Changes
/* Հրեշներ */
Ամենայն սնոտի հավատների մի գլխավոր պատճառը, ինչպես տեսանք սկզբում, վախն էր, որը առավելագույնս է ազդել հրեշներին վերաբերող հավատալիքի վրա։ Այսինքն՝ հրեշներն ընդհանրապես ահարկու և վնասակար բաներ են․ միայն մարդակերպների մեջ կան բարերար և բարեբարո կարծվածներ, որոնց կհիշենք պարզ, ոչ բանական հրեշների մաիսն խոսելուց հետո։
Ինչպես պաշտելի կենդանիների մեջ նախ հիշվեց օձը, այդպես էլ հրեշների կարգում օձն ու վիշապն են առաջնություն ցույց տալիս։ Մի՞թե պատճառը դրախտի օձի, սատանայի և Եվայի մասին հեռավոր հիշատակումներն են, որոնք կան ազգերից շատերի հնագույն ավանդությունների մեջ։ Գուցե այս թեթև կարծիքին թեթև մի կշիռ էլ տա <i>վիրագ</i>֊ը, որ սովորաբար նշանակում է «կատաղի ու անճոռնի (գազան)»։ Բայց երբեմն գոյականաբար էլ մի գազանակերպ էակ է կարծել տալիս։ Եթե անունը լիներ զուտ հայկական, կկարողանայինք քննել, թե <i>վիշ֊ապ</i>֊ի պես <i>վիր֊ագ</i>֊ն էլ մի բարդություն չէ՞ր լինի՝ <i>վիր</i>֊ը համարելով <i>վիհ</i>, քանզի սա գրվում է նաև <i>վիրհ</i>։ Բայց օտար լեզուներից հների մեջ ևս կա այսպիսի անուն ու մերձավոր իմաստ։ Ինչպես մեր, այնպես էլ հնդիկների լեզվում <i>ուրակ</i> նշանակում է «մեծ, անճոռնի օձ»։ Հռոմեացիները <i>ուրագ</i> (Uragus) էին կոչում իրենց դժոխքի չաստված Պլուտոնին՝ թերևս <i>այրել</i> (urere) բառի իմաստով։ Դարձյալ՝ <i>վիրագ</i> (Virago) էին կոչում վիթխարի<rafref>Երբ գրիչս այս բառը գրում էր, միտքս դրդեց, թե արդյոք <i>վիթխարի</i> բառն էլ մի հրեշ չէր նշանակում առասպելված ու բաղդրված <i>վիթ</i> ու <i>խար</i> կենդանիներից, որ այծյամն ու էշն են։</rafref> այրասիրտ կնոջը, իսկ կույսին, ընդհակառակը՝ <i>վիրգո</i> (Virgo)։ Ըստ հնդիկների էլ՝ <i>վիրաճա</i> նշանակում է թե՛ կույս, թե՛ առաջին կույսը (Եվա)։ Նրանք իրենց դյուցազնական ու մեծ զորությունն էլ կոչում են <i>վիրա</i>։ Ըստ այժմյան լեզվագետների՝ մեր նախնի հայոց և հնդիկների լեզուները քույրեր են, կրոնական շատ իմաստներ էլ՝ իրար համաձայն, ուստի ընդունում ենք, որ <i>վիրագ</i> նշանակում է «վիշապ»։
Այս մեծ սողունին հիշեցինք պաշտված բնական կենդանիների կարգում։ Առավել ևս պաշտելի կամ խորշելի էր հրեշ վիշապը, որ սնահավատ հայերի մտքում ու աչքում, ըստ Եզնիկի, թվում էր «կեղծս ի կեղծս լինել», այսինքն՝ երբեմն մարդկակերպ էր հայտնվում, երբեմն՝ օձաձև։ Երբեմն հայտնվում էր երկրի վրա, երբեմն էլ թևավորվելով բարձրանում էր օդ և թերևս այն մրրկելով՝ առաջ էր բերում վերոհիշյալ վիշապ հանելը։ Ցամաքի վրա էլ էր մեծ վնաս հասցնում՝ հափշտակելով արտերի բերքն ու հունձքը և իր պես թվացյալ գրաստներին շալակել տալով՝ աներևութացնում էր։ Վախկոտ մշակներն էլ նրանց վախեցնելու համար գոռնում էին՝ բռնի՛ր, որոնց ծաղրելով՝ Եզնիկը ասում է․ «Վիշապն՝ որ ինքն գրաստ է, այնու զի անասուն և անխպսուն է, զիա՞րդ որ ինքն գրաստ է՝ զայլ գրաստ վարիցէ․․․ ի զուր է Կա՛լ, կա՛լ ասել ումեք ի կալս, և ոչ Ա՛ռ, ա՛ռ»։