Changes

«'''Արհեստ''' (այս օրենքի մեջ) պետք է նշանակի՝ ամեն մի ձեռքի աշխատանք, որը կատարվում է որպես պրոֆեսիա կամ զբաղմունք՝ վաճառելու նպատակով որևէ ապրանք կամ նրա մի մասը պատրաստելու, փոփոխելու, զարդարելու, նորոգելու կամ վերջնամշակման ենթարկելու համար կամ առթիվ։
 
«'''Արհեստանոց''' պետք է նշանակի՝ ամեն մի սենյակ կամ տեղ, ծածկված կամ բաց երկնքի տակ, որտեղ որոշ «արհեստով» զբաղված է որևէ երեխա, դեռահաս կամ կին, և որոնց նկատմամբ այդպիսի երեխայի, դեռահասի կամ կնոջ զբաղմունք տվող անձը մուտքի ու վերահսկողության իրավունք ունի։
 
«'''Զբաղված''' պետք է նշանակի՝ որևէ «արհեստի» մեջ աշխատող, վարձով կամ առանց վարձի, վարպետի կամ ծնողներից մեկի ձեռքի տակ, ինչպես ներքևում ավելի մանրամասն որոշված է։
 
«'''Ծնողներ''' պետք է նշանակի՝ հայր, մայր, խնամակալ կամ այլ անձ, որին պատկանում է որևէ... երեխայի կամ դեռահասի նկատմամբ խնամակալության կամ հսկողության իրավունքը»։
 
7-րդ հոդվածը, երեխաներին, դեռահասներին ու կանանց այդ օրենքի որոշումների հակառակ զբաղեցնելու համար պատիժներ սահմանող հողվածը, փողային տուգանքներ է դնում ո՛չ միայն արհեստանոցի տիրոջ վրա, ծնողներից մեկը կլինի նա թե ոչ, այլև «ծնողների և ուրիշ անձերի վրա, որոնց խնամակալության տակ է գտնվում երեխան, դեռահասը կամ կինը, կամ որոնք ուղղակի օգուտ են ստանում նրանց աշխատանքից»։
 
Factory Acts Extension Act-ը, որը տարածվում է խոշոր ձեռնարկությունների վրա, հիմնական գործարանային օրենքից շատ ետ է մնում բազմաթիվ խղճուկ բացառությունների և կապիտալիստների հետ արվող վախկոտ կոմպրոմիսների հետևանքով։
 
Workshops’ Regulation Act-ը, որն իր բոլոր մանրամասնությունների մեջ խղճուկ է, մեռած տառ մնաց քաղաքային ու տեղական իշխանությունների ձեռքում, որոնց վրա դրված էր նրա կատարումը։ Իսկ երբ պառլամենտը 1871 թվականին նրանց ազատեց այդ լիազորությունից և այն հանձնեց գործարանային տեսուչներին, որոնց վերահսկողության շրջանն այդպիսով մի հարվածով ավելացավ ավելի քան 100 000 արհեստանոցով և ամբողջ 300 աղյուսագործարանով, ապա տեսուչների անձնակազմը մեծահոգաբար ավելացվեց միայն 8 օգնականով, թեև մինչև այդ էլ չափազանց սակավաթիվ էր<ref>Գործարանային տեսչության անձնակազմը բաղկացած էր 2 տեսչից, 2 օգնականից ու 41 ենթատեսչից։ Ութ նոր ենթատեսուչ նշանակվեց 1871 թվականին։ Գործարանային օրենքներն Անգլիայում, Շոտլանդիայում և Իռլանդիայում կենսագործելու ծախսերի ընդհանուր գումարը 1871—1872 թվականներին կազմում էր միայն 25 347 ֆ. ստ., դրա մեջ հաշված օրինախախտումների դեմ հարուցված պրոցեսների հետ կապված դատական ծախքերը։</ref>։
 
Այսպիսով, 1867 թվականի անգլիական այդ օրենսդրության մեջ աչքի է ընկնում, մի կողմից, այն, որ իշխող դասակարգերի պառլամենտը հարկադրվելով անհրաժեշտ համարեց սկզբունքով ընդունելու կապիտալիստական շահագործման ծայրահեղությունների դեմ այդքան արտակարգ ու լայն միջոցառումներ, մյուս կողմից, այն կիսատ պռատությունը, դժկամությունն ու mala fides [անազնվությունը], որով հետո պառլամենտը դրանք իրագործում էր պրակտիկայում։
 
1862 թվականին քննիչ հանձնաժողովն առաջարկեց նաև հանքարդյունաբերության նոր կարգավորում, այն արդյունաբերության, որը մնացած բոլորից նրանով է տարբերվում, որ նրա մեջ հողատերերի և արդյունաբերական կապիտալիստների շահերը ձեռք-ձեռքի տված են ընթանում։ Շահերի այդ երկու խմբի հակադրությունը նպաստեց գործարանային օրենսդրությանը, այդ հակադրության բացակայությունը բավական է՝ բացատրելու համար հանքարդյունաբերական օրենսդրության բնագավառում տեղի ունեցող ձգձգումներն ու խորամանկումները։
 
1840 թվականի քննիչ հանձնաժողովն այնպիսի զարհուրելի ու վրդովեցուցիչ մերկացումներ արեց և այնպիսի սկանդալ առաջացրեց ամբողջ Եվրոպայով մեկ, որ պառլամենտը պետք է իր խիղճը հանգստացներ 1842 թվականի Mining Act-ով [Հանքերի վերաբերյալ օրենքով], որը սահմանափակվեց նրանով, որ արգելեց կանանց ու 10 տարեկանից փոքր երեխաների ստորերկրյա աշխատանքը։
 
Այնուհետև, 1860 թվականին, հրապարակ եկավ Mines’ Inspection Act [Հանքային տեսչության օրենքը], որի համաձայն հանքարանները ենթարկվում են հատկապես դրա համար նշանակված պետական պաշտոնյաների տեսչությանը, և արգելվում է 10—12 տարեկան տղաներին աշխատանքի ընդունել, եթե նրանք դպրոցական վկայական չունեն կամ եթե որոշ թվով ժամերի ընթացքում դպրոց չեն՝ հաճախելու։ Այդ օրենքը մի բոլորովին մեռած տառ մնաց նշանակված տեսուչների ծիծաղելիորեն աննշան թվի, նրանց իրավասությունների չնչինության ու այլ պատճառներով, որոնք ավելի մանրամասն կպարզաբանվեն շարադրանքի հետագա ընթացքում։
 
Հանքարդյունաբերության վերաբերող նորագույն Կապույտ գրքերից մեկն է «Report from the Select Committee on Mines, together with... Evidence, 23 July 1866»։ Այդ գիրքը ստորին պալատի անդամներից կազմված այն կոմիտեի աշխատանքն է, որը լիազորված էր վկաներ հրավիրելու և լսելու. մի in folio հաստ հատոր, որի մեջ բուն «Report»-ը [հաշվետվությունը] ընդամենը 5 տող է գրավում այսպիսի բովանդակությամբ՝ կոմիտեն չի կարող ոչի՜նչ ասել, պետք է լսել է՛լ ավելի մեծ թվով վկաների։
 
Վկաներին հարցաքննելու եղանակը հիշեցնում է անգլիական դատարանների cross examinations-ը [խաչաձև հարցաքննությունները], երբ փաստաբանն անպատկառ, մոլորեցնող, բոլոր ուղղություններով տրվող հարցերով աշխատում է վկային շփոթեցնել և նրա խոսքերն աղավաղել։ Իսկ այստեղ փաստաբանները հենց պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի, անդամներն են, որոնց թվում՝ հանքերի տերերն ու շահագործողները, վկաները՝ հանքագործ բանվորները, մեծ մասամբ ածխահանքերից։ Ամբողջ կատակերգությունն այնքան բնորոշ է կապիտալի ոգու համար, որ չի կարելի քանի քաղվածքներ չբերել այստեղ։ Տեսությունը հեշտացնելու համար ես հետազոտման արդյունքները և այլն դասավորում եմ հատվածներով։ Հիշեցնեմ, որ հարցերն ու պարտադիր պատասխանները անգլիական Կապույտ գրքերում համարակալված են, և որ վկաները, որոնց ցուցմունքներն այստեղ մեջ են բերվում, քարածխի հանքերի բանվորներ են։
 
1) 10 տարեկանից սկսած փոքրահասակների աշխատանքը հանքերում։ Աշխատանքը, հանքեր գնալ ու գալն էլ հաշված, սովորաբար տևում է 14—15 ժամ, բացառիկ դեպքերում՝ ավելի երկար, առավոտյան ժամի 3-ից, 4-ից, 5-ից մինչև երեկոյան 4—5-ը (№ 6, 452, 83)։ Մեծահասակ բանվորներն աշխատում են երկու հերթի, 8-ական ժամ, բայց որպեսզի ծախքերը կրճատվեն, փոքրահասակների համար ոչ մի այդպիսի հերթափոխություն չկա (№ 80, 203, 204)։ Փոքրիկ երեխաներին օգտագործում են գլխավորապես հանքերի տարբեր բաժանմունքների դռնակները բանալու և ծածկելու համար, ավելի մեծերին՝ ավելի ծանր աշխատանքների, ածուխ փոխադրելու համար և այլն (№ 122, 739, 740)։ Ստորերկրյա աշխատանքներում երկարատև աշխատանքային օր գոյություն ունի մինչև 18—22 տարեկան հասակը, երբ կատարվում, է անցում բուն հանքափորական աշխատանքին (№ 161)։ Երեխաներին ու դեռահասներին այժմ աշխատանքով ավելի դաժանորեն են խոշտանգում, քան նախորդ որևէ այլ ժամանակաշրջանում (№ 1663—1667)։ Ածխահատները գրեթե միաձայն պահանջում են պառլամենտական այնպիսի օրենք, որը հանքերում աշխատանքն արգելեր 14 տարեկանից փոքրերի համար։ Եվ ահա այստեղ Հեսսի Վիվիենը (ինքն էլ ածխահանք շահագործող) հարց է տալիս. «Այս պահանջը ծնողների մեծ կամ փոքր չափով աղքատ լինելուց չի՞ կախված»։— Եվ հետո միստր Բրյուսը՝ «Դաժանություն չէ՞ր լինի, որ երբ հայրը մեռած է կամ հաշմանդամ դարձած և այլն, ընտանիքից խլվի եկամտի այդ աղբյուրը։ Իսկ չէ՞ որ պետք է ենթադրել, որ արգելումը ընդհանուր բնույթ կկրի.Արդյոք դուք ամե՞ն դեպքում եք ուզում մինչև 14 տարեկան երեխաների ստորերկրյա աշխատանքն արգելել»։ Պատասխան. «Ամեն դեպքում» (№ 107 մինչև 110)։ Վիվիեն. «Եթե 14 տարեկան հասակից առաջ աշխատանքն արգելվի հանքերում, ծնողները երեխաներին արդյոք չե՞ն ուղարկի գործարանները և այլն։ — Որպես ընդհանուր կանոն, ո՛չ» (№ 174)։ Բանվոր. «Դռները բանալն ու ծածկելը հեշտ բան է թվում։ Բայց այդ մի շատ տանջալից աշխատանք է։ Մի կողմ թողնելով օղի մշտական հոսանքը, երեխաները բանտարկված են, ինչպես բանտում, ինչ-որ մի մութ կարցերում»։ Բուրժուա Վիվիեն. «Արդյոք երեխան չի՞ կարող կարդալ, եթե նա մոմ ունենա։— Առաջին՝ նա պետք է մոմ գներ։ Բացի դրանից, նրան թույլ էլ չէին տա այդ բանը։ Նրան նշանակել են, որպեսզի իր գործին հետևի, նա պետք է որոշ պարտականություն կատարի։ Ես երբեք չեմ տեսել, որ հանքերում որևէ երեխա կարդա» (№ 139, 141, 143, 158, 160)։
 
2) Դաստիարակությունը։ Հանքագործ բանվորները պահանջում են երեխաների պարտադիր ուսման օրենք, ինչպես այդ սահմանված է գործարաններում։ Նրանք հայտարարում են, թե 1860 թվականի օրենքի այն հոդվածը, որը դպրոցական վկայականը անհրաժեշտ պայման է դարձնում 10—12 տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար, բոլորովին պատրանքային է։ Կապիտալիստական քննիչների «պատժական» հարցաքննությունն այստեղ իսկապես զավեշտական է դառնում։ «Օրենքը ավելի շատ ձեռնարկուների՞ դեմ է անհրաժեշտ, թե՞ ծնողների։— Թե՛ մեկի և թե՛ մյուսի դեմ»։ (№ 115)։ «Ավելի շատ մեկի՞, թե՞ մյուսի դեմ։— Ի՞նչ պատասխանեմ ես դրան» (№ 116)։ «Արդյոք ձեռնարկատերերը ցո՞ւյց են տալիս աշխատաժամերը դպրոց հաճախելուն հարմարեցնելու որևէ ձգտում։— Երբե՛ք» (№ 137)։
 
«Հանքագործ բանվորները արդյոք հետո չե՞ն լրացնում իրենց կրթությունը։ — Նրանք ընդհանրապես ավելի են վատթարանում, նրանք վատ սովորություններ են ձեռք բերում, նրանք անձնատուր են լինում հարբեցողության, թղթախաղի ու նման բաների և բոլորովին ընկնում են» (№ 221)։ «Ինչո՞ւ երեխաներին չեն ուղարկում երեկոյան դպրոցները։ — Քարածխային օկրուգների մեծ մասում այդպիսի դպրոցներ բոլորովին չկան։ Իսկ գլխավորն այն է, որ երեխաներն այնքան ուժասպառ են լինում երկարատև, ուժից վեր աշխատանքից, որ նրանց աչքերը փակվում են հոգնածությունից» (№ 454)։ «Ուրեմն,— եզրակացնում է բուրժուան,-— դուք կրթության դե՞մ եք։— Ամենևի՛ն, բայց» և այլն (№ 443)։ «Արդյոք հանքատերերին ու մյուսներին 1860 թվականի օրենքը չի՞ պարտավորեցնում դպրոցական վկայականներ պահանջելու, եթե նրանք 10-ից 12 տարեկան երեխաներ են վարձում։— Օրենքը՝ այո՛, բայց ձեռնարկատերերը չեն անում այդ»։ «Ձեր կարծիքով օրենքի այդ հոդվածը մի՞շտ չէ, որ կատարվում է։ — Նա ամենևին չի կատարվում» (№ 444)։ «Արդյոք հանքագործ բանվորները շա՞տ են հետաքրքրվում ուսման հարցով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 717) «Նրանք մտահոգվա՞ծ են արդյոք այդ օրենքի կիրառումով։— Հսկայական մեծամասնությունը» (№ 718)։ «Ապա ինչո՞ւ նրանք չեն պնդում, որ օրենքը կիրառվի։— Այս կամ այն բանվորը կցանկանար էլ երեխային առանց դպրոցական վկայականի չթողնել աշխատանքի, բայց նա դրա համար նկատողության տակ կընկներ (a marked man) (№ 720)։ «Ո՞ւմ կողմից։— Իր ձեռնարկատիրոջ» (№ 721 )։ «Բայց մի՞թե դուք կարծում եք, որ ձեռնարկատերերը մարդուն կհալածեին օրենքին ենթարկվելու համար։— Ես կարծում եմ՝ նրանք այդպես կվարվեին» (№ 722)։ «rԻնչո՞ւ բանվորները չեն հրաժարվում այդպիսի երեխաների աշխատանքը կիրառելուց։— Այդ նրանց ընտրությանը չի թողնված» (№ 123)։ «Դուք պահանջում եք պառլամենտի միջամտությո՞ւն։— Հանքագործ բանվորների երեխաների կրթության համար որևէ իրական բան անելու համար անհրաժեշտ է այդ կատարել պառլամենտական օրենքի միջոցով, հարկադրաբար» (№ 1634)։ «Այդ պետք է տարածվի Մեծ Բրիտանիայի բոլո՞ր բանվորների, թե՞ միայն հանքագործ բանվորների երեխաների վրա։ — Ես այստեղ եկել եմ հանքագործ բանվորների անունից խոսելու» (№ 1636)։ «Ինչո՞վ են հանքագործների երեխաները մյուսներից տարբերվում։— Նրանով, որ նրանք ընդհանուր վիճակից բացառություն են կազմում» (№ 1638)։ «Ի՞նչ տեսակետից։— Ֆիզիկական» (№ 1639)։ «Ինչո՞ւ կրթությունը կարող էր նրանց համար ավելի մեծ արժեք ներկայացնել, քան ուրիշ դասակարգերի տղաների համար։— Ես չեմ ասում թե այդ կրթությունը ավելի արժեքավոր է նրանց համար, բայց հանքերում կատարած ուժից վեր աշխատանքի պատճառով նրանք ավելի քիչ հնարավորություն ունեն ցերեկային ու կիրակնօրյա դպրոցներում սովորելու (№ 1640)։ «Արդյոք ճիշտ չէ՞, որ այսպիսի հարցերն անհնարին է բացարձակ տեսակետով քննելը (№ 1644)։ «Բավական թվով դպրոցներ կա՞ն օկրուգներում։ — Ո՛չ» (№ 1646)։ «Եթե պետությունը պահանջի, որ բոլոր երեխաներին դպրոց ուղարկեն, որտեղի՞ց դպրոցներ կճարվեն բոլոր երեխաների համար։ — Ես կարծում եմ, որ եթե հանգամանքները պահանջեն, դպրոցները կկազմակերպվեն» (№ 1647)։ «Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակ հանքափորների ահագին մեծամասնությունը ո՛չ գրել գիտե, ո՛չ կարդալ» (№ 705, 726)։
 
3) Կանանց աշխատանքը։ Թեև 1842 թվականից սկսած բանվորուհիներին այլևս չեն ընդունում ստորերկրյա աշխատանքների, բայց նրանք աշխատում են հանքերից դուրս՝ ածուխ և այլ բաներ բառնալու, ածխի դույլերը ջրանցքների ու երկաթուղային վագոնների մոտ կրելու, ածուխը տեսակավորելու համար և այլն։ Կանանց աշխատանքի կիրառումը խիստ ավելացել է վերջին 3—4 տարում (№ 1727)։ Բանվորուհիները մեծ մասամբ հանքագործների կանայք, աղջիկներն ու այրիներն են, 12-ից մինչև 50 ու 60 տարեկան (№ 647, 1779, 1781)։ «Ի՞նչ են մտածում հանքագործները հանքերի շուրջը կատարվող կանացի աշխատանքի մասին։— Նրանք բոլորը դեմ են այդ աշխատանքին» (№ 648)։ «Ինչո՞ւ։— Նրանք այդ համարում են կանացի սեռի համար ստորացուցիչ (№ 649)։ «Այդ կանայք հագնում են տղամարդու շորերի նման բան։ Բազմաթիվ դեպքերում դրանից չքանում է ամոթի ամեն մի զգացում։ Կանանցից ոմանք ծխում են։ Աշխատանքը նույնքան կեղտոտ է, որքան բուն հանքերում։ Նրանց մեջ կան բազմաթիվ ամուսնացած կանայք, որոնք չեն կարողանում իրենց տնային պարտականությունները կատարել» (№ 650—654, 701)։ «Արդյո՞ք կարող էին այրիներն ուրիշ որևէ՝ նույնքան եկամտաբեր աշխատանք գտնել (շաբաթական 8—10 շիլլինգ)։— Ես այդ առթիվ ոչինչ չեմ կարող ասել» (№ 709, 708)։ «Եվ սակայն դուք վստահանում եք (քա՜ր սիրտ) նրանց զրկել գոյության այդ աղբյուրից։— Անպայմա՛ն»։ (№ 710)։ «Որտեղի՞ց է առաջ գալիս այդ տրամադրությունը։— Մենք, հանքագործ բանվորներս, շատ ենք հարգում գեղեցիկ սեռին, ուստի չենք կարող տեսնել, թե ինչպես նա դատապարտված է ածխահանքերում աշխատելու... Այդ աշխատանքը մեծ մասամբ շատ ծանր է։ Այդ աղջիկներից շատերն օրական բարձրացնում են մոտավորապես 10 տոննա» (№ 1715, 1717)։ «Արդյոք դուք կարծո՞ւմ եք, որ հանքերում զբաղված բանվորուհիներն ավելի անբարոյական են, քան գործարաններում զբաղվածները։— Փչացածների տոկոսն ավելի մեծ է, քան գործարանային աղջիկների շրջանում» (№ 1732)։ «Բայց դուք գործարաններում տիրող բարոյականության վիճակո՞վ էլ գոհ չեք։ — Ո՛չ» (№ 1733)։ «Ուրեմն դուք ուզում եք գործարաններո՞ւմ էլ կանանց աշխատանքն արգելել։— Ո՛չ, ես այդ չեմ ուզում» (№ 1734)։ «Ինչո՞ւ ոչ։— Գործարանային աշխատանքը իգական սեռի համար ավելի պատշաճ է ու ավելի հարմար» (№ 1735)։ «Սակայն նա վնասակար է նրանց բարոյականության համար, այնպես չէ ։— Ո՛չ, ամենևի՛ն ոչ այնքան, որքան հանքերում։ Բացի դրանից, ես խոսում եմ ոչ միայն բարոյական, այլև ֆիզիկական ու սոցիալական նկատառումներով։ Աղջիկների սոցիալական անկումը սարսափելի է, ծայրահեղ աստիճանի։ Երբ այդ աղջիկները հանքագործ բանվորների կին են դառնում, տղամարդիկ խորապես տառապում են այդ անկումից, որը նրանց տնից քշում է դեպի հարբեցողություն» (№ 1736)։ «Բայց նույնը չէ՞ր կարելի ասել նաև երկաթագործարաններում զբաղված կանանց մասին։— Ես չեմ կարող արտադրության մյուս ճյուղերի մասին խոսել» (№ 1740)։ «Բայց էլ ի՞նչ տարբերություն կա երկաթագործարաններում ու հանքերում աշխատող կանանց միջև։— Ես չեմ զբաղվել այգ հարցով» (№ 1740)։ «Կարո՞ղ եք դուք որևէ տարբերություն գտնել այդ երկու կատեգորիաների միջև։— Ես այդ մասին ոչինչ չեմ կարող ասել լիակատար վստահությամբ, բայց տնից տուն անցնելով, ծանոթացել եմ մեր շրջանում տիրող իրերի խայտառակ դրությանը» (№ 1741)։ «Արդյոք դուք բուռն ձգտում չունե՞ք կանանց աշխատանքը Ոչնչացնելու ամեն տեղ, որտեղ այն նվաստացուցիչ ազդեցություն է ունենում։— Այո... Երեխաներն իրենց լավագույն զգացմունքները միայն մայրական դաստիարակությունից են ստանում» (№ 1750)։ «Բայց չէ՞ որ այդ վերաբերում է նաև կանանց հողագործական աշխատանքին։— Այդ աշխատանքը շարունակվում է տարվա միայն երկու եղանակներին, իսկ մեզ մոտ նրանք աշխատում են բոլոր չորս եղանակներին» (№ 1751)։ «Նրանք հաճախ աշխատում են ցերեկն ու գիշերը, մինչև ոսկորները թրջված, նրանց օրգանիզմը թուլանում է, նրանց առողջությունը քայքայվում է»։ «Դուք հարցը (կանանց աշխատանքի հարցը) չե՞ք ուսումնասիրել ընդհանրապես:— Ես դիտել եմ շուրջս և կարող եմ այնքանը միայն ասել, որ ոչ մի տեղ չեմ գտել հանքերում կանանց կատարած աշխատանքի նման որևէ բան։ Այդ տղամարդկանց աշխատանք է և այն էլ ուժեղ տղամարդկանց» (№ 1753, 1793, 1794)։ «Հանքագործ բանվորներից լավագույնները, որոնք ուզում են բարձրանալ ու լուսավորվել, իրենց կանանց մեջ ոչ մի նեցուկ չեն գտնում, այլ, ընդհակառակը, նրանց պատճառով դեպի անկում են դիմում» (№ 1808)։ Այն բանից հետո, երբ բուրժուաները թարս ու շիտակ հարցաքննեցին, վերջապես երևան եկավ այրիների, աղքատ ընտանիքների և մյուսների նկատմամբ նրանց «կարեկցության» գաղտնիքը։ «Հանքատերը գլխավոր հսկողությունը հանձնում է հայտնի ջենտլմեններին, վերջինները հավանության արժանանալու համար այնպիսի քաղաքականություն են բանեցնում, որ ամեն ինչ աշխատում են ըստ կարելույն տնտեսման հողի վրա դնել, և բանվորուհի աղջիկներն օրական 1-ից մինչև 1 շիլլինգ 6 պենս են ստանում այն աշխատանքի համար, որի համար տղամարդուն պետք է վճարեին 2 շիլլինգ 6 պենս (№ 1816)։
 
4) Դիակները զննող երդվյալննը։ «Coroner’s inquests»-ի [դիակները զննելիս երդվյալների հետաքննությունների]] առթիվ ձեր շրջաններում բանվորները գո՞հ են դատական պրակտիկայից, երբ դժբախտ դեպքեր են պատահում։— Ո՛չ, նրանք գոհ չեն» (№ 360)։ «Ինչո՞ւ ոչ։— Հատկապես այն պատճառով, որ երդվյալներ են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք բացարձակապես ոչինչ չեն հասկանում հանքից։ Բանվորներին երբեք մասնակից չեն դարձնում, բացի վկա կանչելուց։ Ընդհանրապես հրավիրում են հարևան խանութպաններին, որոնք գտնվում են հանքատերերի, այսինքն՝ իրենց գնորդների ազդեցության տակ և վկաների նույնիսկ տեխնիկական արտահայտությունները չեն հասկանում։ Մենք պահանջում ենք, որ հանքագործները կազմեն երդվյալների մի մասը։ Ընդհանրապես դատավճիռները հակասում են վկաների ցուցմունքներին» (№ 361, 364, 366, 368, 371, 375)։ «Արդյոք երդվյալները շպե՞տք է անաչառ լինեն։— Այո՛»։ «Իսկ բանվորներն անաչառ կլինե՞ն։ — Ես ոչ մի հիմք չեմ տեսնում, թե ինչու նրանք պետք է անաչառ չլինեն։ Նրանք, համենայն դեպս, ավելի իրազեկ են»։ «Բայց նրանք հակված չե՞ն չինի անարդար խիստ դատավճիռներ հանելու բանվորների օգտին։— Ո՛չ, ես այդ չեմ կարծում» (№ 378, 379, 380)։
 
5) Կեղծ չափ ու կշիռ և այլն։ Բանվորները պահանջում են շաբաթական վճարում երկշաբաթյա վճարման փոխարեն, կշռով և ոչ թե դույլերի տարողությամբ չափում, պաշտպանություն սխալ կշիռք գործածելու դեմ և այլն (№ 1071)։ «Եթե դույլերը խաբեբայորեն մեծացվում են, չէ՞ որ բանվորը կարող է, 14 օր առաջ տեղեկացնելով, թողնել հանքը։— Բայց եթե նա մի ուրիշ տեղ ընդունվի, այնտեղ էլ նա նույնը կգտնի» (№ 1071)։ «Բայց նա կարո՞ղ է այնուամենայնիվ թողնել այն տեղը, որտեղ անարդարություն է կատարված։— Ամեն տեղ նույնն է իշխում» (№ 1072)։ «Բայց բանվորը կարո՞ղ է միշտ իր տեղը թողնել, 14 օր առաջ տեղեկացնելով։— Այո» (№ 1073)։ Եվ վերջացա՜վ։
 
6) Հանքային տեսչություն։ Բանվորները միայն գազերի պայթյունից առաջացող դժբախտ դեպքերից չեն տուժում։ «Մենք նույնքան շատ առիթ ունենք գանգատվելու ածխահանքերի վատ օդափոխությունից, որի պատճառով բանվորները հազիվ են կարողանում շնչել այնտեղ. դրա հետևանքով նրանք կորցնում են որևէ աշխատանք կատարելու ընդունակությունը։ Այսպես, օրինակ, հենց հիմա հանքի այն մասում, որտեղ ես աշխատում եմ, գարշելի օդը շաբաթներով անկողին է նետել շատ բանվորների։ Գլխավոր անցքերը մեծ մասամբ բավական օդառատ են, բայց օդը քիչ է հենց այն տեղերում, որտեղ մենք աշխատում ենք։ Եթե բանվորը տեսչին գանգատ ուղարկի օդափոխության համար, նա կարձակվի և կդառնա «նկատողության տակ ընկած» մարդ, որն ուրիշ որևէ տեղ ոչ մի աշխատանք չի գտնի։ 1860 թվականի Mining Inspecting Act-ը [Հանքային տեսչության օրենքը] մի հասարակ թղթի կտոր է։ Տեսուչը — իսկ նրանց թիվը չափազանց քիչ է — ձևական այցելություն է անում գուցե 7 տարին մի անգամ։ Մեր տեսուչը մի բոլորովին անաշխատունակ, յոթանասնամյա ծերունի է, որին 130-ից ավելի ածխահանք է ենթարկվում։ Բացի մեծ թվով տեսուչներից, մեզ հարկավոր են ենթատեսուչներ» (№ 234 և հաջ.)։ «Այդ դեպքում կառավարությունը պետք է տեսուչների մի այնպիսի բանա՞կ պահի, որ նրանք կարողանան իրենք, առանց բանվորների ցուցումների, կատարել այն բոլորը, ինչ որ դուք եք պահանջում։— Այդ անկարելի է, բայց նրանք ցուցում ստանալու համար պետք է հենց հանքերը գան» 280, 277)։ «Դուք չե՞ք կարծում, թե հետե֊ վանքն այն կլիներ, որ օդափոխության և այլ բաների համար պատասխանատվությունը (!) հանքատերերի վրայից կբարդվեր կառավարական պաշտոնյաների վրա։— Ամենևի՛ն ոչ. նրանց գործը պետք է այն լինի, որ ստիպեն արդեն գոյություն ունեցող օրենքները կատարելու» (№ 285)։ «Ենթատեսուչների մասին խոսելով, արդյոք դուք նկատի չունե՞ք ավելի քիչ ռոճիկ ստացող ու ավելի ցածրորակ մարդկանց, քան այժմյան տեսուչներն են։ — Ես ամենևին կողմնակից չեմ որակն իջեցնելու, եթե դուք ավելի լավերը կտաք (№ 294)։ «Դուք մեծ թվով տեսուչնե՞ր եք ուզում, թե՞ տեսուչների համեմատությամբ ավելի ցածր դասի մարդկանց։— Մենք կարիք ունենք այնպիսի մարդկանց, որոնք անձամբ լինեին հանքերում և չդողային իրենց կաշուց» (№ 295)։ «Եթե վատթարացած տեսակի տեսուչների վերաբերյալ ձեր թանկությունը կատարվի, արդյոք նրանց հմտության պակասությունը վտանգներ առաջ չի՞ բերի։— Ո՛չ. կառավարության գործն է համապատասխան մարդիկ նշանակել» (№ 297)։ Հարցաքննության այդ եղանակը, վերջապես, հետաքննության հանձնաժողովի նախագահին էլ չափազանց անհեթեթ թվաց։ «Դուք ուզում եք,— միջամտում է նա,— գործնական մարդիկ, որոնք իրենք զննեն հանքերը և զեկուցեն տեսչին, որը այնուհետև կարող է իր ավելի բարձր գիտելիքներն օգտագործել» (№ 298, 299)։ «Այդ բոլոր հին հանքերի օդափոխությունը չափազանց շատ ծախսեր չի՞ պահանջի։— Այո՛, ծախսերը, հավանորեն, կաճեն, բայց մարդկանց կյանքը պաշտպանված կլինի» (№ 531)։ Մի հանքագործ բողոքում է 1860 թվականի օրենքի 17-րդ հոդվածի դեմ. «Ներկայումս, եթե հանքային տեսուչը հանքի որևէ մասը գտնում է այնպիսի վիճակում, որ այնտեղ աշխատելը հնարավոր չէ, նա պետք է այդ մասին հաղորդի հանքատիրոջը և ներքին գործերի մինիստրին։ Դրանից հետո հանքատիրոջը մտածելու համար 20 օր ժամանակ է տրվում, այդ 20 օրից հետո նա կարող է հրաժարվել ամեն մի փոփոխությունից։ Եթե նա այդպես էլ հենց անում է, ապա պետք է գրի ներքին գործերի մինիստրին և առաջարկի 5 հանքային ինժեներ, որոնցից մինիստրը պետք է նշանակի միջնորդ դատավորներ։ Մենք պնդում ենք, որ այդ դեպքում հանքատերը փաստորեն դատավորներ է նշանակում իր սեփական գործի համար» (№ 581)։ Հարցաքննություն կատարող բուրժուան, որ ինքը՝ հանքատերն է. «Այդ զուտ հայեցողական առարկության է» (№ 586)։ «Հետևապես, դուք շա՞տ ցածր կարծիք ունեք հանքային ինժեներների ազնվության մասին։— Ես ասում եմ, որ այդ շատ անկանոն ու անարդարացի բան է» (№ 588)։ «Արդյոք հանքային ինժեներները չե՞ն գրավում մի տեսակ պաշտոնական այնպիսի դիրք, որ նրանց վճիռները բարձր են կողմնապահությունից, որից դուք երկյուղ եք կրում։ — Ես հրաժարվում եմ այգ մարդկանց անձնական բնավորությանը վերաբերող հարցերին պատասխանելուց։ Ես համոզված եմ, որ նրանք շատ դեպքերում խիստ կողմնապահորեն են վարվում և որ այնտեղ, որտեղ մարդկանց կյանքի հարցն է դրվում, նրանց պետք է զրկել այդ իշխանությունից» (№ 589)։ Նույն բուրժուան անպատկառություն ունի հարցնելու. «Դուք չե՞ք ընդունում, որ պայթումներից հանքատերերն էլ են վնասներ կրում»։ Վերջապես. «Դուք, բանվորներդ, չե՞ք կարող ինքներդ պաշտպանել ձեր շահերը՝ առանց պետության օգնությանը դիմելու։— Ո՛չ» (№ 1042)։ 1865 թվականին Մեծ Բրիտանիայում կային 3 217 ածխահանք և 12 տեսուչ։ Յորկշիրի մի հանքատեր հենց ինքը հաշվում է («Times» 1867 թ. հունվարի 26), որ տեսուչները, մի կողմ թողած նրանց այն զուտ բյուրոկրատական պարտականությունները, որոնք կլանում են նրանց ամբողջ ժամանակը, ամեն մի հանք այցելել կարող են 10 տարին մեկ անգամ միայն։ Զարմանալի չէ, որ վերջին տարիներում (մանավանդ 1866 և 1867 թվականներին) աղետների թիվն ու չափերը խիստ ավելացել են (երբեմն զոհերի թիվը 200—300 բանվոր է կազմում)։ Սրանք են կապիտալիստական «ազատ» արտադրության հրապույրները։
 
Համենայն դեպս, 1872 թվականի օրենքը, որքան էլ պակասավոր լինի, առաջին օրենքն է, որը կարգավորում է հանքերում զբաղված երեխաների աշխատաժամերի թիվը և, այսպես կոչված, դժբախտ դեպքերի պատասխանատվությունը որոշ չափով դնում է շահագործողների ու հանքատերերի վրա։
 
Հողագործության մեջ երեխաների, դեռահասների ու կանանց աշխատանքը հետազոտող 1867 թվականի թագավորական հանձնաժողովը մի քանի շատ կարևոր հաշվետվություններ է հրապարակել։ Մի քանի փորձեր են արվել գործարանային օրենսդրության սկզբունքները թեկուզ փոխակերպված ձևով կիրառելու հողագործության վերաբերմամբ, բայց դրանք բոլորն էլ մինչև հիմա ամբողջապես ձախողվել են։ Բայց մի բան ես պետք է այստեղ նշեմ՝ այդ սկզբունքների ընդհանուր կիրառման անհաղթահարելի տենդենցի գոյությունը։
 
Եթե, մի կողմից, գործարանային օրենսդրության՝ որպես բանվոր դասակարգի ֆիզիկական ու հոգևոր պաշտպանության միջոցի ընդհանուր տարածումն անխուսափելի է դարձել, ապա նա, մյուս կողմից, ինչպես արդեն վերը նշեցինք, ընդհանրացնում և արագացնում է գաճաճային մասշտաբով վարվող մանրատված աշխատանքային պրոցեսների փոխարկումը խոշոր, հասարակական մասշտաբով վարվող կոմբինացված աշխատանքային պրոցեսների, այսինքն ընդհանրացնում և արագացնում է կապիտալի համակենտրոնացումը և գործարանային ռեժիմի միահեծանությունը։ Նա խորտակում է հինավուրց ու անցումային այն բոլոր ձևերը, որոնց հետևում դեռ մասամբ թաքնվում է կապիտալի տիրապետությունը, և դրանք փոխարինում կապիտալի ուղղակի, անսքող տիրապետությամբ։ Այդպիսով, նա ընդհանուր բնույթ է հաղորդում նաև այդ տիրապետության դեմ մղվող ուղղակի պայքարին։ Աոանձին արհեստանոցներին հարկադրելով միօրինակության, կանոնավորության, կարգ ու կանոնի և տնտեսման, նա միաժամանակ այն հզոր զարկի միջոցով, որ աշխատանքային օրվա սահմանափակումն ու կարգավորումը տալիս են տեխնիկային, ուժեղացնում է ամբողջ կապիտալիստական արտադրության անարխիան ու կատաստրոֆները, ավելացնում է աշխատանքի ինտենսիվությունն ու մեքենայի կոնկուրենցիան բանվորի հետ։ Մանր արտադրության ու տանը կատարվող աշխատանքի ոլորտների հետ միասին նա ոչնչացնում է «ավելորդ» բանվորների վերջին ապաստարանները և, հետևապես, հասարակական ամբողջ մեխանիզմի մինչև այդ ժամանակ գոյություն ունեցող ապահովիչ կափույրը։ Արտադրության պրոցեսի նյութական պայմանների ու հասարակական կոմբինացիայի հետ նա հասունացնում է նրա կապիտալիստական ձևի հակասություններն ու անտագոնիզմները, հետևապես, միաժամանակ նաև նոր հասարակության գոյացման տարրերը և հին հասարակության հեղաշրջման մոմենտները<ref>Ռոբերտ Օուենը, կոոպերատիվ գործարանների ու կոոպերատիվ կրպակների հայրը, որը, սակայն, ինչպես վերևում նշվեք, բարեփոխության այդ մեկուսացած տարրերի նշանակության նկատմամբ ամենևին համամիտ չէր իր հետևորդների պատրանքներին, իր փորձերի ժամանակ ո՛չ միայն իրապես ելնում էր գործարանային սիստեմից, այլ նաև թեորիապես այդ սիստեմը հայտարարեց սոցիալական ռևոլյուցիայի ելակետ։ Լեյդենի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆեսոր պ-ն Վիսսերինգը կարծես նախազգում է նման մի բան և իր «Handboek van Praktische Staatshuishoudkunde» [Amsterdam] գրքում, 1860—1862, որն ամենահամապատասխան ձևով հրամցնում է վուլգար տնտեսագիտության բոլոր տափակությունները, եռանդով հանդես է գալիս արհեստային արտադրության օգտին ընդդեմ խոշոր արդյունաբերության։ {'''4-րդ հրատ. հավելում.'''— Այն «իրավաբանական նորանոր խորամանկությունները» էջ 364) [այս հատորի էջ 316], որ անգլիական օրենսդրությունը ստեղծել է միմյանց հակասող Factory Act-երի, Factory Extension Act-ի և Workshops’ Act-ի միջոցով, վերջապես անհանդուրժելի դարձան, ուստի 1878 թվականի Factory and Workshops Act-ի մեջ իրագործված է այս բնագավառին վերաբերող ամբողջ օրենսդրության կոդիֆիկացիան։ Իհարկե, այստեղ հնարավոր չէ տալ մինչև այժմ էլ Անգլիայում իր ուժը պահպանող արդյունաբերական այդ օրենսգրքի մանրամասն քննադատությունը։ Սահմանափակվենք հետևյալ դիտողություններով։ Օրենքը տարածվում է՝ 1) Տեքստիլ գործարանների վրա։ Այստեղ ընդհանուր առմամբ ամեն ինչ հին դրության մեջ է մնում. 10 տարեկանից մեծ երեխաների համար թույլատրված աշխատաժամանակն օրական կազմում է 5½ ժամ կամ 6 ժամ, բայց այս դեպքում շաբաթ օրն ազատ է. դեռահասների ու կանանց համար՝ հինգ օր 10-ական ժամ, շաբաթ օրն ամենաշատը 6½ ժամ։— 2) Ոչ-տեքստիլ գործարանների վրա։ Նրանց վերաբերող որոշումներն առաջվանից ավելի են մոտեցրած № 1-ի տակ նշված որոշումներին, բայց դեռ պահպանվում են կապիտալիստների համար նպաստավոր որոշ բացառություններ, որանք որոշ դեպքերում կարող են է՛լ ավելի ընդարձակվել ներքին գործերի մինիստրի հատուկ թույլտվությամբ։ — 3) Workshops-ի [արհեստանոցների] վրա, որոնք սահմանված են մոտավորապես այնպես, ինչպես նախկին օրենքում. որչափով նրանց մեջ աշխատում են երեխաներ, դեռահասներ կամ կանայք, Workshops-ը համարյա հավասարեցված են ոչ-տեքստիլագործական գործարաններին, սակայն մանրամասնությունների մեջ դարձյալ թուլացումներով։ — 4) Այն Workshop-ների վրա, որոնց մեջ երեխա կամ դեռահաս չկա, այլ միայն 18 տարեկանից մեծ երկու սեռի անձեր են աշխատում. այս կատեգորիայի համար սահմանված են հետագա թուլացումներ։ — 5) Domestic Workshops-ի [տնային արհեստանոցների] վրա, որտեղ միայն ընտանիքի անդամներ են աշխատում սեփական բնակարանում. է՛լ ավելի առաձգական կանոններ և, բացի դրանից, այն սահմանափակումը, որ տեսուչն առանց մինիստրի կամ դատական հատուկ թույլտվության կարող է լոկ այն շենքերն այցելել, որոնք միաժամանակ որպես բնակարան չեն ծառայում. վերջապես, կատարյալ ազատություն է տրված ընտանիքի ներսում ծղոտագործությանը, ժանեկահյուսմանն ու ձեռնոցագործությանը։ Բոլոր պակասություններով հանդերձ այդ օրենքը 1877 թ. մարտի 23-ի շվեյցարական ֆեդերալ գործարանային օրենքի հետ միասին դեռ հիմա էլ այս բնագավառում ամենալավ օրենքն է։ Այդ օրենքի ու շվեյցարական հենց նոր հիշված ֆեդերալ օրենքի համեմատությունն առանձին հետաքրքրություն է ներկայացնում, որովհետև դա շատ ակնառու է դարձնում օրենսդրական երկու մեթոդի — անգլիական, «պատմական» դեպքից դեպք միջամտող մեթոդի և ֆրանսիական ռևոլյուցիայի տրադիցիաների վրա կառուցված մայրցամաքային, ավելի շատ ընդհանրացնող մեթոդի առավելություններն ու թերությունները։ Դժբախտաբար, անգլիական օրենսգիրքը։ արհեստանոցների նկատմամբ կիրառելու իմաստով, դեռ մինչև հիմա էլ մեծ մասամբ մեռած տառ է մնում տեսուչների անբավարար անձնակազմի պատճառով։ — Ֆ. Է.}</ref>։
 
====10. ԽՈՇՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ Եվ ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ====
 
Այն ռևոլյուցիան, որ խոշոր արդյունաբերությունն առաջ է բերում հողագործության մեջ և հողագործական արտադրության ագենտների հասարակական հարաբերությունների մեջ, կարող է շարադրվել միայն հետագայում։ Այստեղ բավական է, կանխելով հետագա շարադրանքը, մատնանշել այդ ռևոլյուցիայի մի քանի հետևանքները։ Եթե մեքենաների գործածությունը հողագործության մեջ մեծ մասամբ զերծ է այն ֆիզիկական վնասակար հետևանքներից, որ նա հասցնում է գործարանային բանվորին<ref>Անգլիական հողագործության մեջ կիրառվող մեքենաների մանրամասն նկարագրությունը գտնվում է դ-ր W. Hamm-ի «Die Landwirtschaftlichen Geräthe und Maschinen Englands» աշխատության մեջ, 2-րդ հրատ., 1856։ Անգլիական հողագործության զարգացման իր ուրվագծում պ. Համմը չափազանց անքննադատորեն հետևում է պ. Լեոնս դե Լավերնին։ {'''4-րդ հրատ. հավելաում.'''— Հիմա այդ աշխատությունը, իհարկե, հնացել է։— Ֆ. Է.}</ref>, ապա դրա փոխարեն այստեղ նա գործում է է՛լ ավելի ինտենսիվորեն և, դիմադրության չհանդիպելով, ազդում է բանվորների «ավելորդ» դառնալու վրա, ինչպես որ հետո մենք ավելի մանրամասն ցույց կտանք։ Քեմբրիջ ու Սաֆֆոլկ կոմսություններում, օրինակ, մշակվող հողի տարածությունը վերջին քսան տարում խիստ ավելացել է, այնինչ գյուղական բնակչությունը նույն ժամանակաշրջանում պակասել է ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներում հողագործական մեքենաներն առայժմ միայն պոտենցիալ բանվորներին են փոխարինում, այսինքն՝ նրանք արտադրողին հնարավորություն են տալիս ավելի մեծ տարածություն մշակելու, բայց դուրս չեն քշում արդեն զբաղված բանվորներին։ Անգլիայում և Ուելսում հողագործական մեքենաների արտադրությանը մասնակցող անձերի թիվը 1861 թվականին կազմում էր 1 034, մինչդեռ շոգեմեքենաներով ու աշխատամեքենաներով աշխատող հողագործական բանվորների թիվը ընդամենը միայն 1 205 էր։
 
Հողագործության ոլորտում խոշոր արդյունաբերությունը գործում է մեծագույն ռևոլյուցիոնությամբ այն իմաստով, որ նա ոչնչացնում է հին հասարակության պատվարը, «գյուղացուն», և նրա տեղը առաջ է քաշում վարձու բանվորին։ Այսպիսով, գյուղի սոցիալական հեղաշրջման պահանջներն ու սոցիալական հակադրությունները նույնանման են դառնում քաղաքի հետ։ Գործը ամենահնամոլական, ամենաանռացիոնալ և ամենաաննպատակահարմար կերպով վարելու փոխարեն հանդես է գալիս գիտության գիտակցական տեխնոլոգիական կիրառումը։ Արտադրության կապիտալիստական եղանակը ավարտում է հողագործության ու արդյունաբերության սկզբնական ընտանեկան ա՛յն միության խզումը, որը զուգակցում էր երկուսի մանկական անզարգացած ձևերը։ Բայց այդ եղանակը միևնույն ժամանակ ստեղծում է մի նոր, ավելի բարձր սինթեզի — հողագործության ու արդյունաբերության դաշինքի նյութական նախադրյալներ նրանց հակադրորեն զարգացած ձևերի հիմքի վրա։ Քաղաքային բնակչության հարաճուն գերակշռության հետ, այն բնակչության, որ կապիտալիստական արտադրությունը կուտակում է խոշոր կենտրոններում, նա, մի կողմից, կուտակում է հասարակության առաջընթաց շարժման պատմական ուժը, իսկ մյուս կողմից՝ արգելք է հանդիսանում նյութերի փոխանակությանը մարդու և հողի միջև, այսինքն՝ հողի այն բաղադրամասերը հողին վերադարձնելուն, որ մարդն օգտագործել է սննդամիջոցների ու հագուստեղենի ձևով, այսինքն՝ խախտում է հողի հարատև պտղաբերության հավիտենական բնական պայմանը։ Դրանով էլ հենց նա միաժամանակ խորտակում է քաղաքային բանվորների ֆիզիկական առողջությունն ու գյուղական բանվորների մտավոր կյանքը<ref>«Դուք ժողովրդին բաժանում եք երկու թշնամի բանակի — կոպիտ շինականների ու փափկասուն գաճաճների։ Ո՜վ երկնային տեր։ Հողագործական ու առևտրական շահերի տարբերությամբ բաժանված ազգն իրեն առողջ է համարում և մինչև, անգամ իրեն լուսավորված ու քաղաքակիրթ է անվանում ոչ թե այդ հրեշավոր ու անբնական բաժանման հակառակ, այլ կարծես հենց դրա հետևանքով» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 119)։ Այս հատվածը դրսևորում է միաժամանակ այնպիսի քննադատության ուժն ու թուլությունը, որ կարողանում է քննարկել ու դա տա պարտել արդիականությունը, բայց չի կարողանում հասկանալ այն։</ref>։ Բայց նյութերի այդ փոխանակության սոսկ տարերայնորեն գոյացած պայմանները խորտակելով, կապիտալիստական արտագրությունը հարկադրում է արդեն սիստեմատիկորեն վերականգնելու հիշյալ փոխանակությունը, որպես հասարակական արտադրությունը կարգավորող օրենք, և մարդու լիակատար զարգացմանը համապատասխան ձևով։ Ինչպես մանուֆակտուրայի, այնպես էլ հողագործության մեջ արտադրության պրոցեսի կապիտալիստական բարեփոխությունը միաժամանակ արտադրողների մարտիրոսագրություն է, աշխատանքի միջոցը՝ բանվորի ստրկացման միջոց, շահագործման ու պաուպերացման միջոց է. աշխատանքի պրոցեսների հասարակական կոմբինացիան բանվորի անհատական կենսագործունեության, ազատության ու ինքնուրույնության կազմակերպված ճնշում է։ Գյուղական բանվորների ցրվածությունը մեծ տարածությունների վրա միաժամանակ կոտրում է նրանց դիմադրության ուժը, այնինչ քաղաքային բանվորների համակենտրոնացումը ավելացնում է այդ ուժը։ Ինչպես ժամանակակից քաղաքային արդյունաբերության մեջ, այնպես էլ ժամանակակից հողագործության մեջ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը և նրա ավելի մեծ շարժունությունը ձեռք են բերվում բուն իսկ աշխատուժի խորտակման ու հյուծման գնով։ Բացի ղրանից, կապիտալիստական հողագործության ամեն մի առաջադիմություն ո՛չ միայն բանվորին կողոպտելու արվեստի, այլև հողը կողոպտելու արվեստի առաջադիմություն է, տվյալ ժամանակամիջոցում հողի պտղաբերությունը բարձրացնելու ամեն մի առաջադիմություն միաժամանակ այդ պտղաբերության մշտական աղբյուրները քայքայելու առաջադիմություն է։ Որքան ավելի է որոշ երկիր, ինչպես, օրինակ, Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգները, ելնում խոշոր արդյունաբերությունից՝ որպես իր զարգացման քողարկված պատվանդանից, այնքան ավելի արագ է կատարվում քայքայման այդ պրոցեսը<ref>Հմմտ. Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ 1862, հատկապես աոաջին հատորում՝ «Einleitung in die Naturgesetze des Feldbaues»։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870։ Ներածություն։] Արդի հողագործության բացասական կողմը բնագիտության տեսակետից պարզաբանելը Լիբիխի անմահ ծառայութուններից մեկն է։ Հողագործության պատմության մեջ նրա կատարած պատմական էքսկուրսները, թեև կոպիտ սխալներից զերծ չեն, նույնպես լույս են սփռում որոշ հարցերի վրա։ Պետք է ափսոսալ միայն, որ նա խիզախում է այնպիսի ենթադրական հայտարարություններ անելու, ինչպես հետևյալն, է. «Հետագա մանրացումն ու հաճախակի հերկումը ուժեղացնում են օդափոխությունը հողի ծակոտկեն մասնիկներում, ավելացնում ու նորոգում են այդ մասնիկների մակերեսը, որի վրա պետք է, օդը ներգործի. բայց հեշտ է հասկանալ, որ դաշտի բերքատվության ավելացումը չի կարող համամասնական լինել դաշտ ի վրա ծախսված աշխատանքի հետ, որ, ընդհակառակը, բերքատվությունը շատ ավելի փոքր համամասնությամբ է բարձրանում»։ «Այս օրենքը,— ավելացնում է Լիբիխը,— առաջին անգամ Ջ. Ստ. Միլլն այսպես է արտահայտել իր «Principles of Political Economy» աշխատության մեջ, հ. I, էջ 17. «Որ հողի արդյունքը caeteris paribus [մյուս հավասար պայմաններում] ավելանում է զբաղված բանվորների թվի ավելացման նկատմամբ նվազող համամասնությամբ (պ. Միլլը մինչև իսկ Ռիկարդոյի դպրոցի հայտնի օրենքը կրկնում է սխալ ձևակերպումով, որովհետև «the decrease of the labourers employed» [զբաղված բանվորների թվի նվազումը»] Անգլիայում միշտ համաքայլ է ընթացել հողագործության առաջադիմության հետ, ուստի և Անգլիայի համար ու Անգլիայում գտնված օրենքը առնվազն Անգլիայում բոլորովին կիրառում չէր ունենա),— այդ՝ հողագործության ընդհանուր օրենքն է»։ Այդ զարմանքի արժանի կարծիք է, որովհետև Միլլին անծանոթ էր այդ օրենքի հիմքը կազմող պատճառը» (Լիբիխ, հիշատակված աշխատությունը, հատ. I, էջ 143 [ռուս. հրատ. էջ 100] և ծանոթագրությունը)։ Մի կողմ թողնելով սխալ մեկնաբանությունը «աշխատանք» բառի, որի տակ Լիբիխը մի ինչ-որ այլ բան է հասկանում, քան քաղաքատնտեսությունը, համենայն դեպս «զարմանքի արժանի է» այն, որ նա Ջ. Ստ. Միլլին է դարձնում առաջին հռչակողն այն թեորիայի, ո՛րը Ջեմս Անդերսոնն առաջին անգամ հրապարակել է Ա. Սմիթի ժամանակ և հետո մինչև XIX դարի սկզբները կրկնել է իր տարբեր աշխատություններում,— որը 1815 թվականին յուրացրեց Մալթուսը, որ բանագողության վարպետ է ընդհանրապես (բնակչությանը վերաբերյալ նրա ամբողջ թեորիան մի անպատկառ բանագողություն է),— ո՛րը Ուեստը զարգացրեց հենց այն ժամանակ Անդերսոնից անկախ,— ո՛րը Ռիկարդոն 1817 թվականին կապակցեց արժեքի ընդհանուր թեորիայի հետ, և ո՛րն այն ժամանակվանից սկսած Ռիկարդոյի անվան տակ տարածվեց ամբողջ աշխարհով մեկ,— ո՛րը 1820 թվականին գռեհկացրեց Ջեմս Միլլը (Ջ. Ստ. Միլլի հայրը), և ո՛րը, վերջապես, ի միջի այլոց կրկնեց նաև պ. Ջ. Ստ. Միլլը որպես արդեն ընդհանուր տեղ դարձած դպրոցական դոգմա։ Անժխտելի է, որ Ջ. Ստ. Միլլը իր, համենայն դեպս «զարմանքի արժանի», հեղինակավորությունը պարտական է համարյա միայն այդպիսի qui pro quo-ների։</ref>։ Հետևաբար, կապիտալիստական արտադրությունը միայն այն ձևով է զարգացնում արտադրության հասարակական պրոցեսի տեխնիկան ու կոմբինացիան, որ նա միաժամանակ խորտակում է ամեն մի հարստության աղբյուրները՝ հողն ու բանվորին։
<references>
Վստահելի
1396
edits