Changes

Մանոն Լեսկո

Ավելացվել է 89 147 բայտ, 17:34, 7 Հունվարի 2015
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:Արձակ]]
 
{{Անավարտ}}
= Հեղինակի նախաբանը =
Ինձ մնում էր միայն գնալ բռնի ուժի ճանապարհով, որի ծրագիրն ուրվագծել էր պարոն դը Տ․-ն։ Իմ ամբողջ հույսը դա էր։
 
— Չափազանց անորոշ ու կասկածելի է այդ ուղին,— ասացի ես պարոն դը Տ.-ին,— սակայն ամենահաստատ և ամենամխիթարական հույսն ինձ համար՝ պայքարում կործանվելն է։
 
Ես հեռացա պարոն դը Տ․-ից, խնդրելով, որ նա իր բարեմաղթություններով նպաստի իմ հաջողությանը։
 
Սկսեցի մտածել միայն այն մասին, թե որտեղի՞ց ընկերներ գտնեմ, որոնց կարողանայի գեթ մի կայծ ներշնչել իմ անվեհերությունից ու վճռականությունից։ Ամենից առաջ իմ մտքով անցավ հենց այն գվարդիականը, որին հանձնարարհլ էի ձերբակալել Գ․ Մ.-ին։ Ի դեպ, ես մտադիր էի նրա մոտ անցկացնել և գիշերը, որովհետև օրվա ընթացքում բնավ ազատ ժամանակ չէի ունեցել բնակարան ճարելու մասին մտածել։ Ես նրան գտա տանը միայնակ։ Նա իր ուրախությունը հայտնեց Շաթելեից ազատվելուս առթիվ և ամենայն սիրալիրությամբ առաջարկեց ինձ իր ծառայությունը։ Ես նրան բացատրեցի, թե ինչպիսի ծառայություն պետք է ինձ մատուցի։ Նա բավական բանիմաց մարդ էր, որպեսզի իսկույն գլխի ընկներ այդ ձեռնարկության դժվարությունների մասին։ Սակայն նա նույնպես բավական մեծահոգի էր որպեսզի համաձայներ ձեռնարկել հաղթահարելու այդ դժվարությունները։
 
Գիշերվա մի մասն անցկացրինք խորհելով ու կշռադատելով իմ ծրագիրը։ Նա ինձ հետ խոսեց այն երեք գվարդիական զինվորների մասին, ներկայացնելով նրանց իբրև փորձված կտրիճների, որոնք օգնել էին նրան Գ․ Մ․-ի ձերբակալության միջոցին։ Պարոն դը Տ.-ն ինձ ճշտիվ տեղեկացրել էր Մանոնին ուղեկցող պահակների թվի մասիս, որոնք ընդամենը վեց հոգի էին։ Հինգ խիզախ ու վճռական մարդիկ բավական էին երկյուղ ազդելու այդ թշվառականներին, որոնք անընդունակ են ազնվաբար պաշտպանելու իրեն, երբ կարող են ստոր վախկոտությամբ խուսափել կռվի վտանգներից։
 
Քանի որ դրամի պակասություն չունեի, գվարդիականն ինձ խորհուրդ տվեց ոչինչ չխնայել մեր հարձակման հաջողությունն ապահովելու համար։
 
— Մեզ հարկավոր են,— ասաց նա,— ձիեր, ատրճանակներ և ամեն մեկիս մի-մի մուշկետ։ Ես հանձն եմ առնում այդ բոլորը պատրաստել վաղվա համար։ Բացի այդ, անհրաժեշտ է երեք ձեռք քաղաքացիական հագուստ մեր զինվորների համար, որովհետև նրանք չեն համարձակվի այս կարգի գործում երևալ զորագնդի համազգեստով։
 
Պարոն դը Տ․-ից ստացած հարյուր պիստոլը ես տվեցի նրան։ Հաջորդ օրն այդ բոլոր դրամը մինչև վերջին սուն ծախսվեց։ Երեք զինվորներին զորադետի հրավիրեցի ու մեծամեծ խոստումներով ոգևորեցի. և որպեսզի նրանց անվստահությունը փարատեմ, ամենից առաջ նրանց նվիրեցի տաս-տաս պիստոլ։
 
Երբ հասավ ծրագիրն իրագործելու օրը, վաղ առավոտյան զինվորներից մեկին ուղարկեցի արգելատուն, անձամբ իմանալու, թե պահակները երբ պիտի ճանապարհ ընկնեն իրենց զոհերի հետ։ Թեպետ ես մտատանջությունից ու նախատեսությունից դրդված դիմել էի այս զգուշությանը, այնուամենայնիվ, պարզվեց, որ դա միանգամայն անհրաժեշտ էր։ Ես հավատ էի ընծայել այն մի քանի սխալ տեղեկանքներին, որ ինձ տվել էին նրանց երկաթուղու վերաբերյալ և, համոզված լինելով, որ այն ողորմելի խմբակը Լա-Ռոշելում նավ պիտի նստեցնեն, ես իզուր նրանց պիտի սպասեի Օռլեանի ճանապարհին։ Այնինչ, գվարդիական զինվորի ձեռք բերած տեղեկությունից իմացա, որ խմբակը Նորմանդիայի ճանապարհը պիտի բռնի և Հավր-դե-Կրասում նավ նստի Ամերիկա մեկնելու համար։
 
Մենք անմիջապես ուղղվեցինք դեպի Սեն-Օնորեի դռները• զգուշության համար ցրվեցինք և գնացինք տարբեր փողոցներով, իսկ քաղաքի արվարձանի ծայրում վերստին միացանք։ Կայտառ ու ժիր առաջ էին ընթանում մեր ձիերը։ Շուտով երևացին վեց պահակներն ու այն երկու խղճուկ սայլակները, որոնց դուք պատահեցիք Պասսիում սրանից երկու տարի առաջ։ Սույն տեսարանը քիչ մնաց ինձ զրկեր ուժից ու գիտակցությունից։ «Օ՜, ճակատագիր,— բացականչեցի ես,— դաժան ճակատագիր, գեթ այժմ ինձ շնորհիր մահ կամ հաղթանակ»։
 
Մի րոպե մենք խորհրդակցեցինք հարձակման եղանակի մասին։ Հազիվ միայն չորս հարյուր քայլի վրա պահակները գնում էին մեր առաջից, և մենք կկարողանայինք կտրել նրա ճանապարհը, սրնթաց անցնելով մի փոքրիկ դաշտի լայնքով, որի շուրջը պտտվում էր մեծ ճամփան։ Գվարդիականը համամիտ էր հենց այս եղանակին, որպեսզի անսպասելիորեն հարձակվելով պահակների վրա, հանկարծակիի բերենք նրանց։ Ես իմ համաձայնությունը տվի նրա ծրագրին և առաջինը ինքս խթանեցի ձիս։ Սակայն ճակատագիրն անողորմաբար մերժեց իմ աղերսանքները։
 
Երբ պահակները տեսան, թե ինչպես են հինգ ձիավորներ իրենց վրա սլանում, բնավ չկասկածեցին, որ դա հարձակման նպատակով է։ Նրանք վճռական կերպով պատրաստվեցին պաշտպանության՝ սվիններն ու հրացանները ձեռներին։
 
Կռվի այս պատրաստակամությունը, որ միանգամայն ոգևորեց ինձ ու գվարդիականին, հանկարծ արիությունից զրկեց մեր երեք վախկոտ ընկերներին։ Նրանք երեքն էլ միաժամանակ կանգ առան, ասես նախապես արված համաձայնությամբ և, միմյանց հետ փոխանակելով մի քանի խոսք, որ ես չկարողացա լսել, ձիերի գլուխները շրջեցին և սրարշավ ընթացան Փարիզի ուղղությամբ։
 
— Աստվա՜ծ իմ,— բացականչեց գվարդիականը, որը կարծես ինձնից պակաս շփոթված չէր այս խայտառակ փախուստից,— ի՞նչ ենք անելու հիմա, միայն երկուսս մնացինք։
 
Զայրույթից ու զարմանքից ես կորցրի ձայնս։ Կանգ առա՝ չիմանալով անելիքս և մտածելով, թե արդյոք չպե՞տք է իմ վրեժխնդրությունն առաջին հերթին ուղղել այն վախկոտների դեմ, որոնք լքում էին ինձ։ Ես դիտում էի նրանց փախուստը և մյուս կողմից հայացքս ուղղում դեպի պահակները։ Եթե կարողանայի երկու կտոր լինել, ապա միաժամանակ կհարձակվեի իմ ցասման այս երկու առարկաների վրա, որոնց խժռում էի աչքերովս։
 
Գվարդիականը, որը անվճռականությանս մասին դատում էր իմ շվարած ու թափառուն հայացքից, խնդրեց ինձ ունկնդրել իր խորհրդին։
 
— Անմտություն է,— ասաց նա,— երկուսով հարձակվել վեց մարդու վրա, որոնք մեզնից վատ չեն զինված և, ըստ երևույթին, պատրաստ են անվեհերությամբ դիմադրելու։ Պետք է Փարիզ վերադառնալ և ջանալ ավելի արիասիրտ ընկերներ ընտրել։ Պահակներն իրենց երկու ծանր սայլակներով չեն կարող մեծ տարածություն կտրել, և մենք վաղը առանց դժվարության կհասնենք նրանց։
 
Մի րոպե ես միտք արի այս առաջարկության վրա, սակայն ամեն կողմից միայն հուսահատության պատճառներ տեսնելով, իրոք հուսահատական մի որոշում կայացրի, այն է՝ շնորհակալություն, հայտնել իմ հավատարիմ ընկերոջը իր ծառայության համար, և թողնելով պահակների վրա հարձակվելու միտքը, որոշեցի գնալ նրանցից խոնարհաբար խնգրել՝ ինձ իրենց խմբակում ընդունել և թույլ տալ Մանոնին մինչև Հավր-դե-Կրաս ուղեկցելու ու այնտեղից նրա հետ գնալու անդրօվկիանոսյան երկիրը։
 
― Բոլորն ինձ հալածում են կամ դավաճանում,— ասացի գվարդիականին.— այլևս ոչ մի հիմք չունեմ հավատ ընծայելու որևէ մեկին, ես ոչինչ չեմ սպասում ո՛չ ճակատագրից ո՛չ էլ մարդկանց օգնությունից. իմ տանջանքների բաժակը լցվել է, ինձ մնում է միայն համակերպվել իմ վիճակին․ ուստի և այլևս ոչ մի հույս չունեմ։ Թող երկինքը վարձատրի ձեր մեծահոգությունը։ Մնաք բարով։ Ես գնում եմ օգնելու իմ չար բախտին՝ ավարտել իմ կործանումը, հոժարակամ ընդառաջելով նրան։
 
Նա ապարդյուն ջանաց համոզել ինձ Փարիզ վերադառնալու։ Ես նրան խնդրեցի թույլ տալ ինձ հետևել իմ որոշումներին և շուտով հեռանալ ինձնից, որովհետև վախենում էի, թե պահակները կարող են կարծել, որ մենք տակավին մտադիր ենք հարձակվել իրենց վրա։
 
Ես շարժվեցի նրանց կողմը, մեն-մենակ, դանդաղ ձիս քշելով և այնպիսի մի ընկճված դեմքով, որ իմ մոտեցումը ու մի ահ կամ կասկած չէր կարող ներշնչել նրանց։ Այնուամենայնիվ, նրանք իրենց պաշտպանողական դիրքը պահեցին։
 
― Հանգստացեք, պարոններ,— ասացի մոտենալով նրանց,— ես մտադիր չեմ ձեզ վրա հարձակվելու. գալիս եմ ձեզնից մի շնորհ հայցելու։ Ես խնդրեցի նրանց առանց կասկածանքի շարունակել իրենց ճամփան և ճանապարհին հայտնեցի, թե ինչպիսի շնորհ եմ սպասում նրանցից։
 
Նրանք խորհրդակցեցին միմյանց հետ, որոշելու համար, թե ինչպես պիտի ընդունեն իմ առաջարկությունը։ Խմբի ավագը բոլորի անունից խոսեց ինձ հետ։ Նա ասաց, որ թեպետ իրենց շատ խստիվ հրամայված է աչալուրջ հսկել կալանավորներին, այնուհանդերձ, նա ինձ համարում է գեղեցկադեմ ու դուրեկան մի երիտասարդ և դրա համար էլ ինքը և իր ընկերները պատրաստ են փոքր-ինչ շեղվել իրենց պարտականությունից․ սակայն ես պիտի հասկանամ, որ սա ինձ բոլորովին ձրի չի տրվում։ Իմ քսակում մնացել էր մոտավորապես տասնհինգ պիստոլ. ես անկեղծորեն ասացի նրանց, թե որքան է իմ ամբողջ կարողությունը։
 
— Լավ,— պատասխանեց պահակը,— մենք բարեխղճորեն կօգտագործենք ձեր կարողությունը։ Մի ժամվա զրույցն այս աղջիկներից յուրաքանչյուրի հետ, ըստ ձեր ընտրության, կարժենա մի էկյու. սա Փարիզի սովորական գինն է։
 
Ես նրանց հետ դիտմամբ չէի խոսել Մանոնի մասին, որովհետև չէի կամենում, որ նրանք իմանան իմ սիրո մասին։ Նրանք նախ կարծել էին, թե իմ ցանկությունը սոսկ երիտասարդ մի տղամարդու քմահաճույք է, որը դրդում է ինձ զվարճալի ժամանց փնտրել այս կարգի աղջիկների հետ․ սակայն հենց որ գլխի ընկան իմ սիրո մասին, այն աստիճան իրենց մատուցած ծառայության գինը բարձրացրին, որ երբ մենք դուրս եկանք Մանտ քաղաքից, ուր գիշերել էինք Պասսի հասնելուց առաջ, իմ քսակն արդեն դա տարկվել էր։
 
Պատմե՞մ արդյոք ճանապարհին Մանոնի հետ ունեցած իմ տխուր զրույցի կամ այն տպավորության մասին, որ թողեց նրա կերպարանքը, երբ ես պահակներից թույլտվություն ստացա նրա սայլակին մոտենալու։
 
Օ՜հ, խոսքերը չնչին չափով միայն կարող են արտահայտել սրտի զգացումները։ Երևակայեցեք իմ խեղճ սիրուհուն մեջքից շղթայված, նստած մի կապ ծղոտի վրա, գլուխը հոգետանջ հենած սայլակի կողքին, երեսը գունատ ու ողողված արցունքների վտակներով, որոնք հոսում էին նրա արտևանունքների արանքից, թեև աչքերը շարունակ փակ էին։ Մինչև իսկ հետաքրքրությունը չէր ստիպել նրան բանալու աչքերը, երբ լսել էր հարձակումից երկյուղած պահակների աղմկալի պատրաստությունները։ Նրա սպիտակեղենը կեղտոտ էր ու անկանոն։ Նրբակերտ ձեռները ենթարկվել էին արևի և քամու ներգործությանը․ մի խոսքով՝ նրա ամբողջ հրաշագեղ կերպարանքը, դեմքը, որը կարող էր պաշտամունքի առարկա լինել համայն աշխարհի համար, իրենից ներկայացնում էր անկարգության ու լքվածության մի անասելի տեսարան։
 
Մի քանի րոպե ես նայեցի նրան, համրաքայլ ընթանալով նրա սայլակի կողքով։ Ես այն աստիճան կորցրել էի ինձ, որ քանիցս քիչ մնաց վայր ընկնեի ձիուց։ Իմ հառաչանքներն ու անվերջ բացականչություններն, ի վերջո, գրավեցին նրա ուշադրությունը, և նա նայեց իմ կողմը։ Նա իսկույն ճանաչեց ինձ, և ես նկատեցի, որ նրա առաջին շարժումը եղավ փորձել դուրս գալ սայլակից ու դեպի ինձ նետվել, սակայն շղթայից կաշկանդված՝ ետ ընկավ իր նախկին տեղը։
 
Ես խնդրեցի պահակներին կարեկցել և գեթ մի րոպե կանգ առնել․ ագահությունից դրդված նրանք համաձայնեցին։ Ես ձիուց իջա և նստեցի Մանոնի կողքին։ Նա այն աստիճան նվաղած էր և ուժասպառ, որ երկար ժամանակ չկարողացավ ո՛չ խոսել, ո՛չ էլ շարժվել։ Ես իմ արցունքներով թրջեցի նրա ձեռքերը և որովհետև ինքս նույնպես անընդունակ էի բառ անգամ արտասանելու, ապա մենք երկուսս էլ գտնվում էինք անօրինակ ու աննախընթաց մի տխուր վիճակում։ Պակաս տխուր չէին մեր խոսքերը, երբ ի վիճակի եղանք խոսելու։ Մանոնը քիչ խոսեց․ կարծես ամոթն ու վիշտը աղճատել էին նրա ձայնը՝ այնպես թույլ էր այն ու դողդոջուն։ Նա շնորհակալություն հայտնեց, որ չեմ մոռացել և այժմ ուրախություն եմ պատճառում իրեն,— ավելացրեց նա հառաչանքով,— մի անգամ ևս տեսնելու և վերջին հրաժեշտը տալու։ Սակայն, երբ ես նրան վստահեցրի, որ ոչ մի բան չի կարող ինձ անջատել նրանից և որ ես պատրաստ եմ թեկուզ մինչև աշխարհի ծայրը հետևել նրան, որպեսզի գուրգուրեմ, սպասարկեմ, սիրեմ նրան և առհավետ ու անքակտելիորեն իմ չար բախտը կապեմ նրա բախտի հետ, այս խեղճ աղջիկը համակվեց այնպիսի քնքուշ ու վշտալից զգացումներով, որ ես երկյուղեցի, թե այսքան բուռն հուզումը կարող է վտանգել նրա կյանքր։ Նրա հոգու բոլոր հույզերը կարծես կուտակվել էին աչքերում, որ անթարթ հառել էր երեսիս։ Մի քանի անգամ նա սկսեց խոսել, սակայն ուժ չէր ունենում ասելիքը վերջացնելու։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մի քանի բառ արտասանել, որոնք արտահայտում էին իր սքանչանքը իմ սիրո հանդեսի քնքուշ հանդիմանանք՝ իմ ծայրահեղ սիրո համար, կասկած՝ թե իրոք ինքն այնքան երջանիկ է, որ կարողացել է ինձ այդ աստիճան կատարյալ մի սեր ներշնչել․ այդ խոսքերն արտահայտում էին նաև թախանձանք, որ ես հրաժարվեմ իրեն հետևելու մտադրությունից և մի այլ տեղ որոնեմ ինձ արժանի նոր երջանկություն, որը, ինչպես նա էր ասում, ես չէի կարող ունենալ իր հետ։
 
Հակառակ ամենադաժան ճակատագրի, իմ երանությունը գտնում էի նրա հայացքում և այն վստահության մեջ, որ ունեի նրա սիրո նկատմամբ։ Արդարև, ես կորցրել էի այն ամենը, ինչ սովորական մարդիկ հարգում ու մեծարում են։ Սակայն ես տիրապետում էի Մանոնի սրտին, միակ բարիքը, որ մեծարում էի։ Ինչ հոգ, թե որտեղ ապրել․ Եվրոպայում թե Ամերիկայում, եթե ես վստահ եմ իմ երջանկության վրա՝ սիրուհուս հետ ապրելով։ Մի՞թե ողջ աշխարհը երկու հավատարիմ սիրեկանների հայրենիքր չէ՞։ Մի՞թե նրանք միմյանց մեջ չեն տեսնում իրենց հորն ու մորը, ազգականներին ու բարեկամներին, հարստությունն ու երանությունը։
 
Եթե կար մի հանգամանք, որ անհանգստություն էր պատճառում ինձ, դա Մանոնին զրկանքի մեջ տեսնելու վախն էր։ Ես արդեն ինձ երևակայում էի նրա հետ մի անմշակ երկրում, ուր վայրենիներ են ապրում։
 
— Հավատացած եմ,— ասում էի ինքս ինձ,— որ նրանց մեջ չկա գեթ մեկն այնքան անողորմ, որքան անողորմ են Գ․ Մ.-ն և իմ հայրը։ Նրանք գոնե մեզ թույլ կտան խաղաղ ապրելու։ Եթե նրանց մասին լսած պատմություններս ճիշտ են, ապա նրանք ապրում են բնության օրենքների համաձայն։ Նրանց անհայտ է թեագահության մոլուցքը, որը տիրում է Գ. Մ.-ին և թե՛ պատվի խելացնոր դաղափարը, որն ինձ դարձրեց հորս թշնամին։ Այդ վայրենիները չեն վրդովի երկու սիրեկանների, որոնք նույնպիսի պարզ կյանք պիտի վարեն, ինչպիսին իրենք են վարում։ Ուստի այս կողմից ես հանգիստ էի։
 
Սակայն ես խաբուսիկ երազանքներով չէի տարվում կենցաղային ամենօրյա կարիքների հանդեպ։ Ես բազմիցս զգացել էի, որ պահանջներ կան, որոնց չբավարարելն անտանելի է, առանձնապես մի քնքուշ աղջկա համար, որը վարժվել է հարմարությունների ու փարթամ կյանքի։ Հուսահատությունը պատում էր ինձ, քանի որ ես զուր տեղը վատնել էի քսակումս եղած դրամը, իսկ այն աննշան գումարը, որը տակավին մնացել էր մոտս, շուտով ինձնից պիտի հափշտակվեր անզգամ պահակների կողմից։ Ես կշռադատում էի, որ մի փոքրիկ գումարով ի վիճակի կլինեմ Ամերիկայում, ուր դրամը հազվագյուտ է, ոչ միայն միառժամանակ հոգալ մեր ամենաանհրաժեշտ և ամենաանհետաձգելի կարիքները, այլ նույնիսկ ձեռնարկել որևէ գործ՝ կայուն բնակություն հաստատելու համար։
 
Այս խորհրդածությունն ինձ մի միտք ներշնչեց, այն է՝ նամակ գրել Տիբերժին, որբ միշտ և անհապաղ իր բարեկամական օգնության ձեռքն էր կարկառել ինձ։ Ես նրան գրեցի մեր անցած առաջին իսկ քաղաքից։ Իմ խնդիրքը հիմնավորելու համար, ես այլ պատճառների չդիմեցի, քան այն ծայրահեղ կարիքը, որն, ինչպես կանխատեսում էի, պիտի կրեի Հավր-դե-Կրասում, ուր խոստովանեցի նրան, գնում էի Մանոնին ուղեկցելու։ Ես նրանից հարյուր պիստոլ էի խնդրում։ «Ուղարկեցեք ինձ այդ գումարը Հավր փոստով,— գրում էի ես նրան։— Ինչպես տեսնում եք այս վերջին անգա մն է, որ ձեզ ձանձրացնում եմ իմ դիմումներով և որովհետև դժբախտ-սիրուհիս առհավետ հափշտակվում է ինձնից, ես չեմ կարող թողնել, որ նա հեռանա առանց փոքրիկ օժանդակության, որը փոքր-ինչ կթեթևացնի նրա անբախտ վիճակն ու իմ մահացու խոցերը։
 
Պահակները հենց որ իմացան իմ բուռն սիրո մասին, այն աստիճան ժպիրհ ու անամոթ դարձան, որ շարունակ կրկնապատկելով իրենց ամենաչնչին ծառայությունների արժեքը, շուտով ինձ հասցրին հետին չքավորության։ Մյուս կողմից, սերն ինձ թույլ չէր տալիս խնայելու իմ քսակը։ Առավոտից մինչև երեկո ես մնում էի Մանոնի մոտ, և ժամանակն ինձ համար այլևս հաշվվում էր ոչ թե ժամերով, այլ ամբողջ օրով։ Վերջապես իմ քսակը բոլորովին դատարկվեց, և ես ենթարկվեցի վեց անզգամների քմահաճույքին ու կոպտությանը, անզգամների, որոնք ինձ հետ անհանդուրժելի ամբարտավանությամբ էին վարվում։ Այդ դուք տեսաք Պասսիում։ Ձեր հանդիպումը մի երջանիկ ժամանակավոր հանգիստ էր, որ ինձ շնորհեց ճակատագիրը։ Ձեր կարեկցանքը դեպի տանջանքներս՝ եղավ իմ միակ երաշխիքը ձեր մեծահոգի սրտի առաջ։ Ձեր այնքան առատաձեռնորեն ցույց տրված օգնությունը թույլ տվեց ինձ հասնել Հավր, և պահակներն իրենց խոստումը կատարեցին շատ ավելի մեծ բարեխղճությամբ, քան ես սպասում էի։
 
Մենք ժամանեցինք Հավր։ Ամենից առաջ ես գնացի փոստ։ Տիբերժը տակավին ժամանակ չէր ունեցել պատասխանելու։ Ես տեղեկացա, թե երբ կարող էի ստանալ նրա նամակը․ դա կարող էր ինձ հասնել երկու օրից հետո միայն և իմ չար բախտի տարօրինակ նախասահմանումով այնպես պատահեց, որ մեր նավը պիտի մեկներ հենց նույն օրվա աոավոտը, երբ ես կարող էի ստանալ բարեկամիս նամակը։ Անզոր եմ ձեզ նկարագրելու իմ վհատությունը։
 
— Ի՜նչ,— բացականչեցի ես,— ճակատագիրն ինձ անգթաբար հալածում է մինչև իսկ իմ դժբախտությունների մեջ։
 
Մանոնը պատասխանեց.
 
— Ավա՜ղ, արժե՞ միթե այսպիսի մի դժբախտ կյանքի համար այդքան հոգս ու ցավ կրել։ Մեռնենք հենց Հավրում, իմ սիրելի ասպետ։ Թող մահը միանգամից վերջ դնի մեր տառապանքներին։ Հա՞րկ է մեզ գնալ մի անհայտ երկիր՝ ծանրաբեռնված այս տառապանքներով, մի երկիր, ուր, անկասկած, ծայրահեղ սարսափներ են սպասում մեզ, քանի որ իբրև պատժավայր դա է նշանակված ինձ համար։ Մեռնենք,— կրկնեց նա,— կամ գոնե սպանիր ինձ և ինքդ գնա այլ վիճակ որոնիր մի ավելի երջանիկ սիրուհու բազուկներում։
 
― Ոչ, ոչ,— ասացի ես նրան,— քեզ հետ դժբախտ լինելն ինձ համար նախանձի արժանի մի վիճակ է։
 
Նրա խոսքերն ինձ սարսափեցրին։ Հասկացա, որ նա չափազանց ընկճվել է իր ցավերից։ Ես ջանացի ավելի հանգիստ տեսք ընդունել, որպեսզի վանեմ նրանից մահվան ու վհատության այդ մռայլ մտքերը։ Որոշեցի նույն վարմունքն ունենալ և ապագայում․ հետո արդեն համոզվեցի, որ ոչ մի բան այնքան ի վիճակի չէ կնոջն արիություն ներշնչելու, որքան իր սիրած տղամարդու անվեհերությունը։
 
Կորցնելով Տիբերժից օգնություն ստանալու հույսը, ես ծախեցի ձիս։ Ստացած դրամը, որին ավելացավ նաև ձեր առատաձեռնությունից մնացած դրամը, մի փոքրիկ գումար կազմեց, տասնյոթ պիստոլ։ Դրանցից յոթով ես մի քանի բաներ գնեցի, որոնք անհրաժեշտ էին Մանոնի ամենաանհետաձգելի կարիքները հոգալու համար, իսկ մնացած տասը խնամքով պահեցի, որպես հիմք Ամերիկայում մեր ակնկալած բարեկեցության։ Առանց դժվարության, ինձ տեղ տվեցին նավում։ Այն ժամանակները երիտասարդ տղամարդկանց էին որսում, որոնք պատրաստ լինեին հոժարակամ գաղութ գնալու։ Ճանապարհածախսը և սնունդն ինձ համար ձրի էին։ Հաջորդ օրը փոստը պիտի մեկներ Փարիզ, և ես մի նամակ գրեցի Տիբերժին։ Այդ նամակը հուզիչ ու սրտառուչ էր և, անկասկած, ընդունակ ծայր աստիճան նրա գութը շարժելու, քանի որ այդ դրդեց նրան կայացնելու մի որոշում, որը կարող էր առաջ գալ մի դժբախտ բարեկամի հանդեպ ունեցած անսահման քնքշությունից ու մեծահոգությունից միայն։
 
Նավի առագաստները պարզեցինք։ Քամին մինչև վերջ նպաստում էր մեզ։ Ես նավապետից մի առանձին խուց ստացա Մանոնի և ինձ համար։ Նա այնքան բարի գտնվեց, որ մեզ ուրիշ աչքով էր նայում, քան մեր թշվառ ուղեկիցներին։ Հենց առաջին օրը ես նրան մի կողմ հրավիրեցի, որպեսզի ավելի հարգալիր վերաբերմունք ներշնչեմ դեպի մեզ. նրան պատմեցի իմ դժբախտությունների մի մասը։ Ես մտածեցի, որ ամոթալի սուտ ասած չեմ լինի, եթե նրան հայտնեմ, որ Մանոնը և ես ամուսիններ ենք։ Նա ձևացրեց, թե հավատում է և ինձ շնորհեց իր հովանավորությունը։ Մենք այն վայելեցինք ամբողջ նավարկության ժամանակ։ Նա հոգաց, որ մենք լավ ու բավարար սնունդ ստանանք, և նրա սիրալիր ուշադրությունը դեպի մեզ ստիպեց մեր անբախտության ընկերներին հարգանքով վերաբերվել մեզ։ Ես անդադար հոգ էի տանում, որ Մանոնն ամենաչնչին անհարմարություն անգամ չզգա։ Նա այդ լավ էր նկատում․ տեսնելով այդ ու գիտակցելով, թե ես հանուն նրա սիրո ինչպիսի ծայրահեղ դժբախտության եմ ինձ մատնել, նա անչա՜փ քնքուշ ու գորովալի էր դեպի ինձ, անչափ ուշադիր իմ ամենաաննշան պահանջներին, այնպես որ նրա և իմ միջև առաջացել էր փոխադարձ ծառայությունների ու սիրո հարատև մի մրցակցություն։ Ես բնավ չէի ափսոսում, որ թողել եմ Եվրոպան․ ընդհակառակը, որքան ավելի էինք մոտենում Ամերիկային, այնքան ավելի էի զգում, որ սիրտս թեթևանում է ու հանգստանում։ Եթե ես կարողանայի ապահով լինել, որ այնտեղ ի վիճակի կլինեմ մեր կենսական ամենաանհրաժեշտ պահանջները բավարարելու, ապա իմ շնորհակալությունը պիտի հայտնեի ճակատագրին՝ մեր դժբախտություններին այղքան բարենպաստ ընթացք տված լինելու համար։
 
Երկու ամսվա նավարկությունից հետո վերջապես մոտեցանք ցանկալի ափին։ Առաջին հայացքից երկիրը մեզ անհրապույր թվաց։ Մեր առաջ փռված էին անբերրի ու անբնակ դաշտավայրեր, ուր հազիվ կարելի էր նկատել հատուկենտ բուսած եղեգներ և քամուց մերկացած ծառեր։ Ոչ մի հետք՝ ոչ մ արդու, ոչ անասունների։ Այնուամենայնիվ, երբ նավապետը հրամայեց մի քանի զարկ տալ թնդանոթներից, քիչ անց մենք տեսանք Նոր-Օռլեանի քաղաքացիների մի խումբ, որ ուրախության բուռն նշաններով մեզ էր մոտենում։ Մենք չէինք նկատել քաղաքը․ մի փոքրիկ բլուր ծածկում էր այն մեր աչքերից։ Մեզ ընդունեցին որպես երկնքից առաքված անձերի։
 
Այդ խեղճ բնակիչները փութացին հազար ու մի հարց տեղալ Ֆրանսիայի և այն զանազան գավառների մասին, որտեղ իրենք ծնվել էին։ Նրանք մեզ գրկում էին որպես իրենց եղբայրների և որպես սիրելի ընկերների, որոնք եկել են կիսելու իրենց թշվառությունն ու մենակությունը։ Մենք նրանց հետ բռնեցինք քաղաքի ճանապարհը, սակայն երբ մոտեցանք դրան, զարմանքով տեսանք, որ այն, ինչը մեղ գովել էին իբրև բարեկեցիկ քաղաք, ոչ այլ ինչ է, եթե ոչ մի քանի անշուք խրճիթների հավաքույթ։ Դրանց մեջ բնակվում էին հինգ թե վեց հարյուր մարդ։ Նահանգապետի տունը մյուսներից փոքր-ինչ աչքի էր ընկնում իր բարձրությամբ ու դիրքով։ Մի քանի հողաշեն ամրություններ, որոնց շուրջը մի լայն փոս էր ձգվել, պաշտպանում էին այդ տունը։ Մեզ ամենից առաջ ներկայացրին նահանգապետին։ Նա երկար ժամանակ առանձին խոսեց նավապետի հետ և, վերադառնալով դեպի մեզ, մեկը մյուսի հետևից նայեց բոլոր աղջիկներին, որոնք եկել էին նավով։ Դրանք երեսուն հոգի էին, որովհետև Հավրում մենք հանդիպել էինք մի ուրիշ խմբի, որը միացավ մեզ։ Նրանց երկար քննելուց հետո նահանգապետը հրամայեց, որ կանչեն քաղաքի երիտասարդներին, որոնք սիրատոչոր՝ կանայք էին սպասում իրենց համար։ Ամենագեղեցիկները նա տվեց գաղութի ավազներին, իսկ մնացածներին վիճակով բաժանեց։ Նա դեռևս չէր խոսել Մանոնի հետ, սակայն մյուսներին հրամայելով հեռանալ, Մանոնին և ինձ խնդրեց մնալ իր մոտ։
 
— Ես նավապետից իմացա, որ դուք ամուսիններ եք,— ասաց նա,— նա ճանապարհին համոզվել է, որ դուք ողջամիտ ու պատվավոր մարդիկ եք։ Ես չեմ ուզում քննել ձեր դժբախտության պատճառները, սակայն, եթե հիրավի դուք այդքան արժանիք ունեք, որքան վկայում է ձեր դեմքը, ես ոչ մի բան չեմ խնայի, որպեսզի թեթևացնեմ ձեր վիճակը, իսկ դուք ձեր կողմից կաշխատեք փոքր-ինչ զվարճացնել ինձ այս վայրենի ու ամայի վայրում։
 
Ես նրան պատասխանեցի այնպիսի խոսքերով, որոնք, ինձ թվում է, ընդունակ էին ամրացնել նրա մեր մասին կազմած կարծիքը։ Նա կարգադրություն արեց, որ քաղաքում մեզ բնակարան հատկացն են և իր մոտ ընթրիքի հրավիրեց։ Որպես դժբախտ վտարանդիների պետ, նա չափազանց սիրալիր ու քաղաքավարի էր։ Ընթրիքի ժամանակ ուրիշների ներկայությամբ հարցուփորձ չարեց մեր արկածների մասին։ Խոսակցությունն ընդհանուր բնույթ ունեցավ և, չնայած մեր տրտմության ու տխուր վիճակին, Մանոնն ու ես ջանացինք այն ավելի հաճելի դարձնել։
 
Երեկոյան նա հրամայեց, որ մեզ առաջնորդեն մեզ համար պատրաստված բնակարանը։ Դա մի ողորմելի խրճիթ էր՝ տախտակամած ու ցեխածեփ, բաղկացած երկու թե երեք գետնափոր սենյակներից, վերևում՝ ձեղնահարկով։ Նահանգապետը կարգադրել էր այնտեղ բերել վեց աթոռ և մի քանի ուրիշ հարմարություններ։
 
Մանոնը կարծես սարսափեց, տեսնելով այս խղճուկ բնակարանը։ Նա վշտանում էր ավելի շուտ ինձ, քան իր համար։ Երբ մենք մենակ մնացինք, նա նստեց և սկսեց դառն արտասվել։ Ես նախ փորձեցի մխիթարել նրան, սակայն երբ նա ասաց, որ միայն ինձ համար է մորմոքում, և մեր ընդհանուր դժբախտությունների մեջ նրան հուզում են լոկ իմ կրելիք տանջանքները, ապա ես արիասիրտ ու մինչև իսկ ուրախ ձևացրի ինձ, որպեսզի նույն արիությունն ու ուրախությունը ներշնչեմ և նրան։
 
― Ինչի՞ մասին պիտի ցավեմ,— ասացի նրան,— ես ունեմ այն բոլորը, ինչ ցանկանում եմ։ Ղու ինձ սիրում ես, այնպես չէ՞։ Ուրիշ էլ ինչ երջանկություն եմ տենչացել երբևէ։ Երկնքին թողնենք մեր բախտի ընթացքը։ Դա բոլորովին հուսահատական չի թվում ինձ։ Նահանգապետը քաղաքավարի մարդ է․ նա սիրալիր ուշադրություն ցույց տվեց մեր նկատմամբ, նա չի հանդուրժի, որ մենք զրկանքներ կրենք։ Իսկ ինչ վերաբերում է մեր խրճիթի ողորմելիությունն ու կահկարասիի կոպտությանը, դու ինքդ կարողացար նկատել, թե որքան քիչ մարդիկ այստեղ մեզ պես լավ բնակարան ու հարմարություններ ունեն. իսկ բացի դրանից՝ դու հրաշալի ալքիմիկոս ես,— ավելացրի ես, նրան գրկելով,— դու ամեն ինչ ոսկու ես վերածում։
 
― Այդ դեպքում դու աշխարհի ամենահարուստ մարդը կլինես,— պատասխանեց նա,— որովհետև, եթե մինչև այժմ քո սիրո նմանը չի եղել, ապա նույնպես անհնար է, որ երբևէ որևէ մեկը այնքան քնքշորեն սիրված լինի, որքան դու։ Ես միանգամայն արդարացիորեն զգում եմ,— շարունակեց նա,— որ երբեք չեմ արժանացել այն արտասովոր սիրուն, որը դու տածում ես դեպի ինձ։ Ես քեզ այնպիսի տառապանքներ պատճառեցի, որ դու կարողացել ես ներել միայն շնորհիվ քո անսահման բարության։ Ես թեթևամիտ եղա ու դյուրաթեք իմ վարքում, և քեզ միշտ խելահեղորեն սիրելով հանղերձ, ապերախտ գտնվեցի քո նկատմամբ։ Սակայն դու չես կարող հավատալ, թե որքան փոխվել եմ ես։ Արցունքները, որ ես այնքան հաճախ թափել եմ Ֆրանսիայից մեկնելուց ի վեր, ոչ մի անգամ չեն բխել իմ սեփական տառապանքներից։ Ես դադարեցի դրանք զգալուց, հենց որ դու սկսեցիր մասնակից լինել իմ տանջանքներին։ Ես արտասվել եմ միայն դեպի քեզ զգացած քնքշություններից և կարեկցանքից։ Ես ոչ մի կերպ չեմ կարող սփոփել ինձ, որ իմ կյանքում թեկուզ մի րոպե վշտացրել եմ քեզ։ Ես անդադար հանդիմանում եմ ինձ իմ անկայունության համար և անդադար սքանչանում, թե սերը դեպի մի անբախտ արարած ի՞նչ զորություն է ներշնչել քեզ, մի արարած, որը արժանի չէ դրան և որն անզոր է իր ամբողջ արյունով անգամ հատուցելու,— ավելացրեց նա հորդառատ արցունքներ թափելով,— կեսն այն տառապանքների, որ նա պատճառել է քեզ։
 
Նրա արցունքները, խոսքերը և արտահայտության եղանակն այնպիսի մի զարմանալի տպավորություն գործեցին ինձ վրա, որ թվաց, թե հոգիս երկատվում է։
 
— Զգույշ կաց,— ասացի ես նրան,— զգույշ կաց, սիրելի Մանոն․ ես բավականաչափ ուժ չունեմ՝ տանելու քո սիրո այդ ջերմ արտահայտությունը․ ես բնավ սովոր չեմ ուրախության այդպիսի բուռն զեղման։ Օ՜, աստված,— բացականչեցի ես,— այլևս ոչինչ չեմ աղերսում քեզնից։ Եվ վստահ եմ Մանոնի սրտի վրա, դա հենց այնպիսին է, որպիսին ես տենչում էի՝ երջանիկ լինելու համար, և հիմա ես միանգամայն երջանիկ եմ առհավետ։ Իմ երջանկությունը գտնված է։
 
— Հիրավի, քո երջանկությունը գտնված է,— ասաց Մանոնը,— եթե դու այդ կապում ես ինձ հետ․ ես էլ լավ գիտեմ, թե մշտապես ուր կարող եմ գտնել իմ սեփական երջանկությունը։
 
Ես պառկեցի քնելու, տոգորված այս քաղցր խոհերով, որոնք իմ խրճիթը վերածեցին մի պալատի՝ արժանի աշխարհի առաջին թագավորին։ Այնուհետև Ամերիկան ինձ թվաց վայելքների մի վայր։ «Պետք է Նոր-Օռլեան գալ,— հաճախ ասում էի Մանոնին,— եթե ուզում ես ճաշակել սիրո իսկական քաղցրությունը։ Այստեղ մարդ կարող է սիրել առանց շահախնդրության, առանց խանդի և հարատևորեն։ Մեր հայրենակիցները գալիս են այստեղ ոսկի փնտրելու։ Նրանք չեն էլ պատկերացնում, որ մենք այստեղ գտել ենք ոսկուց շատ ավելի թանկարժեք գանձեր»։
 
Մենք փութաջան եռանդով բարեկամական հարաբերություն էինք պահպանում նահանգապետի հետ։ Նա այնքան բարի գտնվեց, որ մեր ժամանումից մի քանի շաբաթ անց բերդում մի համեստ պաշտոն տվեց ինձ։ Թեև այդ պաշտոնն ինքնին բավականին աննշան էր, այնուամենայնիվ, ես այն ընդունեցի իբրև երկնային մի շնորհ։ Դա ինձ թույլ էր տալիս ապրել առանց ուրիշին բեռ լինելու։ Ես մի սպասավոր վարձեցի ինձ և մի աղախին՝ Մանոնի համար։ Մեր տնային մանր-մունր գործերը հարթվեցին, և կյանքը կանոնավորվեց։ Ինքս համեստ ու չափավոր կյանք էի վարում, նույնը և Մանոնը։ Մենք ոչ մի առիթ բաց չէինք թողնում մեր հարևաններին ծառայություն մատուցելու և բարիք անելու։ Իմ պաշտոնական դիրքի և մեր քաղցրաբարո վարվեցողության շնորհիվ մենք ձեռք բերեցինք ամբողջ գաղութի վստահությունն ու սերը։ Կարճ միջոցում մենք այն աստիճան աչքի ընկանք, որ նահանգապետից հետո առաջին դեմքերն էինք քաղաքում։
 
Մեր անմեղ զբաղումները և այն անդորր կյանքը, որում ապրում էինք հարատև, անզգալիորեն մեր մեջ վերականգնեցին կրոնի գաղափարը։ Մանոնը երբեք չէր դադարել բարեպաշտ լինելուց, նույնպես և ես նման չէի այն մոլի ազատախոհներին, որոնք փառք են համարում զուգորդել անկրոնությունն իրենց բարքերի ապականության հետ։ Մեր անկարգությունների պատճառը եղել է սերն ու երիտասարդությունը։ Կյանքի տարիների փոխարեն մենք փորձառություն ունեինք․ դա մեզ տվեց այն, ինչ կարող էին միայն տալ երկար տարիները։ Մեր խորիմաստ զրույցներն աննկատելիորեն մեզ դրդեցին առաքինի ու օրինավոր սեր տենչալու։ Առաջինը ես Մանոնին առաջարկեցի օրենքով սրբագործել մեր սերը։ Ինձ հայտնի էին նրա սրտի նվիրական տենչերը։ Նա անկեղծ ու բնական էր իր զգացումների արտահայտության մեջ, մի հատկություն, որը մարդուն միշտ դեպի առաքինություն է տրամադրում։ Ես նրան հասկացրի, որ մեր երջանկության համար մի բան պակասում է։
 
— Դա երկնքի հավանությունն է,— ասացի ես նրան։― Մեր հոգիները չափազանց հրաշալի են և սրտերը գերազանցորեն բարեմիտ, որպեսզի կարենանք գիտակցաբար ապրել պարտազանցության մեջ։ Թող Ֆրանսիայում այդպես ապրած լինենք, ուր մենք ոչ կարող էինք դադարել միմյանց սիրելուց, ոչ էլ օրինավոր ուղիով բավարարել մեր սերը։ Սակայն Ամերիկայում, ուր մենք մեզանից բացի ոչ ոքից կախում չունենք, ուր կարող ենք հաշվի չառնել հասարակական դիրքի ու կեղծ բարեվայելչության կամայական օրենքները, ուր մեզ արդեն ամուսիններ են համարում, ինչն է մեզ արգելում իրապես դառնալ այդպիսիք և կրոնի սահմանված երդումներով ազնվացնել մեր սերը։ Ինչ վերաբերում է ինձ, ոչինչ նոր բան չեմ առաջարկում քեզ՝ առաջարկելով իմ սիրտն ու ձեռքը, սակայն ես պատրաստ եմ՝ վերստին զոհասեղանի առաջ դրանք քեզ նվիրաբերելու։
 
Ինձ թվաց, թե խոսքերս ցնծությամբ համակեցին սիրուհուս։
 
— Կհավատա՞ս ինձ,— ասաց նա,— որ ես նույնպես բազմիցս այդ մասին մտածել եմ այն օրից ի վեր, ինչ մենք Ամերիկայում ենք։ Քեզ տհաճություն պատճառելու երկյուղս ինձ ստիպեց սրտումս թաքցնել այդ ցանկությունը։ Ես միամտություն չունեմ տենչալու՝ լինել քո ամուսինը։
 
— Ա՜հ, Մանոն,— բացականչեցի ես,— դու կարող էիր շուտով թագուհի դառնալ, եթե երկինքը ցանկար, որ ես թագավոր ծնված լինեի։ Չտատանվենք. ոչ մի խոչընդոտ մեզ չի սպառնում։ Ես հենց այսօր ուզում եմ խոսել նահանգապետի հետ և խոստովանել, որ մենք նրան խաբել ենք մինչ հիմա։ Թող գռեհիկ սիրեկանները վախենան ամուսնական անքակտելի շղթաներից։ Նրանք բնավ դրանցից վախ չպիտի զգան, եթե հաստատ լինեն մեզ պես, թե կրում են սիրո կապանքները։
 
Մանոնը սաստիկ հրճվեց, լսելով իմ այս որոշումը։
 
Ես համոզված եմ, որ աշխարհումս ոչ մի ազնիվ մարդ չպիտի զլանա իր հավանությունը տալ իմ մտադրություններին այն հանգամանքներում, որոնց մեջ ես էի գտնվում, այսինքն՝ երբ ճակատագրականորեն ստրկացած էի մի անհաղթելի կրքից և պարտված՝ անասելի խղճի խայթից։ Սակայն ով կարող է ինձ մեղադրել, որ իմ տրտունջներն անարդարացի են, երբ ես գանգատվում եմ երկնքի խստությունից, որով նա վանեց իրեն հաճոյանալու իմ դիտավորությունը։ Ավա՜ղ, ինչո՞ւ եմ ասում, թե նա վանեց իմ դիտավորությունը, երբ նա որպես մի հանցանք պատժեց այն։ Երկինքը համբերությամբ հանդուրժել էր ինձ, մինչ ես կուրորեն քայլում էի մոլության ու մեղքի ճանապարհով. սակայն նա ինձ վերապահել էր իր դաժան պատիժները, հենց որ սկսեցի իմ դարձը դեպի առաքինություն։ Ես վախենում եմ, թե ուժ չեմ ունենա ավարտելու այն չարաբաստ դեպքի պատմությունը, որը երբևէ պատահել է աշխարհում։
 
Ես գնացի նահանգապետի մոտ, ինչպես պայմանավորվել էի Մանոնի հետ, խնդրելու նրա համաձայնությունը մեր ամուսնության արարողության համար։ Ես այդ մասին երբեք չէի խոսի ո՛չ նրա և ո՛չ էլ մեկ ուրիշի հետ, եթե վստահ լինեին որ բերդի քահանան, որը քաղաքի միակ քահանան էր, առանց նահանդասլետի գիտության ինձ կմատուցի սույն ծառայությունը։ Սակայն չհամարձակվելով հուսալ, որ քահանան լռություն կպահպանի, ես վճռեցի գործել բացահայտորեն։
 
Նահանգապետը մի եղբորորդի ուներ՝ Սիննելե անունով, որին նա շատ էր սիրում։ Դա երեսուն տարեկան մի տղամարդ էր՝ կտրիճ, սակայն տաքարյուն ու դյուրաբորբոք։ Նա տակավին ամուրի էր։ Մանոնի գեղեցկությունը մեր ժամանումի հենց առաջին օրից գրավել էր նրա ուշադրությունը և բազմաթիվ առիթները, որ նա ունեցել էր ինն թե տասը ամսվա ընթացքում նրան հանդիպելու, այնպես էին բորբոքել նրա կիրքը, որ նա թաքուն հյուծվում էր Մանոնի համար։ Սակայն իր հորեղբոր և ամբողջ քաղաքի հետ համոզված լինելով, որ ես իսկապես Մանոնի ամուսինն եմ, նա այն աստիճան զսպել էր իր սերը, որ մինչև իսկ չէր ցուցաբերել այն, դեռ ավելին՝ բազմիցս իր խանդաղատանքն էր արտահայտել ինձ՝ մատուցելով զանազան ծառայություններ։
 
Երբ ես բերդ հասա, Սիննելեն իր հորեղբոր մոտ էր։ Ես ոչ մի հիմք չունեի նրանից թաքցնելու իմ մտադրությունը: Ուստի, առանց քաշվելու, նրա ներկայությամբ բացատրեցի իմ խնդիրը։ Նահանգապետն ինձ լսեց իր սովորական բարեսրտությամբ։ Ես նրան արի իմ պատմության մի մասը, որը նա ունկնդրեց հաճությամբ, և երբ նրան խնդրեցի ներկա լինել իմ ամուսնության ծիսակատարությանը, նա մեծահոգությամբ խոստացավ իր վրա վերցնել բոլոր ծախսերը։ Ես չափազանց գոհ հեռացա նրանից։
 
Մի ժամ անց ինձ մոտ եկավ քահանան։ Ես կարծեցի, թե նա եկել է իմ ամուսնության առթիվ ինձ խրատներ տալու․ սակայն սառը բարևելուց հետո նա երկու խոսքով ասաց, որ նահանգապետն ինձ արգելում է մտածել անգամ իմ ամուսնության մասին, և որ նա ուրիշ դիտավորություններ ունի Մանոնի նկատմամբ։
 
— Ուրի՞շ դիտավորություններ Մանոնի նկատմամբ,— ասացի ես սրտի մահաբեր սարսուռով։— Այդ ի՞նչ դիտավորություններ են, հայր իմ։
 
Նա պատասխանեց, թե ես լավ գիտեմ, որ այս գաղութում նահանգապետն է տնօրենը։ Մանոնին Ֆրանսիայից տարագրել են այստեղ, ուստի և նա գտնվում է նահանգապետի լիակատար տնօրինության տակ։ Մինչ այսօր նա ոչ մի կարգադրություն չի արել նրա մասին, ենթադրելով, թե Մանոնն իրոք ամուսնացած է։ Սակայն ինձնից իսկ իմանալով, որ դա այդպես չէ, նա հարմար է գտնում Մանոնին տալ Սիննելեին, որը նրան սիրահարված է։
 
Իմ խոհեմությունը չկարողացավ զսպել զայրույթս։ Հպարտ տեսքով ես հրամայեցի քահանային հեռանալ իմ տնից՝ երդվելով, որ ո՛չ նահանգապետը, ո՛չ Սիննելեն և ո՛չ էլ ամբողջ քաղաքը չեն համարձակվի ձեռք բարձրացնել իմ կնոջ կամ սիրուհու վրա, ինչպես էլ որ նրանք կամենան անվանել նրան։
 
Ես իսկույն Մանոնին հաղորդեցի հենց նոր ընդունած չարագույժ լուրի մասին։ Մենք այն եզրակացության եկանք, որ իմ հեռանալուց հետո Սիննելեին երևի հաջողվել է համոզել հորեղբորը փոխել իր մտադրությունը, և ուրեմն դա հետևանք է նախօրոք նյութված չարամիտ դիտավորության։ Նրանք մեզանից ուժեղ էին։ Ապրելով Նոր-Օռլեանում, դա նույնն է, թե գտնվում ենք ծովի մեջտեղում, այսինքն՝ անջատված ահագին տարածությամբ մնացած աշխարհից։ Ո՞ւր փախչել անհայտ ու ամայի մի երկրում, ուր միայն գազաններն ու նույնքան բարբարոս վայրենիներն են բնակվում։ Քաղաքում ինձ հարգում էին. սակայն ես չէի կարող հուսալ, որ ինձ կհաջողվի այն աստիճան հարուցել բնակչության գութը դեպի ինձ, որպեսզի նրանից մեզ սպառնացող չարիքին համազոր օգնություն ստանայի։ Դրա համար անհրաժեշտ էր դրամ ունենալ, իսկ ես աղքատ էի։ Բացի այդ, ժողովրդական հուզմունքի հաջողությունն անորոշ էր, և եթե բախտը մեզնից երես շրջեր, ապա մեր դժբախտությունն անամոքելի կդառնար։
 
Այս բոլոր մտքերն անցան իմ գլխով։ Դրանց մի մասը ես հաղորդում էի Մանոնին․ դեռ նրա պատասխանը չլսած, նոր մտքեր էի հղանում. ընդունում էի մի վճիռ, հետո այն թաղում մի ուրիշին հանգելու համար, խոսում էի ինքս ինձ հետ, ինքս էլ բարձրաձայն պատասխանում իմ խոհերին․ վերջապես ինձ այնպիսի մի հուզմունք պատեց, որ ես այն չեմ կարող համեմատել ուրիշ ոչնչի հետ, որովհետև երբեք ոչ ոք չի ապրել դրա նմանը։
 
Մանոնն անթարթ ինձ էր նայում, իմ վրդովմունքից նա դատում էր վտանգի մեծության մասին, սարսափից դողդողալով, ավելի շուտ ինձ, քան իրեն համար, այս քնքուշ աղջիկը չէր համարձակվում մի խոսք անգամ արտասանել իր մտատանջությունն արտահայտելու համար։ Անվերջ ու հոգետանջ խորհրդածություններից հետո ես եկա այն եզրակացության, որ անհրաժեշտ է գնալ նահանգապետի մոտ և ջանալ նրա մեջ պատվո զգացում հարուցել և շարժել նրա գութը, հիշեցնելով նրան իմ հարգալիր վերաբերմունքը դեպի ինքը և իր սիրալիր ուշադրությունը՝ իմ նկատմամբ։ Մանոնը չէր ուզում, որ ես գնամ․ արտասուքն աչքերին նա ասում էր.
 
— Դու մահվան դեմ ես գնում, նրանք կսպանեն քեզ․ ես այլևս չեմ տեսնի քեզ. ես ուզում եմ քեզնից առաջ մեռնել։
 
Հարկ եղավ մեծ ճիգ թափել նրան համոզելու, որ ինձ անհրաժեշտ է գնալ, ինչպես և իրեն անհրաժեշտ է տանը մնալ։ Ես նրան խոստացա շատ շուտ վերադառնալ։ Նա չգիտեր, ինչպես և ես, որ հենց իրեն պիտի հարվածեին երկնքի զայրույթն ու մեր թշնամիների կատաղությունը։
 
Ես գնացի բերդը․ նահանդապետը քահանայի հետ էր։ Նրա կարեկցանքը շարժելու համար ես թույլ տվեցի այնպիսի նվաստացուցիչ աղերսանքներ, որ յուրաքանչյուր այլ դեպքում կգերադասեի գերեզման մտնել։ Ես գործ դրեցի բոլոր այն հնարները, որոնք, անշուշտ, պետք է շարժեին ամեն մի սիրտ, եթե միայն այն չպատկաներ ամեհի ու դաժան վագրին։ Իմ բոլոր աղերսներին այդ բարբարոսը միայն երկու պատասխան տվեց, որը և հարյուր անգամ կրկնեց․ Մանոնը, ասում էր նա, իր իշխանության տակ է գտնվում, և նա խոսք է տվել, որ նրան տա իր եղբորորդուն։ Ես որոշել էի ինձ զսպել անգամ ամենածայրահեղ դեպքում և բավարարվեցի միայն ասելով, որ նրան համարում եմ իմ մեծ բարեկամը, ուստի նա չի կարող ցանկանալ իմ մահը, որին ես համաձայն եմ ենթարկվել ավելի շուտ, քան զրկվել իմ սիրուհուց։
 
Ես նրանից հեռացա միանգամայն համոզված, որ ոչ մի բան չի կարելի հուսալ սույն համառ ծերուկից, որը պատրաստ էր իր եղբորորդու համար հազար անգամ հոգին ծախել սատանային։ Այնուամենայնիվ, ես մտադիր էի մինչև վերջ հնազանդության տեսք տալ դեմքիս, վճռելով հանդերձ, որ եթե անարդար ծայրահեղ միջոցների դիմեն իմ թշնամիները, ես Ամերիկային ցույց կտամ ամենաարյունոտ և ամենաեղերական մի տեսարան, որ երբևիցե սերը հարուցել է։
 
Ես տուն էի վերադառնում խորհելով սույն մտադրությանս մասին, երբ ճակատագիրը, որը կամենում էր արագացնել կործանումս, ինձ երես առ երես հանդիպեցրեց Սիննելեի հետ։ Իմ աչքերում նա կարդաց մտքերիս մի մասը։ Ես արդեն առիթ ունեցա ասելու, որ նա արիասիրտ մի տղամարդ էր։ Նա մոտեցավ ինձ և հարցրեց․
 
— Դուք ինձ չե՞ք փնտրում,— ասաց նա։— Գիտեմ, որ իմ դիտավորությունները ձեզ վիրավորում են, և ես լավ եմ նախատեսում, որ մեզ անհրաժեշտ է մեր սրերը չափել, տեսնենք՝ ով ավելի երջանիկ կլինի։
 
Ես նրան պատասխանեցի, որ նա իրավացի է, և որ միայն իմ մահը կարող է վերջ դնել մեր թշնամությանը։
 
Մենք հարյուր քայլ հեռացանք քաղաքից։ Մեր սուսերները խաչաձևվեցին․ ես նրան վիրավորեցի ու գրեթե միաժամանակ զինաթափ արի։ Նա այն աստիճան կատաղեց իր անհաջողության համար, որ հրաժարվեց խնդրել խնայել իր կյանքը և ձեռք քաշել Մանոնից։ Թերևս, ես իրավունք ունենայի նրան զրկել թե՛ կյանքից և թե՛ Մանոնից։ Սակայն ազնիվ արյունը երբեք չի դավաճանում իրեն։ Ես նրան նետեցի իր սուսերը։
 
— Նորից սկսենք,— ասացի ես,— սակայն իմացեք, որ այս անգամ կռիվն անխնա պիտի լինի։
 
Անասելի մոլեգնությամբ նա հարձակվեց ինձ վրա։ Պետք է խոստովանեմ, որ սուսերամարտում ես վարժ չէի, որովհետև միայն երեք ամիս էի մարզվել Փարիզում։ Սերն էր շարժում իմ սուրը։ Սիննելեի սուսերն ընդթափ անցավ իմ բազուկով․ սակայն ես էլ օգտվեցի հարմար րոպեից և այնպիսի մի ուժգին հարված հասցրի նրան, որ նա անշարժ ընկավ իմ ոտքերի մոտ։
 
Չնայած այն ուրախությանը, որ տալիս է մահացու կռվի հաղթանակը, ես անմիջապես սկսեցի խորհել այդ մահվան հետևանքների մասին։ Ես բնավ չէի կարող հուսալ, որ ինձ կշնորհվի ներում կամ մահապատժի հետաձգում։ Գիտենալով նահանգապետի սերը դեպի իր եղբորորդին, ես համոզված էի, որ մահվան պիտի ենթարկվեմ՝ Սիննելեի սպանության լուրը նահանգապետին հասնելուց մի ժամ հետո։ Որքան էլ տագնապալից լիներ այս վախը, այնուամենայնիվ, դա չէ իմ անհանգստության պատճառը։ Մանոնը և նրա վիճակը, նրան սպառնացող վտանգն ու նրան կորցնելու անխուսափելիությունն այն աստիճան հուզում էին ինձ, որ աչքերս մթագնում էին, և ես անկարող էի իմանալ, թե որտեղ եմ գտնվում։ Ես նախանձում էի Սիննելեի վիճակին․ վաղահաս մահն ինձ թվում էր որպես իմ տառապանքների միակ դարմանը։ Սակայն հենց այս միտքն ինձ ուշքի բերեց և ընդունակ դարձրեց մի որոշում կայացնելու։ «Ի՞նչ, ես ուզում եմ մեռնե՞լ,— բացականչեցի ես,— որպեսզի վերջ դնեմ ցավերիս։ Ուրեմն կա մի բան, որ ինձ համար ավեյի սարսափելի է, քան սիրուհուս կորուստը։ Ահ, թող կրեմ ամենատաժանելի չարչարանքները սիրուհուս օգնելու համար, և թող մեռնեմ այն ժամանակ միայն, երբ իմ կրած տանջանքներն ապարդյուն լինեն»։
 
Ես վերադարձա քաղաք և հասա տուն։ Մանոնին գտա սարսափից ու անհանգստությունից կիսակենդան։ Իմ ներկայությունն ուշքի բերեց նրան։ Ես չկարողացա թաքցնել նրանից ինձ հետ պատահած ահռելի դիպվածը։ Նա ուշաթափ ընկավ գիրկս, երբ լսեց Սիննելեի մահվան և իմ վերքի մասին։ Քառորդ ժամից ավելի չարչարվեցի, որպեսզի նրան ուշքի բերեմ։
 
Ինքս էլ կիսով չափ մեռած էի․ ոչ մի ելք չէի տեսնում նրա ու իմ անվտանգության համար։
 
— Մանոն, ի՞նչ ենք անելու,— ասացի ես նրան, երբ նա մի փոքր սթափվեց։— Ավա՜ղ, ի՞նչ պիտի անենք։ Անհրաժեշտ է, որ ես փախչեմ։ Դու ուզո՞ւմ ես քաղաքում մնալ։ Այո, մնա․ այստեղ դեռևս դու կարող ես երջանիկ լինել․ իսկ ես գնում եմ քեզնից հեռու, մահ որոնելու վայրենիների մեջ կամ գազանների մագիլներում։
 
Չնայած իր դրությանը, նա վեր կացավ, բռնեց իմ ձեռքից՝ ինձ դեպի դուռն առաջնորղելու համար։
 
— Միասին փախչենք,— ասաց նա,— չկորցնենք և ոչ մի րոպե։ Սիննելեի դիակը կարող է գտնված լինել, և մենք ժամանակ չենք ունենա բավականին հեռու գնալու։
 
— Սակայն, սիրելի Մանոն,— ասացի ես խելացնոր ասա, ո՞ւր կարող ենք գնալ։ փախստյան ի՞նչ ուղի ունենք։ Ավելի լավ չի՞ լինի, որ դու փորձես այստեղ առանց ինձ ապրել, իսկ ես գնամ հոժարակամ հանձնվեմ նահանգապետին։
 
Այս առաջարկռւթյունն առավել ևս հրահրեց նրա փախչելու տենչը․ ես պետք է հետևեի նրան։ Տակավին բավական արթնամիտ գտնվեցի, որ դուրս գալիս հետս վերցրի տանը եղած մի քանի սրվակ թունդ խմիչքը և այնքան մթերք, որքան գրպաններումս տեղավորվեց։ Հարևան սենյակում գտնվող ծառաներին ասացինք, որ գնում ենք երեկոյան զբոսանքի (սա մեր ամենօրյա սովորությունն էր) և քաղաքից հեռացանք ավելի մեծ հապճեպությամբ, քան, թվում էր, թույլ էր տալիս Մանոնի թուլացած վիճակը։ Թեև ես տակավիև անվճռականության մեջ էի գտնվում մեր ապաստարանի վայրի նկատմամբ, այնուամենայնիվ, երկու հույս ունեք, առանց որոնց ես կգերադասեի մահն այն անհայտությունից, թե ինչ կարող է պատահել Մանոնին։ Ես բավական լավ էի ուսումնասիրել երկիրը մոտ տասը ամսվա ընթացքում, որ ապրում էի Ամերիկայում, և լավ էլ գիտեի, թե ինչ կերպ պետք է վարվել վայրենիների հետ բարեկամանալիս։ Մարդ կարող է իրեն հանձնել նրանց, առանց մահվան ենթարկվելու։ Ես նույնիսկ մի քանի խոսք էի սովորել նրանց լեզվով և գիտեի նրանց սովորությունները՝ շնորհիվ այն բազմաթիվ հանդիպումների, որ ունեցել էի նրանց հետ։
 
Այդ տխուր հույսի հետ ես ունեի նաև մի ուրիշ հույս, որն ինձ ներշնչում էին անգլիացիները, որոնք մեզ՝ ֆրանսիացիներիս նման նոր աշխարհի այն մասում աքսորվածների բնակավայրեր ունեին։ Սակայն հեռավորության մեծությունն ահաբեկում էր ինձ։ Նրանց գաղութները հասնելու համար մենք պետք է օրեր շարունակ կտրեինք անբերրի հարթավայրեր և մի քանի սարեր, որոնք այնքան բարձր ու դիք էին, մանավանդ որ ճանապարհը դեպի այդ սարերը սոսկալի դժվար էր, անգամ ամենադիմացկուն և ամենակորովի մարդկանց համար։ Այնուամենայնիվ, ես հույս ունեի, որ մենք կարող կլինենք օգուտ քաղել թե մեկից և թե մյուսից․ վայրենիներից՝ մեզ ճանապարհին օգնելու, իսկ անգլիացիներից՝ նրանց բնակավայրերում պատսպարվելու համար։
 
Մենք քայլեցինք այնքան ժամանակ, որքան թույլ էին տալիս Մանոնի ուժերը, և անցանք մոտավորապես երկու մղոն, որովհետև իմ աննման սիրուհին շարունակ մերժում էր դադար առնել ավելի վաղ։ Վերջապես հոգնածությունից ուժասպառ նա խոստովանեց, որ այլևս անկարող է առաջ գնալ։ Արդեն գիշեր էր. մենք նստեցինք լայնատարած հարթավայրի մեջտեղում, չկարողանալով գտնել մի ծառ անգամ, որ պատսպարվենք։ Մանոնի առաջին հոգսը եղավ փոխել իմ վիրակապը, որն ինքն անձամբ փաթաթել էր մեր մեկնումից առաջ։ Իզուր ընդդիմանում էի նրա կամքին. ես սաստիկ վշտացրած կլինեի Մանոնին, եթե զրկեի նրան իմ մասին մտածելու և ինձ վտանգից զերծ պահելու բավականությունից։ Մի քանի րոպե ես հնազանդվեցի նրա ցանկություններին․ նրա հոգածությունն ընդունեցի անխոս և ամոթով։ Բայց երբ նա ավարտեց իր քնքուշ խնամքը, ինչպիսի թափով ես սկսեցի իմ փոխադարձ գորովալիր հոգատարությունը։ Ես հանեցի բոլոր զգեստներս և փռեցի նրա տակ, որպեսզի գետինը նվազ կարծր թվա։ Հակառակ իր կամքի, ես ստիպեցի նրան համաձայնել, որ դործադրեմ բոլոր միջոցները՝ նրան հնարավոր հարմարություններ տալու համար։ Իմ տաք համբույրներով և շնչիս ջերմությամբ ես տաքացնում էի նրա ձեռները։ Ամբողջ գիշերը ես անընդհատ հսկեցի նրան և աղերսեցի երկնքին՝ անուշ ու խաղաղ քուն շնորհել։ Օ՜, աստված, որքան բուռն ու անկեղծ էին իմ աղերսանքները, և ինչպիսի անագորույն որոշումով դու վճռեցիր չընդունել դրանք։
 
Ներեցեք, եթե ինձ սպանող այս պատմությունը ես միայն մի քանի խոսքերով եմ վերջացնում։ Ձեզ կպատմեմ մի աղետի մասին, որի նմանը երբեք չի պատահել. ես ամբողջ իմ կյանքի ընթացքում պիտի ողբամ այն։ Թեպետև ես անդադար դա վառ եմ պահում հիշողությանս մեջ, այնուամենայնիվ, իմ հոգին ցնցվում է սարսափից ամեն անգամ, երբ սկսում եմ պատմել այն։
 
Գիշերվա մի մասը մենք անցկացրինք հանգիստ։ Ինձ թվում էր, թե իմ անգին սիրուհին քնել է և չի համարձակվում շնչել անգամ, վախենալով, չլինի թե խանգարեմ նրա քունը։ Այգաբացին, երբ շոշափեցի նրա ձեռները, նկատեցի, որ սառն են ու դողդոջուն. ես դրանք իմ կրծքին մոտեցրի, որպեսզի տաքացնեմ։ Նա զգաց այդ շարժումը և ճիգ արեց իմ ձեռները բռնելու և նվաղկոտ ձայնով ասաց ինձ, որ իրեն թվում է, թե մոտենում է իր վերջին ժամը։
 
Սկզբում այս խոսքերը ես ընդունեցի որպես վշտի սովորական արտահայտություն մի մարդու, որը գտնվում է դժբախտության մեջ, և պատասխանեցի միայն սիրո քնքուշ սփոփանքներով։ Սակայն հաճախակի ու արագացած շնչառությունը, լռությունը՝ իմ հարցերին, ձեռների սեղմումը, որոնց մեջ նա շարունակում էր պահել իմ ձեռները, ինձ հասկացրին, որ, իրոք, մոտենում է նրա տառապանքների վերջը։
 
Ինձնից մի պահանջեք, որ նկարագրեմ իմ զգացածը կամ պատմեմ նրա վերջին խոսքերը։ Ես նրան կորցրի․ անգամ իր վերջին շունչը փչելիս՝ նա դեռ իր սիրո նշանները ցուցաբերեց ինձ. ահա այն ամենը, ինչ ես կարող եմ ձեզ հաղորդել այս ճակատագրական ու չարաբաստիկ դեպքի մասին։
 
Իմ մահը չհետևեց նրա մահին։ Անշուշտ երկինքը գտնում էր, որ ես դեռ բավականաչափ խստությամբ չեմ պատժվել։ Նա կամեցավ, որ ես այն օրից տաղտկալի ու ողորմելի մի կյանք վարեմ։ Ես հոժարակամ հրաժարվեցի երբևէ ապրել երջանիկ կյանքով։
 
Քսանչորս ժամից ավելի իմ շրթները հպած պահեցի սիրելի Մանոնիս երեսին ու ձեռներին։ Իմ դիտավորությունն էր մեռնել այնտեղ․ սակայն երկրորդ օրվա սկզբին ես մտածեցի, որ իմ մահից հետո նրա մարմինը վայրենի գազանների կեր կդառնա։ Որոշեցի նրան թաղել և գերեզմանի վրա սպասել մահիս։ Ես արդեն այն աստիճան մոտ էի իմ վախճանին՝ սովի ու ցավի ինձ պատճառած թուլության հետևանքով, որ հարկ եղավ մեծ ճիգ գործ դնել ոտքի վրա մնալու համար։ Ստիպված եղա դործածել այն թունդ խմիչքները, որ վերցրել էի հետս, դրանք ինձ տվեցին այնքան ուժ, որքան հարկավոր էր այն տխուր արարողությունը կատարելու համար։ Ինձ համար դժվար չէր փորել հողն այնտեղ, ուր գտնվում էի․ դա ավազով ծածկված մի դաշտավայր էր։ Փշրեցի սուսերս, որպեսզի նրանով փորեմ, սակայն այդ ինձ ավելի քիչ օգնեց, քան իմ սեփական ձեռները։ Ես մի լայն փոս փորեցի, այնտեղ տեղավորեցի իմ սրտի կուռքին, նախապես մեծ խնամքով փաթաթելով նրա մարմինն իմ բոլոր զգեստներով, որպեսզի ավազը չպարուրի նրան։ Սակայն, նախքան փոսն իջեցնելը, հազար անգամ համբուրեցի նրան՝ ամենակատարյալ սիրո բուռն կրակով։ Ես նստեցի նրա մոտ. երկար դիտեցի նրան, սիրտ չէի անում փոսը ծածկելու։ Վերջապես իմ ուժերը նորից սկսեցին թուլանալ և, վախենալով, որ կարող եմ դրանցից բոլորովին զրկվել նախքան աշխատանքս ավարտելը, ես առհավետ թաղեցի գետնի ծոցում այն ամենակատարյալ, ամենագեղեցիկ էակին, որը երբևէ ապրել է երկրի վրա։ Այնուհետև պառկեցի գերեզմանի վրա՝ երեսս դեպի հողը․ աչքերս փակեցի այլևս չբացելու դիտավորությամբ, երկնքի օգնությունը պաղատեցի և սկսեցի անհամբեր սպասել մահվան։
 
Ձեզ անհավատալի կթվա, որ այս ամբողջ արարողության ժամանակ իմ աչքերից ոչ մի արցունք չկաթեց և իմ շրթներից ոչ մի հառաչանք չլսվեց։ Իմ խոր հուսահատությունը և մեռնելու հաստատ որոշումը խափանել էին վհատության ու վշտի բոլոր արտահայտությունները։ Ուստի երկար այս դիրքում չմնացի գերեզմանի վրա և շուտով կորցրեցի այն թույլ գիտակցությունն ու զգացումը, որ դեռ ունեի։
 
Այն բոլորից հետո, ինչ դուք լսեցիք, իմ պատմության վերջավորությունը նվազ կարևոր է և չարժե, որ նեղություն կրեք այն ունկնդրելու։ Երբ Սիննելեի մարմինը տարել էին քաղաք և խնամքով զննել նրա վերքերը, պարզվել էր, որ ոչ միայն նա չի մեռել, այլ վտանգավոր վերքեր անգամ չի ստացել։ Նա իր հորեղբորը պատմել էր, թե ինչպես է ծագել կռիվը, և նրա մեծահոգությունը դրդել էր նրան անմիջապես հրապարակով խոստովանել իմ մեծահոգության մասին։ Իմ ետևից մարդ էին ուղարկել և իմ անհետացումը Մանոնի հետ՝ կասկած էր հարուցել, որ մենք փախել ենք։ Արդեն չափազանց ուշ էր, որպեսզի հենց այն երեկո ձեռնարկեին ինձ փնտրել, սակայն հաջորդ և մյուս օրը գործադրել էին ինձ հետապնդելու համար։
 
Ինձ գտել էին Մանոնի գերեզմանի վրա անկենդան, և նրանք, ովքեր ինձ գտել էին այդ վիճակում, տեսնելով գրեթե մերկ ու վերքից արնաքամ, բնավ չէին կասկածել, որ ես կողոպտվել եմ ու սպանվել։ Ինձ փոխադրեցին քաղաք։ Ճանապարհ ընկնելու շարժումից ես ուշքի եկա։ Այն հառաչանքները, որ ես արձակեցի բացելով աչքերս ու կսկիծով տեսնելով, որ տակավին կենդանի եմ, մատնանշեցին, որ դեռ կարելի է օգնություն ցույց տալ, ինձ այդ օգնությունը ցույց տրվեց վերին աստիճանի բարեհաջող։
 
Այնուամենայնիվ, ինձ մեկուսացրին նեղլիկ մի բանտում։ Դատական քննություն նշանակեցին, և որովհետև Մանոնը չէր հայտնվել, ինձ մեղադրեցին, թե կատաղության ու խանդի մոլուցքում ես նրան սպանել եմ։ Ես ամենայն անկեղծությամբ պատմեցի ցավալի եղելությունը։ Սիննելեն, չնայած այն անհուն վշտին, որի մեջ ընկղմեց նրան իմ պատմությունը, մեծահոգությամբ խնդրեց, որ ինձ ներում շնորհվի, և նրան հաջողվեց այդ ձեռք բերել։
 
Ես այն աստիճան թույլ էի, որ ստիպված եղան բանտից ինձ ուղղակի տուն տանել և անկողին դնել, ուր երեք ամիս ես մնացի մի դաժան հիվանդության ճիրաններում։ Իմ ատելությունը դեպի կյանքը չէր թուլանում։ Ես անդադար մահ էի աղերսում և երկար ժամանակ համառորեն հրաժարվում էի բոլոր դեղերից։ Սակայն երկինքն ինձ այնքան դաժանությամբ պատճելուց հետո մտադիր էր իմ օգտին ծառայեցնել դժբախտություններս ու կրած պատիժներս․ նա ինձ լուսավորեց իր լույսով, որն իմ մեջ վերարծարծեց ծագմանս դաստիարակությանս արժանի խոհերը։ Իմ հոգում անդորրությունը վերածնվեց, և այս փոփոխությանը շուտով հետևեց ապաքինում։ Ես բոլորովին անձնատուր եղա պատվո թելադրանքներին և շարունակեցի կատարել իմ փոքր պաշտոնի աշխատանքները՝ սպասելով ֆրանսիական նավերին, որոնք տարին մի անգամ լինում են Ամերիկայի այդ մասում։ Ես որոշեցի վերադառնալ հայրենիք՝ այնտեղ ողջամիտ ու կանոնավոր մի կյանքով քավելու իմ վարմունքի խայտառակությունը։ Սիննելեն հոգացել էր իմ անգին սիրուհու մարմինը փոխադրել մի արժանավայել վայր։
 
Իմ ապաքինումից վեց շաբաթ անց, երբ մի անգամ միայնակ զբոսնում էի ծովափին, տեսա մի նավ, որն առևտրական գործերով գալիս էր Նոր-Օռլեան։ Սկսեցի ուշադրությամբ հետևել նավից դուրս եկող մարդկանց։ Ես ծայր աստիճան զարմացա, երբ դեպի քաղաք դիմող ուղևորների, մեջ նկատեցի Տիբերժին։ Իմ հավատարիմ բարեկամը հեռվից ճանաչեց ինձ, չնայած այն փոփոխություններին, որ դրոշմել էր տրտմությունը իմ դեմքին։ Նա ասաց, որ իր ճանապարհորդության միակ շարժառիթն ինձ տեսնելու ցանկությունն է եղել և դիտավորությունը՝ ինձ համոզելու, որ վերադառնամ Ֆրանսիա։ Երբ ստացել է Հավրից գրած նամակս, նա անձամբ եկել է այդ քաղաքը՝ խնդրածս օգնությունը մատուցելու։ Լսելով իմ մեկնումը, նա խիստ վշտացել է. և իմ ետևից անմիջապես կմեկներ, եթե նավ լիներ։ Այնուհետև նա մի քանի ամիս զանազան նավահանգիստներում Ամերիկա գնացող նավ է փնտրել, և, վերջապես, Սեն-Մալոյում այդպիսին գտնելով, որը դեպի Մարտինիկ է նավարկելու, մտել է այդ նավը, հուսալով, թե իրեն դյուրին կլինի Մարտինիկից անցնել Նոր-Օռլեան։ Ճանապարհին իսպանական ծովահենները բռնել են Սեն-Մալոյի նավը և տարել իրենց կղզիներից մեկը, որտեղից նա ճարպկությամբ փախել է․ երկար թափառումներից հետո, ի վերջո, հանդիպել է այն փոքր նավին, որը հենց նոր ժամանեց՝ նրան բարեհաջող կերպով ինձ մոտ բերելով։
 
Ես խոսք չէի գտնում ըստ հարկի իմ շնորհակալությունն արտահայտելու այդքան մեծահոգի ու հավատարիմ բարեկամիս։
 
Ես նրան առաջնորդեցի իմ տունը։ Նրա տնօրինության տակ դրեցի իմ ամբողջ ունեցածը։ Նրան պատմեցի այն ամենը, ինչ պատահել էր ինձ Ֆրանսիայից մեկնելուց հետո։ Եվ որպեսղի նրան մի հաճույք պատճառեմ, որը չէր սպասում, հաղորդեցի, որ նրա՝ երբեմնի իմ սրտում նետած առաքինության սերմերը սկսել են պտուղ տալ, որից նա, անշուշտ, գոհ պիտի մնա։
 
Նա խոստովանեց, որ այդպիսի քաղցր հավաստիացում նրան փոխհատուցում է ճանապարհորդության մեջ կրած բոլոր նեղությունները։
 
Մենք երկու ամիս միասին անցկացրինք Նոր-Օռլեանում, սպասելով Ֆրանսիայից եկող նավերին, և, վերջապես, ծով դուրս գալով, սրանից երկու շաբաթ առաջ Հավր-դե-Կրաս ժամանեցինք։ Այնտեղից ես մի նամակ գրեցի իմ ընտանիքին։ Մեծ եղբորս պատասխանից իմացա հորս մահվան տխուր լուրը, և դեռ հիմա էլ սարսում եմ, և ոչ առանց հիմքի, որ իմ մոլորություններն արագացրին ծնողիս մահը։ Կալե ուղևորվելու համար հողմը բարենպաստ էր, ես իսկույն նավ նստեցի, որպեսզի գնամ այդ քաղաքից մի քանի մղոն հեռու ապրող իմ մի ազնվական ազգակցի մոտ, ուր, համաձայն իր նամակի, ինձ պիտի սպասի եղբայրս։
Վստահելի
1318
edits