Changes

Թիթեղյա թմբուկը

Ավելացվել է 48 318 բայտ, 09:42, 28 Հուլիսի 2014
/* Լեհական փոստատուն */
Յանը ձեռքը մտցրեց նրա շալվարի մեջ, ծերունական ոտքերի արանքը, նրա ափը ակնհայտորեն լցվեց, և այն ժամանակ նա Կոբիելային գլխով արեց։
Ինչ աստիճան էին ուրախ բոլոր երեքը․ Կոբիելային հաջողվեց պահպանել իր տղամարդկային հպարտությունը, Յան Բրոնսկուն՝ սկատի համար բոլոր երեսուներկու խաղաթղթերը, իսկ Օսկարը նոր թիթեղյա թմբուկ ձեռք բերեց, որն ամեն քայլափոխին խփում էր ծնկին, մինչև Յանը և ևս մի մարդ, որին Յանը Վիկտոր էր անվանում, մի հարկ ներքև՝ փոստային առաքումների պահեստ էին տեղափոխում արյան կորստից թուլացած պարետին։   ===Խաղաթղթե տնակը===  Վիկտոր Վելունը օգնում էր մեզ պարետին տեղափոխել, որը, չնայած ուժեղացող արյունահոսությանը, գնալով էլ ավելի էր ծանրանում։ Այդ ժամանակ արդեն չափազանց կարճատես Վելունը դեռ կրում էր իր ակնոցը և քարե աստիճանների վրա չէր սայթաքում։ Նա մասնագիտությամբ, որքան էլ դա տարօրինակ էր կարճատեսի համար, դրամային փոխանցումների առաքող էր։ Այսօր, երբ խոսք է գնում Վելունի մասին, ես նրան խեղճ Վելուն եմ անվանում։ Ինչպես մայրիկս ծովապատնեշ կատարած այն ընտանեկան զբոսանքից հետո վերածվեց խեղճ մայրիկի, այնպես էլ Վելունը՝ զրկվելով ակնոցից, չնայած այստեղ կային նաև այլ պատճառներ, դարձավ առանց ակնոցի խեղճ Վելուն։ ― Դու չհանդիպեցի՞ր խեղճ Վելունին, ― հարցնում եմ ես իմ ընկեր Վիտլարին այցելությունների օրերին։ Սակայն տրամվայով Ֆլինգերնից մինչև Հերեսհայմ կատարած այն ուղևորությունից հետո, ինչի մասին իր ժամանակին կտեղեկացվի, մենք Վիկտոր Վելունին կորցրեցինք տեսադաշտից։ Մնում է միայն հուսալ, որ հետապնդողները ևս նրան նույնչափ ապարդյուն էին փնտրում, որ նա գտել է իր ակնոցը և կամ իր համար ընտրել ուրիշը՝ հարմարը և, հնարավոր է, ինչպես նախկին ժամանակներում, թեկուզ և այլևս ոչ Լեհական փոստատանը ծառայություն կատարելիս՝ ծայրահեղ դեպքում որպես ֆեդերալ փոստատանը ծառայող դրամային փոխանցումները բաժանող, կարճատես ու ակնոցավոր, խայտաբղետ թղթերով ու ամուր մետաղադրամներով երջանկացնում է մարդկանց։ ― Մի՞թե սա սարսափելի չէ, ― փնչացնում էր Յանը՝ Կոբիելային ձախից բռնելով։ ― Իսկ ի՞նչ կլինի, եթե չգան ոչ անգլիացիք, ոչ ֆրանսիացիք, ― անհանգստանում էր Վելունը՝ աջ կողմից պահելով պարետին։ Ախր, այդ ինչպե՞ս չեն գա։ Ռիդզ Ամիգլին դեռ երեկ ռադիոյով ասաց․ «Մենք երաշխիքներ ունենք, որ երբ բանը հասնի ճակատամարտին, ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի»։ Յանին հեշտ չէ մինչև արտահայտության վերջը իր հազմոզվածությունը պահպանելը՝ չնայած քերծված ձեռքի վրայի սեփական արյան տեսքը կասկածի տակ չէր դնում լեհ֊ֆրանսիական պայմանագրի երաշխիքները, սակայն ստիպում էր զգուշանալ, որ ինքը, Յանը, կարող է արյունաքամ լինել՝ նախքան ողջ Ֆրանսիան մեկ մարդու պես ոտքի կկանգնի և, տված երաշխիքներին հավատարիմ, Արևմտյան ծովապատնեշով կնետվի առաջ։ Նրանք արդեն հաստատապես ճանապարհին են։ Իսկ բրիտանական նավատորմը արդեն ակոսում է Բալթիկ ծովի ալիքները։ Վիկտոր Վելունը սիրում էր թունդ, հնչեղ արտահայտություններ։ Նա աջ կողմից վիրավոր պարետի մարմնով սեղմված, կանգ առավ աստիճանի վրա, և ձախ ձեռքը վեր կառկառեց, ինչպես թատրոնում, որպեսզի բոլոր հինգ մատները ասեին իրենց խոսքը․ «Դե եկեք, օ, հպարտ բրիտանացիներ»։ Եվ քանի որ երկուսով Կոբիելային դանդաղ ժամանակավոր լազարեթ էին հասցնում, ճանապարհին լեհական֊անգլիական֊ֆրանսիական հարաբերությունների մասին դատողություններ անելով, Օսկարը մտովի թերթում էր Գրեթխեն Շեֆլերի գրքերը՝ դրանցում համապատասխան տեղը փնտրելով։ Դանցիգ քաղաքի կայզերական պատմությունը․ «Հազար ութ հարյուր յոթանասուն թվի օգոստոսի քսանմեկին, կեսորից հետո ֆրանսիական չորս ռազմանավեր մտան Դանցիգայն ծովածոց։ Խարսխակայանում կանգ առնելով՝ նրանք իրենց թնդանոթները ուղղեցին քաղաքի ու նավահանգստի վրա, սակայն կապիտան Վեյկամանի գլխավորած «Նիմֆա» պտուտակային հետախուզական ռազմանավին դրան հաջորդած գիշերը հաջողվեց ստիպել, որպեսզի Դանցիգյան ծովախորշում խարսխված նավատորմը նահանջի»։ Քիչ առաջ այն պահից, երբ մենք հասանք նամակագրությունների պահեստին, որը երկրորդ հարկում էր, ես ոչ առանց դժվարության եկա մի եզրակացության, որը հետագայում ստացավ իր հաստատաումը։ Մինչ Լեհական փոստատունը և ողջ հարթավարային Լեհաստանը պաշարման էին ենթարկվում, բրիտանական նավատորմը՝ փոքրիշատե պաշտպանված, մնում էր Հյուսիսային Շոտլանդիայի խութածոցերից մեկում, ֆրանսիական մեծ բանակը նիստի էր նստել ճաշասեղանի շուրջ՝ համոզված, որ Մաժինոյի գծից այն կողմ մի քանի հետախուզական օպերացիաներ իրականացնելով՝ ինքը կատարել է լեհ֊ֆրանսիական պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները։ Պահեստի՝ ասել է թե դաշտային լազարեթի առջև մեզ դիմավորեցին դոկտոր Միխոնը, որը դեռ պողպատյա սաղավարտով և ջենթլմենին վայել ձևով գրպանից դուրս հանած թաշկինակով էր, և Վարշավայից լիազորված ոմն Կոնրադ։ Եվ իր առջև ներկայացած տարբեր ձևերի ամենասարսափելի խեղանդամությունները տեսնելով՝ Յան Բրոնսկու վախը անմիջապես կենդանություն առավ։ Այն ժամանակ, երբ Վիկտոր Վելունը, լիովին անվնաս և դեռևս նաև ակնոցով, ցանկանալով լինել կարգապահ հրաձիգ, պարտավոր էր իջնել գործառույթների դահլիճ, մեզ թույլ տվեցին մնալ պատուհաններից զուրկ կառույցում, որն աղոտ լուսավորված էր ճարպամոմերով, քանզի Դանցիգ քաղաքի էլեկտրակայանը Լեհական փոստատունը էլեկտրականությամբ մատակարարելն այլևս իր համար հնարավոր չէր համարում։ Չնայած դոկտոր Միխոնը առանձնահատուկ վստահություն չէր տածում Յանի վնասվածքների հանդեպ, սակայն մյուս կողմից, որպես փոստատան պաշտպան, այնքան էլ թանկ չէր գնահատում իր քարտուղարին, և նրան հրաման տվեց խնամակալի կարգավիճակով հսկողություն սահմանել հիվանդների ու իմ նկատմամբ, իմ գլուխը նա հպանցիկ, սակայն, ինչպես ինձ թվաց, վհատորեն շոյեց, որպեսզի երեխան ռազմական գործողությունների մեջ ներքաշված չլինի։ Գործառնությունների դահլիճի մակարդակի վրա հաուբիցը դիպավ ուղիղ նշանին։ Մենք զառերի պես վեր թռանք։ Պողպատյա սաղավարտով Միխոնը, Վարշավայից լիազորված Կոնրադը և փողային փոխանցումներ առաքող Վելունը վազեցին դեպի իրենց մարտական դիրքերը։ Յանը և ես, երկուսս իրար գումարած, յոթ, ութ վնասվածքներով, հայտնվեցինք պատուհաններից զուրկ կառույցում, որը խլացնում էր մարտի ձայները։ Նույնիսկ մոմերի բոցերն էլ էին թրթռում, երբ հաուբիցը փողոցում լրջություն էր բանեցնում։ Չնայած վիրավորների տնքոցներին կամ հենց նրանց պատճառով՝ այստեղ լուռ էր։ Ես կտրատված սավանների երիզները արագ ու անվարժ փաթաթեցի Կոբիելայի ազդրին, ինչից հետո որոշեցի զբաղվել ինձանով, սակայն ոչ այտիս, ոչ ձեռքիս ափի ներսի մասը այլևս չէին արյունահոսում։ Չորացած արյան շերտով պատված կտրվածքները լռում էին, սակայն պետք է ենթադրել, որ ցավում էին և դրանով էլ սնուցում էին Յանի վախը, որն այս տոթ ու ցածր կառույցում իր համար ելք չէր գտնում։ Յանը սկսեց անհանգիստ շոշափել գրպանները, գտավ խաղաթղթերի ամբողջական կապուկը։ Սկատ։ Եվ ընդհուպ մինչև պաշտպանության ճեղքումը մենք բոլորս սկատ էինք խաղում։ Խառնում էինք երեսուներկու խաղաթղթերը, կիսում, բաժանում, սկսում։ Քանի որ նամակների համար նախատեսված բոլոր կողովները այլ վիրավորների կողմից զբաղեցված էին, մենք ստիպված էինք Կոբիելային նստեցնել թիկունքը կողովին հենած, հետո, քանի որ նա ժամանակ առ ժամանակ փորձում էր ընկնել, մենք նրան այլ վիրավորի մոտից փոխ վերցրած շալվարակալներով կապեցինք և դրանով իսկ նրան տվեցինք հաստատուն դիրք և հորդորեցինք ոչ մի դեպքում խաղաթղթերը վայր չդնել, որովհետև Կոբիելան մեզ պետք էր։ Ինչի՞ էինք մենք պետք առանց սկատի համար անհրաժեշտ երրորդ խաղացողի։ Նրանց, ովքեր պառկած էին կողովների մեջ, արդեն դժվար էր կարմիր և սև խաղաթղթերը իրարից տարբերելը, նրանք այլևս չէին ցանկանում սկատ խաղալ։ Ճիշտն ասած, Կոբիելան ևս չէր ցանկանում։ Նա ցանկանում էր պառկել և, այլևս ոչնչի չխառնվելով, թույլ տալ, որպեսզի իրադարձությունները ընթանան իրենց հերթականությամբ՝ ահա թե ինչ էր ուզում պարետը։ Ծալել անսովոր հանգստություն ձեռք բերած ձեռքերը, փակել թերթերունքներից զուրկ կոպերը և այդ դիրքից հետևել քանդման աշխատանքների ավարտին։ Սակայն մենք նման ճակատագրապաշտությունը տանել չկամեցանք, մենք ամուր, շատ ամուր նրան կապեցինք, մենք ստիպեցինք, որ նա լինի մեզանից երրորդը, իսկ Օսկարը՝ նա այստեղ երրորդն էր և ոչ մեկին չզարմացրեց, որ նման փոքրիկ երեխան սկատ խաղալ գիտի։ Ճիշտ է, երբ ես առաջին անգամ խոսեցի մեծահասկաների լեզվով, և իմ ձայնը արտաբերեց «տասնութ», Յանը իր խաղաթղթերից կտրվելով, չնայած որ ինձ վրա հպանցիկ, չըմբռնող հայացք նետեց, սակայն գլխով դրական շարժում արեց, ինչից հետո ես կրկին՝ «քսա՞ն», Յանը ափսոսանքով «փաս»։ Դե, իսկ Կոբիելան, արդեն պատրաստվում էր ընկնել։ Սակայն մենք նրան բարձրացրեցինք, մենք սպասեցինք, մինչև մեր սենյակից հեռու պայթած արկի բարձրացրած աղմուկը հանդարտվի, և այդ ժամանակ Յանը կարող էր դրանից հետո տիրած լռության մեջ շշնջալ․ «Քսանչորս, Կոբիելա։ Դու մի՞թե չլսեցիր, որ տղան է պատվիրում»։ Ես չգիտեմ էլ, թե որտեղից, որ խորքերից վեր բարձրացավ պարետը։ Թվում էր, թե նա ամբարձիչով բարձրացրեց իր ծանրացած կոպերը։ Ի վերջո, նրա ջրալի հայացքը սահեց տասը խաղաթղթերի վրայով, որոնք Յանը վեհանձնորեն և առանց դրանց վրա հայացք նետելու փոքրագույն փորձի, դրեց նրա ձեռքերի մեջ։ ― Ես փաս, ― ասաց Կոբիելան, ավելի շուտ, մենք այդ բառերը կարդացինք նրա, հավանաբար, չափից դուրս չորացած, որպեսզի նա կարողանա խոսել, շուրթերի վրա։ Ես հասարակ խաչ խաղացի։ Որպեսզի առաջին տանելու տեղերը խաղարկվեն, Յանը, որն իրեն «հակա» հայտարարեց, ստիպված եղավ բղավել պարետի վրա, մեղմաբարո, սակայն կոպտորեն նրան կողքից հրել, թող նա ուշքի գա ու չմոռանա իր պարտականության մասին, որովհետև որպես սկիզբ ես երկուսի հաղթաթղթերն էլ շարքից հանեցի։ Այնուհետև խաչի թագավորը տվեցի նրանց, որը Յանը վերցրեց ագռավի զինվորով, սակայն քանի որ ես ագուռներ չունեի, շարքից հանեցի Յանի ագուռի մեկնոցը, և նորից քայլ վերցրեցի՝ սրտի զինվորով շարքից հանեցի նրա ագուռի իննոցը։ Կոբիելան այստեղ գցեց ագուռի տասնոցը, ինչից հետո ինձ մնում էր միայն փոսիկների երկար շարքով նրանց վերջը տալ, իսկ մեկով՝ խաղում ես ― երկուս֊հակա֊երեք֊շնայդեր֊չորս֊առը խաչով֊սա քառասունութ միավորանոցին քսան պֆենիգ։ Միայն հերթական խաղին, երբ ես չափից դուրս վտանգավոր խաղ պատվիրեցի՝ գրանդ առանց երկուսի, Կոբիելան, չնայած զույգ զինվորներ ուներ, չհանդգնեց խիզախել, փաս գնաց արդեն երեսուներեքի ժամանակ և խաչի զինվորով վերցրեց ագուռի զինվորը, և խաղը մի փոքր աշխուժացավ։ Պարետը, կարծես իր տանելու մտքով տարված, փորձեց առաջ անցնել մեկնոցով, ինչին ես ստիպված էի ագուռ տալ, իսկ Յանը կողքից մի տասնոց էլ գցեց։ Կոբիելան մտավ թագավորից, որը ես և՛ չէի կարող, և՛ պարտավոր էի վերցնել, սակայն դրա փոխարեն նրանց գցեցի խաչի ութնոցը։ Յանը ազնվորեն ուզում էր նրան կողքից մի բան գցել, իսկ հետո, նույնիսկ ագռավի տասնոցից մտավ, որը ես քիչ մնաց հաղթաթղթով վերցնեի, սակայն այդ գրողի տարած Կոբիելան ինձ ընդհատեց ագռավի զինվորով։ Դրա մասին էլ ես հենց կամ ընդհանրապես մոռացել էի, կամ էլ կարծում էի, թե այն Յանի մոտ է, իսկ նա տարավ֊բերեց ու Կոբիելայի մոտ հայտնվեց, և Կոբիելան, հենց այստեղ էլ հռհռալով, այն ցած դրեց։ Հետո նա, ինքնըստինքյան, խաղարկեց իր ագռավը, ես չգիտեի միայն ինչ, իսկ Յանը անընդհատ գցում ու գցում էր և երբ ի վերջո հասան փոսիկին, դա ինձ արդեն պետք չեկավ, ես հաշվեցի ընդամենը հիսուներկու միավոր և առանց երկու֊խաղում ես֊երեք֊գրանդ֊սա֊վաթսուն֊պարտություն֊սա֊քսան֊կամ֊երեսուն֊պֆենիգ։ Յանը ինձ մանր մետաղադրամով երկու գուլդեն գցեց, ես վճարեցի, սակայն Կոբիելան, չնայած հաղթանակին, կրկին կակազեց, փողը չվերցրեց, և նույնիսկ արկը, որն առաջին անգամ էր աստիճանավանդակի վրա պայթում, նրան ամենևին չանհանգստացրեց՝ չնայած դա նրա աստիճանավանդակն էր, չնայած նա էր, որ առանց հոգնելու տարիներ շարունակ այն մաքրում ու փայլեցնում էր։ Յանին կրկին տիրեց վախը՝ հենց որ մեր սենյակի դուռը ցնցվեց, և մոմերի կրակները վճռականորեն չգիտեին, թե ինչպես իրենց պահեն և որ կողմը թեքվեն։ Նույնիսկ երբ աստիճանավանդակի վրա կրկին հարաբերական լռություն հաստատվեց, երբ հերթական արկը պայթեց մեզանից հեռու գտնվող ճակատային մասի դիմաց, Յան Բրոնսկին սկսեց խելագարի պես խաղաթղթերը խառնել, երկու անգամ հաշիվը կորցրեց, սակայն ես նրան ոչինչ չասեցի։ Մինչ այստեղ կրակում էին, Յանը մնում էր բառերի համար անմատչելի, գտնվում էր տարօրինակ գրգռվածության մեջ, անմտորեն բարձրացնում էր սակարկությունը, իր խաղը սկսում էր ոչ այն համագույն խաղաթղթից, մոռանում էր դեն նետել նույնիսկ լրացուցիչ վերցրած խաղաթղթերը և իր փոքրիկ, գեղեցիկ, զգայուն, թմբլիկ ականջներով ականջ էր դնում դրսում տեղի ունեցողին։ Իսկ մենք այդ ընթացքում անհամբերությամբ սպասում էինք, թե նա երբ պետք է ի վերջո զբաղվի խաղով։ Սակայն, ի տարբերություն Յանի, որն ավելի ու ավելի էր շեղվում, Կոբիելան ողջ ժամանակ գործում էր, եթե միայն կրկին չկակղեր իր շալվարակալների մեջ, և ստիպված չլինեինք ոտքով կողքին հարվածելով քաջալերել։ Պետք է ասել, որ նա ամենևին էլ այնքան վատ չէր խաղում, տեսքից դատելով, ինքն էր իր խաղի մասին մտածում։ Իսկ կախ էր ընկանում նա միայն հերթական խաղաշրջանը հաղթելուց կամ ինձ, կամ Յանին հակայի վրա նստեցնելուց հետո։ Հաղթել, թե պարտվել՝ դրանում նա արդեն տարբերություն չէր տեսնում։ Նա այժմ գոյություն ուներ միայն խաղի համար։ Իսկ երբ մենք հաշվում կամ վերահաշվում էինք, նա ուրիշ շալվարակալներից թեքությամբ կախվում էր և միայն իր ադամախնձորին էր թույլ տալիս վախեցած ցնցվել և դրանով կյանքի նշաններ ցույց տալ Կոբիելա անունով պարետի անունից։ Օսկարին ևս հոգնեցնում էր այդ երեքհոգիանոց խաղը։ Չի կարելի ասել, որ փոստատան պաշարման ու գրոհի հետ կապված ցնցման գույներն էին նրա նյարդերի վրա շատ ազդում։ Խնդիրն ավելի շուտ այս առաջին, անսպասելի և, ինչ ես ինքս իմ մեջ որոշեցի, ժամանակային շրջանակներով սահմանափակված, ամեն կարգի շինծու բաներից հրաժարվելն էր։ Եթե մինչ այս օրը ես առանց դիմակի էի կանգնում միմիայն իմ խրատատու Բեբրայի և նրա Ռոզվիտա անունով պայծառատես տիկնոջ առջև, ապա այսօր իմ մորեղբոր՝ նույն իր՝ իմ ենթադրյալ հոր և հաշմանդամ Կոբիելայի առջև, այսինքն՝ այն մարդկանց, որոնք որպես ապագայում վկա, ամենևին բացառվում էին։ Ես ներկայացա իմ փաստաթղթերին համապատասխան՝ որպես տասնհինգամյա դեռահաս, որը չնայած վտանգավոր, բայց ամենևին վատ չի խաղում սկատ։ Եվ ահա այդ ջանքերը, որոնք, համապատասխանելով իմ մտադրություններին, վճռականապես չէին համապատասխանում իմ թզուկային չափսերին, գրեթե մեկ ժամվա չափ խաղից հետո ուժեղագույն ցավ առաջ բերեցին իմ գլխում և հոդերում։ Օսկարը դեմ չէր խաղը դադարեցնելուն, նա լիովին կարող էր առիթ գտնել և գրեթե իրար ետևից երկու դիպուկ կրակակոծության միջև, որոնք ցնցում էին ողջ շենքը, փախչել, եթե միայն մինչ այդ ժամանակ դիմակայելու նրան անծանոթ պատասխանատվության զգացումը և միակ գործուն միջոցով սկատ խաղալով երնթադրյալ հորս պատասխանելու ներքին հրամանը ինձ ետ չպահեին։ Այսպիսով, մենք շարունակեցինք խաղալ և Կոբիելային թույլ չէինք տալիս մահանալ։ Ուղղակի նրա ձեռքերը դրան չէին հասնում։ Մի՞թե ես զուր էի ջանացել, որպեսզի ողջ ժամանակ խաղաթղթերը շարժման մեջ լինեն, և երբ աստիճանների վրա պայթյունից հետո մոմերը ընկան և իրենց փոքրիկ կրակները կորցրեցին, ոչ այլ ոք, քան ես էի, որ լիակատար ինքնատիրապետմամբ արեցի ամենախելամիտը՝ այն է, Յանի գրպանից հանեցի լուցկին։ Նույն տեղից վերցրեցի նաև սիգարետները և ոսկե ծխափողը, աշխարհ վերադարձրի լույսը, Յանի համար հանգստացուցիչ «ռեգատ» կպցրեցի և այդ մթության մեջ վերականգնեցի մի կրակը մյուսի ետևից՝ նախքան Կոբիելան նրանից օգտվելով կհասցներ հավերժ հեռանալ։ Օսկարը երկու մոմերը ամրացրեց իր նոր թմբուկի վրա, սիգարետները դրեց, որպեսզի դրանք մշտապես լինեին ձեռքի տակ, ծխախոտի հանդեպ անձամբ ցուցաբերեց իր կատարյալ արհամարհանքը, մինչդեռ Յանը ևս մեկ սիգարետ առաջարկեց, նույնիսկ դրանցից մեկը մտցրեց Կոբիելայի աղավաղված շրթունքների արանքը, և գործն սկսեց կարգավորվել, և խաղը աշխուժացավ, ծխախոտը մխիթարում էր, ծխախոտը հանգստացնում էր, սակայն չէր կարող խանգարել Յան Բրոնսկուն՝ պարտվելու մի խաղափուլը մյուսի ետևից։ Նա քրտնել էր և ինչպես ամեն անգամ, երբ չափից դուրս էր հրապուրվում, լեզվի ծայրը սահեցրեց վերին շրթունքի վրայով։ Նա այն աստիճան բորբոքվեց, որ խաղի եռուն պահին ինձ անվանեց Ալֆրեդ և Մացերատ, իսկ Կոբիելայի մեջ որպես գործընկեր տեսավ իմ խեղճ մայրիկին։ Եվ երբ ինչ֊որ մեկը միջանցքում գոռաց․ «Կոնրադը սպանվեց», նա կշտամբանքով նայեց ինձ վրա և ասաց․ «Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, անջատիր ռադիոն։ Թե չէ սեփական ձայնս չի լսվում»։ Սակայն խեղճ Յանը արդեն չափաղանց շատ զայրացավ, երբ ինչ֊որ մեկը բացեց պահեստատան դուռը և ներս մտցրեց հոգին փչող Կոնրադին։ Յանը զայրացավ․ ― Փակեք դռները, փչում է։ Եվ իսկապես էլ փչում էր։ Մոմերը կասկածելի թրթռում էին, իսկ հանդարտվեցին միայն այն ժամանակ, երբ մարդիկ, ովքեր Կոնրադին տարան անկյուն, կրկին իրենց ետևից փակեցին դուռը։ Մեր երեքի տեսքերը առավել քան ֆանտաստիկ էին։ Ներքևից մեզ լուսավորում էր մոմերի լույսը՝ մեզ հաղորդելով ամենակարող կախարդների տեսք։ Եվ երբ դրանից հետո Կոբիելան որոշեց առանց երկուսի փոսիկ խաղալ, ես ասացի՝ «քսանյոթ», իսկ հետո՝ «երեսուն», նույնիսկ չասացի, այլ մրթմրթացի, ընդ որում, նրա աչքերը մերթ ընդ մերթ շլանում էին, և նրա աջ ուսի մեջ ինչ֊որ բան էր նստած, որը դեպի դուրս էր խնդրվում, ցնցվում էր, անիմաստ աշխուժություն էր ցուցաբերում, իսկ հետո վերջապես սսկվեց, սակայն դրա փոխարեն այլևս Կոբիելան դեպի առաջ ընկնելուց չէր պահում, ինչից առաջ շարժվեց նամակներով և առանց շալվարակալի հանգուցյալով բեռնված կողովը, երբ Յանը մի կտրուկ շարժումով կանգնեցրեց և՛ Կոբիելային, և՛ կողովը, երբ Կոբիելան, որի հեռացումը կրկին կասեցվեց, ի վերջո խռխռաց՝ «Փոսիկը առանց լրացուցիչ խաղաթղթի», իսկ Յանը կարողացավ շշնջալ՝ «Հակա», իսկ Կոբիելան ասել՝ «Ռե»։ Օսկարը հասկացավ, որ Լեհական փոստատան պաշտպանությունը անցավ բարեհաջող, որ նրանք, ովքեր այժմ գրոհում էին, արդեն տանուլ են տվել հենց նոր սկսված պատերազմը, նույնիսկ եթե ընթացքում նրանց հաջողվի գրավել Ալյասկան ու Տիբեթը, Զատկի կղզիները և Երուսաղեմը։ Միայն մի բանն էր վատ․ Յանը այդպես էլ չկարողացավ հաղթական ավարտին հասցնել իր հրաշալի չորս զինվորներով հայտարարված շնայդերով ու շվարցով երկաթյա գրանտը։ Սկզբում նա խաղարկեց խաչի երկար շարքը, այժմ նա ինձ անվանում է Ագնես, իսկ Կոբիելայի մեջ տեսնում է իր հակառակորդ Մացերատին, անմեղ տեսքով ցած դրեց ագուռի զինվորը՝ ես նախընտրում էի նրա համար դառնալ իմ խեղճ մայրիկին փոխարինողը, այնուհետև սրտի զինվորին, ես վճռականապես դեմ էի, որ ինձ դնեին Մացերատի տեղը, իսկ Յանը անհամբեր սպասում էր, մինչև որ Մացերատը, իսկ իրականում Կոբիելա անունով հաշմանդամ պարետը խաղաքարտերը գցի։ Դրա վրա ժամանակ գնաց, իսկ հետո Յանը հատակին շրխկացրեց սրտի մեկնոցը և չէր կարողանում, և չէր ցանկանում հասկանալ, այդպես էլ երբեք չկարողացավ, նույնչափ կապուտաչյա մնալով, նույն օծանելիքով բուրելով, ախր բացարձակապես չէր հասկանում և այդ իսկ պատճառով չկռահեց, թե ինչու հանկարծ Կոբիելան ցած գցեց խաղաթղթերը, վեր բարձրացրեց նամակներով լի կողովը, մինչև որ նախ նրա մեջ պառկած հանգուցյալը, նրա ետևից նամակների մի խմբաքանակ և վերջապես, ողջ մանրակրկիտ ձևով գործված կողովը ընկան ցած՝ նամակագրության կույտերը շաղ տալով մեր վրա։ Կարծես թե հենց մենք ենք հասցեատերերը, կարծես այժմ մենք էլ պետք է մեր հերթին մի կողմ նետենք խաղաթղթերը և զբաղվենք նամակների ընթերցմամբ կամ էլ նամականիշներ հավաքելով։ Սակայն Յանը չէր ուզում ընթերցել, Յանը չէր ցանկանում նամականիշներ հավաքել, նա արդեն մանկության տարիներին կուշտ հավաքել էր, իսկ այժմ ուզում էր խաղալ, խաղալ֊ավարտել գրանտը, ուզում էր շահել խաղը, ուզում էր հաղթել։ Եվ նա բարձրացրեց Կոբիելային և բարձրացրեց շուռ տված կողովը և այն դրեց անիվների վրա։ Սակայն հանգուցյալին նա ձեռք չտվեց և նա նամակներն էլ չհավաքեց՝ այլ խոսքով կողովը բավականաչափ չբարձեց, սակայն այնուհանդերձ ծայրաստիճան զարմացավ, երբ Կոբիելան, որը կախված էր թեթև շարժական կողովից, նստակյացություն չդրսևորելով էլ ավելի առաջ թեքվեց, մինչև որ Յանը նրա վրա գոռաց․ ― Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, Ալֆրեդ, մեր խաղը մի փչացրու։ Շուտով խաղը կավարտենք և տուն կգնանք։ Դե լսիր, Ալֆրեդ։ Օսկարը հոգնած տեղից բարձրացավ՝ հաղթահարելով անընդհատ ուժեղացող գլխի ու հոդերի ցավը, իր թմբկահարի փոքրիկ կառչուն ձեռքերը դրեց Յանի ուսերին, ոչ բարձր, սակայն համոզիչ բառեր արտաբերեց․ ― Օ, հայրիկ, հանգիստ թող նրան։ Նա մահացել է, նա այլևս չի խաղա։ Եթե ուզում ես, մենք կարող ենք քսանմեկ խաղալ։ Յանը, որին էլ ես հենց նոր հայր անվանեցի, բաց թողեց պարետի մահացած մարմինը, հոսուն երկնագունությամբ հայացքը հառեց իմ վրա և լաց եղավ․ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ես շոյեցի նրան, սակայն նա առաջվա պես պնդում էր՝ «ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»։ Ես բազմանաշանակ համբուրեցի նրան, սակայն նա այժմ չէր կարող մտածել մեկ այլ բանի մասին, քան միայն ավարտին չհասցրած գրանտի։ Հավատա, Ագնես, ես կհաղթեի։ Ես հաստատ հաղթանակած տուն կհայտնվեի։ Իմ խեղճ մայրիկի փոխարեն այդպես նա ինձ էր բողոքում, իսկ ես՝ նրա որդին, համաձայնեցի այդ դերին, ես նրան հավանություն էի տալիս, երդվում էի, որ նա հաստատ կհաղթեր, որ, ճիշտն ասած, նա արդեն հաղթել է, թող դրանում վստահ լինի և թող ամեն ինչում լսի իր Ագնեսին։ Սակայն Յանը չէր հավատում ո՛չ ինձ, ո՛չ մայրիկին։ Սկզբում նա լսելի ձայնով արտասվեց, բարձրաձայն դժգոհեց, այնուհետև անցավ ցածրաձայն անհոդաբաշխ փնթփնթոցի, սառչող սարի՝ Կոբիելայի տակից քաշեց հանեց խաղաթղթերը, սկսեց խառնշտորել նրա ոտքերի միջև նամակների հոծ զանգվածը, նրան ինչ֊որ բան վերադարձրեց, և նա չհանգստացավ, մինչև որ չհավաքեց բոլոր երեսուներկու խաղաթղթերը։ Այնուհետև նա դրանց վրայից սկսեց քերել կպչուն, ջրիկ խյուսը, որը ծորացել էր Կոբիելայի շալվարից, մանրակրկիտ մշակեց յուրաքանչյուր խաղաթուղթը, խառնեց կապուկը, ուզում էր կրկին բաժանել և միայն այդ ժամանակ նրա բարեկզմ ճակատի տակ, որը նույնիսկ ոչ ցածր, չնայած չափից դուրս հարթ, անթափանց մաշկով էր, ծնվեց միտք, որ այս աշխարհում այլևս սկատ խաղալու համար երրորդ խաղընկեր չի մնացել։ Պահեստային կառույցում լռություն տիրեց։ Հավանաբար դրսում ևս մտածեցին երկար րոպեով հարգանքի տուրք մատուցել վերջին խաղացողին և երրորդ խաընկերոջը։ Սակայն Օսկարին թվաց, որ կարծես դուռը անձայն փոքր֊ինչ բացվեց։ Ուսի վրայով նայելով, ոչ երկրայինի ցանկացած դրսևորումներին պատրաստ, նա տեսավ Վիկտոր Վելունի բացառիկ կույր ու դատարկ դեմքը։ ― Յան, ես ակնոցս եմ կորցրել, Յան, դու դեռ այստե՞ղ ես։ Պետք է փախչել։ Ֆրանսիացիները կամ ընդհանրապես չեն գա և կամ շատ ուշ կգան։ Գնանք ինձ հետ Յան, ուղեկցիր ինձ, ես կորցրել եմ ակնոցս։ Միգուցե խեղճ Վիկտոր Վելունը որոշեց, որ սխալ սենյակ է ընկել, քանզի չստանալով ո՛չ պատասխան, ո՛չ ակնոց, ո՛չ փախուստի պատրաստ իրեն մեկնած ձեռք, նա իր ակնոցից զրկված դեմքը հեռացրեց, դուռը փակեց, և ես դեռ կարողացա լսել Վելունի մի քանի քայլերը, որը շոշափելով, մառախուղը հաղթահարելով սկսեց իր փախուստը։ Իսկ ի՞նչ հետաքրքրաշարժ բան էր տեղի ունենում Յանի գլխի մեջ, որի պատճառով նա սկզբում թույլ, դեռ ձայնի մեջ լսելի արտասուքով, սակայն հետո բարձրաձայն և ուրախ ծիծաղեց, սկսեց խաղալ իր թարմ վարդագույն լեզվով, որը սրված էր ամեն կարգի քնքշությունների համար, խաղաթղթերը նետեց վեր, բռնեց ու վերջապես, քանի որ չխոսող մարկանցով ու չխոսող նամակներով պահեստարանում կիրակնօրյա հանդիսավոր լռություն տիրեց, զգույշ, ճշգրիտ շարժումներով, շունչը պահելով, սկսեց կառուցել գերփխրուն խաղաթղթե տնակ։ Ագռավի յոթնոցը և խաչի աղջիկը ընկան հիմքի կառուցվածքում, նրանց ծածկեց ագուռի թագավորը։ Ինը փոսիկներից ու ագռավի մեկնոցից նա առաջինը կողքի երկրորդ հիմքը գցեց՝ որպես տանիք օգտագործելով խաչի ութնոցը, այնուհետև երկու հիմքերը իրար կապեց կողքի վրա կանգնեցված տասանոցներով ու զինվորներով, որոնց լայնքով դրվեցին աղջիկներն ու մեկնոցները այնպես, որպեսզի նրանք բոլորը փոխադարձաբար նեցուկ լինեին միմյանց։ Հետո նա որոշեց կառուցել երկրորդ հարկը և երրորդ ու դա անում էր ձեռքի կախարդող շարժումներով, որոնք, պետք է ենթադրել, որ ենթարկվելով նմանատիպ ընթացակարգին, գիտեր նաև իմ խեղճ մայրիկը։ Եվ երբ նա սրտի աղջիկը հենեց նույնպես կարմիր սրտով նմանատիպ թագավորին, շենքը ամենևին էլ չփլվեց, ոչ, այն շարունակում էր կանգուն մնալ՝ թեթև, փխրուն, կանգնում էր իր թեթև շնչելով մի կառույցում, որը լի էր անշունչ և կենդանի, շունչները պահած մարմիններով, թույլ տալով մեզ ձեռքներս ծալել, ստիպելով հոռետեսորեն տրամադրված Օսկարին, որը բոլոր կանոններով զննում էր իր խաղաթղթե տնակը, մոռանալ կծու ծխախոտի ու գարշահոտի մասին, որոնք գալարվելով ու ժլատորեն ներս էին թափանցում դռան ճեղքերով, ստեղծում էր այնպիսի տպավորություն, կարծես խաղաթղթե տնակով խցիկը անմիջականորեն, դուռ դռան վրա, հարում էր տարտարոսին։ Նրանք՝ փողոցում գտնվողները, ճակատային գրոհից վախենալով, գործի էին դրել հրանետները, նրանք որոշել էին վերջին պաշտպաններին ուղղակի դուրս հանել ծխախեղդ անելով և դոկտոր Միխոնին հասցրեցին այն վիճակի, որ նա հանեց պողպատյա սաղավարտը, վերցրեց սավանը, համարելով, որ այն բավականաչափ համոզիչ չէ, դրան ավելացրեց իր ծոցագրպանից հանած ջենթլմենական թաշկինակը և, զույգ դրոշակները թափ տալով, տեղեկացրեց Լեհական փոստատան հանձնման մասին։ Եվ բոլորը՝ մոտավորապես երեսուն կիսակույր, խանձված մարդիկ, վեր բարձրացրած ձեռքերը ծոծրակի մասում խաչելով, ձախ օժանդակ դռնով լքեցին փոստատան շենքը և հասան պատին, որտեղ սպասեցին դանդաղ մոտեցող էսէսական աշխարհազորայիններին։ Այնուհետև լուրեր պտտվեցին, որ այն կարճ ժամանակահատվածում, երբ փոստատան պաշտպանները արդեն շարվել էին բակում, իսկ գրոհողները թեկուզ և առաջ էին շարժվում, սակայն դեռ չէին մոտեցել, չորսը կամ հինգը փախչելով փրկվեցին փոստատան ավտոկանգառի միջով, դրան հարակից ոստիկանության ավտոկանգառի միջով, Ռեմի վրայի դատարկ, բնակիչների կողմից լքված տների միջով։ Այնտեղ նրանք իրենց համար հագուստ գտան, նույնիսկ կուսակցական նշաններով, լվացվեցին, դուրս գալու համար շքերթային հանդերձներ հագան, իսկ հետո առանձին֊առանձին հեռացան, ընդ որում նրանցից մեկի մասին խոսում էին նույնիսկ այսպես․ Հին քաղաքի Գրաբեն փողոցում նա այցելել է օպտիկայի խանութ, կարգադրել է իր համար ակնոց ընտրել, քանզի իրենը փոստատան մարտական գործողությունների ժամանակ կորցրել էր։ Եվ նոր ակնոց ձեռք բերելով՝ Վիկտոր Վելունը, իսկ դա հենց նա էր, նույնիսկ իրեն թույլ է տվել փայտանյութի շուկայում մեկ բաժակ գարեջուր խմել, հետո էլի մեկը, որովհետև աշխատանքը նրա մոտ ուժեղ ծարավ էր առաջ բերել, ինչից հետո նոր ակնոցով, որը թեև մասամբ ցրել էր նրա հայացքի առաջ եղած մառախուղը, սակայն ամենևին ոչ այնչափ, որչափ դա անում էր հին ակնոցը, սկսեց իր փախուստը, որը շարունակվում է մինչև օրս՝ նման համառություն են ցուցաբերում նրան հետապնդողները։ Իսկ մնացածները, իսկ ինչպես ասացի, նրանք թվով մոտ երեսունն էին, որ չհամարձակվեցին փախչել, արդեն կանգնած էին կողային մուտքի պատի մոտ, ճիշտ և ճիշտ այն րոպեին, երբ Յանը սրտի աղջիկը հենել էր նույն համագույնի թագավորի վրա և երանելի տեսքով ետ տարել ձեռքերը։ Դե ինչ կարելի է ավելացնել։ Նրանք մեզ գտան, նրանք գոռգոռացին՝ «Հլա մի դուրս արի», նրանք իրենց ազատություն տվեցին, նրանք ներս թողեցին միջանցիկ քամուն, որը փլեց խաղաթղթե տնակը։ Նրանք չէին հասկանում նմանատիպ ճարտարապետություն։ Նրանք նախընտրում էին բետոնը։ Նրանք հավերժության համար էին կառուցում։ Նրանք փոստային քարտուղար Բրոնսկու նեղացած, զարմացած դեմքի վրա նույնիսկ ուշադրություն չդարձրեցին։ Իսկ սենյակից նրան հանելով՝ նրանք չնկատեցին, որ նա մեկ անգամ ևս ձեռքը մտցրեց խաղաթղթերի մեջ և ինչ֊որ բան վերցրեց, որ ես՝ Օսկարս, մոմերի մնացորդները պոկեցի իմ նոր ձեռք բերած թմբուկի վրայից, թմբուկը տարա իմ ետևից, բանի տեղ չդրեցի մոմերի մնացորդների վրա, քանզի գրպանի լապտերները առանց այն էլ մեզ համար չափազամց շատ էին լույս տալիս, և էլի նրանք չնկատեցին, որ նրանց լամպերը մեզ կուրացրել են և թույլ չեն տալիս, որ գտնենք դուռը։ Իրենց հրամանատարական լապտերների ետևում կանգնած ու հրացանները պատրաստ բռնած, նրանք գոռում էին՝ «Հլա մի դո՛ւրս արի»։ Նրանք շարունակում էին գոռալ, նույնիսկ երբ մենք Յանի հետ արդեն վաղուց կանգնած էինք միջանցքում։ Նրանց «դո՛ւրս արին» հասցեագրված էր Կոբիելային, Վարշավայից եկած Կոնրադին և Բոբեկին էլ ու փոքրամարմին Վիշնևսկուն, որը կենդանության օրոք նստած էր հեռագրերի ընդունման վրա։ Այդ պահին, քանի որ նրանք չէին ուզում ենթարկվել, նրանք բոլորը վախեցած էին, և երբ միայն աշխարհազորայինները հասկացան, որ իմ ու Յանի առջև ծիծաղի առարկա են դարձել, որովհետև նրանց «դուրս արի» ոռնոցին ես պատասխանում էի բարձր ծիծաղով, նրանք դադարեցին ոռնալ և ասացին․ «Ախ, ահա թե ինչ», և մեզ դուրս բերեցին փոստատան բակ, այն երեսունի մոտ, ովքեր կանգնած էին՝ ձեռքերը բարձրացրած ու մատները ծոծրակի մասում խաչաձև ծալած և ծարավից մահանում էին, իսկ «Վոխենշաուն» նրանց նկարում էր։ Նոր էին մեզ կողային ելքով հանել դուրս, երբ «Վոխենշաուից» մարդիկ մեր կողմը ուղղեցին մեքենաների վրա ամրացրած իրենց խցիկները և նկարահանեցին մեր մասին այն կարճ ֆիլմը, որն այնուհետև պտտեցնում էին բոլոր կինոթատրոններում։ Ինձ առանձնացրեցին պատի մոտ կանգնած խմբից։ Օսկարը վերհիշեց իր թզուկային չափսերի մասին, ամեն ինչ արդարացնող իր երեք տարեկանի հասակի մասին, կրկին զգաց գլխի ու հոդերի մասերում ձանձրացնող ցավը, թմբուկի հետ մեկտեղ ընկավ, սկսեց ջղաձգվել՝ նոպան կիսով չափ տանելով, կիսով չափ ձևացնելով, սակայն նոպայի ժամանակ ևս իր թմբուկը ձեռքից բաց չթողեց։ Իսկ երբ նրանք նրան բռնեցին ու հրեցին էսէսական աշխարհազորայինների ծառայողական մեքենայի մեջ, երբ մեքենան շարժվեց, որպեսզի նրան հասցնի քաղաքային հիվանդանոց, Օսկարը դեռ հասցրեց տեսնել, որ Յանը, անիմաստ և երանելի կերպով ծիծաղում է՝ իր բարձրացրած ձեռքերի մեջ մի քանի քաղաթուղթ բռնած և թափահարում է իր ձախ ձեռքը, որի մեջ, իմ կարծիքով, սեղմած պահել էր սրտի աղջկա թալիսմանը։
Ադմին, Վստահելի
1876
edits