Changes

/* 1. Ներսես Պարթևի տեսլիքը */
«Այս է խորհուրդ քրիստոնէիցն, որով զանցեալսն պատմագրեմք և զհանդերձեալսն մարգարէանամք ըստ շնորհատուողին աստուծոյ»- գրում էր Մեսրոպ երեցին ժամանակակից Ասողիկը՝ թարգման հանդիսանալով քրիստոնեական տարածուն մի մտայնության, որով ներշնչված էր անշուշտ նաև Ներսես Պարթևի վարքի հեղինակը<ref> Ասողիկ, նույն տեղում, էջ 157:</ref>։ Հիրավի, սրա նկարագրած դժոխքի գրոտեսկը կամ դրախտի երանությունը ևս սկսվում է այնտեղ, որտեղ վերջ էր առել ներկայի ստույգ ըմբռնումը կամ անցյալի պատմական իմացությունը։
Պիտի կարծել, որ Մեսրոպ երեցի աշխատության անաղարտ սկզբնագրի մեջ անդրադարձել էր սասանյան և արաբ տիրապետությունների ժամանակ իշխած բյուզանդական կողմնորոշումը, «հոռոմ» կայսրների օժանդակությամբ Իրանի և արաբների լուծը թոթափելու հայկական սպասումները։ Վարքագրության մեր ձեռքը, հասած գրչագիր օրինակները, որոնցից հնագույնը դրված է 1131 թվականին<ref> Տե՛ս Սոփերք հայկականք, Զ, ծան. 147։</ref>, պիտի նկատենք որպես հետնորդների վերախմբագրած մի վերսիա, որի վրա դրոշմված է առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ առաջացած տրամադրությունների ամուր կնիքը։
Խաչափայտի գերեվարության և ազատագրման մասին եղած ակնարկր փոխադրում է մեզ Իրանի և Բյուզանդիայի միջև ծագած բախումների ժամանակաշրջանը՝ VII դարի սկզբները։ Հայաստանի սասանյան իշխողներին հաջորդեցին արաբ «իսմայելացիները»։ Սրանց տիրապետությունը, որ հատկապես զգալ տվեց իրեն VIII դարից սկսած, տրամադրում էր մարդկանց՝ սպասել պատմոսյան մենավորի գուշակած սարսափների իրագործմանը՝ միահյուսելով դրանց հետագա մարգարեությունների գուշակած արհավիրքների կատարումը։ «Իսմայելացիներ» տերմինի կողքին Հայաստանի նվաճողների մասին վարքագրության մեջ հանդիպում ենք նաև «աղեղնավորներ» կամ «նետողներ» տերմիններին։ Հայտնի է, որ արաբները զինված էին նաև նետերով։ Բայց գիտենք, որ նետերը գերիշխող զենք էին սելջուկների և մանավանդ մոնղոլների մոտ։ Արարբների ժամանակներից ի վեր հայ զորքերը դիմավորում էին թշնամուն սրերով, սուսերով, դաշույնով, թրով, նիզակով և այլն։ Ինչպես գրում էր Ուռհայեցին, «զօրքն հայոց չէին սովոր պատրաստ լինլ ընդդէմ նետիցն»<ref>Մ. Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 44։</ref>։ Ահա թե ինչու Ներսեսի վարքագրության արաբները հանդես են գալիս որպես «նետողներ»։ Հետագայում այդ տերմինը վերիմաստավորվում է, հատկացվելով սելջուկներին և մոնղոլներին։ Ակնբախ կերպով վերիմաստավորված է նաև «իսմայելացիներ» հասկացողությունը, որ այստեղ և այլուր գործածվում է ոչ միայն արաբների, այլև նրանց հաջորդած իսլամական ժողովուրդների համար առհասարակ, ինչպես մասնավորապես նաև Իսլամի կրոնը ընձեռած սելջուկ թուրքերի գլխավորած թուրքմեն օղուզների համար։ Այսպես, ներսիսյան կանխատեսության մեզ հասած բնագրի և սրան աղբյուր ծառայած Կեղծ֊Մեթոդիոսի հույն բնագրի մեջ կա այն տարբերությունը, որ, մինչդեռ վերջինիս մեջ իսմայելացիների անունով հանդես են գալիս արաբները, հայ կանխատեսության մեջ ասպարեզ են գալիս սելջուկ թուրքերը։ Այսպես նաև, եթե համաձայն Կեղծ֊Մեթոդիոսի իսմայելացիների լուծը թոթափելու են հռոմեացի—հոռոմ—հույները, ներսիսյան վարքագրության մեզ հասած բնագրում ազատարարների դերը ստանձնելու են «հռոմեացի» ֆրանկները։
Վստահելի
199
edits