Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 13 526 բայտ, 17:59, 10 Հունիսի 2014
==ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ. Պստլիկ Հաստլիկը==
Այնուամենայնիվ, ձուն գնալով մեծանում էր ու մեծանում և վերջապես մարդկային կերպարանք ընդունեց։ Եվ երբ Ալիսը մի քանի քայլ առաջացավ, տեսավ, որ ձուն ունի աչքեր, քիթ ու բերան։ Իսկ ավելի մոտենալով հասկացավ, որ իր տեսածը ՊՍՏԼԻԿ ՀԱՍՏԼԻԿՆ է11: — Հենց նա է, որ կա,— ինքն իրեն ասաց Ալիսը,— այնպես համոզված եմ, կարծես անունը գրված լինի դեմքին։ Նրա հսկայական դեմքին այդ բառը հարյուր անգամ կգրվեր։ Պստլիկ Հաստլիկը թուրքի նման նստել էր բարձր պատին։ Պատն այնքան նեղ էր, որ Ալիսը զարմացավ, թե նա ինչպես է տեղավորվել և ինչպես է պահում հավասարակշռությունը։ Հայացքը հեռուն հառած, նա ուշադրություն անգամ չէր դարձնում աղջկա վրա։ Ալիսին թվաց, թե իր տեսածը Պստլիկ Հաստլիկի խրտվիլակն է։ — Ինչքա՜ն նման է ձվի,— բացականչեց Ալիսը և ձեռքերը պատրաստ պահեց բռնելու Պստլիկ Հաստլիկին, որովհետև ամեն վայրկյան սպասում էր նրա ընկնելուն։ — Շա՜տ վիրավորական է «ձու» կոչվել, շա՜տ,— երկար լռությունից հետո, շարունակելով նայել հեռուն, խոսեց Պստլիկ Հաստլիկը։ — Ես ասացի, դուք նման եք ձվի, պարոն,— մեղմ բացատրեց Ալիսը,— իսկ որոշ ձվեր շատ գեղեցիկ են,— ավելացրեց նա, հուսալով իր դիտողությունը հաճոյախոսության վերածել։ — Իսկ որոշ մարդիկ,— ասաց Պստլիկ Հաստլիկը դարձյալ հայացքը հեռուն հառած,— երեխայի չափ էլ խելք չունեն։ Ալիսը չգիտեր ինչ ասել այդ կապակցությամբ։ Նա մտածեց, որ դա երկխոսություն չէ, որովհետև Պստլիկ Հաստլիկը ոչինչ չէր ասում իրեն։ Հիրավի, վերջին դիտողությունը բացահայտորեն ուղղված էր ծառին։ Այդ պատճառով էլ Ալիսը զգաստ կանգնեց և սկսեց կամաց արտասանել<poem>::::::::Պստլիկ Հաստլիկը պատին էր նստած,::::::::Պստլիկ Հաստլիկը հանկարծ ընկավ ցած։::::::::Թագավորի շքախումբը հեծյալներով ժամանեց,::::::::Ու ինչ արեց֊չարեց, մեր Հաստլիկին տեղից չհանեց։</poem> — Վերջին տողը շատ երկար է ոտանավորի համար,— բարձրաձայն ասաց Ալիսը, մոռանալով, որ Պստլիկ Հաստլիկը կարող է լսել իրեն։ — Ի՞նչ ես քթիդ տակ փնթփնթում,— առաջին անգամ նայելով աղջկան, խոսեց Պստլիկ Հաստլիկը,— ասա՛ անունդ ու զբաղմունքդ։ — Անունս Ալիս է, բայց... — Բավական հիմար անուն է,— անհամբերությամբ ընդհատեց Պստլիկ Հաստլիկը,— ի՞նչ է նշանակում։ — Պարտադի՞ր է անունն իմաստ ունենա,— կասկածանքով հարցրեց Ալիսը։ — Իհարկե,— փռթկացրեց Պստլիկ Հաստլիկը,— օրինակ, իմ անունը կշիռս է ցույց տալիս, և այն էլ ինչպիսի՜ կշիռ։ Քոնն էլ պետք է ինչ֊որ բան ցույց տա։ — Ինչո՞ւ եք մենակ նստել այդտեղ,— հարցրեց Ալիսը, չցանկանալով վիճել։ — Ինչո՞ւ, որովհետև կողքիս ոչ ոք չկա,— բղավեց Պստլիկ Հաստլիկը,— կարծում էիր, չե՞մ կարող դրա պատասխանը տալ։ Ուրիշ հանելուկ ասա։ — Ի՞նչ եք կարծում, եթե գետնին նստեք, ավելի ապահով չեք լինի։ Այդ պատը շատ նեղ է,— շարունակեց Ալիսը ոչ թե նրա համար, որ հանելուկ ասի, այլ, պարզապես բարեհոգությունից դրդված, անհանգստանում էր Պստլիկ Հաստլիկի համար։ — Դու չափից ավելի հեշտ բաներ ես հարցնում,— փնթփնթաց Պստլիկ Հաստլիկը,— բայց ես այդ կարծիքին չեմ։ Եթե ընկնելու լինեմ, որն անհավանական է, եթե ընկնելու լինեմ... Այստեղ նա սեղմեց շրթունքները և այնպիսի վեհ ու հանդիսավոր տեսք ընդունեց, որ Ալիսը հազիվ զսպեց ծիծաղը։ — Եթե ընկնելու լինեմ, թագավորն ինձ խոստացել է... Հը՛, գունատվո՞ւմ ես, չէի՞ր կարծում, որ կպատասխանեի, հա՞... Թագավորն ինձ խոստացել է... անձամբ... — Ուղարկել իր ողջ հեծյալներին,— բավականին անխոհեմաբար ընդհատեց նրան Ալիսը։ — Ի՞նչ վատն ես,— զայրացավ Պստլիկ Հաստլիկը,— ուրեմն դու դռան մոտ կանգնած լսում էիր կամ ծառի հետևն էիր թաքնվե՞լ... Գուցե ծխնելույզի մե՞ջ էիր մտել, այլապես չէիր կարող իմանալ գաղտնիքը։ — Ես ոչ մի տեղ էլ չէի,— քնքշորեն պատասխանեց Ալիսը,— գրքում է գրված։ — Հնարավոր է,— հանգիստ ասաց Պստլիկ Հաստլիկը,— դուք այդ գիրքը անվանում եք Անգլիայի պատմություն։ Այժմ ինձ լավ նայիր։ Ես այն մեկն եմ, որ խոսել եմ Թագավորի հետ։ Երևի դու այլևս ինձ նմանի չհանդիպես, և ցույց տալու համար, որ բոլորովին չեմ հպարտանում, կարող ես սեղմել ձեռքս։— Նա ժպտաց մինչև ականջները և, առաջ թեքվելով (ընկնելու հավանականությունը մեծացավ), մեկնեց ձեռքը։ Ալիսը բռնեց այն և փոքր֊ինչ անհանգստացած դիտեց նրան։ «Եթե մի քիչ էլ ավելի լայն ժպտա, բերանի ծայրերը կհանդիպեն գլխի ետևում, իսկ հետո չգիտեմ, թե ինչ կպատահի գլխին։ Վախենամ երկու կես լինի»,— մտածեց Ալիսը։ — Այո, Թագավորի ողջ հեծյալները,— շարունակեց Պստլիկ Հաստլիկը,— նրանք ինձ մի վայրկյանում վեր կբարձրացնեն, կթռցնեն։ Բայց այս խոսակցությունը չափազանց արագ է ընթանում։ Ե՛կ վերադառնանք նախավերջին դիտողությանը։ — Չեմ հիշում, ինչի մասին էինք խոսում,— խիստ քաղաքավարի ասաց Ալիսը։ — Այդ դեպքում նորից սկսենք,— առաջարկեց Պստլիկ Հաստլիկը,— այժմ խոսակցության նյութ ընտրելու հերթը իմն է։ («Կարծես խաղ ենք խաղում»,— մտածեց Ալիսը)։ Ահա քեզ մի հարց. — Քանի՞ տարեկան ես, ասացիր։ Ալիսը մտքում հաշվեց ու պատասխանեց. — Յոթ տարեկան և վեց ամսական։ — Սխալ է,— հաղթականորեն գոչեց Պստլիկ Հաստլիկը,— դու երբեք նման բան չես ասել։ — Ինձ թվաց, դուք հարցրիք՝ «Քանի՞ տարեկան ես»,— բացատրեց Ալիսը։ — Եթե ես ուզեի այդ հարցը տալ, այդպես էլ կասեի։ Ալիսը գերադասեց լռել, որովհետև չէր ուզում նորից վիճաբանել։ — Յոթ տարեկան և վեց ամսական,— մտածկոտ կրկնեց Պստլիկ Հաստլիկը,— անհարմար տարիք։ Եթե ինձնից խորհուրդ հարցնեիր, կասեի՝ «Կանգնիր յոթի վրա», բայց այժմ չափազանց ուշ է։ — Ես երբեք մեծանալու համար խորհուրդ չեմ հարցնում,— վրդովվեց Ալիսը։ — Հպարտությունդ թույլ չի՞ տալիս,— տեղեկացավ Պստլիկ Հաստլիկը։ Նրա այդ խոսքը ավելի զայրացրեց Ալիսին։ — Ես ուզում եմ ասել, որ մարդ չի կարող չմեծանալ։ — Գուցե մեկը չկարողանա,— ասաց Պստլիկ Հաստլիկը,— բայց երկուսը կարող են։ Հատուկ օգնությամբ դու միշտ կարող էիր մնալ յոթ տարեկան։ — Ի՜նչ գեղեցիկ գոտի ունեք,— հանկարծ նկատեց Ալիսը (նրանք արդեն բավական խոսել էին տարիքի մասին և այժմ Ալիսի հերթն էր նյութ ընտրելու),— ավելի ճիշտ,— ուղղեց նա իր ասածը,— ուզում էի ասել, գեղեցիկ փողկապ, ո՛չ, ո՛չ, ուզում եմ ասել, գոտի, ներեցեք ինձ,— վախեցած շարունակեց նա, որովհետև Պստլիկ Հաստլիկը նայեց նրան միանգամայն վիրավորված և Ալիսը զղջաց նման խոսակցություն սկսած լինելու համար։ — Եթե միայն իմանայի,— ինքն իրեն ասաց նա,— թե որն է վիզը և որը՝ մեջքը։ Ըստ երևույթին Պստլիկ Հաստլիկը զայրացավ, որովհետև մի քանի րոպե ոչինչ չասաց։ Իսկ երբ սկսեց խոսել, նրա ձայնը նման էր խուլ մռնչոցի։ — Վրդովեցուցիչ է, երբ մարդ չի կարողանում փողկապը գոտուց տարբերել,— վերջապես ասաց նա։ — Ես գիտեմ, որ այդպիսի բան հարցնելն իմ կողմից մեծ տգիտություն է,— Ալիսն այնպիսի խղճալի ձայնով արդարացավ, որ Պստլիկ Հաստլիկն իսկույն փափկեց։ — Դա փողկապ է, փոքրիկ, և ինչպես դու ասացիր, գեղեցիկ փողկապ է։ Սպիտակ Արքայի ու Սպիտակ Թագուհու նվերն է։ Ահա՛ թե ինչ։ — Իսկապե՞ս,— ուրախացավ Ալիսը և գոհ մնաց, որ վերջապես իրեն հաջողվել է խոսակցության այդպիսի լավ նյութ ընտրել։ — Նրանք այս փողկապն ինձ նվիրել են իմ ոչ֊ծննդյան օրը,— ոտքը ոտքին դնելով և գրկելով ծնկները, մտածկոտ շարունակեց Պստլիկ Հաստլիկը։ — Ներեցեք, ինչ ասացի՞ք,— շփոթված հարցրեց Ալիսը։ — Ես չեմ վիրավորվում։ — Ուզում եմ իմանալ, թե ինչ բան է ոչ֊ծննդյան օրվա նվերը։ — Դե՛, դա այն նվերն է, որ տալիս են քեզ, երբ քո ծննդյան օրը չէ։ Ալիսը մտմտաց. — Ես բոլորից շատ ծննդյան օրվա նվերներն եմ սիրում։ — Դու չես հասկանում, թե ինչ ես ասում,— բացականչեց Պստլիկ Հաստլիկը,— տարին քանի՞ օր ունի։ — Երեք հարյուր վաթսունհինգ։ — Իսկ դու քանի՞ ծննդյան օր ունես։ — Մեկ։ — Եվ եթե երեք հարյուր վաթսունհինգից հանես մեկը, ի՞նչ կմնա։ — Երեք հարյուր վաթսունչորս։ — Ավելի լավ է թղթի վրա գրես,— կասկածանքով ասաց Պստլիկ Հաստլիկը։ Ալիսը չկարողացավ զսպել ժպիտը և, հանելով հուշատետրը, գրեց՝ 365-1=364 Պստլիկ Հաստլիկը վերցրեց այն և ուշադիր նայեց գրածին։ — Կարծես թե ճիշտ է,— սկսեց նա։ — Դուք սխալ եք բռնել,— ընդհատեց Ալիսը։ — Դե, իհարկե, զվարթացավ Պստլիկ Հաստլիկը, նայելով ուղղած տետրին,— ես էլ մտածում էի, թե ինչու գրածդ տարօրինակ տեսք ունի։ Չկարողացա լավ զննել, դրա համար էլ ասացի՝ Կարծես թե ճիշտ է։ Ուրեմն սա ցույց է տալիս, որ դու երեք հարյուր վաթսունչորս օր կարող ես ստանալ ոչ֊ծննդյան օրվա նվերներ։ — Անկասկած։ — Եվ միայն մի օր՝ ծննդյան օրվա նվերներ, հասկացա՞ր, փառք քեզ։ — Չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ասել «փառք» բառով,— հարցրեց Ալիսը։
Պստլիկ Հաստլիկը արհամարհանքով ժպտաց.
Վստահելի
381
edits