Changes

Թիթեղյա թմբուկը

Ավելացվել է 51 879 բայտ, 16:37, 3 Օգոստոսի 2014
/* Մարիա */
Գլուխը թափ տալով՝ նա իր մազերը հավաքեց իմ շուրթերի վրայից և զարմացած արտաբերեց․
― Այ թե դեմք ես դու, խցկվում ես ինքդ էլ չգիտես թե ուր, իսկ հետո դեռ լաց էլ ես լինում։   ===Փրփրուն ըմպելիքի փոշի===  Դուք գիտե՞ք թե ինչ բան է դա։ Առաջներում այն կարելի էր գնել տարվա բոլոր եղանակներին հարթ փոքրիկ տապրակների մեջ։ Իմ մայրիկը մեզ մոտ վաճառում էր այդպիսիները՝ տոպրակներով ասպրիկի համով և զզվելիության աստիճան կանաչ գույնի։ Իսկ տոպրակը, որն իր գույնը փոխ էր առել կիսով չափ խակ նարինջներից, անվանում էր նարնջի համով փոշի փրփրուն ըմպելիքի համար, և էլի կար փոշի ազմվամորու համով, և էլի փոշի, որը եթե ջրում ենք ծորակից եկող մաքուր ջրով, թշշում է, բլթբլթում, սկսում ալեկոծվել, իսկ երբ այն խմում էինք նախքան հանգստանալը, հեռավոր ձևով, շատ հեռավոր ձևով լիմոնի հոտ էր արձակում և ընդունում էր դրան համապատասխանող գույնը, նույնիսկ դրանից ավելին, այն իրեն դրսևորում էր ինչպես արհեստական դեղնության գույն։ Է՞լ ինչ էր գրված տոպրակի վրա՝ բացի նրանից, թե դա ինչ համի է։ Իսկ ահա թե ինչ․ բնական մթերք, պաշտպանված է օրենքով, պահպանել խոնավությունից, իսկ կետագծի ներքևում գրված էր՝ երեսանց պատռել այստեղ։ Է՞լ որտեղ կարելի է նման փոշի գնել։ Այդ տոպրակը կարելի էր ձեռք բերել ոչ միայն իմ մայրիկի կրպակում, այլև գաղութային ապրանքների ցանկացած կրպակում՝ միայն թե ոչ Կայզերի սրճարանում և խոշոր մթերային խանութներում։ Ե՛վ այնտեղ, բոլոր այդ կրպակներում այն վաճառվում էր երեք պֆենինգով։ Ես ու Մարիյան այդ տոպրակները ձրի էինք ստանում։ Միայն երբ չէինք կարողանում համբերել մինչև տուն հասնելը, ստիպված էինք լինում դրանք գնել գաղութային ապրանքների կրպակներից կամ ըմպելիքներ վաճառող փոքրիկ խանութներից՝ դրանց վրա ծախսելով երեք պֆենինգ կամ ամբողջ վեց, քանի որ մի տոպրակը մեզ չէր բավականացնում, մենք ուզում էինք երկուսը ստանալ։ Մեզանից ո՞վ սկսեց առաջինը։ Երկու սիրող սրտերի հայտնի վեճ։ Ես ասում եմ՝ սկսեց Մարիան։ Մարիան երբեք չի հաստատել, որ առաջինը Օսկարն է սկսել։ Նա հարցը թողել է բաց, իսկ եթե նրան կողմնապահորեն հարցաքննեինք, կպատասխաներ․ «Փոշին ինքը սկսեց»։ Եվ, իհարկե, յուրաքանչյուր մարդ կհամաձայներ Մարիայի հետ։ Միայն Օսկարը չէր ցանկանում այդ մեղադրական դատավճիռն ընդունել։ Ես այդպես էլ ոչ մի անգամ չկարողացա խոստովանել․ փրփուրն ըմպելիքի համար երեք պֆենինգ արժողությամբ տոպրակը կարողացավ Օսկարին գայթակղել։ Այդ ժամանակ ես տասնվեց տարեկան էի և մեծ նշանակություն էի տալիս այն բանին, որ մեղքն ընկնի իմ կամ գոնե Մարիայի, միայն թե ոչ փոշու վրա, որը անհրաժեշտ էր խոնավությունից պաշտպանել։ Ամեն ինչ սկսվեց իմ ծննդյան տոնից մի քանի օր անց։ Օրացույցի համաձայն լողալու ժամանակը մոտենում էր ավարտին։ Սակայն եղանակը չէր ուզում խոստովանել սեպտեմբերի մոտեցումը։ Համատարած անձրևային օգոստոսից հետո ամառը հրամցրեց, հանձնեց ամենը, ինչի նա ունակ է, և նրա ուշացած նվաճումները կարելի էր ընթերցել փրկարար կայանի ցուցապաստառի կողքի տախտակի վրա, որը մեխված էր փրկարարի խցիկին․ օդը քսանինը, ջուրը՝ քսան, քամին՝ հարավ֊արևելյան՝ առավելապես պարզ։ Մինչ Ֆրից Տրուչինսկին, որպես ավիացիայի ավագ եֆրեյտոր, մեզ բացիկներ էր ուղարկում Փարիզից, Կոպենհագենից, Օսլոյից ու Բրյուսելից՝ նրան անընդհատ տեղից տեղ էին տեղափոխում, ես ու Մարիան մի լավ արևահարվեցինք։ Հուլիս ամսին մենք մշտական տեղ ունեինք ընտանեկան լողափի արևելյան կողմում։ Սակայն քանի որ այնտեղ Մարիային մշտապես հոգնեցնում էին Կոնրադի գիմնազիայի կարմրաշալվար դասարանցիների տափակ կատակները և Պետրիշի ավագ դպրոցի ինչ֊որ մի իններորդ դասարանցու միապաղաղ բազմախոս զեղումները, մենք օգոստոսի կեսին հրաժարվեցինք ընտանեկան լողարանից և քոչեցինք դեպի առավել հանգիստ տեղ՝ մանկական լողարանում՝ գրեթե ջրի կողքին, որտեղ բալթյան ալեբախության նման գեր և ծանր հևացող տիկինները ջուրն էին մտնում մինչև ծնկատակի փոսերի արյունատար անոթները, որտեղ մերկ և վատ դաստիերակված փոքրիկ երեխաները մարտնչում էին ճակատագրի դեմ՝ այլ խոսքերով, ավազի վրա ամրոցներ էին կառուցում, որոնք անխուսափելիորեն անմիջապես էլ փլվում էին։ Կանանց լողափում, երբ կանայք գտնվում են կանանց շրջապատում և վստահ են, որ ոչ ոք իրենց չի հետևում, պատանուն, որին Օսկարը հմտորեն թաքցնում էր իր մեջ, մնում էր միայն աչքերը փակել, որպեսզի չդառնա կանանց անքաղաքավարի էության ակամա լրտեսը։ Մենք պառկում էինք ավազի վրա, Մարիան՝ կարմիր եզրերով կանաչ լողազգեստով, ես զոռով վրաս էի քաշել իմ կապույտը։ Ավագը քնեց, ծովը քնեց, խխունջները տրորված էին և չէին կարող մեզ լսել։ Սաթը, որը սովորաբար փախցնում է քունը, պետք է ենթադրել, որ գտնվում էր ուրիշ այլ տեղում, քամին, որը եթե հավատանք սև տախտակին, մեզ մոտ էր գալիս հարավ֊արևելքից, նույնպես դանդաղ քնեց, և ողջ լայնատարած, հավանաբար խոնջացած երկինքը չէր կարողանում զսպել հորանջը, և ես ու Մարիան էլ կարծես թե հոգնել էինք։ Լողանալը մենք արդեն լողացել էինք, լողանալուց հետո, և ոչ թե դրանից առաջ՝ սնվել։ Այժմ դեռ խոնավ կորիզների տեսքով բալերը պառկած էին անցյալ տարվա՝ արդեն սպիտակության աստիճան չորացած կորիզների կողքին։ Նման ոչ հարատևությունը դիտելով՝ Օսկարը թույլ տվեց, որ ավազը մեկ տարեկան, հազարամյա և դեռ ամենևին թարմ բալերի կորիզների հետ միասին ծորա իր թմբուկի վրա, նման ձևով գիշերային ժամացույց պատրաստեց և փորձեց ոսկորների հետ խաղալով իրեն երևակայել մահվան դերում։ Մարիայի քնած տաք մարմնի տակ ես պատկերացրեցի նրա հաստատապես արթուն կմախքի մասերը, ուրախացա նրա արմունկոսկրի և ճաճանչոսկրի միջև եղած տարածության համար, նրա ողնաշարի վրայով վերև ու ներքև շարժվելով, համրանքախաղ խաղացի, երկու անցքերի միջով ներթափանցեցի նրա կոնքի մեջ և հրճվեցի՝ դիտահայելով թրաձև ելուստը։ Սակայն հակառակ հաճելի ժամանցի, որը ես ավազե ժամացույցի հետ մահվան դերում ինքս էի ստեղծել իմ համար, Մարիան շարժվեց և կուրորեն, հույսը միայն իր մատների վրա դնելով, ձեռքը մտցրեց լողափի պայուսակի մեջ և ինչ֊որ բան փնտրեց այնտեղ, մինչ ես վերջին կորիզների հետ ավազի մնացորդներն էի բաց թողնում հենց իմ կիսով չափ քնած թմբուկի վրա։ Իսկ քանի որ Մարիան չգտավ այն, ինչ ոզում էր, իր շրթնահարմոնը, պետք է ենթադրել, որ նա շուռ տվեց պայուսակը, և անմիջապես լողափի ավազների վրա հայտնվեց ամենևին էլ ոչ թե հարմոնը, այլ փրփրուն փոշու տոպրակը։ Մարիան զարմանք պատկերեց։ Իսկ միգուցե նա իսկապե՞ս զարմացավ։ Իսկ այ ես իսկապես էլ այնքան էի զարմացած, որ չէի հոգնում կրկնելուց և մինչ օրս էլ կրկնում եմ, ինչպե՞ս այդ փոշին հայտնվեց, այդ էժանությունը, որը գնում են միայն գոծազուրկների երեխաները և մեկ էլ բեռնակիրները, որովհետև նրանք իսկական լիմոնադի համար փող չունեն, այդ բացարձակապես պահանջարկ չունեցող ապրանքը ինչպե՞ս ընկավ մեր պայուսակի մեջ։ Այնուամենայնիվ, մինչ Օսկարը դեռ տարված էր այդ հարցի շուրջ մտորումներին, Մարիան ուզում էր խմել։ Ես էլ ստիպված եղա, իմ կամքին հակառակ, կտրելով մտքիս թելը, խոստովանել, որ ես էլ եմ ուժեղ ծարավ զգում։ Մենք մեզ հետ բաժակ չէինք վերցրել, մինչև խմելու ջրի ծորակը առնվազն երեսունհինգ քայլ էր, եթե Մարիան ջրի մոտ գնար, և հիսունից ոչ պակաս, եթե ես գնայի։ Ինչը նշանակում էր․ եթե բաժակի ետևից գնաս հսկիչի մոտ կամ բաց անես նրա խցիկի կողքի ծորակը, ստիպված կլինես տանջվել շիկացած արևի արանքներում «Նիվեա» քսուկից փայլողներից, որոնք մսե սարերի տեսքով պառկած են մեջքի կամ փորի վրա։ Մեզ երկուսիս էլ վախեցնում էր այդ հեռավոր ճանապարհը, և այդ իսկ պատճառով էլ տոպրակը թողեցինք սավանի վրա։ Վերջում ես այն վերցրեցի ավելի շուտ, քան դա հասցրեց անել Մարիան։ Սակայն Օսկարը տոպրակը դրեց նախկին տեղը, որպեսզի Մարիան կարողանա այն վերցնել։ Իսկ Մարիան չէր վերցնում։ Այդ ժամանակ ես ինքս այն վերցրեցի ու մեկնեցի Մարիային։ Իսկ Մարիան այն վերադարձրեց Օսկարին։ Իսկ ես շնորհակալություն հայտնեցի և այն նվիրեցի Մարիային։ Իսկ նա Օսկարից ոչ մի նվեր չէր ցանկանում ընդունել։ Ստիպված եղա տոպրակը դնել նախկին տեղը, որտեղ էլ այն առանց շարժվելու բավականին ժամանակ մնաց։ Օսկարը ինքն իր համար նկատեց, որ տանջալի դադարից հետո Մարիան վերցրեց տոպրակը։ Ավելին, նա թղթի շերտը կտրեց հատկապես այն տեղում, որտեղ կետագծի ներքևում գրված էր՝ պատռել այստեղ։ Այնուհետև նա բացած տոպրակը մեկնեց ինձ։ Այս անգամ էլ Օսկարը շնորհակալությամբ հրաժարվեց։ Մարիային հաջողվեց իրեն նեղացածի տեսք հաղորդել և մեծագույն վճռականությամբ բացված տոպրակը դրեց սավանի վրա։ էլ ի՞նչ էր ինձ մնում անել, եթե ոչ միայն իմ հերթին բռնել տոպրակը՝ նախքան նրա մեջ ավազ կթափվեր, և բռնելով առաջարկել Մարիային։ Օսկարը արձանագրում էր, որ հենց Մարիան մի մատը մտցրեց կտրվածքի մեջ, որ հենց նա այնտեղից դուրս հանեց մատը և ուղղահայաց դիրքով այն պահեց ի ցույց, մատի ծայրին ինչ֊որ սպիտակաերկնագույն բան երևաց՝ փրփրուն ըմպելիքի փոշին։ Նա իր մատը առաջարկեց ինձ, և ես, բնականաբար, առաջարկվածը վերցրեցի։ Չնայած սուր հոտը դիպավ իմ քթին՝ դեմքիս հաջողվեց համեղություն արտահայտել։ Իսկ Մարիան մեկնեց իր ափը։ Իսկ Օսկարը չկարողացավ դիմանալ և այդ վարդագույն պնակի մեջ մի քիչ փոշի լցրեց։ Նա չգիտեր, թե հետո ինչ անի լցվածի հետ։ Նրա ափի մեջտեղի թմբիկը չափից դուրս նոր և չափից դուրս զարմանալի էր նրա համար։ Այդ ժամանակ ես կռացա, ողջ թուքս, ինչքան որ կար, հավաքեցի բերանիս մեջ և նրանով թացացրեցի փոշին, կրկնեցի խորամանկությունս և նախկին դիրքս ընդունեցի միայն այն ժամանակ, երբ իմ բերանում ընդհանրապես թուք չմնաց։ Մարիայի ափի վրայի փոշին սկսեց թշշալ ու փրփրել։ Ասպրիկը հրաբուխի նման սկսեց ժայթքել։ Այստեղ եռում էր կանաչավուն ցասումը՝ էլ չգիտեմ էլ, թե որ ազգի։ Այստեղ տեղի է ունենում այնպիսի մի բան, ինչը Մարիան դեռ չէր տեսել և, հնարավոր է, նաև չէր էլ զգացել, քանզի նրա ձեռքը ցնցվեց, դողաց, ցանկացավ թռչել, որովհետև պարզվեց, որ ասպրիկը կծում է, որովհետև ասպրիկը ներթափանցում է նրա մաշկի մեջ, որովհետև հուզում էր նրան, նրա մեջ զգացմունք էր արթնացնում, ղգացմունք, զգացմունք․․․ Չնայած կանաչ զանգվածը անսանձ բազմանում էր, Մարիան կարմրեց, ափը մոտեցրեց շուրթերին, լեզուն երկար առաջ բերելով՝ այն լպստեց, այդ գործողությունը այնպիսի մոռացությամբ մի քանի անգամ կրկնեց, որ Օսկարը արդեն պատրաստ էր մտածել, որ Մարիայի լեզուն չի ոչնչացնում ասպրիկի այդչափ հուզող զգացումը, այլ ընդհակառակը, առավելագույն չափով կամ այդ առավելագույնից անց վսեմացնում է նրան, ինչը սովորաբար հատկանշական է մեր բոլոր զգացմունքների համար։ Այնուհետև զգացմունքը թուլացավ։ Մարիան հռհռաց, նայեց իր չորս կողմը՝ տեսնելու, թե ասպրիկի վկաներ չկա՞ն, արդյոք, այնտեղ քանզի տեսնելով, որ ծովային կովերը, որոնք փնչացնում էին իրենց լողազգեստների մեջ, անհաղորդ և «Նիվեա» արևառված բերանքսիվայր պառկել էին շուրջբոլորը, կրկին ընկավ իր սավանի վրա։ Այդքան սպիտակ ֆոնի վրա ամոթի ներկը նրան դանդաղ լքեց։ Հավանաբար կեսօրյա ժամի լողանալու եղանակին դեռ կհաջողվեր Օսկարին ընկղմվել քնի մեջ, եթե Մարիան մոտ կես ժամ անց չմտադրվեր երկրորդ անգամ ուղղվել և հարձակում նախաձեռնել՝ այս անգամ արդեն կիսով չափ լցված տոպրակի վրա։ Չեմ կարող ասել, նախքան փոշու մնացորդը դատարկ բռի մեջ լցնելը, պայքարո՞ւմ էր, արդյոք, ինքն իր հետ նա, որ արդեն յուրացրել էր դրա ազդեցությունը։ Նա տոպրակը ձախ կողմից, իսկ ձեռքի ափը՝ աջից, որպես անշարժ հակակշիռ պահեց մոտավորապես այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, որպեսզի տրորի աչքերը։ Եվ սխալ կլինի ասել, որ նա հայացքը հառել էր տոպրակի կամ դատարկ ձեռքի ափի վրա, որ նրա հայացքը շրջում էր կիսադատարկի և լրիվ դատարկի միջև, ոչ, Մարիան տոպրակի ու ձեռքի մեջտեղով ինչ֊որ տեղ էր նայում և այդ անելիս՝ նրա աչքերը խիստ էին ու մութ։ Սակայն ես դեռ առաջիկայում պետք է իմանայի, թե որքանով է այդ հայացքը թույլ, քան կիսով չափ օգտագործված տոպրակը։ Տոպրակը մոտեցավ տակը պահված բռին, բուռը դուրս եկավ տոպրակին ընդառաջ, հայացքը կորցրեց իր մռայլ խոհերով հագեցած խստությունը, սկզբում լցվեց ժլատ հետաքրքրասիրությամբ, իսկ հետո էլ ուղղակի ժլատությամբ։ Մարիան ցուցադրական անտարբերությունը, սկսզբում լցվեց ժլատ հետաքրքրասիորումթամբ փոշու մնացորդը լցրեց իր թմբլիկ և, չնայած շոգին, չոր ափի մեջ, այնուհետև անտարբերության հետ մեկտեղ դեն նետեց տոպրակը, ազատ մնացած ձեռքը ներքևից մոտեցրեց փոշով լի բռին, հայացքը կանգնեցրեց փոշու վրա, այնուհետև նայեց ինձ, ինձ վրա տեղափոխեց մոխրագույն հայացքը, մոխրագույն աչքերով ինչ֊որ բան պահանջեց, կամեցավ իմ թուքը, իսկ ինչո՞ւ չվերցնի իր սեփականը։ Օսկարի մոտ թուք գրեթե չէր մնացել, նա հաստատ ավելի շատ ուներ, թուքը այդքան արագ չի հավաքվում, ավելի լավ է իրենը վերցներ, նրա թուքը ոչնչով վատ չէ, իսկ միգուցե և ավելի լավն է, և, անկասկած, նա այժմ ավելի շատ թուք ունի, քան ես, չէ՞ որ ես չէի կարող այդքան արագ շատ թուք կուտակել, և բացի այդ էլ Մարիան ավելի մարմնեղ էր քան ես։ Մարիան, սակայն, իմ թուքն էր ուզում ստանալ։ Այսինքն՝ սկզբից ևեթ պարզ էր, որ խոսք կարող է լինել միայն իմ թքի մասին։ Նա ինձանից չէր հեռացնում իր պահանջկոտ հայացքը, և ես նման կոշտ անզիջումության համար մեղքը դնում էր նրա ականջաբլթակների վրա, որոնք ոչ թե ազատ էին, այլ սերտաճած։ Եվ Օսկարը տեղի տվեց, սկսեց պատկերացնել իրեն այն առարկաները, որոնց տեսքից սովորաբար նրա ախորժակը գրգռվում էր, սակայն ծովի օդը, ծովի, աղի օդն էր մեղավոր, որ թքագեղձերը չգործեցին, և Մարիայի դրդիչ հայացքի ներքո ես ստիպված էի վեր կենալ ու ճամփա ընկնել։ Եթե նայելու չլինեի ոչ ձախ, ոչ աջ, ապա շիկացած ավազի վրայով պետք է հիսում քայլ անեի, բարձրանայի էլ ավելի շիկացած աստիճանների վրայով դեպի տեսուչի խցիկը, բերանս բաց՝ պտտելով բաց անեի ծորակը, գլուխս կողքի թեքած պահեի շիթի տակ, խմեի, բերանս ողողեի, կուլ տայի, որպեսզի Օսկարի բերանում կրկին թուք առաջանար։ Երբ ես հաղթահարեցի տեսուչի խցիկից մինչև մեր սպիտակ սավանն ընկած անսահմանությունը, որքան էլ այն անսահման էր, որքան էլ գարշելի տեսարաններ բացվեցին իմ ուղու երկու կոմերում, ես տեսա, որ Մարիան պառկած է փորի վրա՝ գլուխը խաչված ձեռքերի տակ թաքցրած։ Նրա ծամերը փռվել էին կլոր մեջքի վրա։ Ես հրեցի նրան, որովհետև Օսկարն այժմ թուք ուներ։ Մարիան չշարժվեց։ Ես մեկ անգամ ևս հրեցի, ձայն֊ձույն չկա։ Ես զգուշորեն բացեցի նրա ձախ ափը։ Նա չէր դիմադրում, պարզվեց, որ ափը դատարկ է, կարծես կյանքում ոչ մի փոշի էլ չի տեսել։ Ես ուժ գործադրելով բացեցի նրա աջ ձեռքի մատները․ գծերը խոնավ էին, ափը վարդագույն, տաք ու դատարկ։ Միգուցե Մարիան սեփական թո՞ւքն էր գործի դրել։ Միգուցե չի կարողացել համբերել մինչև ես գամ։ Կամ ուղղակի հանգցնելով իր զգացմունքները՝ այն չզգալով ձեռքի ափի միջից փչել, թափե՞լ է փոշին, սավանին քսելով սրբել֊չորացրե՞լ է ձեռքը, նախքան ես՝ լուսնի խաղի ներքո, կրկին կբացեի նրա ափը։ Դրանից քիչ անց մենք գնացինք տուն, և Օսկարին այդպես էլ չհաջողվեց իմանալ, թե ստիպե՞ց արդյոք, Մարիան, որպեսզի թշշացող փոշին այդ օրը երկրորդ անգամ փրփրի, թե՞ միայն մի քանի օր անց այդ փոշու և իմ քթի խառնումը կրկրնելով, դարձավ մեղք, դարձավ իմ ու նրա մեղքը։ Դիպվածը կամ ասենք դիպվածը, որը ենթարկեցված էր մեր ցանկություններին, դասավորվեց այնպես, որ այդ նույն լողանալու օրվա երեկոյան, մենք նոր էինք հասցրել ճաշին կարտոֆիլով, յուղաբլիթով և հապալասով ապուր ուտել, Մացերատը բոլոր մանրամասներով մեզ բացատրեց, որ քաղաքային կուսակցական կազմակերպության շրջանակներում դարձել սկատի սիրահարների փոքրիկ ակումբի անդամ և այդ իսկ պատճառով շաբաթական երկու անգամ գարեջրատանը կհանդիպի իր նոր խաղընկերների հետ, որոնք բոլորը, ինչպես և ինքը, ղեկավարում են սկզբնական բջիջները, և որ տեղական կազմակերպության նոր ղեկավար Սելկեն ևս երբեմն անգամ, վառված լույսը տեսնելով, կայցելի իրենց և գոնե այդ մեկ պատճառով նա ստիպված կլինի լինել այնտեղ, իսկ մեզ, ցավոք, կթողնի միայնակության մեջ։ Ավելի լավ կլիներ, եթե սկատին նվիրվելիք երեկոները Օսկարը մնար Տրուչինսկի մայրիկի մոտ։ Տրուչինսկի մայրիկը դեմ չէր, նամանավանդ, որ այդ տարբերակը շատ, ավելի շատ էր նրա սրտով, քան այն առաջարկը, որը Մացերատն արել էր նախորդ օրը՝ Մարիայի հետ չխորհրդակցելով։ Նրա տարբերակի համաձայն ես պետք է գիշերեի Տրուչինսկի մայրիկի մոտ, իսկ անձամբ Մարիան երկու շաբաթը մեկ անգամ գիշերն անցկացներ մեր թախտի վրա։ Սկզբնական շրջանում Մարիան քնում էր այն լայն անկողնում, որտեղ նախկին ժամանակներում իր կտրտված թիկունքն էր հանգեցնում իմ ընկեր Հերբերթ Տրուչինսկին։ Կահավորման այդ զանգվածային առարկան դրված էր ամենահեռու, փոքրիկ սենյակում, իսկ Տրուչինսկի մայրիկը քնում էր հյուրասենյակում։ Հուստա Տրուչինսկին, որը առաջվա պես «Էդեմ» հյուրանոցում սառը խորտկեղեն էր մատուցում, այնտեղ էլ հենց ապրում էր, աշխատանքայն օրերին մեկ֊մեկ այցելում էր, հազվադեպ էր գիշերը տանը մնում, իսկ եթե նույնիսկ մնում էլ էր, ապա բազմոցի վրա էր քնում։ Իսկ եթե, այնուամենայնիվ, արձակման վկայականը հեռավոր երկրներից նվերներով ուղղակի բնակարան էր մտնում Ֆրից Տուրչինսկին, մեր ոչ այն է ճակատայինը, ոչ այն է գործուղվածը քնում էր Հերբերթի անկողնում, Մարիան՝ Տրուչինսկի մայրիկի անկողնում, իսկ անձամբ ծեր կինը իր կոշտ անկողինն էր բացում բազմոցի վրա։ Իմ պահանջմունքները խախտում էին ընդունված կարգը։ Սկզբում նրանք որոշեցին ինձ անկողին գցել բազմոցի վրա։ Ես դեմ եղա այդ մտադրությանը՝ կարճ և հաստատուն։ Այդ ժամանակ Տրուչինսկի մայրիկը որոշեց ինձ զիջել իր ծերունական մահճակալը և բավարարվել բազմոցով, սակայն այստեղ դեմ ելավ Մարիան։ Աղջիկը չէր ցանկանում, որպեսզի այդ անհարմարությունները խանգարեն իր ծեր մոր անձնական հանգստին և իր կողմից պատրաստակամություն հայտնեց ինձ հետ կիսել Հերբերթի նախկին մատուցողական անկողինը, ընդ որում իր միտքն արտահայտեց հետևյալ խոսքերով․ ― Դե, ուրեմն, ես Օսկարի հետ կքնեմ նույն անկողնում․ չէ՞ որ նա մեզ մոտ մեկ չափաբաժնի մեկ ութերորդ մասն է կազմում։ Ստացվեց այնպես, որ հաջորդ շաբաթվանից Մարիան երկուական անգամ իմ անկողնու պարագաները մեր առաջին հարկի բնակարանից տեղափոխում էր իրենց մոտ երրորդ հարկ և ինձ ու իմ թմբուկի համար անկողին էր բացում իր ձախ կողմում։ Մացերատի թղթախաղի առաջին գիշերը բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ։ Հերբերթի մահճակալը ինձ չափից դուրս մեծ թվաց։ Առաջինը պառկեցի ես, Մարիան ավելի ուշ եկավ։ Նա խոհանոցում լվացվեց և հայտնվեց ծիծաղելու աստիճան երկար և հնամյա ոճով գիշերային վերնաշապիկով։ Օսկարը, որը սպասում էր, թե նա կհայտնվի մերկ և մազոտ եռանկյունիով, սկզբում հիասթափվեց, սակայն հետո նույիսկ բավարարվածություն զգաց, որովհետև նախատատիկյան սնդուկից հանված կտորը թեթև ու հաճելի կամուրջ գցեց դեպի քույրական խալաթի սպիտակ ծալքերը։ Կոմոդի առջև կանգնած՝ Մարիան քանդում էր հյուսերը և միաժամանակ շվշվացնում։ Ամեն անգամ հագնվելիս կամ հանվելիս, մազերը հյուսելիս կամ քանդելիս Մարիան շվշվացնում էր։ Նույնիսկ ուղղակի մազերը սանրելիս նա անընդհատ առաջ գցած շուրթերի միջից դուրս էր հրում այդ երկու նոտաները, սակայն ոչ մի մեղեդի նրա մոտ չէր ստացվում։ Սանրը դնելով մի կողմ՝ նա դադարում էր շվացնելը։ Նա շրջվում էր, ևս մեկ անգամ տարուբերում գլուխը, մի քանի շարժումներով կարգ ու կանոն էր հաստատում իր կոմոդի վրա, հաստատված կարգ ու կանոնը նրան համակում էր ուրախ աշխուժությամբ, նա իր լուսանկարված սև եբենոսափայտ շրջանակի մեջ առնված բեղավոր հորը օդային համբյուր էր ուղարկում, հետո իր ավելորդ ծանրաքաշությամբ թռչում էր մահճակալի մեջ, մի քանի անգամ վերմակի վրա վեր֊վեր էր թռչում։ Վերջին թռիչքի ժամանակ օդից բռնում էր վերին փետրաներքնակը և այդ բմբուլե սարի տակ մինչև դունչը թաքնվելով, ոչ մի կերպ չդիպչելով ինձ, որ պառկած էի սեփական վերմակիս տակ, վերմակի տակից կլորիկ ձեռքով մեկ անգամ ևս լողում էր վեր, ինչից նրա թևքը վեր էր քաշվում, փնտրում էր իր գլխավերևի թոկը, որպեսզի այն քաշելով հանգցնի լույսը, գտնում էր, քաշում և արդեն մթության մեջ չափից դուրս բարձր ձայնով ինձ ասում․ «Բարի գիշեր»։ Շատ շուտով Մարիայի շնչառությունը դառնում էր համաչափ։ Հնարավոր է, որ նա ամենևին էլ չէր ձևացնում, այլ իսկապես քնում էր, քանի որ նրա ամենօրյա աշխատանքային նվաճումներին կարող էին և պետք է որ հետևեին նույնչափ նշանակալի նվաճումները քնելու մասով։ Իսկ Օսկարին սակայն երկար ժամանակ ուշադրության արժանի և քունը փախցնող պատկերներ էին հայտնվում։ Որքան էլ որ պատերի միջև և պատուհանի լույսը մեկուսացնող թղթի միջև եղած խավարը ծանր կախվում էր ցած, միևնույն է, սպիտակահեր գթության քույլրերը խոնարհվում էին Հերբերթի՝ սպիներով ծածկված թիկունքի վրա, Լեո Խենթուկի ճմռթված սպիտակ վերնաշապիկը՝ ինքը գոյանում էր ինքնաբերաբար, վեր էր ածվում սպիտակ ճայի և թռչում, թռչում, մինչև որ կոտրվեր՝ դիպչելով գերեզմանատան պատին, իսկ պատը դրանից հետո թվում էր, թե նոր է սպիտակեցված, դե և այդպես շարունակ։ Եվ միայն երբ գնալով ամրացող, խոնջություն փչող֊բերող վանիլի բուրմունքը ստիպում էր թրթռալ, իսկ հետո, քնից առաջ ընդհանրապես կտրում էր ժապավենը, Օսկարի մեջ հաստատվում էր այն նույն հանգստությունը, հավասարաչափ շնչառությունը, որը Մարիան վաղուց էր արդեն ձեռք բերել։ Քնելու պատրաստվող աղջկա մասին Մարիան նույնչափ քրեստոմատիկական բարեվայելուչ պատկերացում ներկայացրեց նաև երեք օր անց։ Նա եկավ գիշերային վերնաշապիկով, մազերը քանդելով շվշվացնում էր, երբ սանրվում էր, մի կողմ դրեց սանրը, դադարեց շվշվացնելը, կարգ ու կանոն հաստատեց կոմոդի վրա, լուսանկարին օդային համբյուր ուղարկեց, չափազանցված թռիչք կատարելուց դեպի անկողին, ճոճվեց, բռնեց վերմակը և տեսավ, ես միայն նրա թիկունքը կարող էի տեսնել, տոպրակ տեսավ, ես հիանում էի նրա երկար մազերով, նա փետրաներքնակի վրա ինչ֊որ կանաչ գույնի բան հայտնաբերեց, ես փակեցի աչքերս, որոշեցի սպասել մինչև նա ընտելանա փրփրող ըմպելիքի համար փոշու տեսքին, սակայն այդ ժամանակ ճտճտաց անջատիչը, և երբ ճտտոցը ստիպեց, որ ես աչքերս բացեմ, Օսկարը կարող էր համոզվել այն բանում, ինչը առանց այն էլ գիտեր։ Մարիան անջատել էր լույսը, նա մթության մեջ ջղային շնչում էր, նա չկարողացավ ընտելանալ տոպրակի տեսքին, սակայն բաց էր մնում հարցը․ նրա կողմից ստեղծած մթությունը չի՞ սաստկացնում, արդյոք, տոպրակի գոյությունը, արդյոք այդ մթությունը չի՞ ստիպում, որպեսզի ասպրիկը առավել փարթամ գույներով ծաղկի, չի՞ հագեցնում, արդյոք, նա գիշերը ածխաթթվի պղպջակներով։ Ես արդեն պատրաստ էի հավատալ, որ մթությունը Օսկարի համախոհն է։ Քանզի ընդամենը մի քանի րոպե անց, եթե ընդհանրապես տեղին է բացարձակ մութ սենյակի մեջ խոսել րոպեների մասին, ես մահճակալի գլխամասում շարժում զգացի․ Մարիան սկսեց որսալ թոկը, թոկը կերավ խայծը, ինչից հետո ես կրկին կարող էի հիանալ ցցի պես կանգնած վերնաշապիկի վրա թափված երկար մազերով։ Որքան հավասարաչափ և դեղին գույնով էր ննջասենյակը լուսավորում ծալազարդված լուսամփոփի տակի լամպը։ Ոտքերիս մոտ կուզիկացել էր դեն նետված և անձեռնմխելի փետրաներքնակը։ Իսկ ահա այդ բլրակի վրայի տոպրակը մթության մեջ չէր կարողացել տեղից շարժվել։ Մարիայի վրա խշխշաց տատիկի գիշերային վերնաշապիկը, իրեն պատկանող թմբլիկ ձեռքի ափի հետ ետ գնաց թևքը, և Օսկարը սկսեց թուքը հավաքել բերանի մեջ։ Հետագա շաբաթների ընթացքում մենք տասից ավելի տոպրակներ դատարկեցինք, որի մեծ մասը ասպրիկի համով էր, հետո, երբ ասպրիկը վերջացավ, կիտրոնի ու ազնվամորու համով, ընդ որում մեկ և միևնույն ձևով, իմ թքի օգնությամբ ստիպում էինք թշշալ, որը Մարիայի համար գնալով ավելի ու ավելի հաճելի զգացումներ էր առաջացնում։ Ես թքի կուտակման մեջ հմտացա, ես ամեն կարգի խորամանկությունների էի դիմում, որպեսզի բերանիս մեջ թուքը հայտնվի մեծ չափով և արագ, և շուտով արդեն կարողանում էի մեկ֊մեկ տոպրակի օգնությամբ Մարիայի մոտ երեք անգամ անընդմեջ առաջ բերել ցանկալի զգացումը։ Մարիան լիովին գոհ էր Օսկարից, երբեմն նրան սեղմում էր իրեն, իսկ փրփրող ըմպելիքից հագենալով, երկու, երեք անգամ համբուրում էր դեմքս ուր պատահի, ինչից հետո շուտով քնում էր, սակայն դեռ դրանից առաջ Օսկարը մթության մեջ կարճ քմծիծաղ էր լսում։ Եվ ահա օր օրի ինձ համար ավելի ու ավելի դժվար էր դառնում քնելը։ Ես արդեն դարձել էի տասնվեց տարեկան, առաջնորդվում էի կենդանի երևակայությամբ և Մարիայի հանդեպ իմ սերն արտահայտելու՝ քուն փախցնող անհրաժեշտությամբ։ Անհրաժեշտություն ունեի իմ այդ սերը արտահայտել նոր, դեռ բոլորովին անհայտ ձևերով, որոնք, սակայն, դարձյալ անփոփոխ բերում էին այդ մեկ և միևնույն զգացմունքին։ Օսկարի մտորումները չէին սահմանափակվում միայն այն պահով, երբ հանգչում էր լույսը։ Օրեր շարունակ ես անդուլ աշխատում էի իմ թմբուկի վրա և տրվում էի մտորումներին, թերթում էի պատռվելու աստիճան շատ ընթերցված ռասպուտինյան պրակները, վերհիշում էի Գրեթխեմ Շեֆլերի և իմ խեղճ մայրիկի մասնակցությամբ նախկին կրթական օրգիաները, հարց էի տալիս նաև Գյոթեին, որից առանձին պրակներով ունեի «Ընտրովի ազգակցություններ»֊ը, ինչպես և «Ռասպուտինին»֊ը։ Կարճ ասած՝ վերցնում էի հրաշագործի փոթորկուն ակտիվությունը, այն հարթեցնում էի ողջ աշխարհը ընդգրկող բանաստեղծների արքայի բնական զգացմունքով, կամ Մարիային օժտում էի թագուհու և մասամբ իշխանուհի Անաստասիայի արտաքինով։ Ռասպուտինի շքախմբից ընտրում էի արտասովոր ազնվական կանանց, որպեսզի քիչ անց, չընդունելով չափից դուրս փոթորկուն կրքերը, Մարիային տեսնեի Օթթիլիայի ոչ երկրային թափանցիկության և կամ Շարլոթի արհեստականորեն ճնշված կրքոտության մեջ։ Անձամբ իրեն Օսկարը մեկ տեսնում էր որպես Ռասպուտին, մեկ որպես Ռասպուտինին սպանող, շատ հաճախ ատաման, առավել հազվադեպ՝ որպես այն անվճռական մարդը՝ Շառլոթի ամուսինը։ Իսկ մեկ անգամ (ազնվորեն խոստովանում եմ) որպես հանճար, որը Գյոթեի հանրահայտ արտաքինով պտտվում է քնած Մարիայի գլխավերևում։ Տարօրինակ ձևով ես ավելի շատ ազդակներ գրականությունից էի վերցնում, քան չպաճուճված իրական կյանքից։ Եվ այդ իսկ պատճառով Յան Բրոնսկին, որին ես ավելի քան հաճախ էի բռնացնում իմ խեղճ մայրիկի մարմնի վրա աշխատելիս, գրեթե ոչինչ չէր կարող ինձ սովորեցնել։ Թեև ես գիտեի, որ մայրիկի ու Յանի, երբեմն էլ մայրիկի ու Մացերատի մարմինների միախառնված գունդ կծիկների փոթորկոտ, այնուհետև անուժ տնքոցները սեր են նշանակում, Օսկարը չէր ցանկանում հավատալ, որ սերը հենց այդպիսի սերն է, սիրո մեջ այլ սեր էր փնտրում, անփոփոխ դեմ էր առնում սիրային կծիկին, այդ սերը ատեց ավելի վաղ, քան ինքը հասցրեց տրվել դրան և ստիպված եղավ սիրուն՝ որպես միակ իրականին ու հնարավորին, պաշտպանել ինքն իրենից։ Մարիան պառկած բավականություն էր ստանում փոշուց։ Քանի որ հենց փոշու թշշոցի հետ նա սկսում էր ոտքերը շարժել ու դոփել, ապա հենց այդ առաջին զգացումից գիշերային վերնաշապիկը ձգվում էր դեպի վեր՝ հասնելով զիստերին։ Երբ փոշին երկրորդ անգամ էր սկսում թշշալ, վերնաշապիկին առավել հաճախ հաջողվում էր փորի վրայով վեր բարձրանալ մինչև կրծքերը։ Բնազդաբար որպես սկիզբ Գյոթեի ու «Ռասպուտինի» տեքստերի հետ չխորհրդակցելով, ես այն բանից հետո, երբ մեկ շաբաթ շարունակ փոշով լցրեցի նրա ձախ ափը, ազնվամորու փոշին լցրեցի նրա պորտի փոսիկի մեջ, այդ ամենը վերևից ջրեցի թքով և երբ փոքրիկ խառնարանի մեջ սկսեց ալեկոծվել ու թշշալ, Մարիան միանգամից կորցրեց բողոքելու համար անհրաժեշտ բոլոր փաստարկները․ թշշացող ու ալեկոծվող պորտը շատ ավելի լավն էր, քան ափը։ Չնայած, որ փոշին այն նույնն էր, և իմ թուքն էլ մնում էր իմ թուքը, և կարծես թե զգացմունքներն էլ էին նույնը, միայն թե՝ ավելի ուժեղ, Մարիան այլևս չկարողացավ դիմանալ։ Նա առաջ թեքվեց, ցանկացավ կանգնեցնել իր պորտի վրա ազնվամորու եռը, ինչպես ասպրիկն էր կանգնեցնում իր ձեռքի ափի վրա, երբ այն արդեն կատարում էր իր առաքելությունը, սակայն դրա համար նրա լեզվի երկարությունը չբավարարեց, պորտը անհասանելի էր նրա համար, ինչպես Աֆրիկան կամ Հրո Երկիրը։ Դրա փոխարեն այն շատ մոտ էր ինձ, և ես լեզուս մտցրեցի նրա մեջ, ազնվամորի փնտրեցի և ավելի ու ավելի շատ գտա, ամբողջապես խորացա, հատապտուղ հավաքելու մեջ, հասա և դիպա այն եզրերին, որտեղ իշխում էր անտառապահը, որն իրավունք ուներ ինձանից քաղելու համար անդորագիր պահանջել, ես գիտակցում էի իմ պարտավորությունները յուրաքանչյուր առանձին հատապտղի առջև, մտքումս, սրտիս վրա, ականջներումս չունեի ոչինչ, քան աչքերիս մեջի հատապտուղները, միայն ազնվամորու հոտն էի ընկալում։ Ես այն աստիճան խորացա հատապտուղներ հավաքելու մեջ, որ Օսկարը թռուցիկ ինքն իր համար նկատեց․ Մարիան քաջալերում է քո ջանքերը։ Ահա թե ինչու նա հանգցրեց լույսը։ Ահա թե ինչու նա լիարժեք վստահությամբ տրվեց քնի իշխանությանը՝ չխանգարելով, որ դու շարունակես փնտրումները, քանզի Մարիան լեփ֊լեցուն էր հատապտուղներով։ Իսկ երբ հատապտուղները վերջացան, կարծես թե պատահաբար և արդեն այլ տեղերում շիկասունկեր հայտնաբերեցի։ Եվ քանի որ աղվեսուկները ավելի խորն էին թաքցված և մեծանում էին մամուռի շերտի տակ, իմ լեզուն այլևս չէր կարող իրագործել այդ խնդիրը, և այստեղ ես ինձ համար աճեցրի տասնմեկերորդ մատս, քանի որ արդեն եղած տասը մատներովս ևս չէի կարողանում իրագործել։ Ահա այսպես Օսկարը ձեռք բերեց իր երրորդ փայտիկը՝ իր տարիքի համեմատ այն նրա մոտ ճիշտ և ճիշտ համապատասխան էր։ Միայն թե ես թմբկահարում էի ոչ թե թիթեղի, այլ մամռապատ բարձի վրա, թմբկահարում էի և ինքս էլ չգիտեի՝ ե՞ս եմ այնտեղ թմբկահարում, թե Մարիան։ Ի՞մն էր այդ մամուռը, թե՞ նրանը։ Միգուցե և՛ մամուռը, և՛ տանսմեկերորդ մատը ինչ֊որ ուրիշ մեկի՞ն են պատկանում, իսկ շիկասնկերը՝ միայն ի՞նձ։ Իսկ այդ տասնմեկերորդ մատը, ինչ է, սեփական գիտակցությո՞ւն ունի, սեփական կա՞մք։ Ով է երեխա բեղմնավորում, Օսկա՞րը, նա՞, թե՞ ես։ Իսկ Մարիան, որը վերևի մասում քնած էր, իսկ ներքևում ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում անվնաս վանիլը, իսկ մամուռի տակ՝ հաճելի շիկասնկերը, որ փրփրող ըմպելիք էր ուզում, սակայն չէր ուզում այն, ում չէի ուզում ես, ով սկսել էր ինքնուրույն կենսակերպ վարել, ով ապացուցել էր սեփական խելքի առկայությունը, որ դուրս էր մղում այն, ինչ ես նրա մեջ չէի ներդրել, ով վեր կացավ, երբ ես պառկեցի, ով այլ երազներ էր տեսնում, քան տեսնում էի ես, ով ոչ գրել գիտեր, ոչ ընթերցել, բայց իմ փոխարեն էր ստորագրում, ով մինչ օրս էլ սեփական ճանապարհով է գնում, ով ինձանից առանձնացավ հենց այն նույն օրը, երբ ես նրան զգացի։ Ով թշնամին է իմ, և ում հետ ես ստիպված եմ ժամանակ առ ժամանակ հաշտության պայմանագիր կնքել, ով դավաճանում է ինձ և լքում դժբախտության մեջ, ում ես ինքս եմ պատրաստ դավաճանել ու դատապարտել, ումից ես անհարմար եմ զգում և ում զզվեցրել եմ, ում լվանում եմ ես և ով կեղտոտում է ինձ, ով ոչինչ չի տեսնում և կռահում է ամեն ինչ, ով այնչափ է ինձ խորթ, որ ես պատրաստ եմ նրան «դուք»֊ով դիմել, ում հիշողությունն էլ ամենևին այնպիսին չէր, որպիսին Օսկարինն է, քանզի երբ այսօր Մարիան մտնում է ինձ մոտ, իսկ Բրունոն նրբանկատորեն անհետանում միջանցքում, նա ակնհայտորեն Մարիային չի ճանաչում, չի ուզում, չի կարողանում, սառնարյուն ձևով պորտաբուծությամբ է զբաղվում, այն դեպքում, երբ Օսկարի հուզված սիրտը իմ շուրթերին ստիպում է մրմնջալ․ «Մարիա, լսիր քնքուշ խոսքերս, ես կարող եմ կարկին գնել, մեզ երկուսիս շուրջը շրջանագիծ գծել, այդ նույն կարկինով կարող եմ չափել քո պարանոցի թեքման անկյունը, երբ դու ընթերցում ես, գրում, կամ ինչպես ահա այժմ, բզբզում է իմ ռադիոընդունիչը։ Հանգիստ թող ռադիոընդունիչը, լսիր սիրային առաջարկը․ ես կարող եմ կաթիլներ թողնել իմ աչքերի մեջ, որպեսզի կրկին լաց լինելու ունակ դառնամ, ես կարող եմ իմ սիրտը մսի մեքենայի համար տալ հանդիպած առաջին մսագործին, եթե դու նույն բանը անես իմ հոգու հետ։ Մենք կարող ենք թավշե գազանիկ գնել, որպեսզի մեր միջև ամեն ինչ մնա խաղաղ։ Երբ ես համաձայնվեմ թրթուրներին, իսկ դու՝ համբերելուն՝ մենք կկարողանայինք միասին գնալ ձկնորսության և դառնալ երջանիկ։ Իսկ դու դեռ հիշո՞ւմ ես այն ժամանակվա փրփրոտ ըմպելիքի փոշին։ Դու ինձ ասպրիկ ես անվանում, ես սկսում եմ թշշալ ու ալեկոծվել, դու էլի ու էլի ես ուզում, ես քեզ տալիս եմ ամենը անմնացորդ, Մարիա, փրփրող ըմպելիք, քնքո՜ւշ առաջարկներ։ Ի՞նչ ես անընդհատ ռադիոն պտտում, միայն ռադիո ես լսում, կարծես քեզ համակել է արտակարգ հաղորդագրությունների հանդեպ վայրի կիրքը։ 
Ադմին, Վստահելի
1876
edits