Changes

Ալիսը հայելու աշխարհում

Ավելացվել է 25 769 բայտ, 12:55, 13 Հունիսի 2014
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
{{անավարտ}}
 
 
==ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ. Չըրխկն ու Շըրխկը==
 
Նրանք կանգնել էին ծառի տակ, ձեռքերը դրած միմյանց ուսի։ Ալիսն անմիջապես տարբերեց նրանց, որովհետև նրանցից մեկի օձիքին ասեղնագործած էր «Չ», իսկ մյուսի օձիքին՝ «Շ»։ «Երևի մնացած տառերն էլ օձիքի հետևում են»,— մտածեց Ալիսը։
 
Եղբայրներն այնպես անշարժ էին կանգնել, որ Ալիսին թվաց, թե արձաններ են։ Նա փնտրում էր, թե արդյոք երկուսի օձիքներին «ՐԸԽԿ» չկա՞ գրված, երբ հանկարծ ուժգին ցնցվեց «Շ»֊ի ձայնից։
 
— Եթե դու կարծում ես, որ մենք մոմից ենք պատրաստված, ուրեմն պետք է վճարես։ Մոմից պատրաստված մարդկանց երբեք անվճար չեն դիտում, երբեք։
 
— Եվ ընդհակառակը,— շարունակեց «Չ»֊ն,— եթե կարծում ես, որ մենք կենդանի մարդիկ ենք, ուրեմն պետք է խոսես մեզ հետ։
 
— Ներեցեք, ներեցեք,— շշնջաց Ալիսը։ Նրա գլխում ժամացույցի զարկերի պես դեռ հնչում էին հին երգի բառերը, և հազիվ զսպեց իրեն, որ բարձրաձայն չարտասանի.
 
<poem>::::::::Մի օր Չըրխկն ու Շըրխկը
::::::::::Մի մեծ կռիվ սարքին տանը.
::::::::Փչացրել էր չար Չըրխկը
::::::::::Խեղճ Շրըխկի չխկչխկանք։
 
::::::::Մեկ էլ ոնց որ ձյութի տակառ՝
::::::::::Ագռավ իջավ կռկռան,
::::::::Կտրիճներն էլ լեղապատառ
::::::::::Թողին կռիվն ու թռան։</poem>
 
— Ես գիտեմ, ինչի մասին ես մտածում,— ասաց Չըրխկը,— բայց դա բոլորովին էլ այդպես չէ։
 
— Ընդհակառակը,— շարունակեց Շըրխկը,— եթե այդպես լիներ, ուրեմն կլիներ, իսկ եթե այդպես է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, քանի որ այդպես չէ, ուրեմն այդպես էլ չպետք է լինի։ Դա տրամաբանական է։
 
— Ես մտածում էի,— վերին աստիճանի քաղաքավարի սկսեց Ալիսը,— թե ինչպես դուրս գամ անտառից։ Արդեն մթնում է։ Խնդրում եմ ասացեք, ո՞ր ճանապարհով գնամ։
 
Կարճ, գեր մարդուկները լուռ նայեցին միմյանց ու ժպտացին։
 
Նրանք նման էին դպրոցական աշակերտների։ Ալիսը շատ էր ուզում մատնացույց անել Չըրխկին և ասել. «Առաջին շարքում նստած տղա, ե՛կ դասդ պատասխանիր»։
 
— Ոչ մի դեպքում,— աշխույժ վրա բերեց Չըրխկը և աղմուկով փակեց բերանը։
 
— Երկրորդ տղա,— Շըրխկին նայելով ասաց Ալիսը, չնայած հաստատ համոզված էր, որ Շըրխկը պիտի միայն բղավեր. «Ընդհակառակը»։ Նա այդպես էլ արեց։
 
— Դու սխալ սկսեցիր,— ասաց Չըրխկը,— հյուր գնալիս սկզբից ասում են. «Բարև ձեզ» և ապա ձեռք սեղմում։
 
Այս խոսքերի վրա եղբայրները գրկախառնվեցին ու իրենց ազատ ձեռքերը երկարեցին դեպի աղջիկը։
 
Ալիսը միաժամանակ սեղմեց երկուսի ձեռքերը, որպեսզի նրանցից ոչ մեկը չվիրավորվեր։ Քիչ անց նրանց հետ շրջան կազմած պարում էր։ Նրան շատ բնական թվաց այդ (հիշում էր նա հետագայում) և նույնիսկ չզարմացավ, երբ երաժշտություն լսեց։ Մեղեդին կարծես հնչում էր հենց այն ծառից, որի տակ պարում էին, և հենց այն ժամանակ (ինչպես Ալիսը գլխի ընկավ), երբ ճյուղերն իրար էին քսվում, ինչպես ջութակն ու իր աղեղը։
 
— Բայց տարօրինակն այն էր,— (ասում էր Ալիսը, երբ պատմում էր քրոջն իր արկածները),— որ ես հանկարծ սկսեցի մռմռալ՝ «Ահա մենք պտտվում ենք թթենու շուրջը» երգը։ Չեմ կարող ասել, թե երբ սկսեցի, բայց ինձ թվաց, երկար ժամանակ է, ինչ երգում էի։
 
Ալիսի պարընկերները չափազանց գեր էին ու շուտով շնչասպառ եղան։
 
— Մի պարի համար չորս անգամ պտտվելը բավական է,— հևաց Չըրխկը, և նրանք այնքան անսպասելիորեն կանգ առան, որքան անսպասելիորեն սկսել էին։ Այդ նույն վայրկյանին մեղեդին լռեց։
 
Հետո նրանք թողեցին Ալիսի ձեռքերը և մի որոշ ժամանակ կանգնած դիտում էին նրան։ Լռությունը ճնշող էր, որովհետև Ալիսը չգիտեր, ինչպես խոսակցություն սկսեր իր պարընկերների հետ։ «Բարև ձեզ» ասելու ժամանակը վաղուց անցել էր, նրանք արդեն ծանոթացել էին։
 
— Հուսով եմ, չհոգնեցի՞ք,— վերջապես հարցրեց նա։
 
— Բոլորովին էլ ոչ, շատ շնորհակալ ենք, որ հարցրիր,— ասաց Չըրխկը։
 
— Այնքան զգացված ենք,— ավելացրեց Շըրխկը։— Դու ոտանավոր սիրո՞ւմ ես։
 
— Այո֊ո, բայց նայած ինչ ոտանավոր,— կակազեց Ալիսը,— չե՞ք ասի, որն է անտառից դուրս գալու ճանապարհը։
 
— Ի՞նչ արտասանեմ նրա համար,— ուշադրություն չդարձնելով Ալիսի ասածին, լրջախոհ հարցրեց Շըրխկը։
 
— «Ծովացուլն ու Հյուսնը» ամենաերկարն է,— ջերմ գրկելով եղբորը, պատասխանեց Չըրխկը։
 
Շըրխկն անմիջապես սկսեց.
 
<poem>::::::::— Շողշողում էր արեգակը...</poem>
 
Այս խոսքերի վրա Ալիսը՝ հնարավորին չափ քաղաքավարի, համարձակվեց ընդհատել նրան.
 
— Եթե ոտանավորը շատ երկար է, խնդրում եմ, սկզբից ինձ ճանապարհը...
 
Շըրխկը մեղմ ժպտաց ու նորից սկսեց.
 
<poem>::::::::Շողշողում էր արեգակը
::::::::::Ծովի վրա հրավառ
::::::::Ու տքնում, որ ալիքները
::::::::::Ցոլան հանդարտ ու պայծառ.
::::::::Ա՜յ քեզ հրաշք, որովհետև
::::::::::Կեսգիշեր էր ու սև մառ։
 
::::::::Իսկ լուսինը, քիթը կախած,
::::::::::Տխուր հոգոց էր հանում.
::::::::— Ի՞նչ գործ ունի արևն էստեղ,
::::::::::Ցերեկն ի՞նչ է սա անում,
::::::::Որ անտաշի պես գալիս է
::::::::::Ու գիշերս հարամում։
 
::::::::Դեռ ծովն այսքան թաց չէր եղել,
::::::::::Ավազը՝ չոր ու ցամաք,
::::::::Երկինքն՝ անամպ, որովհետև
::::::::::Նա անամպ էր ու դատարկ,
::::::::Իսկ հավքերը չէին թռչում,
::::::::::Քանզի չկար ոչ մի հավք։
 
::::::::Ծովացուլն ու Հյուսնը ափին
::::::::::Ողբում էին վշտահար.
::::::::— Ավազն էս ի՜նչ շատացել է,
::::::::::Լավ կլինի՝ մեկը գար
::::::::Ու ավելով մի լա՜վ մաքրեր
::::::::::Էս ծովափը վերից վար։
 
::::::::— Թե յոթ աղջիկ յոթ ավելով
::::::::::Ավլեն ուղիղ կես տարի,
::::::::Ի՞նչ ես կարծում՝ կհասցնե՞ն
::::::::::Մաքրել ափն այս վիթխարի։
::::::::— Կասկածում եմ,— ողբաց Հյուսնը՝
::::::::::Արցունքներով դառնաղի։
 
::::::::— Ա՛խ, Ոստրենե՜ր, միացե՛ք մեզ,—
::::::::::Ծովացուլն էր աղաչում.
::::::::Մենք կզբոսնենք, կզրուցենք
::::::::::Ծովի ափին կարկաչուն։
::::::::Եկեք գնանք զբոսնելո՜ւ,
::::::::::Նա լալիս էր ու կանչում։
 
::::::::Տարեց Ոստրեն նայեց նրան,
::::::::::Բայց չխոսեց ոչ մի բառ.
::::::::Հալիվորը աչքը թարթեց,
::::::::::Շարժեց գլուխն անբարբառ.
::::::::— Ինչո՞ւ թողնեմ անկողինս՝
::::::::::Ա՛յս էր ասում նա անբառ։
 
::::::::Բայց նույն պահին ժիր ու ջահել
::::::::::Չորս Ոստրեներ դուրս եկան՝
::::::::Կոկ հագնված, լավ սանրված,
::::::::::Կոշիկները՝ պսպղան.
::::::::Ոստրենե՞րն էլ կոշիկ հագնեն,
::::::::::Ո՞վ է տեսել նման բան։
 
::::::::Մի նոր քառյակ ելավ ծովից,
::::::::::Հետո՝ ևս մի քառյակ,
::::::::Ու խմբվեցին Ոստրեները
::::::::::Ծեր Ոստրեին հակառակ.
::::::::Ափ դուրս եկան խառնախռիվ
::::::::::Արեգակի շողի տակ։
 
::::::::Ծովացուլն ու Հյուսնը այսպես,
::::::::::Դեռ քայլեցին երկու ժամ,
::::::::Ու նստեցին քարի վրա
::::::::::Ընկերները անբաժան,
::::::::Մինչ խմբվեցին նրանց շուրջը
::::::::::Ոստրեները հարգարժան։
 
::::::::Ծովացուլը թե՝ «Տեղ հասանք,
::::::::::Շատ հարցեր պիտ քննարկենք.
::::::::Մի զույգ կոշիկ... Զմուռս ու նավ...
::::::::::Կաղամբ... Արքա... Գահ ու զենք...
::::::::Թե ինչո՞ւ է ծովը եռում,
::::::::::Խո՞զն է լավ թռչում, թե՞ մենք»։
 
::::::::— Կա՛ց,— գոչեցին Ոստրեները,—
::::::::::Թող մի կարգին շունչ առնենք,
::::::::Հալից ընկանք ու քրտնեցինք
::::::::::Ոտից մինչև գլուխ մենք։
::::::::— Կհամբերե՜նք,— Հյուսնը ասաց։
::::::::::Պատասխանը՝ Շատ գոհ ենք։
 
::::::::Ծովացուլը թե՝ «հաց լիներ
::::::::::(Զսպելով իր արցունքը),
::::::::Մի քիչ պղպեղ, մի քիչ քացախ,
::::::::::Որ շատ լիներ հաճույքը։
::::::::Իմ պստիկնե՜ր, թե պատրաստ եք.
::::::::::Մենք կսկսենք խնջույքը»։
 
::::::::— Մե՞ր խնջույքը,— ճղճղացին
::::::::::Ոստրեները վախեցած,—
::::::::Հրավերքից հետո արժե՞
::::::::::Քթից բերել աղ ու հաց...
::::::::— Ի՜նչ գիշեր է, ի՜նչ տեսարան,—
::::::::::Ծովացուլը մեղմ ասաց։
 
::::::::— Լա՛վ արիք, որ մեզ հետ եկաք,—
::::::::::Շարունակեց նա տխուր։
::::::::Իսկ անհամբեր Հյուսնը ասաց.
::::::::::— Ի՞նչ ես խոսում քեզնից դուրս։
::::::::Դու հո խուլ չես, ա՛յ տնաշեն,
::::::::::Հլա մեկին դե՛սը տուր։
 
::::::::Ծովացուլը, թե՝ «Ամո՜թ է,
::::::::::Թողած ծովի հատակը՝
::::::::Խեղճերն ելան մեզ հետ եկան
::::::::::Էսպես ընկան կրակը»։
::::::::Իսկ անհամբեր Հյուսնը ասաց.
::::::::::— Հաստ ես քսել կարագը։
 
::::::::— Խե՜ղճ Ոստրեներ,— ամաչում էր
::::::::::Ծովացուլն իր վարմունքից,
::::::::Մինչ ջոկում էր թմբլիկ ոստրե,
::::::::::Ջուրն էր վազում շրթունքից,
::::::::Իսկ ձախ ձեռքում թաշկինակը
::::::::::Լրի՜վ թրջվեց արցունքից։
 
::::::::— Դե՛, Ոստրեներ,— Հյուսնը ասաց,—
::::::::::Մեր զբոսանքն ավարտվեց։
::::::::Ի՞նչ եք ասում՝ տուն չգնա՞նք։
::::::::::Բայց պատասխան չլսվեց։
::::::::Ի՞նչ պատասխան, երբ բոլորին
::::::::::Կերել էին փոքրից մեծ։</poem>
 
— Ինձ ավելի դուր եկավ Ծովացուլը,— ասաց Ալիսը,— որովհետև նա մի քիչ խղճում էր ոստրեներին։
 
— Բայց նա Հյուսնից շատ էր ուտում,— համառեց Շըրխկը,— թաշկինակով ծածկում էր դեմքը, որ Հյուսնը չկարողանար հաշվել պատառները։ Ընդհակառակը։
 
— Դա անազնվություն է,— վրդովվեց Ալիսը,— ես Հյուսնին կսիրեի, եթե Ծովացուլի չափ ոստրե չուտեր։
 
— Բայց նա կերավ միայն այնքան, որքան կարողացավ ճարել,— ասաց Չըրխկը։
 
Սա շփոթության մեջ գցեց Ալիսին, և նա մի որոշ ժամանակ լռեց։
 
— Նրանք երկուսն էլ վատն են,— եզրակացրեց նա։
 
Հանկարծ Ալիսը տագնապահար եղավ, լսելով մի խուլ ձայն՝ նման հսկա գնացքի փնչոցի մոտերքում և վախեցավ մտածելով, որ անտառում վայրի գազան լինի։
 
— Այստեղ առյուծներ ու վագրեր կա՞ն,— երկչոտ հարցրեց նա։
 
— Դա Սև Արքան է խռմփացնում,— հանգիստ պատասխանեց Շըրխկը։
 
— Արի գնանք նրան տեսնելու,— միաբերան գոչեցին եղբայրները և, բռնելով աղջկա ձեռքերից, քարշ տվին նրան քնած Արքայի մոտ։
 
— Գեղեցիկ է, չէ՞,— հարցրեց Չըրխկը։
 
Ալիսը չհամարձակվեց ասել, որ նա տգեղ է։ Արքայի գլխին ծոպավոր կարմիր թասակ կար, պառկած էր գունդ ու կծիկ եղած ու բարձր խռմփացնում էր։
 
— Այնպես է խռմփացնում, որ քիչ է մնում գլուխը վրայից պոկվի,— նկատեց Չըրխկը։
 
— Իսկ խոնավ խոտի վրա չի՞ մրսի,— անհանգստացավ Ալիսը, որը շատ հոգատար աղջիկ էր։
 
— Նա այժմ երազ է տեսնում,— ասաց Շըրխկը,— ի՞նչ ես կարծում, ո՞ւմ է տեսնում երազում։
 
— Ի՞նչ իմանաս,— ասաց Ալիսը։
 
— Դե, իհարկե, քեզ է տեսնում,— հաղթականորեն բացականչեց Շըրխկն ու ծափ զարկեց,— ասա մի տեսնեմ, որտե՞ղ կլինեիր դու, եթե նա դադարեր քեզ երազում տեսնել։
 
— Իհարկե, այստեղ,— ասաց Ալիսը։
 
— Ոչ,— արհամարհանքով առարկեց Շըրխկը,— դու ոչ մի տեղ էլ չէիր լինի։ Դու միայն նրա երազի մի մասն ես։
 
— Եթե Արքան արթնանա,— ավելացրեց Չըրխկը,— դու մոմի նման կմարես, փո՛ւհ։
 
— Չեմ մարի,— զայրացավ Ալիսը,— եթե ես նրա երազի մի մասն եմ, ապա շատ կուզեի իմանալ, դուք ի՞նչ եք։
 
— Նույնություն,— պատասխանեց Չըրխկը։
 
— Նույն բանն ենք, նույն բանն ենք,— ճչաց Շըրխկը։
 
Նա այնպես բարձր գոռաց, որ Ալիսը չկարողացավ իրեն զսպել ու նկատողություն արեց.
 
— Ի՞նչ եք գոռում, սո՛ւս մնացեք, սո՛ւս, կարթնացնեք նրան։
 
— Իզուր տեղն էլ խոսում ես նրան արթնացնելու մասին,— ասաց Չըրխկը,— դու շատ լավ գիտես, որ իրականում գոյություն չունես, նրա երազի մի մասնիկն ես։
 
— Ես իրական եմ,— Ալիսն սկսեց հեկեկալ։
 
— Ինչո՞ւ ես լաց լինում, կարծում ես դրանով մի բան կփոխվի,— նկատեց Շըրխկը,— արտասվելու ոչ մի պատճառ չկա։
 
— Եթե ես իրական չլինեի, չէի կարող լաց լինել,— լացակումած ծիծաղեց Ալիսը. այդ բոլորը նրան զավեշտական թվաց։
 
— Երևի կարծում ես, որ արցունքներդ իսկական են,— խորը արհամարհանքով ընդհատեց Շըրխկը։
 
«Հաստատ գիտեմ, որ նրանց ասածը հիմարություն է,— մտածեց Ալիսը,— չարժե դրա համար ողբալ»։ Նա սրբեց աչքերը և հնարավորին չափ զվարթ ձայնով շարունակեց.
 
— Համենայն դեպս, ես պետք է դուրս գամ անտառից, արդեն մթնում է։ Ի՞նչ եք կարծում, անձրև կգա՞։
 
Չըրխկը բացեց հսկայական հովանոցը, որն ամբողջովին ծածկեց իրեն ու եղբորը, ապա նայեց վեր.
 
— Կարծում եմ, գոնե այստեղ՝ սրա տակ, համենայն դեպս չի գա։
 
— Իսկ հովանոցից դուրս կգա։
 
— Հնարավոր է, եթե միայն ցանկանա,— ասաց Շըրխկը,— մենք չենք առարկում։ Ընդհակառակը։
 
«Եսասերներ»,— մտածեց Ալիսը և հենց այն է, պատրաստվում էր «բարի գիշեր» ասելով հեռանալ, երբ հանկարծ Չըրխկը դուրս ցատկեց հովանոցի տակից ու բռնեց նրա դաստակը.
 
— Նայիր այնտեղ,— շշնջաց նա հուզմունքից խեղդվելով և նրա աչքերը մի ակնթարթում լայն բացվեցին ու դեղնեցին, երբ դողդոջուն ձեռքով մատնացույց արեց ծառի տակ ընկած փոքրիկ սպիտակ իրը։
 
— Բոժոժիկ է, չխկչխկան խաղալիք,— իրն զգույշ զննելուց հետո ասաց Աւիսը,— և ոչ թե բոժոժավոր օձ,— շտապ ավելացրեց նա, մտածելով հանգստացնել վախեցած Չրըխկին,— հին, ջարդված չխչխկան է, ուրիշ ոչինչ։
 
— Այդպես էլ գիտեի,— Չըրխկը սկսեց կատաղորեն դոփել գետինն ու պոկել մազերը,— երևի փչացել է։
 
Սրա վրա նա աչքերն այնպես ոլորեց Շըրխկի վրա, որ վերջինս անմիջապես կուչ եկավ, փորձելով թաքնվել հովանոցի տակ։
 
Ալիսը ձեռքը դրեց Չըրխկի ուսին ու մխիթարեց.
 
— Իզուր ես բարկանում այդ հին խաղալիքի համար։
 
— Բայց դա հին չէ,— ավելի զայրացած գոռաց Չըրխկը,— նոր է, երեկ եմ գնել, իմ գեղեցիկ ՆՈՐ ԲՈԺՈԺԻԿԸ,— ու նրա ձայնը բարձրացավ ճչալու աստիճան։
 
Մինչ այդ Շըրխկը փորձում էր թաքնվել հովանոցի տակ։ Տեսարանն այնքան արտասովոր էր, որ Ալիսն իր ամբողջ ուշադրությունը սևեռեց նրա վրա։ Վերջապես Շըրխկը թավալ տալով կծկվեց հովանոցի մեջ և, գլուխը դուրս հանած, սկսեց բացուխուփ անել բերանն ու խոշոր աչքերը։
 
«Ինչքա՜ն նման է ձկան»,— մտածեց Ալիսը։
 
— Կուզե՞ս կռվենք,— մեղմ հարցրեց Չըրխկը։
 
— Այո,— հովանոցից դուրս սողալով մռայլ համաձայնեց Շըրխկը,— բայց գիտե՞ս ինչ, թող նա մեզ օգնի, թե չէ մենք ինքներս չենք կարող հագնվել։
 
Եղբայրներն իրար ձեռք բռնած գնացին անտառ ու քիչ անց բարձեր, վերմակներ, բուխարու առաջ գցելու գորգիկներ, սեղանի ծածկոցներ և ածխի դույլեր գրկած վերադարձան։
 
— Հուսով եմ, որ կապելու մեջ վարպետ ես,— Ալիսին դիմեց Չըրխկը,— այս բոլոր իրերը մեզ վրա պիտի ամրացվեն, օգնի՛ր մեզ։
 
Ալիսը հետագայում խոստովանեց, որ կյանքում երբեք նման գզվռտոց չէր տեսել։ Նրանք թավալ էին տալիս իրենց բերած կույտի մեջ և շարունակ անհանգստացնում աղջկան, խնդրելով կապել պարաններն ու կոճկել կոճակները։
 
«Նրանք ավելի շուտ հին շորի կապոցներ են հիշեցնում, քան թե կռվողներ»,— բարձն ամրացնելով Շըրխկի վզին, մտածեց Ալիսը։
 
— Սա կպահպանի վիզս կտրվելուց,— ասաց Շըրխկը,— գիտե՞ս ինչ,— մռայլ շարունակեց նա,— կռվի ժամանակ հաճախ է պատահում, որ մարդ կորցնում է գլուխը։
 
Ալիսը փռթկաց, բայց անմիջապես զսպեց իրեն, որպեսզի Շըրխկին չվիրավորի։
 
— Շա՞տ եմ գունատ,— սաղավարտն ամրացնելու համար Ալիսն մոտեցավ Չըրխկը (նա տապակը կոչում էր սաղավարտ)։
 
— Այո... մի քիչ,— մեղմ պատասխանեց Ալիսը։
 
— Ես, ընդհանրապես, շատ քաջ եմ,— ցածրաձայն ավելացրեց նա,— միայն թե այսօր գլխացավ ունեմ։
 
— Իմ էլ ատամն է ցավում,— լսելով եղբորը, գանգատվեց Շըրխկը,— ես քեզնից վատ եմ զգում։
 
— Ավելի լավ է այսօր չկռվեք,— Ալիսն ուրախացավ, որ գտավ նրանց հաշտեցնելու առիթը։
 
— Մի վախեցիր, երկար չենք կռվի, հիմա ժամը քանի՞սն է,— ասաց Չըրխկը։
 
Շըրխկը նայեց ժամացույցին.
 
— Չորս անց կես։
 
— Եկ կռվենք մինչև վեցը, իսկ հետո ճաշենք,— առաջարկեց Չըրխկը։
 
— Շատ լավ,— տխուր համաձայնեց Շըրխկը,— իսկ նա թող մեզ նայի, միայն թե շատ մոտ չգա,— և դիմելով Ալիսին, խորհուրդ տվեց,— երբ հուզվում եմ, ոչ մեկին չեմ խնայում, ում հանդիպեցի՝ կխփեմ։
 
— Իսկ ինձ համար տեսնելը նշանակություն չունի, ձեռքիս տակ ինչ ընկնի, կխփեմ,— բղավեց Չրըխկը։
 
Ալիսը ծիծաղեց.
 
— Ուրեմն դուք հաճախ ծառերին էլ եք խփում։
 
Չըրխկը գոհ ժպիտով նայեց շուրջը.
 
— Կռվից հետո ոչ մի ծառ չի մնա մեր շուրջը։
 
— Եվ այս ամենը մի չխկչխկանի պատճառո՞վ,— Ալիսը հույս ուներ նրանց գոնե մի քիչ ամաչեցնել, որ դատարկ բանի համար չկռվեն։
 
— Եթե չխկչխկանը նոր չլիներ, այդքան չէի մտածի,— ասաց Չըրխկը։
 
«Երանի այն ահռելի ագռավը գար»,— մտածեց Ալիսը։
 
— Դու գիտես չէ, որ մենք միայն մի թուր ունենք,— եղբորը դիմեց Չըրխկը,— ուզում ես հովանոցը վերցրու, բավականին սուր է։ Միայն թե շո՛ւտ, սկսե՛նք։ Արդեն մթնում է, ինչ էլ սև է երկինքը՝ կուպրի նման։
 
— Մի բան էլ ավելի,— վրա բերեց Շըրխկը։
 
Մութն իջնում էր այնպիսի արագությամբ, որ Ալիսին թվաց, թե ամպրոպ է ճայթելու։
 
— Ի՜նչ թուխ ամպ է,— ասաց Ալիսը,— և ի՜նչ էլ արագ է շարժվում։ Կարծես թևեր ունենա։
 
— Ագռա՜վն է,— տագնապահար ծղրտաց Չըրխկը։
 
Եղբայրները սրարշավ առաջ նետվեցին և մի ակնթարթում կորան տեսադաշտից։
 
Ալիսն էլ հետևեց նրանց ու սկսեց վազել այնքան, մինչև կանգ առավ սաղարթախիտ ծառի տակ։
 
«Այստեղ ագռավն ինձ երբեք չի հասնի,— մտածեց նա,— որովհետև հսկա է և չի կարող ծառերի արանքը մտնել։ Բայց լավ կլինի թևերն այդպես չթափահարի, որովհետև անտառում սարսափելի փոթորիկ է բարձրանում։ Վա՜յ, այս ո՞ւմ գլխաշորն է, երևի քամին է թռցրել»։
Վստահելի
381
edits