Changes

Թիթեղյա թմբուկը

Ավելացվել է 53 784 բայտ, 07:35, 30 Հուլիսի 2014
/* Խաղաթղթե տնակը */
Նրանք հավերժության համար էին կառուցում։ Նրանք փոստային քարտուղար Բրոնսկու նեղացած, զարմացած դեմքի վրա նույնիսկ ուշադրություն չդարձրեցին։ Իսկ սենյակից նրան հանելով՝ նրանք չնկատեցին, որ նա մեկ անգամ ևս ձեռքը մտցրեց խաղաթղթերի մեջ և ինչ֊որ բան վերցրեց, որ ես՝ Օսկարս, մոմերի մնացորդները պոկեցի իմ նոր ձեռք բերած թմբուկի վրայից, թմբուկը տարա իմ ետևից, բանի տեղ չդրեցի մոմերի մնացորդների վրա, քանզի գրպանի լապտերները առանց այն էլ մեզ համար չափազամց շատ էին լույս տալիս, և էլի նրանք չնկատեցին, որ նրանց լամպերը մեզ կուրացրել են և թույլ չեն տալիս, որ գտնենք դուռը։ Իրենց հրամանատարական լապտերների ետևում կանգնած ու հրացանները պատրաստ բռնած, նրանք գոռում էին՝ «Հլա մի դո՛ւրս արի»։ Նրանք շարունակում էին գոռալ, նույնիսկ երբ մենք Յանի հետ արդեն վաղուց կանգնած էինք միջանցքում։ Նրանց «դո՛ւրս արին» հասցեագրված էր Կոբիելային, Վարշավայից եկած Կոնրադին և Բոբեկին էլ ու փոքրամարմին Վիշնևսկուն, որը կենդանության օրոք նստած էր հեռագրերի ընդունման վրա։ Այդ պահին, քանի որ նրանք չէին ուզում ենթարկվել, նրանք բոլորը վախեցած էին, և երբ միայն աշխարհազորայինները հասկացան, որ իմ ու Յանի առջև ծիծաղի առարկա են դարձել, որովհետև նրանց «դուրս արի» ոռնոցին ես պատասխանում էի բարձր ծիծաղով, նրանք դադարեցին ոռնալ և ասացին․ «Ախ, ահա թե ինչ», և մեզ դուրս բերեցին փոստատան բակ, այն երեսունի մոտ, ովքեր կանգնած էին՝ ձեռքերը բարձրացրած ու մատները ծոծրակի մասում խաչաձև ծալած և ծարավից մահանում էին, իսկ «Վոխենշաուն» նրանց նկարում էր։
Նոր էին մեզ կողային ելքով հանել դուրս, երբ «Վոխենշաուից» մարդիկ մեր կողմը ուղղեցին մեքենաների վրա ամրացրած իրենց խցիկները և նկարահանեցին մեր մասին այն կարճ ֆիլմը, որն այնուհետև պտտեցնում էին բոլոր կինոթատրոններում։ Ինձ առանձնացրեցին պատի մոտ կանգնած խմբից։ Օսկարը վերհիշեց իր թզուկային չափսերի մասին, ամեն ինչ արդարացնող իր երեք տարեկանի հասակի մասին, կրկին զգաց գլխի ու հոդերի մասերում ձանձրացնող ցավը, թմբուկի հետ մեկտեղ ընկավ, սկսեց ջղաձգվել՝ նոպան կիսով չափ տանելով, կիսով չափ ձևացնելով, սակայն նոպայի ժամանակ ևս իր թմբուկը ձեռքից բաց չթողեց։ Իսկ երբ նրանք նրան բռնեցին ու հրեցին էսէսական աշխարհազորայինների ծառայողական մեքենայի մեջ, երբ մեքենան շարժվեց, որպեսզի նրան հասցնի քաղաքային հիվանդանոց, Օսկարը դեռ հասցրեց տեսնել, որ Յանը, անիմաստ և երանելի կերպով ծիծաղում է՝ իր բարձրացրած ձեռքերի մեջ մի քանի քաղաթուղթ բռնած և թափահարում է իր ձախ ձեռքը, որի մեջ, իմ կարծիքով, սեղմած պահել էր սրտի աղջկա թալիսմանը։   ===Նա հանգչում է Զասպեում===  Ես հենց նոր վերջին պարբերությունը կրկին ընթերցեցի և, կարդացածիցս դժգոհ եմ, այն, այնուամենայնիվ, պատկանում է Օսկարի գրչին, քանզի նրան՝ այդ գրչին, հաջողվեց, հակիրճ ամփոփելով, որոշ տեղերում միտումնավոր հակիրճ ամփոփման ոգով չափազննել և կամ էլ ընդհանրապես ստել։ Իսկ ես մտադիր եմ մնալ ճշմարտության շրջանակներում, Օսկարի գրչին թիկունքից հարված հասցնել և այս տեղում պատմել, որ նախ և առաջ, Յանի վերջին խաղը, որը դժբախտաբար նա չկարողացավ հասցնել ավարտին և հաղթել, ամենևին էլ գրանտ չէր, այլ առանց երկուսի ագուռ, որ, նախ և երկրորդ, նամակների պահեստարանը լքելով, Օսկարը իր հետ ոչ միայն նոր թմբուկը վերցրեց, այլ նաև ճմռթածը, որն առանց շալվարակալների, հանգուցյալի ու նամակների հետ դուրս թափվեց կողովից։ Եվ ահա թե ինչ է պետք նաև ավելացնել․ հենց նոր էինք մենք Յանի հետ լքել պահեստարանը, որովհետև աշխարհազորյինները «դուրս արի» գոռոցներով, գրպանի լապտերներով ու հրացաններով համառորեն իրենցն էին պնդում, Օսկարը, պաշտպանություն փնտրելով, խցկվեց քիչ թե շատ բարի տեսք ունեցող երկու աշխարհազորային֊հորեղբայրների միջև։ խղճահարույց լաց պատկերեց և մեղադրական շարժումով մատնացույց արեց իր հորը՝ Յանին, ինչը անմիջապես խեղճին վերածվեց չարագործի, որն անմեղ երեխային բանտարկել էր Լեհական փոստատան շենքում, որպեսզի իրապես լեհական անմարդկությամբ նրան գնդակի համար թիրախ դարձներ։ Նման տաղկտակլի պահվածքից Օսկարը ակնհայտորեն օգուտ էր սպասում իր նոր ու ճմռթված թմբուկի համար և նա իր հաշվարկներում չսխալվեց․ աշխարհազորայինները ոտքերով հարվածում էին Յանի թիկունքին, խփում էին նրան հրացանի կոթերով, սակայն դրա փոխարեն ինձ թողեցին երկու թմբուկները, և արդեն ոչ երիտասարդ մի աշխարհազորային, բերանի ու քթի մոտ մտահոգված ընտանիքի հոր վշտալի ծալքերով, թփթփացրեց իմ այտին, այն դեպքում, երբ մյուսը՝ անընդհատ ժպտացող և այդ իսկ պատճառով էլ երիտասարդ մնացածը, իր՝ հայացքից թաքնված աչքերով ինձ զննեց, ինչը ինձ տհաճություն պատճառեց։ Այսօր, երբ ես ժամանակ առ ժամանակ ամոթի զգացում եմ ունենում այդ անվայել արարքի համար, շարունակ կրկնում եմ, չէ՞ որ միևնույն է, Յանը ոչինչ չնկատեց, նրա մտքերը զբաղված էին խաղաթղթերով, նա հետագայում էլ ոչ մի այլ բանի մասին չէր մտածում, նրան աշխարհում ոչ մի այլ բան, նույնիսկ աշխարհազորայինների ամենահետաքրքրաշարժ կամ ամենասատանայական նրբացածության հնարքները չէին կարող նրան շեղել խաղաթղթերից։ Այն ժամանակ, երբ Յանը կենում էր խաղաթղթե տնակների լեռնային թագավորությունում ու երանությամբ ապրում էր այն տանը, որը կառուցել էր հանուն այդ երջանկության, մենք, այսինքն՝ աշխարհազորայիններն ու ես, քանզի Օսկարը իրեն դասում էր աշխարհազորայինների շարքը, դեռևս կանգնած էինք սալիկներով շարված հատակին, աղյուսե պատերով շրջապատված, ծեփակերտ առաստաղների տակ։ Դրանք այն աստիճան ջղաձիգ էին հյուսվել պատերի ու միջնորմի հետ, որ այդ օրը կարելի էր զգուշանալ ամենասարսափելիից։ Եվ այդ ամենը կոչում են ճարտարապետություն, այնինչ դա ընդամենը հաստ ստվարաթղթերի մի կույտ է, ուր ամեն մի կտոր մի կերպ պահում է մյուսին։ Դե, իհարկե, այս ուշացած հետևությունը ինձ ոչ մի կերպ չի արդարացնում, նամանավանդ, որ ինձ, ով շինարարական անտառանյութ տեսնելիս անխուսափելիորեն մտածում է քանդման հետ կապված հանգամանքների մասին, խորթ չէր պատկերացումը խաղաթղթե տնակների մասին՝ որպես մարդու միակ արժանի բնակավայրի։ Ասվածին կարելի է ավելացնել նաև հուսահատեցնող ընտանեկան վիճակը։ Չէ՞ որ այդ օրը ես հաստատ համոզված էի, որ Յան Բրոնսկին ոչ միայն իմ մորեղբայրն է, այլև ամենաիսկական, այլ ոչ ենթադրայլ հայրը։ Բոլոր ժամանակների համար նրան Մացերատից բաժանող մի յուրօրինակ առաջընթաց, քանզի Մացերատը կամ եղել է իմ հայրը, կամ ընդհանրապես ոչինչը։ Երեսունինը թվի սեպտեմբերի մեկով եմ ես թվագրում իմ երկրորդ մեծ մեղքը, իսկ ես հիմք եմ ընդունում այն ենթադրությունը, որ դուք ևս այս չարաղետ օրն եք ի դեմս խաղաթղթերով բարեհաջող ժամանակ անցկացնող Յան Բրոնսկուն ճանաչել իմ հորը։ Ես այլևս չեմ կարող ինձանից թաքցնել, նույնիսկ այն ժամանակ, երբ գտնվում եմ ամենախղճալի տրամադրության մեջ, իմ թմբուկը, դե ոչ, ինչու հենց թմբուկը, ես ինքս, թմբկահար Օսկարս, սկզբում գերեզման հասցրեցի իմ խեղճ մայրիկին, իսկ հետո՝ Յան Բրոնսկուն՝ իմ հորն ու մորղեբորը։ Սակայն այն օրերին, երբ մեղքի կոպիտ զգացումը, որը սենյակից ոչ մի կերպ չես վռնդի, ինձ սեղմում է հիվանդասենյակի մահճակալի բարձերին, ես, ինչպես և բոլոր մարդիկ, թաքցնում եմ իմ այն ժամանակ մոդայիկ դարձած և մինչ օրս էլ որպես չարամիտ գլխարկ մեկից ավելի գլուխներ զարդարող անիմացությունը։ Օսկարին, ամեն ինչից անտեղյակ խորամանկին, լեհական բարբարոսության անմեղ զոհին, Օսկարին բարձր ջերմությամբ և նյարդերի բորբոքմամբ հասցրեցին քաղաքային հիվանդանոց։ Տեղեկացրին Մացերատին։ Իմ անհետացման մասին նա արդեն նախորդ երեկոյան էր հայտարարել՝ չնայած դեռևս չէր կարելի համոզված ասել, որ ես հատկապես նրան եմ պատկանում։ Իսկ այն երեսուն մարդուն, որոնց թվին պետք է ավելացնել նաև Յանին, բարձրացրած ձեռքերով և ծոծրակի մասում խաչած ափերով, այն բանից հետո, երբ «Վոխենշաուն» արեց համապատասխան նկարահանումները, սկզբում տարան Վիկտորիայի դպրոց, որն այդ նպատակով մաքրել էին, այնուհետև նրանց ընդունեց Շիստանգե բանտը և, վերջապես, հոկտեմբերի սկզբին, լքված, իր դարն ապրած Զասպեի գերեզմանատան պատի այն կողմի փխրուն ավազը։ Որտեղից դա գիտի Օսկարը։ Ես դա գիտեմ Լեո Խենթուկից, որովհետև հասկանալի է, որ պաշտոնական որևէ հայտարարություն չեղավ այն մասին, թե որ պատի ետևում, որ ավազի վրա գնդակահարեցին երեսունմեկ մարդուն, որ ավազի մեջ երեսունմեկին թաղեցին։ Սկզբում Հեդվիգ Բրոնսկին ծանուցագիր ստացավ Ռինգշտրասեի փողոցի բնակարանը ազատելու վերաբերյալ, այնտեղ պետք է տեղափոխվեր ինչ֊որ մի ավստրիացի բարձրաստիճան սպայի ընտանիք։ Մինչ Ստեֆանի օգնությամբ հավաքում էր իրերը, պատրաստվելով տեղափոխվել Ռամկաու, որտեղ նրանք իրենց պատկանող մի քանի հեկտար անտառ, վարելահող և դրան ավելացրած վարձակալած բնակարան ունեին, այրուն ուղարկեցին ծանուցագիր, որը նրա աչքերը, որոնք թեև արտացոլում, սակայն չէին հասկանում այս աշխարհի ողբը, միայն դանդաղ և այն էլ Ստեֆանի օգնությամբ, կարողացան հասկանալ, ի վերջո հասնելով իմաստին, որը պաշտոնապես, սևով սպիտակի վրա, նրան հայտարարում էր այրի։ Իսկ այնտեղ ասվում էր հետևյալը․ «― Սբ․ Լ․ Էբերհարդի խմբի ― Դատական գրասենյակ 41/139 ― Սոպոտ, 6 հոկտեմբերի1939 ― Տիկին Հեդվիգ Բրոնսկի ― հրահանգի համաձայն հայտնում ենք Ձեզ, որ Յան Բրոնսկին հակաօրինական արարքների համար զինվորական դատարանի որոշմամբ դատապարտված է մահապատժի, որպիսին ի կատար է ածված։ ―Ցելևսկի ― Դաշտային դատարանի տեսուչ»։ Ինչպես տեսնում եք, Զասպեի մասին ոչ մի խոսք։ Դա նրանք էին այդպես հոգ տարել հարազատների ու ազգականների մասին՝ նրանց ազատելով չափից դուրս ծավալուն և անչափ շատ ծաղիկներ կլանող եղբայրական գերեզմանը խնամելու ծախսերը հոգալուց և խնամքը ու հնարավոր ամենատարբեր վերահուղարկավորումները վերցրեցին իրենց վրա, հավասարեցրին գերեզմանատան ավազը։ Հավաքեցին բոլոր փամփուշտների պարկուճները՝ բացի մեկից, որովհետև միշտ էլ ինչ֊որ տեղ ընկած կլինի, քանզի ամենուր դեն նետված պարկուճները աղճատում են պարկեշտ գերեզմանատան տեսքը՝ չնայած այնտեղ արդեն վաղուց ոչ մեկին չեն թաղում։ Եվ ահա այդ միակ պարկուճը, որը միշտ էլ ինչ֊որ տեղ ընկած կլինի, և որի մեջ է կայանում ողջ էությունը, գտել էր Խենթուկ Լեոն, որի աչքերից թաքուն չէր մնա ոչ մի թեկուզ ամենագաղտնի թաղում։ Նա, որ ինձ հիշում էր իմ խեղճ մայրիկի թաղումից, իմ սպիներով պատված ընկեր Հերբերթ Տրուչինսկու մահվանից, նա, ով անկասկած գիտեր նաև, թե որտեղ հողով ծածկեցին Սիգիզմունդ Մարկուսի մարմինը, սակայն երանության մեջ էր, ուրախությունից իրեն կորցրել էր, երբ նոյեմբերի վերջին ինձ հենց նոր դուրս էին գրել հիվանդանոցից, կարողացավ այդ դավաճան պարկուճը հանձնել ինձ։ Սակայն ավելի շուտ, քան ես Լեոյի ետևից գնացի այդ արդեն փոքր֊ինչ ժանգոտված պատյանով, որի մեջ էր միգուցե գտնվել հատկապես հենց Յանի արճիճե միջուկը, ավելի շուտ, քան ձեզ Զասպեի գերեզմանատուն տեղափոխելը, ես ձեզ պետք է խնդրեմ Դանցիգի քաղաքյին հիվանդանոցների երկաթյա մահճակալը համեմատել տեղական բուժհիմնարկության նույնպես մետաղյա մահճակալի հետ։ Երկու մահճակալներն էլ պատված են սպիտակ լաքով և այնուամենայնիվ իրար նման չեն։ Չնայած երկարությամբ չափելիս մանկական բաժանմունքի մահճակալը ավելի կարճ է, սակայն դրա փոխարեն ավելի բարձր է, եթե մետրը մոտեցնենք ցանկապատին։ Եվ չնայած ես գերադասում եմ երեսունինը թվի կարճ ու բարձր ճաղավանդակով արկղը, հենց իմ այսօրվա՝ մեծահասակների համար նախատեսված, փոխզիջումային մահճակալի վրա ինձ հաջողվեց ձեռք բերել իմ բավական խոցելի դարձած հանգիստը։ Այդ իսկ պատճառով ամբողջապես իմ հիմնարկության տնօրենին եմ վերավստահում մերժման կամ, հակառակը, բավարարման իրավունքը իմ արդեն մի քանի ամիս առաջ տրված դիմումի, որով խնդրում էի ավելի բարձր, սակայն նույնպիսի մետաղական և սպիտակ լաքով պատված ճաղավանդակով մահճակալ։ Եթե այսօր ես, կարելի է ասել, բացարձակապես անպաշտպան եմ այցելուների դեմ, ապա դանցիգյան հիվանդանոցում բարձր ցանկապատը ինձ բաժանում էր Մացերատից, այցելուներ Գրեֆ և Շեֆլեր ամուսիններից, իսկ հիվանդանոցում իմ մնալու ավարտին մոտ այդ նույն ճաղավանդակը բաժանում էր ինձ չորս շրջազգեստներ հագած մի կույտից, որը կրում էր իմ տատիկի անունը՝ Աննա Բրոնսկի։ Նա գալիս էր, ժամանակ առ ժամանակ վեր էր կարկառում իր մեծ կնճռոտ ձեռքերը՝ ցուցադրելով ափերի վարդագույն ճաքերը, այնուհետև կարոտով ձեռքերը գցում էր ցած, և ափերը ծափ էին տալիս ազդրերի վրա, այնպես, որ այդ ծափի գույնը չնայած մինչ օրս ապրում է իմ մեջ, սակայն իմ թմբուկի վրա հնարավոր է դրա միայն մոտավոր վերարտադրությունը։ Գալով առաջին անգամ, նա իր հետ բերեց Վինցենտ եղբորը, որը կառչելով մահճակալի ճաղավանդակից, ցածր ձայնով, սակայն առանց կանգ առնելու և ներքին համոզվածության պատմում էր կամ երգում, կամ երգելով պատմում լեհական թագուհու մասին, Կույս Մարիամի մասին։ Օսկարը շատ ուրախ էր լինում, եթե այդ երկուսի հետ մոտակայքում էր լինում նաև հիվանդասենյակի քույրը։ Չէ՞ որ երկուսն էլ ինձ մեղադրում էին։ Երկուսն էլ ինձ էին ներկայացնում Բրոնսկի ցեղի չմառախլապատված աչքերը, երկուսն էլ հույս ունեին լսել ինձանից, որ դժվարությամբ էր հաղթահարում նյարդային տենդը, Լեհական փոստատան թղթախաղի հետևանքը՝ գոնե մեկ ակնարկ, ցավակցանքի գոնե մեկ խոսք, լսողներին խնայող պատմություն Յանի վերջին ժամերի մասին, որոնք նա վերապրեց վախի ու սկատի մեջ։ Նրանք ուզում էին լսել խոստովանություն, ուզում էին Յանի արդարացումը, կարծես թե ես կարող էի նրան մաքրել, կարծես իմ վկայությունը կարող էր ծանրակշիռ ու համոզիչ լինել։ Եվ կամ ինչ կարող էր ներշնչել իմ հաշվետվությունը Էբերհարդի նախագահությամբ դատական կոլեգիային։ Իբր ես՝ Օսկարս, խոստովանում եմ, որ սեպտեմբերի մեկի նախօրեին երեկոյան ճամփից բռնեցի Յան Բրոնսկուն, երբ նա գնում էր իր տուն, և, վերանորոգման կարիք ունեցող թմբուկի օգնությամբ խորամանկելով, նրան տարա հենց այն շենքը, որը Յան Բրոնսկին մինչ այդ լքել էր, քանի որ չէր ցանկացել այն պաշտպանել։ Օսկարը նման խոստովանություն չարեց, իր ենթադրյալ հոր վրայից մեղքը չհանեց, սակայն նոր էր նա ցանկացել դառնալ վկա, նրա վրա այնպիսի ջղաձգություններ տեղացին, որ քրոջ պահանջով առաջիկայում նրա համար այցելությունների ժամերը սահմանափակվեցին, իսկ Աննա տատիկի ու ենթադրյալ Վինցենտ պապիկի այցելություններն ընդհանրապես արգելվեցին։ Երբ երկու ծերեըը՝ նրանք Բիսաուից ոտքով էին եկել ինձ մոտ, խնձոր էին բերել չափազանցված զգուշությամբ, մոլորված, ինչպես դա բնորոշ է գյուղաբնակներին, լքում էին հիվանդանոցի մանկական բաժանմունքը և այն նույն արագությամբ, որով հեռանում էին տատիկի ծփացող շրջազգեստները, և նրա եղբոր՝ աթարի հոտ արձակող կոստյումը, մեծանում էր նաև իմ մեղքը, իմ մեծ մեղքը։ Որքան շատ բան կարող է տեղի ունենալ մեկ և միևնույն ժամանակ։ Մինչ իմ մահճակալի առջև միմյանց էին սեղմվել Մացերատը, Գրեֆները՝ մրգերով ու թխվածքներով ծանրաբեռ, Բիսաուից ոտքով ինձ մոտ էին գալիս Շեֆլերները՝ Գոլդկրուգով և Բրենտաուով, քանի որ Կարթհաուսից մինչև Լանգֆուրան ընկած ճանապարհը դեռ ազատ չէր։ Մինչ խելքահան անող սպիտակազգեստ գթության քույրերը միմյանց էին փոխանցում ամեն կարգի հիվանդանոցային բամբասանքները և մանկական բաժանմունքում փոխարինում էին հրեշտակներին, Լեհաստանը դեռ չէր կործանվել, հետո նա, այնուամենայնիվ, կործանվեց և, վերջապես, հանրահայտ տասնութ օրերից հետո կործանվեց վերջնականապես։ Չնայած շուտով պարզվեց, որ Լեհաստանը դեռևս չի կործանվել, ինչպես, ի հեճուկս սիլեզյան և արևելապրուսական հայրենակցությունների, այժմ էլ Լեհաստանը, միևնույն է, չի կործանվել։ Օ, այդ խելագար հեծելազորը։ Ձիերի վրա հեծած՝ երկար նիզակների սուր ծայրերի վրա սպիտակակարմիր պատվադրոշներով։ Հեծելավաշտեր, ողբ և ավանդույթ։ Գրոհներ, որոնք կարծես վերցված են նկարազարդ գրքերից։ Դաշտերով, մարգագետիններով՝ Լոգի ու Կուտնոյի մոտ։ Ճեղքել Մոդլին ամրոցի պաշարման օղակը։ Օ, ինչպիսի հրաշալի կարգ։ Երեկոյան՝ արևամուտքի մշտական սպասումների մեջ։ Հեծելազորը միայն այն ժամանակ է գրոհում, երբ ապահովված է ճոխ առաջնային ու ճոխ ետին պլանը, քանզի ճակատամարտը գեղապատկեր է, քանզի մահը նկարչի վրձնին արժանի բնորդ է, կանգնել միանգամից հենակետ հանդիսացող և առաջ դրված ոտքի վրա, հետո տեղից պոկվել՝ արշավելու ժամանակ հապալասու ու մասրենու պտուղներ վայելելով, իսկ պտուղներն ընկնում ու ճեղքվում են, նրանք քոր են առաջացնում, առանց որի հեծելազորը տեղահանել չի լինի։ Ուլանները, նրանց մոտ կրկին քոր է, այնտեղ են, որտեղ ծղոտի դեզերն են, նրանք ետ են շրջում իրենց ձիերին, և սա ևս ավարտուն տեսարան է, ու խմբավորվում են մեկի ետևում, Իսպանիայում նրա անունը Դոն Քիշոտ է, իսկ այստեղ՝ պան Քիշոտ։ Նա տխուր ազնվության կերպարի զտարյուն լեհ է, հենց նա է իր ուլաններին սովորեցրել համբուրել առանց ձիուց իջնելու, այնպես, որ նրանք կրկին ու կրկին նրբակիրթ ձևով համբուրում էին մահվան ձեռքը, կարծես դա ոչ թե մահ, այլ տիկին է, սակայն, որպես սկիզբ, նրանք խմբավորվում էին՝ իրենց ետևում ունենալով երեկոյան արևամուտը, քանզի նրանց պահեստային ուժը կոչվում է տրամադրություն, իսկ առջևում գերմանական տանկերն են, առջևում պարոն Կրուպ ֆոն Բոլենի ու Հալբախի արշավային ձիանոցների հովատակներն են, առավել ազնվացեղ ոչինչ թամբի տակ չէր անցել։ Սակայն այստեղ մահվան մեջ ճամփան կորցրած կիսաիսպանացի, կիսալեհ ասպետը, պան Քիշոտ շքանշան չէ, իջեցնում է պատվադրոշով նիզակը, սպիտակակարմիր պատվադրոշը ձեզ կոչ է անում, որ համբուրեք ձեռքը, որ մայրամուտի ապիտակակարմիր արագիլները կափկափեն տանիքների վրա, որ բալերը դուրս թքեն իրենց կորիզները։ Կոչ է անում հեծելազորին․ «Օ, դուք ազնվաբարո լեհեր, հեծյալներ, մեր առջև կանգնածները տանկեր չեն պողպատյա, դրանք հողմաղացներ են կամ ընդհանրապես ոչխարներ, ես կոչ եմ անում ձեռքը համբուրել»։ Եվ ահա կրուպովյան պողպատե հեծելավաշտերը մայրամուտին սկսում են շարժվել դեպի մոխրագույն թևերը՝ երեկոն էլ ավելի կարմիր դարձնելով։ Հուսով եմ, որ Օսկարին կներեն ճակատամարտի այս նկարագրության ոչ դիտավորյալ և միաժամանակ նկատելի բանաստեղծականության համար։ Հնարավոր է, որ ավելի խելամիտ կլիներ, եթե ես հայտնեի լեհական հեծելազորի կորուստների թիվը և ներկայացնեի վիճակագրական տվյալները, որոնք չոր ներթափանցությամբ կհարգեին, այսպես ասած, լեհական արշավանքի հիշատակը։ Ես կարող էի, հարցումներին ընդառաջ գնալով, այստեղ աստղանիշ դնել՝ խոստանալով իր ժամանակին ծանոթագրություն տալ և այդ իսկ պատճառով իմին ձեռք չտալ, թող որ իր համար մնա։ Մոտավորապես մինչև սեպտեմբերի քսանը հիվանդանոցային իմ մահճակալի վրա պառկած մնալով՝ ես լսում էի համազարկերը այն հրետանային մարտկոցների, որոնք զբաղեցրել էին Յեշքենթալյան ու Օլիվյան անտառների բարձրունքները։ Հետո հայտնվեց դիմադրության վերջին պատվարը՝ Հելա թերակղզին, Դանցիգ֊Ազատ քաղաքը կարող էր տոնել Գերմանական մեծ ռայխին իր աղյուսե գոթիկայի միացումը։ Յանի աչքերի գույնը, որը համընկնում էր դրոշի գույներից մեկի հետ, հաջողություն ուներ կանանց մոտ։ Նա պտտվում էր սև «մերսեդեսի» մեջ կանգնած և գրեթե առանց շունչ քաշելու, ձեռքը ուղիղ անկյան տակ վեր էր նետում՝ Ֆյուրերին ու ռայխսֆյուրերին։ Հոկտեմբերի կեսին Օսկարին քաղաքային հիվանդանոցից դուրս գրեցին։ Ինձ համար ծանր էր այնտեղի քույրերի հետ հրաժեշտը։ Եվ երբ քույրը, որին ոչ այն է Բերնի, ոչ այն է Էրնի էին անվանում, երբ, ինչպես ասացի, այդ Բերնի կամ Էրնի անունով քույրը իմ երկու թմբուկները մեկնեց ինձ, հաշմվածը, որն ինձ դարձրեց մեղավոր և անվնասը, որը ես ձեռք էի բերել Լեհական փոստատան պաշտպանության ժամանակ, ես հստակ գիտակցեցի, որ այս աշխարհում ինձ համար թիթեղյա թմբուկներից բացի գոյություն ունի նաև մի ուրիշ բան՝ բուժքույրը։ Թարմ գոծիքով հանդերձված և նոր գիտելիքներով զինված՝ ես, բռնելով Մացերատի ձեռքը, լքեցի հիվանդանոցը, որպեսզի հավերժ երեք տարեկանի ոտքերիս վրա դեռ ամուր կանգնել չկարողանալով, ինձ նվիրեմ առօրյային, առօրյա ձանձրույթին և Լաբեսվիգ փողոցի՝ առաջին պատերազմական տարվա էլ ավելի ձանձրալի կիրակիներին։ Նոյեմբերի վերջին երեքշաբթի օրը, չարիք չպատճառող վարչախմբից մեկ շաբաթ անց, ես առաջին անգամ դուրս եկա տանից՝ Մաքս֊Հալբե֊պլացում և Բրոյզեներվեգի անկյունում մռայլ թմբկահարելով և գարշելի ցուրտը գրեթե չնկատելով, Օսկարը հանդիպեց հոգևոր սեմինարիայի նախկին ունկնդիր Լեո Խենթուկին։ Մենք երկար ժամանակ շփոթված կանգնել էինք դեմ֊դիմաց, սակայն միայն այն ժամանակ, երբ Լեոն իր վերարկուի գրպաններից դուրս հանեց լայկաի ձեռնոցները և այդ դեղնավուն, խամրած, մարդկային մաշկին նմանվող պատյանը սկսեց քաշել մատների ու ափերի վրա, ես հասկացա, թե ում առջև եմ կանգնած, և այստեղ Օսկարը իրական սարսափ զգաց։ Մենք էլի հայացքով խորասուզվեցինք Կայզերի սուրճի խանութի ցուցափեղկի մեջ, աչքերով ուղեկցեցինք հինգերորդ և իններորդ երթուղու մի քանի տրամվայներ, որոնք այդ պահին խաչաձևվում էին Մաքս֊Հալբե֊պլացում, հետո սկսեցինք քայլել Բրյոզեգ փողոցի միօրինակ տների երկայնքով, մի քանի անգամ պտտվեցինք թատերական ծրագրերի ցածրիկ սյան շուրջը, ուսումնասիրեցինք հայտարարություննները, որոնք տեղեկացնում էին դանցիգյան գուլդենները գերմանական ռայխսմարկով փոխանակելու մասին, եղունգներով քերեցինք պերսիլի գովազդը։ Սպիտակը և կապույտը քերելով՝ հասանք մինչև կարմիրը, դրանով բավարարվեցինք, ցանկացանք կրկին վերադառնալ հրապարակ, սակայն այստեղ Լեոն իր զույգ ձեռնոցներով Օսկարին հրելով մտցրեց ինչ֊որ մուտք, սկզբից հանեց ձեռնոցի մեջ մտցրած ձախ ձեռքի մատները, հետո դրանք մտցրեց իր վերարկուի փեշի տակ, սկսեց փորփրել շալվարի գրպանի մեջ, այն հանեց, թափ տվեց, ինչ֊որ բան հայտնաբերեց, դեռ գրպանի սահմաններում շոշափեց իր գտածոն՝ համարելով, որ լավն է այն, ինչը ինքը գտել է, գրպանից հանեց փակված բռունցքը, վերարկուի փեշը կրկին իջեցրեց, դանդաղ առաջ մեկնեց ձեռնոցներով հանդերձված բռունցքը, այն ավելի ու ավելի առաջ մղեց։ Օսկարին սեղմեց պատին, իսկ նրա ձեռքը երկար էր, բայց պատը՝ ոչ դյուրափոփոխ, և միայն այն ժամանակ բացեց հինգմատնանոց պատյանը, երբ ես արդեն մտածեցի, որ հիմա Լեոյի ձեռքը ուսահոդից կպոկվի, կսկսի իր ինքնուրույն կյանքը, կհարվածի իմ կրծքին, այն կխոցի, դուրս կգա թիակներիս արանքից և կմտնի այս բորբոսահոտ աստիճանավանդակի պատի մեջ՝ Օսկարը այդպես էլ երբեք չի տեսնի, թե ինչ էր սեղմված Լեոյի բռունցքի մեջ՝ չնայած կհիշի Բրյոզեներվեգ փողոցում գտնվող տան բնակիչների համար կանոնների տեքստը, որը գործնականում ոչնչով չի տարբերվում Լաբեսվեգ փողոցի տան նույնատիպ տեքստից։ Հետո անմիջապես իմ նավաստու վերարկուի դիմաց, խարիսխով կոճակս արդեն սեղմած, Լեոն այնպիսի արագությամբ բացեց ձեռնոցը, որ ես լսեցի, թե ինչպես ճտտացին նրա հոդերը, մաշվածությունից բծավոր դարձած փայլուն կտորի վրա, որը ծածկում էր նրա ափը, դրված էր փամփուշտի պարկուճ։ Երբ Լեոն ձեռքը կրկին բռունցք արեց, ես արդեն պատրաստ էի հետևել նրան։ Առանց ավելորդ մանրամասնությոնների, այդ մետաղի կտորը կոչ էր անում ինձ։ Կողք կողքի՝ Օսկարը ձախ կողմից, մենք սկսեցինք Բրյոզեներվեգի երկայնքով իջնել՝ այլևս կանգ չառնելով ոչ որևիցե մի ցուցանակի առաջ, ոչ թատերական ծրագրերով որևէ ցածրիկ սյան առաջ, կտրեցինք անցանք Մագդեբուրգերշտրասեն, մեր ետևում թողեցինք բարձր արկղերի նմանվող և փողոցը եզրափակող երկու տները, որոնց վրա գիշերները թռչող և վայրէջք կատարող ինքնաթիռների համար վառվում էին ազդանշանային լույսերը։ Հետո երկար ժամանակ անցնում էինք թռիչքային գոտու ցանկապատի երկայնքով, անցանք դեպի առավել չոր ասֆալտապատված խճուղի և իններորդ երթուղու ռելսերի երկայնքով շարժվեցինք Բրյոզեներվեգի ուղղությամբ։ Ճանապարհին մենք ոչ մի բառ չփոխանակեցինք, սակայն Լեոն առաջվա պես պարկուճը բռնել էր ձեռնոցի մեջ։ Երբ ես սկսում էի տատանվել, երբ ցրտի ու խոնավության պատճառով ցանկանում էի ետ վերադառնալ, նա բաց էր անում բռունցքը, ափի մեջ վերվեր էր գցում մետաղի կտորը՝ այդ կերպ ինձ ևս հարյուր քայլ հրապուրելով և հետո՝ ևս հարյուրը, և նույնիսկ մի որոշակի երաժշտականություն դրսևորեց, երբ Զասպեի քաղաքային տիրույթներում ես վերջնականապես որոշեցի վերադառնալ։ Նա կրունկների վրա շրջվեց՝ պարկուճը բաց կողմով ցուցադրելով վեր պահած, նրա անցքը ֆլեյտայի ծայրոցի պես սեղմեց ներքին, բավականին կախ ընկած, փսլնքոտ շրթունքին և խռպոտ, երբեմն խոցող, երբեմն էլ կարծես մառախուղի կողմից թուլացված ձայնը խառնեց ամենուր լսելի անձրևի աղմուկին։ Օսկարը մրսում էր, սակայն ոչ միայն փամփուշտի պարկուճի նվագն էր նրան ստիպում մրսել, ոչ, զզվելի, կարծես պատվերով, տրամադրությանս հետ գնացող եղանակը ևս նպաստում էր դրան, այնպես որ ես նույնիսկ չէի էլ փորձում թաքցնել իմ խղճուկ վիճակը։ Ի՞նչն էր ինձ ձգում դեպի Բրոյզեն։ Դե լավ, առնետ որսացող Լեոն, որը շվշվացնում է փամփուշտի պարկուճի վրա։ Սակայն միայն նա չէր ինձ համար շվշվացնում։ Խարսխակայանի կողմից և Նոյֆարվասերի կողմից, որն ընկած էր կարծես լվացքատնից վեր բարձրացող նոյեմբերյան մառախուղներից այն կողմ, ինձ էին հասնում շոգենավերի շչակների ձայները, ինչպես նաև՝ Շոտլանդիայի, Շելմիուլի և Ռեյխսկոլոնիայի միջով այստեղ մեզ մոտ հասնող ոչ այն է բեռնաթափման, ոչ այն է՝ բարձման համար կանգնած տորպեդային նավակի սոված ոռնոցը։ Այնպես որ Խենթուկ Լեոյի համար ամենևին էլ դժվար չէր սառչող Օսկարին մառախլապատ շչակի ձայներով, սուլոցներով ու շվշվացնող փամփուշտի պարկուճով իր ետևից տանելը։ Մոտավորապես այն տեղում, որտեղ թռիչքային գոտին Նոր հրապարակից և բերդապարսպի քանդակից բաժանող մետաղալարե ցանկապատը թեքվում է դեպի Պելոնկեն, Լեոն կանգ առավ և մի որոշ ժամանակ, գլուխը ուսին հենելով, փամփուշտի պարկուճից ծորացող փսլնքի վրայով դիտահայում էր իմ դողդողացող մարմնի թռիչքը։ Պարկուճը բերանի մեջ ներքաշելով և այն ներքևի շրթունքով պահելով՝ նա հանկարծ սկսեց ձեռքերը վայրենաբար թափահարել և, կարծես վերևից եկող կարգադրությանը ենթարկվելով, իր վրայից քաշեց հանեց հետնափեշ սև սերթուկը և ծանր, խոնավ հողի հոտ արձակող կտորը գցեց իմ գլխին ու ուսերին։ Մենք կրկին ճամփա ընկանք։ Չեմ կարող ասել՝ ավելի քի՞չ էր Օսկարը մրսում, թե ոչ։ Երբեմն Լեոն մի հինգ քայլ առաջ էր ընկնում, կանգ էր առնում՝ իր փափուկ, շատ փափուկ, սակայն սարսափի աստիճան սպիտակ վերնաշապիկի մեջ՝ հիշեցնելով մի կերպար, որը խորհրդավոր ձևով մեզ մոտ է հայտնվել միջնադարյան զնդաններից, օրինակ, Աստիճանավոր աշտարակից, աչք ծակող պայծառ վերնաշապիկով, համաձայն խելագարների համար նորագույն մոդայի գլխավոր կարգադրությունների։ Սև սերթուկով ու սայթաքող Օսկարին նայելով՝ Լեոն անփոփոխ բռնկվում էր ծիծաղով և ամեն անգամ թևերս թափահարելիս նա ընդհատում էր ծիծաղը․ ես կարծես կռնչացող ագռավ լինեի։ Թերևս ես իսկապես էլ անհեթեթ թռչնի էի նմանվում, առնվազն որձ ագռավի, առավել ևս, որ ճանապարհի մի ինչ֊որ հատված իմ քղանցքը գետնի վրայով քարշ էր գալիս փեշատուրի նման՝ սրբելով ասֆալտե ծածկույթի փոշին։ Մի խոսքով, ես իմ ետևից լայն արքայական հետք էի թողնում, որն ուսի վրայով Օսկարի՝ երկրորդ անգամ գցած հայացքից հետո նրան համակում էր հպարտությամբ ու ընդգծում կամ ընդհանրապես մարմնավորում նրա մեջ կիսարթուն և դեռ մինչև վերջ չհասունացած ողբերգականությունը։ Արդեն Մաքս֊Հալբե֊պլացում ես զգացի, որ Լեոն ամենևին էլ չի պատրաստվում ինձ Բրոյզեն կամ Նոյֆարվասեր տանել։ Այդ հետիոտն անցումը սկզբից վերջ և ետ որպես վերջնական նպատակակետ կարող էր ունենալ միմիայն Զասպե գերեզմանատունը ու բերդապարսպի խանդակը, որոնց անմիջական հարևանությամբ տեղակայված էր ժամանակակից սարքավորումներով հանդերձավորված ոստիկանական հրաձգարանը։ Հոկտեմբերի վերջից սկսած մինչև ապրիլի վերջը լողափնյա երթուղիների տրամվայները գնում էին երեսուն րոպեն մեկ։ Երբ մենք մեր ետևում թողեցինք Լանգֆուր արվարձանի վերջին տները՝ մեզ ընդառաջ դուրս եկավ առանց կցորդի շարժիչային վագոնը։ Իսկ դրանից անմիջապես հետո մեզանից առաջ անցավ այն տրամվայը, որը Մագդեբուրգերշտրասեի ուղեսլաքի մոտ սպասում էր նրան։ Եվ արդեն անմիջապես Զասպե գերեզմանատան առջև, որտեղ երկրորդ ուղեսլաքն էր տեղադրված, նախ զնգոցով մեզանից առաջ անցավ քաղաքից եկող տրամվայը, ապա մեր կողքով անցավ հանդիպակացը, որն, ինչպես մենք կարողացանք մառախուղի միջով տենել, արդեն վաղուց էր սպասում, քանի որ վատ տեսանելիության պատճառով այն միացրել էր դիմացի լապտերը։ Մինչ Օսկարը աչքերի առջև դեռ պահպանում էր հանդիպակաց տրամվայի մեքենավարի աղոտ, հարթ դեմքը, Լեոն ասֆալտե ճանապարհից նրան քշեց դեպի փխրուն ավազը, որն արդեն իսկ վկայում էր ափամերձ ավազաբլուրների մասին։ Գերեզմանատունը պատված էր ճիշտ քառակուսի աղյուսե պատով։ Ամբողջապես ժանգոտ մետաղալարերով պատված հարավային կողմի փոքրիկ դռնակը ձևացնում էր միայն, թե փակ է և մեզ հեշտությամբ թողեց ներս։ Ցացոք, Լեոն ինձ ժամանակ չտվեց ավելի սևեռուն ուսումնասիրել թեքված, շուռ գալու կամ երեսնիվայր ընկնելու պատրաստ գերեզմանաքարերը, որոնք մեծ մասամբ պատրաստված էին կողքերից ու ետևից կոպիտ տաշված, իսկ դիմացից հղկված շվեդական գրանիտից կամ դիաբազից։ Զարտուղի ճանապարհով այստեղ հայտնված հինգ կամ վեց խղճուկ սոճիներն էին միայն կազմում գերեզմանատան կանաչ զգեստավորումը։ Մայրիկս դեռ կենդանության օրոք բոլոր այլ խաղաղ վայրերից առավել այս լքված անկյունն էր գերադասում։ Սակայն այժմ նա հանգչում էր Բրենտաուում։ Այնտեղ հողը ավելի բարեբեր էր, այնտեղ կնձենիներ ու թխիկներ էին աճում։ Հյուսիսային ցանկապատի բաց, առանց ճաղավանդակների դռնակի միջով Լեոն ինձ ավելի շուտ դուրս բերեց գերեզմանատնից, քան ես կարողացա ընտելանալ այդ մելամաղձիկ լքվածության հետ։ Ցանկապատից այս կողմ մենք անմիջապես հայտնվեցինք հարթ ավազով հողի վրա։ Որոճը, թխկին, և մասրենու թփերը մառախուղի ալեկոծվող ապուրի մեջ պարզորոշ ձևով լողում էին դեպի ափը։ Շրջվելով դեպի գերեզմանատունը՝ ես անմիջապես նկատեցի, որ նրա հյուսիսային պատի մի մասը նոր էր սպիտակեցված։ Այդ պատի դիմաց, որը նորի պես էր դիտվում և կուրացնելու աստիճան պայծառ էր, կարծես Լեոյի ճմռթաց վերնաշապիկը լիներ։ Անձամբ Լեոն հանկարծ իրարանցման մեջ ընկավ, սկսեց լարված լայն քայլեր անել, ամեն ինչից դատելով՝ նա դրանք հաշվում էր բարձրաձայն, և մինչև օրս էլ Օսկարը մտածում է, որ լատիներեն լեզվով էր նա այդ անում։ Նա նաև տեքստ երգեց, որը, պետք է ենթադրել, սեմինարիայում էր սովորել։ Պատից մոտավորապես տասը մետր հեռու Լեոն ինչ֊որ տեղ ընտրեց նոր սպիտակեցված և, իմ կարծիքով, վերականգնված ծեփերի գրեթե կողքին, փայտի մի կտոր դրեց, ընդ որում այդ ամենը անում էր ձախ ձեռքով, իսկ աջով սեղմում էր փամփուշտի պարկուճը, երկար փնտրելուց, չափումներից հետո ի վերջո նա փայտի կտորի կողքին դրեց այն դատարկ, դիմացի մասից փոքր֊ինչ նեղացող մետաղե ամանը, որն ինչ֊որ ժամանակ իր մեջ արճիճե միջուկ էր ամփոփել՝ այնքան ժամանակ, մինչև ինչ֊որ մեկը ցուցամատը ծռելով, ժամանակից շուտ կապանքնրը չկտրելով, փնտրել էր, թե որ մասին սեղմի, ինչից հետո մերժեց արճիճի՝ տուն ունենալու իրավունքը և համառորեն պնդեց նրա տեղափոխման վրա, ինչը հղի էր ինչ֊որ մեկի մահով։ Եվ ահա մենք կանգնել էինք ու կանգնել։ Լեո Խենթուկը թել֊թել ձգվող փսլինքներ էր արտադրում։ Նա ձեռնոցները ծալեց, լատիներեն լեզվով էլի ինչ֊որ բան երգեց, հետո լռեց, քանի որ մոտակայքում չգտնվեց որևէ մեկը, որը կարող էր, ինչպես հենց պատշաճ էր պատարագին, նրա հետ երգել։ Դրանից հետո նա շրջվեց, ափսոսալի անհամբերությամբ պատի վերևով նայեց Բրոյզենյան խճուղուն, որտեղ մեծ մասամբ դատարկ տրամվայները սպասում էին ուղեբաժանի վրա, զանգեր հնչեցնելով՝ խուսափում էին բախումից և մեծացնում միմյանց միջև տարածությունը, գլուխը խոնարհեց․ ամեն։ Հնարավոր է, որ Լեոն սպասում էր վշտի իմաստն ըմբռնած մարդկանց, սակայն ո՛չ ոտքով, ո՛չ տրամվայով չեկավ որևէ մեկը, որին Լեոն կարող էր իր ձեռնոցով ցավակցություն հայտնել։ Մի անգամ մեր գլխավերևում շառաչեցին վայրէջքի եկող ինքնաթիռները։ Մենք չբարձրացրեցինք մեր աչքերը, մենք դիմացանք շարժիչների ոռնոցներին, մենք չէինք կամենում համոզվել, որ թևերի վերջույթների վրա տեղավորված կողային լույսերը թարթելով, վայրէջք են կատարում «Յունկերս֊52» տիպի երեք մեքենա։ Այն բանից քիչ ժամանակ անց, երբ շարժիչները մեզ հանգիստ թողեցին, լռությունը նույն չափ տանջալի էր, որքան որ սպիտակ էր մեր դիմացի պատը՝ Լեոն, ձեռքը մտցնելով իր վերնաշապիկի տակ, այնտեղից ինչ֊որ բան հանեց, անմիջապես հայտնվեց իմ կողքին, իր ագռավի հագուստը Օսկարի ուսերից պոկեց, տեղից պոկվելով՝ վազեց որոճի, մասրենու, ափամերձ թխիկների ուղղությամբ դեպի ծովափ և իր հուսահատ, ականատեսի համար նախատեսված պոկման պահին ինչ֊որ բան գցեց ձեռքից։ Լեոն վերջնականապես անհետացավ միայն այն ժամանակ, նա տեսիլքի նման երբեմն֊երբեմն նկատվում էր հարթավայրում, մինչև նրան կլանեցին կաթնային, հողին կպչող մառախուղի շերտերը․ մի խոսքով, միայն անձրևի ընկերակցությամբ կատարյալ մենության մեջ մնալով, ես վերցրեցի ավազի միջից դուրս ցցված ստվարաթղթի կտորը․ դա սկատի համար նախատեսված խաղաթղթերի կապուկից մի խաղաթուղթ էր, դա ագռավի յոթնոցն էր։ Զասպեի գերեզմանատանը լինելուց մի քանի օր անց Օսկարը Լանգֆուրդյան կիրակնօրյա շուկայում հանդիպեց իր Աննա Կոլյայչեկ տատիկին։ Այն ժամանակվանից ի վեր, ինչ լուծարել էին Բիսաուի մոտերքի մաքսային ու սահմանային հսկողությունը, նա կարող էր կրկին ձու, միս, կաղամբ և ձմեռային տեսակի խնձոր բերել շուկա։ Մարդիկ գնում էին հաճույքով ու մեծ քանակությամբ, քանզի մոտ ապագայում մթերային քարտերի սպասվելիք ներմուծումը նրանց դրդում էր պահուստներ կուտակել։ Տենելով իր ապրանքի ետևում կուչ եկած տատիկին՝ Օսկարը վերարկուի տակ, պուլովերի տակ, ներքնաշապկի տակ, մերկ մաշկի վրա զգաց խաղաթղթի հպումը։ Սկզբում, երբ մեքենավարը ինձ առաջարկեց ձրի երթևեկել, ու ես տրամվայով տուն էի վերադառնում Զասպեից դեպի Մաքս֊Հալբե֊պլաց, ցանկություն ունեցա պատռել ագռավի յոթնոցը։ Սակայն Օսկարը խաղաթուղթը չպատռեց։ Նա այն փոխանցեց տատիկին։ Կաղամբի գլուխների միջից նրան տեսնելով՝ տատիկը քիչ էր մնում վախենար։ Միգուցե նա ինքն իրեն մտածեց, որ Օսկարը երբեք բարի գործով չի գալիս։ Սակայն հետո նա մոտ կանչեց երեք տարեկանին, որը կիսով չափ թաքնված էր ձկան կողովների ետևում։ Օսկարը նրա կանչին անմիջապես չարձագանքեց, նախ նա ուսումնասիրեց կենդանի ձողաձուկը՝ թաց ջրիմուռների վրա պառկած գրեթե մեկ մետր երկարության հսկա ձուկը, ուզում էր մի քիչ էլ սիրահայել Օտոմինյան լճից բերված խեցգետիններին, որոնք արդեն տասնյակներով զամբյուղի մեջ նստած, դեռևս պարտաճանաչորեն սովորում էին խեցգետինների տեղաշարժման եղանակը, հետո Օսկարը, այն սովորելով, իր նավաստու վերարկուի թիկունքի մասով մոտեցավ տատիկի վաճառասեղանին և միայն այդ ժամանակ նրան ցուցադրեց իր ոսկե կոճակները։ Արդյունքում նա դիպավ վաճառասեղանի տակի փայտե իշոտնուկներին, ինչից խնձորները ցիրուցան գլորվեցին։ Թերթով փաթաթված տաք աղյուսներով հայտնվեց Շվարդֆեգերը, դրանք մտցրեց տատիկիս շրջազգեստների տակ, ինչպես միշտ՝ մականով դուրս բերեց սառերը, փայտիկը տեղավորեց թերթաքարե տախտակի վրա, որը կախվեց նրա վրայից, քոչեց դեպի հաջորդ վաճառասեղանը, և այդ ժամանակ տատիկս ինձ մի փայլուն խնձոր մեկնեց։ Իսկ ի՞նչ կարող էր տատիկին առաջարկել Օսկարը, չէ՞ որ նա իրեն խնձոր տվեց։ Սկզբում նա նրան մեկնեց խաղաթուղթը, հետո փամփուշտի պարկուճը, որը նույն կերպ չցանկացավ թողնել Զասպեում։ Աննա Կոլյայչեկը ոչինչ չհասկանալով ուսումնասիրում էր այդ երկու արդեն տարբեր առարկաները, սակայն այդ ժամանակ Օսկարի շուրթերը մոտեցան նրա գլխաշորի տակ պահված բարալիկ ծերունական ականջին, և ցանկացած զգուշավորության մասին մոռանալով, ես շշնջացի, վերհիշելով Յանի վարդագույն, փոքրիկ, սակայն մսեղ, գեղեցիկ կտրվածք ունեցող բլթակներով ականջը․ «Նա հանգչում է Զասպեում», ― ու նետվեցի ետ՝ շուռ տալով կաղամբով լի ձեռնասայլակը։
Ադմին, Վստահելի
1876
edits