Changes
/* Հրեշներ */
Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։
Բայց թվում է, թե վիշապները երբեմն էլ, այլ գրաստ չգտնելով, իրենք էին փոխակերպվում ջորու և ուղտի։ Այս այլանդակ կարծիքը հայերիս մեջ կար ոչ միայն 5-րդ դարում․ 13-րդ դարում Վահրամ վարդապետը Հեթում թագավորին գրում էր նման ձևով, միայն թե արտերի բերքի փոխարեն վիշապները կպչում էին կովերին ու նրանց կաթն էին ծծում։ Նույնպես էլ լսել էր, թե «յոլով մարդիկ տեսեալ են զի վիշապ վերանայր յերկրէ յերկինս»։ Թերևս այս օդերևույթը հիշյալ ձկամբն է, որի նման մութ ձևով դարձյալ գրում է մեր Եզնիկը․ «Եւս, եթէ բառնայցի ի վեր՝ այնպիսի Վիշապն, ոչ եթէ Եզամբք ինչ անուանելովք, այլ ծածուկ զօրութեամբ իւիք յԱստուծոյ հրամանէ․ զի մի՛ շոգին՝ մարդոյ կամ անասնոյ մեղանչիցէ»։ Արդյոք հիշյալ գրաստնե՞րն են այս եզրները, թե՞ այլ առասպել է։
Այլ ազգերի մեջ էլ կան բերքերի ու ամբարների այսպիսի գող հրեշների հիշատակումներ, ինչպիսին է հին գերմանացիների Erntebok երևակայելին, որ նշանակում է «հնձաքաղ», այսինքն հունձքը գողացող քաղ կամ նոխազ (այլ ոչ հունձքը քաղող)։ Որպես այսպիսին կարող է ճանաչվել նաև մեր վիշապաքաղ բաղադրյալ հրեշը, որի պաշտամունքը հնդիկներից է եկել հայերիս մեջ և, ըստ Ագաթանգեղոսի, մեր յոթ գլխավոր չաստվածների պաշտամունքից հետո․ «ՈՒթերորդ պաշտօնն հռչակեալ անուանեալն Վիշապաքաղն Վահագնի ի Յաշտից տեղիս թագաւորացն Հայոց Մեծաց, ի սնարս լերինն Քարքեայ», որը ջնջեց ս․ Լուսավորիչը։ Թեև սովորաբար այս անվան <i>քաղ</i>֊ը նշանակում է «քաղել, ժողովել», այսինքն՝ օձերին ջնջել կամ վիշապին սպանել, ինչպես արել է հույների Վահագնը՝ Հերակլեսը։ Ագաթանգեղոսի հունարեն պատմության մեջ այս բառը գրվել է ДсбчпнфпрнЯчфпт, որից՝ լատիներեն Draconum suffocator, որ նշանակում է «վիշապահեղձիչ»։
Թեև այստեղ Վահագնն էր վիշապաքաղը, սակայն քաղ կենդանին շատ տեղերում է առասպելված երևում, թվում է՝ իր բուռն ու անհանգիստ բնավորության համար՝ զուգված ոչ մայն վիշապի, այլև այնպիսի կենդանիների հետ, որպիսիք են եղջերվաքաղը և վիշապառյուծը քաղը։ Վերջինս, թվում է, բաղադրված է երեք տեսակից․ գլուխը քաղի է, մարմինը և ճիրանները՝ առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի, և կամ ըստ հույների քիմեռի՝ գլուխը առյուծի է, մարմինը՝ քաղի, և պոչը՝ վիշապի։ Ս․ Ոսկեբերանը այս հունական անունով է գրում Պողոս առաքյալի «Թուղթ առ կողոսացիս»֊ի մեկնության մեջ (էջ 602), ինչը մեր նախնիները թարգմանել են այսպես․ «ԶՁիացուլսն՝ ի քմաց ստեղծանեն և զՔիմառսն, այսինքն՝ որ զՎիշապառիւծ Քաղսն համբաւեն, և զայլսն նոյնպիսիս՝ Վիշապոտունս․ և զոր Սկիւղսն անուանեն՝ որ թարգմանի Ապուռք»/ այստեղ մեր թարգմանիչը ավելացնում է․ «Որպէս և Հայք Ծովացուլս իմն և Վիշապս մարդակերպս և Պայս և Առլեզս համբաւեն»։ Մի քանի տող հետո դարձյալ հիշում են ձիացուլերը, ապուռները, վիշապնառյուծ քաղերը, որով հաստատվում է, թե հայերի երևակայածը փոքր֊ինչ տարբեր է քիմեռից, և ավելի տարբեր են մյուսները, որոնց պիտի հիշենք հետո։
Մեր օրացույցի մեջ դեկտեմբեր ամսվա կենանակերպը ամեն տարի մեզ մի ձևով ներկայացնում է այս վիշապաքաղին կամ վիշապառյուծ քաղին։
Վիշապներից հեռանալու պահին հիշենք մեկ֊երկու ծանոթ ու անծանոթ հրեշախառն կենդանիների ևս, որոնց մասին գրված է Հովսիմիոսի առասպելյալ պատմության մեջ՝ իբրև ամայի տեղերում գտնվող «օձք և վիշապք և պիծակք․․․ հանդիպի քեզ ձորն խեխմորթին, և սինկողին և հիդրայն և շունք երեքգլխեանք»։
Թեպետև ըստ եղած կարծիքի՝ վիշապաքաղը հզորագույնն է երևում, բայց առավել հաճախ կամ ընդհանուրին ծանոթ է թվում եղջերվաքաղը, որ համարվում էր «կենդանի որ յեղջերուէ և ի քաղէ է, կամ կէսն եղջերուի և կէս քաղի» կամ քոշի, ինչպես գրում է «Սահմանաց գրքի» մեկնիչը և ավելացնում․ «Բայց ոչ է»։ Խոսքում այս բառը սովորաբար նշանակում է չեղած և չլինելու, անհեթեթ երևակայական մի բան, որի փոխարեն արևմտյանները ասում են <i>քիմեռ, քիմեռական</i> (Chimere, Chimerique), բայց իրենց լեզվով նույն մեր բառն էլ ունեն՝ հունարեն ФсбгЭлбцпт, Tragelaphus, միայն թե կենդանիների անունները հակաշար են։ Այս անունը նրանք Ս․ գրքի մեջ (Երկրորդ Օրինաց, ԺԴ, 5) գրում են այնտեղ, որտեղ մեր թարգմանության մեջ մեկ֊երկու ավելի անուն կա, և հավանաբար այս <i>եղջերվաքաղ</i>֊ի փոխարեն մերոնց դրածն է <i>խարբուզ</i>֊ը, որը, ըստ պարսկերեն բառի, թարգմանվում է «իշայծյամ»։ Չգիտեմ ինչ ավանդությամբ մեր մի նոր բանասեր եղջերվաքաղերին համարում է հայկական դիցուհիներին հետևող ու սպասավոր, ինչպես նաժիշտները։
=Ծանոթագրություններ=
<references/>