Changes
/* ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ. Թագուհի Ալիսը */
==ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ. Թագուհի Ալիսը==
— Սքանչելի է,— հրճվեց Ալիսը,—...ես երբեք չէի կարծում, որ այսքան շուտ Թագուհի կդառնամ։ Ահա՛ թե ինչ, ձերդ գերազանցություն,— խիստ նախատեց նա,— քեզ բոլորովին հարմար չէ թավալվել խոտերի վրա։ Թագուհիները պետք է արժանավայել կեցվածք ունենան։ (Նա սիրում էր իրեն նկատողություն անել)։
Եվ անմիջապես ոտքի ելավ ու սկսեց քայլել։ Սկզբում քայլում էր ձգված, վախենալով թագի ընկնելուց։ Բայց հետո հանգստացավ այն մտքից, որ ինքը մենակ է, և ոչ ոք չի տեսնի իրեն։
— Եթե ես իսկապես Թագուհի եմ, ուրեմն ժամանակի ընթացքում կվարժվեմ թագով քայլելուն,— վճռեց նա ու նստեց։
Ալիսն անհամար հրաշքներ էր տեսել այդ օրը և բնավ չզարմացավ, երբ իրեն գտավ նստած Սև ու Սպիտակ Թագուհիների մեջտեղում։ Հետաքրքիր էր, թե նրանք ինչպես հայտնվեցին, բայց նման հարց տալն իր կողմից անքաղաքավարություն կլիներ։
«Այնուամենայնիվ, կարելի է հարցնել խաղի ավարտի մասին...»,— մտածեց նա։
— Ասացեք խնդրեմ,— երկչոտ նայելով Սև Թագուհուն, սկսեց Ալիսը։
— Խոսիր միայն այն ժամանակ, երբ քեզ կխոսեցնեն,— ընդհատեց Թագուհին։
— Բայց եթե բոլորն էլ հետևեին այդ կանոնին,— Ալիսը միշտ պատրաստ էր վիճաբանելու,— և դուք խոսեիք միայն այն ժամանակ, երբ ձեզ խոսեցնեին, մյուսն էլ սպասեր ձեր խոսելուն, ապա ոչ ոք ոչինչ չէր ասի։
— Ծիծաղելի է,— ճչաց Թագուհին,— չե՞ս հասկանում, երեխա...— Այստեղ նա կնճռոտեց դեմքն ու մի պահ մտածելուց հետո խոսակցությունը փոխելով շարունակեց.
— Ի՞նչ ես ուզում ասել. «Թե ես իսկապես Թագուհի եմ»։ Ի՞նչ իրավունք ունես քեզ այդպես կոչելու։ Դու Թագուհի չես կարող դառնալ մինչև հատուկ քննություն չհանձնես, և ինչքան շուտ գործի անցնենք, այնքան լավ քեզ համար։
— Բայց ես միայն ասացի «Եթե»,— լացակումեց խեղճ Ալիսը։
Երկու Թագուհիները նայեցին միմյանց, իսկ Սև Թագուհին թափահարելով գլուխը, շարունակեց.
— Ասում է, որ ինքը միայն «Եթե» է ասել։
— Բայց նա ուրիշ բառեր էլ օգտագործեց,— ձեռքերն իրար սեղմելով տնքաց Սպիտակ Թագուհին,— այնքան շատ բառեր, շա՜տ ու շա՜տ։
— Ճիշտ է,— դիմելով Ալիսին, հաստատեց Սև Թագուհին,— միշտ ասա ճշմարտությունը, մտածիր խոսելուց առաջ ու հետո գրի առ այն։
— Ես չէի մտածում...— սկսեց Ալիսը, բայց Սև Թագուհին բարկացած ընդհատեց նրան.
— Ահա թե ինչն ինձ դուր չի դայիս։ Դու պետք է մտածեիր։ Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ են պետք չմտածող երեխաները։ Նույնիսկ կատակը պետք է իմաստ ունենա, իսկ երեխայի խոսքը կատակից ավելի կարևոր է։ Դու չես կարող ժխտել այդ, եթե նույնիսկ երկու ձեռքով էլ փորձես։
— Ես ձեռքերով չեմ ժխտում,— առարկեց Ալիսը։
— Ոչ ոք չասաց, թե դու ձեռքերով ես ժխտում,— հակառակեց Սև Թագուհին,— ես ասացի, որ դու եթե փորձես էլ՝ չես կարող։
— Սև Թագուհին այնպիսի վիճակում է,— բացատրեց Սպիտակ Թագուհին,— որ ուզում է ինչ֊որ բան ժխտել, միայն թե չի իմանում՝ ինչ։
— Զզվելի, այլանդակ բնավորություն,— նկատեց Սև Թագուհին։
Այս խոսքերից հետո մի որոշ ժամանակ ճնշող լռություն տիրեց։
Սև Թագուհին դիմելով Սպիտակ Թագուհուն, առաջինը խզեց լռությունը.
— Ես այսօր կեսօրին քեզ հրավիրում եմ Ալիսի ճաշկերույթին։
Սպիտակ Թագուհին թույլ ժպտաց ու ասաց.
— Ես էլ քեզ եմ հրավիրում։
— Ա՜յ քեզ բան, ես բոլորովին էլ չգիտեի, որ ճաշկերույթ եմ տալու,— զարմացավ Ալիսը,— եթե այդպես է, ուրեմն պետք է հյուր կանչեմ։
— Մենք քեզ տալիս ենք այդ հնարավորությունը,— նկատեց Սև Թագուհին,— բայց համարձակվում եմ ասել, դու վարվելակերպի դասեր չես անցել։
— Դասերի ժամանակ վարվելակերպ չեն սովորեցնում,— ասաց Ալիսը,— այլ թվեր հաշվել և նման բաներ։
— Կարո՞ղ ես գումարել,— հարցրեց Սպիտակ Թագուհին,— որքա՞ն կանի մեկին գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ, գումարած մեկ։
— Չգիտեմ,— պատասխանեց Ալիսը,— հաշիվը կորցրի։
— Նա չի կարող գումարել,— ընդհատեց Սև Թագուհին և դիմեց Ալիսին,— ապա փորձիր հանել. ութից հանիր ինը։
— Չեմ կարող,— շտապ պատասխանեց Ալիսը,— հավանաբար...
— Նա հանել էլ չի կարող,— ասաց Սպիտակ Թագուհին,— կարո՞ղ ես բաժանել. բաժանիր հացը դանակով, ի՞նչ կստացմի։
— Ինձ թվում է...— սկսեց Ալիսը, բայց Սև Թագուհին պատասխանեց նրա փոխարեն,— կարագահաց կստացվի։ Իսկ հիմա մեկ ուրիշը փորձիր։ Շան առջևից մի ոսկոր վերցրու, ի՞նչ կմնա։
Ալիսը քիչ մտածեց, ապա պատասխանեց.
— Ոչինչ չի մնա, եթե ոսկորը վերցնեմ։ Շունն էլ չի մնա, կհարձակվի ինձ վրա, այդ դեպքում ես էլ չեմ մնա։
— Ուրեմն, կարծում ես ոչինչ չի՞ մնա,— հարցրեց Սև Թագուհին։
— Այո, ինձ այդպես է թվում։
— Սխալ է, ինչպես միշտ,— հրճվեց Սև Թագուհին,— շան համբերությունը կմնա։
— Չեմ հասկանում, թե ինչպես...
— Ի՞նչ կա այստեղ չհասկանալու,— գոչեց Սև Թագուհին,— չէ՞ որ, եթե շունը բարկանա, կկորցնի համբերությունը։
— Միգուցե,— զգույշ պատասխանեց Ալիսը։
— Ուրեմն, եթե շունը գնա, համբերությունը կմնա,— հաղթականորեն բացականչեց Սև Թագուհին։
— Բայց նրանք կարող են տարբեր ճանապարհներով գնալ,— մռայլվեց Ալիսը և մտածեց. «Ի՜նչ ահավոր հիմարություններ ենք դուրս տալիս»։
— Դու բոլորովին չես կարողանում հաշվել,— յուրաքանչյուր բառը շեշտելով միաբերան ասացին Թագուհիները։
— Իսկ դուք կարո՞ղ եք,— անսպասելիորեն դիմելով Սպիտակ Թագուհուն, հարցրեց Ալիսը. նրան դուր չէր գալիս, որ Թագուհիները շարունակ մեղադրում էին իրեն։
Սպիտակ Թագուհին խոր շունչ քաշեց ու փակեց աչքերը.
— Եթե ինձ ժամանակ տաս, կարող եմ գումարել, բայց հանել՝ ոչ մի դեպքում։
— Դու երևի այբուբենը գիտե՞ս,— հարցրեց Սև Թագուհին։
— Իհարկե՛,— պատասխանեց Ալիսը։
— Ես էլ,— շշնջաց Սպիտակ Թագուհին,— սիրելիս, մենք հաճախ միասին կասենք այն։ Ուզո՞ւմ ես լսել իմ գաղտնիքը։ Ես կարող եմ կարդալ մի տառից բաղկացած բոլոր բառերը։ Հիանալի է, չէ՞։ Դե լավ, մի հուսահատվիր, ժամանակի ընթացքում դու էլ կհասնես դրան։
Այստեղ Սև Թագուհին նորից ընդհատեց.
— Անցնենք տնտեսվարությանը, հացն ինչի՞ց են պատրաստում։
— Հիմա կասեմ,— ոգևորվեց Ալիսը,— վերցնում ենք մի քիչ ցորեն, աղում ենք...
— Որքա՞ն աղ ենք գցում,— հարցրեց Սպիտակ Թագուհին,— դու այդպիսի մանրամասնություններ չպետք է բաց թողնես։
— Ոչ թե աղ ենք գցում, այլ աղում ենք աղացում...— բացատրեց Ալիսը։
— Հով արա նրա գլխին,— մտահոգված ընդհատեց Սև Թագուհին,— երկար մտածելուց երևի տաքություն եկավ վրան։
Թագուհիները գործի անցան և տերևների փնջերով հովհարեցին նրան այնքան ժամանակ, մինչև որ Ալիսն աղերսեց դադարեցնել, որովհետև մազերը խառնվեցին, այս ու այն կողմ թռան։
— Հիմա իրեն նորից լավ է զգում,— ասաց Սև Թագուհին։— Քանի՞ լեզու գիտես։ Ինչպե՞ս կլինի «անհե֊թե֊թե֊թություն» բառը ֆրանսերեն։
— Այդ բառն անգլերեն չէ,— լուրջ պատասխանեց Ալիսը։
— Իսկ ո՞վ ասաց, որ անգլերեն է,— վրդովվեց Սև Թագուհին։
Մի պահ մտածելուց հետո Ալիսին թվաց, որ այս անգամ դուրս կգա դժվարին կացությունից։
— Եթե դուք ինձ ասեք, թե դա ինչ լեզվով է, ես կասեմ դրա ֆրանսերենը,— հաղթական գոչեց նա։
Բայց Սև Թագուհին ձգվեց ու նստեց ուղիղ։
— Թագուհիները երբեք գործարքներ չեն կնքում։
— Իսկ ես կուզեի, որ Թագուհիները երբեք վեճի չբռնվեին,— ասաց Ալիսը։
— Եկեք չվիճենք,— անհանգստացավ Սպիտակ Թագուհին։
— Ինչի՞ց է առաջանում կայծակը,— կրկին Ալիսին դիմեց Սև Թագուհին։
— Կայծակն առաջանում է,— վճռականորեն սկսեց Ալիսը. նա համոզված էր իր գիտեցածի վրա,— որոտից... Ո՛չ, ո՛չ,— շտապ ուղղեց իրեն,— ուզում էի ասել...
— Արդեն ուշ է, չես կարող ուղղել,— կանխեց Սև Թագուհին,— երբ մի միտք ես հայտնում, արդեն հաստատվում է, դու պետք է հետևանքի համար պատասխան տաս։
— Դա ինձ հիշեցնում է...— գետնին նայելով և ձեռքերը ջղաձգորեն իրար հագուցելով շարունակեց Սպիտակ Թագուհին,— անցյալ երեքշաբթի մի այնպիսի որոտ եղավ... Ո՛չ, ուզում էի ասել, անցյալ շաբաթվա երեքշաբթիներին... Ալիսն ապշեց։
— Մեր երկրում,— նկատեց նա,— շաբաթվա մեջ միայն մի երեքշաբթի է լինում։
— Դա խղճուկ ու հնացած ձև է,— ասաց Սև Թագուհին,— իսկ այստեղ մենք հաճախ միաժամանակ երկու կամ երեք ցերեկ ենք վերցնում. երբեմն էլ ձմռանը հինգ գիշեր միասին՝ որպեսզի տաք լինի։
— Ուրեմն հինգ գիշերն ավելի տաք է, քան մեկ գիշե՞րը,— համարձակվեց հարցնել Ալիսը։
— Իհարկե, հինգ անգամ։
— Բայց, միևնույն կանոնի համաձայն հինգ անգամ ավելի ցուրտ պիտի լինի։
— Ճիշտ այդպես,— բղավեց Սև Թագուհին,— հինգ անգամ ավելի տաք և հինգ անգամ ավելի ցուրտ, ինչպես ես հինգ անգամ ավելի հարուստ եմ և հինգ անգամ ավելի խելացի, քան դու։
Ալիսը հոգոց հանեց և այլևս չշարունակեց խոսակցությունը։
«Դա շատ նման է պատասխան չունեցող հանելուկի»,— մտածեց նա։
— Պստլիկ Հաստլիկն էլ տեսավ,— ցածրաձայն շարունակեց Սպիտակ Թագուհին, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ,— խցանահանը ձեռքին եկավ ու կանգնեց դռան շեմին...
— Ի՞նչ էր ուզում,— հարցրեց Սև Թագուհին։
— Ուզում էր ներս մտնել, որովհետև գետաձի էր փնտրում, բայց այդ առավոտ մեր տանը գետաձի չգտնվեց։
— Իսկ ընդհանրապես լինո՞ւմ է,— հետաքրքրրվեց Ալիսը։
— Միայն հինգշաբթի օրերը,— պատասխանեց Սպիտակ Թագուհին։
— Հիմա հասկացա, թե Պստլիկ Հաստլիկն ինչո՞ւ էր եկել,— ասաց Ալիսը,— նա ցանկանում էր պատժել ձկներին, որովհետև...
Այստեղ Սպիտակ Թագուհին նորից ընդհատեց Ալիսին.
— Չես կարող պատկերացնել, թե ինչպիսի որոտ էր։
(— Նա երբեք չի կարող պատկերացնել,— նկատեց Սև Թագուհին)։
— Կտուրները կիսով չափ փուլ եկան, որոտը տուն լցվեց, մտավ սենյակ, գետնին տապալեց սեղաններն ու աթոռները։ Ես այնպես էի վախեցել, որ չէի կարող հիշել սեփական անունս։
«Տեսնես ինչի՞ն էր պետք։ Ես երբեք այդպիսի ժամանակ չէի փորձի հիշել անունս»,— շվարեց Ալիսը, բայց բարձրաձայն չարտահայտվեց, որովհետև վախենում էր վիրավորել Թագուհուն։
— Ձերդ գերազանցությունն անշուշտ կների Սպիտակ Թագուհուն,— դիմելով Ալիսին ասաց Սև Թագուհին և, իր ափերի մեջ վերցնելով Սպիտակ Թագուհու ձեռքը, սկսեց մեղմորեն հարվածել և միաժամանակ խոսել.
— Ես գիտեմ, նա խելոք բաներ է ուզում ասել, սակայն չի կարողանում զսպել իրեն և, որպես կանոն, հիմարություններ է դուրս տալիս։
Սպիտակ Թագուհին վախվորած նայեց Ալիսին։ Վերջինս զգաց, որ ինքը պետք է մի բան ասի, բայց այդ պահին ոչ մի հարմար բան չկարողացավ մտածել։
— Նա դաստիարակություն չի ստացել,— ակնարկելով Սպիտակ Թագուհուն, շարունակեց Սև Թագուհին,— և զարմանալին այն է, որ լավ բնավորություն ունի։ Բամփիր նրա գլխին և կտեսնես ինչքան գոհ կմնա։
Ալիսը չհամարձակվեց կատարել Սև Թագուհու խորհուրդը։
— Եթե դու բարի լինես և նրա մազերը գանգրացնես, նա անճանաչելի կդառնա։
Սպիտակ Թագուհին խոր հառաչեց և գլուխը դրեց Ալիսի ուսին.
— Քունս տանում է...
— Հոգնել է խեղճը,— ասաց Սև Թագուհին,— շոյիր նրա մազերը, տուր նրան քո գիշերային թասակը և մի մեղմ օրորոցային երգիր նրա համար։
— Ես մոտս գիշերային թասակ չունեմ, բացի այդ, մեղմ օրորոցայիններ չգիտեմ,— սրտնեղեց Ալիսը։
— Այդ դեպքում ինքս կերգեմ,— ասաց Սև Թագուհին և սկսեց.
<poem>Նանիկ֊նանիկ, սիրունիկ, Ալիսի ծնկին քնենք,
Մինչև խնջույքն սկսվի՝ աչք կփակենք մի քիչ մենք.
Երբ խնջույքը ավարտվի, պարահանդես կգնանք՝
Արդ, Սպիտակ Թագուհին, Ալիսն ու ես քուն մտանք։</poem>
— Դու արդեն բառերը սովորեցիր,— նա գլուխը դրեց աղջկա մյուս ուսին,— իսկ այժմ նույնը երգիր ինձ համար, իմ քունն էլ է տանում։
Քիչ անց Թագուհիները բարձր խռմփացնում էին։
«Ի՞նչ պետք է անեմ ես հիմա»,— շվարած նայելով շուրջը, մտածեց Ալիսը, երբ նախ Սպիտակ Թագուհու գլուխը պոկվեց տեղից ու ընկավ նրա գիրկը, իսկ հետո՝ Սև Թագուհու գլուխը և ծանր քարերի պես դիզվեցին գրկում։
— Երևի ոչ ոք իր կյանքում երբեք չի հսկել երկու քնած Թագուհիների։ Ոչ էլ Անգլիայի պատմության մեջ է այդպիսի դեպք արձանագրված։ Չէ՞ որ Անգլիայում միաժամանակ երբեք երկու Թագուհի չի եղել։
— Արթնացե՛ք, ծանր գլուխներ,— անհամբերությամբ բղավեց Ալիսը, բայց համաչափ խռմփոցից բացի ոչինչ չլսվեց։
Խռմփոցը գնալով ավելի որոշակի էր դառնում և վերջապես փոխվեց երգի։ Ալիսը շուտով կարողացավ որոշ բառեր որսալ և սկսեց կլանված ականջ դնել, այնպես որ չնկատեց, թե ինչպես ծանր գլուխներն անհետացան։
Ալիսը կանգնած էր կամարաձև դռան առջև, որի վրա խոշոր տառերով գրված էր՝ «ԹԱԳՈԻՀԻ ԱԼԻՍ»։ Դռան երկու կողմերում զանգակի բռնակներ կային։ Մեկի վրա գրված էր՝ «Հյուրերի համար», իսկ մյուսի վրա՝ «Ծառաների համար»։
— Հենց որ երգը վերջանա, կհնչեցնեմ զանգը, բայց ո՞ր մեկը,— տարակուսեց նա,— ես հյուր չեմ, ոչ էլ ծառա։ Պետք է մեկ ուրիշն էլ լիներ «Թագուհու համար» մակագրությամբ։
Այդ պահին դուռը կիսաբաց եղավ, ու երկար կտուցով մի արարած գլուխը դուրս հանեց։
— Երկու շաբաթ ընդունելություն չի լինելու,— ծվծվաց նա և շրխկոցով փակեց դուռը։
Ալիսը երկար ժամանակ բախում էր դուռը, հնչեցնում զանգերը, բայց անօգուտ։ Վերջապես ծառի տակ նստած ծեր Գորտը ելավ֊կանգնեց ու թեթև կաղալով մոտեցավ։ Նա հագել էր վառ դեղին համազգեստ և հսկայական մեծության կոշիկներ։
— Ի՞նչ կա,— խռպոտ ձայնով հարցրեց Գորտը։
Ալիսը շրջվեց՝ բարկությունն առաջին իսկ պատահածի վրա թափելու պատրաստ։
— Որտե՞ղ է այն ծառան, որի պարտականությունն է պատասխանել դռան զանգերին,— բարկացած հարցրեց նա,— ինչո՞ւ ոչ ոք չի մոտենում դռանը։
— Ո՞ր դռան զանգերին,— հարցրեց Գորտը։
Կենդանին խոսում էր ծոր տալով և դա այն աստիճան բարկացրեց Ալիսին, որ նա ոտքը խփեց գետնին ու ճչաց.
— Իհարկե, այս դռան։
Գորտը իր չռած, մշուշոտ աչքերը մի պահ հառեց դռանը, հետո մատներով շոշափեց զանգակի շղթայիկը, ապա նայեց Ալիսին։
— Զանգերն ի՞նչ են հարցրել, որ չի պատասխանել։
Գորտն այնպիսի խռպոտ ձայնով էր խոսում, որ Ալիսը հազիվ կարողացավ մի քանի բառ զանազանել։
— Չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում,— զայրացավ նա։
— Ոնց թե չես հասկանում,— շարունակեց Գորտը,— հո խո՞ւլ չես։ Զանգը քեզ ի՞նչ է հարցրել։
— Ոչինչ,— վրա բերեց Ալիսը,— ես դուռը բախում էի։
— Դու այդպիսի բան չպետք է անես,— կռկռաց Գորտը,— այդ նրան բարկացնում է։— Ապա մի քանի քայլ առաջացավ ու ոտքով հարվածեց դռանը։— Եթե դու նրան հանգիստ թողնես, նա էլ քեզ հանգիստ կթողնի,— հևիհև կռկռաց Գորտը և կաղալով հետ գնաց դեպի ծառը։
Հանկարծ դուռը լայն բացվեց, ու ներսից լսվեց երգի զիլ ձայն.
<poem>Ալիսն ասաց Հայելու Տիրությանը բովանդակ.
— Ձեռքիս ունեմ գայիսոն, գլխիս ունեմ ոսկե թագ։
Թո՛ղ բոլորը անխտիր գան մասնակցեն մեր ճաշին՝
Սև, Սպիտակ Թագուհու, Ալիսի հետ միասին։</poem>
Եվ հարյուրավոր ձայներ երգեցին կրկներգը.
<poem>Բաժակները ձեր լցրեք որքան կարող եք արագ
Ու շաղ տվեք սեղանին կոճակ, ասեղ ու կարագ,
Կատու գցեք սուրճի մեջ, իսկ թեյի մեջ մուկ ու շուն.
Գովեք Ալիս թագուհուն երեք անգամ երեսուն։</poem>
Երգին հաջորդեց խառնաշփոթ ցնծության աղաղակներ։
Ալիսը մտածեց. «Երեք անգամ երեսուն՝ կանի իննսուն։ Տեսնես որևէ մեկը հաշվո՞ւմ է»։ Քիչ անց նորից լռություն տիրեց, և նույն զիլ ձայնը երգեց մի ուրիշ քառյակ.
<poem>— Հե՜յ, բոլորդ մոտեցեք,— նորից Ալիսը ձայնեց,—
Ինձ տեսնելը պատիվ է, ինձ լսելը շնորհ է մեծ,
Քանզի ձեզ բախտ վիճակվեց գալ մասնակցել մեր ճաշին՝
Սև, Սպիտակ թագուհու, Ալիսի հետ միասին։</poem>
Կրկին խումբը երգեց կրկներգը.
<poem>Բաժակները ձեր լցրեք թանաքով ու մածուկով,
Լցրեք ինչ որ պատահի, միայն՝ խմվի հաճույքով.
Ավազ խառնեք խմիչքին և բուրդ խառնեք այս գինուն,
Ինը անգամ իննսուն գովեք Ալիս Թագուհուն։</poem>
— Ինը անգամ իննսուն,— հուսահատ կրկնեց Ալիսց,— ավելի լավ է չհաշվեմ և անմիջապես ներս մտնեմ։
Երբ նա հայտնվեց դռան շեմին, դահլիճում մեռելային լռություն տիրեց։
Ներս մտնելիս Ալիսը հուզված նայեց ճաշասեղանին և տեսավ մոտ հիսուն հոգի՝ այդ թվում կենդանիներ, թռչուններ և նույնիսկ ծաղիկներ։
«Շատ ուրախ եմ, որ իմ հյուրերն առանց հրավերի եկել են,— մտածեց աղջիկը,— թե չէ երբեք չէի իմանա, ում հրավիրել»։
Սեղանի ծայրին երեք աթոռ էր դրված։ Սպիտակ ու Սև Թագուհիներն արդեն գրավել էին իրենց տեղերը, բայց մեջտեղի աթոռն ազատ էր։ Ալիսը ճնշող լռությունից շվարած նստեց։ Գոնե մեկը խոսեր։
Վերջապես Սև Թագուհին սկսեց.
— Դու ուշացար՝ ապուրն ու ձուկը չկերար, տապակած միսը բերե՛ք։
Ծառաները սկուտեղով ոչխարի ոտքը դրեցին Ալիսի առջև։ Ալիսը լուրջ անհանգստացավ, որովհետև երբեք ոչխարի ոտք չէր կտրել։
— Մի՛ ամաչիր,— ասաց Սև Թագուհին,— թույլ տուր քեզ ներկայացնել։ Դե՛, ծանոթացեք, Ալիս, սա Ոչխարի Ոտքն է. Ոչխարի Ոտք, սա Ալիսն է։
Ոչխարի Ոտքը կանգնեց ափսեի մեջ և հարգալից գլուխ տվեց։ Ալիսն էլ իր հերթին փոխադարձաբար խոնարհվեց՝ չիմանալով ծիծաղի, թե վախենա։
— Ուզո՞ւմ եք ուտել,— վերցնելով դանակն ու պատառաքաղը, հարցրեց նա՝ նայելով մեկ Սև, մեկ Սպիտակ Թագուհիներին։
— Իհարկե ոչ,— կտրուկ պատասխանեց Սև Թագուհին,— դուք հենց նոր ծանոթացաք և արդեն ուզում ես նրան կտրատե՞լ։ Տարե՛ք Ոչխարի Ոտքը։
Ծառաներն անմիջապես հեռացրին սկուտեղը և տեղը դրեցին մի մեծ սալորի թխվածք։
— Ես չեմ ուզում սալորի թխվածքի հետ ծանոթանալ,— շտապ վրա բերեց Ալիսը,— թե չէ ուտելու բան չենք ունենա։ Ուզո՞ւմ, եք մի շերտ։
Բայց Սև Թագուհին մռայլվեց ու գռմռաց.
— Թխվածք, սա Ալիսն է. Ալիս, սա Թխվածքն է։ Տարե՛ք Թխվածքը։
Ծառաներն այնքան արագ տարան ափսեն, որ Ալիսը չհասցրեց նույնիսկ գլուխ տալ ի պատասխան։
Բայց և այնպես Ալիսը չէր կարողանում հասկանալ, թե ինչու միայն Սև Թագուհին էր հրամաններ արձակում։
— Սպասավոր, ե՛տ բերեք Թխվածքը,— փորձի համար բղավեց նա։
Եվ մի ակնթարթում այն հայտնվեց՝ ասես կախարդանքով։ Թխվածքն այնքան խոշոր էր, որ Ալիսը նույն զգացումն ունեցավ, ինչ Ոչխարի Ոտքի ժամանակ՝ փոքր ինչ ամաչեց։ Բայց և այնպես ճիգով հաղթահարեց իրեն ու մի շերտ կտրելով տվեց Սև Թագուհուն։
— Ինչպիսի՜ անպատկառություն,— ասաց Թխվածքը,— հետաքրքիր է, դուրդ կգա՞ր, եթե քեզնից մի կտոր կտրեին, ստո՛ր արարած։
Թխվածքը թավ ու յուղոտ ձայնով էր խոսում։ Ալիսը պատասխան չուներ տալու, միայն լուռ ու ակնապիշ նայում էր նրան։
— Մի բան ասա,— միջամտեց Սև Թագուհին,— ծիծաղելի է, Թխվածքը խոսում է, իսկ դու լռում ես։
— Գիտե՞ք ինչ, ես այսօր բազմաթիվ ոտանավորներ եմ լսել,— սկսեց Ալիսը և ճնշվեց, տեսնելով, որ այդ խոսքի վրա դահլիճում լռություն իջավ և հյուրերի հայացքներն ուղղվեցին իրեն,— և զարմանալին այն է, որ բոլորն էլ ձկների մասին էին։ Դուք գիտե՞ք, թե այստեղ ինչու են ձուկ շատ սիրում։
Ալիսը դիմեց Սև Թագուհուն, որի պատասխանը ավելին էր հարկ եղածից։
— Ինչ վերաբերում է ձկներին,— դանդաղ ու հանդիսավոր արտասանեց նա հենց Ալիսի ականջի մոտ,— նորին Սպիտակ Գերազանցությունը մի հիանալի չափածո հանելուկ գիտի ձկների մասին։ Կուզե՞ս լսել։
— Նորին Սև Գերազանցությունը վերին աստիճանի բարի է,— Ալիսի մյուս ականջին շշնջաց Սպիտակ Թագուհին։ Նրա ձայնը հիշեցնում էր աղավնու ղունղունոց,— ուզո՞ւմ ես լսել։
— Խնդրում եմ, ասացեք,— քաղաքավարությամբ տեղի տվեց Ալիսը։
Սպիտակ Թագուհին հրճվանքից ծիծաղեց ու շոյեց Ալիսի այտը, ապա սկսեց.
<poem>«Նախ պետք է ձուկը բռնել»։
Դժվար բան չէ, երեխան էլ կբռնի։
«Հետո՝ փող տալ ու առնել»։
Դժվար բան չէ, մի փեննին էլ այն կառնի։
«Մի ձուկ եփիր ինձ համար»։
Դժվար բան չէ, աչքդ թարթես՝ եփված է։
«Ափսեի մեջ դիր հարմար»։
Դժվար բան չէ, մանավանդ երբ դրված է։
«Բեր ու ոչինչ մի հարցրու»։
Ի՞նչ է մի ափսե բերելը՝ խաղ ու պար։
«Կափարիչը բարձրացրու»։
Իսկ էդ մեկը վայ թե ծանր է ու դժվար։
«Ա՜յ քեզ հրաշք ու զավեշտ,
Սոսնձում է եղած֊չեղածն էս ձուկը։
Ասա տեսնեմ որն է հեշտ՝
Ափսեն բացել, թե՞ բացել այս հանելուկը»։</poem>
— Մի րոպե մտածիր, հետո, մինչ այդ, մենք կխմենք քո կենացը։ Թագուհի Ալիսի կենացը,— Սև Թագուհին ճչաց ամբողջ ուժով, և հյուրերն անմիջապես գործի անցան, չնայած խիստ տարօրինակ ձևով։ Նրանցից ոմանք գավաթները կրակմարիչների նման դրեցին գլխներին և խմեցին այն, ինչ կաթկթում էր վերևից, մյուսները շրջեցին կժերը և կլանեցին սեղանի եզրերից հոսող գինին։ Իսկ երեք արարածներ (նման կենգուրուների) մագլցեցին տապակած մսի սկուտեղի վրա ու ագահորեն լիզեցին մսաջուրը։
«Կարծես խոզեր լինեն տաշտակի մեջ»,— մտածեց Ալիսը։
— Դու պետք է փոխադարձ շնորհակալական ճառ ասես,— Ալիսին նայելով խոժոռվեց Սև Թագուհին։
— Մենք քեզ կօգնենք,— շշնջաց Սպիտակ Թագուհին։
Ալիսը հնազանդ ու վախեցած կանգնեց.
— Շատ շնորհակալ եմ,— նույնպես շշուկով պատասխանեց նա,— բայց ես ինքս էլ կարող եմ առանց ձեր օգնության։
— Դա նույնը չէ,— վճռական ասաց Սև Թագուհին։
Ալիսը ստիպված պատշաճության սահմաններում տեղի տվեց։
— (Նրանք երկու կողմից ինձ այնպես հրեցին,— հետագայում պատմում էր նա քրոջը խնջույքի մասին,— կարծես ուզում էին ինձ տափակեցնել), ճիշտն ասած, Ալիսի համար դժվար էր խոսելիս կանգնած մնալ։ Թագուհիները այնպես էին սեղմում նրան, որ համարյա գետնից կտրել էին։
— Ես բարձրացել եմ շնորհակալություն հայտնելու,— սկսեց Ալիսը։ Նա իրոք, խոսելիս բարձրացավ մի քանի մատնաչափ, բայց հասցրեց բռնել սեղանի երկու ծայրերից ու մնաց կանգնած տեղը։
— Զգուշացի՛ր,— ճչաց Սպիտակ Թագուհին՝ երկու ձեռքով կառչելով աղջկա մազերից,— հիմա ինչ֊որ բան է լինելու։
Անմիջապես (ինչպես նկարագրում էր Ալիսը հետո), մի ակնթարթում ամեն ինչ տակն ու վրա եղավ։ Մոմերը ձգվեցին դեպի առաստաղ՝ կատարները կրակով բռնկված եղեգների պես։ Շշերը մեկական ափսե վերցնելով, թևերի նման շտապ ամրացրին իրենց կողերին և, հենվելով պատառաքաղների վրա՝ որպես ոտքերի, թռան տարբեր ուղղություններով։
«Ի՜նչ նման են թռչունների»,— հասցրեց մտածել Ալիսը այդ սարսափելի իրարանցման մեջ։
Այդ վայրկյանին հենց իր կողքին Ալիսը մի խռպոտ ծիծաղ լսեց և շրջվեց տեսնելու, թե ինչ է կատարվում Սպիտակ Թագուհու հետ, բայց Թագուհու փոխարեն Ոչխարի Ոտքն էր նստած աթոռին։
— Ես այստեղ եմ,— լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։
Ալիսը դարձյալ շրջվեց և տեսավ Թագուհու լայն, բարի դեմքը, որ մի պահ ժպտաց ապուրամանի եզրին ու ապա սուզվեց֊անհետացավ։
Պետք էր շտապել։ Հյուրերից մի քանիսն արդեն պառկած էին ափսեների մեջ, իսկ շերեփը քայլում էր սեղանի վրայով դեպի Ալիսն ու անհամբերությամբ գլխով նշան անում, որ ճամփից հեռու կանգնի։
— Բավական է,— ճչաց Ալիսը,— այլևս չեմ կարող տանել։
Նա մի ցատկ արեց, երկու ձեռքով ճանկեց սեղանի սփռոցը ու քաշեց ձիգ տվեց. ափսեները, սկուտեղները, հյուրերն ու մոմերը գետնին թափվեցին, ջարդ ու փշուր եղան՝ դիզվելով հատակին։
— Իսկ ձեզ,— շարունակեց նա՝ կատաղի շրջվելով դեպի Սև Թագուհին, որին համարում էր այդ չարիքի պատճառը, բայց Թագուհին այլևս կողքին չէր։
Նա հանկարծ դարձավ փոքրիկ տիկնիկի մեծության և սկսեց աշխույժ վազվզել սեղանի վրա, ցանկանալով բռնել իր գլխաշորը, որը պոչի պես կախ էր ընկել ետևից։
Ուրիշ անգամ Ալիսը կապշեր, բայց այժմ նրան ոչնչով զարմացնել հնարավոր չէր։
— Իսկ ձեզ,— կրկնեց նա և ճիշտ ժամանակին հասցրեց բռնել Թագուհուն, որ պատրաստվում էր ցատկել սեղանին նոր թառած շշի վրայով,— իսկ ձեզ մի լավ ծեծ կտամ, ինչպես իմ փիսիկին։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐՈՐԴ. Կերպարանափոխում==