ գոյություն չունի։
 
― Այդ դեպքում իսկապես ապշեցուցիչ զուգադիպություն է ստացվում։ Բայց ես կարծում եմ, որ վերջ ի վերջո մենք այդ կապը կբացահայտենք։ Ես ձեզ հետ լիովին անկեղծ կլինեմ, միսիս Լայոնս։ Խոսքը սպանության մասին է, իսկ գործի հանցանշաններն այնպիսիք են, որ հետաքննության տակ կարող է հայտնվել ոչ միայն ձեր բարեկամ միստր Սթեփլտոնը, այլև նրա կինը։
 
Միսիս Լայոնսը վեր թռավ տեղից․
 
― Նրա կի՞նը։
 
― Դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այն անձնավորությունը, որին նա որպես քույր է ներկայացնում, իրականում նրա կինն է։
 
Միսիս Լայոնսը ընկավ բազկաթոռի մեջ ու այնպիսի ուժով սեղմեց թիկնակները, որ եղունգներն սպիտակեցին։
 
― Նրա կինը, նրա կինը․․․ Բայց ախր նա ամուրի՞ է։
 
Շերլոկ Հոլմսը թոթվեց ուսերը։
 
― Ապացուցեք այդ։ Ապացուցե՛ք։ Եվ եթե կարողանաք․․․ ― նրա աչքերի կատաղի փայլը ամեն ինչից ավելի խոսուն էր։
 
― Ապացուցելը դժվար չէ, ― ասաց Շերլոկ Հոլմսը՝ գրպանից ինչ֊որ թղթեր հանելով։ ― Ահա այդ ամուսնական զույգի լուսանկարը՝ լուսանկարված չորս տարի առաջ Յորքում։ Հակառակ երեսին մակագրություն է․ «Մ֊ը և մ֊ս Վանդելեր», բայց դուք, իհարկե, կճանաչեք և՛ նրան, և՛ այդ կնոջը, եթե հանդիպել եք։ Հետո՝ երեք փաստաթուղթ՝ ստորագրված ամենայն վստահության արժանի մարդկանց կողմից։ Սա միստր և միսիս Վանդելերների նկարագրությունն է, որոնք մի ժամանակ «Սենթ֊Օլիվեր» մասնավոր դպրոց ունեին։ Կարդացեք և ոչ մի կասկած չեք ունենա, որ սրանք իսկապես ձեզ ծանոթ մարդիկ են։
 
Միսիս Լայոնսն անցողակի նայեց իր առջև դրված թղթերին և հայացքը դարձրեց մեզ։ Հուսահատությունը նրա դեմքը վերածել էր անշարժ դիմակի։
 
― Միստր Հոլմս, ― ասաց նա, ― այդ սրիկան խոստացել է ամուսնանալ ինձ հետ, եթե ես ապահարզան ստանամ։ Նշանակում է՝ նրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի, նշանակում է՝ նա ամբողջ ժամանակ խաբում էր ինձ։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Ես կարծում էի, թե նա միայն ինձ համար է տոչորվում։ Իսկ դուրս է գալիս, որ ես գործիք եմ եղել նրա ձեռքում։ Հանուն ինչի՞ հավատարիմ մնալ մի մարդու, որն այդպես ստում է։ Ինչի՞ համար պաշտպանել նրան։ Թող հատուցի իր չարագործության համար։ Ինչի մասին ուզում եք հարցրեք, ես ոչինչ չեմ թաքցնի։ Միայն մի բանի համար եմ երդվում ձեզ․ երբ գրում էի այն նամակը, մտքովս անգամ չէր անցնում, որ դա կկոռծանի սըր Չարլզին՝ իմ լավագույն բարեկամին։
 
― Ես հավատում եմ ձեր յուրաքանչյուր խոսքին, տիկին, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Ձեզ համար, հավանաբար, շատ դժվար է այդ մասին պատմել։ Եկեք այսպես անենք․ ես ինքս կխոսեմ և, եթե որևէ էական բանում սխալվեմ, դուք ինձ կուղղեք։ Նամակը գրվել է Սթեփլտոնի դրդմա՞մբ։
 
― Նրա թելադրությամբ։
 
― Նա, հավանորեն, ասել է ձեզ, որ սըր Չարզն իր վրա կվերցնի ապահարզանի դատավարության բոլոր ծախսե՞րը։
 
― Այո։
 
― Իսկ հետո, երբ նամակն ուղարկված էր, ձեզ համոզեց չգնա՞լ տեսակցության։
 
― Նա ասաց, որ կդադարի հարգել ինքն իրեն, եթե դատավարության դրամը մեկ ուրիշը տա։ Երդվում էր, որ չնայած իր աղքատությանը, վերջին պեննին կտա, միայն թե վերացնի այն արգելքը, որ մեզ բաժանում է իրարից։
 
― Նա, ըստ երևույթին, շատ հետևողական է իր արարքներում։ Եվ այսպես, հետագա դեպքերի մասին դուք ոչինչ չեք լսել և սըր Չարլզի մահվան մասին իմացաք միայն թերթերի՞ց։
 
― Այո։
 
Եվ Սթեփլտոնը ձեզանից խոսք առավ, որ ոչ մեկին չե՞ք ասի ենթադրվող տեսակցության մասին։
 
― Այո, նա ասաց, որ սըր Չարլզի մահը տեղի է ունեցել հույժ հանելուկային հանգամանքներում, և, եթե նամակի մասին իմանան, ես կասկածի տակ կընկնեմ։ Նա վախեցրեց ինձ, և ես որոշեցի լռել։
 
― Այդպես, հասկանում եմ։ Բայց դուք, այնուամենայնիվ, ինչ֊որ բան կասկածո՞ւմ էիք։
 
Միսիս Լայոնսն աչքերը խոնարհեց, ըստ երևույթին չհամարձակվելով պատասխանել։
 
― Ես այդ մարդուն լավ եմ ճանաչում, ― վերջապես ասաց նա։ ― Բայց եթե նա ինձ չխաբեր, ես նրան չէի մատնի։
 
― Մի խոսքով, դուք լավ եք ազատվել, ― ասաց Շերլոկ Հոլմսը։ ― Նա ձեր ձեռքում էր և հիանալի գիտեր այդ, իսկ դուք այնուամենայնիվ ողջ եք։ Վերջին ամիսները դուք քայլել եք անդունդի եզրով։ Իսկ հիմա, միսիս Լայոնս, թույլ տվեք ամենայն բարիք ցանկանալ ձեզ։ Բայց մենք դեռ հավանաբար, կտեսնվենք․․․
 
 
― Դե ահա, ամեն ինչ կամաց֊կամաց պարզվում է, մշուշը նոսրանում է, ― ասաց Հոլմսը, երբ մենք նորից դուրս եկանք կայարանի կառամատույց՝ սպասելու լոնդոնյան ճեպընթացի ժամանելուն։ ― Շուտով ես կկարողանամ կետ առ կետ վերականգնել, թերևս, մեր ժամանակների ամենասենսացիոն ոճրագործությունը։ Քրեագետները կասեն, որ նամնօրինակ ինչ֊որ բան եղել է և, իհարկե կհիշեն 1886 թվականին Ուկրաինայի Գրոդնո քաղաքում կատարված սպանությունը և Անդերսոնին՝ Հյուսիսային Կարոլինայից, բայց այժմ մեր գործն ունի որոշ միանգամայն յուրահատուկ գծեր։ Մենք նույնիսկ այժմ չենք կարող ուղղակի հանցանշաններ ներկայացնել այդ նենգ խորամանկին։ Բայց հիշեք իմ խոսքը, Ուոթսն, մինչև մեր քնելու պահը ամեն ինչ բացահայտված կլինի։
 
Լոնդոնյան ճեպընթացը դղրդյունով մոտեցավ կայարանին, և առաջին կարգի վագոնից կառամատույց դուրս թռավ փոքրահասակ, թիկնեղ մի մարդ, որն ինչ֊որ բանով հիշեցնում էր բուլդոգի։ Մենք բարևեցինք իրար, և այն հարգանքից, որով Լեյստրեյդը վերաբերվում էր ընկերոջս, ինձ պարզ դարձավ, որ նա շատ բան է հասկացել այն ժամանակից ի վեր, երբ նրանք սկսել են միասին աշխատել։ Ես շատ լավ էի հիշում, թե ինչպիսի արհամարհանք էին առաջացնում այդ գործնական մարդու մոտ տեսության մեր սիրահարի տրամաբանական կիրարկումները։
 
― Դե ինչ, խոշո՞ր գործ է, ― հարցրեց Լենստրեյդը։
 
― Այսպիսի բան վաղուց չէր եղել, ― ասաց Հոլմսը։ ― Մենք երկու ժամ ազատ ժամանակ ունենք։ Եկեք այն օգտագործենք ճաշի վրա, իսկ հետո, Լեյստրեյդ, մենք ձեզ կհյուրասիրենք Դարթմուրի ամենամաքուր գիշերային օդով և կօգնենք կոկորդներդ մաքրել լոնդոնյան մշուշից։ Երբեք այստեղ չե՞ք եղել։ Այդ դեպքում այնքան էլ շուտ չեք մոռանա ձեր առաջին ծանոթույունը այս տեղերի հետ։
 
 
==ԳլուխXIV Բասկերվիլների շունը==
 
 
Շերլոկ Հոլմսի թերություններից մեկը, եթե դա կարելի է թերություն համարել, այն էր, որ նա երբեք ոչ ոքի տեղյակ չէր պահում իր ծրագրերին՝ մինչև դրանց ավարտը։ Սյդպիսի գաղտնապահությունը բացատրվում էր մասամբ այդ մարդու տիրական բնավորությամբ, որով սիրում էր իշխել շրջապատի վրա ու ապշեցնել նրա երևակայությունը, մասամբ էլ պրոֆեսիոնալ զգուշավորությամբ, որը թույլ չէր տալիս նրան անհարկի վտանգի ենթարկվել։ Ինչպես էլ որ լիներ, Շերլոկ Հոլմսի բնավորության այդ գիծը շատ տհաճություններ էր պատճառում նրանց, ովքեր աշխատում էին նրա հետ որպես գործակալներ կամ օգնականներ։ Ես ինքս հաճախ էի տանջվել դրանից, բայց այն, ինչ ստիպված էի տանել մթության մեջ այդ երկար ճամփորդության ընթացքում, գերազանցեց իմ անցյալի բոլոր տառապանքները։ Մեզ դժվարին փորձություն էր սպասում, մենք պատրաստ էինք վերջին վճռական հարվածը հասցնել, իսկ Հոլմսը համառորեն լռում էր, և ես կարող էի լոկ կռահել նրա ծրագրերի մասին։ Իմ նյարդային լարվածությունը հասել էր գագաթնակետին, երբ հանկարծ մի սառը քամի փչեց դեմքներիս և, նայելով մթության մեջ նեղ ճամփեզրին ձգվող ամայի տարածություններին, հասկացա, որ մենք նորից գտնվում ենք ճահիճներում։ Ձիերի յուրաքանչյուր քայլը, անիվների յուրաքանչյուր շրջադարձը մեզ մոտեցնում էր այս բոլոր դեպերի ավարտին։
 
Կումբի֊Թրեսիում վարձած կառապանի ներկայությամբ չէր կարելի խոսել գործերի մասին, և մենք, չնայած մեր հուզմունքին, զրուցում էինք դատարկ բաներից։ Ես թեթևացած շունչ քաշեցի, երբ ճամփի մի կողմի վրա երևաց Ֆրենկլենդի քոթեջը, որից երկու֊երեք մղոն էր մնում մինչև Բասկերվիլ֊հոլլ ու այնտեղ, որտեղ պետք է տեղի ունենար ողբերգության եզրափակիչ տեսարանը։ Կանգ առնելով մուտքի մոտ, մենք շարժվեցինք դեպի կարմրածառի ծառուղու դռնակը, վճարեցինք կառապանին, ետ ուղարկեցինք Կոմբի֊Թրեսի, իսկ ինքներս գնացինք Մերիփեթ֊հաուսի ուղղությամբ։
 
― Դուք զենք ունե՞ք, Լեյստրեյդ։
 
Փոքրիկ խուզարկուն ժպտաց․
 
― Եթե տաբատս հագս է, նշանակում է՝ ետևը գրպան էլ կա, իսկ եթե ետևը գրպան կա, նշանակում է՝ այն դատարկ չէ։
 
― Հիանալի է։ Ես ու Ուոթսնը նույնպես պատրաստվել ենք ամեն տեսակ անակնկալների։
 
― Տեսնում եմ՝ դուք շատ լուրջ եք տրամադրված, միստր Հոլմս։ Իսկ այժմ մեզանից ի՞նչ է պահանջվում այս խաղում։
 
― Համբերություն։ Պետք է սպասենք։
 
― Իսկապես, այս տեղերն այնքան էլ ուրախ չեն։ Խուզարկուն ուսերը սեղմեց՝ նայելով մռայլ բլրալանջերին ու մշուշին, որ լճի պես ծածկել էր Գրիմպենյան ճահճուտը։ ― Այ այնտեղ ինչ֊որ լույս է վառվում։
 
― Դա Մերիփիթ֊հաուսն է՝ մեր ուղևորության նպատակակետը։ Այժմ խնդրում եմ որքան կարելի է կամաց քայլել ու խոսել շշուկով։
 
Մենք զգուշությամբ քայլում էինք արահետով, որը տանում էր դեպի տունը, բայց երկու հարյուր յարդի վրա Հոլմսը կանգ առավ։
 
― Ավելի մոտենալ պետք չէ, ― ասաց նա։ ― Ահա այս գլաքարերը հիանալի վարագույր են մեզ համար։
 
― Այստեղ էլ պետք է սպասե՞նք։
 
― Այո, դարան կսարքենք։ Կանգնեցեք այ այստեղ, Լեստրեյդ։ Ուոթսն, չէ՞ որ դուք եղել եք տանը։ Սենյակների դասավորությունը գիտե՞ք։ Այ այն ապակեկալ լուսամուտներն ի՞նչ են։
 
― Ըստ իս, խոհանոցն է։
 
― Իսկ հաջո՞րդը՝ պայծառ լուսավովա՞ծը։
 
― Դա ճաշասենյակն է։
 
― Վարագույրները բարձրացված են։ Դուք ինձանից լավ գիտեք՝ ինչպես գնալ այնտեղ։ Ներս նայեք պատուհանից՝ ի՞նչ են անում այնտեղ։ Միայն, ի սեր աստծո, կամաց։ Հանկարծ չլսեն։
 
Ես ոտքերիս ծայրերի վրա գողեգող մոտեցա Սթեփլտոնների նվազ այգին շրջապատող ցածրիկ քարե ցանկապատին և, մտնելով ստվերի տակ, հասա այնտեղ, որտեղից կարելի էր ներս նայել չվարագուրված պատուհանից։
 
Սենյակում երկու տղամարդիկ էին՝ սըր Հենրին ու Սթեփլտոնը։ Նրանք նստած էին կլոր սեղանի շուրջ դեմ առ դեմ, կիսադեմով ինձ դարձած ու սիգար էին ծխում։ Նրանց առջև դրված էին սուրճի գավաթներ ու գինի։ Սթեփլտոնը ոգևորված խոսում էր ինչ֊որ բանի մասին, սակայն բարոնետը նստած էր գունատ և անուշադիր էր լսում։ Հավանաբար, նրան հանգիստ չէր տալիս չարագուշակ ճահիճներով շուտով տուն վերադառնալու միտքը։
 
Բայց ահա Սթեփլտոնը վեր կացավ ու դուրս գնաց սենյակից, իսկ սըր Հենրին բաժակը գինի լցրեց ու հենվեց աթոռի թիկնակին, մեկ֊մեկ ծուխ արձակելով։ Ես դռան ճռռոց լսեցի, հետո՝ արահետի խճի ճռթճռթոցը։ Քայլերը մոտենում էին ինձ։ Պատի ետևից նայելով ես տեսա, որ բնախույզը կանգնեց այգու անկյունի ոչ մեծ ցախատան մոտ։ Բանալին զնգաց կողպեքի մեջ, և ցախատանը ինչ֊որ աղմուկ լսվեց։ Սթեփլտոնն այնտեղ մնաց երկու րոպեից ոչ ավելի, նորից զնգացրեց բանալիով, անցավ իմ մոտով ու ծածկվեց տանը։ Ես տեսա, որ նա վերադարձավ իր հյուրի մոտ․ զգուշորեն հասնելով ընկերներիս, ես այդ ամենը պատմեցի նրանց։
 
― Ուրեմն, կինը նրանց հետ չէ՞, ― հարցրեց Հոլմսը, երբ ես վերջացրի։
 
― Ոչ։
 
― Այդ դեպքում որտե՞ղ է։ Չէ՞ որ բացի խոհանոցից ու ճաշասենյակից, բոլոր մյուս պատուհանները մութն են։
 
― Իսկապես, չգիտեմ։
 
Ես արդեն ասացի, որ խիտ սպիտակ մառախուղ էր փռվել գրիմպենյան ճագճուտի վրա։ Այն դանդաղորեն սողում էր մեր կողմը, թանձր ալիքներով շրջապատելով մեզ աջից ու ձախից։ Վերևից ընկնող լուսնի լույսը այն դարձնում էր կայծկլտացող սառնադաշտ, որի վրա, սև լեռնագագաթների նման վեր էին խոյանում հեռավոր գրանիտե սյուների կատարները։ Հոլմսը շրջվեց այդ կողմը և, նայելով դանդաղ սողացող սպիտակ պատին, անհամբերությամբ մռթմռթաց․
 
― Նայեցեք, Ուոթսն, մառախուղը գալիս է ուղիղ մեզ վրա։
 
― Իսկ դա վա՞տ է։
 
― Ավելի վատ անհնար է պատկերացնել։ Մշուշը միակ բանն է, որ կարող է խափանել ծրագրերս։ Բայց սըր Հենրին այնտեղ երկար չի մնա։ Արդեն ժամը տասն է։ Այժմ ամեն ինչ՝ և՛ մեր հաջողությունը, և՛ նույնիսկ նրա կյանքը, կախված է այն բանից, թե նա դուրս կգա մինչև մշուշի՝ արահետին հասնե՞լը, թե ոչ։
 
Գիշերային երկինքը մաքուր էր, առանց մի ամպիկի։ Աստղերը սառը փայլում էին վերևում, լուսինը ճահիճները ողողում էր փափուք, անհաստատ լույսով։ Ուղիղ մեր դեմ աղոտ սևին էին տալիս սրածայր տանիքով տան ուրվագծերը, ասես ծառացած ծխնելույզներով, որոնք պարզ ընդգծվում էին աստղալից երկնքում։ Ներքևի հարկի պատուհաններից լույսի լայն ոսկե շերտերն ընկնում էին այգու և հեռու ճահիճների վրա։ Դրանցից մեկը հանկարծ հանգեց։ Ծառաները դուրս գնացին խոհանոցից։ Այժմ լամպը վառվում էր միայն ճաշասենյակում, որտեղ այն երկուսը՝ մարդասպան֊տերը և ոչինչ չկասկածող հյուրը, սիգար էին ծխում ու շարունակում իրենց զրույցը։
 
Համարյա ամբողջ ճահճուտով ձգվող սպիտակ նրբահյուս ծածկոցը րոպե առ րոպե մոտենում էր տանը։ Առաջին թափանցիկ ծվեններն արդեն ոլորվում էին լուսավորված պատուհանի ոսկե քառակուսում։ Այգու հեռավոր պատը բոլորովին անհետացել էր այդ քուլա֊քուլա բարձրացող մուժում, որի վրա երևում էին միայն ծառի կատարները։ Ահա սպիտակ օղակները երևացին տան երկու կողմերից ու դանդաղ միացան ամուր պատնեշի պես, և վերնահարկը տանիքի հետ միասին լողաց, ինչպես կախարդական նավը երևակայական ծովի ալիքներին։ Հոլմսը մորլեգնորեն բռունցքը խփեց քարին, որի ետևում կանգնած էինք և անհամբերությունից իրեն կորցրած ոտքով դոփեց տեղում։
 
― Եթե նա քառորդ ժամից չերևա՝ արահետը մշուշի մեջ կկորչի, իսկ կես ժամ հետո մենք արդեն չենք կարող մեր սեփական ձեռքը տեսնել այս մուժում։
 
― Մի քիչ ետ գնանք, այնտեղ բարձր է։
 
― Այո, թերևս այդպես էլ անենք։
 
Որքան մշուշը դեպի մեզ էր գալիս, այնքան ավելու ու ավելի էինք նահանջում, մինչև հայտնվեցինք տանից կես մղոնի վրա։ Սակայն համատարած սպիտակ ծովը, որ լուսնի լույսից արծաթին էր տալիս, հասավ նաև այդտեղ՝ շարունակելով իր դանդաղ անշեղ հարձակումը։
 
― Մենք շատ ենք հեռացել, ― ասաց Հոլմսը, ― սա արդեն վտանգավոր է․ նրան կարող են հասնել ավելի շուտ, քան նա կհասնի մեզ։ Բայց թող լինի ինչ լինելու է, մնանք այստեղ։
 
Նա ծնկի իջավ և ականջը դրեց գետնին։
 
― Փա՜ռք աստծո, կարծես գալիս է։
 
Ճահիճների լռության մեջ արագ քայլեր լսվեցին։ Գլաքարերի հետևում պահված, մենք լարված հետևում էինք մեզ մոտեցող պղտոր֊արծաթավուն պատին։ Քայլերը գնալով մոտենում էին, և ահա մշուշի միջից, ասես բացելով վարագույրը, դուրս եկավ նա, ում սպասում էինք։ Իր գլխավերևում մաքուր աստղազարդ երկինք տեսնելով՝ նա զարմանքով նայեց շուրջը։ Հետո արագ քայլեց արահետով, անցավ մեր կողքով ու սկսեց բարձրանալ անմիջապես գլաքարերի ետևից սկսվող թեք լանջով։ Քայլլելիս նա մի գլուխ ուսի վրայից ետ էր նայում, ասես զգուշանալով ինչ֊որ բանից։
 
― Սը՜ս, ― շշնջաց Հոլմսը ու ձգանը քաշեց։ ― Նայեք, ահա նա։
 
Դեպի մեզ սողացող թանձր մշուշում լսվեց հավասար, կոտորակային դոփյուն։ Սպիտակ պատն արդեն մեզնից հիսուն յարդի վրա էր, և մենք երեքով հայացքներս սևեռեցինք այդ պատին, չիմանալով, թե ինչ հրեշ է հայտնվելու այնտեղից։ Հոլմսի կողքին կանգնած, ես թեթևակի նայեցի նրա դեմքին՝ գունատ, հուզված, լուսնի լույսի տակ վառվող աչքերով։ Եվ հանկարծ այն վերափոխվեց․ հայացքը կենտրոնացավ ու խիստ դարձավ, բերանը զարմանքից կիսաբացվեց։ Հենց այդ պահին Լեստրեյդը վախից գոռաց ու երեսնիվայր փռվեց գետնին։ Ես ուղղվեցի ու համարյա կաթվածահար այն տեսարանից, որ աչքիս երևաց, թուլացած ձեռքս երկարեցի ատրճանակին։ Այո, դա շուն էր, վիթխարի, կուպրի պես սև։ Բայց այդպիսի շուն մահկանացուներիցս դեռ ոչ ոք չէր տեսել։ Նրա բաց երախից բոց էր ժայթքում, աչքերը կայծեր էին արձակում, իսկ դնչի ու բաշի վրա փողփողում էր, առկայծող կրակը։ Ոչ մեկի բորբոքված ուղեղում չէր կարող առաջանալ ավելի սարսափելի, ավելի նողկալի մի տեսիլք, քան մշուշի միջից մեզ վրա դուրս թռած այդ դժոխային արարածը։
 
Հրեշը հսկայական ոստյուններով սլանում էր արահետով՝ հոտոտելով մեր բարեկամի հետքերը։ Մենք ուշքի եկանք միայն այն ժամանակ, երբ նա սլացավ մեր կողքով։ Այդ պահին և՛Հոլմսը և՛ ես կրակեցինք միաժամանակ, և դրանից հետո լսվող խլացուցիչ ոռնոցը համոզեց մեզ, որ համենայն դեպս մի գնդակը հասել է նպատակին։ Բայց շունը կանգ չառավ ու շարունակեց առաջ սլանալ։ Մենք տեսանք, թե ինչպես սըր Հենրին շրջվեց՝ լուսնի լույսի տակ մահու չափ գունատ, սարսափով բարձրացրեց ձեռքերն ու քարացավ այդ անօգնական դիրքում՝ աչքերը չհեռացնելով իրեն հասնող հրեշից։
 
Սակայն ցավից կաղկանձող շան ձայնը ցրեց մեր բոլոր երկյուղները։ Ով խոցելի է, նաև մահկանացու է, և եթե շունը վիրավոր է, ուրեմն, կարելի է և սպանել նրան։ Աստվա՜ծ իմ, ինչպես էր վազում այդ գիշեր Հոլմսը։ Ես միշտ լավ վազորդ եմ համարվել, բայց նա ինձ այնքան ետ թողեց, որքան ես փոքրիկ խուզարկույին։ Մենք սլանում էինք արահետով ու լսում սըր Հենրիի չդադարող ճիչերն ու շան խուլ մռնչյունը։ Ես վրա հասա այն պահին, երբ շունը նետվեց իր զոհի վրա, ցած տապալեց նրան ու արդեն պատրաստվում էր կոկորդից բռնել։ Բայց Հոլմսը իրար ետևից հինգ գնդակ մխեց նրա կողը։ Շունը կաղկանձեց վերջին անգամ, կատաղորեն կրճտացրեց ատամները, ընկավ կողքի վրա, և, ջղաձգորեն ցնցելով թաթերը, անշարժացավ տեղում։ Ես կռացա նրա վրա վազքից շնչակտուր և ատրճանակի փողն ուղղեցի այդ սարսափելի լուսավառվող մռութին, բայց կրակել չվիճակվեց․ վիթխարի շունը սատկել էր։
 
Սըր Հենրին ուշաթափ պառկած էր այնտեղ, որտեղ շունը հասել էր նրան։ Մենք պոկեցինք նրա օձիքը, և Հոլմսը փառք տվեց, համոզվելով, որ նա վիրավոր չէ, և որ մեր օգնությունը ժամանակին հասավ։ Իսկ հետո սըր Հենրիի կոպերը թրթռացին, ու նա կամաց շարժվեց։ Լեյստրեյդը նրա ատամների արանքից ներս մտցրեց կոնյակի տափաշշի գլխիկը, և մի վայրկյան հետո երկու ահաբեկ աչքեր մեզ նայեցին։
 
― Աստվա՜ծ իմ, ― շշնջաց բարոնետը։ ― Այդ ի՞նչ էր։ Որտեղ՞ է նա։
 
― Նա արդեն չկա, ― ասաց Հոլմսը։ ― Այն ուրվականը, որ հետապնդում էր ձեր տոհմին, ընդմիշտ չքացավ։
 
Մեր առաջ ընկած հրեշն իսկապես կարող էր ում ասես ահաբեկել իր չափերով ու հզորությամբ։ Դա ոչ զտարյուն խուզարկու շուն էր, ոչ էլ զտարյուն անգլիական դոգ, այլ, ըստ երևույթին, խառնուրդ՝ փորը ներս ընկած, ջահել էգ առյուծի մեծության սարսափելի մի շուն։ Նրա վիթխարի երախը դեռ փայլում էր կապտավուն բոցով, խոր ընկած վայրի աչքերը շրջանակված էին հրե օղակներով։ Ձեռքս կպցրի այդ փայլող գլխին և, ետ քաշելով, տեսա, որ մատներս նույնպես փայլում են խավարում։
 
― Ֆոսֆոր է, ― ասացի ես։
 
― Այո, և ինչ֊որ հատուկ պատրաստուկ, ― հաստատեց Հոլմսը՝ հոտ քաշելով, ― անհոտ, որպեսզի շունը հոտառությունը չկորցնի։ Ներեցեք մեզ, սըր Հենրի, որ մենք այդպիսի սարսափելի փորձության ենթարկեցինք ձեզ։ Ես պատրաստվել էի շուն տեսնել, բայց ամենևին չէի սպասում, որ այսպիսի հրեշ կլինի։ Բացի դրանից, մեզ խանգարեց մշուշը, և մենք չկարողացանք շանն արժանի կերպով դիմավորել։
 
― Դուք փրկեցիք իմ կյանքը։
 
― Սկզբից վտանգի ենթարկելով․․․ Դե ինչ, կարո՞ղ եք վեր կենալ։
 
― Էլի մի կում կոնյակ, և ամեն ինչ կարգի կընկնի։ Դե, ահա։ Այժմ ձեր օգնությամբ ես ոտքի կկանգնեմ։ Իսկ ի՞նչ եք մտադիր անել այսուհետև։
 
― Առայժմ ձեզ կթողնենք այստեղ․ դուք արդեն բավական ապրումներ ունեցաք այս գիշեր, իսկ հետո մեզանից որևէ մեկը ձեզ հետ տուն կվերադառնա։
 
Բարոնետը փորձեց կանգնել, բայց չկարողացավ։ Նա կտավի պես գունատ էր ու ամբողջ մարմնով դողում էր։ Մենք նրան հասցրինք գլաքարերի մոտ։ Նա նստեց այնտեղ՝ ամբողջ մարմնով դողալով, և դեմքը ձեռքերով ծածկեց։
 
― Իսկ հիմա մենք պետք է գնանք, ― ասաց Հոլմսը։ ― Պետք է սկսած գործն ավարտել։ Ամեն րոպեն թանկ է։ Հանցակազմն առակա է, մնում է միայն բռնել հանցագործին․․․ Գրազ կգամ, որ նա արդեն տանը չի լինի, ― շարունակեց Հոլմսը՝ արահետով արագ֊արագ քայլելով մեզ հետ։ ― Նա չէր կարող կրակոցները չլսել և հասկացավ, որ խաղը տոնուլ է տրված։
 
― Ի՜նչ եք ասում։ Դա տանից հեռու էր, բացի այդ, մշուշը խլացնում է ձայները։
 
― Կարող եք չկասկածել, որ նա նետվեց շան ետևից, չէ՞ որ հարկավոր էր շանը ետ պահել մարմնից։ Ոչ, մենք նրան այնտեղ չենք գտնի արդեն։ Բայց համենայն դեպս պետք է խուզարկել բոլոր անկյունները։
 
Մուտքի դուռը կրկնկի վրա բաց էր և, ներս ընկնելով, մենք արագորեն զննեցինք սենյակ սենյակի ետևից, ի զարմանս զառամյալ ծառայի, որը մեզ դիմավորեց միջանցքում։ Լույսը վառվում էր միայն միջանցքում, բայց Հոլմսը վերցրեց լամպն ու շրջեց տան բոլոր ծակուծուկերը։ Մարդը, որին մենք փնտրում էինք, անհետ կորել էր։ Սակայն երկրորդ հարկի ննջասենյակներից մեկի դուռը փակ գտանք։
 
― Այնտեղ ինչ֊որ մեկը կա, ― բացականչեց Լեյստրեյդը։
 
Սենյակից թույլ տնքոց ու շրշյուն լսվեց։ Հոլմսը ոտքով հարվածեց փականքից քիչ վերև, և դուռը կրնկի վրա բացվեց։ Ատրճանակները պատրաստ պահած՝ ներխուժեցինք այնտեղ։
 
Բայց հանդուգն սրիկան, որին հետապնդում էինք, այդտեղ էլ չէր։ Նրա փոխարեն տեսանք այն աստիճան տարօրինակ ու անսպասելի մի բան, որ տեղներումս քարացանք։
 
Այդ սենյակն իրենից ներկայացնում էր մի փոքրիկ թանգարան։ Պատերի երկանյքով դրված էին ապակյա արկղիկներ, որտեղ պահվում էին թիթեռնիկների ու թիթեռների հավաքածուները՝ այդ բարդ ու հանցագործ բնավորության սիրած զավակները։ Մեջտեղում բարձրանում էր մի հաստ նեցուկ, որ դրված էր առաստաղի փտած ճաղերի տակ։ Այդ նեցուկի մոտ մի մարդ էր կանգնած սավաններով կապված, որոնք նրան ոտից գլուխ այնպես էին ծածկել, որ առաջին հայացքից նույնիսկ չէր կարելի որոշել, տղամա՞րդ է, թե կին։ Մի սրբիչը փաթաթված էր կոկորդի շուրջը, մյուսը ծածկում էր դեմքի ներքևի մասը, ազատ թողնելով միայն աչքերը, որոնք համր֊հարցական նայում էին մեզ՝ լի սարսափով ու ամոթով։ Մի ակնթարթում պոկեցինք այդ կապերը, հանեցինք խցոցը, և մեր ոտքերի առաջ ցած ընկավ ոչ այլ ոք, քան միսիս Սթեփլտոնը։ Գլուխն ընկել էր կրծքին, և ես նկատեցի պարանոցին մտրակի հարվծից առաջացած կարմիր սպին։
 
― Գարշելի՜ արարած, ― գոչեց Հոլմսը ― Լեյստրեյդ, որտե՞ղ է կոնյակը։ Նստեցրեք նրան աթոռին։ Այպիսի կտտանքներն ում ասես ուշաթափության կհասցնեն։
 
Միսիս Սթեփլտոնը բացեց աչքերը։
 
― Նա փրկվե՞ց, ― հարցրեց նա։ ― Փախա՞վ։
 
― Նա մեր ձեռքից ոչ մի տեղ չի փախչի, տիկին։
 
― Ոչ, ոչ, ես ամուսնուս մասին չեմ հարցնում։ Սըր Հենրին․․․
 
― Այո։
 
― Իսկ շո՞ւնը։
 
― Սպանված է։
 
Նա թեթևության երկար հոգոց հանեց։
 
― Փա՜ռք աստծո, փա՜ռք աստծո։ Սրիկա՛։ Նայեք թե ինչ է արել ինձ։ ― Նա երկու թևքերն էլ վեր ծալեց, և մենք տեսանք, որ նրա ձեռքերն ամբողջովին ծածկված են կապտուկներով։ ― Բայց սա դեռ ոչինչ․․․ սա ոչինչ։ Նա խոշտանգել, պղծել է իմ հոգին։ Քանի դեռ ես հույս էի փայփայում, որ այդ մարդը սիրում է ինձ, ամեն ինչ տանում էի, ամեն ինչ․ վատ վերաբերմունքը, մենակությունը, խաբեությամբ լի կյանքը․․․ Սակայն նա ստում էր ինձ, ես գործիք էի նրա ձեռքում։ ― Նա չդիմացավ ու հեկեկաց։
 
― Այո, տիկին, դուք ոչ մի հիմք չունեք նրան խղճալու, ― ասաց Հոլմսը։ ― Ուրեմն, ասացեք, որտե՞ղ փնտրենք նրան։ Եթե դուք եղել եք նրա համախոհը, ապա օգտվեցեք առիթից քավելու ձեր մեղքը՝ օգնեցեք մեզ։
 
― Նա կարող է միայն մի տեղ թաքնվել, ուրիշ տեղ չունի, ― պատասխանեց նա։ ― Ճահճուտի կենտրոնում մի կղզյակ կա, որտեղ մի ժամանակ հանքախորշ է եղել։ Այնտեղ էլ պահում էր իր շանը և այնտեղ էլ ամեն ինչ պատրաստել էր այն դեպքի համար, եթե հարկ լիներ փախուստի դիմեու։
 
Հոլմսը լամպով լուսավորեց պատուհանը։ Մշուշն սպիտակ բամբակի նման կպել էր ապակուն։
 
― Նայեցեք, ― ասաց նա, ― այս գիշեր ոչ ոք չի կարող հասնել Գրիմպենյան ճահճուտին։
 
Միսիս Սթեփլտոնը ծիծաղեց ու ծափ տվեց։ Աչքեը փայլեցին չար կրակով։
 
― Դեպի այնտեղ ճանապարհը կգտնի՜, իսկ ետ դառնալ չի՜ կարող, ― բացականչեց նա։ ― Մի՞թե այսպիսի գիշերով կարելի է ցցանիշերը տեսնել։ Մենք միասին ենք այդ ցցանիշերը դրել, որպեսզի ճահճուտի միջով արահետը նշենք։ Ա՛խ, ինչո՞ւ չկռահեցի այսօր հանել դրանք։ Այնժամ նա ձեր իշխանության տակ կլիներ։
 
Այսպիսի մշուշում հետապնդման մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Մենք Լեյստրեյդին թողեցինք որպես Մերիփիթ֊հաուսի լիիրավ տնօրեն, իսկ ինքներս սըր Հենրիի հետ վերադարձանք Բասկերվիլ֊հոլլ։ Սթեփլտոնների պատմությունն այլևս հնարավոր չէր նրանից թաքցնել։ Իմանալով ողջ ճշմարտությունը սիրած կնոջ մասին, նա արիությամբ ընդունեց այդ հարվածը։
 
Սակայն գիշերն ապրած ցնումը էժան չնստեց բարոնետին։ Առավոտյան նա արդեն պառկած էր գիտակցությունը կորցրած, տենդի մեջ, դոկտոր Մորտիմերի հսկողության տակ։ Հետագայում նրանց երկուսին վիճակված էր շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, և միայն դրանից հետո սըր Հենրին նորից դարձավ այն ուրախ, առողջ մարդը, որ երբեմն եկել էր Անգլիա, որպես այդ չարաբաստիկ կալվածքի ժառանգորդ։
 
Իսկ այժմ իմ տարօրինակ պատմությունն արագ մոտենում է իր ավարտին։ Գրի առնելով այն, ես ջանացել եմ, որպեսզի ընթերցողը մեր հետ միասին կիսի այն բոլոր երկյուղներն ու աղոտ կռահումները, որոնք այդքան երկար մթագնել էին մեր կյանքը և ավարտվեցին այդպիսի ողբերգությամբ։
 
Առավոտյան կողմ մշուշը ցրվեց, և միսիս Սթեփլտոնը մեզ հասցրեց այնտեղ, որտեղից սկսվում էր ճահճուտի միջով ձգվող արահետը։ Այդ կինն այնպիսի սիրով և ուրախությամբ էր տանում ամուսնու հետքերով, որ մեզ համար միայն այդ ժամանակ պարզ դարձավ, թե որքան սարսափելի էր եղել նրա կյանքը։ Մենք նրանից բաժանվեցինք թերակղզու պես ճահճուտի մեջ մխրճված նեղ տորֆաշերտի մոտ։ Այստեղ֊այնտեղ խրված փոքրիկ շիվերը նշում էին թմբից թումբ կեռմաններով ոլորվող արահետը, կանաչի մեջ թաղված պատուհաններով, որոնք կփակեին այս վայրերին անծանոթ ամեն մեկի ճանապարհը։ Նեխող եղեգից ու տիղմով պատած ջրիմուռներից ծանր գոլորշիներ էին բարձրանում ճահճուտի վրա։ Մենք մի գլուխ սայթակում էինք՝ մինչև ծնկներս խրվելով մութ երերուն ճահճի մեջ, որը մեղմ օղակներով եռում էր մակերեսին։ Մածուցիկ խյուսը հպվում էր մեր ոտքերին և դրա կառչումն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե ինչ֊որ մեկի կպչուն ձեռքը մեզ քաշում էր այդ զզվելի խորքերը։ Մի֊միակ ապացույց նկատեցինք, որ առաջինը մենք չենք գնում այս վտանգավոր ճամփով։ Ճահճային խոտով ծածկված թմբի վրա ընկած էր ինչ֊որ մութ բան։ Ձգվելով առաջ՝ Հոլմսն անմիջապես մինչև գորկատեղը թաղվեց տիղմի մեջ, և եթե մենք չլինեինք, դժվար թե նրան երբևիցե հաջողվեր ոտքի տակ ամուր գետին զգալ։ Նրա ձեռքում մի հին սև կոշիկ կար։
 
― Այսպիսի գտածոյի համար արժեր ցեխաջրի լոգանք ընունել։ Ահա այն՝ մեր բարեկամի կոշիկը։
 
― Որ շտապելիս նետել է Սթեփլտո՞նը։
 
― Միանգամայն ճիշտ է։ Նա սա տվել է շանը հոտոտելու, երբ սըր Հենրիի հետքին էր գցում, և դրանով էլ վազել է, ապա գցել։ Այժմ մենք համենայն դեպս գիտենք, որ մինչև այստեղ նա բարեհաջող է հասել։
 
Սակայն այլևս մեզ ոչինչ չհաջողվեց իմանալ, չնայած շատ բաների մասին կարող էինք գլխի ընկնել։ Արահետի վրա անհնար էր հետքեր տեսնել․ դրանք անմիջապես ծածկվում էին տիղմով։ Մտածեցինք, որ դրանք կերևան ավելի չոր տեղում, սակայն բոլոր որոնումներն ապարդյուն անցան։ Եթե գետինը ճիշտ էր ասում, ապա Սթեփլտոնին այդպես էլ չէր հաջողվել հասնել կղզյակի իր ապաստարանին, ուր նա ձգտում էր այն հիշարժան մառախլապատ գիշերը։ Այդ սառնարյուն դաժան մարդն ընդմիշտ թաղվել էր չարագուշակ Գրիմպենյան ճահճուտի մեջտեղում, որը նրան ներս էր քաշել իր անտակ խորքերը։
 
Մենք շատ հետքեր գտանք ճահճուտում շրջապատված կղզյակում, որտեղ նա թաքցնում էր իր սարսափելի գործակցին։ Վիթխարի դարպասն ու կիսով չափ մանրախճով լցված հանքահորը ասում էին, որ մի ժամանակ այստեղ հանքեր են եղել։ Նրա կողքին հանքափորների քանդված հյուղակներն էին, որոնց, հավանաբար, այստեղից քշել էին ճահճային թունավոր գոլորշիները։ Այդ հյուղակներից մեկում գտանք պատից կախված մի օղակ, շղթա ու բազմաթիվ կրծոտված ոսկորներ։ Հավանորեն, այստեղ էլ Սթեփլտոնը պահում էր իր շանը։ Աղբի մեջ ընկած էր շան կմախք՝ վրան շեկ բրդի մի կտոր։
 
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Հոլմսը, ― ախր սա սպանիելն է։ Խեղճ Մորտիմերն այլևս երբեք չի տեսնի իր սիրելիին։ Դե ինչ, ես կարծում եմ, որ այժմ այս կղզյակն իր բոլոր գաղտնիքները բացեց մեր առաջ։ Շանը թաքցնելը դժվար չէ, բայց այ փորձեք նրան ստիպել, որ լռի։ Այստեղից էլ գալիս էր այդ առնոցը, որից նույնիսկ ցերեկով մարդիկ իրենց վատ էին զգում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Սթեփլտոնը կարող էր շանը ցախատուն փոխադրել, տանը մոտիկ, բայց այդպիսի ռիսկի կարելի էր դիմել միայն ամենավճռական պահին, երբ գործն ավարտին էր մոտենում։ Իսկ ահա այս թիթեղամանի քսուկը հենց այն փայլուն պատրաստուկն է, որով նա օծում էր իր շանը։ Նրան այդ մտքին է մղել ոչ այլ ինչ, բայց եթե Բասկերվիլների հրեշային շան լեգենդը, և նա որոշել է այդ միջոցով ազատվել սըր Չարլզից։ Այժմ զարմանալի չէ, որ չարաբաստիկ աքսորականը աղաղակելով փախուստի է դիմել, երբ այդպիսի հրեշը խավարից դուրս է պրծել նրա վրա։ Ճիշտ այդպես վարվեց նաև մեր բարեկամը, և հենց մենք էլ հեռու չէինք դրանից։ Սթեփլտոնը խորամանկ է մտածել։ Արդեն չասած այն մասին, որ շունը կօգներ սպանել զոհին, ով տեղացի ֆերմերներից վճռեր ավելի մոտիկից ծանոթանալ այդ շան հետ։ Այդպիսի արարածի հետ մի հանդիպումն էլ բավական է։ Բայց չէ որ նրան շատերն են տեսել ճահիճներում։ Ես այդ մասին ասել եմ Լոնդոնում, Ուոթսն, և նորից կրկնում եմ․ մենք երբեք գործ չէինք ունեցել ավելի վտանգավոր մարդու հետ, քան նա, որն այժմ պառկած է այնտեղ։ ― Եվ նա ցույց տվեց մուգ կանաչ ճահճուտը, որ ձվում էր հեռու դեպի տորֆաճահիճների զառիվեր լանջերը։
 
<references />
Ադմին, Վստահելի
1876
edits