Changes

Գործարանային օրենսդրությունը, հասարակության այս առաջին գիտակցական ու պլանաչափ ներգործությունն իր արտադրության պրոցեսի տարերայնորեն գոյացած կառուցվածքի վրա, ինչպես տեսանք, խոշոր արդյունաբերության նույնքան անհրաժեշտ արդյունքն է, որքան բամբակեղենի մանվածքը, սելֆակտորներն ու էլեկտրական հեռագիրը։ Նախքան Անգլիայում գործարանային օրենսդրության ընդհանուր տարածման մասին խոսելը, անհրաժեշտ է համառոտակի հիշատակել այդ օրենսդրության այն մի քանի որոշումները, որոնք չեն վերաբերում աշխատանքային օրվա ժամերի թվին։
Սանիտարական կանոնները, մի կողմ թողած նրանց խմբագրության հարցը, որը հեշտացնում է նրանց շրջանցումը կապիտալիստի կողմից, չափազանց խղճուկ են և փաստորեն սահմանափակվում են պատերն սպիտասպիտակացնելու հրահանգներով և մաքրության, օդափոխության ու վտանգավոր մեքենաներից պաշտպանելու միջոցների վերաբերյալ մի քանի այլ կանոններով։ Երրորդ գրքում մենք կվերադառնանք գործարանատերերի մոլեռանդ պայքարին այն որոշման դեմ, որով նրանց վրա փոքր ծախսեր են դրվում իրենց «ձեռքերի» անդամները պաշտպանելու համար։ Այստեղ փայլուն կերպով նորից հաստատվել է ֆրիտրեդերների այն դոգման, թե անտագոնիստական շահեր ունեցող հասարակության մեջ ամեն մեկն իր սեփական օգտին հետամուտ լինելով, դրանով էլ հենց աջակցում է ընդհանուր բարիքին։ Մի օրինակ բավական կլինի։ Հայտնի է, որ քառասնական թվականների կեսերից Իռլանդիայում խիստ ընդարձակվեց վուշեղենի արդյունաբերությունը, իսկ նրա հետ միասին՝ նաև scutching mills-ը (վուշ քրքրելու գործարանները)։ 1864 թվականին այնտեղ կային մինչև 1 800 այդպիսի mill-եր։ Աշնանը և ձմռանը պարբերաբար, գլխավորապես դեռահասներն ու կանայք, հարևան մանր վարձակալների տղաները, աղջիկներն ու կանայք, մեքենաներին բոլորովին անծանոթ մարդիկ, կտրվում են դաշտային աշխատանքից, որպեսզի scutching mills գլանամեքենաների տակ վուշ դնեն։ Այստեղ տեղի ունեցող դժբախտ դեպքերն իրենց չափերով ու ինտենսիվությամբ բոլորովին իրենց նմանը չունեն մեքենաների պատմության մեջ։ Կիլդինենի (Կորկի մոտերքում) մեկ scutching mill-ին 1852-ից մինչև 1856 թվականն ընկել է մահվան 6 ու ծանր խեղումների 60 դեպք, և դրանք բոլորն էլ կարելի էր կանխել մի քանի շիլլինգ արժեցող ամենահասարակ հարմարանքների միջոցով։ Դաունպետրիկի գործարանների certifying surgeon [պաշտոնական բժիշկ] դ-ր Ուայտը 1865 թ. դեկտեմբերի 16-ի պաշտոնական հաշվետվության մեջ հայտարարում է. «Scutching mill-երի պատճառած դժբախտ դեպքերը սարսափելի բնույթ են կրում։ Շատ դեպքերում մարմնի մի քառորդը պոկվում է իրանից։ Խեղումների սովորական հետևանքներն են մահը կամ ողորմելի անօգնականությամբ ու տանջանքներով լի ապագան։ Գործարանների թվի ավելացումն այս երկրում, իհարկե, կմեծացնի այդ սարսափելի հետևանքների քանակը։ Ես համոզված եմ, որ scutching mill-երի վրա պետական պատշաճ վերահսկողությամբ կկանխվեին առողջության ու կյանքի հսկայական զոհերը»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XV, № 72 և հաջ.։</ref>։ Էլ ի՞նչը կարող էր ավելի լավ բնութագրել արտադրության կապիտալիստական եղանակը, քան այն, որ անհրաժեշտ է պետության պարտադիր օրենքով նրա վզին փաթաթել հիգիենայի ու առողջապահության ամենատարրական կանոնների պահպանումը։ «1864 թվականի գործարանային օրենքը կավագործության մեջ 200-ից ավելի արհեստանոցներ սպիտակացրեց և մաքրեց այն բանից հետո, երբ նրանք 20 տարով կամ բոլորովին հրաժարվում էին այդպիսի օպերացիաներից (ահա քեզ կապիտալի «ժուժկալությունը»)։ Այս գործատներում զբաղված են 27 878 բանվոր, որոնք մինչև այժմ ցերեկվա ուժից վեր աշխատանքի, իսկ հաճախ նաև գիշերային աշխատանքի ժամանակ մի այնպիսի գարշելի օդ են շնչում, որի հետևանքով համեմատաբար անվնաս այդ զբաղմունքը շարունակ հիվանդություն ու մահ է սպառնում։ Գործարանային օրենքը ստիպել է խիստ շատացնելու օդափոխության հարմարանքները»<ref>«Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 127։</ref>։ Գործարանային օրենքի կիրառման այս բնագավառը միաժամանակ ցայտունորեն ցույց է տալիս, որ արտադրության կապիտալիստական եղանակն իր էությամբ իսկ որոշ սահմանից այն կողմը բացառում է ամեն մի ռացիոնալ բարելավում։ Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք, որ անգլիական բժիշկները միաբերան ընդունում են, թե շնչին 500 խորանարդ ոտնաչափ օդը հազիվ բավարարող մինիմում է մշտական աշխատանքի ժամանակ։ Լա՜վ։ Եթե գործարանային օրենքն իր բոլոր հարկադրական ձեռնարկումներով անուղղակի կերպով արագացնում է մանր արհեստանոցների փոխարկումը գործարանների, ուստի և անուղղակի կերպով ձեռք է բարձրացնում մանր կապիտալիստների սեփականության իրավունքի վրա և ապահովում է խոշոր կապիտալիստների մոնոպոլիան, ապա եթե օրենքը արհեստանոցներում ամեն մի բանվորի համար օդի անհրաժեշտ քանակն ապահովեր, այդ հազարավոր մանր կապիտալիստներին մի հարվածով ուղղակի կսեփականազրկեր։ Այդ կհարվածեր արտադրության կապիտալիստական եղանակին բուն արմատից, այսինքն՝ թե՛ խոշոր ու թե՛ մանր կապիտալի ինքնաճմանը, որ կատարվում է աշխատուժի «ազատ» գնման ու սպառման միջոցով։ Ուստի և այդ 500 խորանարդ ոտնաչափ օդի հանդեպ գործարանային օրենսդրության շունչը կտրվում է։ Սանիտարական հիմնարկները, արդյունաբերության հետազոտման հանձնաժողովները, գործարանային տեսուչները նորից ու նորից կրկնում են այդ 500 խորանարդ ոտնաչափի անհրաժեշտությունը և կապիտալին դրան հարկադրելու անկարելիությունը։ Այդպիսով, նրանք փաստորեն հայտարարում են, թե աշխատանքից առաջացող թոքախտն ու թոքերի այլ հիվանդությունները կապիտալի գոյության պայմանն են<ref>Փորձով հաստատված է, որ առողջ միջին անհատը միջին ինտենսիվությամբ ամեն մի շնչառության ժամանակ մոտավորապես 25 խորանարդ մատնաչափ օդ է սպառում և մի րոպեում մոտավորապես 20 շնչառություն է կատարում։ Դրա համաձայն էլ մեկ մարդու օրական օդի սպառումը պետք է կազմեր մոտ 720 000 խորանարդ մատնաչափ կամ 416 խորանարդ ոտնաչափ։ Բայց հայտնի է, որ մի անգամ ներս շնչած օդն արդեն պիտանի չէ այդ պրոցեսի համար, մինչև որ չմաքրվի բնության մեծ արհեստանոցում։ Համաձայն Վաչենտինի և Բրուների փորձերի՝ առողջ մարդը մի ժամում արտաշնչում է, ըստ երևույթին. մոտավորապես 1300 խորանարդ մատնաչափ ածխաթթու գազ. այդ միևնույնն է, թե թոքերը իրենցից 24 ժամում դուրս նետեին մոտավորապես 8 ունցիա պինդ ածուխ։ «Ամեն մի մարդու պետք է ընկնի առնվազն 800 խորանարդ ոտնաչափս (Հեքսլի)։ [«Lessons on Elementary Physiology». London 1866, էջ 105։]</ref>։ Որքան էլ ընդհանուր առմամբ ողորմելի են գործարանային օրենքի որոշումները դաստիարակության մասին,— նրանք տարրական ուսումն աշխատանքի պարտադիր պայման հայտարարեցին<ref>Անգլիական գործարանային օրենքի համաձայն՝ ծնողները չեն կարող 14 տարեկանից փոքր իրենց երեխաներին ուղարկել «վերահսկվող» գործարանները, եթե երանք միաժամանակ չեն ապահովում երեխաների տարրական ուսումը։ Գործարանատերը պատասխանատու է օրենքի պահպանման համար։ «Գործարաններում ուսումը պարտադիր է, այդ՝ աշխատանքի պայմանն է» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 111)։</ref>։ Նրանց հաջողությունն առաջին անգամ ապացուցեց ուսուցումն ու մարմնամարզությունը<ref>Այն ամենահիանալի հետևանքների մասին, որ տալիս է մարմնամարզության (իսկ պատանիների համար նաև զինվորական վարժությունների) միացումը երեխաների պարտադիր ուսուցման հետ գործարաններում և աղքատների ուսումնարաններում, տես Ն. Վ. Սենիորի ճառը «National Association for the Promotion of Social Science»-ի 7.րդ տարեկան համագումարում, որ տպագրված է «Reports of Proceedings etc.»-ում. London 1863, էջ 63, 64, այլև գործարանային տեսուչների 1865 թ. հոկտ. 31-ի հաշվետվությունը, 118, 119, 120, 126 և հաջորդ էջերը։</ref> ֆիզիկական աշխատանքի հետ, հետևապես նաև ֆիզիկական աշխատանքը ուսուցման ու մարմնամարզության հետ միացնելու հնարավորությունը։ Գործարանային տեսուչները, ուսուցիչների վկայությունները լսելուց հետո, շուտով հայտնագործեցին, որ գործարանային երեխաները, թեև նրանց ուսուցմանը երկու անգամ ավելի քիչ ժամանակ է հատկացվում, քան կանոնավոր կերպով ցերեկը դպրոց հաճախող դպրոցականների ուսուցմանը, այնուամենայնիվ նույնքան, իսկ հաճախ ավելի շատ բան են անցնում։ «Գործը պարզ ձևով է բացատրվում։ Նրանք, ովքեր միայն օրվա կես մասն են դպրոցում անցկացնում, միշտ թարմ են լինում և գրեթե միշտ ընդունակ ու պատրաստ են սովորելու։ Դպրոցի հետ հերթափոխվող աշխատանքի սիստեմն այդ երկու զբաղմունքներից յուրաքանչյուրը դարձնում է մյուսից հետո հանգստանալու և թարմանալու միջոց և, հետևաբար, շատ ավելի հարմար է երեխայի համար, քան այդ երկու զբաղմունքներից մեկի անընդհատությունը։ Այն երեխան, որը վաղ առավոտվանից նստած է դպրոցում, մանավանդ շոգ եղանակին, չի կարող մրցել այն մյուսի հետ, որն ավելի կայտառ և աշխույժ գալիս է իր աշխատանքից»<ref>«Reports of Insp. of Fact. for 3tst October 1865», էջ 118։ Մետաքսեղենի մեկ միամիտ գործարանատեր հետազոտիչ «Children’s Employment Commission»-ի անդամին հայտարարում է. «Ես լիովին համոզված եմ, որ լավ բանվորներ արտադրելու գաղտնիքը գտնված է. դա ուսուցման միացումն է աշխատանքի հետ մանուկ հասակից։ Իհարկե, աշխատանքը չպետք է ո՛չ չափազանց լարված լինի, ո՛չ վանող ու ո՛չ էլ առողջության համար վնասակար։ Ես կփափագեի, որ իմ սեփական երեխաներն էլ աշխատանք ու խաղ ունենային որպես դպրոցից հանգստանալու միզոց» («Children’s Employment Commission. 5th Report», էջ 82, № 36)։</ref>։ Հետագա ապացույցները կարելի է գտնել Սենիորի ճառում, որ նա ասել է 1863 թվականի Էդիենբուրգի սոցիոլոգական կոնգրեսում։ Նա այստեղ մատնանշում է ի միջի այլոց նաև այն, թե բարձր ու միջին դասարանների երեխաների միակողմանի անարտադրողական ու երկարատև դպրոցական օրն անօգուտ կերպով ավելացնում է ուսուցիչների աշխատանքը «և միևնույն ժամանակ երեխաներին ստիպում է ժամանակը, առողջությունն ու եռանդը ո՛չ միայն ապարդյուն, այլև բացարձակապես վնասակար կերպով վատնելու»<ref>Սենիորը «National Association for the Promotion of Social Science»-ի յոթերորդ տարեկան կոնգրեսի «Report of Proceedings»-ում, էջ 66։ Թե ինչ աստիճան խոշոր արդյունաբերությունը, զարգացման որոշ մակարդակի հասնելով, արտադրության նյութական եղանակն ու արտադրության հասարակական հարաբերությունները հեղաշրջելով՝ հեղաշրջում է կատարում նաև գլուխներում, դրա ցայտուն օրինակն է Ն. Վ. Սենիորի 1863 թվականի ճառի համեմատությունը 1833 թվականի գործարանային օրենքի դեմ ուղղված նրա ֆիլիպիկայի հետ, կամ հիշատակված կոնգրեսի հայացքների համեմատումը այն իրողության հետ, որ Անգլիայի որոշ գյուղական մասերում դեռ մինչև հիմա էլ սովամահ անելու սպառնալիքով աղքատ ծնողներին արգելում են իրենց երեխաներին ուսում տալ։ Այսպես, օրինակ, պարոն Սնելլը հաղորդում է, որ եթե Սոմերսետշիրում որևէ աղքատ մարդ դիմում է ծխական համայնքի օգնությանը, ապա հաստատված պրակտիկայի համաձայն նրան ստիպում են իր երեխաներին դպրոցից հանելու։ Այսպես, Ֆելտհեմի քահանա պ. Ուոլլեստոնը պատմում է դեպքեր, երբ որոշ ընտանիքների բացարձակապես մերժել են որևէ օժանդակություն, «որովհետև նրանք իրենց երեխաներին դպրոց են ուղարկում»։</ref>։ Ինչպես Ռոբերտ Օուենից կարելի է մանրամասն տեղեկանալ, գործարանային սիստեմից բողբոջեց ապագայի դաստիարակության սաղմը, երբ որոշ հասակից բարձր բոլոր երեխաների համար արտադրողական աշխատանքը միացվելու է դասավանդման ու մարմնամարզության հետ, ոչ միայն որպես հասարակական արտադրությունը բարձրացնելու միջոցներից մեկը, այլև իբրև միակ միջոց բազմակողմանիորեն զարգացած մարդիկ արտադրելու համար։ Մենք տեսանք, որ խոշոր արդյունաբերությունը տեխնիկապես ոչնչացնում է աշխատանքի մանուֆակտուրային բաժանումը, որն ամբողջ մարդուն ցմահ ամրակցում էր մի որոշ մասնական օպերացիայի, ընդհակառակը, խոշոր արդյունաբերության կապիտալիստական ձևը ավելի հրեշավոր կերպով է վերարտադրում աշխատանքի այդ բաժանումը, — բուն գործարանում՝ բանվորին դարձնելով մասնական մեքենայի գիտակցությամբ օժտված կցորդը, ամեն տեղ մասամբ, մեքենաների ու մեքենայական աշխատանքի սպորադիկ կիրառումով<ref>Այն դեպքերում, երբ մարդու ուժով շարժման մեջ դրվող արհեստային մեքենաներն ուղղակի կամ անուղղակի մրցում են զարգացած մեքենաների հետ, որոնք որպես այդպիսիներ ենթադրում են մեխանիկական շարժիչ ուժ, մի խոշոր փոփոխություն է կատարվում մեքենան բանեցնող բանվորի վերաբերմամբ։ Սկզբում շոգեմեքենան էր փոխարինում այդ բանվորին, հիմա նա պետք է փոխարինի շոգեմեքենային։ Այդ պատճառով նրա աշխատուժի լարումն ու ծախսումը հրեշավոր չափերի է հասնում, մանավանդ պատանիների համար, երբ նրանք ևս դատապարտվում են այդ տանջանքին։ Այսպես, հանձնաժողովի անդամ Լոնջը տեսել է, թե ինչպես Կովենտրիում ու շրջակայքում ժապավենահաստոցներ պտտեցնելու համար կիրառում էին 10—15 տարեկան տղաների, իսկ ավելի մանկահասակ երեխաները պետք է ավելի փոքրածավալ հաստոցներ պտտեցնեին։ Այս չափազանց ծանր աշխատանք է։ Տղաները պարզապես փոխարինում են շոգեուժը» («Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 114, № 6)։ «Ստրկության այս սիստեմի» ինչպես այն պաշտոնական հաշվետվությունն է անվանում, այդ սիստեմի սպանիչ հետևանքների մասին տե՛ս նույն և հաջ. էջերը։</ref>, մասամբ էլ կանանց, երեխաների ու ոչ-որակյալ աշխատանք մտցնելով, որպես աշխատանքի բաժանման նոր հիմք։ Աշխատանքի մանուֆակտուրային բաժանման և խոշոր արդյունաբերության էության հակասությունը բռնի կերպով ճանապարհ է հարթում իրեն համար։ Նա արտահայտվում է, ի միջի այլոց, այն սարսափելի իրողությամբ, որ արդի գործարաններում ու մանուֆակտուրաներում զբաղված և ամենաքնքույշ հասակից ամենատարրական մանիպուլյացիաների գամված երեխաների հսկայական մասն ամբողջ տարիներ շահագործվում է, հնարավորություն չունենալով որևէ այնպիսի աշխատանք սովորելու, որը հետագայում նրանց պիտանի դարձներ թեկուզ հենց նույն մանուֆակտուրայի կամ գործարանի համար։ Օրինակ, անգլիական տպարաններում հին մանուֆակտուրայի ու արհեստի սիստեմին համապատասխան սովորություն կար, որ աշկերտներն ավելի թեթև աշխատանքներից անցնում էին ավելի բովանդակալից աշխատանքների։ Աշկերտները ուսման դասընթաց էին անցնում, մինչև որ դառնում էին վարժված տպագրիչներ։ Կարդալ-գրել իմանալը բոլորի համար էլ անհրաժեշտ պայման էր արհեստի ասպարեզ մտնելու համար։ Այդ բոլորը փոխվեց տպագրական մեքենայի երևան գալու հետ միասին։ Նա պահանջում է երկու տեսակ բանվորներ — մի հասակավոր բանվոր, մեքենայի վերակացու, և փոքրահասակ, սովորաբար 11—17 տարեկան տղաներ, որոնց գործը բացառապես այն է, որ մեքենայի մեջ թղթի թերթեր դնեն կամ նրանից ընդունեն տպագրված թերթը։ Նրանք, մանավանդ Լոնդոնում, այդ հոգնեցուցիչ աշխատանքով զբաղված են շաբաթվա մեջ որոշ օրեր 14, 15, 16 ժամ անընդհատ, իսկ հաճախ էլ 36 ժամ իրար հետևից՝ ընդամենը երկու ժամ ընդմիջումով ուտելու և քնելու համար<ref>«Children’s Employment Commission. 5th Report 1866», էջ 3, № 24։</ref>։ Նրանց մի հսկայական մասը կարդալ չգիտե, նրանք, որպես ընդհանուր կանոն, բոլորովին վայրենացած, աննորմալ արարածներ են։ «Նրանց իրենց գործին ընդունակ դարձնելու համար ամենևին չի պահանջվում որևէ մտավոր կրթություն. նրանք քիչ հնարավորություն ունեն հմտություն ձեռք բերելու համար և է՛լ ավելի քիչ՝ մտավոր զարգացման համար. նրանց աշխատավարձը, թեև որոշ չափով բարձր է տղաների համար, չի ավելանում այն չափով, որով նրանք մեծանում են, և նրանց ճնշող մեծամասնությունը ոչ մի շանս չունի մեքենայի վերակացուի ավելի եկամտաբեր ու ավելի պատասխանատու դիրքը գրավելու, քանի որ ամեն մի մեքենայի միայն մեկ վերակացու և հաճախ 4 պատանի է ընկնում»<ref>Նույն տեղում, էջ 7, № 60։</ref>։ Հենց որ նրանք չափազանց մեծահասակ են դառնում իրենց երեխայական աշխատանքի համար, այն է՝ դառնում են ամենաշատը 17 տարեկան, նրանց արձակում են տպարանից։ Նրանք դառնում են հանցագործության թեկնածուներ։ Նրանց որևէ այլ զբաղմունք հայթայթելու մի քանի փորձերը խորտակվել են, բախվելով նրանց տգիտությանը, կոպտությանը, ֆիզիկական ու մտավոր հետամնացությանը։ Ինչ որ ասվեց աշխատանքի մանուֆակտուրային բաժանման մասին արհեստանոցի ներսում, իր նշանակությունը պահպանում է նաև աշխատանքի բաժանման համար հասարակության ներսում։ Քանի դեռ արհեստն ու մանուֆակտուրան կազմում են հասարակական արտադրության ընդհանուր հիմքը, արտադրողի ենթարկումը արտադրության բացառապես մի որոշ ճյուղին, նրա զբաղմունքների սկզբնական բազմազանության<ref>«Լեռնային Շոտլանդիայի մի քանի մասերում... շատ հովիվներ ու կոտտերներ, կանանց ու երեխաների հետ, համաձայն վիճակագրական հաշվետվությունների, ման էին գալիս այնպիսի ոտնամաններով, որ իրենք էին կարում իրենց պատրաստած կաշուց, այնպիսի շորերով, որոնց ոչ մի ուրիշ ձեռք չէր դիպել, բացի իրենց սեփական ձեռքերից, և սրանց նյութը իրենք էին խուզել ոչխարների վրայից, և որոնց համար վուշը իրենք էին մշակում։ Հագուստ պատրաստելիս հազիվ էր որևէ գնված իր գործածվում, բացի հերյունից, ասեղից, մատնոցից ու ջուլհակության մեջ կիրառվող երկաթե գործիքների շատ սակավաթիվ մասերից։ Ներկերը իրենք կանայք էին հայթայթում ծառերից, թփերից ու խոտերից և այլն» (Dugald Stewart: «Works», հրատ. Hamilton, հ. VIII, էջ 327—328)։</ref> խորտակումը զարգացման անհրաժեշտ մոմենտն են։ Հիշյալ հիմքի վրա արտադրության ամեն մի առանձին ճյուղ էմպիրիկ ճանապարհով գտնում է իրեն համապատասխանող տեխնիկական կառուցվածքը, դանդաղ կատարելագործում է այն և արագ բյուրեղացնում, հենց որ ձեռք է բերված հասունության որոշ աստիճան։ Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք առաջ են գալիս, բացի առևտրի մատակարարած նոր աշխատանյութից, աշխատանքի գործիքի աստիճանական փոփոխությունից։ Բայց երբ արդեն էմպիրիկ կերպով գտնվել է գործիքի համապատասխան ձևը, քարանում է նաև աշխատանքի գործիքը, ինչպես այդ ցույց է տալիս նրա հաճախ հազարամյակներ տևող անցումը մեկ սերնդի ձեռքից մի ուրիշ սերնդի ձեռքը։ Բնորոշ է, որ մինչև XVIII դարը առանձին արհեստներ կոչվում էին mysteries (mystères) [գաղտնիքներ]<ref>Էտյեն Բուալոյի հռչակավոր «Livre des métiers»-ում ի միջի այլոց պատվիրվում է, որ ենթավարպետը վարպետների շարքն ընդունվելիս երդվեր «եղբայրաբար սիրել արհեստի գծով իր եղբայրներին, նրանց օժանդակել, կամովին չհայտնել ուրիշներին արհեստի գաղտնիքները և, նույնիսկ ամբողջ համքարության շահի համար, գնորդի ուշադրությունը չդարձնել ուրիշների պրոդուկտների թերությունների վրա՝ իր սեփական ապրանքը հանձն արարելու նպատակով»։</ref>, որոնց խորքերը կարող էր թափանցել միայն էմպիրիկորեն և պրոֆեսիոնալ կերպով նվիրյալը։ Խոշոր արդյունաբերությունը պատռեց այն քողը, որը մարդկանցից ծածկում էր արտադրության նրանց սեփական հասարակական պրոցեսը և արտադրության տարերայնորեն առանձնացած տարբեր ճյուղերը դարձնում էր առեղծվածներ միմյանց նկատմամբ ու նույնիսկ ամեն մի ճյուղին նվիրվածի համար։ Խոշոր արդյունաբերության սկզբունքը — արտադրության ամեն մի պրոցես, վերցրած ինքնըստինքյան ու ամենից առաջ՝ առանց նկատի ունենալու մարդկային ձեռքը, տրոհել իր բաղկացուցիչ տարրերին — առաջ բերեց տեխնոլոգիայի ամբողջ արդի գիտությունը։ Արտադրության հասարակական պրոցեսի խայտաբղետ, ըստ երևույթին ներքին կապակցվածությունից զուրկ և քարացած տեսակները տարրալուծվեցին բնագիտության կիրառման գիտակցականորեն պլանաչափ, ցանկալի օգտակար էֆեկտի համաձայն սիստեմատիկորեն անդամատված բնագավառների։ նմանապես տեխնոլոգիան հայտնագործեց շարժման այն սակավաթիվ մեծ հիմնական ձևերը, որոնցով անխախտորեն շարժվում է մարդկային մարմնի ամբողջ արտադրողական գործունեությունը, չնայած կիրառվող գործիքների ամբողջ բազմազանությանը,— ինչպես որ մեխանիկան, չնայած մեքենաների մեծագույն բարդությանը, չի խաբվում այն առթիվ, որ նրանք բոլորը տարրական մեխանիկական ուժերի մշտական կրկնությունն են։ Արդի արդյունաբերությունը արտադրության պրոցեսի գոյություն ունեցող ձևը երբեք չի դիտում ու մեկնաբանում որպես վերջնական ձև։ Այդ պատճառով նրա տեխնիկական բազիսը ռևոլյուցիոն է, այնինչ արտադրության բոլոր նախկին եղանակների բազիսը ըստ էության պահպանողական էր<ref>«Բուրժուազիան չի կարող գոյություն ունենալ առանց անընդհատ հեղաշրջումներ առաջացնելու արտադրության գործիքների մեջ, հետևաբար և առանց ռևոլյուցիոնացնելու արտադրական հարաբերությունները, ուրեմն և հասարակական հարաբերությունների ամբողջությունը։ Ընդհակառակը, բոլոր նախկին արդյունաբերական դասակարգերի գոյության առաջին պայմանը կազմում էր արտադրության հին եղանակի անփոփոխ պահպանումը։ Արտադրության անընդհատ հեղաշրջումները, հասարակական բոլոր հարաբերությունների անընդհատ ցնցումները, հավիտենական անվստահությունն ու շարժումը տարբերում են բուրժուական դարաշրջանը բոլոր նախորդ դարաշրջաններից։ Բոլոր քարացած, ժանգոտած հարաբերությունները նրանց ուղեկցող դարերով սրբագործված պատկերացումների և հայացքների հետ միասին կործանվում են, իսկ նոր առաջացողները տակավին չոսկրացած, դարձյալ հնացած են դուրս գալիս։ Ամեն դասային և. քարացած բան չքանում է, ամեն սրբազան բան պղծվում, և մարդիկ վերջիվերջո հանգում են իրենց կենսական դրության և իրենց փոխադարձ հարաբերությունների վրա զգաստ աչքերով նայելու անհրաժեշտությանը» (F.. Engels und Karl Marx: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 5)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «Կոմունիստական պարտիայի մանիֆեստը»։ Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, Երկ., հատ, V, էջ 485]։</ref>։ Մեքենաների, քիմիական պրոցեսների ու այլ մեթոդների միջոցով նա արտադրության տեխնիկական բազիսի, իսկ դրա հետ միասին նաև բանվորների ֆունկցիաների ու աշխատանքի պրոցեսի հասարակական կոմբինացիաների մեջ շարունակ հեղաշրջումներ է առաջ բերում։ Այդպիսով, նա նույնքան անընդհատ ռևոլյուցիոնացնում է աշխատանքի բաժանումը հասարակության ներսում և կապիտալի մասսաներն ու բանվորների մասսաներն անընդհատ նետում է արտադրության մեկ ճյուղից մյուսը։ Ուստի խոշոր արդյունաբերության բնույթը պայմանավորում է աշխատանքի փոփոխությունը, ֆունկցիաների շարժումը, բանվորի բազմակողմանի շարժունությունը։ Մյուս կողմից, իր կապիտալիստական ձևով նա վերարտադրում է աշխատանքի հին բաժանումը նրա քարացած մասնագիտությունների հետ միասին։ Մենք տեսանք, թե ինչպես այս բացարձակ հակասությունը ոչնչացնում է բանվորի կենսավիճակի ամեն մի հանգստություն, կայունություն, ապահովվածություն, շարունակ սպառնում է աշխատանքի միջոցների հետ կենսամիջոցներն էլ խլել նրա ձեռքից<ref><poem>«You take my life,When you do take the means whereby I live».</poem>[«Կենսամիջոցներից զրկելով — ամբողջ կյանքից եք զրկում»։]<br>(Շեքսպիր։ [Երկ. հ. II, Պետհրատ, 1930 թ., «Վենետիկի վաճառականը», Պ. Վեյնբերգի ռուս. թարգմանությունից, էջ 296։])</ref> և բանվորի մասնական ֆունկցիայի հետ նրան իրեն էլ ավելորդ դարձնել. թե ինչպես այդ հակասությունը կատաղորեն արտահայտվում է բանվոր դասակարգի անընդհատ հեկատոմբների մեջ, աշխատուժերի անչափ վատնման մեջ և հասարակական անարխիայի հետ կապված ամայացումների մեջ։ Այս բացասական կողմն է։ Բայց եթե աշխատանքի փոփոխությունը հիմա իր առաջ ճանապարհ է բացում միայն որպես բնական անհաղթահարելի օրենք և բնական օրենքին հատուկ կույր ավերիչ ուժով, որն ամեն տեղ արգելքների է բախվում<ref>Մի ֆրանսիացի բանվոր Սան-Ֆրանցիսկոյից վերադառնալուց հետո գրում է. «Ես երբեք մտքովս էլ չէի անցկացնում, թե ընդունակ եմ զբաղվելու այն բոլոր արհեստներով, որոնցով Կալիֆորնիայում իսկապես զբաղվում էի։ Ես խորապես համոզված էի, որ, բացի գրատպությունից, ուրիշ ոչ մի բանի պետքական չեմ... Ընկնելով բախտախնդիրների այդ աշխարհի խորքերը, որոնք իրենց արհեստն ավելի հեշտությամբ են փոխում, քան դուք ձեր շապիկը,— հավատացե՛ք,— ես այնպես էի վարվում, ինչպես մնացածները։ Որովհետև հանքափորի գործը անձնապես օգտավետ չէր, այն թողի ու գնացի քաղաք, որտեղ ես հաջորդաբար դարձա տպագրիչ, տանիքագործ, արճիճ ձուլող և այլն։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ ես պիտանի եմ ամեն մի աշխատանքի, ես ավելի քիչ եմ ինձ մոլլյուսկ զգում և ավելի շատ՝ մարդ» (A. Conrbon: «De l’Enseignement professionell, 2-րդ հրատ., էջ 50)։</ref>, ապա, մյուս կողմից, խոշոր արդյունաբերությունն ինքն իր կատաստրոֆներով կյանքի ու մահվան հարց է դարձնում աշխատանքի փոփոխության, ուստի և բանվորների ըստ կարելույն ավելի մեծ բազմակողմանիության ճանաչումը՝ որպես հասարակական արտադրության ընդհանուր օրենք, որի նորմալ իրականացմանը պետք է հարմարեցվեն հարաբերությունները։ Նա որպես կյանքի ու մահվան հարց դնում է այս խնդիրը.— կապիտալի կողմից կատարվող շահագործման փոփոխվող պահանջմունքների համար որպես պահեստի բանակ պահվող բանվորական թշվառ ռեզերվային բնակչության հրեշավորությունը փոխարինել մարդու բացարձակ պիտանիությամբ աշխատանքի փոփոխվող պահանջմունքների համար, մասնագործ բանվորին, հասարակական մասնական որոշ ֆունկցիայի այդ սոսկական կրողին, փոխարինել բազմակողմանիորեն զարգացած անհատով, որի համար տարբեր հասարակական ֆունկցիաները կենսագործունեության միմյանց հաջորդափոխող եղանակներ են։ Հեղաշրջման այդ պրոցեսի մոմենտներից մեկը, որը տարերայնորեն զարգացել է խոշոր արդյունաբերության հիմքի վրա, պոլիտեխնիկական ու գյուղատնտեսական դպրոցներն են մի ուրիշ մոմենտը՝ «êcoles d’enseignement professionnel»-ը [պրոֆեսիոնալ դպրոցները], որտեղ բանվորների երեխաները տեխնոլոգիայի և արտադրության տարբեր գործիքների պրակտիկ կիրառման մասին որոշ ծանոթություն են ձեռք բերում։ Եթե գործարանային օրենսդրությունը, որպես կապիտալից խլված առաջին խղճուկ զիջումը, գործարանային աշխատանքի հետ միայն տարրական ուսումն է կապում, ապա ոչ մի կասկած չի կարող լինել, որ բանվոր դասակարգի կողմից քաղաքական իշխանության անխուսափելի նվաճումը տեխնոլոգիական թե՛ թեորիական և թե՛ գործնական ուսուցման համար էլ պատշաճ տեղ կնվաճի բանվորական դպրոցներում։ Բայց ոչ մի կասկածի ենթակա չէ նաև այն, որ արտադրության կապիտալիստական ձևը և բանվորների տնտեսական այն հարաբերությունները, որոնք համապատասխանում են այղ ձևին, իսպառ հակասում են հեղաշրջման այդպիսի ֆերմենտներին ու նրանց նպատակին՝ աշխատանքի հին բաժանման ոչնչացմանը։ Սակայն արտադրության պատմական որոշ ձևի հակասությունների զարգացումը նրա քայքայման և նորի գոյացման միակ պատմական ուղին է։ «Ne sutor ultra crepidam!» [«Կոշկակա՜ր, կաղապարներդ ճանաչի՛ր»] Արհեստային իմաստության այս nec plus ultra-ն սարսափելի տխմարության փոխարկվեց այն րոպեից, երբ ժամագործ Ուատտը հնարեց շոգեմեքենան, սափրիչ Արկրայտը՝ մանամեքենան, ոսկերիչ բանվոր Ֆուլտոնը՝ շոգենավը<ref>Ջոն Բելլերսը, որ մի իսկական ֆենոմեն է քաղաքատնտեսության պատմության մեջ, XVII դարի վերջում արդեն լիակատար հստակությամբ ըմբռնում էր այժմյան դաստիարակության և աշխատանքի բաժանումը ոչնչացնելու անհրաժեշտությունը, որոնք հասարակության երկու բևեռներում, թեկուզ և հակառակ ուղղությամբ, հիպերտրոֆիա և ատրոֆիա են ծնում։ Նա շատ լավ նկատում է ի միջի այլոց. «Պարապ ուսումը միայն մի քիչ ավելի լավ է, քան պարապություն սովորելը... Ֆիզիկական աշխատանքն աստծու սահմանած առաջին բանն է... Աշխատանքը նույնպես հարկավոր է մարմնի առողջության համար, ինչպես սնունդը նրա կյանքի համար, որովհետև այն անախորժությունները, որոնցից մարդ ազատվում է պարապությամբ, նրան կվիճակվեն որպես հիվանդություններ... Աշխատանքը յուղ է ավելացնում կյանքի լապտերի մեջ, իսկ միտքը վառում է այն... Մանկական դատարկ աշխատանքը երեխաների միտքը դատարկ է թողնում» (սրանք մարգարեական առարկություններ են Բազեդովի ու նրա այժմյան ձայնակիցների դեմ) («Proposals for raising a College of Industry of all useful Trades and Husbandry». London 1696, էջ 12, 14, 16, 18)։</ref>։ Քանի դեռ գործարանային օրենսդրությունը կարգավորում է աշխատանքը գործարաններում, մանուֆակտուրաներում և այլն, սկզբում այդ սոսկ մի միջամտություն է կապիտալի շահագործման իրավունքների մեջ։ Ընդհակառակը, այսպես կոչված՝ տանը կատարվող աշխատանքի ամեն մի կարգավորում<ref>Ասենք, այս մի զգալի չափով նույն բնույթն է կրում նաև այն դեպքերում, երբ կատարվում է մանր արհեստանոցներում, ինչպես մենք այդ տեսանք ժանեկային մանուֆակտուրայի ու ծղոտագործության օրինակներից, և ինչպես ավելի հանգամանորեն կարելի էր տալ հատկապես Շեֆֆիլդի, Բիրմինհամի և այլ վայրերի մետաղեղենի մանուֆակտուրաների օրինակով։</ref> հենց սկզբից երևան է գալիս որպես ուղղակի ներխուժում patria potestas-ի [հոր իրավունքների] մեջ, այսինքն՝ արդի լեզվով արտահայտած՝ ծնողական իշխանության մեջ, մի քայլ, որից սաստիկ ջղաձգությամբ երկար ժամանակ ընկրկում էր անգլիական նրբանկատ պառլամենտը։ Սակայն փաստերի ուժը հարկադրեց վերջապես ընդունելու, որ խոշոր արդյունաբերությունը հին ընտանիքի տնտեսական բազիսի ու նրան համապատասխանող ընտանեկան աշխատանքի հետ խորտակում է նաև ընտանեկան հին հարաբերությունները։ Անհրաժեշտ էր հռչակել երեխաների իրավունքը։ «Դժբախտաբար,— ասված է «Children’s Employment Commission»-ի 1866 թվականի եզրափակիչ հաշվետվության մեջ,— վկաների բոլոր ցուցմունքներից պարզ երևում է, որ երկու սեռի երեխաները ոչ ոքից այն աստիճան պաշտպանվելու կարիք չունեն, որքան իրենց ծնողներից»։ Ընդհանրապես երեխաների աշխատանքի և հատկապես տանը կատարվող նրանց աշխատանքի անչափ շահագործման սիստեմը «նրանով է պահպանվում, որ ծնողներն անզուսպ կերպով ու առանց վերահսկողության օգտագործում են իրենք կամայական ու կորստաբեր իշխանությունն իրենց մատաղահաս ու քնքուշ սերնդի վրա... Ծնողները չպետք է բացարձակ իշխանություն վայելեն իրենց երեխաներին դարձնելու հասարակ մեքենաներ շաբաթական այսքան վաստակ ձեռք բերելու համար... Երեխաներն ու դեռահասներն օրենսդրության պաշտպանությունը վայելելու իրավունք ունեն ծնողական իշխանության այն չարաշահման դեմ, որը վաղաժամ քայքայում է նրանց ֆիզիկական ուժերը և նվաստացնում է նրանց բարոյական ու մտավոր էությունը<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 162, և 2nd Report, էջ XXXVIII, № 285, 289. էջ XXV, XXVI, № 191։</ref>։ Սակայն ո՛չ թե ծնողական իշխանության չարաշահումն է ստեղծել դեռահաս աշխատուժերի ուղղակի կամ անուղղակի շահագործումը կապիտալի կողմից, այլ, ընդհակառակը, շահագործման կապիտալիստական եղանակը, վերացնելով ծնողական իշխանությանը համապատասխանող տնտեսական բազիսը, այդ իշխանությունը դարձրել է չարաշահում։ Բայց որքան էլ սարսափելի ու գարշելի է հին ընտանիքի քայքայումը կապիտալիստական սիստեմի պայմաններում, այնուամենայնիվ, խոշոր արդյունաբերությունը, վճռական դերը հատկացնելով կանանց, երկու սեռի դեռահասներին ու երեխաներին արտադրության հասարակականորեն կազմակերպված պրոցեսում տնային ոլորտից դուրս, տնտեսական հիմք է ստեղծում ընտանիքի ու երկու սեռի հարաբերությունների ավելի բարձր ձևի համար։ Հասկանալի է, որ նույնպիսի անհեթեթություն է բացարձակ համարել ընտանիքի քրիստոնեական-գերմանական, ինչպես և հին-հռոմեական կամ հին-հունական կամ արևելյան ձևը, որոնք ի միջի այլոց, իրար հետ կապակցված, զարգացման մի միասնական պատմական շարք են կազմում։ Ակներև է, որ երկու սեռի ու տարբեր տարիքի անհատներից աշխատանքային կոմբինացված անձնակազմի ստեղծումը իր տարերային բիրտ, կապիտալիստական ձևով, երբ բանվորն է արտադրության պրոցեսի համար, և ոչ թե արտադրության պրոցեսը՝ բանվորի համար,— լինելով կորստյան ու ստրկության մի ժանտախտավոր աղբյուր, համապատասխան պայմաններում, րնդհակառակը, պետք է փոխարկվի մարդկայնական զարգացման աղբյուրի»<ref>«Գործարանային աշխատանքը կարող է նույնքան մաքուր ու հաճելի լինել... որքան և. տնային աշխատանքը, իսկ հավանորեն գուցե և է՛լ ավելի» («Reports of Insp. of Fact. for 31st October 1865», էջ 129)։</ref>։ Գործարանային օրենքը բացառապես մանագործարանների ու մանածագործարանների, մեքենայական արտադրության այդ նախագոյացումների համար հրապարակված օրենքից հասարակական ամբողջ արտադրության օրենք դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես տեսանք, բխում է խոշոր արդյունաբերության զարգացման պատմական ընթացքից, որի հետին պլանում կատարյալ ռևոլյուցիա է ապրում մանուֆակտուրայի, արհեստի և տանը կատարվող աշխատանքի ավանդական կառուցվածքը — մանուֆակտուրան շարունակ փոխարկվում է գործարանի, արհեստը՝ մանուֆակտուրայի, և, վերջապես, արհեստի ու տանը կատարվող աշխատանքի ոլորտները զարմանալիորեն կարճ ժամանակում դառնում են խղճուկ որջեր, որտեղ կապիտալիստական շահագործումն իր հրեշավոր, սանձարձակ խրախճանքներն է կատարում։ Երկու հանգամանք, վերջիվերջո, վճռական դեր են խաղում.— առաջին՝ միշտ նորից կրկնվող այն դիտողությունը, որ կապիտալը որքան դեռ հասարակական պերիֆերիայի մի քանի առանձին կետերում է ընկնում պետական վերահսկողության տակ, այնքան անսահման է իրեն վարձատրում ուրիշ կետերում<ref>Նույն տեղում, էջ 27, 32։</ref>, երկրորդ՝ հենց իրենց՝ կապիտալիստների վայնասունը կոնկուրենցիայի պայմանների հավասարության, այսինքն՝ աշխատանքի շահագործման հավասար սահմանների մասին<ref>Դրա բազմաթիվ ապացույցները տե՛ս «Reports of Insp. of Fact.»։</ref>։ Այս մասին լսենք մի երկու խոր հառաչանք։ Պարոնայք Վ. Կուքսլիները (մեխերի, շղթաների և այլ իրերի գործարանատերեր Բրիստոլում) կամովին իրենց ձեռնարկության մեջ կիրառեցին աշխատանքային օրվա սահմանափակումը. «Որովհետև հին չկարգավորված սիստեմը շարունակում է գոյություն ունենալ հարևան ձեռնարկություններում, ապա իրենք այն անարդարությանն են ենթարկվում, որ իրենց դեռահաս բանվորներին որևէ այլ տեղ են գայթակղեցնում (enticed) երեկոյան ժամի 6-ից հետո աշխատելու համար»։ «Այս,— ասում են նրանք բնականաբար,— մի անարդարություն է մեր նկատմամբ և կորուստ է մեզ հա֊ մար, որովհետև այդպիսով սպառվում է դեռահասների ուժի մի մասը, որի օգուտը ամբողջովին մեզ պետք է պատկանի»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ X, № 35։</ref>։ Պ-ն Ջ. Սիմպսոնը (թղթե տոպրակների ու տուփերի գործարանատեր Լոնդոնում) «Children’s Employment Commission»-ի անդամներին հայտարարում է. «Նա պատրաստ է գործարանային օրենքներ մտցնելու օգտին ամեն մի պետիցիայի տակ ստորագրելու։ Այժմյան վիճակում նա շարունակ իրեն միշտ անհանգիստ է զգում գիշերը («he always felt restless at night») արհեստանոցը փակելուց հետո, մտածելով, թե ուրիշները ստիպում են ավելի երկար աշխատելու և նրա պատվերները թռցնում են քթի տակից»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ IX, № 28։</ref>։ Ավելի խոշոր ձեռնարկատերերի նկատմամբ անարդարություն կլիներ,— ամփոփելով ասում է «Children’s Employment Commission»-ը,— նրանց գործարանները կարգավորման ենթարկելն այն ժամանակ, երբ հենց նրանց արդյունաբերության ճյուղում մանր ձեռնարկություններն աշխատանքի ժամանակի օրենսդրական ոչ մի սահմանափակման ենթակա չեն։ Կոնկուրենցիայի անհավասար պայմանների անարդարությանը, աշխատաժամերի թվի սահմանափակումը փոքր արհեստանոցների վրա չտարածելու այդ հետևանքին, ավելի խոշոր գործարանատերերի համար կավելանար նաև այն վնասը, որ դեռահասների ու կանանց աշխատանքի առաջարկը նրանցից թեքվում է դեպի գործարանային օրենքների կողմից խնայված արհեստանոցները։ Վերջապես, այդ խթան կծառայեր բազմացնելու ավելի մանր արհեստանոցների թիվը, որոնք համարյա բոլորն էլ ամենից քիչ են նպաստավոր ժողովրդի առողջության, հարմարության, դաստիարակության և նրա վիճակի ընդհանուր բարելավման համար»<ref>«Children’s Employment Commission. 5th Report», էջ XXV, № 165—167։ Այն առավելությունների մասին, որ խոշոր արտադրությունն ունի գաճաճային արտադրության նկատմամբ, հմմտ. «Children’s Employment Commission. 3rd Report», էջ 13, № 144. էջ 25, № 121, էջ 26, № 125. էջ 27, № 140 և այլն։</ref>։ «Children’s Employment Commission»-ը իր եզրափակիչ հաշվետվության մեջ առաջարկում է գործարանային օրենքը տարածել 1 400 000-ից ավելի երեխաների, դեռահասների ու կանանց վրա, որոնց մոտավորապես կեսին շահագործում են մանր արտադրությունը և տանը կատարվող աշխատանքը<ref>Արդյունաբերության ճյուղերը, որոնց վրա պետք է տարածվեր գործարանային օրենքների ներգործությունը, սրանք են. ժանեկագործական մանուֆակտուրան, գուլպայագարծությունը, ծղոտագործությունը, հագուստի պատկանելիքների մանուֆակտուրան՝ իր բազմաթիվ տեսակներով, արհեստական ծաղիկների արտադրությունը, ոտնամանների, գլխարկների ու ձեռնոցների արտադրությունը, դերձակությունը, մետաղեղենի բոլոր գործարանները՝ դոմնային հնոցներից սկսած մինչև ասեղագործարանները և այլև, թղթագործարանները, ապակեղենի մանուֆակտուրաները, ծխախոտի մանուֆակտուրաները, ռեզինի արտադրությունը, բյորդերի պատրաստումը (ջուլհակության համար), ձեռքով գորգագործությունը, հովանոցների մանուֆակտուրան, իլիկների ու մասրաների արտադրությունը, գրատպությունը, կազմարարությունը, գրենական պիտույքների առևտուրը (Stationery, ընդ որում սրա մեջ մտնում է նաև թղթատուփերի, քարտեզների, թղթաներկերի և այլն պատրաստումը), ճոպանագործությունը, ագատե զարդարանքների մանուֆակտուրան, աղյուսագործարանները, ձեռքով մետաքսագործությունը, մետաքսաժապավենների արտադրությունը [Coventry-Weberei], աղի, մոմի ու ցեմենտի գործարանները, ռաֆինադ շաքարի արտադրությունը, բիսկվիտի արտադրությունը, փայտամշակման և ուրիշ զանազան խառն աշխատանքներ։</ref>։ «Եթե,— ասում է հանձնաժողովը,— պառլամենտը մեր առաջարկը ամբողջ ծավալով ընդունի, ապա, անկասկած, այդպիսի օրենսդրությունն ամենաբարերար ազդեցություն կգործի ո՛չ միայն դեռահասների ու թույլերի վրա, որոնց նա վերաբերում է աոաջին հերթին, այլև չափահաս բանվորների հսկայական մասսայի վրա, որոնք նրա ներգործության ոլորտի մեջ կմտնեն ուղղակի (կանայք) կամ անուղղակի (տղամարդիկ) ձևով։ Օրենսդրությունը նրանց կհարկադրեր կանոնավորելու, կրճատելու աշխատաժամանակը. նա կսկսեր տնտեսել ու կուտակել ֆիզիկական ուժի այն պաշարը, որից այնքան կախված է նրանց սեփական բարեկեցությունն ու երկրի բարեկեցությունը. նա աճող սերնդին կպաշտպաներ վաղ հասակում տեղի ունեցող ծայրահեղ լարումից, որը քայքայում է նրանց օրգանիզմը և վաղաժամ զառամության է հասցնում. վերջապես, նա տարրական ուսում ստանալու հնարավորություն կտար առնվազն մինչև 13 տարեկան երեխաներին և դրանով վերջ կդներ այն աներևակայելի տգիտությանը, որն այնպես ճիշտ նկարագրված է հանձնաժողովի հաշվետվությունների մեջ, և որը կարելի է միայն ազգային ստորացման տանջալից կսկիծով ու խոր զգացումով դիտելն<ref>Նույն տեղում, էջ XXV, № 169։<br>319a Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը] անցավ 1867 թ. օգոստոսի 12-ին։ Այդ օրենքը կարգավորում է մետաղաձուլական, դարբնոցային ու մետաղամշակման բոլոր գործարանները, ներառյալ նաև մեքենայագործարանները, հետո՝ ապակեղենի, թղթի, գուտապերչի, կաուչուկի, ծխախոտի մանուֆակտուրաները, տպարանները, կազմատները, վերջապես, այն բոլոր արհեստանոցները, որտեղ 50 հոգուց ավելի մարդ է զբաղված։— House of Labour Regulation Act-ը [Աշխատանքի ժամերը կարգավորող օրենքը], որ անցավ 1867 թ. օգոստոսի 17-ին, կարգավորում է ավելի մանր արհեստանոցներն ու, այսպես կոչված, տանը կատարվող աշխատանքը։<br>Այդ օրենքներին, 1872 թվականի նոր Mining Act-ին [Հանքերի վերաբերյալ օրենքին] և մյուսներին ես կվերադառնամ II հատորում։</ref>։ Տորիական մինիստրությունը 1867 թ. փետրվարի 5-ի գահական ճառում ազդարարեց, որ նա արդյունաբերությունը հետազոտող հանձնաժողովի առաջարկ ները [''Տես 319a ծանոթ.''] ձևակերպել է «բիլլերի» մեջ։ Դրա համար մինիստրությանը հարկավոր եղավ քսանամյա մի նոր experimentum in corpore vili [արժեք չունեցող կենդանի մարմնի վրա կատարվող փորձ]։ 1840 թվականին արդեն նշանակվեց մի պառլամենտական հանձնաժողով երեխաների աշխատանքը հետազոտելու համար։ 1842 թվականի նրա հաշվետվությունը, Ն. Վ. Սենիորի ասելով, «բաց արեց կապիտալիստների ու ծնողների ագահության, եսամոլության ու դաժանության, երեխաների ու դեռահասների օրգանիզմի թշվառացման, անկման ու քայքայման մի այնպիսի ամենասարսափելի պատկեր, որ հազիվ թե երբևիցե տեսել էր աշխարհը... Կարելի էր դեռ մխիթարվել, եթե հաշվետվությունը անցյալ ժամանակի սարսափները նկարագրեր։ Բայց, դժբախտաբար, մեր առաջ դրված են տեղեկություններ այն մասին, որ այդ սարսափները շարունակվում են նույնպիսի ինտենսիվությամբ, ինչպես երբևիցե առաջներում։ Մի բրոշյուր, որ երկու տարի առաջ հրատարակեց Հարդուիկը, հայտարարում է, թե 1842 թվականի տխուր չարաշահությունները լիովին պահպանում են իրենց ուժը նաև ներկայումս (1863 թ.)... Այգ (1842 թվականի) հաշվետվությունն անուշադրության մատնված մնաց քսան տարի շարունակ, որի ընթացքում հիշյալ երեխաներին, որոնք մեծացել էին առանց ամենափոքր գաղափար ունենալու ո՛չ այն մասին, ինչ մենք բարոյականություն ենք անվանում, ո՛չ էլ դպրոցական կրթության, կրոնի, ընտանեկան բնական սիրո մասին, այդ երեխաներին թույլ տվին այժմյան սերնդի ծնողներ դառնալ»<ref>Senior: «Social Science Congress». [Edinburgh 1863], էջ 55—58։</ref>։ Մինչ այդ հասարակական դրությունը փոխվեց։ Պառլամենտը չհամարձակվեց մերժել 1863 թվականի հանձնաժողովի պահանջները, ինչպես իր ժամանակին մերժել էր 1842 թվականի պահանջները։ Ուստի 1864 թվականին արդեն, երբ հանձնաժողովը հրատարակեց իր հաշվետվությունների միայն մի մասը, կավեղեն ապրանքների արդյունաբերությունը (ներառյալ բրուտությունը), պաստառների, լուցկու, փամփուշտների ու պատիճների արտադրությունը, ինչպես և թավշի խուզումը, ենթարկվեցին մինչև այդ մանածագործական արտադրության վրա իր ուժը տարածած օրենքին։ 1867 թվականի փետրվարի 5-ի գահական ճառում այն ժամանակվա տորիական կաբինետը հայտարարեց հետագա բիլլերը, որոնք հիմնված էին հանձնաժողովի եզրափակիչ առաջարկների վրա, որը 1866 թվականին արդեն ավարտել էր իր աշխատանքները։ 1867 թվականի օգոստոսի 15-ին թագավորական վավերացում ստացան Factory Acts Extension Act-ը [Գործարանային օրենքը արդյունաբերության նոր ճյուղերի վրա տարածելու լրացուցիչ օրենքը], իսկ նույն թվականի օգոստոսի 21-ին՝ Workshops’ Regulation Act-ը [Արհեստանոցների կարգավորման օրենքը]. առաջին օրենքը կարգավորում է խոշոր, վերջինը՝ մանր ձեռնարկությունները։ Factory Acts Extension Act-ը գործարանային օրենքին է ենթարկում դոմնային հնոցները, երկաթագործարաններն ու պղնձագործարանները, ձուլարանները, մեքենաների գործարանները, մետաղեղենի արհեստանոցները, գուտապերչի, թղթի, ապակու, ծխախոտի գործարանները, այնուհետև՝ տպարաններն ու կազմատները և ընդհանրապես այդ տեսակի բոլոր արդյունաբերական արհեստանոցները, եթե այնտեղ տարվա ընթացքում առնվազն 100 օր միաժամանակ զբաղված են 50 կամ ավելի մարդ։ Այդ օրենքի ընդգրկած բնագավառների չափերի մասին պատկերացում տալու համար բերենք նրա սահմանած որոշումներից մի քանիսը. «'''Արհեստ''' (այս օրենքի մեջ) պետք է նշանակի՝ ամեն մի ձեռքի աշխատանք, որը կատարվում է որպես պրոֆեսիա կամ զբաղմունք՝ վաճառելու նպատակով որևէ ապրանք կամ նրա մի մասը պատրաստելու, փոփոխելու, զարդարելու, նորոգելու կամ վերջնամշակման ենթարկելու համար կամ առթիվ։ 
<references>
Վստահելի
1396
edits